guardian women of the frontlines kushane
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի

Մանյա Սարգսյան

Բժշկականի քննությունների էինք պատրաստվում, խառը շրջան էր, այսինքն, էդ ժամանակ դա խառն էինք համարում: Սեպտեմբերի 26-ի գիշերը պարապել էի, ուշ էի քնել, կեսօրին զարթնեցի: Հիշում եմ, որ  մտա ֆեյսբուք ու տեսա, որ բոլոր խմբերում գրած ա՝ պատերազմ ա…Մի քանի օր հետո տանը ասեցի, որ գնում եմ ու զգուշացրի, որ 5 կամ 10 օրով չեմ գնում, չսպասեն. կգամ, հենց պատերազմն ավարտվի: Ես օրդինատոր եմ մանկական անեսթեզիոլոգիայի բաժնում ու պատերազմից գործնական քննություն չէի էլ պատկերացնում, որ կարող էի հանձնել: 

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում աշխատում եմ որպես հերթապահ-ռեանիմատոլոգ ու քանի որ համալսարանում քննությունը չեղարկվեց, գնացի աշխատանքի ու հենց էդ օրը ընդունեցինք առաջին երեխաներից մեկին, որ տուժել էր պատերազմից: Անօդաչուն ընկել էր Մարտակերտի ճանապարհին, էնտեղից տեղափոխել էին տարբեր հիվանդանոցներ ու բոլոր տեղերում ասել էին, որ չի փրկվի, հետո բերեցին մեր մոտ ու երեխան փրկվեց: 

Հոկտեմբերի 3-ի գիշերը հասանք Գորիս ու որ մեզ տեսան էնտեղ, բոլորը զարմացել էին, թե ինչի էինք էդքան ուրախ, վառվող աչքերով, բայց ամեն դեպքում շատ ուրախ էին, որ գնացել էինք, որովհետև օգնող ձեռք իրոք պետք էր: Գորիսի հիվանդանոցի մարդիկ շատ, ահավոր հոգատար էին: Անգամ տնից իրանց փակած թթուներն ու կոմպոտներն էին բերում: Ոնց որ տանը լինեինք, հենց ազատ ժամանակ էր լինում, մեզ համար սեղան էին գցում, հարցնում էին՝ ինչ կուզեինք: Իմ համար, օրինակ, նորություն էր, որ Գորիսը 90-ականների պատերազմին շատ լուրջ ռմբակոծվել ա ու բոլորի համար ոչ թե պատերազմ էր Արցախում, այլ հենց տեղում: Գորիսը ոնց որ մեծ հիվանդանոց լիներ, որովհետև առաջնագծից որևէ բուժկետ չմտած բոլոր վիրավորներին էնտեղ էին բերում: Մի տեսակ կոպիտ ա հնչում, բայց իրանց քանակն էնքան շատ էր, որ ոնց որ թափվեին գետնին: Գորիսում լավ տեսանելի էին անօդաչուները, մենք նույնիսկ պատշգամբ ունեինք, որ  մեր կինո նայելու տեղն էր, որտեղից հետևում էինք, թե ոնց էին մեր հոպիստները խփում անօդաչու թռչող սարքերին: 

Իշխանաձոր ենք շատ գնացել չորս ընկերներով՝ երկու բժիշկ, երկու բուժակ:  Էնտեղ ռազմադաշտային հոսպիտալ էր ծավալած ու հիշում եմ, որ առաջին անգամ գնացի, ոնց որ կինո լիներ: Երկու կամ երեք բժիշկ էին, որ ամեն ինչ անում էին: Էնտեղ դասական բժշկությունն էլ հերքվեց մի տեսակ: Օրինակ, կրծքավանդակի խոռոչ դրվող դրենաժները հատուկ համակարգերի կիրառմամբ  են դրվում, պետք է միացվեն ճիշտ ճնշումներով, իսկ էնտեղ ուղղակի ընդունիչ էին դնում, որին պիտի հետևեիր, ժամանակին բացեիր, փակեիր ու վերջ, ելք չկար ուրիշ: Էղել ա, որ հիվանդ ենք տեղափոխելիս եղել ու արյունահոսությունը ոչ մի ձև հնարավոր չէր կանխել, քան ձեռքը մտցնել վերքի մեջ ու անոթը բռնել: Չեմ էլ հասկանում հիմա, թե էդ ժամանակ ոնց ենք կողմնորոշվել: Օրգանիզմս մոբոլիզացրել էր բոլոր ուժերն ու ստիպում էր չմտածել ու գործ անել: 

Պատերազմում առանց հումորի չես կարող, ուղղակի ամեն ինչ էնքան վատ ա, որ ավելորդ դրամատիզմի կարիք էլ չկա, հակառակը, ուզում ես թեթևացնել և՛ քո վիճակը, և՛ մյուսների: Հիշում եմ՝ մի անգամ վիրավոր տեղափոխելու ճանապարհին տանկ խփեցին, մեզնից մի 10 մետր հեռավորության վրա արկը պայթեց, ու ես էդ պահին հիվանդիս ճնշում էի չափում: Կտրուկ կանգնեցինք, ես, բուժակս, հիվանդս խփվեցինք մեքենայի պատերին: Գոռում էին՝ իջեք, իսկ ես ասեցի, որ պիտի ճնշում չափեմ: Չափեցի, դուրս եկանք, բայց ներքին ձայնս ասում էր, որ շնչական ապարատն անջատվել էր, հետ գնացի ու տեսա, որ իրոք անջատվել էր: 

Մենք մամայի հետ պայմանավորվել էինք օրը մի անգամ զանգել: Առավոտը մի քիչ խաղաղ էր լինում, զանգ էի տալիս: Մաման պահանջկոտ չէր, համբերատար սպասում էր: Պատերազմից ամիսներ անց, երբ Բժշկական համալսարանը սկսեց հրապարակել զոհված ուսանողների տվյալները, մամայի մոտ մի տեսակ վերարժևորում էր գնացել էդ ամեն ինչի: Ասում էր՝ ո՞նց, փաստորեն շատ վտանագավոր էր, դու կարող էիր մահանալ: 

Ծանր էր, բայց թեթև էինք գնացել՝ ուրախ ու երիտասարդներին բնորոշ կայծով: Ուղղակի անգամ դա մեկ-մեկ չէր օգնում, որովհետև էնպիսի դեպքեր էին լինում, որ չէիր կարողանում հավատալ դրանց իրական լինելուն:  Մենք միշտ ուրախ էինք գնում, սիրով էինք գնում ու մեր մասին հումորներ էին անում, ասում էին՝ Իշխանաձորը գրավել են, Մանյան ու Լիլիթը (գործընկերս) դեռ վիրավոր են բերում: Անհայտ զինվորներ էին լինում, որոնց մասին ոչ մի տվյալ չէր լինում ու դրա փոխարեն գրում էին Անհայտ զինվոր ու հիվանդության պատմության համարը: Մի զինվոր կար, որից տվյալներ չէին գտնվել, ու իրեն համարակալել էին՝ Կարմիր շուկա, սեղան համար վեց: Չգիտեմ, էդ էնքան ծանր էր իմ համար, մանավանդ որ էդ տղան մահացավ Գորիսում, որովհետև բոլոր օրգան-համակարգերը վնասված էին: Էլի են մահեր էղել, բայց էդ դեպքը շատ ա տպավորվել: Մեկ էլ ամենաշատը ծանր էր, որ ռեանիմացիայում, որտեղ զինվորները մերկացված էին լինում, համարյա բոլորի պարանոցին խաչ էր կախված, ոչ մեկ խաչին ձեռք չէր տալիս: Մի տեսակ ոնց որ ճակատագրի հեգնանք լիներ, որ սրտի մերսում էինք անում, իսկ հիմնականում ոչ արդյունավետ էր, ու նայում էինք վզից կախված խաչին, չգիտեմ…

