2020-ի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը թանկացնում է ծառայությունները։ Սակագների եռակի բարձրացումը ծանր հարված է հատկապես արտաքին շուկաների հետ աշխատող հայաստանյան փոքր բիզնեսին։
14 տարվա մասնավոր կառավարումից հետո «Հայփոստը» 2020-ին նորից անցավ պետական կառավարման։ Չնայած ծառայությունների թանկացումը բացատրվում է ֆինանսական դժվարություններով, ընկերությունը մեծ պլաններ ունի՝ նոր վարկային կազմակերպությունից մինչև երկնաքերի կառուցում։
2004 թ․ «Հայփոստը» հանձնվել էր հավատարմագրային կառավարման Լատվիայում գրանցված Converse Invest ընկերությանը։ Այսինքն՝ սեփականատերը մնացել էր պետությունը, բայց կառավարիչ դարձել էր մասնավոր ընկերություն։ Երկու տարի անց հավատարմագրային կառավարիչը փոխվեց։ Այս անգամ կառավարումը ստանձնեց Նիդերլանդներում գրանցված «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը, որի սեփականատերը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն էր։
Էռնեկյանի ընկերությունը կառավարում էր «Հայփոստը» 14 տարի, 2020 թ․ ապրիլին, սակայն, կառավարումը նորից վերադարձվեց պետությանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Նույն այդ ժամանակ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն նշանակվեց Հայկ Կարապետյանը։
Պետական կառավարման վերադառնալուց հետո «Հայփոստը» սկսեց վերանայել գործող սակագները։ Հայաստանի տարածքում թանկացավ նամակ ուղարկելը, փոխարենն ավելի էժան է ծանրոցների առաքումը։ Պատկերը այլ է միջազգային ուղղություններում։
2020-ի սեպտեմբերին համաձայնագիր կնքվեց «Պոչտա Ռոսսիի» ընկերության հետ, ինչի շնորհիվ մի քանի անգամ նվազեց դեպի Ռուսաստան ծանրոցների առաքման գինը։ Դեպի Մոսկվա և Մոսկվայի մարզ մինչև մեկ կիլոգրամ ծանրոց ուղարկելն այժմ արժե 2,950 դրամ, դեպի ՌԴ այլ շրջաններ՝ 6,000 դրամ։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ «Հայփոստը» պայմանավորվածություն է ձեռք բերել նաև Ֆրանսիայի «Լա Պոստ» փոստային օպերատորի հետ։ Դեպի Ֆրասիա առաքումների գինը մեկ կիլիգորամի համար նախկին 14,900-ի փոխարեն այժմ 9,900 դրամ է կազմելու, յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի դիմաց՝ 2,900 դրամ, նախկին 6,000-ի փոխարեն։
Մյուս ուղղություններով, սակայն, 2021-ի հունվարից ծառայությունների գները բարձրացել են։ Դեպի ԵՄ մեկ կիլոգրամ ծանրոց այժմ հնարավոր է առաքել 14,900 դրամով, դեպի ԱՄՆ և Կանադա՝ 17,900 դրամով։
Մինչ այս փոփոխությունները «Հայփոստի» ծառայությունները տարածաշրջանում ամենից էժանն էին։ Վրաստանում մեկ կիլոգրամ ծանրոց ԱՄՆ հնարավոր է ուղարկել 109 լարիով կամ մոտ 17,000 դրամով։ Ադրբեջանից ԱՄՆ մեկ կիլոգրամ ծանրոցի առաքումն արժե 22,2 մանաթ կամ շուրջ 6,700 դրամ։
Թանկացումն առաջին հերթին հարվածում է արտաքին շուկանեի հետ աշխատող հայաստանյան փոքր բիզնեսին։ Բազմաթիվ անհատ ձեռներեցներ ու ընտանեկան բիզնեսներ, որոնք իրենց արտադրանքը հիմնականում ԵՄ և ԱՄՆ էին ուղարկում, տուժելու են գների փոփոխությունից։
