evn report eu ra
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունները, սկսած 1990-ական թվականներից, հիմնված են եղել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի վրա: 2010-ից նախապատրաստվում էր նոր փաստաթուղթ՝ «Խորը և համապարփակ առևտրի մասին» (Ասոցացման մասին) համաձայնագիրը: Հայաստանից բացի նման համաձայնագիր կնքելու նպատակով Բրյուսելի հետ բանակցություններ վարում էին նաև Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջինս Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը կնքեց Եվրամայդանից հետո: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ այն գնաց Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական ինտեգրման ուղիով և անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Ավելի ուշ պաշտոնական Բրյուսելը և Երևանը հարաբերությունները վերագործարկելու երկրորդ փորձը նախաձեռնեցին, և 2015 թվականին սկսվեցին նոր բանակցություններ: 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրվեց ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» (ՀԳԸՄ) համաձայնագիրը:

Համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ մտավ 2018 թ. հունիսի 1-ից, ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ապրանքների առևտուրը, տրանսպորտը, սպառողների շահերի պաշտպանությունը, շրջակա միջավայրը և էներգետիկան: Համաձայնագրի իրականացման նպատակով հաստատվել է ճանապարհային քարտեզ, որը ներառում է շուրջ 200 միջոցառում՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ոլորտային ռազմավարությունների մշակում:

Վերջին շրջանում Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառության վրա մեծ ազդեցություն է թողել կորոնավիրուսի համավարակը։ Մասնավորապես, 2020 թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,9%-ով՝ կազմելով 1,3 մլրդ ԱՄՆ դոլար (2019 թ.՝ 1,6 մլրդ-ի դիմաց):  2020 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունից ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 429,0 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 25,9%-ով (2019 թ.՝ 578,6 մլն ԱՄՆ դոլար): Համեմատության համար նշենք, որ Հայաստանից ընդհանուր արտահանումը նվազել է 3,9%-ով, այսինքն՝ 2020 թ. դեպի ԵՄ արտահանումը միջինում մոտ 6,6 անգամ ավելի շատ է կրճատվել այլ երկրների հետ համեմատ։

2020 թ. հունվար–դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն ԵՄ երկրներից ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 847,5 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 21,4%-ով (2019 թ.՝ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար): Ընդհանուր ներմուծումը Հայաստան նվազել է 17,7%-ով, այսինքն՝ 2020 թվականին ԵՄ-ից Հայաստան ներմուծումը միջինում 3,7%-ով ավելի շատ է կրճատվել այլ երկրների հետ համեմատ։

2020 թ. Հայաստանի Հանրապետությունից արտահանումը ԵՄ երկրներ հիմնականում իրականացվել է դեպի Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Իտալիա, Բելգիա։ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը իրականացվել է ԵՄ հետևյալ երկրներից՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Իսպանիա։

2021 թ. մարտի 1-ից, ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից վավերացման գործընթացը ավարտելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ մտավ ամբողջությամբ: Վավերացումից հետո ուժի մեջ է մտել փաստաթղթի այն հատվածը, որը ներառում է կրթության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և աշխատանքային իրավունքների ոլորտները: Համաձայն ճանապարհային քարտեզի՝ Հայաստանի Հանրապետությունն ունի մոտ 8 տարի ժամանակ՝ գործունեության տարբեր ոլորտները ԵՄ չափանիշներին մոտարկելու համար։ Խոսքը հատկապես էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի ոլորտների մասին է։

ՀԳԸՄ համաձայնագիրը մի շարք դրույթներով կրկնում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության կողմից նախապատրաստված, սակայն այդպես էլ չստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը. գլխավոր տարբերությունն այն է, որ ներկայիս փաստաթղթում բացակայում են Եվրամիության հետ ազատ առևտրի մասին դրույթները. դրանք հակասություն էին առաջացնելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրառվող նորմերի հետ:

Ասոցացման մասին համաձայնագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետությանը տրամադրել եվրոպական շուկա մուտք գործելու լրացուցիչ արտոնություններ: Համաձայնագիրը նպատակ ուներ բարձրացնել փոխադարձ առևտրի և ներդրումների արդյունավետությունը՝ Հայաստանի Հանրապետության համար ապահովելով մուտք դեպի 500 մլն սպառող ունեցող եվրոպական շուկա: Ինչ վերաբերում է ՀԳԸՄ համաձայնագրին, ապա այստեղ բացակայում են մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությանը կամ ապրանքների տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցմանն առնչվող դրույթները՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Բացի այդ, Ասոցացման մասին համաձայնագրով նախատեսված էին դրույթներ՝ վիզաների ազատականացման ռեժիմի հետ կապված, մինչդեռ նոր համաձայնագիրը չի նախատեսում վիզաների ազատականացում, ընդամենը վիզային ռեժիմի դյուրացում: Վիզաների ազատականացումը ենթադրում է աստիճանական գործընթաց միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը պատշաճ կերպով կատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