Նույնիսկ պատերազմում պիտի օրենքներ լինեն, բայց էս պատերազմը առանց օրենքների էր: Մենք մի ընկեր ունեինք, որ ասում էին, թե զոհվել էր պատերազմի ժամանակ, բայց քանի որ լիքը տարբեր ինֆոներ էին պտտվում, մի տեսակ չէինք ընդունում էդ փաստը: Դեկտեմբերին էր, որ ԴՆԹ թեստով հաստատվեց, որ զոհվել էր: Էդ ժամանակ չկարողացա էմոցիաներս կառավարել: Մեկ էլ գիտես երբ եմ լացել, երբ նոյեմբերի 5-ն էր ոնց որ, գնացինք Լաչին, զինվոր էինք տեղափոխում, որ ծնողներ չուներ: Համարս տվել էի հարազատներին ու անդադար կապի մեջ էի մինչև հասցրինք Երևան: Հետո ինձ զանգեցին ու ասեցին, որ ինքը մահացավ ու եթե բժշկուհի Մանյան հասկացավ, թե ինչի 24 տարեկան լեյտենանտը զոհվեց, ապա Մանյա մարդն ուղղակի հանձնվեց: Ես հասկացա, որ ինքը իմ տարիքին էր, որ եղբորիցս քիչ էր մեծ, էդ էնքան ցավոտ ա…

Պատերազմում հրաշքներ էլ են լինում, առանց էդ հրաշքի հիշողությունների դժվար ա ապրել շարունակելը: Էղել են զինվորներ, որ կես ժամ սրտի աշխատանքի համար կռիվ ենք տվել ու հաղթել ենք: Գիտե՞ս էդ ինչ զգացողություն ա, դա աշխարհի ամենաշնորհակալ զգացումն ա: 

Ախր էդ Գորիսի հիվանդանոցը սովորական ռեժիմով աշխատում էր, ընդունում էր քաղաքացիների: Արցախի բոլոր ծննդկանները տեղափոխել էին Գորիս ու ես գնացի մի ծնունդ նայելու, մինչև հիմա էդ էրեխու ձայնը կա հեռախոսիս մեջ: Դա մի տեսակ հիշեցում էր, որ մեկ ա, էս ամենին զուգահեռ՝ կյանքեր են ծնվում, տես, էրեխա ծնվեց, ուրեմն կյանքը կանգ չի առնում երբեք: 
 

Ազնարէ Բնենց

Առավոտ արթնացա, ամեն ինչ ընտիր էր ու ես, ոնց որ միշտ, պատրաստվում էի գնալ փաբ աշխատանքի, էնտեղ էլ իմացա, որ պատերազմ ա սկսվել: Մոտս մի պահ ամեն ինչ խառնվեց իրար, չհասկացա՝ ինչ ա կատարվում, ներսից ինձ հույս էի տալիս, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց հետո հասկացա, որ ինքնախաբեությամբ էի զբաղվում: Հենց առաջին օրը սիրածս տղային պավեստկա (ռուսերեն բառ է) էին ուղարկել, գնացել էր, իսկ եղբայրս ժամկետային զինծառայող էր: Պահի տակ մտածեցի՝ ես ինչի՞ պիտի մնամ, ի՞նչ ունեմ ես ստեղ անելու: Իմ պապան էլ ա մասնակցել  Շուշիի ազատագրմանը, ու ես մտածում էի, որ եթե ես չգնամ, ո՞նց կնայեմ պապայի աչքերի մեջ: 

Քուրիկ ունեմ հինգ տարեկան, ու եթե ես 20 տարեկան եմ ու հասցրել եմ լիքը բան վայելել, ինքը ոչինչ չի տեսել դեռ: Մի խոսքով, գրանցվեցի մահապարտների ջոկատում, ՊՆ գնացի, լիքը տեղեր դիմեցի, բայց ինձ ասեցին, որ սպասեմ: Հետո տեսա, որ ոչ մի տեղից էլ զանգ չի գալիս, մտածեցի, որ դադար չեմ նստելու, պիտի գործի անցնել:  Ֆեյսբուքում մի էջ կար՝ Նստիր գնանք, գրառում արեցի, թե ով ա գնում Սիսիան կամ Գորիս: Մի մարդ գրեց, որ գիշերը ժամը 3-ին գնալու ա, իրա հետ գնացի ճանապարհի մի մասը, հետո ավտոստոպով մի կերպ տեղ հասա: Վարորդները ասում էին. 

-Ստեփանակերտցիք իրանց տղամարդկանց են փախցնում, դու գնու՞մ ես:

Ոչինչ չէի ասում, ուղղակի գնում էի Ստեփանակերտ օգնելու: Տեղ հասանք, փամփուշտների հոտ էր ահավոր, հասանք հիվանդանոց, սիրենան ա միացրած:  Էդ սիրենայի սերենադի ներքո, հիվանդանոցի պատի տակ մի ջահել տղա ա կանգնած բժշկի շորերով ու ինձ ասում ա. 

-Էս ձենը լսու՞մ ես: Հիշի, հենց լսեցիր, ինչքան ուժ ունես պիտի փախչես ու պախկվես:

Մտածում եմ՝ էս ո՞ւր եմ ընկել, ի՞նչ ա կատարվում: 

Գլխիցս մեծ ուսապարկով մի կերպ հասա հոսպիտալ ու ասեցի, որ ես կամավոր եմ գնացել: Բոլորը նայում էին տատուներով, պիրսինգներով աղջկան նենց, ոնց որ այլմոլորակային լինեի: Էնտեղ մի Էլլա բաբո կար, որ ծանոթացավ հետս: Մեկ էլ տեսնեմ մի քահանա զինվորներին օրհնում ա էնտեղ: Նայեց ինձ, մի կերպ ինձ էլ օրհնեց ու հարցրեց՝ Աստծուն հավատու՞մ եմ, թե չէ, ասեցի, որ այո, ասեց՝ դե կգնաս ձեռքերդ կմաքրես, իսկ ես մինչև հիմա տատուներով եմ: Հոսպիտալում ինձ գրանցեցին որպես խոհանոցի աշխատող, բայց ամեն ինչ անում էի, բացի նկարելուց (ես մասնագիտությամբ նկարչուհի եմ): 

Հոսպիտալի աշխատողների համար իմ տատուները շատ անբնական էին, ասում էին էրևանցի փչացած: Ուզում էի հարցնել՝ ո՞նց եք համարձակվում, ախր ես 20 տարեկան եմ ու էկել եմ ձեզ օգնելու, ո՞նց եք ինձ էդ ձև անխղճորեն ցավացնում…Հետո սկսեցի ինքս ինձ համոզել, որ լավ, էդ իմ մասին չի, ինձ թվացել ա: 

Առաջին օրը ահավոր էր, որովհետև մի զոհված տղա բերեցին, որին ես տեսա ու էդ դեմքը չեմ կարողանում մոռանալ: Բայց հաղթահարեցի էդ սարսափը: Ես գնացել էի իմ ընկերների ու հարազատների համար, ես չէի գնացել հողի համար: Թող հողը չլիներ, բայց տղերքը լինեին, իրենց հետ չենք բերելու: Բոլոր վիրավորներին ու զոհվածներին նայելիս, առաջինը ձեռքերին էի ուշադիր նայում, որովհետև ես ու իմ սիրած տղան նույն մատանուց էինք դնում: Բացարձակ կապ չունեի Սաքոյիս հետ, ինքը չգիտեր, որ ես պատերազմ եմ գնացել: Մենք չէինք խոսել պատերազմի սկզբից ի վեր: 

