evn report eaeu
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

2020 թվականը ճգնաժամային էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրներում, ինչը, իր հերթին, պատճառ է դարձել փոխադարձ առևտրաշրջանառության կրճատման համար։ Հայաստանի տեսանկյունից մտահոգիչ է այն, որ եթե 2020-ին հանրապետության ընդհանուր արտահանումը նվազել է 3,9%-ով, ապա դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ կրճատումը կազմել է 8,3% կամ կրկնակիից ավելի։ Անշուշտ, փոխադարձ առևտրաշրջանառության նվազման վրա ազդել են նաև ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները։

Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը եվրասիական տնտեսական ինտեգրման առաջնային նպատակներից է, որի իրագործման անհրաժեշտ պայման է ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացումը՝ տեսական ու մեթոդաբանական համապատասխան հենքով, վարչարարական ու կազմակերպչական անհրաժեշտ գործիքակազմով։

2020-ին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի արտաքին առևտրի կրճատման միտումը պայմանավորել են Ռուսաստանը և Ղրղըզստանը։ Բելառուսի և Ղազախստանի դեպքում աճ է գրանցել: Դեպի Բելառուս ավելացել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտահանումը, Ղազախստան՝ ոսկերչական իրերինը։ Ընդ որում, 2021-ին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արտաքին առևտրաշրջանառության որոշակի աշխուժացում կարելի է սպասել՝ պայմանավորված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման ժամանակավոր արգելքով։

screen shot 2021 03 31 at 4 46 52 pm

Ներկայումս ԵԱՏՄ ներքին շուկայում հաշվվում է 71 խոչընդոտ, որի կեսից ավելին (53,5%) սահմանափակումներ են միության օրենսդրության մեջ առկա բացերի պատճառով, 26,8%-ը խոչընդոտներ են, որոնք հակասում են Եվրասիական տնտեսական միության 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, 19,7%-ը թույլատրված բացառություններ են։

2020 թ. Հայաստանի Հանրապետությունը որպես ԵԱՏՄ ներքին շուկայում առավել զգայուն խոչընդոտներ ներկայացրել է հետևյալ խնդիրները.

1-Պայմանավորված ՀՀ աշխարհագրական դիրքով՝ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում պահպանվում է Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ պետություններ փոխադրվող ապրանքների մաքսային հսկողությունը։ Մասնավորապես, Վերին Լարսի անցակետը հատելիս հայկական ապրանքների նկատմամբ իրականացվում է լիարժեք մաքսային հսկողություն, ինչպես երրորդ երկրների ապրանքների դեպքում է՝ բեռնում-բեռնաթափում, նմուշառում, փորձաքննություն, պահանջվում են լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ՝ ծագման երկրի սերտիֆիկատ (СТ-1), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փորձաքննության ակտեր և այլն:

2-Ռոսսելխոզնադզորի 2016 թ. սեպտեմբերի 2-ի հրամանով դադարեցվել է հայկական սուջուխի և բաստուրմայի մատակարարումը ՌԴ տարածքի զգալի մի հատված։ Հայկական ծագման մսամթերքի մատակարարում թույլատրվում է միայն այսպես կոչված «կանաչ գոտիներ», որտեղ իրականացվել է դաբաղի դեմ պատվաստում։ Հայաստանյան տնտեսվարողները ստիպված են լինում հայկական սուջուխը և բաստուրման նախ օդային ճանապարհով հասցնել «կանաչ գոտիներ», ինչը 50-60%-ով թանկացնում է յուրաքանչյուր միավոր արտադրանքը, ապա միայն «կանաչ գոտում» ՌԴ անասնաբուժական վկայական ստանալուց դիստրիբյուտորների միջոցով մատակարարել ՌԴ ամբողջ տարածք՝ արդեն առանց խոչընդոտների։ Միևնույն ժամանակ նույն արտադրանքը մեծ քանակությամբ վաճառվում է թե՛ Մոսկվայում և թե՛ ՌԴ այլ քաղաքներում՝ առանց լաբորատոր փորձաքննության. այն ռուսաստանյան վաճառասեղաններին հայտնվում է այսպես կոչված «ճամպրուկային» եղանակով։

3-2020 թ. հունիսի 26-ից գործում է «Ռուսաստանի Դաշնությունում խաղողագործության և գինեգործության մասին» դաշնային օրենքը, որը հավելյալ և ավելի խիստ պահանջներ է սահմանում ալկոհոլային խմիչքների մակնշման նկատմամբ և հակասում է 2021 թ. հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին: Իրավիճակը շտկելու նպատակով 2020 թ. հոկտեմբերի 30-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հմ. 52 կարգադրությունը, որով Ռուսաստանի Դաշնությանն առաջարկվել է կոնյակի թորանյութի և մրգային գինիների մասով փոփոխություններ կատարել ազգային օրենսդրության մեջ: Կոնյակի մասով փոփոխություններն արդեն գործում են, ռուսական առևտրային ցանցերը կրկին սկսել են ընդունել հայկական արտադրության կոնյակը: Գինիների մասով իրավիճակը դեռ անփոփոխ է։ Այս սահմանափակումների հետևանքով 2020-ին կրճատվել է Հայաստանի Հանրապետությունից ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Նշենք, որ 2020 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 160,1 մլրդ ՀՀ դրամի ալկոհոլային խմիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 12,9 տոկոսով կամ 15,9 մլրդ դրամով, այդ թվում՝ կոնյակ՝ 92,6 մլրդ դրամի (անկումը՝ 20,5%), խաղողի գինի՝ 10,1 մլրդ դրամի (անկումը՝ 24,7%), խնձորի և այլ պտղահատապտղային գինիներ՝ 44,9 մլն դրամի (աճը՝ 4,2 անգամ), գարեջուր՝ 9,3 մլրդ դրամի (անկումը՝ 11.2%):

Հարկ է նշել, որ չնայած վերոնշյալ խնդիրները ներկայումս կարգավորման տարբեր փուլերում են, ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների արագ և արդյունավետ վերացումը թույլ կտա ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառությունը, ինչը, իր հերթին, ավելի գրավիչ կդարձնի Եվրասիական տնտեսական միությունը որպես տարածաշրջանային ինտեգրման ուղղություն։

 

Thank you for your submission! We will review it soon.

Մեր հայերեն էջից

Սահմանագծման խնդրի արմատները

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:

Անշարժ գույքի շուկան Հայաստանում. առկա միտումները

Համավարակով և հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում նկատվում է եկամուտների նվազում և աղքատության աճ, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունենում անշարժ գույքի շուկայի վրա:

Սահմանների բացում․ Հայաստանի տնտեսության ռիսկերը

Նոր ճանապարհներ, նոր շուկաներ և զարգացման նոր հնարավորություններ․ այս մասին քննարկումներ է ծնել Արցախյան 3-րդ պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ նվիրված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team