ՀԳԸՄ համաձայնագրում գրեթե փոփոխության չի ենթարկվել Ասոցացման մասին պայմանագրում ներառված քաղաքական մասը, որում ամրագրված են այնպիսի դրույթներ, ինչպիսիք են անվտանգության զարգացումը, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությունը: Որպես ՀԳԸՄ համաձայնագրի հիմնական նպատակ նշված է Եվրամիության քաղաքականության, ծրագրերի և գործակալությունների գործունեության մեջ հայկական մասնակցության ավելացումը:

Այլ երկրների հետ հարաբերություններում Եվրոպական միությունը ընդգծված ուշադրություն է ցուցաբերում ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը: Այս համատեքստում բացառություն չէ նաև ՀԳԸՄ համաձայնագիրը, որը պարտավորություն է պարունակում հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդման շուրջ՝ ներառյալ փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և արդյունավետ պետական կառավարումը:

Մյուս կողմից, ըստ ՀԳԸՄ համաձայնագրի՝ հայկական կոնյակ արտադրող ընկերությունները ստիպված են լինելու 22 տարի անց (2043 թ.) հրաժարվել ոգելից խմիչքի այս անվանումից: Հետևաբար տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պետք է մտածեն առաջիկա տարիներին ռեբրենդինգ իրականացնելու մասին, որպեսզի չկորցնեն իրենց շուկայական մասնաբաժինը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրենդի ստեղծումը և առաջխաղացումը բավական ծախսատար և ժամանակատար գործընթաց է:

Համաձայն փաստաթղթի՝ «կոնյակ» բրենդը գտնվում է ԵՄ պաշտպանության ներքո՝ որպես ֆրանսիական աշխարհագրական տեղանուն: Նույնը վերաբերում է «շամպայն» անվանմանը, որի փոխարեն նախատեսվում է օգտագործել «փրփրուն գինի» ձևակերպումը:

Ներկայումս ստեղծվել է ՀՀ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային մի խումբ, որն առաջիկայում պետք է առաջարկի նոր ձևակերպում, որը կփոխարինի «կոնյակ» անվանմանը: Ընդ որում, գործընթացի համար ԵՄ-ն նախատեսել է ֆինանսավորում ՀԳԸՄ համաձայնագրի ստորագրմանը հաջորդող 8 տարիների համար միայն, այլ կերպ ասած՝ հայկական կողմին մնացել է ընդամենը 5 տարի՝ եվրոպական աջակցության շրջանակներում նշված փոփոխությունն իրականացնելու համար։

Արդեն 2032 թվականից Հայաստանին կարգելվի «կոնյակ» անվանումով արտադրանքի թողարկումը, որից հետո հանրապետությունը կունենա անցումային ժամանակաշրջան մինչև 2043 թվականը՝ պահեստային մնացորդները մաքրելու համար: Եթե 2043-ին հայկական կողմը պատշաճ կերպով իրականացրած չլինի անվանափոխության գործընթացը, ԵՄ-ն իրավունք ունի դիմել արբիտրաժային դատարան և խզել համաձայնագիրը:

Ամփոփելով ՀԳԸՄ համաձայնագրին առնչվող հատվածը՝ հարկ է նշել, որ վերջինիս գործողության մեջ մտնելու ժամանակահատվածը համընկավ կողմերի համար ոչ այնքան բարենպաստ շրջանի հետ, քանի որ Covid-19-ի համավարակը և համաշխարհային տնտեսական ճգնաժամն իրենց ազդեցությունն ունեցան գրեթե բոլոր երկրների վրա: Համաձայնագրի սկզբնական ընթացքի համար ոչ բարենպաստ պայմաններ ստեղծեցին նաև արցախյան 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած քաղաքական ճգնաժամը Հայաստանում:

Հարկ է անդրադառնալ նաև Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական միության միջև լարված հարաբերություններին, հատկապես հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարությունը Եվրամիության հետ հարաբերությունները խզելու հավանականության շուրջ՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպումից հետո։

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը և նրա գլխավոր դաշնակից, ինչպես նաև ինտեգրացիոն գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը հակադիր վերաբերմունք ունեն Եվրոպական միության նկատմամբ: Ուստի ՀԳԸՄ համաձայնագրի հետագա ճակատագիրը կախված է նաև Ռուսաստանի Դաշնության՝ վերջինիս նկատմամբ որդեգրվելիք վերաբերմունքից։

