yezidis

… Տասնհինգ օր Ջաբրայիլում մնալուց հետո վերադառնում էինք Երևան: Արցախից Հայաստանի սահման ընդամենը մի քանի կիլոմետր էր, ու դրանք ամբողջովին տարբեր իրականություններ էին: Գորիսի ճանապարհին վառվող լույսեր էին, ռեստորաններ, բենզալցակայաններ, խանութներ, մարդիկ, որոնք կանգնած զրուցում էին, իսկ սարերի հետևում պատերազմ էր, սարերի հետևում մեր զինվորներն էին…

Դիլբար Խուդոյանը, որ Քյարամ Սլոյանի անունը կրող եզդիական առաջին կամավորական ջոկատի հետ մեկնել էր հայրենիքը պաշտպանելու, հիշում է Արցախյան երկրորդ պատերազմի ամեն մի մանրուք: Ասում է՝ վստահ էր, որ հետ էին գնալու, որ էլի պիտի կռվեին, որ հաղթելու էին:

Արմավիրի ռեստորաններից մեկում մատուցողուհի աշխատող Դիլբարը, որին հայերը Հասմիկ են կոչում, սեպտեմբերի 29-ին իր հերթական աշխատանքային օրն էր ավարտում: Ավանդական անցուդարձին սահմանից եկող պատմություններին էին ավելացել. դրանք Դիլբարն ուղղակի ի վիճակի չէր շրջանցել: Չէ՞ որ խոսքն իր հայրենիքի մասին էր, իր պապերի երկրի, որոնք դեռ 20-րդ դարի սկզբից էին Հայաստան եկել: Անդադար ինքն իրեն հիշեցնում էր, որ մասնագիտությամբ բուժքույր է, որ պարտավոր է գնալ, օգնել զինվորներին.

- Դե, հավանաբար գիտեք, որ եզդիական համայնքում կանանց աշխատելն ընդունված չէ, սակայն ես արդեն այդ մարտահրավերը հաղթահարել էի: Ամաչում էի, անընդհատ ինքս ինձ ասում էի՝ բա մեր եզդիները ի՞նչ կասեն, որ կինը գնա պատերազմ,- խոստովանում է Դիլբարն ու ավելացնում,- մի օր էլ տեսա մեր եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ելույթն ու  խոսքն ավարտելուն պես զանգ տվեցի իրեն, ասացի՝ գնում եմ պատերազմ, ասաց՝ արի Երևան, ամեն ինչ կազմակերպենք:

Դիլբարն ասում է, որ երբ Երևան գնացին համազգեստ ստանալու, 43 հոգուց կազմված ջոկատի տղաներից ոչ մեկին չէր ճանաչում, կանգնել, լուռ հետևում էր նրանց: Մտածում էր՝ անգամ իր տղայի տարիքի երեխաներ կան. իսկ եթե իսկապես վա՞տ ընդունեն իրեն։

- Սխալվում էի. այնքան հոգատար էին իմ նկատմամբ, էրեխեքը նուռ ու կոնֆետ էին բերում, որն այդ դժգույն միջավայրում իսկական ուրախություն էր ինձ համար,- հիշում է Դիլբարը:

img ce7a2b24402a9c93fbfefa2a044b342f v
Դիլբարը Սլավիկ Թամոյանի հետ:

Հոկտեմբերի 1-ի գիշերը եզդիական ջոկատը, որի կազմում չորս հայեր կային, հասավ Գորիս, ապա Կուբաթլու, հետո՝ Ջաբրայիլ: Դիլբարն ասում է, որ պատերազմի ողջ ընթացքում ամենից շատ վախ ապրել է հենց այդ պահին, երբ անձրևի ու ցրտի մեջ ավտոբուսի վարորդը ցուցումներ էր տալիս.

