evn report treason
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի

Անազատության մեջ ապրող մարդկանց դեմքերին թեթև անգունություն կա․ նրանց դեմքի գույնից կռահում ես նույնիսկ՝ խափանման միջոցը կալանք է, թե՝ ոչ։ Տարիների ընթացքում, երբ օրեր ես անցկացնում նիստերի դահլիճներում՝ դատական գործեր լուսաբանելով, սա այլևս արտասովոր չի թվում։ Բայց երբեք սովորական չի դառնում դատավճիռների հրապարակումը․ կան գործեր, երբ մինչև ուղնուծուծդ ցնցվում ես  դրանց հրապարկման մթնոլորտից․․․

9 տարի առաջ այս օրերին հրապարակվեց պետական դավաճանության համար ամբաստանվող Կարեն Մեհրաբյանի ու մյուսների գործով դատավճիռը՝ ազատազրկում 14 տարի, 10 տարի, 10 տարի ․․․ Դատարանի ասած ամեն բառի հետ իրենց դատավճիռը լսող մարդիկ ավելի էի սպիտակում ու թվում էր՝ նրանք մեռնում են իրենց տեղում կանգնած։ 

Ամբաստանյալներից մեկի մայրն աղեկտուր ճչաց, երբ լսեց որդու պատիժը՝ 10 տարվա ազատազրկում։ Որդին ցանկացավ մոտենալ մորը, իրարանցում, քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների ու հավաքվածների միջև։ Նիստն ընդմիջվեց։ Հարազատներից մի տղամարդ գրեթե հայհոյեց դատարանին․ «Երկու սպանություն կվերցնեմ վրես, բայց հայրնիքի դավաճանությա՞ն համար նստացնեն․․․»։ 

Պետական դավաճանությունը շատ ծանր, հուզականորեն անասելի ծանր հոդված է թե՛ ամբաստանվողների, թե՛ նրանց հարազատների համար։ Մատների վրա հաշված քրեական գործեր կան այս հոդվածներով։ Սակայն վերջին շրջանում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո պետական դավաճանության, լրտեսության մասին տարբեր անձանց հասեցին արված հրապարակային մեղադրանքներն ու դրանց շուրջ մեդիա աղմուկը ստիպում է կարծել, թե ամեն անկյունում դավաճաններ ու գործակալներ են։ 

 

Դավաճանության մասին լուրերը պատերազմի ժամանակ

Պատերազմի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք։ Ըստ հաղորդվածի՝ այս մարդը տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պարբերաբար մեկնել է Վրաստան, որտեղ Ադրբեջանի դեսպանատան տարածքում և այլ վայրերում հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է այդ տեղեկությունները։ 

Այս հաղորդագրության մեջ չկա որևէ ամսաթիվ, թե երբ է դեպքը բացահայտվել, երբ է քրեական գործը հարուցվել, երբ է այս անձը որպես մեղադրյալ ներգրավվել։ Միգուցե սա կարելի է պատճառաբանել ԱԱԾ-ի գործունեության գաղտնի բնույթով, սակայն այս ամենը նաև պարզ հարց է առաջացնում՝ ո՞րն էր առիթը, որ դեպքի մասին հաղորդագրությունը հրապարակվեց պատերազմի ժամանակ։ 

Պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն հայտարարեց նաև պետական դավաճանության երկրորդ դեպքի մասին։ Սա արդեն պատերազմի ավարտից 5 օր առաջ էր՝ նոյեմբերի 5-ին։ Այս դեպքում քաղաքացին հավաքագրվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Ստամբուլում և գումարի դիմաց լրտեսությամբ տեղեկություններ էր հավաքել և փոխանցել նրանց։ 

Մեր հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ից հայտնել էին, որ 2020 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի (պետական դավաճանությունը) հատկանիշներով հարուցվել է 2 քրեական գործ՝ մարտ և նոյեմբեր ամիսներին, որոնց նախաքննությունը շարունակվում է։ 

Այսինքն, միևնույնն է, պարզ չէ, թե ինչու այս երկու գործերից մարտին հարուցվածի մասին հանրությունը իրազեկվեց հենց պատերազմի օրերին։

 

Վարչապետի դավաճանների որսը․ «Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում ․․․»

Պատերազմի 13-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, մարդկանց հույզերը բորբոքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, թե «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»։ 

Փաշինյանի խոսքով, նման տեղեկություններ տարածողներ կային առաջնագծի տարբեր հատվածներում․ «Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների,  սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»։ 

Այս նույն գրառմամբ Փաշինյանը հայտնեց, թե «իր հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»: 

Նույն օրն իսկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց դեպքի վերաբերյալ, որում նշվում էր․ «Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է»։ 

Հետաքրքրական է, որ այս հաղորդագրության մեջ նշված չէ, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով է գործ հարուցվել։ Սակայն վերջին հատվածում ծառայությունը պարզաբանում է, թե ինչ է պետական դավաճանությունն ու ինչ պատասխանատվություն է սահմանված այդ արարքի համար․ «Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով»,- նշվում է պարզաբանման հատվածում։