Եթե անդրադառնանք ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների վերլուծությանը, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ Եվրոպական միությունը Հայաստանում կատարվող բարեփոխումների առանցքային դերակատարներից է: 2019-2020 թթ. Եվրոպական միությունը գրեթե կրկնապատկել է դրամաշնորհային ֆինանսավորումը՝ հասցնելով այն մինչև 65 մլն եվրոյի: Ներկայումս Եվրամիությունը աջակցում է կառավարության բարեփոխումների ծրագրին՝ մասնավոր հատվածի, մարդկային կապիտալի և թիրախային շրջանների զարգացման բնագավառներում: Բացի դրանից, 2014 թվականից ի վեր շուրջ 1 մլրդ եվրո է, վարկային և դրամաշնորհային ծրագրերի տեսքով, ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում:

ԵՄ-ն Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման առանցքային ուղղությունների թվում է, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների հիմնական աղբյուրներից մեկը: Ինչպես հայտնի է, 2009-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ արտոնությունների ընդհանրացված ընդլայնված համակարգից (GSP+), որի շրջանակում հայկական ծագում ունեցող շուրջ 6400 ապրանք կարող է ԵՄ շուկա ներմուծվել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքի դրույքաչափերով: Ընդ որում, հայկական ընկերությունների շրջանում վերոնշյալ համակարգից օգտվելու գործակիցը մշտապես բարձր է եղել՝ 80-90%: 2022 թվականից Հայաստանի Հանրապետությունն այլևս չի ներառվի ԵՄ GSP+ արտոնությունների համակարգի շահառուների ցանկում։ 

GSP+ համակարգում երկիրը ներառելու նվազագույն նախապայմանները երկուսն են։ Նախ երկիրը պետք է միանա եվրոպական 27 կոնվենցիաների՝ սկսած բնապահպանությունից մինչև սպառողների շահերի պաշտպանություն: Բացի դրանից, երկիրը պետք է ներառված լինի GSP համակարգում, որը միավորում է ցածր եկամուտ ունեցող պետություններին: Յուրաքանչյուր տարի ԵՄ-ն զեկույց է պատրաստում թեկնածու երկրների վերաբերյալ։ Վերջին նմանատիպ զեկույցը հրապարակվել է այս տարվա փետրվարին: Համաձայն հրապարակված տվյալների՝ Հայաստանը կարող է զրկվել արտոնություններից եկամուտների մակարդակի բարձրացման պատճառով (հաշվարկներն իրականացվում են Համաշխարհային բանկի Ատլասի մեթոդով): Ըստ սահմանված կարգի՝ եթե երկիրը երեք տարի անընդմեջ գրանցում է եկամտի միջինից բարձր մակարդակ, նրան տրվում է անցումային ժամանակաշրջան ևս մեկ տարվա չափով, որից հետո այն զրկվում է արտոնյալ ռեժիմի հնարավորությունից: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա վերջինս, 2018-ից սկսած, համարվում է միջինից բարձր եկամտի մակարդակ ունեցող երկիր։ Ելնելով վերոգրյալից՝ 2021 թվականը Հայաստանի համար անցումային է և արդեն 2022-ին այն դուրս կմնա առևտրի արտոնյալ ռեժիմի համակարգից:

ԵՄ-ն ֆինանսավորում է հայկական ընկերություններին, վերապատրաստում նրանց աշխատակիցներին, աջակցում է նոր շուկաներ դուրս գալու հարցում, այդ թվում՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում: 2009-ից ի վեր 40 մլն եվրո ներդրումների շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ավելի քան 450 մլն եվրոյի չափով վարկերի ու լրացուցիչ ֆինանսական աջակցության ներգրավում։ Այս միջոցներից օգտվել է շուրջ 25 հազ. ՓՄՁ, ստեղծվել է ավելի քան 3.200 նոր աշխատատեղ:

ԵՄ-ն աջակցում է նաև Հայաստանի մի շարք մարզերում զբոսաշրջության զարգացմանը: Իրականացված ծրագրերի արդյունքում ստեղծվել է 100 նոր աշխատատեղ, աջակցություն է ստացել ավել քան 300 ՓՄՁ: 2020 թվականին 30 զբոսաշրջային ընկերություն Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում ստացել է աջակցություն: EU4Regions պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծվել է ավելի քան 460 աշխատատեղ, բարձրացվել է մոտ 700 ընկերության մրցունակությունը: Բացի դրանից, հատուկ աջակցություն է ցուցաբերվել 2.800 անհատների՝ աշխատանքի որոնման հարցում:

Ինչ վերաբերում է էներգետիկ և շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցությանը, ապա հարկ է նշել, որ Եվրամիությունը միջոցներ է տրամադրում Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ու էներգակիրների տարանցման արդյունավետությունը խթանող ծրագրերին։ Վերակառուցվել են հայ-վրացական սահմանային անցակետերը՝ համալրվելով ժամանակակից ենթակառուցվածքներով, սարքավորումներով և անցակետերի կառավարման համակարգերով: ԵՄ աջակցությամբ իրականացվել են հայ-իրանական սահմանային անցակետի արդիականացման աշխատանքներ՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը:

