harout coalitions

Երբ Երկաթե վարագույրն ընկավ, իր հետ փլուզելով նաև խորհրդային միակուսակցական համակարգը, նոր կայացող կուսակցությունները մի շարք խնդիրների բախվեցին։ Դրանց համար սովորական դարձավ անհատների (որպես կանոն՝ հիմնադիր-առաջնորդ-հովանավորի) և ոչ թե գաղափարախոսության շուրջ կենտրոնանալը։

Հայաստանում «Ղարաբաղ» կոմիտեն ձևավորվեց 1980-ականների վերջերին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը (ՀԽՍՀ) միացնելու ձգտումով։ Այս շարժումը ձևավորեց այն առանցքը, որի շուրջ սկսեցին ի հայտ գալ հայաստանյան առաջին կուսակցությունները, որպես կանոն՝ երբ կոմիտեի անդամներից մեկը լքում էր այն՝ առանձին կազմակերպություն ստեղծելու նպատակով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 1990 թվականին դարձավ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ 1991 թվականին՝ անկախացումից հետո, ընտրվեց հանրապետության առաջին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեն վերածեց կուսակցության՝ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ): Մինչև 1995-ի խորհրդարանական ընտրությունները ԳԽ մի շարք պատգամավորներ առանձնացել էին Վազգեն Մանուկյանի և Շավարշ Քոչարյանի շուրջ՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) ձևավորելու նպատակով: Մանուկյանն ի սկզբանե եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, աշխատել Տեր-Պետրոսյանի կառավարությունում՝ որպես հանրապետության առաջին վարչապետ: 1995 թվականին նա արդեն ընդդիմադիր գործիչ էր։

Անկախացումից հետո փաստացի դադարեց գոյություն ունենալ Հայկական ԽՍՀ կոմունիստական կուսակցությունը (որպես ԽՄԿԿ մասնաճյուղ), ազգայնացվեցին կոմկուսի  ակտիվները (այդ թվում և ներկայիս Ազգային ժողովի շենքը)։ Այդուհանդերձ, կուսակցության որոշ անդամների հաջողվեց վերակազմավորել կառույցը որպես Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)՝ Սերգեյ Բադալյանի ղեկավարությամբ։ Սակայն այն շուտով ևս մասնատվեց. մի քանի նախկին կոմունիստներ միավորվեցին՝ հիմնելով Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ)՝ Արամ Գ. Սարգսյանի գլխավորությամբ, որն անկախացման շրջանում Հայաստանի գլխավոր կոմունիստն էր:

Հայկական երեք «ավանդական» կուսակցությունները (կոչվում են ավանդական, քանի որ հիմնադրվել են քսաներորդ դարասկզբին և գործել հայկական սփյուռքում խորհրդային ողջ շրջանի ընթացքում)՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ) և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) անկախացումից հետո վերահաստատվեցին Հայաստանում։ ՌԱԿ-ը, սակայն, Հայաստանում արագորեն կազմալուծվեց՝ Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և Ժողովրդական կուսակցության։ Ընդ որում, երկրորդը պնդում էր, որ ընդունում է Հայ ժողովրդական կուսակցության սկզբունքները, որն ակտիվ էր Առաջին հանրապետության շրջանում (1918-1920):

 

Լևոն Տեր-Պետրոսյանի տարիները (1991-1998)

1995 թվականի խորհրդարանական առաջին ընտրություններից ի վեր կուսակցությունները Հայաստանում գործակցել են առավելապես նախընտրական դաշինքների և թեկնածուների միասնական ցուցակների շուրջ՝ առանց երկարաժամկետ համագործակցության անհրաժեշտություն զգալու։ Սա տարածված պրակտիկա է հետխորհրդային հանրապետություններում. կուսակցությունները չեն ընդգրկվում «իշխող կոալիցիաներում», այդպիսիք ձևավորվում են միայն այն ժամանակ, երբ ընտրություններն արդեն իսկ ավարտված են ու պատգամավորական մանդատները բաշխված (չնայած կառավարող կոալիցիաներ Հայաստանում նույնպես եղել են): Այլ կերպ ասած, ստեղծվում են «նախընտրական դաշինքներ», որոնց մաս կազմող կուսակցությունների առաջնորդներն ընտրություններից առաջ համաձայնության են գալիս, թե ինչպես դասավորել իրենց թեկնածուներին ընդհանուր ցուցակում։

1995 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն ձևավորեց «Հանրապետություն» նախընտրական դաշինքը: ՀՀՇ-ի թեկնածուները զբաղեցնում էին ցուցակի առաջին տեղերը, ներկայացուցիչների կային ԼԴԿ-ից՝ Վիգեն Խաչատրյանի և ՍԴՀԿ-ից՝ Եղիա Նաջարյանի գլխավորությամբ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որն այն ժամանակ դեռ երկրորդական խաղացող էր, ներկայացնում էր Աշոտ Նավասարդյանը, Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատական միությունը՝ Ազատ Արշակյանը, Մտավորական Հայաստանը՝ Հովհաննես Թոքմաջյանը։

«Հանրապետություն» դաշինքը կառավարող կոալիցիա կազմեց «Շամիրամ» կուսակցության հետ, որը կազմված էր գերազանցապես կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կանանցից:

Հատկանշական է, որ ՀՅԴ-ն Հայաստանում արգելվեց 1994 թվականին՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական կարգադրությամբ: Այդուհանդերձ, կուսակցությունը հնարավորություն ուներ մեկական թեկնածու առաջադրել յուրաքանչյուր ընտրատեղամասում, որոնք պաշտոնապես գրանցվում էին որպես անկախ թեկնածուներ:

«Կամք» կազմակերպության հետ նախընտրական դաշինք էր կազմել Հայաստանի Դաշնակցություն կուսակցությունը, որը որևէ առնչություն չուներ ՀՅԴ-ի հետ:

1995 թվականի ընտրություններում համամասնական 5 տոկոս նախընտրական շեմը հաղթահարեցին Ազգային-ժողովրդավարական միությունն (ԱԺՄ) ու Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում» միավորումը (ԱԻՄ)՝ դառնալով ընդդիմություն Տեր-Պետրոսյանին։

 

1995 թ. խորհրդարանական ընտրություններ(միայն համամասնական ցուցակ)

1-«Հանրապետություն» դաշինք՝ 329,300 ձայն (43.9%)

2-Շամիրամ՝ 130,252 (17.4%)

3-Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 93,353 (12.4%)

4-Ազգային ժողովրդավարական միություն 57,996 (7.7%)

5-«Ազգային ինքնորոշում» միավորում՝ 42,987 (5.7%)

-------------------------------------------------- 5% ընտրական շեմը, որից ներքև համամասնական տեղեր չեն հատկացվում

6-Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն՝ 19,437 (2.6%)

7-«Կամք և Դաշնակցություն» դաշինք՝ 15,424 (2.1%)

8-Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 13,781 (1.8%)

9-Հայաստանի ագրարային ժողովրդավարական կուսակցություն՝ 13,781 (1.8%)

10-«Առաքելություն» կազմակերպություն՝ 10,426 (1.4%)

11-Հայաստանի գիտա-արդյունաբերական և քաղաքական միություն՝ 9,940 (1.3%)

12-Ազգային պետություն՝ 8,397 (1.1%)

13-Ժողովրդական կուսակցություն՝ 6,706 (0.9%)

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի անց՝ 1996-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն, «Ազգային ինքնորոշում» միավորումն ու ՀԺԿ-ն աջակցեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Տարածված կարծիքի համաձայն՝ ընտրություններում իրականում հաղթեց Մանուկյանը, թեև ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին փուլում Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների 51.8 տոկոսը: Ընտրություններին հաջորդած բողոքի ալիքն ու հայտնի իրադարձությունները որևէ ազդեցություն չունեցան պաշտոնական արդյունքների վրա, սակայն այս դրվագը հայաստանյան քաղաքական իրականության մեջ ընտրախախտումների պրակտիկայի հիմքը դրեց ու ընտրական գործընթացի նկատմաբ հասարակության վստահության կորստի նախադեպ ստեղծեց:

 

Ռոբերտ Քոչարյանի տարիները (1998-2008)

Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ 1998-ին. նա չմասնակցեց արտահերթ նախագահական ընտրություններին։ Մանուկյանը դարձյալ առաջադրվեց, բայց նրան պաշտպանած կուսակցություններն այս անգամ ընտրությունների գնացին սեփական թեկնածուներով՝ թվով 12 (բացի ՀՅԴ-ից, որի գործունեությունը դեռևս արգելված էր)։

Ընտրությունների ծանրքաշայինները երկուսն էին՝ գործող վարչապետ և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայկական ԽՍՀ Կոմկուսի Կենկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Երկրորդ փուլում Քոչարյանը հաղթեց Դեմիրճյանին՝ ստանալով քվեների 58.9 տոկոսը։

Մեկ տարի հետո նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվեց նոր նախընտրական դաշինք՝ «Միասնությունը», որում ընդգրկվեցին Դեմիրճյանի նորաստեղծ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի Երկրապահ կամավորական միությունը, ՀՀԿ-ն (որի ղեկավարությունը Աշոտ Նավասարդյանի մահից հետո ստանձնել էր Անդրանիկ Մարգարյանը) և ՀՀՇ-ի մի շարք արդեն նախկին անդամներ։

Թեև ընտրություններին մասնակցած բազմաթիվ դաշինքների, միակը, որը հաղթահարեց 5 տոկոսի շեմը, «Իրավունք և միաբանություն» դաշինքն էր, որին աջակցում էր Արցախյան պատերազմի հերոս Սամվել Բաբայանը և որում ներգրավված էր «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ)՝ Հրանտ Խաչատրյանի գլխավորությամբ, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունը և Հայաստանի գիտա-արդյունաբերական և քաղաքական միությունը։ Այս երեք կուսակցությունները նախորդ և ոչ մի ընտրություններում չէին հավաքել քվեների 1 տոկոսը։ Նախընտրական դաշինքում ուժերը միավորելու ճանապարհով 5 տոկոսի շեմը հաղթահարելը նշանակալի ձեռքբերում էր նրանց համար։

 

1999 թ. խորհրդարանական ընտրություններ (միայն համամասնական ցուցակ)

1-«Միասնություն» դաշինք՝ 448,133 ձայն (42.4%)

2-Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 130,161 (12.3%)

3-«Իրավունք և միաբանություն» դաշինք՝ 85,736 (8.1%)

4-Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 84,232 (8.0%)

5-«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 56,807 (5.4%)

6-Ազգային ժողովրդավարական միություն՝ 55,620 (5.3%)

-------------------------------------------------- 5% ընտրական շեմը, որից ներքև համամասնական տեղեր չեն հատկացվում

7-«Արժանապատիվ ապագա» կուսակցություն՝ 35,190 (3.3%)

8-Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների դաշինք՝ 26,823 (2.5%)

9-«Հզոր հայրենիք» կուսակցություն՝ 24,896 (2.4%)

10-«Ինքնորոշում» դաշինք՝ 24,681 (2.3%)

