Diaspora issue

Հինգ ամսից քիչ ավելի է անցել 2020-ի Արցախյան պատերազմի ավարտից։ Դրա աղետալի հետևանքները, որոնք տեսանելի են ոչ միայն առօրյայում, մեզ ո՛չ շռայլություն, ո՛չ էլ ժամանակ են թողնում խորհելու, թե ի՛նչպես հասանք այս հանգուցակետին։ Հանրային քննարկումներն ու բանավեճերը վաղուց վերածվել են տհաճ հակաճառությունների ու կատաղի մեղադրանքների, «փորձագետները», մասնագետները, քաղաքական գործիչները, մտավորականները դժվարանում են պատասխանել «որտե՞ղ սխալվեցինք» հարցին։ Այն տրավման ու ցնցումը, որն աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ապրեց պատերազմի 44 օրերի ընթացքում, հաճախ խոչընդոտում է անցյալի մեր թերություններին, սխալներին, բաց թողնված հնարավորություններին անդրադառնալու, իսկապես կառուցողական քննարկում սկսելու ցանկացած փորձի, որի կարիքն ավելի քան կենսական է այսօր։ «Մենք ձեզ ասում էի՜նք» վանկարկող շառլատանների ու աճպարարների բանակին դեմ հանդիման միայն քչերն են անկեղծորեն փորձում քննարկումը անցյալի վրա համադրված գրոհից (որտե՞ղ սխալվեցինք) տեղափոխել դեպի ապագայի շուրջ խորհրդածության (ո՞ւր ենք գնում հիմա):

Անցյալը կամ անցյալի փորձառությունը հետահայաց (շատ հաճախ նաև անտեղի) քննադատությամբ մատնացույց անելը հեշտ է, մինչդեռ իրական մարտահրավերը՝ ազգային ապաքինման հետագիծ ուրվագծելը, դեռ բաց է մնում։ Բազմաթիվ խնդիրներից, որոնց վերաիմաստավորումը դարձել է ազգային հրամայական, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերանայումը ամենից կարևորների շարքում է: Անցյալ տարին աննախադեպ էր հայկական պետությանն ու սփյուռքին՝ որպես կենդանի ու դինամիկ միավորների, սպառնալիքների առումով։ Ընդ որում, այն բացեց նաև Պանդորայի արկղը՝ սանձազերծելով խնդիրների ու հարցադրումների մի ամբողջ շղթա, որին կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ առերեսվելու:

Ռազմական պարտությունը, որին ականատես եղանք մարտադաշտում, ազդարարեց նաև Հայաստան-Սփյուռքի հարաբերությունների գոյություն ունեցող օրակարգի պարտությունը։ Եթե վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստան-Սփյուռք կապերը ստացել էին փոխադարձ հարգանքի ու համագործակցության բնույթ, ապա 2020-ի Արցախյան պատերազմը էական հարված հասցրեց այս առանց այդ էլ փխրուն հարաբերություններին: Այժմ հիասթափության, անվստահության զգացողություններն ու խոր կասկածները դարձել են համատարած՝ սոցիալական մեդիայի հարթակներից, հասարակ զրույցներից մինչև հանրահավաքներ ու կուսակցական հայտարարություններ:

Այս ամենը հուշում է ընդհանուր քաղաքական մտածողության բացակայության մասին, որը մտավոր ճգնաժամի առաջին պայմանն է։ Քաղաքական մտածողության բացակայություն, որը համապատասխան է ողբերգության իրական մասշտաբին, և որն արտացոլանքն է քաղաքական մեր հիասթափությունների։

Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ապա հայ իրականությունը երկար տարիներ գոտեմարտում էր սխալ խնդիրներ հետ, քննարկումները շատ հաճախ պարզունակ ու ապակողմնորոշող հակադրությունների շրջանակում էին՝ «ձուլում/կորուստ ընդդեմ վերադարձ/փրկության», «անցողիկն ընդդեմ մշտականի» և այսպես շարունակ: Նման ձևակերպումները իրենց հերթին սահմանափակում էին հնարավոր քննարկումների շրջանակը:

Հայաստանի անկախացումից ի վեր Սփյուռքի հետ հարաբերությունները պտտվել են օրինաչափ թվացող փոխըմբռնման շուրջ՝ թե ի՞նչ պետք է անի կողմերից յուրաքանչյուրը, ենթադրաբար ի շահ կամ բարօրության մյուսի՝ տնտեսական, մշակութային, քաղաքական հարթության մեջ։ Թվացյալ այս օրինաչափությունը երբևէ հարցականի տակ չի դրվել։ Հասկանալի է, որ խոսակցության էական մի մասն ավելի առօրեական խնդիրների է առնչվել՝ մշակութային տուրիզմ, դրամահավաք, շինարարական ծրագրեր, ներդրումային նախաձեռնություններ: Հայաստանի անկախացման դժվարին տարիները, անկայուն մուտքը 21-րդ դար, այդպես էլ տեղ չթողեցին նյութականությունից անդին տանելու Հայաստան-Սփյուռք կապերը։ Իհարկե, հանրային ուշադրությունը ժամանակ առ ժամանակ շեղվում էր դեպի հայրենադարձության խնդիրը՝ բայց կրկին վերը նշված հարացույցի շրջանակում:

Կարո՞ղ ենք արդյոք մենք խոսել Հայաստանի և Սփյուռքի միջև բարոյական հարաբերությունների գոյության մասին: Եթե այո՝ ապա հնարավո՞ր է արդյոք բանաձևել այն: Շատերի մտքում սա շարունակում է հարցական մնալ:

Այս լուռ օրինաչափությունը իր հերթին խանգարել է կողմերին, հատկապես սփյուռքի համայնքներին, ներքին՝ բայց և քննադատական հայացք նետել սեփական թերություններին ու խնդիրներին: Եվ սա ամենևին էլ զարմանալի չէ։ Ինչպես այս թողարկման մեջ իրավացիորեն նշում է Խաչիկ Տեր-Ղուկասյանը, սփյուռքահայության հավաքական ինքնությունը ձևավորվել է Հայաստանից, Մայր Հայրենիքից կախվածության հոգեբանության շուրջ: Ուստի հասունացել է ժամանակը, որպեսզի քննարկումները «ի՞նչ պետք է անել» օրինաչափ ընկալումից փոխվեն «իրականում ի՞նչ կարող ենք անել»-ու։

Արցախյան վերջին պատերազմը ողջ զորությամբ ցույց տվեց, թե ինչպես կողմերի անտեղի սպասումները ճանապարհ բացեցին դեպի փոխադարձ անվստահություն. այն հստակ ընդգծվեց պարտությունից հետո և տեսանելի կմնա նաև ապագայում՝ քանի դեռ Հայաստանում շարունակվում է քաղաքական փակուղին, իսկ Սփյուռքը քիչ-քիչ վերադառնում է համայնքային իր բնականոն կյանքին ու ներքին խնդիրներին:

Մինչ մեզանից շատերը «բանարկում են», թե ինչում սխալվեցինք, փորձում բացատրել անբացատրելին, մենք տառապում ենք գաղափարների ու հարացույցերի պակասից, որոնք կարող են մեզ դուրս բերել մտավոր ճգնաժամի այս խոր անդունդից: Հայաստանը հոգևոր, զգացմունքային, նույնիսկ քաղաքական փարոս է եղել, որը 20-րդ դարի երկրորդ կեսից առաջնորդել է սփյուռքի շատ համայնքների. սակայն նրա ռազմական պարտությունը շատերին թողեց առանց ուղղորդող էներգիայի՝ միայնակ հիասթափության զգացումը հաղթահարելու փորձերի հետ:

Ու մինչ պատերնալիստական դատողություններ անելը՝ թե ո՛րտեղ սխալվեցինք, մի՞թե ավելի օգտակար չէր լինի նախ հարցնել, թե ի՛նչ է իրականում տեղի ունեցել: Հետպատերազմյան ժամ առ ժամ աճող ամբարտավանության ու ցինիզմի, պատասխանատվության զգացողության անէացման միջավայրում այս հարցերին «վերջնական» պատասխաններ ունեցող մարդիկ ամենուր են՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում։ Ավաղ, նրանք հավելյալ աղմուկ ու ցեխ են ավելացնում առանց այն էլ մշուշոտ պատկերին, փոխանակ հստակեցնելու քայլերը, որոնցով պետք է նավարկել այս դժվարին ժամանակներում: Մտավոր աններդաշնակության, պատերազմի վտանգի ու վախի մոլեգնման ֆոնին, որի ականատեսն ենք այսօր, անհրաժեշտ է հետքայլ անել ու վերակառուցել այն պատվանդանը, որի վրա մինչև այժմ կառուցել ենք մեր փոխադարձ ու ազգային ակնկալիքները:

Այս թողարկումը համեստ ջանք է այդ ուղղությամբ:

 

Thank you for your submission! We will review it soon.

read in English 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team