Գիտե՞ս, պատերազմում ես հասկացա, որ կարողանում եմ անել բաներ, որ սովորական կյանքում չէի անի՝ օրերով չքնել, նասիլկա (ռուսերեն բառ է) բարձրացնել, ծանր կիլոգրամներ քարշ տալ էստեղից էնտեղ: Բոլորը զարմանում էին, թե ոնց եմ էդքան ուժ գտնում: Քնում էի երկու-երեք շաբաթը մեկ մի ժամ կամ երկու ժամ: Գիշերը վիրավորներին էի ընդունում, կերակրում էի, հագցնում էի: Կային վիրավորներ, որ գալիս էին ու չէին խոսում, որովհետև տեսել էին իրենց ընկերների մահը: Ես սկսում էի իրենց հետ աշխատել, ու որ իրանք խոսում էին, ուրախությունից լացում էի: 

Էդ օրերին էնքան բան եմ տեսել, որ բնության բոլոր օրենքներին դեմ են եղել, որ ուղեղումդ չեն տեղավորվել, բայց մի դեպք ա շատ տպավորվել: Մի տղայի էին բերել, որի ոտքը հեռացրին, ինքը զանգեց սիրած աղջկան, ասեց ամեն ինչ օկեյա ա, ընդամենը ոտքս են կտրել ու էդ աղջիկն ասեց՝ էլ չզանգես: Ես ցնցվել էի, զանգեցինք էդ աղջկան, ասում ենք ինքը կատակ չի անում, իսկապես միայն մի ոտքն են հեռացրել, էնտեղից մեզ պատասխանեց, որ ինքն էլ կատակ չի անում ու էլ չզանգենք: Ուզում էի պատմեի իրան, որ մի կին, որ իմացավ իրա ամուսնու երկու ոտքերն էլ հեռացրել էին, բայց ինքը ողջ էր, բերել, շամպայն էր տրաքացնում հոսպիտալում:

Մի անգամ հրաշքով վայ-ֆայ ունեցա, մտա ֆեյսբուք ու տեսա Սաքոյի նկարը, որ մեր ընդհանուր ընկերներից մեկն էր դրել իր ֆեյսբուքի պատին ու մակագրել էր՝ Սաքոս, ընգերս, անմար լույսս..

Արագ զանգեցի էդ տղային, ասեց հա, էսօր են բերել Սաքոյին: 

Իջա նկուղ, թուլացա ու ընկա, չէի հասկանում՝ ինչ էր կատարվում: Սաքոն 22 տարեկան էր: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 5-ի կողմերը ինձ առաջին շտապօգնության մեքենայով ուղարկեցին Երևան: Անկեղծ ասած՝ ամբողջ ճանապարհին խնդրում էի, որ ուղղակի սխալմունք լիներ, ինքը չլիներ, բայց հասա ու տեսա, որ ինքն էր: Հուղարկավորությունից հետո մոտս մի բան ճտտաց ու ես ինձ ասեցի՝ Ազնարէ, քո Սաքոն էլ չկա, բայց ուրիշները Սաքոները քո կարիքն ունեն: Նույն օրը հետ գնացի ու որոշեցի, որ  պիտի ավելի շատ բան անեմ հանուն իմ Սաքոյի, եղբորս, բայց…

Ամսի 9-ն էր, շատ հոգնած էի, աչքս կպցրել էի, մեկ էլ մեր տղաներից մեկն էկավ, թե.

-Վսյո Նարէ, գնում ենք տուն: 

-Ո՞նց գնում ենք տուն, պատերազմը պրծա՞վ, հաղթե՞լ ենք: 

-Պատերազմը պրծավ, բայց չենք հաղթել, Նարէ՛, կներես Նարէ՛…

Ես դուրսը կանգնած՝ անճարությունից գոռում էի: Ես Սաքոյիս թաղելուց հետո խոսք տվեցի , որ ամեն ինչ անելու ենք, որ լավ լինի, բայց ավելի վատ էղավ՝ եղբայրս էլ զոհվեց: Ամեն անգամ զանգում էր, խոսում էինք: Սեպտեմբերի 24-ին զանգեց ասեց՝ ո՞ւր ես, օպերա արի, խառնվեցի իրար, հագնվեցի, որ գնամ, դուրս էկա,  մեկ էլ ասում ա՝ հլը չեմ էկել, բայց գալու եմ, ծաղկեփնջով եմ գալու…

Պատերազմում ամենավատ բանը մահը չի, այլ կոտրվելը: Ամսի 6-ն էր, պարզ հիշում եմ էդ օրը: Բժիշկ Իգիթյանը էկավ, կանգնեց հոսպիտալի մեջտեղն ու ասեց. 

-Եթե 1992-ը ճանաչվեց Շուշի ազատագրման օր, ապա այս օրը Ադրբեջանի ողնաշարի կոտրումն է Շուշիի հանրապետությունում: 

Բոլորը ուրախ էին, իրար գրկում էին, գոռում էին, լացում էին, ցնծում էին…

Նոյեմբերի 9-ին հոսպիտալի միջանցքում բժիշկ Իգիթյանն անցավ իմ կողքով, նայեց ինձ, գլուխը կախեց ու գնաց: 
 

Շուշանիկ Սարիբեկյան

Սեպտեմբերի 26-ին Գերմանիայում էի, որտեղ բնակվում եմ ու Կովիդ19-ի սահմանափակումներով պայմանավորված՝ պատրաստվում էի տանը մնալ: Դիտում էի Ցվետանա Պասկալևայի հարցազրույցներից մեկը ու զարմանում, թե ո՜նց է օտարազգի կինը թողել ամեն ինչ, վտանգել կյանքն ու միաձուլվել մեր հայ հողին և մշակույթին: Չգիտեմ՝ նախախնամություն էր, թե՞ մեկ այլ բան, բայց այդ հաղորդման մեջ անդրադարձ եղավ Քարվաճառի ու Գետաշենի մարտերին: Ինչ-որ անբացատրելի զգացողություն ունեցա, բայց դա ավելի շատ կապեցի հենց նյութի բովանդակության հետ: 

Պատերազմի մասին իմացա բոլորի պես՝ ինտերնետային լուրերից: Վաղ առավոտյան ֆեյսբուքյան էջս բացեցի ու կարդացի, որ պատերազմ է: Անմիջապես զանգեցի Հայաստան, որ ճշտեմ՝ իրականություն է, թե՞ ոչ: Ցավոք սրտի, պատասխանը դրական էր: Երկրորդ զանգս եղավ Գերմանիայում ապրող կոլեգաներիցս մեկին, որ բժիշկ է, ու իրեն ասացի, որ եթե պատերազմը ևս մի քանի օր շարունակվի, ես գնալու եմ Հայաստան, որ օգնեմ առաջնագծում գտնվող հիվանդանոցներից որևէ մեկում: Ինձ հանգստացրեց ու ասեց, որ չի կարծում, թե պատերազմը երկար կտևի: Ասեց՝ դե թուրքերն են էլի, փորձում են մեզ ուղղակի վախեցնել: Երրորդ զանգս եղավ Հայաստանում բնակվող ընկերներիցս մեկին, փորձեցի որևէ լուր իմանալ ու ինքն էլ ասաց, որ այո, պատերազմ է, բայց իմ կարիքը չկա, եթե պետք լինի, կզանգեն: 

