evn report treatyofmoscow
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի

Թանկագին Վլադիմիր Իլյիչ,

Մեր ներկայացուցիչ Բեհբութ Շախթախտինսկու հետ Մոսկվա է գալիս թուրքական պատվիրակությունը։ Ես այստեղ բավականին հանգամանալից խոսել եմ թուրքական պատվիրակության հետ։ Որևէ կասկած չունեմ, որ անկեղծ անգորացիները ցանկանում են իրենց ճակատագիրը մեզ հետ կապել՝ ընդդեմ Անգլիայի։ Նրանց համար ամենազգայունը հայկական հարցն է, և նրանք առավելագույն ջանք գործադրեցին այն իրենց օգտին լուծելու համար։ Ես խոսք բացեցի Բաթումի և Ախալցխայի մասին, սակայն նրանք ասացին. «Հայկական հարցը կենաց և մահու խնդիր է։ Եթե այս հարցում մենք զիջենք, մասսաները մեր հետևից չեն գա։ Մինչդեռ, այս հարցը հօգուտ մեզ լուծելու դեպքում մենք ուժեղ կլինենք»։

1921 թ. փետրվարի կեսին Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը Լենինին այսպես էր ներկայացնում քեմալականների դիրքորոշումն Անդրկովկասի սահմանների հարցում։ Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը շտապում էր Մոսկվա՝ Ռուս-թուրքական երկրորդ խորհրդաժողովին մասնակցելու, որտեղ ստորագրվելու էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի բարեկամության և եղբայրության պայմանագիրը։

Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր երկու դաշնակից պետությունների սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։

Մոսկվայի պայմանագրի վիճահարույց դրվագներին խորհրդային պատմագրությունը գրեթե չէր անդրադառնում. Քեմալի հետ բոլշևիկների համագործակցությունը չէր կարելի քննադատել և կասկածի տակ առնել։ Միայն ԽՍՀՄ մայրամուտին մամուլում հայտնվեցին հոդվածներ, արխիվային փաստաթղթեր, վկայություններ, որոնք սկսեցին աստիճանաբար լույս սփռել 1920-ականների սկզբի աշխարհաքաղաքական հարցերի վրա։

1921 թ. մարտի 16-ի պայմանագրի նախապատմությունը սկսվում է 1920 թ. թուրք-հայկական պատերազմից, որոշ առումով՝ է՛լ ավելի վաղ, ընդհուպ մինչև Թուրքիայի «Ազգային ուխտի» ընդունումը, Ադրբեջանի խորհրդայնացումը և այլ հարակից իրադարձություններ։

Ինչպես հայտնի է, 1920 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի թուրք-հայկական պատերազմում Հայաստանի Հանրապետությունը ծանր պարտություն է կրում։ Ալեքսանդրապոլում ընթացող բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 3-ի գրեթե կապիտուլյացիոն պայմանագրով։ Մի քանի ամիս անց Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրում ամփոփված էին հենց թուրք-հայկական պատերազմի արդյունքները։

Ալեքսանդրապոլում ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, պարտավորվում էր Եվրոպայից հետ կանչել իր բոլոր կոմիտեները, Հայաստանից հեռացնել Դաշնակից երկրների բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին։ Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը 1500 զինվոր և համապատասխան թվով սպա։ Հայաստանի վրա հարձակման դեպքում Թուրքիան պարտավորվում էր պաշտպանել, եթե հայկական կառավարությունը նման խնդրանքով դիմեր թուրքական կողմին։

Հայաստանի և Թուրքիայի սահմաններին վերաբերում էին պայմանագրի 2-րդ և 13-րդ հոդվածները։ Կարսի նահանգը և Սուրմալուն, որոնք գրավել էր թուրքական բանակը, համարվում էին վիճելի տարածքներ։ Երեք տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը կարող էր այդ շրջաններում հանրաքվե անցկացնել։ Սակայն բոլորին պարզ էր, որ նախ՝ պարտված Հայաստանը հանրաքվե անցկացնել չէր կարող, երկրորդ՝ եթե անգամ կարողանար, ապա թուրքական բնակչությունը, որը 1918-1920 թթ. գրեթե ամբողջությամբ դուրս էր մղել հայերին, կողմ էր լինելու վիճելի շրջանը Թուրքիայի կազմում թողնելուն։ 13-րդ հոդվածով Շարուրը և Նախիջևանը Թուրքիայի հովանավորությամբ ինքնավարություն էին ստանում։ Ինչպես տեսնում ենք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը փաստացի կորցնում էր Կարսի մարզը, Սուրմալուն և Նախիջևանը։

