Երբ ակնհայտ դարձավ, որ Արցախի, ինչպես նաև Հայաստանի որոշ շրջանների դեմ` սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ոչ այլ ինչ են, այլ   երկար ժամանակ ծրագրված և լայնամասշտաբ պատերազմ, և որ Ադրբեջանը հետաքրքրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համաձայնեցված սկզբունքների վրա հիմնված բանակցություններով, Հայաստանը և Արցախը սկսեցին դիտարկել հակամարտության խաղաղ կարգավորման թարմ մոտեցումներ։ Դրանք արտացոլվեցին Հայաստանի և Արցախի պաշտոնատար անձանց, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում և հարցազրույցներում։

Ընդգծելով այն գոյապահպանման (էկզիստենցիալ) սպառնալիքը, որին բախվում են հայերն Արցախում, և որը տարածվում է նաև Հայաստանում բնակվող հայերի վրա, Փաշինյանն ինքնորոշման սկզբունքի հետ մեկտեղ սկսեց գործածել «անջատում հանուն փրկության» և «ճանաչում հանուն փրկության» եզրույթները։ Եկեք դիտարկենք այդ հասկացություններն ու դրանց կիրառությունը՝ փորձելով հասկանալ, թե որքան կիրառելի են դրանք Արցախի համար։

 

Միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքները

Ինքնորոշման սկզբունքը, որը 1988 թվականից ի վեր եղել է Արցախի հարցի իրավական հիմքը, ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներից է։ Ըստ Կանոնադրության Գլուխ 1-ի Հոդված 1.2-իի ՄԱԿ-ի նպատակն է «զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հանդեպ հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման»։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքի միջազգային դաշնագրի, ինչպես նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի Հոդված 1-ում նշված է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը»։

Սակայն ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ իրավական փաստաթղթեր չեն առաջարկում լիարժեք անկախություն կամ անջատում ինքնորոշման իրավունքի ապահովման համար։ Ինքնորոշումը կարող է նաև իրագործվել պետության ներսում` դրան ձգտող սուբյեկտին ինքնավար կարգավիճակ տրամադրելու միջոցով։ Գործնականում, ինքնորոշման ձգտող սուբյեկտին անկախություն շնորհելը հաճախ բախվում է միջազգային իրավունքի մեկ այլ հիմնարար սկզբունքի հետ, որը պետություններին արգելում է ուժ գործադրել այլ պետության «տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության» դեմ։ Այն արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության Հոդված 2.4-ում և ճանաչված է որպես միջազգային սովորութային իրավունք։ Ըստ այս հոդվածի` ուժով սահմանների փոփոխությունն ագրեսիայի ակտ է։

Հակասություն կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքի և հումանիտար միջամտության գաղափարի միջև` վերջինս արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության Հոդված 73-ում և ենթադրում է «զարգացնել ինքնակառավարումը, պատշաճ կերպով հաշվի առնել ժողովուրդների քաղաքական ձգտումները և օժանդակել նրանց ազատ քաղաքական հաստատությունների առաջադիմական զարգացմանը` ըստ յուրաքանչյուր տարածքի և նրա ժողովրդի մասնավոր հանգամանքների և զարգացման տարբեր աստիճանների»։

2000 թվականին ընդունված ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագիրը չլուծեց այս սկզբունքների միջև ակնհայտ հակասությունը` հիշատակելով միայն «գաղութարար լծի ու օտար նվաճման տակ գտնվող ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունքը»։

Երկու սկզբունքների` ինքնորոշման և տարածքային ամբողջականության հակասությունը դրսևորվում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, այլև Եվրոպայի անվտանգության և համագործակցության (հետագայում՝ ԵԱՀԿ) համաժողովի 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտում։ Ըստ դրա` «մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը` մշտապես գործելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների, և միջազգային իրավունքի համապատասխան նորմերին համահունչ, ներառյալ նրանց, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը»։

ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ ՝ «Վեճերի խաղաղ կարգավորում» հոդվածը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ցանկացած վեճի մասնակցող կողմերին կոչ է անում «ձգտել այն լուծել բանակցությունների, հետաքննությունների, միջնորդությունների, հաշտեցման, արբիտրաժի, դատավարությունների, տարածքային մարմիններին կամ համաձայնություններին դիմելու և կամ էլ իրենց ընտրությամբ այլ խաղաղ միջոցներով»։