Եվա Գևորգյան, In Art Studio կերամիկայի ստուդիայի համահիմնադիր
Մեզ համար ոչ թե երեք, այլ չորս անգամ է բարձրացել գինը։ Դեկտեմբերին մենք ուղարկում էինք երկու կիլոգրամը ամենաշատը 7,000 դրամով, հիմա մոտ 29,000 է։ Մեր ամենափոքր պատվերի քաշը 300 գրամ է, որովհետև կերամիկա է, ծանր է։ Առաջ այն ուղարկելը արժեր 3,000 դրամ, հիմա արդեն 15,000։
Ստուդիայում կերամիկայի դասընթացներ ունեինք և արտասահմանից պատվերներ էինք ստանում։ Հիմնականում ԱՄՆ-ից էին պատվիրում, բայց ամեն տեղ էլ ուղարկում էինք՝ Ֆրանսիա, Անգլիա, Լիտվա։ Համավարակի և պատերազմի հետևանքով դասընթացները դադարեցրել էինք ու կենտրոնացել պատվերների վրա, ու ոնց որ ամեն ինչ արդեն կարգավորվում էր։ Բայց «Հայփոստի» պատճառով պատվերներն էլ դադարեցին, ու ստուդիան ընդհանրապես փակվեց։
2015-ից էինք աշխատում, հիմնադիրները ես ու ամուսինս էինք, և երկու աշխատող ունեինք։ Միայն մենք չենք, շատերը կան, որ ստիպված եղան փակվել։
Արմինե Հարությունյան, Seeds of Wind զարդերի բրենդի հիմնադիր
Ես զարդեր եմ պատրաստում, վաճառում օնլայն խանութում և Ֆեյսբուքով։ Ամենաշատը պատվիրում են ԱՄՆ-ից։ Առաջ ընդունելի էր «Հայփոստով» ուղարկելու գինը։ Իմ պատվերների միջին քաշը սովորաբար մինչև 100 գրամ է, որի համար վճարում էի 1,600 դրամ, իսկ ամեն հաջորդ 100 գրամի համար ավելանում էր 500 դրամ։
Այսօր գնացի «Հայփոստ», իմ փաթեթի քաշը կազմեց 105 գրամ, ու վճարեցի նախ 4,000 դրամ, և այդ ավելացած 5 գրամի համար՝ ևս 2,000 դրամ։ Մահացու չէ իհարկե, բայց․․․
Եթե առաջ մարդ մտածում էր երկու առարկա գնի, կամ երեք, կամ չորս, հիմա մտածում է մեկը միայն վերցնի կամ ընդհանրապես չվերցնի, որովհետև տեսնում է, որ առաքման գինը ապրանքի գնի բավականին մեծ տոկոսն է կազմում։
Ներկայացուցիչ, Bambak.shop առցանց խանութ
Գրեթե չորս անգամ թանկացել է գինը մեզ համար. առաջ 2 կիլոգրամի համար մոտ 7,000 դրամ էինք վճարում, հիմա՝ 29,000։ Գրքերի համար սահմանված է հատուկ գին, բայց միևնույնն է, շատ թանկ է։ Իհարկե, պատվերների քանակի վրա ազդում է գինը։
Պատվիրում են այն մարդիկ, որոնք շատ են ուզում ունենալ հենց այդ արտադրանքը, որովհետև եթե օրինակ շապիկի վրա էթնիկ տարրեր չկան, ապա այդպիսի սովորական հագուստը շատ ավելի մատչելի գնով կարելի է գտնել։
Միակ ավելի էժան այլընտրանքը, որից մենք օգտվում ենք, «Օնեքս» ընկերությունն է, որը Ռուսաստան և ԱՄՆ ունի դռնից դուռ առաքում։
Դեռ փորձում ենք գոյատևել ու հույս ունենք, որ շուտով [առաքման ծառայություններ մատուցող - հեղ.] այլ ընկերություններ կբացվեն, որովհետև այսպես երկար մնալ չի կարող, չի կարելի հույսը միայն սփյուռքահայության բարության վրա դնել։
Նանա Մանուչարյան, Terracotta արվեստանոցների ցանցի հիմնադիր տնօրեն
Կարանտինի շրջանում շատ ենք տուժել, բոլորն են տուժել արվեստի ոլորտում։ Խանութները, որոնց հետ համագործակցում էինք, կամ ընդհանրապես փակվեցին, կամ մեր մասը փակեցին, որովհետև այն երբեք էլ ամենաեկամտաբերը չի եղել։ Մեզ ուղղակի տուփերով հետ էին հանձնում ապրանքը։ Այդ ժամանակ բացեցինք նոր բիզնես՝ տորթերի պատրաստում։ Դրա շնորհիվ միայն կերամիկայի ստուդիաները պահեցինք՝ կարողացանք վճարել մոտ տասը աշխատողի։