Սեպտեմբերի 29-ին, երբ արդեն լուրերով լսեցի, որ թշնամու անօդաչուները Վարդենիսի տարածք են մտել, սարսափելի ռմբակոծություններ են տեղի ունեցել, հստակ որոշեցի, որ գնալու եմ Հայաստան: Գերմանիայում շատ դժվար է արձակուրդ ձևակերպել, մանավանդ Կովիդ19-ի հետ կապված՝ մեծաքանակ հիվանդներ, բուժանձնակազմի պակասի լուրջ խնդիրներ և այլն: Հետևաբար, արձակուրդ ձևակերպելուն զուգընթաց՝  պլան Բ մտածեցի, որ աշխատանքից ազատման դիմում կգրեմ, եթե առաջին տարբերակը չաշխատի: Սեպտեմբերի 29-ին մոտեցա մեր բաժնի վարիչին, ասացի, որ իմ երկրում պատերազմ է, ու ես չեմ կարող մնալ Գերմանիայում, պիտի հասնեմ ու լինեմ մարդկանց կողքին: Սկզբում հարցրեց, թե ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ուժգնության է ամեն բան, հարցրեց՝ արդյո՞ք ես հենց այդ պատերազմական հատվածում եմ ապրում: Ես ասացի, որ ոչ, չեմ բնակվում էնտեղ, բայց ամբողջ Հայաստանն իմ տունն է, ես 3 միլիոն հայերից մեկն եմ ու չեմ կարող պարզապես հետևել էդ սարսափին: Հարցրեց՝ իսկ դուք չե՞ք անհանգստանում ձեզ համար, դուք վտանգում եք ձեր կյանքը: Ես էլ ասացի, որ ամենաքիչը հենց դրա մասին եմ մտածում: Երկու րոպե մտածելուց հետո, նա ինձ ասաց՝ գնացե՛ք, խնդրում եմ զգո՛ւյշ կլինեք, ու մի բան էլ՝ եթե իմ երկիրն էլ պատերազմի մեջ լիներ, ես կվարվեի հենց ձեր նման: 

Աննկարագրելի էր իմ զգացողությունը, որովհետև մենք բժշկական անձակազմի լուրջ խնդիր ունեինք, ու ինձ էդ պահին 2 շաբաթ արձակուրդ տալը ֆինանսական լուրջ բեռ էր հիվանդանոցի համար, բայց ինձ թույլ տվեցին, ինչի համար մինչև հիմա շնորհակալ եմ հիվանդանոցին: Գնեցի ամենամոտ թռիչքի տոմսը՝ հոկտեմբերի 4-ին, բայց Ավստրիական ուղիները չեղյալ համարեցին Հայաստան թռիչքները՝ դիտարկելով որպես պատերազմական վտանգավոր գոտի: Վերջապես այլ կերպ տոմս գտա ու 17 ժամ թռիչքից հետո հասա Հայաստան: Օդանավակայան եկել էր մայրիկս քրոջս երեխայի հետ, որը հագել էր զինվորականի հագուստ, ու հենց էդտեղ արդեն շոշափելի դարձավ պատերազմը, նյութականացավ: 

Լուսադեմին էի հասել Հայաստան, երկու ժամ հետո գնացի դասընկերջոս հուղարկավորությանը, որը կամավոր գնացել էր պատերազմ ու զոհվել: Դպրոցը ավարտելուց հետո չէի տեսել դասընկերջոս: Հետո դիմեցի Առողջապահության նախարարություն, շատ էի ուզում գնալ Արցախ, բայց ինձ ասացին, որ էնտեղ բավարար քանակությամբ բժիշկներ կան ու ուղարկեցին Գորիս մի խումբ բժիշկների հետ: 

Գորիս առաջին անգամ էի մեկնում, այն էլ՝ շտապօգնության մեքենայով: Ինչքան գնում էի, էնքան զարմացած էի այդ օրերին շտապօգնության մեքենայով վիրավորներին ռմբակոծությունների տակ տեղափոխող երիտասարդ, հաճախ՝ ուսանող,  բժիշկների խիզախության, անձնազոհության վրա: Շտապօգնության մեքենան դարձել էր շարժական խրամատ ու ամեն պահի թշնամու թիրախում էր: Առաջնագծի, շտապօգնության բժիշկները զինվորների հետ հավասար կռվել են, նրանք էլ իրենց խրամատում են կռիվ տվել: 

Բժշկությունը պատերազմում աննկարագրելի դաժան է: Ամենաուժեղ ցավերից մեկն է, երբ տեսնում ես, որ 18-20 տարեկան, ավելի բարձր տարիքի մարդիկ զոհվում են, որ դու ապրես: Ես գիտեի, որ առավելագույնը պիտի անել, որ փրկենք նրանց: Շատ ավելի ցավոտ ա, որ երբեմն դա էլ չէր ստացվում: 

Ինձ հետ աշխատող բուժքույրերից մեկը՝ Ինան, մասնագիտացած որպես անեսթեզիոլոգի օգնական, անթերի կատարում էր իր մասնագիտական պարտականությունները: Դեկտեմբերին, երբ վերադարձա Գերմանիա, իմացա, որ Ինայի տղան Ջրականում է եղել ու զոհվել է: Շատ հաճախ մտովի հետ եմ գնում, ու երբ Ինան է հայտնվում աչքերիս առաջ, ես չեմ պատկերացնում, որ կինը, մայրը կարող է առանց տրտնջալու, առանց որևէ հուսահատական խոսքի, պատվով բժշկական օգնություն ցույց տալ իր տղայի հասակակիցներն՝ գիտակցելով, որ իր տղան էլ կարող է նրանց շարքերում լինել: Ինան պատերազմի օրերից ինձ համար դարձավ ուժեղ հայ կնոջ, մոր կերպար: 

Զինվորներից մեկի մոտ ախտորոշվել էր կույրաղիքի սուր բորբոքում: Վիրահատեցինք, ամեն բան լավ անցավ,  ու հետվիրահատական շրջանում մոտեցա, ասեցի՝ Վաղինակ ջան, կասե՞ս՝ ինչ տեսք ունեն էդ վարձկանները, որ կռվում են մեր դեմ: Անմեղ նայեց ինձ ու ասաց՝ բժշկուհի ջան, կով տեսե՞լ եք, ասացի՝ իհարկե:  Այ էդ կովերի նման են՝ ինչքան կրակում ենք, էդքան առաջ են գալիս: 

Պատերազմից որպես հուշեր բերել եմ տխուր զգացողություններ ու էդ պատերազմի սարսափը: Բայց մի նյութական հուշ էլ ունեմ՝ 8-ամյա Եվայի նկարն է, Մարտունու շրջանից: Բնակվում էր նույն հյուրանոցում, որտեղ՝ ես: Եվան առավոտյան ռմբակոծությունից էր արթնացել ու դրանից հետո պարփակվել էր իր մեջ, չէր խոսում: Մենք ծանոթացանք հյուրանոցում, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում խոսք փոխանակել իրար հետ: Մի անգամ իրեն ասացի՝ ինձ համար նկարներ նկարի, ու դրանք որպես հուշ Գերմանիա կտանեմ: Ոչինչ չասաց, երկու օր անց մոտեցավ նկարներով ու տվեց ինձ: Հիմա նայում եմ էդ նկարներին ու ափսոսում եմ, որ Եվայի հետ որևէ կոնտակտ չունեմ: 

Պատերազմը տրանսֆորմացնում է գիտակից մարդուն, մի տեսակ էլ էն չենք, ինչ որ պատերազմից առաջ: Ինձ մոտ փոխվեց մարդուն գնահատելու սանդղակը, և միակ բանը, որ ես ցանկանում եմ հիմա, խաղաղությունն է: Պատերազմը երևի էկավ ապացուցելու, որ ավելի շատ պատրաստ լինենք ու միասնական լինենք:  

