«Մեր տունը համարյա անտառի մեջ է, գյուղի վերջին տունն է։ Լսել եմ, որ ադրբեջանցիները վառել են այդ տներից մեկը, որպեսզի մեր ողջ մնացած զինվորականները թաքնվել չկարողանան։ Թե ինչ վիճակում է տունը, չեմ կարող ասել։ Շատ եմ ուզում մեր տուն գնալ, դիմել եմ Մուրադովին (Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար - հեղ․), որ թույլ տան այցելել մեր գյուղ, տուն»,- EVN Report-ին պատմում է 60-ամյա գործարար Լարիսա Առաքելյանը, որի հայրական տունն ու այգին Հադրութի Ծակուռ գյուղում են։
Գյուղը հիմա ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է։ Արդեն երկրորդ անգամն է, որ Առաքելյանների ընտանիքը կորցնում է իր տունը։ Առաջինը Բաքվում էր․ «Ես ծնվել եմ Բաքվում, բայց արմատներով Արցախից եմ։ Մինչև 1988-ը Բաքվում ենք ապրել, մեծ սեփական տուն ունեինք՝ բակով․ հայրս ու մայրս էին կառուցել իրենց երեխաների համար»։ Լոնդոնում ապրող Լարիսան պատերազմից առաջ էր եկել Արցախ՝ հայրական տունը վերանորոգելու. այստեղ հուշերը մանկությունից են․ «Մենք ամեն ամառ գալիս էինք, այստեղ թե՛ հոգով, թե՛ մարմնով հանգստանում ես։ Ես աշխարհի կեսը ման եմ եկել, բայց ինձ ամենաշատը Արցախն էր ձգում... Մեր բակում զեյթունի ծառ կար, մոտ 200 տարեկան...»։
Առաջին քայլը դեպի արդարություն. ապացույցների հավաքագրում
Պատերազմից հետո Լարիսան Ստեփանակերտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների, իրավախախտումների ու հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ է նախաձեռնել։ Ասում է՝ առաջիններից է, ով բարձրացրել է Ադրբեջանից փոխհատուցում ստանալու հարցը և դիմել է իրավաբանների։ Բաքվում կորցրածի համար էլ է պատրաստվում փոխհատուցում պահանջել. «Նրանք անցել են բոլոր սահմանները, նրանք չեն թողնում մեզ հանգիստ ապրել, ոչնչացնում են մեր ազգին։ Մենք չենք լռելու, շարունակելու ենք մինչև վերջ, մեր տարածքների դեօկուպացիային ուղղված այլ նախագծեր էլ ենք ունենալու»։
Լարիսային միացել ու աջակցում են տեղի մի շարք կազմակերպություններ։ Փաստահավաք աշխատանքների համար իր գրասենյակն է տրամադրել Անահիտ Թովմասյանը՝ «Նաշ դոմ» անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Օրական մոտ 30 մարդ է այցելում գրասենյակ, նոյեմբերից ի վեր ավելի քան 1000 մարդ են ընդունել։ Սակայն տուն-տեղ կորցրածների ցուցակները երկար են։
Ադրբեջանի հանցագործությունների ու իրավախախտումների վերաբերյալ փաստահավաք գործունեություն ծավալվում է ոչ միայն Արցախում։ Այս գործին միացել են հայաստանյան մի շարք կազմակերպությունների, իրավաբանների մի խումբ կա նաև Միացյալ Նահանգներում։
Լոս Անջելեսում ապրող փաստաբան Միլենա Մայիլյանը EVN Report-ի զրույցում նշում է, որ վերապատրաստումներ են կազմակերպում հայաստանցի մասնագետների հետ, որպեսզի փաստահավաք աշխատանքն առավելագույնս պրոֆեսիոնալ կատարվի։ Ապացույցների հավաքագրումը կատարվում է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը դրանք ընդունելի են դարձնում թե՛ ամերիկյան, թե միջազգային այլ ատյանների համար։ Միլենա Մայիլյանի խոսքով՝ ապացուցողական այս բազան մեծ աջակցություն է լինելու բոլոր այն կազմակերպություններին, որոնք գանգատներ կներկայացնեն միջազգային ատյաններ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Այսինքն, հաջորդ քայլը արցախցիների իրավունքների պաշտպանությունն է լինելու։ «Պետք է լուրջ վերաբերվել փաստահավաքությանը, յուրաքանչյուր փաստ պետք է ճիշտ պահվի։ Հակառակ դեպքում չես կարողանալու ապացուցել, թե ումն է եղել այդ տունը, ինչ արժեք է ունեցել։ Նույնիսկ պատի փոքր նկարը, որը 1000 դրամով ես գնել, կարող է սենտիմենտալ արժեք ունենալ ու դրա կորուստը հոգեկան խնդիրներ առաջացնել». Միլենա Մայիլյանն ընդգծում է, որ երբ մարդն իր գույքը կամ դրան վերաբերող փաստերն այրում կամ ոչնչացնում է, վնասում է հենց իրեն, իր իրավունքների պաշտպանությանը։