Շատ չէ, բայց ստանում էինք պատվերներ դրսից։ Այս փուլում դրանից էլ ենք զրկվում, քանի որ առաքման գինը ստացվում է ավելի թանկ, քան հենց իրը։
Ես փնտրել եմ «Հայփոստին» այլընտրանք, բայց չկա։ Ստացվում է, որ մեզ մոտ կապը մնացել է միայն Ռուսաստանի հետ, որտեղ գինը չի ավելացել, որոշ տեղերում նույնիսկ նվազել է։ Բայց ԱՄՆ-ի և Եվրոպայի սփյուռքը մնում է «դրսում»․ ո՛չ «Օնեքսը», ո՛չ էլ «Գլոբինգը» հարմար տարբերակներ չունեն։ Ու արդեն պատվերներ չենք ուղարկի դուրս․ չենք առաջարկի, չենք էլ գովազդի։ Ես ծրագրում էի մեր «Բարի կենդան» հագուստի բրենդի արտադրանքը առաջարկել արտասահմանում հայկական համայնքներին, բայց դա անիմաստ է դառնում, որովհետև առաքումը չափազանց թանկ է նստում նույնիսկ թեթև ապրանքների դեպքում։
Վերջին հինգ տարիներին «Հայփոստը» տարեկան շուրջ 825,000 փաթեթ և ծանրոց է առաքել Հայաստանի տարածքում, և շուրջ 290,000՝ դեպի արտերկիր։
Վերջին հինգ տարիներին ո՞րքան նամակ է տարեկան առաքվել Հայաստանի տարածքում և դեպի արտերկիր։
Ներհանրապետական – 16,000,000 նամակ
Միջազգային – 200,000 նամակ
Վերջին հինգ տարիներին ո՞րքան ծանրոց է տարեկան առաքվել Հայաստանի տարածքում և դեպի արտերկիր։ Ի՞նչ տեսակի ծանրոցներ են հիմնականում։
Ներհանրապետական – 825,000, որի 70%-ը փաթեթ է, մնացածը՝ ծանրոց
Միջազգային – 290,000, որի 80%-ը մանր կապոց է, մնացածը՝ ծանրոց
«Հայփոստի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանի խոսքով՝ ընկերությունը 20 տարի չի վերանայել սակագները և վերջին տարիներին աշխատում էր վնասով։ «Հայփոստի թե ներհանրապետական, թե միջազգային առաքումների գործող սակագները ավելի ցածր էին, քան առաքման ինքնարժեքը,- նշում է Աբրահամյանը։- Նոր՝ փոփոխված սակագների սահմանման սկզբունքը հետևյալն է. գնի 60 տոկոսը այն գումարն է, որը «Հայփոստը» վճարում է արտասահմանյան գործընկեր փոստային օպերատորներին՝ առաքանին հասցեական տեղ հասցնելու համար, 30 տոկոսը կազմում են լոգիստիկ և տրանսպորտային ծախսերը, և միայն գնագոյացման 10 տոկոսն է, որ կարգավորվում է «Հայփոստի» կողմից»։
Ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն էր հրապարակել փոստային մի բաժանմունքից, որն այնքան էլ բարվոք վիճակում չէր։ «Վիճակը շտկելու համար այսօր արդեն գործնական քայլեր են արվում, իսկ առաջին քայլը լինելու է վնասով աշխատելու արատավոր պրակտիկայից հրաժարումը»,- գրել էր գլխավոր գործադիր տնօրենը։
Սակայն սակագների կտրուկ ու զգալի բարձրացումը դժգոհության տեղիք է տվել։ Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյան EVN Report-ի հետ զրույցում նշեց, որ ասոցացիան «Հայփոստի» փոփոխված գների վերաբերյալ բողոք է ստացել մի խումբ մարդկանցից։ Բողոքն ուղարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որը այն պետք է ուսումնասիրի և եզրակացություն տա։