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան» ընդունվել է 1948 թվականին։ 2020 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց «Ցեղասպանության կանխարգելման բանաձևը»։

2005-ի գագաթնաժողովինՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից որպես համաշխարհային քաղաքական պարտավորություն ընդունվել է Պաշտպանելու պարտավորության սկզբունքը նպատակ ունենալով լուծել չորս հիմնական խնդիր` ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։ Այս վճռականության հետագա հաստատումն արտացոլված է 2009 թվականի` «Զինված հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ՄԱԿ-ի ԱԽ 1894 բանաձևում։

1949 թվականին ընդունված Ժնևյան կոնվենցիան և վերջինիս 1977 և 2005 թվականների լրացուցիչ արձանագրությունները կազմում են Զինված հակամարտության օրենքի կամ միջազգային մարդասիրական օրենքի հիմքը, որը նպատակ ունի նվազագույն պաշտպանություն, մարդկային վերաբերմունքի չափանիշներ և հարգանքի հիմնարար երաշխիքներ ապահովել այն անձանց համար, որոնք դարձել են զինված հակամարտությունների զոհ, ներառյալ քաղաքացիական անձանց և նրանց, ովքեր այլևս չեն մասնակցում մարտական գործողություններին, այդ թվում նաև զինված ուժերի հիվանդ և վիրավոր ներկայացուցիչները և ռազմագերիները։

 

Մոտեցումները միջազգային հարաբերություններում

Ինքնորոշումն անկախության շնորհման ճանապարհով կիրառվել է հիմնականում ապագաղութացման համար, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետությունների և Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության սուբյեկտների մեծ մասի անկախացման համար։ Միաժամանակ, այն չի կիրառվել նույն ԽՍՀՄ կամ Բալկանների այլ միավորների դեպքում, ինչը հանգեցրել է երկարատև և ծանր  զինված հակամարտությունների, այդ թվում և էթնիկ զտումների փորձերի, էթնիկ խմբերի թիրախավորման և քաղաքացիական բնակչության իրավունքների դաժան ոտնահարման։

Անջատման սկզբունքի կիրառումը հաճախ հիմնվում է աշխարհաքաղաքական գործոնների և երկակի ստանդարտների վրա։ Միջազգային հարաբերություններում իրատեսական (ռեալիստական)  մոտեցումը գտնում է, որ երբ ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև առկա է հակասություն, առաջնությունը տրվում է վերջինիս։ Ինքնորոշման ու անջատման սկզբունքների վերաբերյալ յոթ մենագրությունների հեղինակ Ալեն Բյուքենենը կողմ է տարածքային ամբողջականությունը՝ որպես սահմանադրական ժողովրդավարության բարոյական և իրավական կողմ։ Այնուհանդերձ, նա առաջ է քաշում նաև «հանուն փրկության (վերականգնողական) իրավունքների տեսությունը», որտեղ «խումբն ունի անջատվելու ընդհանուր իրավունք միայն ու միայն այն դեպքում, եթե ենթարկվել է որոշակի անարդարությունների, որոնք կարող են արդարացնել անջատումը` որպես  ծայրահեղ վերականգնողական միջոց»։ Նա նաև ընդունում է անջատումն այն դեպքում, եթե պետությունը շնորհում կամ սահմանադրությունը ներառում է անջատման իրավունք։ Այսպիսով, վերականգնողական  անջատումն արժեքամետ մոտեցում է, հիմնված մի շարք պայմանների վրա, որոնք կարող են արդարացնել պետությունից ենթախմբի անջատումը` որպես «ծայրահեղ միջոց»։ Սա ենթադրում է պետության կողմից էթնիկ զտման սպառնալիք կամ որևէ այլ լուրջ ոտնահարում այդ պետության մաս համարվող սուբյեկտի նկատմամբ:

 

Առնչությունը Լեռնային Ղարաբաղին (Արցախ)

Արցախը պատմականորեն հայկական է եղել։ Խորհրդային Միության ստեղծումից հետո Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի կազմում ներառելու մասին որոշումը վերանայվել է Ստալինի անմիջական միջամտությամբ, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի` ինքնավար մարզի կարգավիճակով Ադրբեջանին բռնակցելուն (որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ - ԼՂԻՄ)։

Խորհրդային շրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ն խտրական քաղաքականություն է վարել տեղի հայ բնակչության նկատմամբ՝ խոչընդոտելով մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն ու հայոց լեզվի կիրառումը, փոխելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերն ու հայ բնակչության համամասնությունը 94.4%-ից հասցնելով 76.9%–ի, ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու յուրացնելով մշակույթը։

