evn report armenianarmy
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության՝ զինված ուժերը պետք է ապահովեն երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը։ Ընդ որում, զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և լինեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ Ի տարբերություն մի շարք այլ երկրների սահմանադրությունների, ՀՀ սահմանադրությունը չի հստակեցնում ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գործառույթները: Որպես կանոն, ոստիկանությունը պատասխանատու է օրենքի գերակայության, հասարակական կարգի, քաղաքացիների կյանքի և նրանց ունեցվածքի պահպանության համար։

ԵԱՀԿ Անվտանգության ռազմաքաղաքական հարցերի օրենսգիրքը, որն ընդունվել է 1994 թվականին, ընդգծում է զինված ուժերի քաղաքական չեզոքության պահանջը և արգելում երկրի ներսում մարդու և քաղաքացիական իրավունքների խաղաղ և օրինական իրացումը սահմանափակող ուժի կիրառումը։ Այն նաև սահմանում է պայմանները, որոնք կարգավորում են ուժի կիրառումը, ինչպիսիք են սահմանադրականությունը, իրավունքի գերակայությունը, ուժի կիրառման համաչափությունը, քաղաքացիներին կամ նրանց գույքը չվնասելու անհրաժեշտությունը։ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղեցույցը» սահմանում է «հրամանատարների պատասխանատվությունը և անհատական հաշվետվողականությունը» ոչ իրավաչափ կամ անօրինական այն հրամանների համար, որոնք խախտում են պետության օրենսդրությունը և, հետևաբար, հանցագործություն են համարվում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և 40 բարձրաստիճան զինվորականների փետրվարի 25-ի հայտարարության մեջ ռազմական հեղաշրջման մտադրությունն ակնհայտ չէ, սակայն առկա է զինված ուժերի միջամտությունը քաղաքականությանը՝ քաղաքական չեզոքությունը չպահպանելու և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը խախտելու հանգամանքը։

Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ ռազմական հեղաշրջում սովորաբար իրականացվում է, և ոչ թե հայտարարվում դրա մասին՝ առանց ուղեկցող գործողությունների: Ռազմական հեղաշրջման վերջին օրինակը տեղի է ունեցել մի ամիս առաջ Մյանմարում:

Թեև ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նրանք չեն օգտագործել «ռազմական հեղաշրջում» ձևակերպումը։ Հայտարարություններում ընդգծվում է զինված ուժերի քաղաքական չեզոքության ու քաղաքացիական վերահսկողության սկզբունքների պահպանման կարևորությունը։

 

Իրավական և տերմինաբանական քաոս

Մենք իրավական և տերմինաբանական քաոս ենք ստեղծել սեպտեմբերի 27-ից ի վեր, և այն խորանում է ներկայումս:

Սկսենք նրանից, որ ՀՀ սահմանադրության անգլերեն թարգմանության մեջ ռազմական դրությունը սխալմամբ թարգմանված է որպես «martial law»: Վերջինս նշանակում է պատերազմի կամ ռազմական ուժին դիմակայման իրավիճակներում ռազմական վերահսկողություն, ռազմական իշխանությունների գերակայություն քաղաքացիական իշխանությունների նկատմամբ, քաղաքացիական օրենսդրության կասեցում: Վերջին տասնամյակներում այս ձևակերպումը քաղաքակիրթ աշխարհում բացասական երանգավորում ունի:

Արցախյան երկրորդ պատերազմի սկզբից ի վեր տեղական ու միջազգային մամուլում, միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի առնչությամբ հենց այս տերմինն է կիրառվում, թեև իրականում թե՛ պատերազմի 44 օրվա ընթացքում, թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիական իշխանությունները վերահսկել են զինված ուժերի գործողությունները:

Իրավական մեկ այլ քաոս է ստեղծել նաև զինվորականների քայլը ռազմական դրությամբ բացատրելու փորձը։ Պատերազմի ակտիվ փուլն ավարտվել է, սակայն ռազմական դրության վիճակը շարունակվում է պահպանվել՝ թեպետ և դեկտեմբերի սկզբից սահմանափակումների մեծ մասի մեղմացմամբ կամ վերացմամբ:

ՀՀ սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական դրությունը կիրառվում է զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, և ներառում է ընդհանուր կամ մասնակի զորահավաք։ Նշենք, որ Հայաստանում ընդհանուր զորահավաքն ընդհատվեց պատերազմի առաջին մի քանի օրվանից հետո:

Ներկայիս ռազմական դրությունը պետք է միտված լինի ոչ թե ներքին անվտանգային կամ քաղաքական, այլ արտաքին պաշտպանական խնդիրների լուծմանը: Ներքին անվտանգությունը երաշխավորելու համար ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածը նախատեսում է մեկ այլ կարգավորում՝ արտակարգ դրություն, որը Հայաստանում անցյալ տարի վեց ամիս շարուակ հակասականորեն կիրառվում էր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով և փոխարինվեց ներկայումս ձևականորեն շարունակվող կարանտինով: Արտակարգ դրությունը նախատեսված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Ինչպես ռազմական, այնպես էլ արտակարգ դրությունը հայտարարում է կառավարությունը, այն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

 

Բանակի և ոստիկանության գործառույթների տարանջատումը

Վերջին տասնամյակում ՄԱԿ-ի փաստաթղթերը հետևողականորեն տարանջատում են բանակի և ոստիկանության գործառույթները, ըստ որոնց էլ նրանցից յուրաքանչյուրը տարբեր ուսուցում և պատրաստվածություն է ստանում։ Հանրային կարգին և անվտանգությանը սպառնացող վտանգի չեզոքացման համար զինված ուժերի ներգրավում կարող է պահանջվել ահաբեկչական հարձակումների, զինված ապստամբությունների կամ բռնությամբ ուղեկցվող խռովությունների դեպքում։ Սակայն անգամ այդ պարագայում բանակին չի անցնում իրավիճակի ընթացիկ կառավարումը. բանակը պետք է մնա քաղաքացիական վերահսկողության ներքո՝ երկրորդ գծում, և աջակցություն ցուցաբերի ոստիկանությանը։ Բանակի ակտիվ միջամտությունը պետք է դրսևորվի միայն ծայրահեղ դեպքերում, օրինակ, երբ ոստիկանությունը, քաղաքացիները, հանրային նշանակության օբյեկտները ենթարկվում են զինված հարձակման կամ ծայրահեղ բռնության, և ոստիկանությունն այլևս ի վիճակի չէ դիմադրելու։ Նույնիսկ ակտիվ միջամտության դեպքում ինչպես բանակի, այնպես էլ ոստիկանության գործողությունները պետք է համաչափ լինեն ապստամբների կամ ցուցարարների կողմից կիրառվող բռնություններին։ Անհրաժեշտ է ամեն գնով խուսափել զոհերի հանգեցնող անհամաչափ ուժի և հատկապես մահացու զինատեսակների կիրառումից: 

 

Քաղաքական զարգացումներին բանակի մասնակցության օրինակներ այլ երկրներից

Բանակը, զինված ուժերի առանձին զորամիավորումներ և ոստիկանությունը տարբեր կերպ են արձագանքել ներքին քաղաքական զարգացումներին՝ մեծապես կանխորոշելով ընդվզումների, հեղափոխությունների կամ բողոքի ցույցերի ելքը, ինչպես, օրինակ, Արաբական գարնան դեպքում։

Աֆրիկայի մի շարք պետությունների առաջնորդներ իշխանության են եկել ռազմական հեղաշրջման միջոցով (օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում մինչև 2015 թվականը և Գամբիայում մինչև 2016-ը պաշտոնավարած նախագահները), մյուսները իշխանությունից հեռացվել են բանակի անմիջական կամ անուղղակի միջամտությամբ (օրինակ՝ 2017 թ. Զիմբաբվեում՝ ռազմական հեղաշրջման միջոցով, և 2011 թ. Եգիպտոսում՝ հեղափոխության ընթացքում բանակի միջամտությամբ): Թունիսում, ինչպես Հայաստանում, զինված և անվտանգության ուժերը չմիջամտեցին “ժասմինի հեղափոխության” ընթացքին` հնարավորություն ընձեռելով դրա հաղթանակի համար: 