Պայմանագիրն իրավական ուժ էր ստանալու, եթե մեկամսյա ժամկետում վավերացվեր երկու երկրների խորհրդարանների կողմից։ Ո՛չ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, ո՛չ Հայաստանի խորհրդարանը փաստաթուղթը չեն վավերացնում։ Ավելին՝ Հայաստանի պատվիրակությունը փաստացի չուներ պայմանագիր ստորագրելու լիազորություն, որովհետև 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը վայր էր դրել լիազորությունները՝ Երևանում իշխանությունը հանձնելով բոլշևիկներին։

Այսպիսով, Ալեքսանդրապոլի պայմանագիրը իրավական ուժ չուներ, ինչը, բնականաբար, հասկանում էին ինչպես քեմալականները, այնպես էլ հայ և ռուս բոլշևիկները։ Թուրքիայի համար հույժ կարևոր էր հնարավորինս շուտ ամրագրել պատերազմի արդյունքները, ուստի արդեն 1920 թ. դեկտեմբերին թուրքական կողմը դիմում է խորհրդային կառավարությանը՝ ռուս-թուրքական համաժողով հրավիրելու առաջարկով։

Բացի այդ, կարիք կար նաև կարգավորելու քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի հարաբերությունները, որոնք զգալիորեն լարված էին։ 1920 թ. նոյեմբերին, երբ թուրքական զորքերը մտնում են Կարս և Ալեքսանդրապոլ, Խորհրդային Ռուսաստանը դադարեցնում է թուրքերին զենք, զինամթերք, վառելիք և ոսկի մատակարարել, ինչը նաև արևմուտքում ռազմական գործողություններ վարող Թուրքիայի համար լուրջ սպառնալիք էր։

«Խորհրդային Ռուսաստանի «հակազդեցությունը տեղի ունեցավ նոյեմբերի սկզբին, երբ թուրքերն արդեն գրավել էին Ալեքսանդրապոլը։ Խորհրդային կառավարությունը՝ հանձին Գեորգի Չիչերինի, նպատակահարմար գտավ ժամանակավորապես դադարեցնել զենքի առաքումը Թուրքիա»,— գրում է պատմաբան Արարատ Հակոբյանը[1]։

Խորհրդային Ռուսաստանը զենքի մատակարարումը դադարեցրել էր նաև ուրիշ՝ իր համար շատ ավելի ծանրակշիռ պատճառով. Թուրքիան փորձում էր երկակի խաղ վարել և հարաբերություններ հաստատել Արևմուտքի՝ Ֆրանսիայի և Անգլիայի հետ։

1920 թ. դեկտեմբերի 9-ին ՌԽՖՍՀ կառավարությունը նոտա է հղում Թուրքիայի կառավարությանը, որով համաձայնում էր Մոսկվայում խորհրդաժողով հրավիրել։ «Ռուսական սովետական կառավարությունը... գտնում է, որ անհրաժեշտ է նաև հայկական և ադրբեջանական սովետական կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ այդ պետությունների ու Թուրքիայի և Ռուսաստանի միջև ենթակա են լուծման տարածքային և այլ հարցեր»,— հեռագրում էր Չիչերինը[2]։

Հաջորդ օրը Չիչերինը Վրաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Շեյնմանին հեռագրում է, որ «Անտանտի և քեմալականների հաշտության փորձը գլուխ չի գալիս»։ «… Անընդունելի է Բաթումի անցումը թուրքերին։ Մենք չպետք է հեռանանք քեմալականների հանդեպ բարեկամական քաղաքականությունից, միաժամանակ նրանց հետ ենք պահելու մեզ համար անցանկալի գործողություններից։ Զենք և ոսկի տալու գործը վերսկսելու հրահանգները տրված են Սերգոյին։ Քանի որ ոսկին ձեր մոտ է, հանձնեք աստիճանաբար, ղեկավարվելով Սերգոյի [Օրջոնիկիձեի] ցուցումներով»,— հեռագրում էր Չիչերինը[3]։