11-«Հայրենիք» դաշինք՝ 13,293 (1.3%)

12-Հայ համազգային շարժում՝ 12,540 (1.2%)

13-«Ազատություն» կուսակցություն՝  11,076 (1.0%)

14-Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 10,621 (1.0%)

15-«Առաքելություն» կազմակերպություն՝ 8,122 (0.8%)

16-Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցություն՝ 7,374 (0.7%)

17-«Ազատ Հայք» առաքելություն՝ 6,526 (0.6%)

18-«Ազգային պետություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ 5,785 (0.5%)

19-Հայաստանի երիտասարդական կուսակցություն՝ 5,675 (0.5%)

20-«Սոցիալիստական ուժերի միություն» դաշինք՝ 2,588 (0.2%)

21-Շամիրամ՝ 2,053 (0.2%)

1998 թվականին վերացվեց ՀՅԴ գործունեության արգելքը և կուսակցությունը կարողացավ պատգամավորական մանդատներ ստանալ: Արթուր Բաղդասարյանը, որը 1995 թվականին ընտրվել էր որպես ՀՀՇ անդամ, որոշեց ստեղծել «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ). այն նույնպես հաղթահարեց ընտրական շեմը։

Ուժերի այս դասավորությունից գրեթե կես տարի անց՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ողբերգություն. մի խումբ զինված անձինք ներխուժեցին խորհրդարանի շենք և սպանեցին մի շարք պատգամավորների, այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին:

Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը «ժառանգություն ստացավ» ՀԺԿ-ն, իսկ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, կարճ ժամանակով պաշտոնավարեց որպես վարչապետ, ապա Քոչարյանը հեռացրեց նրան։ Տուրք տալով դավադրաբանական վարկածին, թե Ռոբերտ Քոչարյանը կարող էր ներգրավված լինել Հոկտեմբերի 27-ի դեպքերում, ՀԺԿ-ն դուրս եկավ իշխող խմբակցությունից, իսկ Արամ Զ. Սարգսյանը հիմնեց «Հանրապետություն» կուսակցությունը (խոսքը ՀՀԿ-ի մասին չէ): Սակայն ՀԺԿ-ի ոչ բոլոր անդամները հետևեցին կրտսեր Դեմիրճյանին: Նրանց մի մասը վերակազմավորվեց որպես Ժողովրդա-դեմոկրատական կուսակցություն՝ Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ, որը «Հանրապետություն» կուսակցության հետ «Միասնություն» դաշինքում մնաց այնքան ժամանակ, մինչև վերջինս միավորվեց «Օրինաց երկրի» հետ։

Վարչապետի պաշտոնում Արամ Զ. Սարգսյանին փոխարինեց Անդրանիկ Մարգարյանը, իսկ ՀՀԿ-ն դարձավ իշխող նոր կոալիցիայի առանցքը, որը կազմված էր «Օրինաց երկիր» կուսակցությունից, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից և ՀՅԴ-ից։ Ռոբերտ Քոչարյանը հարում էր այս կոալիցիային, բայց այդպես էլ պաշտոնապես որևէ դաշինքի կամ կուսակցության անդամ չդարձավ։

Հայաստանի քաղաքական դաշտի այս կտրուկ փոփոխությունից հետո 2003-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծվեց նոր նախընտրական դաշինք, որի նպատակը կառավարող ուժին մարտահրավեր նետելն էր։ «Արդարություն» դաշինքին միացան ՀԺԿ-ն, Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Արամ Գ. Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ԱԴԿ-ն և ՍԻՄ-ը: Դաշինքն ընտրություններում երկրորդն էր՝ ՀՀԿ-ից հետո, որի կոալիցիոն գործընկերները նախընտրեցին առանձին-առանձին մասնակցել ընտրությունների։

 

2003 թ. խորհրդարանական ընտրություններ (միայն համամասնական ցուցակ)

1-Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 280,363 (23.7%)

2-«Արդարություն» դաշինք՝ 163,203 (13.8%)

3-«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 147,956 (12.5%)

4-Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 136,270 (11.5%)

5-«Ազգային միաբանություն» կուսակցություն՝ 105,480 (8.9%)

6-Միավորված աշխատանքային կուսակցություն՝ 67,531 (5.7%)

-------------------------------------------------- 5% ընտրական շեմը, որից ներքև համամասնական տեղեր չեն հատկացվում

7-Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն՝ 55,443 (4.7%)

8-«Հզոր հայրենիք» կուսակցություն՝ 39,586 (3.3%)

9-Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն՝ 34,108 (2.9%)

10-«Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինք՝ 33,605 (2.8%)

11-Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 24,991 (2.1%)

12-Արդյունաբերողների և կանանց միություն՝ 24,388 (2.1%)

13-Ժողովրդական կուսակցություն՝ 13,214 (1.1%)

14-Աշխատանք, օրենք, միասնություն՝ 10,955 (0.9%)

15-Ազատական դաշինք՝ 9,711 (0.8%)

16-Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատական միություն՝ 8,057 (0.7%)

17-Հայոց համազգային շարժում՝ 7,676 (0.6%)

18-«Արդարություն» կուսակցություն՝ 6,473 (0.5%)

19-Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցություն՝ 6,200 (0.5%)

20-«Ազգային համաձայնություն» կուսակցություն՝ 6,078 (0.5%)

21-Հայ արիների բռունցք՝ 3,438 (0.3%):