Սովորաբար զինված ուժերի միջամտությունը քաղաքական զարգացումներին արժանանում է միջազգային հանրության քննադատությանը՝ հազվադեպ բացառություններով: Վերջինիս ամենաակնհայտ օրինակը թերևս Զիմբաբվեն էր, որտեղ երեսուն տարի պաշտոնավարած ու երկիրը քայքայման հասցրած Մուգաբեի հեռացումը դրական ընդունվեց թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության կողմից: Եթե անգամ կարճաժամկետ հեռանկարում որևէ ուժի հաջողվում է պահպանել իշխանությունը, կամ իշխանության գալ բանակի աջակցությամբ, երկարաժամկետ հեռանկարում սա հանգեցնում է խնդիրների. տուժում է իշխանությունների լեգիտիմությունն ու երկրի միջազգային հեղինակությունը, դանդաղում են բարեփոխումները, գրանցվում է հետընթաց, պետությունը ենթարկվում է մեկուսացման ու պատժամիջոցների։ Հետագայում առաջանում է նաև պատասխանատվության խնդիր, հատկապես, եթե կիրառվել է անհամաչափ ուժ, որի հետևանքով սպանվել են քաղաքացիներ։

 

Տարբեր դիրքորոշումներ տարբեր ուժերի կամ նույն ուժի ներսում

Քաղաքական իրադարձությունների նկատմամբ բանակի, ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության դիրքորոշումների տարբերությունը, կամ նույն ուժի ներսում քաղաքական տարբեր կողմնորոշումները կարող են վերջիններիս միջև բախման կամ քաղաքացիական պատերազմի հանգեցնել։

Արևելյան Թիմորի 2006 թ. ճգնաժամի ժամանակ պառակտում կար մի կողմից բանակի ներսում (արևելյան և արևմտյան թիմորցիներ, և առաջինների գերակայություն ու խտրական վերաբերմունք երկրորդ խմբի նկատմամբ), մյուս կողմից՝ բանակի մեծամասնության ու ոստիկանության միջև (անկախության մարտիկներ և Ինդոնեզիայի հետ ինտեգրման կողմնակիցներ)։ Ավելին, պաշտպանության համակարգի որոշ բարձրաստիճան անձանց կողմից քաղաքացիական անձանց բաժանվել էր զենք: Երկրի նախագահի ու վարչապետի միջև հակասության պայմաններում սա բերեց երկամսյա ճգնաժամի, որի հետևանքով սպանվեցին տասնյակ քաղաքացիներ, ավերվեցին բազմաթիվ շենքեր ու շինություններ՝ հանգեցնելով նախագահի հրաժարականի: Երկու տարի անց նույն զինվորական հրամանատարը հաջորդ նախագահի նկատմամբ մահապատժի փորձ ձեռնարկեց, որի ընթացքում սպանվեց ինքը։ Այս երկու դրվագները ոչ միայն դանդաղեցրեցին երկրի բնականոն զարգացումը՝ բանակի ու ոստիկանության բարեփոխումները կասեցնելով ավելի քան երեք տարով, այլև հանգեցրեցին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունից բացի տարածաշրջանային չորս այլ պետությունների զինված ստորաբաժանումների տեղակայմանը երկրում` իրավիճակը կայունացնելու նպատակով:

Նշենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 15-րդ հոդվածներով՝ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, այսինքն՝ ոստիկանության զորքերը, սահմանապահ զորքերը, պետական անվտանգության ծառայությունը և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը, անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո:

