kopalyan truth commission

Արցախյան երկրորդ պատերազմի բերած ճգնաժամի ծավալն ու խորությունը փշրել են բոլոր այն ընկալումները, առասպելներն ու պատրանքները, որոնք հավերժացրել էին հայության գաղափարական ստատուս-քվոն։ Խիստ ազգայնամոլական ժողովրդի վիրավորված հպարտությունը ոչ միայն տեղը զիջել է ներքին խոր վերլուծության ու լուրջ հիասթափության՝ թե ինչպես իրավիճակը հանգեց այսչափ աղետալի հետևանքների, այլև առաջացրել է պատասխանների ու հաշվետվողականության հանրային պահանջ:

Ռազմավարական, ինստիտուցիոնալ, դիվանագիտական, քաղաքագիտական և քաղաքական ձախողումները, որոնք բյուրեղացան պատերազմի սոսկալի հանգուցալուծման մեջ, անօդ տարածությունում չեն տեղի ունեցել: Դրանք, ավելի շուտ, երեք տասնամյակ տևած թույլ զարգացման, լճացման, սխալ կառավարման ու համակարգային կոռուպցիայի գագաթնակետն էին: Պատերազմը, ըստ էության, ռազմական և քաղաքական ղեկավարության շարունակական և համատեղ ձախողումն էր. ղեկավարության, որը ներառում է բոլորին և չի բացառում ոչ ոքի։ Ուստի, պատասխանատվությունը չափվելու է ոչ այնքան ըստ հաշվետվողականության հիերարխիայի, որքան հենց հետևողական հաշվետվողականության միջոցով: Գործընթացը պետք է սկսվի ներկայիս ղեկավարությունից և հաջորդաբար տարածվի նախորդ երեք վարչակարգերի վրա:

Հոդվածում առաջարկվում է ստեղծել Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով: Հայաստանի պետական հաստատությունները և հայությունը չեն կարողանալու շտկել ռազմական և աշխարհաքաղաքական այսպիսի ձախողման հանգեցրած համակարգային սխալները, եթե դրանք չախտորոշվեն, չբարձրաձայնվեն և չհասկացվեն։ Հայկական աշխարհը պահանջում է պատասխաններ, Հայաստանի քաղաքացին՝ հաշվետվողականություն, Հայաստանի պատմությունն ու սերունդները՝ ճշմարտություն։

 

Քննիչ հանձնաժողով

Ճշմարտության հաստատման կամ քննիչ հանձնաժողովները պաշտոնական, հատուկ, ոչ դատական փաստահավաք մարմիններ են, որոնք հետաքննում են քաղաքական ու համակարգային ձախողումները, իշխող ուժի երկարատև չարաշահումները կամ հետաքննում են ազգային ողբերգության հանգեցրած իրադարձությունները։ Այս հանձնաժողովները ճշմարտությունը վեր հանող գործիքներ են, որոնք հրապարակում են հետաքննության արդյունքները և հստակ առաջարկներ մշակում։ Նման հանձնաժողովները բարձր արդյունավետություն են դրսևորել թե՛ որպես հակամարտությունների լուծման, թե՛ որպես սոցիալական ապաքինման միջոց [1]։ Դրանք նպաստում են հաշվետվողականությանն ու թափանցիկությանը, վեր են հանում համակարգային խնդիրները, փաստագրում խախտումները և հանրային հարթակ տրամադրում բացահայտումների լուսաբանման ու քննարկման համար։ Զարգացող ժողովրդավարություններում քննիչ այս հանձնաժողովները կարևոր նշանակություն ունեն արդարության և հաշվետվողականության հաստատման տեսանկյունից, հատկապես երբ երկիրը բախվել է աղետալի հետևանքների։ Դրանք նպաստում են նաև ժողովրդավարացման գործընթացի կոնսոլիդացմանը։

Արցախյան երկրորդ պատերազմը հետաքննող հուսալի [3] հանձնաժողովի (այսուհետև՝ հանձնաժողով) ձևավորումը Հայաստանում կարող է հիմնվել երկու առանցքային չափանիշի վրա՝ հանձնաժողովի ճիշտ ընտրված կազմ և հետագա ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է հայ իրականության անբաժան մասը ամենուր՝ պետականաշինությունից մինչև ինստիտուցիոնալ զարգացում, քաղաքականությունների մշակումից մինչև ինքնություն՝ դառնալով այն «ոսպնյակը», որի պրիզմայով ձևավորվել կամ ընթացք են ստացել համարյա բոլոր կարևոր հարցերը։ Այս համատեքստում Ղարաբաղի հիմնախնդիրը 26 տարվա ֆենոմեն է, և պետության կողմից այդ հիմնախնդրի մշտական ղեկավարման հանգամանքը պետք է ընկած լինի պատճառահետևանքային այն կապերի ընկալման հիմքում, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես սխալվեցինք։

Հարցերի ընդհանուր շրջանակը, որը կարող է քննարկվել հանձնաժողովում.