«Արդարություն» դաշինքը Հայաստանում նախընտրական միավորումների չափազանց հետաքրքիր օրինակ է։ Նախորդ երկու խորհրդարաններում ամենախոշոր խմբակցությունները նախընտրական դաշինքներ էին, իսկ հիմնական մրցակիցները՝ առանձին կուսակցություններ: 2003-ին այս միտումը փոխվեց: ՀՀԿ-ն, որը միայնակ էր գնացել ընտրությունների, դարձավ խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը (թեպետ և մեծամասնություն չկազմեց), «Արդարություն» դաշինքը միայն երկրորդն էր ԱԺ-ում։

Միտումը նույնն էր նաև նախագահական ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել նույն տարվա փետրվար-մարտին. «Արդարություն» դաշինքը չդիմացավ մրցակցությանը, քանի որ անդամ-կուսակցությունները նախագահի սեփական թեկնածուներն առաջադրեցին։ Թեև սա թույլ տվեց, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին փուլում չստանա ձայների մեծամասնությունը, մասնատվածությունը, սակայն, իր բացասական ազդեցությունն ունեցավ երկրորդ փուլի ընթացքում (թեև բազմաթիվ էին ընտրախախտումների դեպքերը, այդ թվում և քվեաթերթիկների լցոնումները): Այս ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ ուղղակի քվեարկությամբ նախագահի ընտրության ինստիտուտն ապակայունացնող ազդեցություն ունի հայաստանյան կուսակցական համակարգի վրա:

Մինչ քաղաքական դաշտում իր դիրքերն էր ամրապնդում ՀՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, որն այդ տարիներին Կոտայքի մարզից ընտրված անկախ պատգամավոր էր, 2004 թվականին հիմնադրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ): Տարածված կարծիքի համաձայն՝ ՀՀԿ-ին  հակակշիռ ստեղծելու նրա մտադրությունը խրախուսել էր Ռոբերտ Քոչարյանը:

2007-ի խորհրդարանական ընտրություններում նախընտրական դաշինքները ստիպված էին ավելի բարձր անցողիկ շեմ հաղթահարել: Առանձին պայքարող կուսակցություններն առաջվա պես պետք է ունենային վավեր համամասնական քվեների առնվազն 5 տոկոսը՝ համամասնական ցուցակով պատգամավորական մանդատներ ստանալու համար, նախընտրական դաշինքներում միավորված կուսակցությունները՝ քվեների առնվազն 7 տոկոսը:

2006 թվականին «Օրինաց երկիր» կուսակցությունը լքեց ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիան՝ հանդես գալով ընդդիմության դիրքերից։ Ընտրություններից առաջ իշխող կոալիցիային կարճ ժամանակով միացավ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», որն այդպես էլ չկարողացավ հատել 5 տոկոսի շեմը և դուրս մնաց խորհրդարանից։

2007-ի ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ ԲՀԿ-ն հայտնվեց երկրորդ տեղում, ինչի շնորհիվ դարձավ ինքնուրույն քաղաքական ուժ։ «Արդարություն» դաշինքի նախկին անդամներն առանձին էին պայքարում խորհրդարանական ընտրություններում, ինչը, պարզվեց, ճակատագրական նշանակություն ունեցավ նրանց համար. թեև նրանք միասին ստացան քվեների գրեթե 5 տոկոսը, նրանցից և ոչ մեկը պատգամավորական մանդատ չստացավ, քանի որ դաշինքը մասնատվել էր։

 

2007 թ. խորհրդարանական ընտրություններ (միայն համամասնական ցուցակ)

1-Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 458,258 (33.9%)

2-«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 204,483 (15.1%)

3-Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 177,907 (13.2%)

4-«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 95,324 (7.1%)

5-«Ժառանգություն» կուսակցություն. 81,048 (6.0%)

-------------------------------------------------- 5% ընտրական շեմը, որից ներքև համամասնական տեղեր չեն հատկացվում

6-Միավորված աշխատանքային կուսակցություն՝ 59,271 (4.4%)

7-«Ազգային միաբանություն» կուսակցություն՝ 49,864 (3.7%)

8-«Նոր ժամանակներ» կուսակցություն՝ 47,060 (3.5%)

9-Ժողովրդական կուսակցություն՝ 37,044 (2.7%)

10-«Դաշինք» կուսակցություն՝ 32,943 (2.4%)

11-Հայաստանի ժողովրդական կուսակցություն՝ 22,762 (1.7%)

12-«Հանրապետություն» կուսակցություն՝ 22,288 (1.6%) 

13-«Իմպիչմենտ» դաշինք՝ 17,475 (1.3%)

14-Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 8,792 (0.7%)

15-Ազգային ժողովրդավարական կուսակցություն՝ 8,556 (0.6%)

16-«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 8,351 (0.6%)

17-«Ազգային համաձայնություն» կուսակցություն՝ 4,199 (0.3%) 

18-Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 3,686 (0.3%)

19-«Քրիստոնյա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն՝ 3,433 (0.3%)

20-Միացյալ ազատական-ազգային կուսակցություն՝ 2,739 (0.2%)

21-Հայաստանի մարքսիստական կուսակցություն՝ 2,660 (0.2%)

22-Հայաստանի երիտասարդական կուսակցություն՝ 2,291 (0.2%)

23-Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն՝ 989 (0.1%)

Կուսակցություններն այս ընտրություններին թեև որոշել էին առանձին մասնակցել, ՀՀԿ համամասնական ցուցակում երկու թեկնածու՝ «Հզոր Հայրենիք» (հիմնականում ջավախահայեր) և «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցություններից, պատգամավորական մանդատ ստացավ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր համամասնական ցուցակում մեկ թեկնածու ուներ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից, որը ևս հայտնվեց ԱԺ-ում:

Այսպիսով, 2007 թվականը հերթական անկյունաքարային տարին էր ընտրական զարգացումներում: Կրտսեր գործընկերների հետ դաշինքներ կազմելու փոխարեն որոշ կուսակցություններ նախընտրեցին առանձին անհատներ ներգրավել, որոնք, իրենց կարծիքով, կարող էին ինչ-որ բան առաջարկել՝ միևնույն ժամանակ չմեծացնելով փոքր կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը։ Քանի որ ընտրական օրենսգիրքը թույլ էր տալիս թեկնածուների ցանկի 30 տոկոսը համալրել կուսակցության ոչ ֆորմալ անդամներով, սողանցքն օգտագործվում էր քաղաքական մյուս ուժերին «կուլ տալու» նպատակով՝ միևնույն ժամանակ չվնասելով մայր կուսակցության բրենդը։

 

Սերժ Սարգսյանի տարիները (2008-2018)

2007 թվականին մահացավ վարչապետ և ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը: Քոչարյանի մտերիմ և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փոխարինեց Մարգարյանին երկու պաշտոնում էլ՝ դառնալով ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածուն, երբ Քոչարյանի լիազորությունների ժամկետը լրացավ 2008 թվականին: Հատկանշական է, որ ՀՀԿ-ի գոյության ընթացքում կուսակցության ղեկավարները փոխվել են երկու անգամ, երկու դեպքում էլ նրանց մահվանից հետո։

Երկար տարիների լռությունից հետո քաղաքականություն փորձեց վերադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2008 թվականի նախագահական ընտրություններում մարտահրավեր նետելով Սերժ Սարգսյանին: Սարգսյանի հաղթող հայտարարվելուց հետո 2008 թվականի մարտի մեկին տասը մարդ սպանվեց ընտրությունների արդյունքների դեմ Տեր-Պետրոսյանի աջակիցների բողոքի ցույցերը ցրելիս: Հայկական քաղաքական դաշտը ցնցած հերթական ողբերգությունից հետո ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունը համաձայնեցին իշխող կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ՝ շեշտելով ճգնաժամը հաղթահարելու համար ազգային համերաշխության անհրաժեշտությունը։

ՀՅԴ-ի կոալիցիան ՀՀԿ-ի հետ, սակայն, կարճ կյանք ունեցավ. 2009-ին նրանք լքեցին կոալիցիան՝ ընդդեմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված «ֆուտբոլային դիվանագիտության»:

Լևոն Տեր-Պետրոսյանին ֆորմալ առումով քաղաքականություն վերադառնալ հաջողվեց միայն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ նախընտրական դաշինքի միջոցով, որը կոչվում էր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ): Դաշինքում ներառված էին ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն, Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը (1993-1996 թթ. Հրանտ Բագրատյանը Տեր-Պետրոսյանի կառավարության չորրորդ վարչապետն էր), ինչպես նաև մի շարք նորաստեղծ փոքր կուսակցություններ՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի լիբերալ կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունն ու Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը: Դաշինքի համամասնական ցուցակում ներառված էր նաև Նիկոլ Փաշինյանը, որը 2007 թվականին ղեկավարել էր «Իմպիչմենտ» դաշինքը, ինչպես նաև մի շարք թեկնածուներ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից:

Ինչպես «Արդարություն» դաշինքի դեպքում էր, ՀԱԿ-ը դարձավ ընդդիմության ձայնը, թեև չէր ներառում Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը:

 

2012 թ. խորհրդարանական ընտրություններ (միայն համամասնական ցուցակ)

1-Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 664,266 (44.1%)

2-«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 454,671 (30.2%)

3-«Հայ ազգային կոնգրես» դաշինք՝ 106,901 (7.1%)

4-«Ժառանգություն» կուսակցություն՝ 86,993 (5.8%)

5-Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 85,544 (5.7%)

6-«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 83,123 (5.5%)

-------------------------------------------------- 5% ընտրական շեմը, որից ներքև համամասնական տեղեր չեն հատկացվում

7-Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 15,899 (1.1%)

8-Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն՝ 5,576 (0.4%)

9-«Միավորված հայեր» կուսակցություն՝ 2,944 (0.2%)

Ընդ որում, ինչպես «Արդարություն» դաշինքի դեպքում, ՀԱԿ-ը ևս մեկ միասնական քաղաքական միավորի չվերածվեց: Այն վերակազմակերպվեց և ընտրություններից հետո նախընտրական դաշինքից վերածվեց նոր կուսակցության՝ Հայ ազգային կոնգրեսի, որն իրականում վերաբրենդավորված Հայոց համազգային շարժումն էր։ ՀԱԿ-ի խոշոր գործընկերները նախընտրեցին պահպանել իրենց քաղաքական ինքնուրույնությունը:

2015 թվականի Սահմանադրությունը ենթադրում էր անցում կառավարման նախագահական մոդելից խորհրդարանականի, ուստի մեծամասնական ընտրատեղամասերում այլևս չէին լինելու միամանդատ տեղեր. բոլոր տեղերը համամասնորեն (որոշ աղավաղումներով) բաշխվելու էին կուսակցությունների միջև՝ համապետական քվեարկության արդյունքների հիման վրա:

2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր չորս խոշոր նախընտրական դաշինք: «Ծառուկյան» դաշինքը հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբրենդավորումն էր և էլ ավելի սերտ էր կապված առաջնորդի անվան հետ: Դաշինքի մյուս երկու գործընկերները, խոշոր հաշվով, անհայտ միավորներ էին՝ «Առաքելություն» կուսակցությունը (խոսքը 2013-ին հիմնադրված նոր, և ոչ թե 1990-ականների կուսակցության մասին է) և Տիգրան Ուրիխանյանի «Ալիանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը (ԱԱՑԿ): «Ելք» դաշինքը, որը միավորել էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետությունը» և Նիկոլ Փաշինյանի նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հիմնական լիբերալ ընդդիմությունն էր:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված էին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» և Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունները: Դաշինքի անվան ընտրությունը կտրուկ ընդգծում էր առաջնորդների կարևորությունը: Եվ վերջապես, «Հայ ազգային կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքը միավորում էր երկու նախկին ընդդիմադիր կուսակցություններին, որոնք դուրս էին մնացել խորհրդարանից:

Առաջին երկու դաշինքը հատեցին 7 տոկոսի շեմը և մտան խորհրդարան: Վերջին երկուսը շեմը հաղթահարել չկարողացան՝ ստանալով 5 տոկոսից էլ ցածր ձայներ, ինչը անցողիկ էր, սակայն, առանձին կուսակցությունների պարագայում:

 

2017 թվականի խորհրդարանական ընտրություններ

1-Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 770,441 (49.1%)

2-«Ծառուկյան» դաշինք՝ 428,836 (27.4%)

3-«Ելք» դաշինք՝ 122,065 (7.8%)

4-Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 103,048 (6.6%)

-------------------------------------------------- 5% ընտրական շեմը, որից ներքև համամասնական տեղեր չեն հատկացվում

5-«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58,265 (3.7%)

6-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32,508 (2.1%)

7-«Հայ ազգային կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինք՝ 25,950 (1.7%)

8-«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ (0.9%)

9-Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11,741 (0.7%)

Այս ընտրություններում որոշիչ էր դաշինքների դերը: Առանց «Ելք» դաշինքի Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ բավականաչափ ձայներ չէր հավաքի պատգամավորական մանդատ ստանալու համար։ Իսկ առանց այն լեգիտիմության, որը նրան ապահովում էր ԱԺ պատգամավորի կարգավիճակը, 2018-ի Թավշյա հեղափոխությունը միանգամայն այլ ելք կունենար:

 

Նիկոլ Փաշինյանի տարիները (2018-ից մինչ օրս)

Երբ Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը 2018-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը, «Ելք» դաշինքը մասնատվեց՝ նույն տարում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ ԼՀԿ-ն որոշեց միայնակ պայքարել, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը միացավ «Ազատ դեմոկրատներին»՝ ձևավորելով «Մենք» դաշինքը: Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն իր ցուցակում ընդգրկեց «Առաքելություն» կուսակցությունը՝ ԲՀԿ-ի նախկին գործընկերոջը՝ այն վերաբրենդավորվելով որպես «Իմ քայլը» դաշինք:

Թեև Փաշինյանի թիմն առաջարկել էր նվազեցնել ընտրական շեմը՝ կուսակցությունների համար 5 տոկոսը և նախընտրական դաշինքների համար 7 տոկոսը հասցնելով համապատասխանաբար 4 և 6 տոկոսի, խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էր ՀՀԿ-ն, չընդունեց այդ առաջարկը: ՀՀԿ-ն թանկ վճարեց իր այս որոշման համար՝ հավաքելով քվեների 4.7 տոկոսը, բայց չստանալով և ոչ մի պատգամավորական մանդատ:

 

2018 թ. խորհրդարանական ընտրություններ

1-«Իմ քայլը» դաշինք՝ 884,864 (70.4%)

2-«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103,801 (8.3%)

3-«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 80,047 (6.4%)

-------------------------------------------------- 5% ընտրական շեմը, որից ներքև համամասնական տեղեր չեն հատկացվում

4-Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 59,083 (4.7%)

5-Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 48,816 (3.9%)

6-«Մենք» դաշինք՝ 25,176 (2.0%)

7-«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ 22,868 (1.8%)

8-«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12,393 (1.0%)

9-«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 8,514 (0.7%)

10-«Քրիստոնյա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն՝ 6,458 (0.5%)

11-«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 4,121 (0.3%)

Երկու տարի առաջ տեղի ունեցած համապետական վերջին ընտրություններից հետո Հայաստանում շատ ջրեր են հոսել։ Այսօր խոսվում է 2021-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց միայն երբ ավարտվի Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացը: Իսկ մինչ այդ, 2019-ի սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը դուրս եկավ ԼՀԿ խմբակցությունից՝ շարունակելով գործունեությունը որպես անկախ պատգամավոր: Նրա ձայնը որոշիչ եղավ որոշ օրինագծեր ընդունելիս, որոնք պահանջում էին մեծամասնության երկու երրորդի քվեն, որոնց թվում էր 2020-ի՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: 2020 թ. սեպտեմբերի 21-ին նա անցկացրեց «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր համագումարը:

2018 թվականին Տիգրան Ուրիխանյանը դարձյալ առաջադրվեց ԲՀԿ-ի ցուցակով, բայց որպես ԱԱՑԿ միակ ներկայացուցիչ, և 2020 թվականին դուրս եկավ խմբակցությունից: Սերգեյ Բագրատյանը նույնպես լքեց ԲՀԿ-ն և շարունակեց աշխատել որպես անկախ պատգամավոր: 2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմից հետո հինգ պատգամավոր դուրս եկան «Իմ քայլը» խմբակցությունից՝ շարունակելով գործունեությունը որպես անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյան, Գոռ Գևորգյան, Աննա Գրիգորյան, Թագուհի Թովմասյան և Սոֆյա Պողոսյան: Դեռ պարզ չէ, թե արդյոք նրանք կմիավորվեն և ինչ-որ դերակատարում կունենան գալիք ընտրություններում, երբ էլ որ դրանք անցկացվեն։ «Առաքելություն» կուսակցության բոլոր չորս անդամները մինչ օրս էլ «Իմ քայլը» խմբակցության կազմում են։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ձևավորվեց 17 կուսակցությունների խորհուրդը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որը ստեղծել է Հայրենիքի փրկության կոմիտեն՝ հորդորելով նոր կառավարություն ձևավորել արտահերթ ընտրություններից առաջ։ Նոյեմբերի 9-ի նրանց առաջին հայտարարությունը ստորագրել էին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի ԱԺՀ-ն, ՔԴԿ-ն, որն այժմ ղեկավարում է երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը, չորրորդ վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, «Համերաշխություն» կուսակցությունը, Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը և «Սահմանադրական իրավունք» միությունը: Այս ցանկում նշվում էր նաև Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, բայց ավելի ուշ նա հայտարարեց, որ այդ օրը երկրում չի եղել և համաձայնություն չի տվել խորհրդում ներգրավվելու վերաբերյալ:

 

Նախընտրական դաշինքներն այլ երկրներում

Արևելյան Եվրոպայի որոշ նախկին կոմունիստական երկրներ օգտագործում են Հայաստանի մոդելը՝ թույլ տալով, որ կուսակցությունները ձևավորեն նախընտրական դաշինքներ, բայց և ավելի բարձր ընտրական շեմ կիրառելով այդպիսի միավորների համար: Հայաստանն այսօր սահմանում է 5 տոկոս նախընտրական շեմ առանձին կուսակցությունների և 7 տոկոս շեմ երկու կամ ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար, որոնք խորհրդարանական ընտրություններում հանդես են գալիս միասնական ցուցակով: Լիտվան ևս կիրառում է նույն շեմը: Լեհաստանը սահմանում է համապատասխանաբար 5 և 8 տոկոսի շեմ:

Երբեմն խոշոր դաշինքների համար ավելի բարձր շեմ է կիրառվում՝ համեմատ միայն երկու կուսակցությունից կազմված միավորումների։ Հունգարիայում, օրինակ, առանձին կուսակցությունների համար շեմը 5 տոկոս է, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 10 տոկոս, երեք և ավելի կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 15 տոկոս: Չեխիայում առանձին կուսակցությունների, երկու կուսակցությունից կազմված դաշինքների, երեք կուսակցությունից կազմված դաշինքների և չորս և ավելի կուսակցությունից կազմված դաշինքների համար շեմը համապատասխանաբար 5, 10, 15 և 20 տոկոս է: Սլովակիայում առանձին կուսակցությունների համար ընտրական շեմը 5 տոկոս է, երկու կամ երեք կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 7 տոկոս, իսկ չորս և ավելի կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 10 տոկոս: Աճող շեմերը լուրջ խոչընդոտ են դաշինքների ձևավորման համար։

 

Էստոնիան արգելեց նախընտրական դաշինքները 1998-ին

1992 և 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում Էստոնիան կիրառեց 5 տոկոսի ընտրական շեմ, որը վերաբերում էր թե՛ առանձին կուսակցություններին, թե՛ նախընտրական դաշինքներին: 1995-ի խորհրդարանական ընտրություններում ոչ մի առանձին քաղաքական ուժ չկարողացավ մեծամասնություն ձևավորել։ Մեկ խոշոր նախընտրական դաշինքը իր ձեռքում կենտրոնացրեց պատգամավորական մանդատների մեծ մասը, իսկ մյուս չորսը հայտնվեցին 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ տեղերում: Միայն Ռեֆորմիստական և Ցենտրիստական կուսակցություններին հաջողվեց պատգամավորական տեղեր ստանալ առանձին պայքարելով (նրանք խորհրդարանում 2-րդ և 3-րդ քաղաքական ուժն էին): Այս երկու կուսակցությունները կողմ էին նախընտրական միավորումների արգելքին 1996 և 1997 թվականներին, բայց օրինագիծն անցկացնելու համար անհրաժեշտ աջակցություն ստանալ կարողացան միայն 1998 թվականին, երբ նրանց միացան Սոցիալ դեմոկրատներն ու «Պրո Պատրիա» միությունը: Այս օրինագծին հաջորդեց մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որը կուսակցության անդամների նվազագույն թիվը 200-ից դարձնում էր 1000: Երկու այս նախաձեռնությունները միասին նպատակ ունեին ամրապնդել կուսակցական համակարգը երկրում: Փոփոխությունները տեղի ունեցան 1999 թվականի ընտրություններից մոտ մեկ տարի առաջ, որի հետևանքով նախկինում ամենամեծ դաշինքը մասնատվեց փոքր խմբակցությունների:

Այդուհանդերձ, կուսակցությունների համամասնական ցուցակում այս փոփոխությունից հետո էլ կարող են ներառված լինել այլ կուսակցությունների թեկնածուներ, բայց քարոզարշավ կարելի է վարել միայն տիտղոսային կուսակցության բրենդի ներքո։

 

Մոլդովան փորձեց արգելել դաշինքները՝ անհաջող

2008 թվականին Մոլդովան ընդունեց ընտրական բարեփոխումների փաթեթը, որն արգելում էր նախընտրական դաշինքները, ընտրական շեմը 4-ից բարձրացնում էր 6 տոկոսի (այսինքն՝ նախկին մակարդակի) և սահմանափակում երկքաղաքացիների թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2009-ի ապրիլին, հանգեցրին նրան, որ Կոմունիստական կուսակցությունը ստացավ տեղերի մեծամասնությունը՝ հավաքելով քվեների գրեթե 50 տոկոսը:

Օրենքը բողոքարկվեց Tănase-ն ընդդեմ Moldova-ի ECtHR հայտնի դատական գործով, որը հիմնվում էր երկքաղաքացիության արգելքի վրա: Մոլդովան յուրահատուկ մշակութային և լեզվական հարաբերություններ ունի Ռումինիայի հետ, այն դեպքում, երբ Մերձդնեստրում բնակիչների մեծ մասը նաև ռուսական քաղաքացիություն ունի: 2009-ի ապրիլին ընտրված 21 պատգամավորներ, բոլորն էլ ընդդիմությունից, այլ երկրի քաղաքացիություն հայցելու ընթացիկ դիմումներ ունեին։

Ընտրական շեմի բարձրացմանը զուգահեռ նախընտրական դաշինքների արգելքը գնահատվեց որպես «արդյունավետ քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանափակում»: Օրենքը չեղարկվեց երկքաղաքացիության արգելքի հիման վրա, որը ևս մեկ անգամ հանգեցրեց երկրում նախընտրական դաշինքների արգելքի վերացման։ 2010 թվականի ընտրություններում ընտրական շեմերը դասավորված էին հետևյալ կերպ՝ 4 տոկոս առանձին կուսակցությունների համար, 7 տոկոս՝ երկու կուսակցությունից կազմված դաշինքների և 9 տոկոս՝ երեք և ավելի կուսակցությունից կազմված դաշինքների համար: Այս շեմերը բարձրացան համապատասխանաբար 6, 9 և 11 տոկոսի 2019-ի ընտրություններին ընդառաջ, որում առաջին անգամ հանդես եկավ պրոեվրոպական ACUM դաշինքը՝ մարտահրավեր նետելով գործող կուսակցություններին։

 

Արդյոք նախընտրական դաշինքներն օգտակար են Հայաստանի համար

Նախընտրական դաշինքների ինստիտուտը այն տեսքով, ինչպիսին այն այժմ կա, հիմնականում չարաշահվել է Հայաստանում: 2017 թվականին «Ծառուկյան» դաշինքը, իսկ 2018-ին՝ «Իմ քայլը» դաշինքն իրական համագործակցության օրինակներ չէին։ Այլ կուսակցությունների թեկնածուները կարող էին հարմար տեղավորվել անկուսակցականների 30-տոկոսանոց քվոտայում, ինչը թույլ էր տալիս ընտրություններից առաջ արհեստականորեն վերաբրենդավորել կուսակցությունը։ Հատկապես խնդրահարույց էր 2017-ին «Ծառուկյան» դաշինքը, որը կրում էր հիմնադրի անունը՝ ընդգծելով քաղաքականության անհատականացումը և հանրության ուշադրությունը շեղելով իրական քաղաքական հարթակներից: Լավագույն տարբերակը կլիներ «Կուսակցություն Ա-Կուսակցություն Բ» դաշինք անվամբ հանդես գալը, ինչպես 2017-ին վարվեց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը։

Նախընտրական դաշինքները միանշանակ նախընտրելի են քսան կամ ավելի կուսակցություններ ներառող ցուցակների համեմատ, որոնցից և ոչ մեկը առանձին ունակ չէ հաղթահարելու ընտրական շեմը, ինչպես տեղի ունեցավ 2007 թվականին: Որպես համագործակցային ձևաչափ՝ դաշինքները կենտրոնախույս ազդեցություն ունեն իրական ինստիտուցիոնալ ինտեգրման համար: 2003 թվականին «Արդարություն» դաշինքը, 2012 թվականին՝ «ՀԱԿ» դաշինքը և նույնիսկ 2017 թվականին «ՕՐՕ» դաշինքը ցույց տվեցին, թե ազդեցիկ քաղաքական գործիչներն ինչպես էին միավորվում մեկ ընտրական շրջափուլում, իսկ արդյունքում անփոփոխ էր մնում «մարդ-կուսակցություն» ստատուս քվոն: Թեև համապարփակ ուսումնասիրության կարիք կա՝ ընտրական դաշինքների արգելքը երկարաժամկետ հեռանկարում կարող է կարգավորել կուսակցական առաջնորդների փոփոխության ինստիտուտը տապալված քարոզարշավից հետո, հնարավորություն տալով, որ հաջորդ հնարավոր թեկնածուն զրոյից չվերակենդանացնի կառույցը:

Ներկա համատեքստում, մասնավորապես 17 կուսակցությունների մարտահրավերի պայմաններում, ընտրական դաշինքների արգելքը Հայաստանում կարող է դիտարկվել որպես ռեպրեսիվ քայլ: Շատ ավելի ընդունելի կլիներ ընտրություններին առանձին մասնակցելու պրակտիկան խթանելը՝ ընտրական շեմի 2:1 հարաբերակցության միջոցով, որը կիրառվում է Չեխիայում, Սլովակիայում և Հունգարիայում: Այսինքն, ընտրական շեմը 5 և 7 տոկոսից 4 և 6 տոկոսի իջեցնելու փոխարեն կարելի է կիրառել այլընտրանքային մոտեցում՝ 3.5 և 7 տոկոս, կամ, ինչն էլ ավելի լավ կլիներ, անցնել երեք ընտրական շրջանների համակարգին՝ շրջաններից յուրաքանչյուրի համար սահմանելով իր բնական անցողիկ շեմը:

Ամեն դեպքում, մի բան հաստատ է. հայ քաղաքական կուսակցությունների մասնատումների ու դաշինքների մասին դեռ շատ բան կարելի է գրել:

 

 

 

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team