-... Արմեն, գիտե՞ս՝ մեր զինվորներից մեկը երկու տանկ ա խփել,- մոտ յոթ տարեկան տղան խաղահրապարակում ավազ է լցնում դույլի մեջ ու փայլող աչքերով նայում ընկերոջը:

- Հա իբր ի՞նչ,- արձագանքում է մյուսը,- տղերքից մեկը տասը տանկ ա խփել, երկուսն ի՞նչ ա որ:

Պատերազմը մեկ օրում մտավ մեր կյանք. տան դուռը բացելուն պես առերեսվում ես դաժան այդ իրողությանը։ Այն ամենուր է՝ խոհանոցում, խանութներում, սրճարաններում, տաղավարներում նարդի խաղացող պապիկների զրույցների մեջ, երեխաների զվարթ խաղերում, առավոտյան իրար հետ սրճող հարևանների գավաթների մեջ։ Վերջին քսան տարիներին Երևանում այսքան հաճախ Արցախի բարբառ չէր հնչել։

- Իսկ հիմա երեխաներ, մենք Աֆրիկայից կուղևորվենք մեկ այլ երկիր: Սա մի հրաշալի տեղ է, ուր աճում են ծաղիկներ, ուր մարդիկ բարի են, ուր լիքը սեր կա։ Ո՞րն է այդ տեղը,- հնչում է դերասանուհու հարցն ու նրա շուրջը խմբված երեխաները ողջ ուժով գոռում են.

- Մատաղի՜սը...

Դահլիճի մի անկյունում կանգնած՝ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, արցախցի Նարինե Գրիգորյանը ամեն երեխայի հետ ապրում է իր մանկությունը, անցնում արցախյան առաջին պատերազմի ծանրության միջով ու հիշում իր ընտանիքի պատմությունը:

«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը» մեկն է այն ներկայացումներից, որը Համազգային թատրոնը բեմադրում է արցախցի երեխաների համար Հայաստանի տարբեր քաղաքներում: Ներկայացումն ինտերկատիվ է ու ժամանցային լինելուց բացի նաև կրթական բաղադրիչ ունի. այն պատմում է բնության երևույթների մասին, սովորեցնում երկրների տեղը քարտեզի վրա։

«Աչքիս առաջ ես եմ՝ փոքր Նարինկան, եղբայրս՝ նոր ծնված, հայրս, որ գերի էր ընկել, հետո՝ վերադարձել: Շատ ծանր էր, աննկարագրելի: Այս երեխաների մեջ ասես իմ ապրումներն ամփոփված լինեն: Առանց այն էլ թագավարակի պատճառով ծանր ժամանակներ էինք ապրում, հիմա էլ եկավ անսպասելի պատերազմը»:

Դերասանուհու քույրը, որն Արցախում է ապրում, երկու երեխաների հետ եկել է Երևան: Նարինեն ասում է, որ անգամ սերնդափոխությունը չսանձեց պատերազմը. հիմա իրենք են իրենց մայրերի փոխարեն, բայց էլի պատերազմ է ու ասես քսան տարի չի էլ անցել: Հրթիռակոծության ժամանակ քույրը երեխաներին արագ ապաստարան է ուղարկել ու սկսել հավաքել դրսում փռած լվացքը, որ եթե հանկարծ թշնամին այդ կողմով անցնելիս լինի, չասի՝ հայը լվացքը չէր հավաքել...

«Ես ու ամուսինս լուրեր էինք նայում, անպատմելի լարված էինք, երբ հանկարծ աղջիկս սկսեց բարձր երգել: Ամուսինս թե՝ հերի՛ք է, թող լսենք ինչ են ասում: Ու ես մտածեցի, որ մենք իրականում պայքարում ենք հենց այն բանի համար, որ իմ ու մյուսների երեխաները կարողանան երգել: Հենց այդպես էլ որոշեցինք խաղալ երեխաների համար»:

«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունն» արցախցի երեխաներին կտրում է սահմանից ու տեղափոխում իրենց գունավոր ու մանկական աշխարհ: Ներկայացման այս ձևաչափը, որն ընդամենը հինգ տարվա պատմություն ունի ու կոչվում է baby theater, մեծ էներգիա է պահանջում դերասաններից. նպատակն է մեկ վայրկյան անգամ թույլ չտալ, որ երեխան շեղվի:

«Այս ներկայացումը լատվիական հեքիաթի հիման վրա ենք բեմադրել: Այստեղ բացասական հերոս չկա, այստեղ կա նպատակ՝ մեղվի հետ փրկել մի աղջկա կյանք, որը հիվանդ է և կարիք ունի հինգ ծաղիկներից պատրաստված մեղրի, որպեսզի առողջանա»:

Նարինեն ասում է, որ ներկայացումը արցախցի երեխաների համար խաղալուց առաջ խորհրդակցել են հոգեբանների հետ. գիտակցում էին, որ ցանկացած անմեղ արտահայտություն կամ արարք կարող է ունենալ իր հետևանքները:

«Այս ներկայացումը բացօթյա էր, բայց հետո, երբ ցրտերն ընկան ու հնարավորություն չկար խաղալ բաց տարածքում, որոշեցինք, որ վերջում օդ բարձրացող օդապարիկի փոխարեն մեծ փուչիկ օգտագործենք, որը պայթում է ու փոքր փուչիկներ են դուրս գալիս միջից: Սկզբում վախեցանք, որ երեխաները կասոցացնեն պայթյունը հրթիռների ձայների հետ, բայց պիտի տեսնեիք նրանց ուրախությունը, երբ փուչիկը պայթեց... Աննկարագրելի էր այդ ամենը»:

Երևանի Վահան Թեքեյան կենտրոնում արցախյան համուհոտ է տարածվել, հերթական ներկայացումն արդեն մոտենում է ավարտին: Հանկարծ երեխաներից մեկը, բարձր լացելով, մոտենում է մորն ու փաթաթվում:

- Մի լալ, մատաղ ըլիմ,- Անգելինան՝ չորս երեխաների մայրը, գիրկն է առնում տղային.- նայի է, իսկական առաջնագծի խոխա ա:

- Աստված մի՛ արասցե, խնդրում եմ, մի՛ մտածեք էդպես,- ասում է Նարինեն։

Անգելինան, որ մի քանի օր է, ինչ եկել է Ստեփանակերտից, հաշվապահ է: Այսօր Երևանի փողոցներով քայլելիս հիշել է իր քաղաքն ու մի կուշտ լաց եղել: Այդ պահին, սակայն, այնքան ամուր էր ոտքերի վրա կանգնած, որ տեսնողը չէր էլ մտածի, թե ամուսինն ու հարազատները սահմանին կանգնած կռիվ են տալիս։

«Խաղող էի քաղել, կոմպոտ էի փակում, մեկ էլ հրթիռակոծության ձայն եկավ: Մենք սովոր ենք, անսպասելի բան չկար, երեխեքին ասեցի՝ գնացեք արագ նկուղ, ես պիտի կոմպոտը փակեմ: Էսօր զանգել եմ ապաստարանում գտնվող հարևաններիս, ասել եմ բանկաներիս տիրություն կանեք, գալու եմ, անպայման գալու եմ...»։

Նարինեն հիշում է, որ երբ Արցախյան շարժման ժամանակ եկել էին Հայաստան, իրեն շատ ցավեցնում էր փախստական բառը։ Անգելինան անկեղծանում է, որ նման ոչ մի ակնարկ կամ վերաբերմունք չի եղել։

«Մեծ տղաս տասնչորս տարեկան է: Առաջին օրը, որ պիտի էստեղ դպրոց գնար, ասաց՝ մամ, եթե ինձ փախստական ասեն կամ օտարի պես վերաբերվեն, չեմ գնա դպրոց: Եկավ տուն, այնքան սիրտս լցվեց, երբ ասաց, որ ասես իր հարազատ դպրոցում լիներ: Անգամ փողոցում քայլելիս, որևէ տեղ գնալիս, մեզ փախստական չենք զգում, մեր հողն է, մեր հարազատներն են այստեղ»:

Անգելինան, որի երեք երեխաները դպրոց են գնում, փոքրին էլ արդեն պատրաստվում է մանկապարտեզ ճանապարհել, մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ հետ է գնալու Ստեփանակերտ, նորն է կառուցելու, կոմպոտներ է փակելու, հետևելու է իր երեխաների մեծանալուն իր քաղաքում:

«Սա մեր վերջին պատերազմն է: Իմ երեխաներն իրավունք չունեն է՛լ պատերազմ գնալ, մենք չենք կարող դա թույլ տալ: Ամուսինս ասում է՝ մի՛ մտածիր, ջարդվածը կսարքենք, կոմպոտներդ կփակես, ամեն ինչ էլ կանենք: Շատ եմ կարոտել Ստեփանակերտը, գիտեմ՝ ինքն էլ մեզ է կարոտել...»։