Ի դեպ, 2020թ-ի հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալ (ներկայումս՝ տնօրեն) Արմեն Աբազյանն էլ հայտնել էր, որ պետական դավաճանության հատկանիշներով 1 քրեական գործ է հարուցված և խոսել էր բարձրաստիճան զինվորականի կալանավորելու գործի մասին։

ԱԱԾ-ից մեզ հայտնել են նաև, որ 2011-2021 թվականի հունվարը պետական դավաճանության հոդվածով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել ու քննվել է 6 քրեական գործ, որից 1-ը 2011-ին, 1-ը՝ 2014-ին, 2-ը՝ 2015-ին և 2-ը՝ 2020-ին։ Այս գործերից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 

Այս պատասխանը, ինչպեսև ԱԱԾ հաղորդագրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ վարչապետի հանձնարարությամբ հարուցված քրեական գործը պետական դավաճանության հատկանիշներով չի եղել։  Մինչդեռ այս դեպքը քաղաքականացվեց և պետական դավաճանության մեղադրանքներ սկսեցին հնչել տարբեր անձանց հասցեին հենց պատերազմի օրերին։  

 

Փաստաբանների պահանջը՝ Փաշինյանի ու կառավարության գործողությունները դիտարկել պետդավաճանության առանցքից

Նախորդ տարվա դեկտեմբերին ավելի քան հարյուր փաստաբան պետական դավաճանության  մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին։ Այս փաստաթղթում ներկայացված են փաստական հանգամանքներ այն մասին, որ Փաշինյանի գործողությունների հետևանքով Արցախյան հարցի շուրջ բանակցությունները մտել են փակուղի, նրա հրահանգներով ձեռք է բերվել զինտեխնիկա, որը պատերազմում բարձր օգտակար գործողության գործակից ունենալ չէր կարող, ռազմական դրության պայմաններում զորահավաքը թերի է կազմակերպվել, հրապարակել է տեղեկություններ, որոնք հայտնելու իրավունք չուներ, հնարավորություն ունենալով՝ չի դադարեցրել պատերազմը, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրել է մի հայտարարություն, որով վտանգի տակ է դրել պետականությունն ու տարածքային ամբողջականությունը և այլն։ 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով, գլխավոր դատախազությունը այս հաղորդումը ուղարկել է  ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), իսկ ՀՔԾ-ն խուսափել է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում ընդունել և այդ հաղորդումը կցել է մեկ այլ քրեական գործի նյութերին: 

ՀՔԾ-ի այս քայլը փաստաբաններ Արա Զոհրաբյանն ու Արմինե Ֆանյանը բողոքարկել են դատական կարգով։ Դատարանը մարտի 1-ին որոշում է ընդունել՝ բավարարել փաստաբանների բողոքը՝ ճանաչելով նրանց իրավունքի խախտումը․ «Վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն վերացնելու դրանք․․․»:

 

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՔԾ-ից մարտի 22-ին ստացված գրության մեջ նշվում է, որ Քրեական օրենսգրքի 299-րդ (պետական դավաճանություն) և 302-րդ (լրտեսություն) հոդվածներով քրեական գործեր չեն քննվել վերջին տասը տարիների ընթացքում:

 

Լրտեսաորս

Պատերազմի օրերին ԱԱԾ-ն հայտարարեց օտարերկրացի անձանց լրտեսության կասկածանքով բերման ենթարկելու և ձերբակալելու մասին․ «․․․ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ․․․»,- հաղորդագրության մեջ նշված է, որ օտարերկրացիները ձերբակալվել են 2020-ի հոկտեմբերի 2-ին։

Արդեն այս տարվա հունվարի 16-ին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, այնուհետև որպես ապացույց  հրապարկեց մի փաստաթուղթ, թե Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է ու որ նա այս ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2005 թվականից, երբ ԱՄՆ-ում ուսումնասիրում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այնուհետև նա «կրկնակի գործակալ» է դարձել, քանի որ Հայաստանի ԱԱԾ-ն արդեն պարզել է նրա հավաքագրման փաստը, և նրան պատիժ էր սպառնում պետական դավաճանության համար։ 

Այս տեղեկությունը նույն օրն իսկ հերքեց ԱԱԾ-ն՝  «ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի», իսկ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի»։ 

Մարտի 9-ին մամուլն ալեկոծվեց մեկ այլ լուրով, թե Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին Հայաստանի իշխանությունները «պերսոնա նոն գրատա»` անցանկալի անձ են հայտարարել՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար։ 

Ավելի ուշ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց․ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»։

Լրտեսության կամ անցանկալի անձ հայտարարելու մասին տեղեկությունները չհաստատվեցին։ 

ԱԱԾ-ից մեր հարցմանը պատասխան գրությունից, որը ստացվել է մարտի 19-ին, տեղեկանում ենք, որ Քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով վերջին տասը տարիներին 6 քրեական գործ է հարուցվել (2011, 2014, 2015, 2016, 2019, 2020 թվականներին՝ մեկական), որից 5-ով վարույթը կասեցնելու որոշում է ընդունվել և ներկայումս մեկ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