Հաճախ նշվում է, թե Մոսկվայի ռուս-թուրքական խորհրդաժողովի նպատակը Ալեքսանդրապոլի պայմանագրի տարածքային դրույթները վերանայելն էր։ Այս կարծիքը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ինչպես տեսանք, համաժողով գումարելու առաջարկը քեմալականներն արել էին դեռևս 1920 թ. նոյեմբերին, երբ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրված չէր։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը վերանայելու ակնկալիք ուներ հայ բոլշևիկների մի մասը, որոնք, որքան էլ տարված լինեին համաշխարհային հեղափոխության գաղափարներով, այնուամենայնիվ, հայրենասեր էին և ցանկանում էին հնարավորինս մեղմել աղետալի պայմանագրի հետևանքները։ Իշխանությունը վերցնելուց հետո հեղկոմը հույս ուներ, որ Թուրքիան ավելի արդար կվարվի Խորհրդային Հայաստանի հետ. չէ՞ որ քեմալականները նախկինում պայքարում էին «իմպերիալիստների դաշնակից» Հայաստանի դեմ, իսկ Հայաստանում արդեն խորհրդային կարգեր էին հաստատվել և քեմալականների հետ «գաղափարական ընդհանրություն» կար։

1920 թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը նոտա է հղում Անգորայի կառավարության արտաքին գործերի նախարար Ահմեդ Մուխթարին և Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին։ «Երբ դաշնակցական կուսակցության ղեկավարները ձերբակալվեցին ապստամբ ժողովրդի կողմից կամ փախուստի դիմեցին Սովետական Հայաստանի սահմաններից, դաշնակների կողմից Ալեքսանդրապոլում մոռացված հաշտության պատվիրակությունը ստորագրեց մի պայմանագիր, որի պայմանները նոր ապացույց են, որ դաշնակները ճակատագրական կերպով ոչ մի բան ընդունակ չեն տալու Հայաստանի ժողովրդական մասսաներին։ …Սովետական իշխանությունն սպասում է, որ դուք հանդիսավոր կերպով չեղյալ կհամարեք դաշնակների ստորագրած հաշտությունը, և առաջարկում է շուտով կոնֆերենցիա հրավիրել՝ հեղափոխական հեղաշրջման նոր պայմաններից բխող համաձայնության գալու համար»,— գրում էր Ալեքսանդր Բեկզադյանը[4]։

Այսպիսով, Ալեքսանդրապոլի պայմանագիրը վերանայելու ցանկություն հիմնականում ուներ հայկական կողմը։

Կարևոր է դիտարկել Մոսկվայի պայմանագիրը ստորագրելու նախապատրաստական շրջանը։ 1920 թ. վերջին քեմալական Թուրքիան զգալիորեն բարելավել էր դիրքերը տարածաշրջանում։ Հայաստանին հաղթելուց բացի Թուրքիան զգալի հաջողություններ էր գրանցել արևմտյան ռազմաճակատում, և հունական ճնշումը էապես թուլացել էր։ Օրեցօր հզորացող քեմալական շարժման հանդեպ փոխվում էր նաև Անտանտի վերաբերմունքը. Անգլիան փորձում էր թուրքերին օգտագործել Խորհրդային Ռուսաստանի դեմ պայքարում։ Ստեղծված իրադրությունը խուսանավելու լայն հնարավորություն էր տալիս Թուրքիային։ Արևմուտքին ուղղված Քեմալի ակնարկները լրջորեն անհանգստացնում էին բոլշևիկներին, որոնք պատրաստ էին որոշ զիջումների՝ Թուրքիային իրենց ազդեցության գոտում պահելու դիմաց։ Եվ այս առումով պատահական չէր Նարիմանովի խորհուրդը Լենինին, որ «եթե հայկական հարցի պատճառով Մոսկվան վանի անգորացիներին, ապա նրանք, հուսահատվելով, կնետվեն Անտանտի գիրկը»[5]։

Ռուս-թուրքական խորհրդաժողովի կարևոր հարցերից մեկն էլ Բաթումն էր։ Թուրքերը ցանկանում էին տիրանալ Բաթումին, և այդ ցանկությունն ամրագրված էր դեռևս 1920 թ. հունվարի 28-ին ընդունված «Ազգային ուխտ»-ում։ Համաձայն ուխտի՝ քեմալականների նպատակն էր վերականգնել նախքան 1877-1878 թթ. պատերազմը եղած սահմանները, որի մեջ էին նաև Կարսն ու Բաթումը։ Բոլշևիկները, իրենց հերթին, ցանկանում էին խորհրդային կարգեր հաստատել Վրաստանում, առանց որի նրանց իշխանությունն Անդրկովկասում լիարժեք չէր։ Թուրքիայի ներխուժումը Վրաստան կարող էր խորհրդայնացման լավ առիթ դառնալ, սակայն քեմալականների ձգտումները կարող էին վտանգավոր լինել Բաթումի համար։ 1920 թ. դեկտեմբերի 31-ին Ստալինը հեռագրում է Խորհրդային Միության ներկայացուցիչ Բուդու Մդիվանիին, որ չի կարելի թույլ տալ թուրքերի առաջխաղացումը Բաթում. «Առայժմ նրանց վստահել չի կարելի։ Նրանք մեծ խորամանկներ են»,— ասել էր Ստալինը[6]։