Որպես ընդհանուր սկզբունք՝ թե՛ բանակը, թե՛ ոստիկանությունը պետք է քաղաքականապես չեզոք լինեն։ Նրանք չպետք է օգտագործվեն ո՛չ իշխող վերնախավի կողմից՝ իշխանության մնալու և ոչ էլ ընդդիմության կողմից՝ իշխանափոխության համար։

 

Պաշտպանական խնդիրներից բանակի ուշադրությունը շեղելու վտանգը

Հայաստանի դեպքում բանակի ներգրավվածությունը ներքին քաղաքականությանը կարող է շեղել զինվորականների ուշադրությունը մարտական խնդիրներից՝ ավելացնելով երկրի պաշտպանական համակարգի սպառնալիքները։ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմական ակտիվ գործողությունները թեև ավարտվել են, սակայն ձեռքբերված զինադադարն արդեն իսկ մի անգամ խախտվել է 2020 թվականի դեկտեմբերի 12-13-ին. ապահովված չէ Հայաստանի սահմանների անվտանգությունը, իրավիճակը փխրուն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Սյունիքի մարզում, սահմանամերձ շրջաններում կան սահմանային և մարդկային անվտանգության լուրջ մարտահրավերներ: Ընդ որում, Հայաստանի պետական սահմանն ավելացել է մոտ 500 կմ-ով:

Հաշվի առնելով պատերազմը դիվանագիտական ճանապարհով կանխելու ձախողումը, ռազմական պարտությունը և այդ ամենի հսկայական ազդեցությունը բոլոր ոլորտներում՝ կողմերը չպետք է փորձեն խուսափել պատասխանատվությունից, մեղադրեն դիմացինին կամ քավության նոխազներ փնտրեն։ Անհրաժեշտ է խորապես վերլուծել պատճառները, առերեսվել ճշմարտությանը, դասեր քաղել ու արմատական բարեփոխումներ նախաձեռնել։ Անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է ձևավորել բոլոր նախկին ու ներկա իշխանությունների մասնակցությամբ Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողով` որպես անցումային  արդարադատության դրական մեխանիզմ:

 

Հասարակության բևեռացումը և որևէ բևեռի չպատկանողների մարգինալացումը

Հայաստանի հասարակությունը սև ու սպիտակ չէ: Բացի երկու հիմնական բևեռներից՝ իշխող «Իմ քայլի» աջակիցներից ու «Հանուն հայրենիքի փրկության» շարժման կողմնակիցներից, և երրորդ՝ առավել փոքրաքանակ՝ Ազգային ժողովրդավարական բևեռից, գոյություն ունի քաղաքացիների մի ստվար զանգված, որն իրեն չի ասոցացնում նրանցից և ոչ մեկի հետ։ Այս քաղաքացիները հիասթափված են բոլոր ուժերից, կողմնորոշված չեն, հարում են փոքր կուսակցությունների և կամ սպասում են նոր ուժերի ձևավորմանը: Նրանք դուրս չեն գալիս փողոց, և նրանց թիվն անհայտ է։

Նման խմբերից մեկն էլ հայաստանյան քաղաքացիական հասարակության այն հատվածն է, որը նախկինում մասնակցել է ցույցերի ու շարժումների, սակայն հիմա դուրս չի գալիս փողոց, քանի որ այդ տարածությունը զբաղված է: Հասարակության այդ հատվածը, մի կողմից, իրեն անտեսված, օտարացած ու մարգինալիզացված է զգում իշխանությունների կողմից, մյուս կողմից ասոցացվում է իշխանությունների հետ, պիտակավորվում ու առնվազն ատելության խոսքի մակարդակում թիրախավորվում «Հանուն հայրենիքի փրկության» շարժման կողմից:

Քաղաքացիների այդ խումբն իր դիրքորոշումն արտահայտում է հայտարարությունների և առաջարկների միջոցով, կառուցողական քննադատությամբ, կառավարության կողմից բավարար կերպով չիրականացվող որոշ գործառույթներ ստանձնելով, իշխանություններից արտահերթ ընտրություններ, հաշվետվողականություն և թափանցիկություն պահանջելով:

Բևեռացումը խոսում է նաև այն մասին, որ ճգնաժամի լրջությունն անտեսելը կարող է հանգեցնել դրա սրմանը, իսկ ստատուս քվոյի պահպանումը՝ այն ավելի անկայուն և պայթյունավտանգ դարձնել:

Հիրավի, ժողովուրդը պետք է իր որոշումը կայացնի: Սակայն ժողովուրդը միայն այն մարդիկ չեն, ովքեր դուրս են գալիս փողոց՝ վերոնշյալ բևեռներից որևէ մեկին աջակցելու։ Ժողովուրդը նաև այն մեծամասնությունն է, որը մնում է տանը: Եվ ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի ոչ թե փողոցում, այլ ընտրությունների միջոցով, ինչպես նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ:


 

security 3

Արցախյան երկրորդ պատերազմն ավելի քան կարևորեց անվտանգության ոլորտում բացթողումները վերացնելու հրատապությունը։ EVN Report ամսագրի «Անվտանգություն» խորագրով հունվարյան թողարկման առանցքում Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրների լայն սպեկտր է՝ էներգետիկ անվտանգությունից մինչև ֆիզիկական ու պարենային անվտանգություն, և ոչ միայն: Հայաստանն առավելագույնը հինգ տարի ունի՝ մինչև Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ավարտը, անվտանգության իր ճարտարապետությունը վերակազմակերպելու համար:

Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետությունը. Ռուսաստանն իբրև աշխարհաքաղաքական թիկնապահ

Հայաստանը պետք է վերակառուցի անվտանգային իր ճարտարապետության քաղտնտեսական բաղադրիչը՝ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը վերածելով դաշնակցության այնպիսի մեխանիզմի, որի դեպքում ռուսական աշխարհաքաղաքական շահերը համահունչ կլինեն Հայաստանի անվտանգային հետաքրքրություններին։

«Կոտրված է». Կիբերմարտադաշտը նույնքան կարևոր է

2020 թվականի ողջ ընթացքում ադրբեջանցիների ձեռնարկած կիբերգրոհների մասշտաբն ու ընդգրկումը վկայում են դրանց մանրազնին ու կենտրոնացված համակարգման մասին։ Վերլուծելով այս հարձակումների բնույթը՝ Արթուր Պապյանը խոսում է Հայաստանում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում կիբերգրագիտության անհրաժեշտության մասին։

Հայաստանի պարենային անվտանգությունը

Ամբողջ աշխարհում առօրյայի վերածված համավարակներն ու բնական աղետները պարենային անվտանգության մարտահրավերն ավելի առարկայական են դարձնում։ Հայաստանն անմասն չէ այս ամենից։

Էներգետիկ անվտանգությունը Հայաստանում

Հայաստան ներկրվող էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացումը պետական նշանակության ռազմավարական խնդիր է: Առաջիկա տասնամյակը հնարավորություն կտա վերանայել ուղղություններն ու հաղթահարել երկրի առաջ ծառացած խոչընդոտները: Իրական առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք և նպատակային քայլեր:

Հայաստանի բնապահպանական անվտանգությունը

Հայաստանն իր բնական պաշարները կայուն օգտագործելու և կանաչ տնտեսական աճ ապահովելու անհավանական ու դեռևս չիրացված ներուժ ունի։ Պարզապես անհրաժեշտ է հեռատես մտածողություն և արդյունավետ, արհեստավարժ ու տեխնոկրատ կառավարում։

կարդացեք նաև

Աղետի վերլուծություն

Արցախյան երկրորդ պատերազմի բերած ճգնաժամի ծավալն ու խորությունը փշրել են հայության բոլոր ընկալումները, առասպելներն ու պատրանքները։ Հոդվածում առաջարկվում է ստեղծել Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով՝ ախտորոշելու եւ շտկելու ռազմական և աշխարհաքաղաքական այսպիսի ձախողման հանգեցրած համակարգային սխալները։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team