 

Ամփոփում

Պատերազմի օրերից ի վեր լրտեսության ու պետդավաճանության վերաբերյալ հրապարկային մեղադրանքները բազմաթիվ են․ մենք չենք անդրադարձել դեղին մամուլում ու անհայտ աղբյուրներից տարածվող լուրերին։ 

Ու թեև այս աղմուկին, պատերազմի ընթացքում և դրանից հետո հարուցվել է պետական դավաճանության հատկանիշներով 1 գործ և 1 գործ՝ լրտեսության հատկանիշներով։ 

Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնեց պետդավաճության գործով նախաքննության ավարտի մասին։ Համաձայն գործի նյութերի՝ Թուրքիայում ադրբեջանական հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված քաղաքացին հավաքել է պետական, ծառայողական գաղտնիք պարունակող և այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ իր կնոջ միջոցով փոխանցել է օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին՝  1500 դոլարի դիմաց։ Սա ենթադրվում է այն նույն գործն է, որի մասին ԱԱԾ-ն հայտնել էր նախորդ տարվա նոյեմբերի 5-ին։ 

Ի դեպ, մարտի 25-ին Ազգային ժողովն ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով էապես խստացվում են պետական դավաճանության և լրտեսության պատիժները։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական դավաճանության համար կսպառնա 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում (ներկայումս 10-15 տարվա ազատազրկում է), իսկ լրտեսության դեպքում՝ 15-20 տարվա ազատազրկում (ներկայումս 8-15 տարվա ազատազրկում է)։ 

read in English 

The Hunt for Spies

Մեր հայերեն էջից

Էլեկտրական տրանսպորտի ներդրման հեռանկարները Հայաստանում

Հեռավոր 1972-ին, երբ Տեսլայի հիմնադիր Էլոն Մասկը մեկ տարեկան էր, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մատենադարանի դիմաց, կանգնած էր առաջին հայկական էլեկտրամոբիլը, մշակված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, տեխնիկական գիտությունների թեկնածու Էմիլ Դիլանյանի ղեկավարությամբ։

Զրոյական կէտ. Սփիւռքեան խնդիրին վերադարձը

Քառասունչորսօրեայ պատերազմը Սփիւռքին համար պիտի հանդիսանա՞յ դարձակէտ ինքնիր մասին մտածելու և Սփիւռքեան oրակարգ կամ նախագիծ ճշդելու համար: Պատերազմէն առաջ/յետոյ բաժանման գիծ մը պիտի զարգանա՞յ սփիւռքեան մտածողութեան մէջ: Նման հարցադրումներու բանաձևումի մեկնակէտ կը հանդիսանան հինգ դիտարկումներ:

Սանձելով կորոնավիրուսին․ աշխարհը պատվաստվում է

Մեկ տարուց ավելի աշխարհը պանդեմիայի մեջ պահող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերն արդեն կիրառվում են՝ սպասումով, որ այսպիսով վիրուսին հնարավոր կլինի սանձել։ Հայաստանը ևս փորձում է անմասն չմնալ գործընթացից ու աշխատում պատվաստանյութով գոնե ամենախոցելի խմբերին ապահովելու ուղղությամբ։

Հայաստանի եվրասիական խոչընդոտները

ԵԱՏՄ ներքին շուկայում առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց արագ և արդյունավետ լուծման դեպքում այն կարող է փոխադարձ առևտրի աճի հնարավորություններ ստեղծել ՝ դարնալով տարածաշրջանային ինտեգրման արդյունավետ միջոց:

Սահմանագծման խնդրի արմատները

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:

և այլն

«Մայքլ Ջեքսոն, լա՛վ իմացիր, էս ցավերին չեմ դիմանա»

Top 10 of Rabiz-ը անվեհեր 90-ականների խելառ մանուկն է։ «Մեր բակի», «Խաթաբալադայի» ու մի քանի այլ must-երի հետ միասին այն անհրաժեշտ է վերբեռնել ի պահ ապագայի թվային թանգարանում՝ ի զարմանս գալիք մշակութաբանների, որոնք դեռ նորովի պետք է բացահայտեն, թե այդ ինչպես է քարտեզի վրա հազիվ նշմարվող դռնփակ Հայաստանում ծնունդով Սպիտակցի Հայկ Ղևոնդյանը իր ցավերը պատմում փոփի արքա Մայքլ Ջեքսոնին:

Վերադարձ դեպի ապագա. Հետխորհրդային գեղագիտության էվոլյուցիան հայկական նորաձևության մեջ

Գլոբալ տենդենցներին տուրք տալը հայերի մշակութային ու քաղաքական հավաքական պատմության բաղկացուցիչ լինի ասես։ Ընդ որում, այս միտումն ավելի ցայտուն դրսևորվեց Խորհրդային Միության փլուզումից հետո:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team