  • Ինչպե՞ս բացատրել Հայաստանի չորս վարչակարգերի բանակցային ռազմավարության ձախողումներն ու սահմանափակումները. ինչո՞ւ են ժամանակի ընթացքում թուլացել Հայաստանի բանակցային դիրքերը։

  • Ինչո՞ւ երեք տասնամյակների ընթացքում այդպես էլ չհաջողվեց հարմարեցնել, հարմարվել և դիմակայել փոփոխվող աշխարհաքաղաքական դասավորություններին՝ Հայաստանը Հարավային Կովկասում թողնելով ամենաթույլ աշխարհաքաղաքական դիրքում։

  • Ինչո՞ւ ռազմական արդիականացման Հայաստանի փորձն ի սկզբանե թերի էր, և ինչո՞ւ Հայաստանն անհրաժեշտ ուշադրություն չդարձրեց Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի ահռելի տարբերությանը:

  • Որո՞նք էին Հայաստանի ռազմական դոկտրինի, անվտանգության համակարգի և ռազմական ներուժի սահմանափակումներն ու ձախողումները:

  • Ինչո՞ւ կապ չկա հանրության ռազմական ներուժի ընկալման, պետության կողմից այդ թյուրըմբռնման ամրապնդման և Հայաստանի ռազմական ներուժի իրական վիճակի միջև:

  • Տասնամյակներ տևած կոռուպցիան, նեպոտիզմն ու վատ կառավարումը զինված ուժերում որքանո՞վ են խթանել համակարգային և քրոնիկ այն թերությունները, որոնք բացասական ազդեցություն են թողել Հայաստանի ազգային անվտանգության և պատերազմի ընթացքի վրա:

  • Որո՞նք էին Հայաստանի մոբիլիզացիոն համակարգի, հրամանատարական ենթակառուցվածքների և ռազմական գործողությունների սահմանափակումները։

Այս հարցերը, պարզ է, ամբողջական չեն, բայց դրանք մեկնարկային կարևոր կետ կարող են լինել Արցախյան երկրորդ պատերազմի սանձազերծմանը հանգեցրած ռազմական և քաղաքական ձախողումները վերլուծելու համար։

 

Հանձնաժողովի ձևավորումը

Անցումային արդարադատություն իրականացրած 76 երկրների փորձը ցույց է տալիս, որ ճշմարտության հաստատման և հաշտեցման վստահելի հանձնաժողովները նպաստում են ներքին կայունության ու ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական բռնության նվազմանը [4]։ Այսպիսի հանձնաժողովների ձևավորման առաջադեմ պրակտիկան ենթադրում է ներառական մոտեցում՝ այլ կերպ ասած՝ սոցիալական տարբեր խմբերի, արտասահմանյան փորձագետների, շահագրգիռ անձանց ներգրավվածություն և բացառապես օրենսդրական միջոցներով իրականացվող գործընթաց։ Նման մոտեցման պարագայում գործադրի ձևավորած հանձնաժողովները չեն կարող ունենալ լեգիտիմության կամ սոցիալական աջակցության նույն աստիճանը, որքան ներառական հանձնաժողովները: Ուստի Արցախյան երկրորդ պատերազմի քննիչ հանձնաժողովը չպետք է ենթադրի վարչապետի (գործադրի) մասնակցություն:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նպատակին, ապա այն պետք է զբաղվի փաստահավաք գործունեությամբ, փաստագրի ականատեսների վկայությունները, բացահայտի անցյալի և ներկայի համակարգային սխալներն ու թերությունները և բացահայտված փաստերը թափանցիկ ու առանց քաղաքական ենթատեքստի ներկայացնի հանրությանը: Այս ամենով հանդերձ, հանձնաժողովը խորհրդատվություն պետք է տրամադրի ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Ավելին, թեև հաշվետվողականությունն այս գործընթացի անբաժան մասն է, կարևոր է հիշել, որ ոչ մի դեպքում հանձնաժողովի վերջնական նպատակը պատիժը կամ հատուցումը չի կարող լինել։

Ինչպիսի՞ն կլինի Արցախյան երկրորդ պատերազմի քննիչ հանձնաժողովը և ինչպես այն կձևավորվի: Հիմնվելով հետազոտությունների, լավագույն պրակտիկայի ու վիճակագրական տվյալների վրա՝ առաջարկվում է.

