jusine border demarcation 3

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Այժմ Հայաստանի հարավային՝ Սյունիքի մարզի արևելյան սահմանին կարելի է ադրբեջանցի զինվորների տեսնել: Ընդամենը մի քանի ամիս առաջ այս տարածքները Արցախի Հանրապետության վերահսկողության տակ էին. դրանք կորսվեցին մարտերում կամ հանձնվեցին հրադադարի հայտարարության շրջանակներում։ Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:

Անկախության վաղ տարիները

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցի արմատները տանում են 1918 թվական, երբ կազմավորվեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ըստ Ռուբեն Գալիչյանի, որը Հայաստանի և Հարավային Կովկասի պատմական քարտեզների մասնագետ է, այդ շրջանի քարտեզները վկայում են, որ դեռևս այն ժամանակներում Ադրբեջանը հավակնոտ ծրագրեր ուներ և հայտարարում էր, որ իրեն են պատկանում Ղարաբաղը (Արցախ), Զանգեզուրը (Սյունիք), ինչպես նաև Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի շրջանները։

Մինչև 1918 թ. մայիսի վերջ Ղարաբաղը մտնում էր Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի գավառի (գուբերնիա) կազմի մեջ։ Ադրբեջանի կազմավորումից հետո տեղի իշխանական վերնախավը հայտարարեց, որ երկրի մաս են կազմում Բաքվի և Ելիզավետպոլի գավառները: Շուշին, որը հայկական խոշոր մշակութային կենտրոն էր Ղարաբաղում, հիմնականում բնակեցված էր հայերով: 1917 թ. Շուշիում ապրում էր ավելի քան 23,500 հայ: Այս թիվը կտրուկ նվազեց հաջորդ մի քանի տարիների ընթացքում, հատկապես 1920 թ. Շուշիի կոտորածից հետո, որը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

1918 թ. նոյեմբերի վերջին գեներալ Անդրանիկ Օզանյանի զորքը շարժվեց դեպի Շուշի՝ քաղաքն ազատագրելու և Ղարաբաղի անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու վճռականությամբ: Դեկտեմբերի սկզբին, երբ Անդրանիկի ուժերը Շուշիից ընդամենը 40 կիլոմետրի վրա էին, նա հաղորդագրություն ստացավ բրիտանացի գեներալ Ուիլյամ Մոնթգոմերի Թոմսոնից, որն այդ ժամանակ Ադրբեջանում անգլիական զորքերի հրամանատարն էր: Գեներալ Թոմսոնի առաջարկով Անդրանիկը պետք է նահանջեր Ղարաբաղից, որովհետև Առաջին համաշխարհային պատերազմը նոր էր ավարտվել, և ռազմական գործողությունների շարունակությունը կարող էր բացասաբար անդրադառնալ Հայկական հարցի լուծման վրա, որի քննարկումն ակնկալվում էր 1919 թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Նա նաև հայտնում էր, որ Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը պետք է որոշվեր կոնֆերանսում: Գալիչյանը նշում է, որ բրիտանացի գեներալը խոստացել էր, որ այդ տարածքները, ի վերջո, անցնելու են Հայաստանին խաղաղ ճանապարհով, և որ ռազմական միջամտության կարիք չկա: Անդրանիկն անավարտ թողեց իր առաքելությունը և վերադարձավ Գորիս։ Սակայն ինչպես ցույց տվեց պատմությունը, բրիտանացի գեներալի խոստումները հեռու էին իրականություն լինելուց։

 

Խորհրդային տարիներ

Նորաստեղծ Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները երկար կյանք չունեցան: Անկախացումից ընդամենը երկու տարի անց դրանք խորհրդայնացվեցին, համապատասխանաբար, 1920 թ. ապրիլին և նոյեմբերին: Խորհրդային իշխանության հաստատումից հետո Ադրբեջանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեն (այդ ժամանակ հիմնական բոլշևիկյան ղեկավար մարմինը) հայտարարեց, որ «վիճահարույց տարածքները», այն է՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, Հայաստանի անբաժանելի մասն են կազմում, քանի որ հիմնականում բնակեցված են հայերով: Այդ որոշումը հրապարակվեց Մոսկվայի, Բաքվի և Երևանի թերթերում և վերահաստատվեց Իոսիֆ Ստալինի կողմից՝ 1921 թ. հուլիսին Բաքու կատարած այցի ժամանակ: Սակայն մեկ օր անց որոշումը վերանայվեց Ստալինի ուղղակի միջամտությամբ. Ղարաբաղն ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ և միայն դրա մի մասի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Նախիջևանը (որը Ռուսական Կայսրության օրոք մտնում էր Էրիվանի գավառի մեջ) նույնպես բռնակցվեց Ադրբեջանին՝ ստանալով ինքնավար հանրապետության կարգավիճակ:

1923-ին Ադրբեջանն առաջ քաշեց Կարմիր Քուրդիստանի ծրագիրը՝ չեզոք մի շրջան, որը որպես բուֆերային գոտի ֆիզիկապես կտարանջատեր Հայաստանը և Ադրբեջանը և կմեղմեր առկա լարվածությունը: Գալիչյանը նշում է, որ այդ ծրագիրը նախատեսում էր Քարվաճառի (Քելբաջար), Լաչինի և Խորհրդային Հայաստանի հարավային որոշ շրջանների հանձնում Խորհրդային Ադրբեջանին՝ որպես Կարմիր Քուրդիստանի տարածքներ: Ըստ Գալիչյանի՝ «Խորհրդային Հայաստանի պաշտոնյաները չդիմադրեցին այդ առաջարկին՝ չնայած այն փաստին, որ դա նշանակում էր շրջապատել Ղարաբաղը քրդերով»: Այդ տարիներին Ադրբեջանում ապրում էր 30,000-ից 35,000 քուրդ: Այս պատճառաբանությամբ 1928-1930 թթ. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1.000 քառակուսի կիլոմետրից ավելի ռազմավարական կարևորության տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին: Այդպիսով, 1920-ականների վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանը շատ տարբեր էր նրանից, որը գծվել էր 1920 թվականին երկու հանրապետությունների խորհրդայնացման ժամանակ (տե՛ս Քարտեզ 2 և 3:)

map 1

Քարտեզ 1. 

1930-1934 թթ. ևս տարածքներ են զիջվել Ադրբեջանին՝ Կարմիր Քուրդիստանի կազմավորման պատրվակով: Այդ տարածքները Քարտեզ 1-ում նշված են կապույտով և ներառում են Մեծ և Փոքր Ալ լճերը, Շուռնուխ գյուղի որոշ հատվածներ, Կապան (այն ժամանակ՝ Ղափան) քաղաքի հարավ-արևելյան մասը, Մեղրի քաղաքից դեպի արևելք՝ Իրանին սահմանակից շրջանը և բազմաթիվ արոտավայրեր ու հատվածներ Լաչինում, ինչի հետևանքով ի չիք էր դառնում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը։

map 2

Քարտեզ 2.

map 3

Քարտեզ 3.

Քարտեզներ 2-ը և 3-ը, որոնք վերցված են Սովետական մեծ հանրագիտարանից [БСЭ, ռուսերեն], ցույց են տալիս Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները 1926 թ. դրությամբ: Երկու քարտեզներում էլ հստակ երևում է, որ Ալ լճերը և Շուռնուխ գյուղը Հայաստանի մաս են կազմել, Կապանը եղել է Ադրբեջանի հետ սահմանից առնվազն 10 կիլոմետր հեռու, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապված են եղել Լաչինի միջանցքով:

Գալիչյանը շեշտում է, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն իր մտահոգությունը չի արտահայտել սահմանազատման կամայական այդ որոշման առնչությամբ: «Առանց սահմանների պաշտոնական սահմանագծման և սահմանազատման՝ Խորհրդային Միության քարտեզները փոփոխվել են, որպեսզի արտացոլեն տարածքային փոփոխությունները և նոր սահմանագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասում է Գալիչյանը: Ըստ նրա՝ խորհրդային շրջանում հայկական քարտեզները չէին փոխվում, որպեսզի չարտացոլեին 1920-ականների վերջում իրականացված սահմանային գծի փոփոխությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Գորիս-Կապան ճանապարհը այդպիսի մի օրինակ է:

Քարտեզ 4-ը, որը վերցված է Խորհրդային Հայաստանի ատլասից, Շուռնուխն ամբողջությամբ ներկայացնում է հայկական վերահսկողության տարածքում: Մինչդեռ Քարտեզ 5-ը, որը կանադական ծագում ունի և ներկայացնում է նույն ճանապարհը, ցույց է տալիս, թե իրականում ինչպես են ճանապարհը և սահմանն անցնում փաստացիորեն Շուռնուխ գյուղի միջով: Գալիչյանը նշում է, որ թեև տարածքները տրվել էին Ադրբեջանին, «Խորհրդային Հայաստանի իշխանությունները շարունակում էին թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից և քարտեզների միջոցով ներկայացնել իրականության աղավաղված տարբերակը», իսկ սահմանագծման այսօրվա խնդիրները 1920-ականներին ընդունված որոշումների սպասելի հետևանքներն են: 