Ռուս-թուրքական խորհրդաժողովի ժամկետը վերջնականապես որոշվում է 1920 թ. վերջին։ Թուրքիան ջանում էր ամեն գնով դուրս թողնել հայկական հարցը։ Այս ուղղությամբ առաջին և կարևոր քայլը հայկական պատվիրակության մասնակցությունը կասեցնելն էր։ 1921 թ. սկզբին թուրքերն ասում են, թե իրենք չեն վստահում հեղկոմին ու հայ կոմունիստներին՝ ընդհանրապես, և պատճառներից մեկը իշխանության կազմում Դրոյի ներկայությունն էր։ 1921 թ. հայկական բանակի հարյուրավոր սպաներ, այդ թվում՝ Դրաստամատ Կանայանը աքսորվում են Հայաստանից։

Բաթումից առավել թուրքերը ջանում էին իրենց ազդեցության տակ պահել Նախիջևանը, որը նրանց համար ուներ ծայրահեղ կարևոր ռազմավարական նշանակություն թե՛ արևելքում Ադրբեջանի հետ կապ հաստատելու համար, թե՛ որպես Հայաստանի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող երկրամաս։

Անգամ 1918 թ. վերջին՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից և Անդրկովկասից հեռանալուց հետո, Թուրքիան ամեն գնով փորձում էր պահել ազդեցությունը Նախիջևանում։ Թուրք սպաներն ու գործակալները ոտքի էին հանում Նախիջևանի թաթար ազգաբնակչությանը, զենք ու զինամթերք մատակարարում, կազմակերպչական ակտիվ աշխատանք տանում։

Բոլշևիկների վերադառնալուց ու Զանգեզուրում հայկական ուժերի հետ առաջին բախումներից հետո, 1920 թ. օգոստոսի 10-ի ռուս-հայկական համաձայնագրով Նախիջևանը հայտարարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածք, որտեղ տեղակայվում են խորհրդային զորքերը։ Համաձայնագրով հայկական կողմն իրավունք ուներ օգտվելու Շարուր-Շահթախտի-Ջուլֆա երկաթգծից։ 1920 թ. թուրք-հայկական պատերազմից և Հայաստանի պարտությունից հետո թուրքերն ամեն ինչ անում էին, որպեսզի երկաթուղին անցնի իրենց լիակատար վերահսկողության տակ։ Ալեքսանդրապոլի պայմանագրով, ինչպես նշել ենք, Նախիջևանը պետք է լիներ ինքնավար կազմավորում՝ Թուրքիայի հովանավորության ներքո։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելուց հետո Ադրբեջանի հեղկոմի ներկայացուցիչներն ի լուր աշխարհի հայտարարել էին, թե Նախիջևանը և Զանգեզուրը պետք է լինեն Հայաստանի կազմում, ինչն առաջացրել էր հայ բոլշևիկների ոգևորությունն ու Թուրքիայի խորը մտահոգությունը։ 1920 թ. վերջին, երբ քննարկվում էին ռուս-թուրքական խորհրդաժողովի հարցերը, թուրքերն է՛լ ավելի են ակտիվացնում իրենց գործողությունները Նախիջևանում։ 1921 թ. հունվարին երկրամասում թուրքական զորքերի հրամանատար Վեյսալ բեյը երկու անգամ փորձում է տապալել խորհրդային իշխանությունը, սակայն հաջողություն չի ունենում։

Թուրքամետ գործելակերպ էր որդեգրել նաև Ադրբեջանի հեղկոմի անդամ Բեհբութ Շախթախտինսկին, որը նպաստում էր Նախիջևանում թուրքամետ տրամադրություններ տարածելուն։ 1921 թ. հունվարին Նախիջևանի բնակիչներին նա ասել էր, թե «Ադրբեջանը ձեզ ծախեց, եթե ես լինեի Բաքվում, ապա դա թույլ չէի տա... Ես հեռանում եմ... Հիմա դուք հայացքներդ ուղղեք թուրքերին։ Նրանք են ձեր միակ փրկությունը»։