1- Ազգային ժողովը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ հանձնաժողովի ձևավորման, կազմի, իրավական ու գործունեության շրջանակը սահմանող չափանիշների, ընդհանուր մանդատի և հաշվետվության ժամկետի վերաբերյալ։

2- Հանձնաժողովի կազմում անհրաժեշտ է ներառել վստահելի ռազմական գործիչների, պետական պաշտոնյաների, տեղական ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տեղական և սփյուռքի փորձագետների, լրագրողների և միջազգային փորձագետների (որպես ոչ պաշտոնական խորհրդատուներ և կամ դիտորդներ):

3- Հանձնաժողովն ունի բազմակողմանի և առնվազն անհատական համաներում շնորհելու, բնակարաններ խուզարկելու, փաստեր հավաքագրելու, վկաներին դատարան հրավիրելու, անհրաժեշտության դեպքում՝ դատարան կանչված վկաներին հարցաքննելու լիազորություններ:

4- Հանձնաժողովը էմպիրիկ տվյալներ կարող է ստանալ ճշմարտության այլ հաջողված հանձնաժողովներից և բաղկացած է սերտորեն փոխկապակցված ենթահանձնաժողովներից։ Ենթահանձնաժողովներն ունեն հստակ ուղղվածություն ու ավելի լայն լիազորություններ այդ ոլորտներում։ Ենթահանձնաժողովը կղեկավարի հանձնակատարը։

5- Հանձնաժողովն ունի իր գործադիր կոմիտեն։ Ենթահանձնաժողովի հանձնակատարները ներգրավված կլինեն գործադիր կոմիտեի կազմում: Գործադիր կոմիտեն կղեկավարի հանձնաժողովի  նախագահը:

6- Հանձնաժողովի նախագահն ունի սիմվոլիկ իշխանություն. նա ղեկավարում և խորհրդատվություն է տրամադրում ենթահանձնաժողովներին, ինչպես նաև ապահովում գործընթացների հանրային լեգիտիմությունը: Նախագահի թեկնածությունն առաջադրում է խորհրդարանական հատուկ հանձնաժողովը՝ քվեարկության արդյունքում։

7- Հանձնակատարների և հանձնաժողովի անձնակազմի ընտրությունը (հիմնված լավագույն պրակտիկայի վրա), կատարվում է հետևյալ կերպ. ա) կազմվում է փորձագետների անկախ ընտրող հանձնաժողով, որի խնդիրը թեկնածուների առաջադրումն է (անկախ ընտրող հանձնաժողովի կազմում պետք է ներառել քաղհասարակության և իրավապաշտպան խմբերի ներկայացուցիչներ, լրագրողներ, գիտնականներ), բ) առաջադրված թեկնածուներն անցնում են ստուգման գործընթաց, մասնակցում հարցազրույցի, որը պարզում է նրանց որակավորման և անկողմնակալության աստիճանը, գ) անդամների ցանկը ներկայացվում է խորհրդարանի հաստատմանը։

 

Լիազորությունների և փաստահավաք գործունեության շրջանակը

Ճշմարտության հաջողված հանձնաժողովները նախկինում ունեցել են լիազորությունների լայն շրջանակ, որն անհրաժեշտ իրավական և քննչական գործիքներ է տրամադրել հանձնաժողովին՝ լայնամասշտաբ փաստահավաք առաքելություն իրականացնելու համար: Հանձնաժողովի լիազորությունները սահմանելիս պետք է հաշվի առնել հայկական բանակի ինստիտուցիոնալ շրջանակը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական մշակույթում արմատավորված ընկալումը, որ բանակն անձեռնմխելի է, այլապես հանձնաժողովը բախվելու է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ հանրային կարծիքի հակազդեցությանը: Ավելին, նկատի ունենալով, որ բանակը պետության անվտանգային համակարգի բաղադրիչներից մեկն է միայն, հանձնաժողովը բանակին փոխկապակցված հաստատություններում հետաքննություն իրականացնելու հնարավորություն ևս պետք է ունենա, ինչպիսին, օրինակ, Ազգային անվտանգության ծառայությունն է:

Արցախյան երկրորդ պատերազմի քննիչ հանձնաժողովի հետաքննության ոլորտները, ընթացակարգերը և իրավասությունների շրջանակը պետք է ներառեն առնվազն հետևյալը.