- Վարորդն ասաց՝ հասկանում եմ, որ անձրև է, ցուրտ է, բայց բոլոր պատուհանները պիտի բաց թողնենք: Ձայն չհանե՛ք, անդադար վերև նայեք, որ հենց անօդաչու թռչող սարք տեսնեք, կանգնենք:

52-ամյա Դիլբարը պնդում է, որ ոչ ոք այս պատերազմի ողջ թափն ու ուժգնությունը չի կարող պատկերացնել, քանի դեռ մոտ չի եղել այդ ամենին: Բավական էր հատել սահմանը ու պատերազմը մտնում էր բոլոր բջիջներիդ մեջ. ամեն ինչ սկսվում ու ավարտվում էր այդ բառով:

Այժմ Դիլբարն անցել է իր սովորական աշխատանքային ռիթմին, բայց ասում է, որ գիշերներն աչք չի կարողանում փակել: Հաճախ են ռեստորան մտնում մարդիկ ու ուզում ծանոթանալ այն միակ եզդի կնոջ հետ, որը պատերազմ է գնացել: Դիլբարը շատ բան չի պատմում: Ամեն օր խոսում է ջոկատի տղաների հետ, հիշում, որ անգամ պատերազմի ամենաթեժ պահին չմոռացան կատակել, իրար սիրտ տալ ու մարդ մնալ: Ու չմոռացան ամենակարևորը՝ հայ ու եզդի չկա, կա մի կտոր հայրենիք, որի համար պատասխանատու էին ու որի համար կռվեցին:

* * *

Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի հիմնադիր Սաիդ Ավդալյանն ասում է, որ պատերազմին եզդիների մասնակցության մասին հստակ տվյալներ չկան: Հայտնի է միայն, որ եզդիական երկու կամավորական ջոկատ է մեկնել Արցախ, չհաշված հայկական բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնողները։

- Եթե Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից կազմված այլ ջոկատներ չեն եղել, բոլորովին չի նշանակում, որ ասորիները, մոլոկանները և այլոք չեն կռվել երկրի պաշտպանության համար: Նրանցից շատերը պարտադիր զինվորական ծառայություն են անցնում, հետևաբար եղել են սահմանին, պարզապես մենք՝ եզդիներս, դրանից բացի կամավորական ջոկատներ էլ ենք կազմել։

Արցախյան պատերազմում եզդիների մասնակցության մասին մեզանից շատերն իմացան միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նահատակվեց Քյարամ Սլոյանը, որն իր հրամանատարին՝ Արմենակ Ուրֆանյանին, ամենաթեժ պահին մենակ չէր թողել ու կռվել էր մինչև վերջին շունչը: Հայոց նորագույն պատմության ամենաառանցքային իրադարձությունների ժամանակ եզդիները միշտ եղել են հայերի կողքին:

first jokat
Եզդիական կամավորական ջոկատը:

- Առաջին պատերազմի ժամանակ մոտ 500 եզդի է կռվել Արցախի պաշտպանության մարտերում, տվել ենք 42 զոհ, նրանցից շատերը կամավոր են մեկնել սահման՝ իրենց հայրենիքը պաշտպանելու: 1992 թվականին Արծվաշենում զոհվեց եզդի Գագիկ Հաջոյանը ու իր մահվան օրն Արծվաշենն ընկավ: Գագիկը կամավոր էր մեկնել, իր պես շատ ու շատ եզդիներ, որովհետև երբ երկիրդ վտանգի մեջ է, ազգությունն անկարևոր է: Ի՞նչ տարբերություն՝ մեր հողն է, մեր ջուրը, մերն է,- ասում է Սաիդ Ավդալյանը։

Ավդալյանն ասում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ եզդիները տվել են երեք զոհ՝ Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը և Համլետ Հաջոյանը: Թե՛ Արցախյան առաջին, թե՛ Ապրիլյան պատերազմի ընթացքում բացառապես եզդիներից կազմված կամավորական ջոկատներ չեն եղել: Նրանք պարզապես միացել են իրենց հայ զինակիցներին ու մեկնել Արցախ: Նրանց շարքերում է եղել նաև Սաիդի հորեղբայրը՝ Օմար Ավդալյանը, որը Քարվաճառի համար մղվող մարտերում վիրավորվել է, տեղափոխվել Երևան ու որոշ ժամանակ անց մահացել:

- 2020 թվականի պատերազմում երկու եզդիական կամավորական ջոկատ է կռվել Արցախի հարավային ուղղությամբ: Երկրորդ ջոկատում ավելի քան հիսուն կամավորական է եղել,- ասում է Սաիդը։- Պիտի հաշվի առնենք մի կարևոր փաստ ևս. մինչև եզդիական կամավորական ջոկատների կազմավորումը արդեն իսկ բազմաթիվ եզդիներ հայկական ջոկատների հետ մեկնել էին Արցախ: Այս տեղեկությունները, թվերը ճշգրիտ ներկայացնելու համար բավական ժամանակ է հարկավոր։ Քանի դեռ մենք փորձում ենք ուշքի գալ պատերազմից, բազմաթիվ անհայտ կորած, գերի ընկած զինվորներից տեղեկություններ չունենք, որևէ ստույգ տվյալ հրապարակել հնարավոր չէ։