 

*Շուշանիկ Սարիբեկյանը Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի բժիշկ է։ 


 

Լյուսի Հովակիմյան

Հավես օր էր ամսի 26-ը, աշնանային սիրուն եղանակ՝ ոչ տաք, ոչ ցուրտ: Ընկերներիս հետ սրճարանում նստած՝ սուրճ էինք խմում: 20-22 տարեկանում ինչի՞ց են խոսում՝ աղջկական թեմաներից, ապագայի պլաններից: 

Ինստագրամում փոքր բլոգ ունեմ՝ կապված առողջ ապրելակեպրի հետ: Սթորի էի նկարում դրա համար, մեկ էլ պապան հեռուստացույցը միացրեց, ու ոնց որ սկզբում, որ ասացին մարտական գործողություններ, բան, չհասկացանք կամ էդքան լավ չընկալեցինք, թե ինչ էր կատարվում, որովհետև սովոր էինք նման լուրերի, բայց հետո պարզվեց, որ սա սովորական բան չի: 

Առավոտյան Առողջապահության նախարարության հայտը տեսա, որ կամավորներ են պետք, լրացրեցի առանց երկար մտածելու: Երեկոյան նստած հեռոսւտացույց էինք նայում, մեկ էլ զանգ եկավ՝ բա պատրա՞ստ ես մեկնել Գորիս, որովհետև հայտը լրացրել ես: Ճիշտն ասած՝ լրացնելիս մտածում էի, որ գուցե Երևանում որևէ բանով պետք կլինի օգնել ,այսինքն՝ մինչև վերջ չէի գիտակցում ինչի համար եմ հայտը գրում: Ասացի, կարո՞ղ ենք մի փոքր ուշ խոսել, ու քննարկեցի ծնողներիս հետ: Պապան ասեց՝ հաստա՞տ ուզում ես գնալ, ասացի՝ հա, ինձ թվում ա, որ կկարողանամ օգնել: Երբեք չեմ մոռանա պապայիս ռեակցիան, ասաց՝ վերջ, ուրեմն, հագնվիր, ես քեզ կտանեմ: 

Ուսապարկիս մեջ բանան էի դրել, դիմակներ, առաջին օգնության մի քանի պարագաներ: Ուսապարկս ու ես գնացինք պատերազմ, երկուսս էլ հետ էկանք ավելի ծանրացած, քան կայինք: Շտապօգնության մեքենայում ես էի, բուժքույրը ու վարորդը: Պատերազմից չէինք խոսում, ուղղակի գնում էինք Գորիս, այսինքն՝ մենք էդպես գիտեինք, բայց հասանք Ստեփանակերտ: Տնեցիներին չէի ասել, որ Ստեփանակերտում եմ, առավոտյան զանգեցին, որովհետև Ջիփիէսը չէի անջատել ու տեսել էին, որ գրված էր՝ Խանկենդի: Սարսափած հարցնում էին՝ ո՞ւր ես, ի՞նչ ես անում, մի խոսքով, իմացան, որ Արցախում եմ: 

Իմ առավոտները Երևանում սկսվում են նախաճաշով, մեկ-մեկ՝ Երևանի փողոցները չափչփելով: Պատերազմում առավոտները սկսվում են պատերազմով: Առավոտ 7-ին արթնացանք ու մտածում էինք, որ հիմա կբերեն զինվորներին, բայց չէ, տենց չեղավ: Տեղի անձնակազմը շատ հոգատար էր մեր նկատմամբ, անընդհատ փորձում էին մի լավ բան անել մեզ համար: 11-ի կողմերը նոր սկսեցին բերել զինվորներին: Ինձ թվում էր, որ ես միանգամից կգնամ կօգնեմ, բայց պատի տակ կանգնել, քարացել էի: Պրակտիկաների ժամանակ նման բաներ չես տեսնում, դրա համար նայում էի ու չէի հասկանում, թե մարդու անատոմիան ինչքան կարող ա խանգարված լինել: Ավելի շատ ցնցվել էի մեր տղաների էդ վիճակից: Հետո արագ հավաքեցի ինձ, ու մենք վիրավորին տեղափոխեցինք Երևան: 

Հաջորդ օրը գնացի համալսարան, ամեն ինչ անում էի, որ կատարվածը կարողանայի մի կերպ մարսել, պահում էի ինձ էնպես՝ ասես ոչինչ էլ չէր եղել: Բայց հետո հասկացա, որ եթե հետ չգնամ, ինձ չեմ ների, մի տեսակ դա ավելի պարզ ու բնական էր թվում, քան մնալս: Էլի գնացի ու էդպես 20 անգամ: 

Հոկտեմբերի 4-ին առաջին անգամ Ստեփանակերտին շատ մոտ արկ պայթեց, սև ծուխ էր բարձրանում ամպի պես: Բոլորս դեպի ապաստարան վազեցինք, ու հիշում եմ, որ ես ուղղակի մի տեղ թուլացած նստեցի, ոչինչ չէի կարողանում անել: Արցախցի կուրսեցի ունեի, որ մոտեցավ ինձ, հարցրեց՝ լավ եմ, թե չէ, ասեց, որ նորմալ ա, արդեն էս վիճակն ա, պիտի սովորեմ մի կերպ: Հենց դադարեցին կրակոցները, բուժքույրս՝ Լիլիթը, որ շատ խիզախ աղջիկ ա, ասում էր՝ դու ուժեղ ես, հավաքվի, ինձ համար չգիտեմ էլ որտեղից՝ վալերիանկա էր գտել: Արագ ինձ ուշքի բերեցի, որովհետև մտածեցի, որ զինվորները եթե ինձ էսպես տեսնեն, ի՞նչ կլինի: 

Պատերազմում կյանքդ հաճախ ա դիմացովդ անցնում: Օրինակ, ես հասկացա, որ լիքը անիմաստ բաների վրա եմ ժամանակ ու էներգիա ծախսում: Մարդկային կյանքը ավելի, քան երբևէ սառաջնային ու դոմինանտ դարձավ ինձ համար: Ինձ թվում ա, որ ես ինձ թողել եմ պատերազմում, էդ ճանապարհներին: 

Մի զինվոր ունեի, որը 18 տարեկան տղա էր, մեկ ամսվա ծառայող: Վիրավորում էր ստացել, բերում էինք Երևան, ամբողջ ճանապարհին ասում էր, որ ոտքերը չէր զգում: Մի քանի ժամում ընկերացանք իրար հետ շատ խոսեցինք: Երբ արդեն հասնում էինք Երևան, ասացի, որ շատ ենք ցավազրկողներ ներարկել, պիտի մի քիչ համբերի:  Հարցրի՝ ինչի՞ մասին կուզես խոսել, ասեց՝ գրքերից: Ես ապշել էի, էն որ՝ վաու: Հարցրեց՝ կարդացե՞լ եմ Ծաղիկներ Էլջերնոնի համար գիրքը, ասեցի չէ ու խոստացա կարդալ: Իրեն բերեցինք Երևան ու էստեղ զննող բժիշկները ասացին, որ ամենայն հավանականությամբ չի քայլի: Ես նստել էի հիվանդանոցի միջանցքում ու անզորությունից հեկեկում էի, չգիտեի՝ ինչ անել, ոնց օգնել, պատասխաններ էի ուզում, բայց ումից: Մի քանի օր անց իմ ծնունդն էր, իմ բուժքույրը նվիրեց էդ գիրքը, որ ես կարդացի պատերազմի ճանապարհներին: 

