evn report post war diaspora
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Հրաժեշտի նամակ Շուշի քաղաքին

Սիրելի՛ Շուշի,

Այս ամենն ասես մղձավանջ լինի: Շատ եմ ցավում, որ կորցրինք քեզ: Ամիսներ են անցել այդ օրվանից: Հիմա քո հինավուրց ամրոցի պատերին օտար դրոշ է ծածանվում: Մարդիկ, որ սիրել, փայփայել, կառուցել են քեզ ու հոգ տարել քո եկեղեցիների մասին, կա՛մ վիրավորվել են, կա՛մ զոհվել առաջնագծում, կա՛մ էլ լքել իրենց հայրական տունը: Երբեմնի ջերմ կացարաններն այժմ կողոպտված են ու սառը, դատարկ, չոր պատերի վրա աղոտ հիշողություններ, ծիծաղ, լաց ու ճաքեր են մնացել:

Այսօր՝ 2021 թվականին, երբ լսում եմ Շուշիի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի հայ բնակչության մահվան ու տեղահանության մասին, այդ պատկերներն ու ձայները կարծես արթնացնում են հին վերքերս, թե ինչպես պապս՝ Խաչեր Մենակյանը, ժամանակին ստիպված եղավ հեռանալ իր հայրենի քաղաքից՝ Կեսարիայից (այսօր՝ Անատոլիա), 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ. երբեք այլևս չվերադարձավ ու չտեսավ իր ընտանիքի կորած անդամներին, քրոջը՝ Զիֆլիին, եղբորը՝ Ավագին, ծնողներին՝ Տիրուհուն ու Ալեքսանին:

 

Ահա ես նրա բռնի տեղահանման ու աքսորի հետևանքով լողում եմ սփյուռքում՝ ամեն կերպ ջանալով արմատավորվել այս հողի վրա, որն էլ ժամանակին խլել են բնիկ Մոհոք ցեղերից, և որը այլևս կոչվում է ոչ թե Կանիեն'կեհակա, այլ Մոնրեալ:

Նույն պատումը կրկնվում է, տրավման՝ խորանում: Այն հատում է ժամանակի ու կամայականության սահմանները, քանի որ բազմաթիվ մարդկանց տրավմաները միահյուսվում են հողի այս վերացական (մինչդեռ այնքան կոնկրետ) գաղափարում: Ասում եմ կամայական, որովհետև Արցախի դեպքում, 1920-ականներին Իոսիֆ Ստալինն այս հողը (որն այն ժամանակ բնակեցված էր հիմնականում հայերով) նվիրեց Ադրբեջանին, երբ կամայականորեն բաժանում էր տարածքը՝ ձևավորելով Խորհրդային Միությունը։

Երբ ես ինձ թույլ եմ տալիս մտածել տեղահանության, ունեզրկման ու բռնության մասին՝ Կեսարիայից հասնելով Ղարաբաղ ու Կանիեն'կեհակա, այնպիսի ծանրություն եմ զգում, որ անհնար է չնկատել: Բայց չեմ ուզում, որ այն է՛լ ավելի ծանրանա սրտիս: Շարժման միջոցով ձգտում եմ ազատվել այդ բեռից ու ցավից, որը զգում եմ մարմնիս մեջ, բոլոր բջիջներում, որոնք ժառանգել են միջսերնդային տրավման՝ ցեղասպանություն վերապրածի ժառանգ լինելու տրավման: Այն հավանաբար հարմար տեղավորվել է մարմնիս մեջ։ Հոգնել եմ այդ բեռից: Երբևէ կկարողանա՞մ ամբողջությամբ ազատվել դրանից: Երբևէ կկարողանա՞մ ամբողջությամբ բուժվել:

Ես դժկամությամբ եմ հրաժեշտ տալիս քեզ, Շուշի՛: Հիմա դու մեկն ես այն առասպելական հողերից, որտեղ ապրել են մեր նախնիները, ինչպես Վանը կամ Խարբերդը: Ես եղել եմ աշխարհի տարբեր անկյուններում, բայց այս միջնաբերդ-քաղաքում ինչ-որ բան կա, որ ալեկոծում է հոգիս: Երբ նստում էի ծնկիդ՝ շրջապատված քո վսեմ սարերով, այնքան շոշափելի էի զգում կապը քո վայրի գեղեցկության, հմայիչ ջրվեժներիդ, հողիդ վրա հատված մշակույթների ու կրոնների հինավուրց պատմության, քո դարավոր հայկական եկեղեցիների հետ, որոնք վեր են խոյանում վայրի բնապատկերում: Ես ջանում եմ չիդեալականացնել քեզ, բայց անհնար է: Շուշի՛, դու սուրբ էիր բազում առումներով: Եվ ինչպես ցանկացած այլ հայ, ես քեզ երբեք չեմ տեսնի:

Հիմա միայն սրբապղծություն եմ տեսնում:

Բարեբախտաբար, քո մասին հիշողությունները մնացել են իմ մտքում ու անձեռնմխելի են: Հիշում եմ հուլիսյան երեկոն Սարոյի այգում, երբ քեֆ էինք անում ծառերի տակ, ուս ուսի տված սրտանց պարում ու երգում Արցախի, Հայաստանի ու սփյուռքի իմ եղբայրների ու քույրերի հետ: Այդ գիշեր, երբ քայլում էինք դեպի Շուշիի մեր կեցավայր, ինձ թվաց, թե լողում եմ աստղալից ծովում: Երբեք այդքան մոտ չէի եղել երկնքին: Այդ ժամանակ էլեկտրականությունն ու ջուրը մշտական չէին, բայց մեզ միայն մի բան էր պետք՝ քո աստղալից երկինքը:

 

Բռնվեցի՞ք

2005 թվականին, երբ առաջին անգամ Շուշիում էի, հիշում եմ, ինձ մի քանի անգամ ասացին, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է հարձակում սկսել: Հիշում եմ, դա անհարմարավետության զգացում պատճառեց ինձ, որը շատ արագ փոխվեց անպարտելիության զգացումի, որ հաճախ ուղեկցում է քեզ, երբ մեկնում ես աշխարհի հեռավոր ու մեկուսի վայրեր: Այն ժամանակ ես շատ ավելի երիտասարդ էի: Թեպետ բոլորս ներքուստ գիտեինք, որ այդ օրը գալու է, պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի են Հայաստանն ու Արցախն աշխարհաքաղաքական առումով: Ծայրահեղ խոցելի:

44 օրերին, երբ մոլեգնում էր պատերազմը, ես ամեն կերպ փորձում էի հասկանալ, թե ինչու էին Արցախն ու Հայաստանն այսքան անպատրաստ, հատկապես, երբ գաղտնիք չէր, որ շփման գիծը, որը հաստատվել էր 1994 թվականի հրադարարից հետո, ամեն րոպե լայնածավալ հարձակման վտանգի տակ է: Վերահաս հարձակման սպառնալիքն ակնհայտ էր, ակնհայտ էր նաև, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ չեն պաշտպանել իրենց... Ինչևէ...

2020 թվականի սեպտեմբերի 27-ին լուր տարածվեց, որ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ՝ համավարակի ու ԱՄՆ առաջիկա ընտրությունների պայմաններում, հարձակում, որը խոշոր ցնցումներ առաջացրեց ինչպես տարածաշրջանում, այնպես էլ սփյուռքի համայնքներում: Մինչ աշխարհի սահմանափակ ուշադրությունը կենտրոնացած էր այլ ուղղությամբ, Ադրբեջանի անողոք ագրեսիան գերազանցապես թիրախավորեց քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները, հիվանդանոցներն ու դպրոցները: Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ցուցակն ավելանում էր, Արցախի ժողովուրդն ականատես լինում առաջատար ռազմական տեխնոլոգիաների բերած սարսափին, որը թափվում էր երկնքից ու պայթում գետնի վրա:

Հայերի ճնշող մեծամասնությունը, որ սփռված է ամբողջ աշխարհում, այս կամ այն կերպ առաջին հարվածի ալիքն իր մարմնի վրա զգաց սեպտեմբերի վերջին: Անհնար էր չհուզվել լրահոսին հետևելիս: Եվ այդ արձագանքն է՛լ ավելի սրվեց, երբ ակնհայտ դարձավ, որ ավելի քան 40 օր տևած պատերազմի ընթացքում Թուրքիան աջակցում էր, իսկ ջիհադիստ վարձկաններն օգնում Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Արցախն ու Հայաստանը դիմադրում էին ուժերի, որոնք դուրս էին իր հասանելիության սահմաններից. սա անհավասարների միջև ճակատամարտի դասական օրինակ էր:

18, 19, 20-ամյա զոհվածների լուսանկարները, որ ամեն օր հայտնվում էին նորությունների ժապավենում, անտանելի էին: Սկզբում չէի կարողանում նույնիսկ նայել այս երիտասարդ դեմքերին: Սակայն ի վերջո հասկացա, որ ստիպված եմ կարդալ նրանց կյանքի մասին և ինչ-որ կերպ սգալ նրանց կորուստը: Բայց ինչպե՞ս կարող ես սգալ այս ահռելի կորուստը, հատկապես երբ ֆիզիկապես այդքան հեռու ես: Ի վերջո, 5000 կյանք է կորել: Ընտանիքները քայքայվեցին, նրանց կյանքը հավերժ փոխվեց, նրանք խոր տրավմա ստացան: «Հաղթելու ենք»-ը կրկնվում էր փչացած ձայնապնակի պես, սրտխառնոց առաջացնելով: Այո, պատերազմի ընթացքում կարևոր էր պահպանել բարձր մարտական ոգին, հատկապես զինվորների համար, որոնք առաջնագծում էին: Ինչևէ… Ինձ հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս ենք հաղթելու այս անհավասար պատերազմում: Ինչպե՞ս կարող ես հաղթել, երբ թվով և սպառազինությամբ զիջում ես հակառակորդին:

Պատերազմի պատճառած վնասները հսկայական են: Հաճախ հարցնում եմ ինձ, թե այսքան ահռելի կորուստներ կրած երկիրն ինչպես է վերականգնվելու: Հետո հիշում եմ, որ մենք հայ ենք ու հենց այդպես էլ անում ենք՝ ոտքի կանգնում, ծնկներից թափ տալիս փոշին ու կյանքը սկսում նոր էջից: Սակայն չենք կարող անտեսել այն անընդգրկելի հավաքական տրավման, որ կրել են Հայաստանն ու Արցախն այս պատերազմի հետևանքով, դրան հաջորդած մարդասիրական ճգնաժամը, որն էլ ավելի բարդացավ մահաբեր համավարակի պատճառով։ Մայրերն ու կանայք հողին են հանձնում իրենց որդիներին ու ամուսիններին, զինվորները ենթարկվում սուր հետտրավմատիկ շոկի, անդամալույծ զինվորները սովորում վերականգնել իրենց մարմնի հիմնական գործառույթները, կտտանքների զոհերը ջանում նորից հարմարվել աճօրյային։ Ռազմագերիների մեծ մասը ենթարկվում է աներևակայելի սարսափների: Մինչ գրում եմ այս տողերը, գերիների ծնողները պատասխաններ են պահանջում։ Իհարկե, անթիվ-անհամար տեղահանված ընտանիքները՝ տունը կորցրած, ապրում են՝ սպանված կամ անհայտ կորած սիրելիների ցավը սրտում:

 

Պատերազմով համախմբված սփյուռքը

Առ այսօր ջանում եմ գիտակցել ու իմաստավորել պատերազմի բերած ահռելի մարդկային ու մշակութային կորուստները: Սա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ ֆիզիկապես հեռու եմ այդ ամենից, ապրում եմ սփյուռքում, այլև պատերազմի հետ կապված ցավի ու կորստի զգացումն այնքան խորն է, որ բորբոքել է իմ և Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների մեջ բույն դրած ժառանգական տրավման: Երբեք չեմ մտածել, որ դարձյալ կտեսնեմ այն, ինչ վերապրել են մեր պապերն ու տատերը: Իրականությունը կրկնվում է, նույն հանցագործի ձեռքով, որն իրագործում է նույն ցեղասպան մտադրություներն ու գործողությունները՝ հայերի ու Հայաստանի հետքն աշխարհիս երեսից վերացնելու ու ջնջելու վերջնական նպատակով: Հին տրամվան բախվում է նոր տրավմային: Փոքր ազգն ու ժողովուրդը պայքարում է իր գոյության իրավունքի համար:

Ամիսներ են անցել, բայց երբ զրույցը շրջվում է դեպի պատերազմ, զգում եմ, թե հուզմունքն ու անհանգստությունն ինչպես են ալեկոծում իմ ու ինձ շրջապատողների հոգին: Զայրույթը, խոր վիշտը, գլուխ բարձրացրած տրավման, հուսահատությունը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էին հույսի փոքրիկ առկայծումներով:

Պատերազմի ընթացքում ոգևորվում էինք՝ տեսնելով հայկական սփյուռքի արթնացումն ու վերածնունդը: Համերաշխության զգացողություն կար, որը ջնջում էր քաղաքական համակրանքի ու պատկանելության սահմանները: Բոլորս մեկ առաքելություն ունեինք՝ ամեն կերպ աջակցել Հայաստանին ու Արցախին: Ստեղծարարության պակաս չկար, և բոլորն ինչ-որ կերպ ներգրավված էին այդ գործում՝ անկախ տարիքից, սոցիալական դիրքից կամ կենսակերպից: Ի՜նչ ափսոս է, որ միայն պատերազմն արթնացրեց ու գործողությունների մղեց կիսաննջած սփյուռքին:

Տարիներ շարունակ հաճախ եմ մտածել այն մասին, թե սփյուռքի հայերն ինչ հարաբերություններ ունեն հայրենիքի հետ: Բայց երբ պատերազմ է սկսվում, անհրաժեշտ է այս հարաբերությունը դիտարկել միանգամայն այլ տեսանկյունից: Ես սփյուռքի ներկայացուցիչ լինելը նմանեցնում եմ միմյանցից հեռու սիրահարների սիրավեպին: Եվ ինչպես հեռվից հեռու հարաբերություններում, այստեղ էլ միշտ լինում են մաքուր ու իդեալական սիրո, նաև՝ խոր ցավի, զայրույթի ու վրդովմունքի պահեր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո ես տատանվում եմ այս երկու ծայրահեղությունների միջև:

Այո, հոգնում ու ուժասպառ ես լինում՝ շաբաթական յոթ օր, օրական քսանչորս ժամ գամված մնալով հեռախոսներին, էկրաններին ու անընդհատ լուրերի սպասելով։ Պատերազմի կեսին, ինչ-որ պահից մեզնից շատերը ստիպված էին դադար վերցնել, բայց միևնույն է, դժվար էր ամբողջությամբ կտրվել լրահոսից: Այնուամենայնիվ, հետաքրքիր էր հետևել մոլեգնող պատերազմի նկատմամբ սփյուռքի արձագանքներին: Թաքնված տաղանդն ու հայրենասիրական զգացմունքներն ի հայտ էին գալիս ամենաանսպասելի ձևերով: Շատերն անմիջապես նախաձեռնողականություն դրսևորեցին՝ միջոցներ հավաքագրելով, մարդասիրական օգնություն տրամադրելով, իսկ մյուսներն էլ ապշած ու կաթվածահար էին լուրերից ու ագրեսիայի տեսարաններից: Ոմանք օգնում էին, բայց, միևնույն է, անզորության զգացում ունեին, իսկ մյուսները, որոնց կյանքի պայմանները թույլ էին տալիս, նստում էին ինքնաթիռ ու ուղղվում Հայաստան և/կամ Արցախ: Եթե հնարավոր լիներ ստուգել հավաքական զարկերակը պատերազմի օրերին, միայն մի զարկ կլսեինք՝ Արցախ:

Հեռվից զգացական մասնակցությունը պատերազմին, անկասկած, ապահովում է քո ֆիզիկական անվտանգությունը, բայց իրական հոգեբանական վայրիվերումներ է բերում: Պատերազմը ծանր հարված հասցրեց իմ ընտանիքի անդամներից և ընկերներից ոմանց, ընդ որում՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական։ Ես հասկանում էի, որ պետք է միմյանց արտահայտվելու տարածություն տալ ու խոսել մեզ շրջապատող ագրեսիայի, հուսահատության ու անարդարության մասին: Ինձ ինչ-որ չափով մխիթարում էր համերաշխության զգացումը, որ կար սփյուռքում պատերազմի ամբողջ ընթացքում: Ես բոլորովին այլ զգացողություններ ունեի, ավելի սերտ կապ էի զգում սփյուռքի իմ եղբայրների ու քույրերի հետ, հատկապես երբ պարզ դարձավ, որ մենք միմյանցից բացի ուրիշ ոչ ոք չունենք, որովհետև աշխարհը խոշոր հաշվով ուղղակի հետևում էր: Մենք մխիթարություն էինք գտնում մեկս մյուսի ներկայության մեջ՝ վիրտուալ կամ ֆիզիկական հեռավորության վրա: Մի օր զբոսանքի գնացի իրավաբան ընկերուհուս հետ, որը վերջերս էր մայրացել ու գիշեր-ցերեկ աշխատում էր Արցախի շուրջ իրավական տեղեկանքի վրա: Երբ տեսավ ինձ, ասաց, որ ուզում է գրկել: Ուրախությամբ համաձայնեցի, որովհետև ես էլ էի ուզում գրկախառնվել. ամիսներ շարունակ իմ պատյանից դուրս չէի եկել: Երկուսիս սիրտն էլ ցավում էր: Պատերազմի ընթացքում գրկախառնություններից զրկվելը դաժան էր առանց այն էլ անողոք այս աշխարհում:

Երբեմն, մոտավորապես պատերազմի կեսերին, ստիպված էի մեծ ջանք թափել, որ պահպանեմ մարդկության հանդեպ հավատս, քանի որ դժվար էր անտեսել համընդհանուր անտարբերությունը: Գիտեի, որ հավատը կորցնելը խնդրի լուծում չէ. դա կառուցողական մոտեցում չէ: Ես ձգտում էի հայերի ճակատագրով մտահոգ այլ անհատների կամ համայնքների հետ համերաշխության ուղիներ գտնել: Բացի այդ, մենք չենք կարող հերքել, որ կային կառավարություններ, հասարակական կազմակերպություններ, լրագրողներ, անհատներ, որոնք քայլեր էին ձեռնարկում և ուշադրություն հրավիրում օրհասական իրավիճակի վրա:

 