Լուսանկարներում մնացած ունեցվածք
32-ամյա Անուշ Հարությունյանը, լացը կոկորդում սեղմելով, պատմում է, թե ինչպես վերջին անգամ նկարեց գյուղը, դպրոցը, տունը. «Նոյեմբերի 10-ին մի օրով գնացել եմ, մենակ՝ առանց երեխաների։ Վերցրել եմ մեր իրերը, երեխաներինը, որոշ բաներ, որ արժեքավոր եմ համարել, դուրս եմ եկել։ Շատ գեղեցիկ համայնք էր, սիրուն վերանորոգված դպրոց ունեինք, ամեն պայման կար՝ լավ ապրելու, ես ուսուցչուհի էի, ամուսինս ուսուցիչ էր, աշխատում էինք, մեծ տնտեսություն ունեինք՝ մեղուներ, անասուններ...»։
Քաշաթաղի Միրիկ գյուղում (Ադրբեջանին է անցել 2020-ի նոյեմբերի 30-ին) դժվարությամբ տուն-տեղ էին դրել, ամուսնու հետ երեք անչափահաս երեխա էին մեծացնում։ Պատերազմի առաջին օրվանից տղամարդիկ մեկնեցին ճակատ․ «Ամուսինս գնաց Ջրական (Ջաբրայիլ)։ Տեսել էր, որ կորուստներ ունենք։ Հարցրեցի՝ ինչ անեմ, ասաց՝ դու որոշի, բայց թեժ է վիճակը։ Ես անվտանգության համար երեխաներիս հետ տեղափոխվեցի Հայաստան… Ցավոք, եղբայրս զոհվեց Հադրութում, իր կինն ու 2 տարեկան բալիկն ինձ հետ են։ Եղբայրս 25 տարեկան էր, «սպեցնազում» էր ծառայում»։
Հիմա Աբովյան քաղաքում բարեկամի տանն են ապրում, ամուսինը դեռևս աշխատանք չունի, իրեն դպրոցում ժամանակավոր աշխատանք են առաջարկել. Միրիկում 11 տարի պատմության, հայոց լեզվի-գրականության ուսուցչուհի է եղել։ «Հիմա օրենսդրություն եմ սովորում, օտար լեզուներ՝ անգլերեն ու թուրքերեն, բավական արդեն գիտեմ, եթե կարողանամ հիմնական աշխատանք գտնել, էլ չեմ նեղվի։ Ես չեմ սիրում օգնության համար դիմել, ուզում եմ ինքս աշխատել»։
24-ամյա Լիլիթ Հայրիյանը պատմում է ամուսնու ընտանիքի, ծնողների ահռելի կորուստների մասին. «Կորցրել ենք տուն, մեքենաներ, լավաշի փուռ, մեծ ֆերմա, այգիներ, տնային կենդանիներ, էնքան բան, որ հնարավոր էլ չէ թվարկել...»։ Նախորդ տարվա օգոստոսին ամուսնանալուց հետո Լիլիթը տեղափոխվել է Հադրութի Այգեստան գյուղ։ Հիշում է, որ սեպտեմբերի 27-ին արթնացել են պայթյունների ձայնից, դուրս եկել բակ, տեսել՝ օդում պտտվող անօդաչու սարքեր. «Մեր տունը ճանապարհի կողքին էր, մի կես ժամ անց արդեն տեսանք տանկերը իջնում են ու մեզ տղաները ձեռքով էին անում, մենք էլ օրհնանք էինք տալիս, որ ողջ-առողջ հետ գան։ Սարսափելի զգացում էր...»։
Հայրական տան (Հադրութ քաղաքում) նկուղը ապահով էր, շտապել է Հադրութ ու տեսել, որ տունն էլ է արկերից վնասվել։ Թեև ճակատ գնացած տղամարդկանց մենակ թողնել չեն ցանկացել, ստիպված են եղել օրեր անց հեռանալ Երևան. «Մտածում էինք, որ մի երկու օրից պատերազմը կվերջանա, հետ կգանք, դրա համար մեր իրերը չվերցրեցինք։ Փաստաթղթերը վերցրեցինք ու դուրս եկանք… Լավաշի փուռ ունեինք, եղբայրս հետ գնաց, տատիկին վերցրեց ու սկսեցին հաց թխել, որ ապաստարանի մարդկանց հաց տանեն… Հայրս բանակին հաց մատակարարող «Երեմյան» ընկերության Հադրութի վարորդների պետն էր, մինչև այսօր էլ աշխատում է, «Արիության» մեդալ է ստացել, երբ զանգում էինք, ասում էր՝ մի զինվոր էլ մնա, պիտի հաց տանենք»։
Ծնողերի մի տունը թշնամին վառել է, մյուսի ճակատագիրը հայտնի չէ, կորցրել են նաև փուռը, մեքենաները։ Ամուսնու ընտանիքը միայն 25 միլիոն դրամ արժողությամբ անասուններ է ունեցել, ժամանակակից ֆերմա, որը կառուցելու համար տունը գրավադրել ու վարկ էին վերցրել, գյուղտեխնիկա (տրակտոր, բեռնատար), արտեր, չէին հասցրել իրացնել նաև տոննաներով խաղողը, գարին, գինին, օղին...