Այսպիսով, ակնհայտ էր, որ թե՛ թուրքերը և թե՛ ադրբեջանցիներն ամեն ինչ անում էին, որպեսզի Նախիջևանը չլինի Խորհրդային Հայաստանի կազմում։

Թուրքերը, սակայն, չէին սահմանափակվում միայն Նախիջևանում ձեռնարկվող քայլերով. 1920 թ. դեկտեմբերի վերջին նրանք փակում են Հայաստանից Նախիջևան տանող բոլոր խճուղիներն ու երկաթուղին։ Մոտ մեկ ամիս անց թուրքերի գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ է հաղորդում Նախիջևանի արտակարգ կոմիսար Վելիբեկովը։ «Թուրքիան վերջին ժամանակներս սիրախաղ է անում ինչպես մեզ, այնպես էլ Անտանտայի հետ և, ինչպես վերջին փաստերն են ցույց տալիս, թեքվել է Անտանտայի կողմը։ Նա ցանկություն ուներ զավթել սեպաձև խրված Նախիջևանի շրջանը՝ իրականացնելու համար իր պլանը. բարձրացնել ընդհանուր հակահեղափոխություն սկսած Անատոլիայից, Մակուից, Նախիջևանից, պարսկական Ադրբեջանից և վերջացրած Խորհրդային Ադրբեջանով»,— զեկուցում էր Վելիբեկովը[7]։

Նախիջևանի հարցում թուրքերի ճնշումը Խորհրդային Ռուսաստանի վրա շարունակվում է անգամ 1921 թ. փետրվարին, երբ հայտնի էր խորհրդաժողովի ժամկետը։ Փետրվարի սկզբին թուրք գործակալների հրահրումով նոր խռովություն է բռնկվում Ջահրի գյուղում, որտեղ ձերբակալվում են խորհրդային իշխանության ներկայացուցիչները։ Զուգահեռաբար թուրքերը զինում են Ջուլֆայի տեղական ուժերին՝ մոտ 800 հոգու, որոնք պետք է օգնության հասնեին Ջահրի, սակայն Կարմիր բանակի ստորաբաժանումները կարողանում են ճնշել խռովությունը։ 1921 թ. փետրվարի 3-ին Վելիբեկովը զեկուցում է, որ թուրքերի վերաբերմունքը խորհրդային իշխանության ներկայացուցիչների հանդեպ «որոշակիորեն թշնամական է»։ «Նրանք նպատակադրվել են զավթել Նախիջևանի շրջանը և այդ խնդրի իրագործման համար ձեռնարկում են բոլոր միջոցները։ Նախիջևանի շրջանում առանձնապես իրական մեծ ուժ չունենալով՝ նրանք ձգտում են օգտագործել տեղական հակահեղափոխական տարրերին»,— գրում էր Վելիբեկովը[8]։

Հակախորհրդային գործողությունների հաջորդ դրվագում թուրքական զորամասի հրամանատար Վեյսալ բեյն իրեն հռչակում է Նախիջևանի արտակարգ կոմիսար։ Այդ օրերին Հայաստանում բռնկվել էր Փետրվարյան ապստամբությունը, և Վեյսալ բեյը բոլշևիկներին հայտնում էր, թե հայերը պատրաստվում են ներխուժել Նախիջևան, ինչը կանխելու համար նա իր վրա է վերցնում Նախիջևանի պաշտպանությունը։ Թուրքական հրամանատարը ցանկանում էր նաև մասնակի զորակոչ հայտարարել, ինչը, սակայն, կասեցնում են խորհրդային իշխանությունները։

Հայաստանին Նախիջևանի միացումը բացառելու ուղղությամբ ակտիվորեն աշխատում էին նաև ադրբեջանցիները։ Նարիմանովի հայտնի հայտարարությունը մարտավարական հնարք էր, և ամենայն հավանականությամբ, ուղղված էր նպաստելու Հայաստանի խորհրդայնացմանը։

1921 թ. մարտին Բեհբութ Շախթախտինսկին Ռկ(բ)Կ Կովկասյան բյուրոյին հայտնում է, որ Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին հանձնելու որոշումը Կարաբեքիրի վրա ծանր տպավորություն է թողել։ «Կարաբեքիրն անկեղծորեն ասաց, որ Թուրքիայի համար մեծագույն դժբախտություն, իսկ Ռուսաստանին՝ ոչ ձեռնտու կլինի, եթե նրանք չհասկանան միմյանց»,— գրում էր Շախթախտինսկին[9]։ Թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելու համար Շախթախտինսկին առաջարկում է Նախիջևանի շրջանը դարձնել ինքնուրույն վարչական միավոր՝ Ռուսաստանի հովանու ներքո։ «Ռազմավարական նշանակություն ունեցող այդ անկյունը չի կարելի տալ թուրքերին։ Շրջանի ինքնավար լինելը, կարելի է ենթադրել, կբավարարի նաև թուրքերին»,— եզրակացնում էր նա։ Այսպես, դիվանագիտական ու ռազմական ձեռնարկներով քայլ առ քայլ դուրս էր մղվում Նախիջևանը Խորհրդային Հայաստանի կազմում թողնելու գաղափարը։