ԵՄ-ն արագ արձագանքել և աջակցել է Արևելյան գործընկերության անդամ պետություններում Covid-19 համավարակի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ ԵՄ-ն հավաքագրել է ավելի քան 1 մլրդ եվրո՝ այս երկրների առողջապահության համակարգերին, ինչպես նաև սոցիալապես խոցելի խավերին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է անհատական օգնության փաթեթ՝ 92 մլն եվրո արժողությամբ: Այն ենթադրում է 65 մլն եվրոյի չափով ուղիղ բյուջետային ֆինանսավորում, ինչպես նաև աջակցություն ՓՄՁ-ներին և հասարակական կազմակերպությունների կողմից մշակված նախաձեռնություններին:

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ 2020 թվականը Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների համար ճգնաժամային տարի է եղել, որը դեռ չի հաղթահարվել։ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, հնարավորություններն ու ռիսկերը պետք է համադրի ինտեգրման երկու ուղղություններով էլ, հակառակ դեպքում ՀԳԸՄ համաձայնագրից բխող օգուտները շոշափելի և հեռանկարային չեն լինի։

 

 

 

 

 

 

մեր հայերեն էջից

Ճակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

Լրտեսաորս․ աղմուկ և իրական քրեական գործեր

Պետական դավաճանությունը շատ ծանր հոդված է։ Մատների վրա հաշված քրեական գործեր կան այս հոդվածով։ Սակայն վերջին շրջանում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո պետական դավաճանության, լրտեսության մասին տարբեր անձանց հասեցին արված հրապարակային մեղադրանքներն ու դրանց շուրջ մեդիա աղմուկը ստիպում է կարծել, թե ամեն անկյունում դավաճաններ ու գործակալներ են։

Էլեկտրական տրանսպորտի ներդրման հեռանկարները Հայաստանում

Հեռավոր 1972-ին, երբ Տեսլայի հիմնադիր Էլոն Մասկը մեկ տարեկան էր, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մատենադարանի դիմաց, կանգնած էր առաջին հայկական էլեկտրամոբիլը, մշակված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, տեխնիկական գիտությունների թեկնածու Էմիլ Դիլանյանի ղեկավարությամբ։

Diaspora issue

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, EVN Report-ի «Սփիւռք» խորագրով ապրիլյան թողարկումն անդրադառնում է հայկական սփյուռքի իրականությանը և փորձում հասկանալ մշտապես փոփոխվող և բազմաշերտ հայկական սփյուռքը։ Այսօր` հետպատերազմյան իրականությունում, կարևոր է վերաիմաստավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։

Որոշիչ պահ հայկական սփյուռքի համա՞ր. որոշ նախնական մտորումներ

Ինչպես Հայաստանը, այնպես էլ Սփյուռքը 2020-ի Արցախյան պատերազմն ընկալեց ու վերապրեց որպես էկզիստենցիալ ճգնաժամ, իսկ համազգային համախմբումը բեկումնային դարձրեց այս պահը։

Արեւմտահայ ապրող գրականութեան միջավայրը

Սփիւռքեան կացութիւնը ինքնաբաւ ու փակ միջավայրի մը ապրելակերպէն հեռու է, այլ պարտաւոր է փոխազդել շրջակայ միջավայրին եւ մշակոյթներուն հետ։ Իսկ այս փոխազդեցութեան առաջին գիծին վրայ կու գայ լեզուի հարցը։

Զրոյական կէտ. Սփիւռքեան խնդիրին վերադարձը

Քառասունչորսօրեայ պատերազմը Սփիւռքին համար պիտի հանդիսանա՞յ դարձակէտ ինքնիր մասին մտածելու և Սփիւռքեան oրակարգ կամ նախագիծ ճշդելու համար: Պատերազմէն առաջ/յետոյ բաժանման գիծ մը պիտի զարգանա՞յ սփիւռքեան մտածողութեան մէջ: Նման հարցադրումներու բանաձևումի մեկնակէտ կը հանդիսանան հինգ դիտարկումներ:

Հետպատերազմական մտորումներ սփյուռքից

Սփյուռքը չի կարող հեռանալ հիմա։ Ավելին, պետք է վերականգնել սփյուռքի ներուժը, ուղղորդել այն Հայաստան ու Արցախ, վերստեղծել կորցրածը: Ի վերջո, մենք կրթված, նպատակասլաց ու բանիմաց ուժերի մի մեծ «ավազան» ունենք, որի ամեն մի կաթիլն է կարևոր։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team