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով շուրջ 35 հազար արցախցի է անտուն մնացել։ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս թիվը որոշակիացվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար աջակցության ծրագրի շրջանակներում (յուրաքանչյուր շահառուի հատկացվում է 300 հազար դրամ միանվագ օգնություն)։
Փոխհատուցում ստանալու ճանապարհները
Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը առաջին անգամ միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում կոնվենցիոն (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա - ՄԻԵԿ) խախտումների վերաբերյալ։ Գանգատին կից ներկայացվել են ծավալուն ապացույցներ, լրացուցիչ ապացույցներ ներկայացվելու են առաջիկայում։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատում բարձրացրել է սեփականությունը կորցրածների իրավունքների պաշտպանության հարցեր։ Եվրադատարանից առաջին ակնկալիքը հենց սեփականության իրավունքի խախտման փաստի ճանաչումն է։ Բացի այն, որ ռազմական գործողությունների հետևանքով, ապա եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել օրինական ճանապարհով ձեռքբերված գույք, այդ գույքը տնօրինելու անհնարինության խնդիր էլ կա։
«Եվրադատարանը երկու ճանապարհով է հանգուցալուծում, երբ ճանաչում է իրավունքի խախտում. նախ վերադարձի հնարավորություն՝ հատկապես շարունակական խախտումների պարագայում, երբ տիտղոսը կա, սակայն գույքը փաստացի տնօրինելու հնարավորությունը չի տրվում, երկրորդ՝ փոխհատուցում, երբ կա նախկին դրությունը վերականգնելու օբյեկտիվ անհնարինություն։ Փոխհատուցումների վերաբերյալ կան հստակ ձևավորված ստանդարտներ. փոխհատուցվում է գույքային վնասը, բացթողնված օգուտը, բարոյական վնասները, իրավունքի վերականգնմանն ուղղված ծախսերը»,- EVN Report-ի հետ զրույցում ասում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշում է նաև, որ տուն կորցնելը ոչ միայն սեփականության իրավունքի, այլև անձնական կյանքի, բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումներ են, որոնք ՄԻԵԿ 8-րդ հոդվածով են պաշտպանվում։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դեռ վաղ է քննարկել, թե միջպետական գանգատի վերաբերյալ վճռի դեպքում փոխհատուցման ինչ մեխանիզմներ կկիրառվեն։ Միևնույն ժամանակ, միջպետական գանգատի գոյությունը չի բացառում անհատական գանգատ ներկայացնելու հնարավորությունը։ Այսինքն, թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձինք կարող են ինքնուրույն գանգատներ ներկայացնել ՄԻԵԴ. «Մեզ դիմել են հատկապես Հադրութի շրջանի բնակիչներ, մի քանի հարյուր դիմումներ ունենք, հավաքագրումը շարունակվում է։ Իհարկե, վերջնարդյունքում պետք է խորհրդակցենք մեր վստահորդների հետ, թե դեպքերը որ չափով ներկայացված լինեն միջպետական, և որ չափով բացառապես անհատական գանգատով։ Եթե միջպետական գանգատով սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներ են դրված, ապա դրա քննությունն ավելի արագ տեղի կունենա, քան անհատականինը։ Ուստի, եթե դիմումատուները ուզում են ժամանակի մեջ շահել, ապա հարցը կներկայացվի միջպետական գանգատով, իսկ եթե ցանկանում են ինքնուրույն գործել, թեկուզ որոշակի ժամանակային կորուստներով, ապա պետք է անհատական գանգատ ներկայացնել»,- նշում է Սահակյանը։ Ի դեպ, անհատական գանգատները կարող են նաև խմբային լինել, երբ ընտանիքի կամ համայնքի անդամները միավորվելով դիմեն դատարան։