Ողջ ներկայացման ընթացքում յոթնամյա Նանեն (անունը փոխված է) սուս-փուս հետևում էր ընկերների աշխույժ մասնակցությանը: Վերջում միայն, երբ փուչիկների վրա սկսեցին նկարել, մոտեցավ ու սկսեց արև նկարել: Ծնողները սահմանին են՝ մայրը զինվորական բժիշկ է, հայրն էլ ճակատում է, երկար ժամանակ է լուր չունեն:

- Գիտե՞ս,- հանկարծ անկեղծանում է նա,- իմ ծնունդը սեպտեմբերի 28-ին ա: Էսա, որ գնանք, նշելու ենք էնտեղ, որովհետև չհասցրինք պատերազմի պատճառով: Ես Նորագյուղից եմ, ուզում եմ գնալ մեր գյուղ... Էստեղ լավ ա, դպրոցում լավն են երեխաները, բայց տուն եմ ուզում գնալ, որ ծնունդս նշենք:

Նարեն էլ Ստեփանակերտից է, արդեն մի քանի օր է, ինչ Երևանում դպրոց է գնում:

- Ստեփանակերտը սիրո՞ւն քաղաք է:

- Շատ, էնտեղ դեդոն ու բաբոն են, որ գաք, իրենք են ձեզ դիմավորելու, մենք շատ գեղեցիկ վայրեր ունենք:

- Ամենից շատ ի՞նչն ես կարոտել:

- Իմ դպրոցը, ուզում եմ իմ դպրոցը գնալ: Իմ ընկերներն այստեղ են, հանդիպում ենք, քայլում քաղաքում, խոսում իրար հետ, որ պատերազմն ավարտվի, հետ գնանք մեր դպրոց...

Պատերազմական իրավիճակում երեխաների իրավունքները պաշտպանող հիմնական միջազգային փաստաթուղթը 1989 թվականին ընդունված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան է: «Վորլդ Վիժն Հայաստանի» երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը մեջբերում է կոնվենցիայի ամենից կարևոր հոդվածները։

Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով ինքնությունը վերականգնելու համար:

Աիդա Մուրադյանը կոնվենցիայի մեկ այլ հոդված էլ է նշում՝ զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության առթիվ միջազգային մարդասիրական իրավունքով, իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ զինված ընդհարումից տուժող երեխաների պաշտպանությունն ու խնամքը կազմակերպելու համար:

Հյուրընկալող երկրները պարտավոր են ապահովել տեղահանված կամ կամավոր տեղափոխված երեխաների հիմնարար իրավունքները՝ կրթության, առողջապահական ծառայություններից օգտվելու, սոցիալական պաշտպանության, բռնությունից պաշտպանված լինելու իրավունքներ և այլն:

- Արցախից տեղափոխված ընտանիքների տեղաշարժը երկրի ներսում ակտիվ է, հետևաբար համապատասխան ծառայությունները ստիպված են լրացուցիչ ջանքեր ներդնել նշված իրավունքներն ապահովելու համար,- ասում է Աիդա Մուրադյանն ու հավելում.- կարևոր է, որ ծնողները, ուսուցիչները, հյուրընկալող ընտանիքները, երեխաների հետ աշխատող մասնագետները զգայունություն ցուցաբերեն երեխաների հետ շփումների ժամանակ:

Աիդա Մուրադյանը կարևորում է հատկապես տեղի ունեցողի մասին զրույցները երեխաների հետ՝ յուրաքանչյուրին իր տարիքին համապատասխան բացատրելու, թե ինչ է կատարվում: Օրինակ, մանկապարտեզ հաճախող երեխային կարելի է իրավիճակը բացատրել հեքիաթների միջոցով, դեռահասների հետ հավասարը հավասարի պես խոսել ու քննարկել:

- Շատ կարևոր է նման իրավիճակում բոլոր օղակների համագործակցությունը, որ չստացվի այնպես, որ մի խումբ մարդիկ հնարավոր բոլոր աջակցություններից օգտվեն, իսկ մյուսները դուրս մնան,- պարզաբանում է Մուրադյանը։- Երկու տեսակի աջակցություն կա նմանօրինակ իրավիճակներում՝ արագ արձագանք կամավոր տեղափոխվածների կարիքներին և վերականգնողական ծառայությունների տրամադրում, որոնք ավելի երակարատև լուծումներ են նախատեսում ընտանիքների համար: Պատերազմի հետևանքով տեղահանված երեխաների առօրյան կազմակերպելու համար մեծ դեր ունեն միջազգային հատուկ հիմնադրամները։ Միջազգային կազմակերպությունների փորձը ևս կարևոր է պատերազմի հետևանքները մեղմելու տեսանկյունից:

Ու մինչ Հայաստանում ներկայացումներ են բեմադրվում, արցախցի երեխաները քայլ առ քայլ փորձում են վերականգնել իրենց կյանքի ռիթմը։

Պարսկահայերի ընտանիքում ծնված ու Ֆրանսիայում մեծացած Սևանա Չագրեանը, որը Կոլեկտիվ Մեծ Բազար երաժշտական խմբի հիմնադիրներից է, վերջին ծանրոցն է փաթեթավորում, որպեսզի ընկերների հետ մեկնի Գորիս: «Սեպտեմբերի 27-ին, լուրն իմանալուն պես, նախ շոկ ապրեցինք, հուսահատություն, բայց արդեն հաջորդ օրը, երբ նստած էի մեր երաժշտական կենտրոնում՝ Նեքսուսում, ու զրուցում էի ընկերներիս հետ, հասկացանք, որ Արցախից Հայաստան եկող երեխաները մի վայրկյան անգամ չպիտի զգան, որ մենակ են, որ տխրելու առիթ ունեն: Որոշեցինք՝ երգելու ենք»:

Սևանան կոչ է արել երաժիշտներին, բոլորին՝ մասնակցել ոչ միայն երեխաների կարիքների համար նախաձեռնած դրամահավաքին, այլև միանալ իրենց երաժշտական նախաձեռնությանը: Սկզբում երեքով էին, հետո միացան այլ երաժիշտներ, հիմա արդեն քսանից ավելի են՝ ողջ Հայաստանից:

«Մենք ուզում էինք օգնել երեխաներին, որոնք տրավմաներ են տարել ու ժամանակավոր թողել էին իրենց տունը, հաղթահարել ամեն բան: Գորրծընկերուհուս, որի հետ աշխատում ենք «Նեքսուս» կենտրոնում, խնդրեցի տարածք տրամադրել: Լայվ արեցի, դիմեցի մարդկանց ու դրան հաջորդեցին զանգերը՝ հյուրանոցներից, տարբեր ընկերություններից, անհատներից: Հիմա արդեն մեր կենտրոնում հավաքվում ենք ու որոշում՝ ով ուր է գնալու»:

Ոչ մի հատուկ ծրագիր կամ նախապես ծրագրված քայլ. Սևանան ասում է, որ երբեք չգիտեն, թե երեխաները, որոնց համար երգելու են, ինչ վիճակում են: Վերցնում են երաժշտական գործիքները, նկարչական պարագաներ, պլաստիլին ու ուղևորվում նրանց մոտ:

«Հնարավոր է տեղ հասնելուն պես պարզենք, որ հենց այդ պահին կորստի մասին բոթ են լսել ու ըստ պահի կողմնորոշվենք, թե ինչ պիտի անել: Մենք հոգեբանների դեր ենք կատարում երբեմն, որովհետև հավատացած ենք, որ երաժշտության միջոցով հնարավոր է մեղմացնել մարդկանց ցավը, թեկուզ փոքր-ինչ»:

Մեքենան, լցված տարբեր ծանրոցներով, պատրաստ է մեկնելու Գորիս։ Սևանան ու ընկերներն ուղևորվում են Հայաստանի այդ գողտրիկ ու հյուրընկալ քաղաքը՝ հուսալով, որ իրենց նվագարաններից արձակվող խաղաղության նոտաները շատ ավելի բարձր կհնչեն, քան տանկերից ու հրթիռներից եկող պատերազմի ձայները։

Երևանում այսօր, առավել քան երբևէ, բարբառների պակաս չկա. փողոցներում լսելի են թե՛ Արարատյան, թե՛ Լոռու, թե՛ Սյունիքի, թե՛ Արցախի ու այլ վայրերի բարբառները: Եվ գուցե առաջին անգամ մեր պատմության մեջ, այսքան տարբեր բարբառներով հանդերձ, մենք վերջապես սկսեցինք խոսել մեկ լեզվով:

Լրագրողի մասնագիտությունը պահանջում է լինել անաչառ, արդար ու օբյեկտիվ, ինչն անասելի դժվար է անարդարացի ու դաժան այս իրավիճակում։ Բայց մի բան հստակ է՝ այս սերնդի աչքերում կա մեկ հրամայական՝ ապրե՛լ:

 

 

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team