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանագծումը: Դրա հետևանքով Սյունիքի մարզի 13 գյուղերի պաշտպանական դիրքերը Կապան քաղաքի մոտ հանձնվեցին Ադրբեջանին: Շուռնուխ գյուղում տասներկու տուն հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած արխիվային փաստաթղթերի՝ Ալ լճերի և հարակից արոտավայրերի հանձնումն Ադրբեջանին հիմնավորվել է քրդական շրջանի քոչվոր անասնապահների կարիքներով: Խորհրդային Ադրբեջանը դիմել էր կենտրոնական իշխանություններին՝ պնդելով, որ քրդերը բավականաչափ արոտավայրեր չունեն, քանի որ տարածքը հիմնականում լեռնային է: 1930 թ. նոյեմբերին տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո հայաստանյան իշխանությունները նամակով դիմել են Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին՝ խնդրելով վերանայել որոշումը: Նամակում նշվել է, որ հանձնված տարածքներն իրենց աշխարհագրական դիրքով և ջրային ռեսուրսներով լիովին մեկուսացված են Խորհրդային Ադրբեջանից և հանդիսանում են ներկայիս Գեղարքունիքի մարզի հարավ-արևմուտքում գտնվող Բասարգեչարի բնական շարունակությունը: Արձագանքը հստակ էր. որոշումը չի վերանայվելու: Ավելին, 1930 թվականին, երբ Մոսկվայում հրաժարվեցին Կարմիր Քուրդիստանի կազմավորման գաղափարից, դրան հատկացվելիք բոլոր հայկական տարածքները մնացին Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության տակ:

1990-ականներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի վերահսկողության տակ անցան որոշ տարածքներ, և հայերը սկսեցին հաստատվել այդ շրջաններում: Գալիչյանն ասում է, որ մարդկանց պետք էր տեղյակ պահել հետևանքների մասին, որոնք կարող էին առաջանալ ապագայում (որոնց ականատեսն ենք այսօր):

 

Սահմանագծում և սահմանազատում

Խորհրդային իշխանության օրոք հանրապետությունների միջև սահմանագծում և սահմանազատում պարզապես չի անցկացվել: Ըստ Գալիչյանի՝ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվականին Խորհրդային Միությունում ունեցած իր սահմաններում:

Տասնչորս տարի տևած բանակցություններից հետո՝ 2010 թ. սեպտեմբերին, Ռուսաստանը դարձավ Ադրբեջանի կասպյան հարևաններից առաջինը, որ սահմանագծման և սահմանազատման մասին համաձայնագիր կնքեց Բաքվի հետ: Գործընթացն Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հարևան Վրաստանի հետ սկսվել է 1996-ին և դեռ ավարտին չի հասցվել: Սահմանը երկու երկրների միջև ձգվում է 480 կիլոմետրից ավելի: Համաձայնություն կա ընդամենը 314 կիլոմետրի շուրջ, 166 կիլոմետրի շուրջ բանակցությունները դեռ պետք է շարունակվեն։

1991 թ. դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարող սահմանագծել պետական սահմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Միայն 2020 թ. արցախյան պատերազմից հետո՝ 1920-ականների որոշումներից հետո առաջին անգամ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց պաշտոնական սահմանագծման գործընթաց։

Խնդիրներ կան ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի հետ սահմանների շուրջ. այս ուղղությամբ ևս սահմանագծման գործընթացն ավարտին չի հասցվել: Խորհրդային Միության նախկին հանրապետություններից ոչ մեկն ամբողջությամբ չի սահմանագծել իր սահմանները: Սահմանագծման գործընթացի ժամանակ տեղադրվում են բետոնե սահմանանիշեր՝ սահմանները հստակ նշելու նպատակով։ Նման սահմանանիշեր այժմ տեղադրվել են Շուռնուխ գյուղի որոշ մասերում, բայց ոչ սահմանի այլ հատվածներում:

map 4

Քարտեզ 4. 1961թ.

Նարնջագույնը Գորիս-Կապան մայրուղին է: Կտրտված սև գիծը Հայաստան-Ադրբեջան-Իրան սահմանն է:
map 5

Քարտեզ 5 1989թ.

Կապույտ սլաքը նշում է Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Կարմիր սլաքը նշում է մայրուղին, որը մի քանի տեղ հատում է Ադրբեջանի սահմանը:

Արման Թաթոյանը նշել է, որ Հայաստանի պետական սահմանների սահմանագծումը և սահմանազատումը չի կարող արվել GPS-ի կիրառմամբ: Նա նաև հայտարարել է, որ կան առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ, և պարզ չէ, թե դրանցից որն է հիմք ծառայում սահմանագծման համար: Ըստ Թաթոյանի՝ այս գործընթացի համար անհրաժեշտ են պաշտոնական հանձնաժողովներ, նախապատրաստական աշխատանք, որ կարող է տասնամյակներ տևել։ Բացի այդ, սահմանագծման և սահմանազատման միջազգային չափորոշիչներն այս գործընթացի հիմքում դնում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, իսկ այսօր առկա է անորոշություն, հատկապես այդ տարածքներում ապրող մարդկանց համար:

Գալիչյանը նշում է, որ GPS տեխնոլոգիան սոսկ գործիք է սահմանազատման գործընթացում: Այն կիրառվում է, որպեսզի ապահովվի ճշգրիտ համապատասխանությունը այն տարածքների և քարտեզների միջև, որոնք կոչված են ներկայացնելու դրանք:

 

 

Քարտեզները հրապարակվում են Ռուբեն Գալիչյանի թույլտվությամբ։

Անգլերենից հայերեն թարգմանության համար շնորհակալություն ենք հայտնում Լևոն Բաղդասարյանին:

 

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team