Քսան անգամ գնացել ենք Ստեփանակերտ վիրավորներ բերելու: Ճանապարհներին անընդահտ ասում էի՝ պիտի շատ երեխաներ ունենամ, կատակում էի, որ գնում եմ Երևան, ամուսնանամ ու էրեխեք ունենամ: Բայց դա չի նշանակում, որ պատերազմը կնոջ տեղը չի: Ես գուցե առաջնագիծ չեմ կարող գնալ, զենք վերցնել չեմ կարող, բայց լիքը օգնության ձևեր կան, էնպես որ, եթե պետք է հայրենիքի համար պայքարել, ուրեմն, պիտի գնանք բոլորս: 

***

Մի քանի օր առաջ զանգեցի զինվորիս, չպատասխանեցին, գուցե էդպես լավ է, որովհետև հոգուս խորքում ուզում եմ հավատալ, որ ինքը քայլում է ու քանի դեռ իր հետ չեմ խոսել, էդպես եմ մտածելու: 
 

Դիլբար Խուդոյան

Իմ անունը Դիլբար է, բայց հայ ընկերներս դժվարանում են էդպես դիմել, դրա համար ասում են Հասմիկ: Իմ սովորական կյանքով էի ապրում Արմավիրում, երբ սկսվեց պատերազմը: Ես մասնագիտությամբ բուժքույր եմ, բայց հիմա Հոկտեմբերյանի ռեստորաններից մեկում աշխատում եմ որպես մատուցողուհի: 

Մի երկու օր տեղս չէի գտնում, ես գիտեի, որ կարող եմ օգնել պատերազմում ու հետաքրքիր է, որ այդ օգնությունը թիկունքում չէի պատկերացնում, այլ հենց էնտեղ՝ Արցախում: Հերթական օրն էր, լուրերին էի հետևում, տեսա մեր եզդի պատգամավորի ուղերձը, որ պիտի գնանք, կռվենք հանուն մեր հայրենիքի ու անմիջապես զանգ տվեցի իրեն, ասեցի՝ պրն Բաքոյան, ես էսպես էլ չեմ կարող ձեռքերս ծալած նստել, խնդրում եմ՝ ասեք, թե ոնց կարող եմ գնալ Արցախ: Ամեն ինչ բացատրեց, ու հաջորդ օրը ես արդեն զինվորների հավաքատեղի գնացի: Մինչև էդ, մեր ռեստորանի տնօրենին մոտեցա ու ասացի՝ գնում եմ պատերազմ: Մի պահ ինձ նայեց ապշած, բայց դե, արդեն երկար ժամանակ գիտի ինձ, ասաց՝ ճիշտ ես անում, անպայման գնա: Հիմա շատ են գալիս մեր ռեստորան ու ասում՝ էն եզդի կնոջ հետ կարո՞ղ ենք ծանոթանալ, որ պատերազմ է գնացել: 

Վայ, ո՜նց էի հուզվում, ոնց էի մտքերի մեջ ընկել: Ախր եզդիական մշակույթում լիքը բաներ կան, որ կինը չի կարող անել, ուր մնաց թե եզդի կին, որ որոշել ա պատերազմ գնա տղամարդկանց հետ հավասար: Բայց թե ի՜նչ ջերմությամբ, ի՜նչ հարգանքով ինձ ընդունեցին Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի տղաները… Ես իրենց համար ընկեր էի, քույր էի, մայր էի: 

Մենք գնում էինք պատերազմ էնպիսի ճանապարհով, որով անցնելիս միշտ ուրախ էինք եղել, հիմա մի քիչ այլ էր՝ անձրև էր գալիս մինչև Գորիս, սիրտ չկար ուրախանալու, բայց բաց մտքով ու հպարտությամբ էինք գնում մեր հողը պաշտպանելու: Գորիսից մեզ տարան Կուբաթլու, էնտեղից՝ Ջաբրայիլ: Մեքենայի վարորդը ասաց՝ պատուհանները բաց պիտի գնանք ու անդադար վերև նայեք, որ եթե անօդաչու տեսնեք, արագ իջնեք, որովհետև թշնամու թիրախում ենք: Էդտեղ շատ վախեցա, անբացատրելի զգացմունքներ ես ունենում, երբ հիշում ես երեխաներիդ, թոռնիկներիդ, ընկերներիդ, բայց դե մի կերպ, իրար հույս տալով՝ հասանք Ջաբրայիլ: Հիշում եմ, որ անձրևը չէր դադարում, իսկ մենք քարքարոտ տեղում էինք, ինչ-որ ամայի վայր էր, ու էդ ամենը մի տեսակ ավելի մեծ դրամա էր ավելացնում առանց էդ էլ դաժան իրականությանը:  

Շատ են եղել դեպքերը, երբ մահը էկել, կանգնել ա կողքս, բայց մեր տղերքն էդ մահի դեմ էլ են ավելի ուժեղ գտնվել: Մի օր մեր տղաները՝ Տիդալը, Ռազմիկը ու էլի մի քանիսը, գնացին Աբովյան ջոկատի մոտ, որը մեզ շատ մոտ էր: Չեմ հիշում ինչի համար էին գնացել, բայց ինձ էլ ասացին արի, չգնացի: Երբ իրենք արդեն գնում էին, մի ահավոր ռմբակոծություն սկսվեց, որն ուղղակի բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ դաժան ու անմարդկային էր: Բոլորը գոռում էին՝ պախկվե՜ք, պախկվե՜ք, իսկ ես մոլորված կանգնել էի, շոկից չգիտեի՝ ինչ անել, որտեղ պառկել, ուր փախչել: Մեր ջոկատում երկու հայեր կային, որոնցից մեկը՝ Էդոն, էկավ, ինձ գցեց քարերի վրա մի կերպ ու փրկեց ինձ: Գիտե՞ս՝ պատերազմում ազգությունն էլ ա դառնում մի տեսակ երկրորդական: Մի անգամ մեր ջոկատի տղաներից մեկը նայեց Ջաբրայիլի էդ քարքարոտ տարածքին ու միամիտ ասաց՝ ախր չեմ հասկանում, էս մեր հայերը էս հողի  համար ինչի՞ են սենց կռիվ տալիս: Մեր տղերքից մեկն էլ թե՝ էս մեր հողն ա, քար լինի, թե կանաչ, մեր բոլորի հողն ա, հայրենիքը պարտավոր չի սիրուն լինել, որ սիրենք, էդ մենք ենք պարտավոր իրան սիրունացնենք ու զարգացնենք: Չկար՝ հայ ու եզդի, էդ պահին կար մի Արցախ ու մի բուռ ժողովուրդ, որ քաջ սրտով էր, հաստատակամ ու ամուր: 

Երբ ջոկատում կին կա, տղամարդկանց պահվածքը բոլորովին ուրիշ ա՝ անգամ բառերը ընտրելով են խոսում, որովհետև դու այնտեղ ես: Կինը միշտ զգոն է պահում բոլորին: Օրինակ, մի տղա ունեինք, անունը Ուսո էր, մի օր տեսնեմ մայկայով ման ա գալիս, ասացի այ Ուսո ջան, հագի շորերդ, մրսելու ես, հիվանդանաս, մեզ հիմա մենակ դա ա պակասում: Ինձ լսում էին, հարգում էին, խոսքս գետնով չէին տալիս: Տղաներին վիրակապում էի, հետևում էի, որ պարտադիր բոլորը նորմալ սնվեն, սուրճ էի դնում բոլորիս համար, եզդիերեն երգեր էինք երգում ու ոգեշնչում իրար: 