Պատերազմ թվային տեխնոլոգիաներով ու սոցիալական մեդիայով

Պատերազմի ընթացքում սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը (եթե հայրենադարձ չեք, որն ապրում է Հայաստանում կամ Արցախում), իրենց ապահով ու հարմարավետ տներից պատերազմին հետևելու (և իրենց կարծիքն ազատորեն բարձրաձայնելու, անկախ նրանից՝ այն կառուցողական, տեղին է, թե ոչ) առավելությունը ունեին: Շատերի նման ես էլ կառչած էի իմ հեռախոսից, անդադար հետևում էի ուղիղ հեռարձակվող նորություններին՝ լուրերի հարցում մեծապես հենվելով սոցիալական մեդիայի և ամենօրյա տեսանյութերի վրա, որոնք ուղարկում էին մեր քույրերն ու եղբայրները անմիջապես առաջնագծից կամ Երևանից: Պետք է խոստովանեմ, որ այս պատերազմին հետևել եմ հիմնականում հրապարակումների միջոցով, որոնք Instagram-ում տեղադրում էին առաջնագծի զինվորները, ռեժիսորներն ու լրագրողները: Միանշանակ, ես միակը չէի:

Պատերազմին էկրանից հետևելու առավելությունն այն է, որ երբ հոգնում ու ուժասպառ ես լինում, կարող ես անջատել այն: Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չէին կարող իրենց նման շռայլություն թույլ տալ:

Իրական ժամանակում պատկերների ու տեքստի այս պատառիկներն ի՞նչ էին տալիս մեզ սփյուռքում: Այս պատերազմն ինչո՞վ էր տարբերվում 1990-ականների պատերազմից, որն «անմիջականորեն» չենք վերապրել, տեսել ենք միայն օրեր կամ շաբաթներ անց, անորակ VHS ժապավենով: Այս անգամ ես պարբերաբար կապի մեջ էի մի կինոարտադրողի հետ, որն առաջնագծում էր: Այս պատերազմն առանձնանում էր իր անմիջականությամբ, տեղեկատվության շրջանառման արագությամբ: Նախ և առաջ մենք կարող էին անմիջականորեն շփվել առաջնագծի զինվորների ու նկարահանող խմբերի հետ իրական ժամանակում՝ նրանց ոգևորիչ խոսքեր հղելով կամ խնդրելով թարմ նորություններ հաղորդել: Սրա շնորհիվ էլ պատերազմն ավելի շոշափելի էր, ավելի հեշտ էր զգացմունքային կապ պահպանել ու ներդրում ունենալ: Երկրորդ, սփյուռքի ներկայացուցիչները կարող էին ֆինանսական օգնության հետ մեկտեղ նաև բարոյական աջակցություն ցուցաբերել հեռվից: Երկուսն էլ բարձր էին գնահատվում մարտի դաշտում: Բացի այդ, մեզնից շատերը դարձան այսպես կոչված «բազմոցային ակտիվիստներ» (ոչ վիրավորական իմաստով), քանի որ մենք կիսվում ու հրապարակում էինք, Twitter-ով ահռելի քանակով տեղեկատվություն տարածում՝ հուսալով, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կմիջամտի, վերջ կդնի արյունահեղությանը, կնկատի անարդարությունն ու կատարվող հանցագործությունները:

Մենք՝ բազմոցային ակտիվիստներս, բախվեցինք մեծ ծավալով հակահայկական հռետորաբանության: Երբ շատ վաղ տարիքից համակարգային ատելություն ու այլատյացություն է սերմանվում Ադրբեջանում ու Թուրքիայում, զարմանալի չէ, որ այն մի օր պայթելու է։ Ըստ էության, պատերազմը մերկացրեց այն քարոզչությունը, որ շրջանառվում էր ադրբեջանական «տրոլների» հաղորդագրություններում, որոնք բռնի գործողությունների, այդ թվում և հայ կանանց հանդեպ սեռական բռնության կոչեր էին անում: Պատերազմին զուգահեռ հայերի դեմ ատելության հանցագործությունների ու բռնությունների ալիք էր բարձրանում, ամբողջ աշխարհում՝ Կալիֆոռնիայում, Եվրոպայում։ Գորշ գայլերի՝ Լիոնի փողոցներում հայերին հետապնդող պատկերները երկար ժամանակ ինձ հանգիստ չէին տալիս:

Մյուս հետապնդող պատկերը, որ մնացել է հիշողությանս մեջ, հայկական բնակչության տեղահանումն էր Արցախից, երբ ռազմական ագրեսիան սրվեց, և երբ հայտարարվեց պատերազմի ավարտի մասին: Ես հետևում էի, թե տեղահանվածների կյանքն ինչպես էր սեղմվում-տեղավորվում ճամպրուկների մեջ, պարաններով կապվում մեքենաների տանիքին, թե նրանց՝ փոխադրամիջոցներից կազմված անվերջ քարավանն ինչպես էր ոլորապտույտ ձգվում Արցախի լեռնոտ ճանապարհներով: Մեքենաների քարավանների այս պատկերները կարելի էր հեշտությամբ համեմատել հայոց ցեղասպանության ժամանակ ոտքով, ձիերով ու սայլերով տեղահանված հայերի քարավանների հետ:

 

Հին վերքերը թարմանում են

Նախքան պատերազմը ինձ թվում էր, թե երկար ճանապարհ եմ անցել՝ փորձելով իմաստավորել այն միջսերնդային տրավման, որ ժառանգել էի Հայոց ցեղասպանությունը վերապրած իմ պապերից: Երկար ժամանակ մերժում էի զոհի մտածողությունը: Բոլորովին վերջերս մայրանալուց հետո երկար մտածում եմ այն մասին, որ չէի ցանկանա տրավմայի ու զոհի այս ժառանգությունը փոխանցել երեխաներիս, երբ նրանք մեծանան: Որոշել էի, որ էլ չեմ սպասելու, թե Թուրքիան մի օր կընդունի ցեղասպանության փաստն ու ներողություն կխնդրի: Վճռել էի հաշտվել ցեղասպանության հետ, իմ իսկ պայմաններով:

Հիմա՝ պատերազմից հետո, պիտի վերանայեմ այս ամենը։

Այն, որ հայերը պարտվել են պատերազմում, խիստ իրական թվաց միայն այն ժամանակ, երբ հնգամյա որդիս հարցրեց. «Ինչո՞ւ պարտվեցինք»: Ի վերջո, նա գիտեր, որ հայ զինվորներն ուժեղ են ու քաջ: Ես ուղղակի ասացի՝ այո, մենք պարտվեցինք, և հենց այդտեղ էլ կանգ առա: Այդ պահին ավելի մանրամասն պատասխանել չկարողացա, որովհետև միակ բանը, որ զգում էի զայրույթի ու ցավի մեջ, անսահման անարդարության զգացումն էր: Եվ ինչպե՞ս հարյուր տարի անց պիտի ստիպված լինեմ, երբ նրանք մի քիչ մեծանան, հնգամյա որդուս և նրա եղբորը բացատրել, որ իրենց մեծ պապը որբացել է 5 տարեկանում՝ Հայոց ցեղասպանության հետևանքով: Սա բոլորովին էլ դարձ ի շրջանս իւր չէր, այլ ցավոտ գիտակցում:

Այս պատերազմի թողած տրավմային պետք է անդրադառնալ անհատական և հավաքական մակարդակներում: Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ ավելի քան հարյուր տարի թիկունքիդ կանգնած է կատաղի ագրեսոր, որը դեռ փորձում է ոչնչացնել քեզ՝ շարունակ ժխտելով բռնության գործողությունը, երբ փորձում ես պայքարել գոյության քո իրավունքի համար:

Ես հաճախ եմ մտածում, թե ցեղասպանությունը վերապրած պապս ինչպես է հաղթահարել իր տրավման: Ինչպե՞ս է վերապրել: Ինչպե՞ս է կարողացել կյանքը կառուցել տառացիորեն զրոյից ու մինչև կյանքի վերջ պահպանել հանդարտությունն ու խաղաղությունը: Ահա պապիկիս մասին իմ բնութագիրը՝ ինքնուրույն, հավասարակշռված ու զուսպ: Նա զոհ չէր: Նա վերապրել էր, չնայած անիմանալի կորստին ու տրավմային, որին ենթարկվել էր շատ վաղ տարիքում:

Նա ուրիշ սերնդից էր: Այսօր շատ եմ անհանգստանում, թե չլուծված տրավման ու պատերազմն ինչպես կանդրադառնան մեր ապագա սերունդների վրա Արցախում, Հայաստանում և սփյուռքում: Հետևանքներն ահարկու կլինեն, եթե քայլեր չձեռնարկվեն այդ տրավմաներին անդրադառնալու և բուժման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։

Ավելին, պատերազմը գուցե ավարտվել է, բայց ագրեսիայի մշտական սպառնալիքը դեռ կա:

Թեև ոմանց դեպքում դեռ շատ վաղ է, կարևոր է ձգտել զգացմունքային ապաքինման՝ առանց ժխտելու այն ուժեղ տրավման, որ գրանցվել է և դեռ շարունակվում է:

Ես աներկբայորեն հավատում եմ, որ կարելի է բուժել տրավման: Այն կյանքի մասն է և անխուսափելի է, քանի դեռ «նավարկում ենք» մարդկային փորձառության ոլորտում: Սակայն, ինչպես նշել է Միշել Ռոզենթալը, «տրավման ստեղծում է փոփոխություն, որը դու չես ընտրում. բուժել նշանակում է ստեղծել փոփոխություն, որը դու ես ընտրում»:

Որպես սփյուռք, որպես ազգ՝ մենք պետք է փնտրենք հավաքական և անհատական բուժման ճանապարհներ: Չեմ կարող ասել, որ գիտեմ, թե ինչպես, բայց այն սկսվում է անհատական մակարդակում և նվիրվածության կարիք ունի:

Առաջին ճանապարհը, որով նախընտրում եմ փոխանցել Հայոց ցեղասպանության և վերջին պատերազմով պայմանավորված տրավմայի շերտը, երբ սկսենք ապաքինումը հավաքական և անձնական մակարդակում, նախ և առաջ զոհի մտայնության մերժումն է: Երկրորդ, իրազեկ լինելը: Երրորդ, ուշադրությունը կենտրոնացնել արդարության որոնման և Հայաստանին ու Արցախին կառուցողական միջոցներով աջակցելու, այլ ոչ թե ատելությունը հավերժացնելու վրա, ինչը կործանարար է: Չորրորդ, չփակվել մեր մեջ ու չմնալ մեր ցավի մեջ մեն-մենակ, այլ կրթել ուրիշներին, ուրիշների հետ կիսել ոչ միայն մեր պայքարը, պարտությունն ու կորուստը, այլև մեր հարուստ ժառանգությունն ու մշակույթը: Հինգերորդ, դառնալ աշխարհի գլոբալ քաղաքացիներ, դուրս գալ մեր հայկականության սահմաններից: Եվ վերջապես, համերաշխություն պահպանել այլ ճնշված ու ճգնաժամի մեջ հայտնված համայնքների հետ:

Ինձ չի հետաքրքրում ատելության հավերժացումը, բայց ես անկեղծորեն հավատում եմ արդարությանը, նույնիսկ երբ երբեմն թվում է, թե արդարությունն անհասանելի է՝ նկատի ունենալով այն ձգտումը, ֆինանսական, ռազմական ու նավթային հզորությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ներդնում են Հայաստանը քարտեզից ջնջելու իրենց ջանքերում: Այնուամենայնիվ, հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն հայրենիքին պատշաճ կերպով օժանդակելու, մենք՝ որպես անհատներ, որպես ազգ, պետք է ուժ ունենանք, որ օգնենք միմյանց առաջ շարժվել:

 

Վերականգնել կապը

Հույժ կարևոր է, որ սփյուռքը շարունակի կապված մնալ Արցախին ու Հայաստանին։ Գուցե սխալվում եմ, բայց պատերազմի ավարտից հետո սփյուռքի օտարացում ու հեռացում եմ զգում։ Ինչո՞ւ են մարդիկ կորցրել հետաքրքրությունը: Մի՞թե այն կորսված է: Պատճառը քաղաքական իրավիճա՞կն է: Կորստի ծավալնե՞րը: Հայաստանից կամ Արցախից հեռու լինե՞լը: Համավարակի մասին ծանր լուրերից ուժասպառ լինե՞լը: Ամեն դեպքում, իդեալական պայմաններում, մենք պետք է Հայաստանի ու Արցախի հետ իմաստալից ու կառուցողական փոխհամագործակցության ձևեր գտնենք: Չենք կարող հեռանալ հիմա՝ հաշվի առնելով հետպատերազմական շրջանի մարդասիրական ճգնաժամը:

Սփյուռքի և հայրենիքի միջև բարդ հարաբերությունների մասին անթիվ-անհամար կարծիքներ ու տեսակետներ կան, որոնց մի մասը պրակտիկ է, մյուսը՝ գաղափարական: Ոմանք կարծում են, որ այն հիմնված է իշխանության, հաստատությունների, ֆինանսների, հիերարխիայի վրա: Մինչդեռ հաստատություններն ու ֆինանսներն անհնար է առանձնացնել հայրենիք-սփյուռք հարաբերություններից, ու ես նաև կարծում եմ, որ այն միտված է կարգավորել ու ամրապնդել սփյուռքի և հայրենիքի միջև մարդկային կապերը: Ես սա համարում եմ մեկնակետ՝ անկախ նրանից, թե այդ կապն էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, տեսազանգի թե այցելության միջոցով է: Եկեք հաստատենք այդ կապը նախ որպես մարդ արարածներ՝ ազատվելով այն պիտակներից, որոնք մեզ բաժանում են նեղ կատեգորիաների՝ «սփյուռքահայ» կամ «հայաստանցի», կոտրենք այն կարծրատիպերը, որոնք ի հայտ են գալիս այս պիտակների հետ: Հենց սա իրականություն դառնա, և հաստատվեն պարզ ու անկեղծ մարդկային հարաբերություններ, կարելի է քննարկել ու մեկնարկել նախագծեր՝ նախ և առաջ իրար լսելով, այլ ոչ թե միմյանց համոզմունքներ ու մեթոդներ պարտադրելով:

Ինչևէ, շատ գործ պետք է արվի՝ հաղթահարելու այն ներքին խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է այսօր: Մարդիկ պետք է ընդունեն ու պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար: Կառավարությունը, որը մի ամբողջ սերնդի տարավ պատերազմի, պետք է ամեն կերպ հոգ տանի սպանված զինվորների ու քաղաքացիականների ընտանիքների մասին, որովհետև նրանք հայտնվել են անտանելի ցավի մեջ:

Պատերազմի ընթացքում ես ծանոթներից հարցնում էի, թե արդյոք նրանք որևէ լուր ունեն Շուշիում բնակվող իմ տանտիրուհուց: Վերջապես կարողացա գտնել նրան այն խճճված հարաբերությունների ցանցի միջոցով, որ հայերը կարողանում են հաստատել միմյանց հետ: Երբ կապվեցինք Viber-ով, անմիջապես այնպիսի զգացողություն ունեցա, որ շարունակեցինք ճիշտ այն կետից, որտեղ կանգ էինք առել: Թեթևացած շունչ քաշեցի, երբ իմացա, որ նրա ընտանիքի անդամները ողջ-առողջ են, չնայած պատերազմի ընթացքում զարմիկը լուրջ վնասվածք է ստացել, կորցրել է ոտքը: Այժմ բնակվում են Ստեփանակերտում, իսկ մինչ այդ՝ պատերազմի ավարտից հետո, նրանց ժամանակավոր ապաստան էին տրամադրել Երևանում: Շատ դժվար էր լսել, երբ պատմում էր, թե ինչպես են ստիպված եղել լքել իրենց տունը: Այն անորոշությունը, որին բախվել էր նա, նրա երեխաներն ու նրանց ընտանիքները, անսահման է: Տեղահանված ընտանիքների մասին խոսելիս շատ ավելի շոշափելի եմ զգում պատերազմն ու դրա հետևանքները և հասկանում, որ հակամարտությունը բոլորովին էլ հեռու չէ: Եվ ամենակարևորը, սա Արցախի բնակչության հետ կապ հաստատելու միջոց է, որպեսզի նրանք իմանան, որ չնայած ստիպված են եղել լքել իրենց տները, լքված չեն, համենայն դեպս սփյուռքի կողմից:

Հայերն իրենց էությամբ տոկուն են: Հետևողական և իմաստալից փոխադարձ շփումների միջոցով հայրենիքն ու սփյուռքը պետք է միասին աշխատեն՝ «բարձրացնելով համայնքի դիմացկունությունը», եթե օգտվենք Ջեք Սոլի տերմինաբանությունից, որը գրում է տրավմայից հետո համայնքի կայունությունն ավելացնելու մասին:

Սփյուռքը չի կարող հեռանալ հիմա: Ավելին, մենք պետք է ներդրում անենք սփյուռքի ներուժը վերականգնելու և դեպի Հայաստան ու Արցախ այն ուղղորդելու գործում, վերստեղծենք կորցրածը: Ի վերջո, հիմա 1915 թվականը չէ: Մենք ունենք կրթված, նպատակասլաց ու բանիմաց ուժերի մի մեծ «ավազան»։ Այժմ կարևորն այն է, թե ինչպես օգտագործել այդ ներուժը։ Ի վերջո, եթե ուզում ենք ալիք բարձրացնել, կարևոր է սփյուռքի յուրաքանչյուր կաթիլ:

 

 

Diaspora issue

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, EVN Report-ի «Սփիւռք» խորագրով ապրիլյան թողարկումն անդրադառնում է հայկական սփյուռքի իրականությանը և փորձում հասկանալ մշտապես փոփոխվող և բազմաշերտ հայկական սփյուռքը։ Այսօր` հետպատերազմյան իրականությունում, կարևոր է վերաիմաստավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։

Այս ամսվա հյուր խմբագիր Վարագ Գեթսեմանեան , ով Փրինսթոնի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների գիտությունների թեկնածու է, գրում է. «Նախորդող տարին ոչ միայն աննախադեպ սպառնալիքներ բերեց հայկական պետությանը և սփյուռքին որպես կենդանի և դինամիկ միավորների, այլ նաև բացեց Պանդորայի արկղը` սանձազերծելով նոր խնդիրների ալիք, որոնց երկու կողմերը պատրաստ չէին առերեսվելու։ Ռազմական պարտությունը, որին մենք ականատես եղանք, ազդարարեց նաև Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունների վաղուց հաստատված օրինաչափությունների պարտությունը: Այս հատուկ թողարկման հոդվածները կանդրադառնան նշված խնդիրներին»:

​​​​​​​

western arm
evn report diasporareturn


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team