2020-ին փոստային ծառայությունները միայն Հայաստանում չեն թանկացել։ Bloomberg-ի տվյալներով՝ աշխարհում օդային բեռնափոխադրումների գրեթե կեսն իրականացվում է ուղևորափոխադրող թռիչքներով։ Կորոնավիրուսի համավարակը դրանց զգալի կրճատման է հանգեցրել, մինչդեռ բեռնափոխադրումների պահանջարկը բարձր է մնացել։ Արդյունքում, օդային ճանապարհով բեռնափոխադրման գներն աշխարհում աճել են մոտ 19%-ով։
Չնայած ֆինանսական դժվարություններին և համավարակի բերած խնդիրներին, «Հայփոստը» մեծ ծրագրեր ունի։ Տնօրեն Հայկ Կարապետյանը հայտարարել է, որ ընկերությունը երկնաքեր կկառուցի Սարյան փողոցում՝ «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի հարևանությամբ։ Ըստ Կարապետյանի՝ նոր երկնաքերը հին շենքի հետ կապված կլինի կամրջակով, շենքում կլինի գրախանութ, հյուրանոց, անգամ թանգարան։
Ընկերությունը ծրագրում է ընդլայնել նաև մատուցվող ծառայությունների ցանկը և դիմել է Կենտրոնական բանկ՝ «Փոստ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը լիցենզավորելու համար։
read in English
մեր հայերեն էջից
Հայաստանում զինված ուժերի քաղաքական չեզոքությունը չպահպանելու և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը խախտելու հանգամանքը, ինչպես նաև իշխանության ու ընդդիմության միջև բևեռացումը խոսում է լրջագույն ճգնաժամի առկայության մասին, որի անտեսումը կարող է հանգեցնել դրա սրմանը, իսկ ստատուս քվոյի պահպանումը՝ այն ավելի անկայուն և պայթյունավտանգ դարձնելուն:
Արցախյան երկրորդ պատերազմի բերած ճգնաժամի ծավալն ու խորությունը փշրել են հայության բոլոր ընկալումները, առասպելներն ու պատրանքները։ Հոդվածում առաջարկվում է ստեղծել Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով՝ ախտորոշելու եւ շտկելու ռազմական և աշխարհաքաղաքական այսպիսի ձախողման հանգեցրած համակարգային սխալները։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հարված էր վեճերը խաղաղ կարգավորելու միջազգային սկզբունքին։ Համաշխարհային տերությունները պետք է դատապարտեն Ադրբեջանի այս ոտնձգությունն ու փորձեն կանխել դրա հետևանքները:
2020 թ. Արցախյան պատերազմից հետո ունեցվածքի կորստի տեղական փաստահավաք նախաձեռնությունների հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը նաև միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ, որը ներառում է գույքային իրավունքներին վերաբերող հարցեր:
Երբ Երկաթե վարագույրն ընկավ, իր հետ փլուզելով նաև խորհրդային միակուսակցական համակարգը, նոր կայացող կուսակցությունները մի շարք խնդիրների բախվեցին։ Դրանց համար սովորական դարձավ անհատների (որպես կանոն՝ հիմնադիր-առաջնորդ-հովանավորի) և ոչ թե գաղափարախոսության շուրջ կենտրոնանալը։
Զինվորի տուն՝ այսպես են անվանում շուրջ երեք տարի առաջ ստեղծված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որն այս ընթացքում հարյուրավոր զինհաշմանդամների հույսի տունն է դարձել՝ ապաքինման ճանապարհին։