1921 թ. փետրվարի սկզբին Բաքու է ժամանում թուրքական պատվիրակությունը, որի նախագահը Յուսուֆ Քեմալ բեյն էր (Մուստաֆա Քեմալի եղբայրը)։ Պատվիրակության անդամների թիվը պատկառելի էր՝ 45 մարդ, որոնց թվում էին Մոսկվայում Անգորայի կառավարության դեսպան Ալի Ֆուադ փաշան (Ջեբեսոյ), Ռզա Նուրի բեյը։ Փետրվարի 6-ին նրանք Շախթախտինսկու ուղեկցությամբ դուրս են գալիս Բաքվից և փետրվարի 18-ին հասնում Մոսկվա։

Մոսկվայի կոնֆերանսին պատրաստվում էին նաև հայերը։ 1920 թ. դեկտեմբերին Հայհեղկոմի անդամներ Ասքանազ Մռավյանը և Սահակ Տեր-Գաբրիելյանը Մոսկվայում հանդիպում են Լենինին, Տրոցկուն, ապա արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Լևոն Կարախանին։ Սակայն հեղափոխության առաջնորդների խոսքերը հուսադրող չէին։ 1920 թ. դեկտեմբերի 26-ին Մռավյանը Մոսկվայից հաղորդում է Երևան. «Մոսկվայի դիրքորոշումն այնքան էլ հստակ չէ։ …Մեզ լսելուց հետո Լենինն ասաց, որ Անգորայի կառավարության սոցիալական էությունը հասկանում է և համակարծիք է, որ նրանք կոմունիզմին դեմ են, սակայն վստահ է, որ թուրք գյուղացիների շրջանում խմորումներ կան և որպես հիմնավորում բերեց Կոնիայի բոլշևիկյան ապստամբությունը։ Նրա կարծիքով Կարմիր բանակի և թուրքական զորամասերի բախումները վատ կվերջանան։ Մեր հավաստիացումներին, թե դա տեղի չի ունենա, հետևեց պատասխանը. «Ես այլ կարծիքի եմ»։ Հետո նա [Լենինը] ասաց. «Հասկացեք, ընկերներ, Ռուսաստանը ներկա պահին չի ուզում և չի կարող պատերազմել, հատկապես՝ Կարսի համար», որը Լենինի կարծիքով թուրքական քաղաք է։ Երբ մենք նշեցինք հայ ժողովրդի ծանր դրությունը, որը հայ աշխատավորների աչքում կսասաներ Կոմունիստական կուսակցության հեղինակությունը, ստացանք հետևյալ պատասխանը. «Մենք հարկադրված ենք ժամանակավորապես հայ աշխատավորների շահերը զոհաբերել համաշխարհային հեղափոխության շահերին։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան նույն ճակատագրին արժանացան։ Հայաստանին մենք հիմա կարող ենք օգնել փողով և սննդամթերքով, ինչպես նաև, Հայաստանում տեղայակել այնքան զորք, որպեսզի Անգորան զիջող դառնա»,— գրում է Մռավյանը[10]։

Չիչերինը հայերին չի ընդունում և ուղարկում է Կարախանի մոտ։ Վերջինս ասում է, որ Կարսի և Նախիջևանի հարցում հնարավոր չէ զիջումներ ստանալ և «ես նպատակահարմար չեմ համարում Կարսի հարցը դարձնել Անգորային հետ հարաբերությունները խզելու պատճառ»։

Մոսկվայի խորհրդաժողովին ներկայացնելու համար հայկական կողմը տեղեկատվական մեծ փաթեթ է պատրաստում, որտեղ ներառված էին քարտեզներ, տեղեկանքներ, վիճակագրական տվյալներ։ Հայկական պատվիրակությունը Մոսկվա է հասնում 1921 թ. փետրվարի 18-ին՝ քեմալականների հետ նույն գնացքով։ Տեղ հասնելուն պես թուրքերը հայտարարում են, թե Հայաստանը և Ադրբեջանը չպետք է մասնակցեն խորհրդաժողովին, քանի որ իրենք նրանց հետ բանակցելու լիազորություն չունեն։ Ռուսական կողմը համաձայնում է։

