Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով են, ինչը տարեկան աճի ամենամեծ ցուցանիշներից է Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում։ «Ծախսերի ավելացումը մեծապես պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի հետ ծավալված հակամարտությամբ»,- նշվում է զեկույցում։ Ավելի զարմանալի է սակայն, որ չնայած 2020 թ. հուլիսի տավուշյան մարտերին ու Արցախյան երկրորդ պատերազմին՝ 2020-ին Հայաստանի ռազմական ծախսերը 2019-ի համեմատ նվազել են 2,6%-ով (ԱՄՆ դոլարով արտահայտված և գնաճով ճշգրտված):
Երկու երկրներն էլ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միանման մակարդակ ունեն: Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2019 թվականին Հայաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշը համապատասխանաբար եղել է 4.623 և 4.791 դոլար: Այնուամենայնիվ, քանի որ Ադրբեջանն ունի ավելի մեծ բնակչություն, նրա ընդհանուր տարեկան ՀՆԱ-ն զգալիորեն բարձր է՝ 48 միլիարդ դոլար՝ Հայաստանի 13,7 միլիարդի համեմատ: Այս թվերը պետք է հաշվի առնվեն ընդհանուր ցուցանիշները համեմատելիս. 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 634 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 2,2 միլիարդ դոլար:
Առնվազն 2005 թվականից Հայաստանը ռազմական ոլորտ է ուղղել պետբյուջեի զգալի մի մասը, ինչը հաստատում են նաև SIPRI-ի տվյալները: Չնայած թվերի բացարձակ արժեքների էական անհամաչափությանը, Հայաստանը 2020 թվականին ռազմական ծախսերին ուղղել է բյուջեի 16,7%-ը, Ադրբեջանը՝ 12,7%-ը։
Ադրբեջանի ռազմական ծախսերը ՀՆԱ համեմատությամբ գերազանցել են Հայաստանի ցուցանիշը 2006 թվականին (երբ գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը), 2011-2015 և 2020 թվականներին (Ադրբեջանում այն կազմել ՀՆԱ-ի 5,4%-ը, Հայաստանում՝ 4,9%-ը)։ Համեմատության համար նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամ երկրները ռազմական ծախսերին պարտավորված են ուղղել ՀՆԱ-ի առնվազն 2%-ը, ինչն Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասը նախորդ տարի չի կարողացել ապահովել՝ արժանանալով Դոնալդ Թրամփի խիստ քննադատությանը: Միացյալ Նահանգները 2020 թվականին ռազմական ծախսերին ուղղել է ՀՆԱ-ի 3,7%-ը:
Ադրբեջանն ածխաջրածնային լուրջ ռեսուրսներ ունի, որոնք պետբյուջե ուղղակի եկամուտներ են ապահովում, մինչդեռ Հայաստանը ստիպված է ռազմական ծախսերն ավելացնել իր հարկային բազայի հաշվին։ Նավթի գներից կախվածությունը, ամեն դեպքում, երկսայր սուր է: 2011-2015 թվականներին մեկ շնչի հաշվով (հիշենք, որ Ադրբեջանի բնակչությունը մոտ երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը) Ադրբեջանը ռազմական ծախսերին ուղղել է կրկնակի ավելի, քան Հայաստանը: Այնուամենայնիվ, 2014-ի դեկտեմբերին նավթի գների կտրուկ անկումից հետո այդ ծախսերը ճշգրտվեցին այնքան, որ Հայաստանի ցուցանիշը սկսեց գերազանցել Ադրբեջանինը։ 2020-ին ցուցանիշը գրեթե հավասար էր՝ Հայաստանը մեկ շնչի հաշվով ռազմական ծախսերին ուղղել է 214 դոլար, Ադրբեջանը՝ 221 դոլար:
Այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ցուցանիշը, նորություն չէր: Այս իրողությունը, սակայն, միանշանակ գնահատական չի ստացել հայկական կողմում։ Ենթադրվում էր, որ Հայաստանն իր ռազմական բյուջեն ավելի «արդյունավետ» է ծախսում, Ադրբեջանի ծախսերն ուղեկցվում են կոռուպցիայի ցցուն դեպքերով։ Բացի այդ, Արցախի պաշտպանության բանակը կատաղի հակառակորդի համբավ ուներ, իսկ տեղանքի մասին գիտելիքն ու հայրենի հողը պաշտպանելու կամքը չեզոքացնում էին դոլարային ցուցանիշները:
2000 թվականին Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Science Po) միջազգային հետազոտությունների կենտրոնը հայտարարեց, որ Հայաստանի բանակը ամենամարտունակն է Հարավային Կովկասում: Մի քանի տարի անց նման եզրահանգման եկավ նաև ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 2007 թվականին նա հայտարարեց. «Հայկական բանակը հետխորհրդային տարածաշրջանում ամենամարտունակն է»: «Տարածաշրջանում ամենաուժեղ բանակի» կերպարը լայնորեն տիրաժավորում էին Հայաստանի բոլոր առաջնորդները, հասարակությունը սա ընդունում էր որպես ինքնին հասկանալի իրողություն: Տավուշում 2020 թ. հուլիսյան բախումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կրկնեց նույն միտքը: Նշենք, որ 2018-ին իշխանության գալուց հետո Փաշինյանի կառավարությունը զինված ուժերի արդիականացման ծրագիր էր սկսել։
Ամեն դեպքում, հետահայաց անդրադարձը խոսում է ծախսված ռեսուրսների ավելի քան ակնհայտ անհամափաչության մասին, իսկ Արցախյան երկրորդ պատերազմը նոր հարցեր է առաջ բերում հայկական բանակի մարտական պատրաստվածության և ծախսերի իրական արդյունավետության մասին։ Ընդ որում, սրանք արգելված թեմաներ էին նույնիսկ պատերազմի 44 օրերի ընթացքում։ Բանակի մարտունակության վերաբերյալ ցանկացած քննարկում դեմ էր ընկալվում հայրենասիրական մղումներին։
Ռազմական գնումների գործընթացը թափանցիկ չէ նաև Հայաստանում, ինչը հավելյալ կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում: Մեկ բացահայտում արվեց պատերազմից անմիջապես հետո, կապված զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) անվան հետ, որը հետհեղափոխական կառավարությունում պաշտպանության նախարարի խորհրդականն էր և մինչ այդ էլ էր հայտնի զենքի՝ կասկածելի իր գործարքներով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ռազմական համամասնորեն բարձր ծախսերը և բանակի կառուցվածքը Հայաստանը դարձրել էին աշխարհի ամենից ռազմականացված երկրներից մեկը: Ըստ Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի Ռազմականացվածության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանը 2020 թվականին աշխարհում երկրորդ ռազմականացված երկիրն էր՝ Իսրայելից հետո: Ինդեքսը նպատակ ունի «նկարագրելու հասարակության նկատմամբ պետության ռազմական ապարատի հարաբերական կշիռը և կարևորությունը՝ որպես ամբողջություն»։ Ադրբեջանը նույն ցուցակում 16-րդն է: «Չնայած 2020 թ. նոյեմբերի 10-ին կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցին հրադադարի հաստատմանը՝ հավանական է, որ Հայաստանը (2-րդ հորիզոնականում) և Ադրբեջանը (16-րդ հորիզոնականում)... կշարունակեն զգալի ներդրումներ կատարել ռազմական ոլորտներում՝ հաշվի առնելով հակամարտության վիճակը»,- ասվում է ինդեքսի նկարագրական հատվածում։
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի «2020 թ. Ռազմական հաշվեկշռի» համաձայն՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը տարածաշրջանում (Եվրասիա և Ռուսաստան) ռազմական գործող անձնակազմի թվով առաջին տասնյակում են։ Հայաստանում ցուցանիշը 44.800 գործող զինվորական է, Ադրբեջանում՝ 66.950։
1995-2020 թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը հնգապատիկ գերազանցել են Հայաստանի ցուցանիշը: 25 տարվա ընթացքում Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացրել է շուրջ 7,4 միլիարդ դոլար (սա Հայաստանի ռազմական ծախսերի միակ պաշտոնական ցուցանիշն է): Ադրբեջանի ռազմական ծախսերը ներառում են պաշտպանության և անվտանգության ոլորտները (Պաշտպանության նախարարություն, Պետական սահմանապահ ծառայություն, Պետական անվտանգության ծառայություն, Արտաքին հետախուզության ծառայություն): Նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ծախսել է շուրջ 32,5 միլիարդ դոլար:
1990-ականների վերջին երկու երկրներն էլ մտան տնտեսական կայունացման և աճի շրջան, իսկ Ադրբեջանի նավթի պաշարներն այս աճն ավելի շոշափելի դարձրեցին: 2000-ականներին Ադրբեջանը նավթի արդյունահանման վերելք ապրեց, ինչը հանգեցրեց պետական ծախսերի ավելացման բոլոր բնագավառներում՝ ներառյալ ռազմական և անվտանգության ոլորտները։
2010-ականների սկզբներին Ադրբեջանի տնտեսական բարձր աճը պայմանավորված էր էներգակիրների արտահանմամբ և տնտեսության ներքին ճյուղերի աճով: 2014-ին նավթի համաշխարհային գների անկումը, այնուամենայնիվ, ազդեց տնտեսական աճի տեմպի վրա՝ 2016-ին պատճառ դառնալով ՀՆԱ 3,1% անկման, իսկ 2017 թվականին՝ 0,8% անկման։ Նավթի գների ճգնաժամից առաջ մեկ շնչի հաշվով Ադրբեջանի ՀՆԱ-ն կրկնակի գերազանցում էր Հայաստանի ցուցանիշը։ Այնուամենայնիվ, 2016 թվականից հետո այս տարբերությունը գրեթե աննշան է:
2011-2015 թվականներին՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ, Ադրբեջանի ռազմական ծախսերը հասնում էին տարեկան 3 միլիարդ դոլարի: 2016-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել էր մինչև 37,8 միլիարդ դոլար, ինչը 2014 թվականի 75 միլիարդ դոլարի ցուցանիշի մոտ կեսն է: 2020-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն 46 միլիարդ դոլար էր՝ մինչքովիդյան 2019-ի համեմատ ցուցանիշը պակաս է 4,3 տոկոսով։
Ադրբեջանի տնտեսության շարժիչ ուժը շարունակում է մնալ նավթի արտահանումը մի քանի նավթամուղերով: 2020 թվականին նավթամուղային այդ ցանցերը հասան մինչև Եվրամիության սահմաններ:
Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն ունեցավ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: 2008-2009 թթ. Հայաստանի ՀՆԱ-ն 11,7 միլիարդ դոլարից կրճատվեց մինչև 8,6 միլիարդ, որն ահռելի նվազում էր՝ 26%։ ՀՆԱ-ի 2008 թ. մինչճգնաժամային մակարդակն ամբողջությամբ չէր վերականգնվել մինչև 2018-ը։
Ռազմական ծախսերն այս ընթացքում համեմատաբար կայուն են եղել, իսկ 2008-2009-ին ՀՆԱ 3,4%-ից աճել են մինչև 4,2%։ Հետագա տարիներին, տնտեսական աճի թույլ տեմպի պայմաններում էլ, ռազմական ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հիմնականում պահպանվել է:
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն առաջին անգամ օգտագործեց իր ժամանակակից անօդաչու թռչող սարքերը՝ նախանշելով հաջորդ լայնամասշտաբ պատերազմի բնույթը: Ադրբեջանի զինանոցը համալրվեց իսրայելական և թուրքական կամիկաձե և հետախուզական անօդաչու թռչող սարքերով: Հայաստանը փորձում էր ներդրումներ կատարել հայկական արտադրության կամիկաձե ԱԹՍ-ների արտադրության մեջ։
Քառօրյային հաջորդող ժամանակահատվածում երկու հանրապետություններն էլ ռազմական ծախսերը պահել են ՀՆԱ 4-5%-ի միջակայքում: 2020-ն աննախադեպ էր Ադրբեջանի համար՝ ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը 3,9%-ից աճեց մինչև 5,4%:
Հայաստանը հեղափոխությունից հետո իրապես մեծացրեց ռազմական ծախսերը 2019 (652 միլիոն դոլար) և 2020 թվականների (635 միլիոն դոլար) բյուջեներում՝ 2017 թվականի (464 միլիոն դոլար) և 2018 թվականի (523 միլիոն դոլար) համեմատ: Սակայն 2019-ի համեմատ 2020 թվականի 2,6% անկումը դժվար է բացատրել, թեև այն կարող է կապված լինել COVID-19 համաճարակի հետ: Հայաստանը 2020 թվականին պետբյուջեում ռազմական ծախսերին ուղղել էր շուրջ 625 միլիոն դոլար, որը ԱԺ քննարկումներում ավելացավ ևս 80 միլիոն դոլարով:
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմական գործընկերներ են համարվում։ Հայաստանի դեպքում այս համագործակցությունն իրականում Ռուսաստանից կախվածություն է ենթադրում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտներում: SIPRI-ի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիներին Հայաստան սպառազինությունների ներմուծումների շուրջ 95%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ընդ որում, մատակարարումների մի մասը ռուսական արտադրության օգտագործված զինատեսակներ են եղել:
Ռուսաստանը մի քանի տարի շարունակ եղել է Ադրբեջան զենքի հիմնական մատակարարը, մինչև Իսրայելն ու Թուրքիան կկրճատեին այս մասնաբաժինը: Ըստ SIPRI-ի տվյալների՝ 2015-2019 թթ. Ռուսաստանին է բաժին ընկել Ադրբեջանի ռազմական գնումների 31%-ը՝ 2009-2013 թթ. 80%-ի համեմատ: Ռուսաստանն այս համագործակցությունը որակել է «զուտ բիզնես»՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակողական մարտավարությունը հնարավոր դարձնելու մեղադրանքներին։
Ամեն դեպքում, ռուսական արտադրության ռազմատեխնիկայի մասնաբաժինը կտրուկ նվազել է ադրբեջանական բանակում, ի հակադրություն Հայաստանի, որը շատ ավելի է կախված «ռազմավարական իր գործընկերոջից»՝ հաշվի առնելով երկրում Ռուսաստանի ընդլայնվող ներկայությունը: Բացի այդ, Հայաստանը նախատեսում է բարեփոխել բանակը՝ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության սերտացման շրջանակներում։
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս վիճակը և պատերազմի արյունալի հետևանքներից հետո զինված ուժերը վերազինելու անհրաժեշտությունը, ակնկալվում է, որ թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջանը կպահպանեն ռազմական ծախսերի բարձր մակարդակը: Կողմերը կորցրել կամ վնասել են միլիարդավոր դոլարների արժողությամբ ռազմական տեխնիկա, ուստի հետպատերազմյան տարիները ծախսվելու են բանակի և անվտանգության համակարգի վերազինման ու վերակառուցման վրա:
Այս պայմաններում 2021 թ. համար Հայաստանը Պաշտպանության նախարարության ծախսերին ուղղել է մոտ 600 միլիոն դոլար, Ադրբեջանը պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին հատկացրել է շուրջ 2,6 միլիարդ դոլար, ինչը 20 տոկոսով ավելին է, քան 2020 թվականին:
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:
Ինչպես Հայաստանը, այնպես էլ Սփյուռքը 2020-ի Արցախյան պատերազմն ընկալեց ու վերապրեց որպես էկզիստենցիալ ճգնաժամ, իսկ համազգային համախմբումը բեկումնային դարձրեց այս պահը։
Պետական դավաճանությունը շատ ծանր հոդված է։ Մատների վրա հաշված քրեական գործեր կան այս հոդվածով։ Սակայն վերջին շրջանում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո պետական դավաճանության, լրտեսության մասին տարբեր անձանց հասեցին արված հրապարակային մեղադրանքներն ու դրանց շուրջ մեդիա աղմուկը ստիպում է կարծել, թե ամեն անկյունում դավաճաններ ու գործակալներ են։
Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։
Քովիդ-19-ը և 2020 թվականի Արցախյան պատերազմը ազդեցին Հայաստան-ԵՄ առևտրային և տնտեսական հարաբերությունների վրա: Հայաստանը առկա ռիսկերն ու հնարավորությունները պետք է հավասարակշռի երկու ուղղությամբ ՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շրջանակներում և որպես Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկիր։
ԵԱՏՄ ներքին շուկայում առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց արագ և արդյունավետ լուծման դեպքում այն կարող է փոխադարձ առևտրի աճի հնարավորություններ ստեղծել ՝ դարնալով տարածաշրջանային ինտեգրման արդյունավետ միջոց:
Հեռավոր 1972-ին, երբ Տեսլայի հիմնադիր Էլոն Մասկը մեկ տարեկան էր, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մատենադարանի դիմաց, կանգնած էր առաջին հայկական էլեկտրամոբիլը, մշակված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, տեխնիկական գիտությունների թեկնածու Էմիլ Դիլանյանի ղեկավարությամբ։