1991 թվականին, ԽՍՀՄ փլուզման շրջանում, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` համաձայն խորհրդային Սահմանադրության Հոդված 3-ի, որը վերաբերում է ինքնավար մարզերի՝ հանրապետությունից անջատվելու իրավունքին։ 1991 թվականի սեպտեմբերին ընդունված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով հաստատված Հռչակագրի համաձայն, Արցախի ժողովուրդը հայտարարեց անկախ պետություն լինելու իր ցանկության մասին։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին իր անկախությունը հռչակեց Ադրբեջանը։ Խորհրդային Միությունը լուծարվեց 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, հետևաբար մինչև այդ օրը գործում էր խորհրդային օրենսդրությունը։ Հետևաբար, Ադրբեջանի պնդումներն առ այն, որ Արցախի անկախությունը խախտում է իր տարածքային ամբողջականությունը, անհիմն են։

Ի պատասխան օրենսդրական այս քայլերի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին զանգվածային ջարդեր, որոնք հանգեցրին հայերի էթնիկ զտումների այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բաքուն, Սումգայիթը և Կիրովաբադը (հետագայում վերանվանվեց Գյանջա)։ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախում, ներառյալ «Կոլցո օպերացիան», որի նպատակն էր հայաթափել հայկական գյուղերը։ Այս քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի, որը շարունակվեց մինչև 1994 թվականը և երկու կողմերի համար էլ հազարավոր զոհերի և զգալի նյութական վնասների պատճառ դարձավ։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը զինադադար ստորագրեցին։

Ադրբեջանը սկսեց ավելի ու ավելի հաճախ խախտել զինադադարի պայմանավորվածությունը 2000-ականներին՝ նավթագազային նոր խողովակաշարեր կառուցելուց անմիջապես հետո ու ռազմական ծախսերի` դրանցից բխող ավելացմանը զուգընթաց։ Ադրբեջանն ուժգնացրեց նաև հակահայկական քարոզչությունը՝ հասնելով ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումների և այն ուղեկցելով բանակցություններում մաքսիմալիստական և ռազմատենչ մարտավարությամբ։

2016 թվականի ապրիլին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով երկու կողմն էլ ունեցան զոհեր ու վիրավորներ. Ադրբեջանը գործեց ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են հայ զինվորականների և խաղաղ բնակիչների գլխատումն ու խեղումը։ Ադրբեջանը դիմադրել է հրադադարը մշտադիտարկող համակարգերի տեղադրմանը, այն դեպքում, երբ հայկական կողմը ձգտել է հասնել դրան։

2020 թվականի մարտին Ադրբեջանը չմիացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` COVID-19-ի պայմաններում համաշխարհային հրադադարի կոչին և հունիսին ընդունված ՄԱԿ-ի բանաձևին։ Փոխարենը, 2020 թվականի հուլիսին այն ռազմական հարձակում նախաձեռնեց Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի ուղղությամբ, որը մեկ շաբաթվա ընթացքում չեզոքացվեց հայկական պաշտպանության ուժերի կողմից։ Այդ ռազմարշավի ընթացքում Բաքվում կազմակերպվեցին բողոքի ցույցեր, որտեղ Ադրբեջանի հազարավոր քաղաքացիներ պահանջում էին «Մահ հայերին»։ Հուլիսի 16-ին Ադրբեջանը սպառնաց հարվածել Հայկական ատոմակայանին։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեց Արցախի և Հայաստանի դեմ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի փորձը խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը կոչ է անում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով, այլև միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքը, ինչպիսիք են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների մշտական ռմբակոծությունները կասետային ռազմամթերքով և ռումբերով, բալիստիկ արկերով և հրթիռներով Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Հադրութում և բազմաթիվ գյուղերում, քաղաքացիական անձանց և ռազմագերիների գլխատումն ու խեղումը և վերջապես` վարձկանների օգտագործումը։

Ադրբեջանը միացել է Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ ՄԱԿ-ի 2001 թվականի բանաձևին։ Չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն միացել 2008 թվականին Դուբլինում ընդունված կասետային զինատեսակների կիրառման դեմ բանաձևին, այնուհանդերձ նրանք պարտավոր են այն չխախտել`  որպես միջազգային սովորութային օրենք։