Կոնֆերանսի օրերին Թուրքիայի միջազգային դիրքն է՛լ ավելի էր ուժեղացել. հունվար-փետրվարին Զմյուռնիայում հունական բանակի դեմ հաջողություններ էին արձանագրվել։ Բացի այդ, Լոնդոնում գումարվել էր Դաշնակիցների խորհրդաժողովը, որտեղ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքն այլևս փոխված էր։ Լոնդոնում զգալիորեն նվազեցվում են Սևրի պայմանագրի դրույթները. միացյալ և անկախ Հայաստանի պահանջը փոխարինվում է «ազգային տան» գաղափարով։

«Ակներև է, որ Հայաստանն Արևմուտքի տերություններին պետք էր բոլշևիզմի դեմ պայքարելու համար։ Երբ նրանք համոզվեցին, որ Հայաստանը ոչ միայն ի վիճակի չէ պայքարելու բոլշևիզմի դեմ և անգամ սեփական ուժերով ընդունակ չէ պաշտպանելու իր սահմանները խորհրդա-քեմալական ներխուժումից, գործնականում կորցրին հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,— գրում է պատմաբան Արարատ Հակոբյանը[11]։

1921 թ. փետրվարի 23-ին թուրքական պատվիրակությունը հանդիպում է Ազգությունների հարցերով ժողկոմ Ստալինին, որն ասում է, թե խորհրդաժողովում հայկական հարցը չի քննարկվելու։ Նույն հավաստիացումն անում է արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինը, ապա՝ անձամբ Լենինը։

Մոսկվայի խորհրդաժողովի օրերին սկսվում է Վրաստանի խորհրդայնացումը, որին զուգահեռ թուրքական զորքը վերցնում է Արդահանը և մոտենում Բաթումին։ Մարտի սկզբին թուրքական ոչ մեծ մի ստորաբաժանում մտնում է քաղաք, ինչն առաջացնում է խորհրդային իշխանությունների խորը դժգոհությունը, և Կարմիր բանակը սրընթաց երթով հասնում է Բաթում։

Մոսկվայի պայմանագրով Նախիջևանը Ադրբեջանի կազմում ինքնավարություն է ստանում՝ պայմանով, որ չի կարող հանձնվել երրորդ կողմին, այսինքն՝ Հայաստանին։ Բաթում քաղաքն ու նավահանգիստը մնում են Խորհրդային Վրաստանին։ Մոսկվայի պայմանագիրը գրեթե նույնությամբ վերահաստատում է Ալեքսանդրապոլի պայմանագրով նախատեսված սահմանային փոփոխությունները. Հայաստանը շուրջ 20 հազար կմ2 տարածք է զիջում Թուրքիային։ Փոխվում են, սակայն, Ալեքսանդրապոլի պայմանագրի այն հոդվածները, որոնք իրավունք էին տալիս Թուրքիային միջամտելու Հայաստանի ներքին գործերին, և սահմանափակում էին զորքերի թվակազմը, այն, ինչ ամենից շատ էր անհանգստացնում ռուսական կողմին։

Այսպիսով, Թուրքիան կարողանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ճկուն քաղաքականություն վարելով և ռազմական ուժի ցուցադրումով բանակցություններից առավելագույն արդյունք քաղել։ Հայկական կողմը բազմաթիվ բողոքներ է հղում Կենտրոնական իշխանություններին, սակայն դրանք բոլորը զուր ջանքեր էին. Հայաստանը պարտվել էր պատերազմում, իսկ պատերազմի հետևանքները բողոքներով չեն հանգուցալուծվում։

 

-----------------------

[1] Արարատ Հակոբյան, Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում, Երևան, 2010, էջ 36։
[2] Հայաստանը միջազգային դիվանագիտական և Սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 464։
[3] Документы внешней политики СССР, т. 3, Москва, 1959, с. 374.
[4] Հայաստանը միջազգային դիվանագիտական և Սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 466։
[5] Нагорный Карабах в 1918-1923 гг., Сборник документов и материалов. Ереван. 1992, стр. 615.
[6] Արարատ Հակոբյան, Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում, Երևան, 2010, էջ 108։
[7] Էդիկ Զոհրաբյան, Նախիջևանյան հիմնահարցը (1920 թ. մայիս – 1921թ. հոկտեմբեր), Երևան 2010, էջ 254։
[8] Նույն տեղում, էջ 260։
[9] Барсегов Ю.Г.  Геноцид армян. Ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, стр. 405.
[10] Барсегов Ю.Г. Геноцид армян. Ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, стр. 336-337.
[11] Արարատ Հակոբյան, Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում, Երևան, 2010, էջ 151։