Հոկտեմբերի 15-ին հետ եկանք Երևան, մեզ փոխարինելու էր գնում երկրորդ եզդիական ջոկատը, պիտի հանգստանայինք ու էլի հետ գնայինք: Ամբողջ ճանապարհին լացում էի, տղաները մտածում էին, թե ինչ-որ բան ա եղել, բայց չէ, մի տեսակ թուլացել էի: Էնտեղ՝ Արցախում, երբ պատերազմի մեջ ես, ոնց որ սուպերմեն լինես, էնտեղ ավելի հանգիստ ես, ավելի ամուր, դրա համար չէի ուզում հետ գալ: 

Երբ Արցախից դուրս եկանք, Գորիսում վարսավիրանոցներ, ռեստորաններ կային, որ աշխատում էին: Մի տեսակ հակասություն կար՝ սարերի հետևում պատերազմ էր, սարերից էս կողմ՝ կյանքը կանգ էր առել կամ շարունակվում էր նույն կետում, որում մենք թողել էինք իրեն: 

Պատերազմն ինձ տվեց մի ջոկատ ընկերներ, որոնց հետ մի կյանք եմ ապրել, որոնց հետ անցել եմ մահվան միջով ու որոնց կողիքն էլի կկանգնեմ, եթե պետք լինի: 

 

Աննա Հովհաննիսյան

Սեպտեմբերը Վանաձորում ամենասիրուն ամիսներից մեկն է, ու քանի որ վերջին տաք օրերն էին, որոշեցինք ամսի 27-ին ընկերներով գնալ անտառ ու մի քիչ լիցքաթափվել: Ֆեյսբուքս միշտ չի, որ ակտիվ ա լինում ու մանավանդ, որ կիրակի օր էր, ոչ մի լուր չէի լսել կատարվածի մասին: Կեսօրին մոտ, երբ արդեն հավաքվել էինք,ընկերներս ասացին՝ բացի ֆեյսբուքդ, մտա ու տեսա, որ պատերազմ է սկսվել: Շատ ուժեղ վախ առաջացավ մոտս, միանգամից զանգեցի ընկերներիցս մեկին, որ բժիշկ է ու մեկնում էր արդեն Ստեփանակերտ: Հարցրի՝ ի՞նչ պետք է անել առաջինը, ասեց՝ արյան դոնորություն: Իմ ֆեյսբուքյան էջում գրեցի ընկերներիս, որ հավաքվեն, ու գնանք արյան դոնորության: Մի քանի ժամ անց, Վանաձորում 500 ընկերներով ու անծանոթներով գնացինք արյուն հանձնելու: Իսկ ամսի 29-ին արդեն իմ բժիշկ ընկերներից մեկին ասացի, որ կամավոր իր հետ կմեկնեմ Ստեփանակերտ: Ես ուզում էի վայրկյան առաջ հասնել Արցախ ու անել ցանկացած բան, որ ինչ-որ կերպ կթեթևացներ էնտեղի մարդկանց հոգսը: 

Ես սեպտեմբերի 30-ից սկսած՝ բոլոր հնարավոր հարթակներով, որոնց միջոցով կանանց հավաքագրում էին, դիմել եմ ու ասել եմ, որ պատրաստ եմ գնալ սահման: Ես բավական լավ եմ կրակում ու բոլոր փուլերը անցել եմ, բայց մինչև հերթը հասներ ինձ, արդեն պատերազմը կավարտվեր: Իսկ ես չսպասեցի ավարտին: Գիտե՞ս, մեր հայկական մտածելակերպում մի ոչ հիմնավոր կարծրատիպ կա, թե կինը պիտի նստի տանը, կնոջ տեղը պատերազմը չի, բայց ռազմի դաշտում անգամ սեռերն են վերանում: Կինը կարող ա լավ կրակի, կռվի, հիվանդին տեղափոխի, ամեն ինչ կարող է անել, երբ վտանգի մեջ է: Ես համաձայն եմ, որ կան բաներ, որ անում են միայն տղամարդիկ, կան բաներ, որ անում են միայն կանայք, բայց մի բան էլ գիտեմ՝ պատերազմում պիտի մի բռունցք դառնալ ու վերացնել այդ սեռերի սահմանաբաժանը: Մի հատ գերբնական ուժ ա գալիս, որ քեզ օգնում ա անել բաներ, որոնք գուցե սովորական կյանքում չկարողանայիր անել: Պատերազմը շատ ծանր բան ա, կարող ես մի պահ մոլորվել, քեզ կորցնել, մարդ ես, ամեն մեկի հետ էլ պատահում ա, տղամարդիկ էլ կան, որ մոլորվում են, դա բնորոշ ա ամեն մարդ-արարածի: 

 Առաջին անգամ, երբ  մտանք Ստեփանակերտ ու դեռ չէինք հասել հիվանդանոց, օդային տագնապի ազդանշանը միացավ: Բնականաբար ապաստարան կար, ու մտանք էնտեղ, տեսանք, որ մի մարդ է վատացել: Բժիշկս խնդրեց, որ գնամ ու դրսում կայանած մեքենայից դեղորայքների պայուսակը բերեմ: Պայուսակը վերցնելուն պես՝ արկը պայթեց մեքենային շատ մոտ, դեղերն ու պարագաները ձեռքիցս թռան, բայց ինձ չկորցրի, արագ վերցրի ամեն ինչ ու երբ ապաստարան էի մտնում, ասես կինո լիներ, մի պահ ամեն ինչ դանդաղեց ու նկատեցի, որ ինձ հետ մի նապաստակ կարողացավ փրկվել ու մտնել էնտեղ: Մի քանի ժամ էդտեղ մեզ հետ մնաց, հետո չգիտեմ ինչ էղավ իրա հետ: 

Օր ա եղել, որ 2 անգամ ենք գնացել Ստեփանակերտ՝ հոսպիտալից Երևանի տարբեր հիվանդանոցներ վիրավորներ տեղափոխել: Ես երբեք Արցախում չէի եղել ու ո՜նց էի երազում տեսնել էդ գեղեկցությունը: Բժիշկ ընկերներ շատ ունեմ, իրենց միշտ ասում էի՝ պիտի գնանք, ես էլ պիտի Արցախը տեսնեմ: Երբ հասանք տեղ, հենց այդ պահին տասնյակ զինվորներ բերեցին, որոնք տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել: Ուղիղ 20 րոպե պատին հենված կանգնել էի: Մի վիրավոր տեսնելը ուրիշ է,բայց էդ քանակությունը, էդ պատերին հենած, արյան մեջ կորած պատգարակները տեսնելը չափից դուրս շատ էր ինձ համար: Ես միայն ֆիլմերում էի նման բաներ տեսնել: 20 րոպե անց, միայն երբ բժիշկս ձայն տվեց, նոր հասկացա, թե ինչ է կատարվում: 

Արցախը ես տեսա շտապիգնության մեքենայից ծիկրակելով, բայց արմատից պոկված տները, ռմբակոծված Ստեփանակերտը ինձ ոչ մի լավ բան չի հիշեցնում: Ինձ պատմել էին, որ Ստեփանակերտը շատ մաքուր քաղաք է ու սրտիցդ արյուն էր կաթում, երբ տեսնում էիր փոշու ու արկերի մեջ կորած տարածքը: 

Ապաստարաններում կանյաք լուռ էին, չէին խոսում: Որոշեցի մոտենալ մարդկանց, խոսել, բայց իրենք միայն ասում էին եկեք, սնվեք, սուրճ խմեք, բայց չէին խոսում: 