Կան նաև անհերքելի ապացույցներ Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և անմիջական ռազմական աջակցության մասին Թուրքիայի կողմից, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույն բանակը, ինչպես նաև հազարավոր վարձկանների մասին, որոնց Թուրքիան հավաքագրել և տեղափոխել է Սիրիայից և միգուցե նաև այլ երկրներից։ Անժխտելի են Ադրբեջանում Թուրքիայի ռազմական հրահանգիչների և օդաչուների ներկայությունը, թուրքական ԱԹՍ-ների և F-16 ռազմական կործանիչների օգտագործումը, և Ադրբեջանին զինադադարի խախտման դրդող ռազմատենչ հռետորաբանությունը:

Արցախի բնակչությունն ընդամենը 140 000 մարդ է, Հայաստանինը` 2.9 միլիոն, որոնք պաշտպանվում են 10 միլիոն բնակչությամբ Ադրբեջանից և 83 միլիոնանոց Թուրքիայից, ինչպես նաև հազարավոր վարձկան-ջիհադականներից։ Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի նախագահն բազմաթիվ հայտարարություններում Երևանի և Հայաստանի այլ շրջանների նկատմամբ տարածքային հավակնություններ է հայտնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսին հայտարարեց, որ նպատակ ունի ավարտին հասցնել հայերի ցեղասպանությունը, որի գագաթնակետը 1915 թվականն էր` այդպիսով սրելով գոյապահպանման սպառնալիքը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հայերի համար։

Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և համոզված է, որ Արցախի պաշտպանությունն ուղղակիորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ` պայմանավորված Արցախի ռազմավարական դիրքով, և թե Արցախի և թե Հայաստանի փոքրաքանակ բնակչությամբ և փոքր տարածքով։ Հայաստանն ունի Արցախի ժողովրդին պաշտպանելու պատասխանատվություն։

Միջազգային հանրությունը նախկինում ընդունել է, որ բավականաչափ վճռականություն չի դրսևորել Սրեբրենիցայի զանգվածային ջարդերը ու Ռուանդայի ցեղասպանությունը կանխարգելելու ուղղությամբ։ Միաժամանակ այն որևէ միջազգային աջակցություն չի տրամադրել Արցախին։ Արցախի չճանաչված կարգավիճակի պատճառով ՄԱԿ-ը և միջազգային մյուս կազմակերպություններն այնտեղ ներկայություն չունեն, ինչը թույլ կտար մշտադիտարկել հրադադարի խախտումները, արձանագրել միջազգային հումանիտար իրավունքի խախտումները և տրամադրել մարդասիրական օգնություն։ Նման իրավիճակը հակասում է նաև “Ոչ մեկին հետ չթողնել” կարգախոսին, որը ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունել են Կայուն զարգացման նպատակների 2030 թվականի օրակարգում։

Գոյապահպանման սպառնալիքի, էթնիկ զտումների բարձր հավանականության և Արցախում մարդասիրական ճգնաժամի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է “Հանուն փրկության” ճանաչել Արցախը: Քանի որ Արցախը չի վերահսկվում անկախ Ադրբեջանի կողմից, անկախություն է հռչակել դեռևս 1991 թվականին, կարողացել է պաշտպանվել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից, ընտրությունների մի քանի փուլ է անցել և ստեղծել ինքնակառավարման մարմիններ, այն ավելի քան քառորդ դար առաջ դե ֆակտո անջատվել է Ադրբեջանից։ Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է ճանաչի, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ կորցրել է իրավական կամ բարոյական որևէ իրավունք:

 

Կարդալ նաև

Երբ կրկին կորցնում ես կորցրած մանկությունդ

Լրագրող Լուսինե Մուսաելյանը հիշում է Արցախյան առաջին պատերազմը։ Նա հիշում է, թե ինչպես է Բարոնուհի Քերոլայն Քոքսն իրեն ճմռթված թղթով փաթաթված գույնզգույն կոնֆետ տալիս։ Հիշում է ռմբակոծություններն ու ապաստարանները։

Երբ հրամայականը մեկն է՝ ապրե՛լ

Պատերազմը ներխուժել է գրեթե բոլոր հայ ընտանիքներ։ Մինչ զինվորները կռվում են առաջնագծում, Արցախում ծավալված այս նոր պատերազմից մազապուրծ եղած երեխաների մի նոր սերունդ իրենց ընտանիքների հետ տրավման հաղթահարելու ուղիներ են որոնում։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team