Անցյալ

past cover

Արդյո՞ք պատմությունը կրկնվում է։ Վերջին իրադարձությունները անցյալից դասեր քաղելու շուրջ նոր քննարկումների առիթ տվեցին: 2021-ի փետրվարյան մեր թողարկումը, պատմաբան և հրավիրյալ խմբագիր Սուրեն Մանուկյանի համադրությամբ, ընկղմվում է անցյալի խորքերն ու փորձում հասկանալ ներկան:

Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները

Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Կարսի անկումը. Հայացք անցյալին

Պարտությունը 2020 թ. պատերազմում ու Արցախի տարածքի մի մասի կորուստը ժամանակագրորեն համընկավ ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի հետ։ Հանրությունը սկսեց զուգահեռներ անցկացնել Կարսի և Շուշիի անկման միջև:

Հայոց վերջին թագակիր արքան. Սմբատ Սեֆեդինյան-Արծրունի

XIV դարը հայերի համար հատկանշվեց պետականության կորստով, արտագաղթով, քաղաքային, տնտեսական և մշակութային կյանքի համընդհանուր անկմամբ։XV դարի առաջին ու երկրորդ կեսի սկզբին նաև Հայաստանի թագավորության վերականգնման փորձեր ու ծրագրեր եղան։ Ծրագրեր, որոնց շուրջ էին համախմբվելու և գործելու հայկական պետականության վերականգնման գաղափարից չհրաժարված սերունդները։

Միջերկրականի մարգարիտը․ Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք առևտրային խաչմերուկում

Կիլիկիայի հայկական թագավորությունը` նոր շունչ հաղորդելով ավանդականին, համախմբեց և համադրեց մշակույթներ` ստեղծելով նոր, ավելի ամբողջական հայկականություն: Կիլիկյան Հայաստանի գոյատևելը հայ ժողովրդից հսկայական քաղաքակրթական ներուժ էր պահանջում:

Հայաստանի քրիստոնեական դարձը և հայոց գրերի ստեղծումը

Քրիստոնեական դարձը և գրերի գյուտը հայ իրականության կարևորագույն իրադարձություններից են: Բնականաբար դրանց հիմքում որոշակի իրողություններ ու մարտահրավերներ էին, որոնց բացահայտումը խիստ կարևոր է հարցի պատմագիտական ուսումնասիրության համար:

Podcast

nazik armenakyanpodcast

Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը խոսում է իր` վերջերս հրապարակած «Կարմիր Սև Սպիտակ» ֆոտոպատումի մասին, որը ներկայացնում է ՄԻԱՎ-ով վարակված չորս կանանց պատմությունները: 

2021 թ. մարտի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4217 դեպք, որոնցից 1292` իգական սեռի ներկայացուցիչների մոտ, ովքեր վարակվում են մեծամասամբ իրենց ամուսիններից: 

women after genocide podcast

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ հազարավոր արևմտահայ կանայք ենթարկվեցին բռնության, իսկ նրանցից շատերը հայտնվեցին մահմեդական ընտանիքներում: Ցեղասպանությունից որոշ ժամանակ ստեղծված փրկության կոմիտեները սկսեցին գտնել այդ կանանց և վերադարձնել հայ հասարակություն: Այս կանանից շատերի համար ապագան պարտադրեց ևս մեկ վերապրում:

Զրույց ցեղասպանագետ Աննա Ալեքսանյանի հետ:

sevada podcast kond

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը խոսում է քաղաքաշինության ոլորտի մի շարք թերությունների,  հնարավոր լուծումների, Երևանի ներկայիս ճարտարապետական միջավայրի և խնդիների, Կոնդ թաղամասի պատմամշակութային արժեքի ու ապագայի մասին:

soviet kitchenpodcast

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը խոսում է Խորհրդային միության գենդերային բազմաբնույթ քաղաքականության, խորհրդային կարգերի հաստատումից հետո ավանդական հայկական ընտանիքում հայ կնոջ դերի փոփոխության, խոհանոցի միջոցով կնոջն ազատագրելու և խոհանոցի գաղափարի ընկալման մասին: 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team