Սաիդ Ավդալյանն ուշի ուշիով հետևել է ադրբեջանական մամուլի հրապարակումներին ու նշում է, որ մեկը մյուսից զավեշտալի, անհիմն ու սուտ տեղեկություններ են տարածվել պատերազմին եզդիների մասնակցության մասին։ Դիլբար Խուդոյանին, օրինակ, ադրբեջանական մամուլը ներկայացրել է իբրև ահաբեկիչ, հրապարակվել են բազմաթիվ եզդի կամավորների լուսանկարներ՝ իբր հայերը վարձկաններ են օգտագործում պատերազմում: Շրջանառվել է հիմնականում Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անունը:

- Իսկապես զավեշտալի էր, որ Հայաստանում ծնված, իրենց հայրենիքի համար կամավոր մեկնած եզդիներին ադրբեջանցի լրագրողները ներկայացնում էին PKK-ի ահաբեկիչներ: Չգիտեմ, գուցե նրանց համար դժվար է հավատալ, որ եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են, որ սա մեր երկիրն է, մեր պապերի գերեզմաններն են այստեղ, մեր երեխաների ապագան է այստեղ,- ասում է Ավդալյանը:

Նա ևս մեկ անհիմն վարկածի է անդրադառնում՝ իբր եզդիներին պարտադրել են մեկնել սահման: Երիտասարդ միջազգայնագետը հարցնում է՝ ինչպե՞ս կարող են պարտադրել կամավորական ջոկատ կազմել, մի՞թե չէր կարելի ավելի հիմնավոր սուտ հորինել.

- Որևէ պետական, ռազմական գործիչ չի պարտադրել կամավորական ջոկատներ կազմել: Դա եզդիների նախաձեռնությունն է, նրանց մղումը՝ տեր կանգնել հայրենիքին, պայքարել իրենց հայ եղբայրների ու քույրերի կողքին: Թե՛ Հայաստանի, թե՛ արտասահմանի եզդիները միլիոնավոր գումարներ են փոխանցել հայրենիքի պաշտպանության համար: Ի՞նչ է, սա նույնպե՞ս պարտադրել են: Ոչ, երիցս, ոչ:

Սաիդը եզդի զինծառայողների հոգեհանգստյան արարողությունների ժամանակ մարդկանց տարբեր զրույցների է մասնակից լինում, մարդիկ, որոնք ավելի քան անկեղծ են, զգացմունքներին թույլ են տալիս հորդել ու ազնվորեն պատմում են իրենց ապրումների մասին: Սաիդն ասում է, որ ոչ մի արարողության ժամանակ զղջման խոսք չի լսել.

- Որևէ մեկից չեմ լսել, թե ինչու մեր որդին զոհվեց հանուն հայրենիքի: Մարդիկ սգում են իրենց զավակների ու Արցախի կորստյան վիշտը: Նրանց ավելի շատ զայրացնում է այն, որ իրենց որդիների արյամբ լցված հողը հայտնվեց թշնամու ձեռքում. իսկ նահատակվելու համար զղջացողներ չկան: Բոլորը գիտեն՝ հանուն ինչի են կռվել իրենց զավակները:

* * *

- Վայ, Օզմանը դեմք ա, դե՛մք: Իրան բոլորը գիտեն: Ասա՛ է, ասա մականունդ ինչ ա,- արցախյան երեք պատերազմներին մասնակցած Ֆայզո Բախչոյանը քթի տակ ծիծաղում է ու մարտական ընկերոջ ուսին թփթփացնում, որը, իրենց խոսքով, թուրքերի ահն ու սարսափն է եղել 1992-ին:

- Դե լավ, հա, ամոթ ա, ասե՞մ որ,- աչքերը կախում է Օզմանն ու խոստովանում,- դե լավ, մականունս Չորտ ա՝ ռուսերեն բառից էլի:

Մարտական ընկերները մի կուշտ ծիծաղում են ու միանգամից տխրում։

- Էս ջահելները չեն հիշի,- Ֆայզոն ցույց է տալիս իրենից փոքր Կամոյին ու Սլավիկին, որ կռվել են վերջին պատերազմի ժամանակ։- 1992-ին ոչինչ չունեինք. ո՛չ նորմալ զենք կար, ո՛չ ռազմական նորագույն տեխնիկա, բայց մենք էս հողին ձուլված էինք, մենք գիտեինք՝ չհաղթել չկա:

Ֆայզո Բախչոյանը վաթսունը վաղուց է բոլորել: Նրա գրագետ, մաքրամաքուր հայերենը լսողը միանգամից մտածում է՝ հաստատ մանկավարժ է, այնինչ Ֆայզոն միջնակարգ կրթություն ունի միայն։ Թվում է, պատերազմը բոլոր ժամանակներում էլ նույնն է իր ցավով, դժվարություններով ու ահարսարսուռ դեպքերով, բայց Ֆայզոն, որի արդեն երրորդ պատերազմն էր սա, նմանը չի հիշում.

- Երբ 1992-ի պատերազմ էր, Արցախի գրեթե բոլոր տարածքներում եղանք զինակիցներիս հետ: Արցախը պատմական հայկական հող է, այնտեղ ամեն քարի վրա հայկական հետք կա, այնտեղ հողի ամեն կտոր հայկականությամբ է լցված: Ու այո, մենք 1994-ին ազատագրել ենք մեր հողը, ոչ թե զավթել, ինչպես հիմա իրենք արեցին նման ստոր ու դաժան մեթոդներով: Սա անմարդային պատերազմ էր։

Կամո Ալոյանը ծանր սրտով է գնացել Արցախ՝ վստահ լինելով, որ այդ հողում զոհված իր տղան հանգիստ կլինի, եթե իմանա, որ հայրը կռվում է հանուն Արցախի: Սիդար Ալոյանը մեկ տարվա ծառայող էր, երբ 2015-ին զոհ գնաց ադրբեջանական դիվերսիային։ Կամոն որդու մասին խոսելիս չի կարողանում զսպել հույզերը։ Սիդարը սովորում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, զբաղվում էր սպորտով, նվագում էր, նկարում, հրաշալի զավակ էր ու պարզապես հայրենասեր տղա: Կամոն ասում է, որ Սիդար նշանակում է ծառի ստվեր:

- Ես մեծ, աննկարագրելի ցավ եմ ապրում տղայիս կորստի համար, բայց նա իր հայրենիքի համար է զոհվել: Միակ բանը, որի համար ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս, այն է, որ Սիդարից ոչինչ չմնաց: Մեր բարեկամների մեծ մասն ապրում է Եվրոպայում: Քանի՜ անգամ ենք ասել՝ գնա, բայց տղաս միշտ ասում էր՝ սա իմ պարտքն է, ես այստեղ եմ ծնվել, այստեղ էլ մնալու եմ:- Կամոն հոգոց է հանում, նորից մտքով տղայի հետ կռիվ տալիս, թե ո՜ւր գնաց ու շարունակում.- Էդ հողը մեր էրեխեքի արյամբ ա լվացվել, դա մեր հողն ա, որևէ մեկն այնտեղ չի վայելելու իր կյանքը:

Օզման Քալոյանը, որ եզդի հոգևորական է՝ փիր, գլխով ասես հաստատում է երիտասարդ զինակցի ասածը: Օզմանը լավ է հիշում, թե ինչպես Արցախյան առաջին պատերազմին, տակավին երիտասարդ, մեկնեց Արցախ: Տանը ոչ ոք չզարմացավ. իրեն լավ էին ճանաչում, գիտեին, որ համոզելն անիմաստ է:

- Չեմ հիշում քանի տարեկան էի, բայց շատ ընտիր ջահել էի,- հպարտ պատմում է Օզմանն ու մի լավ ծիծաղում։- Միշտ գլխաշոր էի կապում գլխիս ու մինչև էս պատերազմն էլ դա իմ այցեքարտն էր, այսպես ասած: Առաջին Արցախյանի ժամանակ Հադրութում եմ եղել: 45 օր շարունակ միայնակ, առանց հրամանատար անտառներում հետախուզություն էի անում ու մերոնց ինֆորմացիա փոխանցում:

- Հա, անտառներում որ իրեն մութ ժամանակ թուրք ա հանդիպել, վախից կարկամել է,- Ֆայզոն նորից ընկերոջ հոգու հետ է խաղում:

- Էս պատերազմում ես Օզմանի հետ եմ եղել, աշխարհի ծայրն էլ կգնամ կռիվ իր հետ: Վստահելի, ազնիվ հրամանատար է, կյանքը կտա զինվորի համար: Իրենից էնքան բան կա սովորելու,- ավելացնում է Կամո Ալոյանը:

Օզման Քալոյանն ասում է, որ ադրբեջանցիներն առաջին պատերազմի ժամանակ անգամ գլխագին են սահմանել իր համար, բայց նա և՛ զգույշ էր, և՛ հաստատակամ, որ թուրքն իրեն չի բռնելու:

- Թուրքն ինձ չէր կարող բռնել ոչ այն ժամանակ, ոչ քառօրյայի, ոչ էլ այս չարաբաստիկ պատերազմի: Երեքին էլ մասնակցել եմ, ու պետք լինի՝ էլի եմ գնալու հայրենիքիս համար: Ես հողագործ եմ, ամեն անգամ հողիս հետ խաղ եմ անում, կռվում ու բարիշում եմ, ո՞նց կարող եմ չկանգնել իմ հողի թասիբին:

Սլավիկ Թամոյանը, որ զինակից ընկերներից ամենաերիտասարդն է, Արմավիրի մարզի Երասխահուն գյուղից է, Քյարամ Սլոյան կամավորական առաջին ջոկատի հետ մեկնել է Արցախի հարավ: Մինչև պատերազմը հողագործությամբ էր զբաղվում ու կնոջ հետ մեծացնում իր հինգ երեխաներին.

- Սա իմ առաջին պատերազմը չէ, ես Ապրիլյանի ժամանակ էլ եմ կամավոր մեկնել Արցախ: Տանը ոչ ոք համաձայն չէր՝ հինգ երեխա, տուն, տեղ. հեշտ չէր հարազատներիս համար, բայց մի վայրկյան չեմ մտածել՝ ինչու եմ գնում: Ու ես գիտեմ, որ իմ ու մյուս տղերքի գնալն արդարացված է՝ մենք հող ունեինք պաշտպանելու:

- Ճիշտ ես, բազմազավակ հայր, հողը կարևոր է,- ժպտում է Ֆայզոն ու հիշում, թե ինչպես դեռ 1989 թվականին ընկերների հետ ջոկատ կազմեցին ու սկսեցին պահել Հայաստանի տարածքում գտնվող դիրքերը։- Արցախ գնալիս ուրախ ու զվարթ էինք գնում, սրտներումս տաքությամբ ու հավատով էինք գնում, աթոռի, փողի համար չէինք գնում:

1992-ին, երբ Շուշիի ու Լաչինի ազատագրման համար էր պայքար գնում, Ֆայզո Բախչոյանը մեկնեց Լաչին, որտեղ ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում էր ձեռնարկել։ Ֆայզոն հիշում է, որ ինքնաթիռների ահարկու ձայներից խլանում էին.

- Կռվողներ շատ կային: Երբ ասում եմ, որ ծանր մարտեր էին, նկատի չունեմ, որ պատերազմից վախեցող կամ փախչող կար, չէ՛, զե՛նք չկար, կամ այսպես ասեմ՝ քիչ էր, ամեն փամփուշտը կրակելուց առաջ յոթ չափում էինք, նոր որոշում՝ հը՞, գուցե պահենք, ավելի դիպուկ հարվածելու պահ կլինի:

Ֆայզոն կատակում է, թե ֆիզիկապես էլ նախկինը չեն, արդեն երիտասարդ չեն, բայց փորձն ամեն դեպքում շատ է օգնում.

1 soldier 2 slavik tamoyan 3 ozman kaloyan 4 a soldier 5 fayzo bakhchoyan
Սլավիկ Թամոյանը (ձախից երկրորդը), Օզման (մեջտեղում) և Ֆայզոն (աջից առաջինը):
sidar aloyan
Սիդար Ալոյանը:
kamo aloyan and soldiers 1
Կամո Ալոյանը (առաջին շարք, ձախից առաջինը) ընկերների հետ:
slavik tamoyan dilbar and soldiers 1
Սլավիկ Թամոյանը (ձախից առաջինը) Դիլբարի հետ:

- Ցանկացած ձայն կարող ենք տարբերել. ինքնաթիռ է, անօդաչու է, սմերչ է, գրադ է: Սա փորձից է գալիս: Անգամ նոր ռազմական տեխնիկայի ձայնն էինք արագ տարբերում: Մեր ժամանակ այսքան տեխնիկա չուներ թշնամին, էլի շատ էր, բայց այսքան չէր:

Սլավիկն ասում է, որ կամավորական ջոկատի հետ ուրախ ու հպարտ է մեկնել առաջնագիծ: Շատ ծանր օրեր են ունեցել, օգնության կարիք է եղել, սպասել են մինչև օժանդակություն գա, բայց դիրքը չեն հանձնել, արյան գնով էլ պահել են.