1- Իրավասություն, որը թույլ է տալիս ա) վկայություններ, ցուցմունքներ ստանալ ծառայողական պարտականությունների չկատարման կամ դրանց անտեսման, պաշտոնեական հանցագործությունների, կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ, բ) անցկացնել նախկին կառավարությունների, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի վարչակարգերի ռազմական և դիվանագիտական քաղաքականության հետաքննություն, պրակտիկայի ուսումնասիրություն, գ) վկայություններ, ցուցմունքներ հավաքագրել Հայկական զինված ուժերում և անվտանգության համակարգի այլ կառույցներում քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգեսոցիալական համակարգված ճնշումների վերաբերյալ:

2- Հանրային լսումներ հանձնաժողովի գործունեության մասին. հասարակությունը լիարժեք տեղեկացված պետք է լինի հանձնաժողովի հավաքած վկայությունների, ապացույցների, ինչպես և բացահայտումների վերաբերյալ:

3- Հանձնաժողովը վկաներին դատարան հրավիրելու, նախկին և ներկա կառավարությունների պաշտոնյաներից, օրենսդիրներից և կամ այլ կողմերից վկայություններ ստանալու իրավունք պետք է ունենա:

4- Հանձնաժողովը պետք է իրավունք ունենա հավաքել, ստանալ, ինչպես նաև հաստատել գործին առնչվող փաստեր։

5- Հանձնաժողովին պետք է տրամադրվի վկայության դիմաց ներում շնորհելու իրավունք [5]: Համաներման ծավալները պետք է հստակեցվեն խորհրդարանի կողմից՝ հանձնաժողովին տրված լիազորությունների միջոցով:

6- Ընտրողական գաղտնազերծման ճանապարհով հանձնաժողովին պետք է տրվի  ազգային անվտանգության համակարգի պահոց հարցումներ ուղարկելու, պահոցից որոշակի տեղեկատվություն ստանալու ու անհրաժեշտության դեպքում (նկատի առնելով ազգային անվտանգության խնդիրները) դրանք հրապարակելու իրավունք։ Տեղեկությունները կարող են վերաբերել անվտանգային կառույցի գոյության տարբեր ինստիտուցիոնալ փուլերին՝ ա) Ազգային անվտանգության պետական վարչություն (1991-1996), բ) Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն (1996-1999), գ) Ազգային անվտանգության նախարարություն (1999-2002) և դ) Ազգային անվտանգության ծառայություն (2002-2020):

 

Ամփոփում

Ելնելով ժամանակի սահմանափակ լինելու հանգամանքից՝ վերը ներկայացված առաջարկները հասցված են նվազագույնի: Տրամաբանությունը պարզ է՝ հանձնաժողովի ստեղծման հիմքը համապատասխանում է հաշվետվողականության և թափանցիկության էթիկային, իսկ տեխնիկական մանրամասները հիմնվում են գիտելիքի և փորձի վրա։

Արցախյան երկրորդ պատերազմի թե՛ հանրային, թե՛ քաղաքական դիսկուրսը վեր հանելու համար անհրաժեշտ է բաց, անկողմնակալ, փաստական տվյալների վրա հիմնված հետաքննություն: Կեղծ եզրահանգումները, դրանից ծնունդ առնող դավադրաբանական մտածողությունը, ինտելեկտուալ անազնվությունն ու մասնակի տրամադրվող տեղեկատվության միտումնավոր խեղաթյուրումը սահմանափակում են հանրային դիսկուրսն ու ճնշում քննական մտածողությունը։ Եթե ուզում ենք, որ հայությունն իմանա, ճշմարտացիորեն և ազնվորեն հասկանա, թե ինչպես և ինչու ենք հայտնվել այս հանգրվանում, պետք է ծանոթ լինի փաստերին: Ու եթե մեզ վիճակված է շտկել սխալներն ու թերությունները, որոնք հանգեցրել են այս աղետին, պետք է հստակ սահմանենք նման զարգացումների հիմնական պատճառները, ախտորոշենք մեր հաստատությունների խնդիրները, դիմադրենք քաղաքական ձախողումներին և հետո միայն նախաձեռնենք պետական ինստիտուտների բարեփոխումների ու ինքնաշտկման գործընթաց:

 