Մեր վիրավորներին, որ տեղափոխում էինք, իրար ուժ տալով, խոսելով էինք գալիս: Չգիտեինք՝ իրենք էին ավելի շատ մեզ գոտեպնդում, թե մենք՝ իրենց: Օրեր են եղել, որ լացելով եմ հետ եկել, չնայած ես էնքան հազվադեպ եմ լացում, ուղղակի մեկ-մեկ զգացմունքներս դուրս էին հորդում, ու եթե հարցնեին՝ ինչի ես լացում, չէի կարող պատճառ ասել: Պատերազմի ճանապարհին հիշեցի, որ նոյեմբերի 2-ին ծնունդս ա, ֆեյսբուքում գրեցի, որ նվեր պետք չի, ամենքդ 1000 դրամ փոխանցեք: Մի քանի րոպե հետո սկսեցին գումարներ փոխանցել, 2 ժամվա մեջ հավաքվեց 1 միլիոն ու կես դրամ փող, իսկ ընդհանուր ինձ փոխանցված գումարները, պարագաները, որ տվել են, ու տարել ենք, կազմում են 12 միլիոն դրամ: 

Ցավոք, ինձ համար պատերազմը դեռ չի ավարտվել, ես անդադար այցելում եմ զինվորներին, գումարներ կան, որ ինձ փոխանցում են, ու ես իրենց եմ տալիս: Էդ տեսարանները տեսնելուց հետո դժվար է ապրել, բայց պիտի ավելի ուժեղ լինենք, պիտի ավելի շատ աշխատենք: Մենք պիտի մեզնից սկսենք, բայց վերևում կանգնած մարդիկ էլ պիտի մոտիվացնեն հասարակությանը: 

Ես տեսել եմ անհավատալի քաջ ու արի տղաների, խիզախ ու անկոտրում կանանց ու չեմ ուզում հավատալ, որ մենք չենք կարող ոտքի կանգնել: Պարզապես մեզնից ամեն մեկը պիտի հասկանա ու հավատա, որ փոփոխությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից: 

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list

Նույն հեղինակից

Երբ հրամայականը մեկն է՝ ապրե՛լ

Պատերազմը ներխուժել է գրեթե բոլոր հայ ընտանիքներ։ Մինչ զինվորները կռվում են առաջնագծում, Արցախում ծավալված այս նոր պատերազմից մազապուրծ եղած երեխաների մի նոր սերունդ իրենց ընտանիքների հետ տրավման հաղթահարելու ուղիներ են որոնում։

Իսկ սարերի հետևում պատերազմ էր...

Արցախյան պատերազմում եզդիների մասնակցության մասին մեզանից շատերն իմացան միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նահատակվեց Քյարամ Սլոյանը: Հայոց նորագույն պատմության ամենաառանցքային իրադարձությունների ժամանակ եզդիները միշտ եղել են հայերի կողքին, 2020 ի 44 օրյա պատերազմը բացառություն չէր:

Նաև կարդացեք

«Հանուն փրկության» իրավունքները միջազգային իրավունքում և առնչությունը Արցախի հարցին

Գոյապահպանման սպառնալիքի, էթնիկական զտումների մեծ հավանականության և Արցախում մարդասիրական ճգնաժամի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել Արցախը։

Պատերազմի մարդիկ․ շարունակել ապրել հետցնցումներով

Կորստի և անորոշության արանքում Արցախահայությունը շարունակում է ապրել հետցնցումներով՝ փորձելով վերականգնել երբեմնի բնականոն կյանքը։ Լրագրող Գոհար Աբրահամյանը պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տուժած Արցախցիների, նրանց կիսատ թողած նպատակների, նախաձեռնությունների և կորստի մասին։

Երբ կրկին կորցնում ես կորցրած մանկությունդ

Լրագրող Լուսինե Մուսաելյանը հիշում է Արցախյան առաջին պատերազմը։ Նա հիշում է, թե ինչպես է Բարոնուհի Քերոլայն Քոքսն իրեն ճմռթված թղթով փաթաթված գույնզգույն կոնֆետ տալիս։ Հիշում է ռմբակոծություններն ու ապաստարանները։

Մարդ եւ իրավունք | N2

Dignity Cover

Մարդու իրավունքները պաշտպանելու համար թե' իշխանությունը, թե' քաղաքացիները պետք է գործեն ամեն օր: Ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությունը քաջության և դիմացկունության արտահայտում է: Դեկտեմբեր ամսվա «Մարդ եւ իրավունք» թողարկումը նվիրված է բոլոր մարդկանց իրավունքներին:

Խմբագրական

Մարդու իրավունքները հետևողականորեն պաշտպանելու հրամայականը

Այս ամսվա «Մարդ եւ իրավունք» խորագրով թողարկման հրավիրյալ խմբագիր Աստղիկ Կարապետյանը գրում է մարդու իրավունքները պաշտպանելու հրամայականի մասին` խաղաղության և պատերազմի ժամանակ:

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո: Այս հոդվածում ներկայացվում և թվարկվում են ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված ամենասարսափելի և դաժան պատերազմական հանցագործությունները:

Պատերազմական հանցագործություններ և արդարադատության հնարավոր ուղիներ

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների մասին միջազգային օրենքների բազմաթիվ համակարգված խախտումներ են կատարել։ Արա Խզմալյանը բացատրում է այն ուղիները, որոնք առկա են Արցախի դեմ կատարված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն պահանջելու համար:

Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը Արցախյան երկրորդ պատերազմից առաջ

Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի անտեսման ծավալներն աննախադեպ էին 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում. սա, սակայն, Բաքվի հակահայ քաղաքականության ավելի քան մեկդարյա պատմության շարունակությունն է:

Օդից կախված. երբեմնի արցախաբնակների ոդիսականը

Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր մարդիկ հարցնում են. «Ի՞նչ եք սպասում, որ անենք»։ Ոչ ոք նրանց համար պատասխան չունի։

Պատերազմի երեխաները. կյանքի ու մահվան շեմին

Արցախյան պատերազմի ընթացքում երեխաները նույնպես հայտնվեցին ռազմական ագրեսիայի թիրախում: Հետևողականորեն ոտնահարվեց նրանց կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հիմնական իրավունքները:

փոդքասթ

Ֆոտոշարք

Lives Undone

In Artsakh, there is a somber air of loss, uncertainty and grief. During 45 days of war, everyone and everything from soldiers to villagers, trees to structures were afflicted and irreversibly altered. A collection of images from November 12-14, a few days after the "peace" agreement.

The Responsibility to Protect

The ongoing war in Artsakh has profoundly impacted the Armenian world. Photojournalist Eric Grigorian's photo essay reflects on those who have had to bear the heavy human toll in protecting and safeguarding the homeland. Images are from Artsakh, Goris and Yerevan, taken between October 24 and November 5, 2020.

A Record of War

Photojournalist Eric Grigorian captures the devastation of war, its destruction of lives, heritage sites and schools. A portrait of a nation at war, of a capital where the elderly and the grieving live underground.

Stepanakert Under Attack

As Stepanakert, the capital of Artsakh came under continual shelling by Azerbaijani armed forces, photojournalist Eric Grigorian captured the devastating aftermath.

Stepanakert Shelled

The capital of the Republic of Artsakh was shelled twice today by Azerbaijani armed forces injuring civilians and damaging buildings and infrastructure. Photojournalist Eric Grigorian captured these images in Stepanakert.

Martakert: A City Fractured

The city of Martakert in Artsakh came under heavy shelling twice since the start of the war. This photo story captures the aftermath.

A Home to War

These powerful images capture fragments of life in Artsakh, a place that is boundlessly resilient yet has too often become a home to war.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team