- Մենք արժանապատվորեն ենք մեր առաջադրանքը կատարել: Իմացել ենք՝ կյանքն էլ կտանք, բայց դիրքը չենք հանձնի, կնահանջենք, որ ավելի լավ դիրք գրավենք, բայց չենք փախչի:

Կամո Ալոյանը հիշում է, որ իննսունականներին, երբ փոքր երեխա էր, փորձում էր ինչով կարող է օգնել զինվորներին.

- Տնից տուն էի մտնում, կարտոֆիլ հավաքում, որ ուղարկեինք տղերքին: Ադրբեջանցին սա չի հասկանա, ինքը տարածքի կռիվ ա տալիս, ինքն ի՞նչ գիտի հողի արժեքը։ Իսկ ես էս հողում եմ մեծացել, իմ տղան Արցախում զոհվել ա, իմ հայրենիքը օգնության կարիք ուներ, ես ո՞նց իրեն որբ թողնեի ու ասեի՝ տղաս զոհվեց, սիրտս ծանր ա: Հա, սիրտս լիքն ա, բայց ես պարտք ունեմ էս հողին տալու:

Արցախյան առաջին ու քառօրյա պատերազմներին մասնակցած Օզման Քալոյանն ասում է, որ առաջին օրից մի տետրակ է վերցրել ու սկսել գյուղում կամավորներ հավաքագրել: Եզդիներն իրեն լավ գիտեն, ու Օզմանի հեռախոսը վայրկյան իսկ չի լռել՝ զանգել են, հարցուփորձ արել ու ի զե՛ն.

- Ինձ համար սկզբունքային չի եղել եզդիական ջոկատ ունենալը: Ընդհակառակը՝ ես դեմ էի միայն եզդիական ջոկատ ունենալուն: Եթե փորձենք ավելի խորն ուսումնասիրել, կհասկանանք, որ երբ սմերչն ընկնում է մի ջոկատի վրա, որտեղ միայն եզդիներ են, դա հավասար է ցեղասպանության, իսկ եզդիներն առանց այն էլ թվով քիչ են: Այդ պատճառով էլ մեր ջոկատը միայն եզդիներից չէր կազմված, հայեր էլ կային:

Սլավիկ Թամոյանն ասում է, որ մասնակցել է 98 եզդի զինվորի թաղման: Եզդի զինվորների, նահատակվածների, անհետ կորածների ու գերիների մասին ստույգ տվյալներ չկան: Պատերազմը չնայած ավարտվել է, բայց դեռ շարունակում է ուղեկցել մեզ: Տվյալներն անընդհատ ճշգրտվում են, բայց մի փաստ անհերքելի է՝ եզդի ժողովուրդն ուս ուսի տված կանգնել է հայերի կողքին, արժանապատվորեն պահել հայրենիքը, եզդի մայրերը ծնել են քաջորդիներ, որոնց անունը մեծատառերով պետք է գրվի դասագրքերում, նրանց սխրանքները պետք է բերնեբերան փոխանցվեն մեր սերունդներին:

 

* * *

Արարատյան դաշտավայրի հողը քաղցր ու առատաձեռն է: Ֆայզոն, Օզմանը, Սլավիկն ու Կամոն զենքերը վայր են դրել ու վերցրել բահը. նրանք հողագործներ են: Ո՞վ գիտի, գուցե ծառերի ստվերում Սիդարը հետևում է հայրենի հողին, որն այնքան կամակոր է, անսահման սեր ու գուրգուրանք է պահանջում: Բայց մեր երկրի պես փոքր սերմերը, որ նրանք դնում են հողի մեջ, հետո ըմբոստ ծիլեր են դառնալու ու մի օր նորից պայքարելու հանուն իրենց մեծ պատմության:

 

* * *

2016 թվականի ապրիլին ադրբեջանցիները գլխատեցին ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին: Միամիտնե՛ր. նրանք կարծում էին, թե գլխատում են եզդի ժողովրդի սերը հայրենիքի հանդեպ...

 

 

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team