-------------------------------------------

[1] Ճշմարտությունը բացահայտող հանձնաժողովներ ձևավորելու պրակտիկան հաջողությամբ կիրառել են Սիերրա Լեոնեն, Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Չիլին, Պերուն, Գանան, Մարոկկոն, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Լիբերիան, Կոնգոյի Դեմկորատական Հանրապետությունը։
[2] Priscilla B. Hayner. 2002. Unspeakable Truths: Facing the Challenge of Truth Commissions. Routledge.; James L. Gibson. 2004. Overcoming Apartheid: Can Truth Reconcile a Divided Nation? (HSPC Press); և 2006, “The Contribution of Truth to Reconciliation, Lessons from South Africa.” Journal of Conflict Resolution (50).
[3] Հուսալի և թույլ ճշմարտության հանձնաժողովների մասին հանգամանալից տե՛ս Duncan McCargo. 2015. “Transitional Justice and Its Discontents.” Journal of Democracy Vol. 26 (2), 5-20.
[4] Guillermo Trejo, Juan Albarracin, and Lucia TIscornia. 2018. “Breaking State Impunity in Post-Authoritarian Regimes: Why Transitional Justice Processes Deter Criminal Violence in New Democracies.” Journal of Peace Research Vol. 55 (6). 787-809.
[5] Տե՛ս, օրինակ՝ Louise Mallinder .2008. Amnesty, Human Rights and Political Transitions. Hart Publishing. Նաև՝ Kieran McEvoy and Louise Mallinder. 2012. “Amnesties, Punishment and the Calibration of Mercy in Transition.” Journal of Law and Society (39).

read in English 

Postmortem of a Catastrophe

մեր հայերեն էջից

Ոտնահարել խաղաղ կարգավորումը. Ադրբեջանն ու գերտերությունների անտարբերությունը

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հարված էր վեճերը խաղաղ կարգավորելու միջազգային սկզբունքին։ Համաշխարհային տերությունները պետք է դատապարտեն Ադրբեջանի այս ոտնձգությունն ու փորձեն կանխել դրա հետևանքները:

«Հանուն փրկության» իրավունքները միջազգային իրավունքում և առնչությունը Արցախի հարցին

Գոյապահպանման սպառնալիքի, էթնիկական զտումների մեծ հավանականության և Արցախում մարդասիրական ճգնաժամի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել Արցախը։

Հայաստանի ապագայի 12 հրամայականները

Հայաստանում արդեն ձմեռ է. այս տարի, սակայն, միայն ձմեռային ավանդական շրջափուլին չէ, որ պիտի պատրաստվենք։ Նկատի ունենալով Արցախյան երկրորդ պատերազմի ելքը՝ առավելագույնը հինգ տարի ունենք երկրի անվտանգությունը կտրուկ բարելավելու համար. ընդ որում, դա պետք է արվի մի շարք ուղղություններով, որոնք մանրամասն ներկայացնում է Ռաֆֆի Քասարճեանը։

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո: Այս հոդվածում ներկայացվում և թվարկվում են ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված ամենասարսափելի և դաժան պատերազմական հանցագործությունները:

Պատերազմական հանցագործություններ և արդարադատության հնարավոր ուղիներ

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների մասին միջազգային օրենքների բազմաթիվ համակարգված խախտումներ են կատարել։ Արա Խզմալյանը բացատրում է այն ուղիները, որոնք առկա են Արցախի դեմ կատարված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն պահանջելու համար:

Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը Արցախյան երկրորդ պատերազմից առաջ

Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի անտեսման ծավալներն աննախադեպ էին 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում. սա, սակայն, Բաքվի հակահայ քաղաքականության ավելի քան մեկդարյա պատմության շարունակությունն է:

Երբ կրկին կորցնում ես կորցրած մանկությունդ

Լրագրող Լուսինե Մուսաելյանը հիշում է Արցախյան առաջին պատերազմը։ Նա հիշում է, թե ինչպես է Բարոնուհի Քերոլայն Քոքսն իրեն ճմռթված թղթով փաթաթված գույնզգույն կոնֆետ տալիս։ Հիշում է ռմբակոծություններն ու ապաստարանները։

Իսկ սարերի հետևում պատերազմ էր...

Արցախյան պատերազմում եզդիների մասնակցության մասին մեզանից շատերն իմացան միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նահատակվեց Քյարամ Սլոյանը: Հայոց նորագույն պատմության ամենաառանցքային իրադարձությունների ժամանակ եզդիները միշտ եղել են հայերի կողքին, 2020 ի 44 օրյա պատերազմը բացառություն չէր:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team