Արդյո՞ք վերոնշյալը վերաբերում է թե՛ ռազմական գործողությունների հետևանքով (օրինակ՝ Հադրութ), թե՛ պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարությամբ (օրինակ՝ Քաշաթաղ) Ադրբեջանին անցած տարածքների բնակիչներին, Սիրանուշ Սահակյանը պատասխանում է. «Քանի որ փաստացի մենք ունենք վիճակ, որ գույքը գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո, և Ադրբեջանը հնարավորություն չի տալիս և չի կարող երաշխավորված հնարավորություն տալ անարագել մուտք գործել, բնակվել, տնօրինել սեփական գույքը, ստացվում է՝ այս անձանց սեփականության իրավունքը նույն կերպ խախտված է, ինչպես, օրինակ, Հադրութի շրջանին բնակիչներինը։ Այս փաստացի իրավիճակը հավասարություն է դնում դիմամուտուների միջև»։
Իսկ թե ինչու է իրավունքի պաշտպանության համար դիտարկվում գլխավորապես ՄԻԵԴ դիմելը, պարզ պատասխան ունի։ «Մեկ միջազգային մարմնի դիմելը բացառում է այլ մարմիններ դիմելը, ուստի դիմումատուները պետք է որոշեն՝ դիմում են, օրինակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, որտեղ ևս կարող են սեփականության իրավունք պաշտպանել, թե ՄԻԵԴ։ Բայց կոմիտեի որոշումները չունեն նույն իրավական պարտադրականությունը, ինչպես ՄԻԵԴ-ինը, և դրանց կատարողականի առումով իրավական մեխանիզմներ չկան, մեծապես արվում են քաղաքական լուծումների շնորհիվ»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։
Հ․Գ․ Երբ հոդվածը պատրաստելիս զրուցակիցներ էի փնտրում, ինձ սկսեցին դիմել Արցախի տարբեր շրջաններում տուն-տեղ կորցրած տասնյակ մարդիկ։ Նրանցից շատերի համար կորցրածի դիմաց փոխհատուցում ստանալը անիրական է թվում. նախ անհասկանալի են դրան հասնելու ճանապարհները, մյուս կողմից՝ իրավաբան վարձելու միտքն արդեն իսկ շռայլություն է թվում։ Սոցիալական ծանր պայմաններում հայտնված մարդկանց համար առաջնահերթը օրվա կարիքը հոգալն է։ Ու շատերի հույսը շարունակում է մնալ պետությունը։
read in English
Մարդու իրավունքները պաշտպանելու համար թե' իշխանությունը, թե' քաղաքացիները պետք է գործեն ամեն օր: Ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությունը քաջության և դիմացկունության արտահայտում է: EVN Report-ի «Մարդ եւ իրավունք» թողարկումը նվիրված է բոլոր մարդկանց իրավունքներին:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների մասին միջազգային օրենքների բազմաթիվ համակարգված խախտումներ են կատարել։ Արա Խզմալյանը բացատրում է այն ուղիները, որոնք առկա են Արցախի դեմ կատարված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն պահանջելու համար:
Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի անտեսման ծավալներն աննախադեպ էին 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում. սա, սակայն, Բաքվի հակահայ քաղաքականության ավելի քան մեկդարյա պատմության շարունակությունն է:
Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր մարդիկ հարցնում են. «Ի՞նչ եք սպասում, որ անենք»։ Ոչ ոք նրանց համար պատասխան չունի։
Արցախյան պատերազմի ընթացքում երեխաները նույնպես հայտնվեցին ռազմական ագրեսիայի թիրախում: Հետևողականորեն ոտնահարվեց նրանց կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հիմնական իրավունքները:
Podcast
Նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնության արդյունքում Հադրութի շրջանի զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ այդ թվում նաև Տող գյուղը։ Փոդքասթում Պողոսյանները խոսում են հարազատ Տող գյուղի ակտիվ առօրյայի, սովետական միության տարիներին հայերի և ադրբեջանցիների համակեցության, Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության, Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմների, ինչպես նաև հայրենի հող վերադառնալու ցանկության և անորոշ թվացող ապագայի մասին։