img 6805
Մանվելն 85 օր անցկացրել է Երևանի հիվանդանոցներից մեկում, ապա դեկտեմբերի 27-ին տեղափոխվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

«Կիրակիները խաղաղ օրեր են զինվորների համար,- սայլակի անիվներն ուղղում ու 38-օրյա զինվորական ծառայության վերջինը դարձած, բայց ոչ խաղաղ կիրակին է հիշում 18-ամյա Մանվել Հակոբյանը։- Կիրակի վերկացը 30 րոպե ուշ է լինում, 6։30-ի փոխարեն 7։00-ին, թույլ են տալիս երկու ժամ ավելի քնել։ Այդ օրն ինքնապատրաստմա ն, ընդհանուր հիգիենայի օր է։ Սեպտեմբերի 27-ին ես սովորության համաձայն վաղ էի արթնացել։ Լվացվեցի, հագնվեցի, հետո շարվեցինք, ու 7։10 սկսեցին խփել։ Առաջին սնարյադն ընկավ 2017-ին կառուցած մեր զորամասի ուղղությամբ։ Նոր զորամաս էր ու այնտեղ երկու տարի մեծ հաճույքով կանցկացնեի ծառայությունս։ Հետո տեսանք, թե ինչպես են ռմբակոծում Եղնիկների ուղղությամբ։ Այնտեղ այնքան սիրուն էր բնությունը։ Ես շատ չեմ հասցրել ճանապարհորդել ու ինձ համար այնտեղի բնությունն իսկական բացահայտում էր։ Մեծ ցավ էր այդ բնության մեջ պայթող արկեր տեսնելը։ Շտաբի պետն անմիջապես տագնապ տվեց, վերցրինք զենքերը, զրահաբաճկոնները, սաղավարտներն ու նստեցինք միջանցքում։ Պատուհան կար, ասել էին պատուհանից հեռու նստեք։ Մեր ուղղությամբ արկեր էին գալիս, անթիվ-անհամար էին, հումոր էինք անում, թե մենք այդքան փամփուշտ չունենք, ինչքան իրենք սնարյադ»։

Արկերից մեկի պայթյունից պատուհանը կոտրվում է, ապակու փշրանքները վնասում են տղաներից մի քանիսին։ Նրանց բուժկետ տեղափոխելուց հետո մյուսները փոքր խմբերով մի քանի ժամ ապաստանում են գետնափորերում։ «Երբ դուրս եկանք ապաստարանից, տեսանք, որ մեր հարազատ զորամասն արդեն վերացրել են, սարերն այրվում են։ Ավելի ուշ, սարերով 15 կմ քայլելով Մատաղիսից հասանք Քարվաճառ։ Աշխատում էի հեռախոսով չխոսել, բայց երբ տնից զանգում էին, ստիպված պատասխանում էի ու ասում, որ լավ եմ, կամ կինոյի ժամ է, խանգարում եք։ Ես ասում էի՝ ամեն բան լավ է, բայց մի 100 մետրի վրա սնարյադը պայթում էր։ Չէինք ասում ինչ է կատարվում, ստաբիլ խաբում էինք, որ չանհանգստանան»,- Մանվելը ժպտում է ու տրորում ճակատը՝ թաքցնելով անհատակ ցավը մատնող աչքերը։

15 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխվելուց հետո 2020-ին Մանվելը վերադառնում է Հայաստան ու օգոստոսի 19-ին զորակոչվում Արցախ՝ Մատաղիս։ «Պատերազմի մասին թերևս գիտեինք, մեզ պատրաստում էին պարբերաբար, ասում էին՝ տագնապային վիճակ է։ Անգամ բաժանել էին խմբերի, թե պատերազմի դեպքում ով ուր է գնալու։ Ինձ տանելու էին շատ լավ տեղ, շատ լավ խմբով, ես լինելու էի ավագ հրաձիգ, սակայն պատերազմը, ինչպես միշտ, եկավ անսպասելի ու ամենադաժան ձևով։ Մենք կարծում էինք՝ կրակոցներ կլինեն, կկարողանայինք կազմակերպվել։ Սակայն միանգամից օդուժն սկսեց գործել ու բոլոր պլանները հօդս ցնդեցին»։

Հոկտեմբերի մեկին Մանվելը վիրավորվում է։ «Խրամատում էինք նստած, երեք արկ ընկավ, մեկը շատ մոտ։ Բեկորները սպանեցին երկու ընկերներիս, իմ ողնաշարը վնասվեց։ Տղերքը քարշ տվեցին, հանեցին խրամատից, տարան Ստեփանակերտի հոսպիտալ, էնտեղից էլ բերեցին Երևան»։

Մանվելն 85 օր անցկացրել է Երևանի հիվանդանոցներից մեկում, ապա դեկտեմբերի 27-ին տեղափոխվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Նրա հետ հանդիպում ենք հանգստի սենյակներից մեկում։ Մեծադիր պատուհաններով ընդարձակ ու լուսավոր սրահի մի անկյունում նա թերթում է հեռուստացույցի ալիքները, երբ ներս ենք մտնում։ Ողջունում է, ժպտում, համաձայնում զրուցել։ «Երբ վիրավորվեցի, մտածում էի՝ անգամ եթե ողջ մնամ, ոտքերս կտրելու են, ուրեմն պետք չի ողջ մնալ։ Բայց կենտրոնում փոխվեց վերաբերմունքս կյանքի նկատմամբ։ Կենտրոնը շատ կարևոր կետ է դարձել իմ կյանքում, շատերն են այստեղ ծանր վիրավորումից հետո ոտքի կանգնել, ու դա մեծ մոտիվացիա է։ Գալիս են տղաներ, որոնք եղել են մեր կարգավիճակում ու հասկանում ես, որ ամեն բան լավ է լինելու, պարզապես ժամանակ է հարկավոր։ Ժամանակ ու աշխատանք»,- ասում է Մանվելը ու նշում, որ վերականգնողական պարապմունքների դեռ քիչ է մասնակցում, միայն որոշ ժամանակ անց է ավելանալու դրանց քանակը։

Մանվելը ստացիոնար բուժում է ստանում, այսինքն բուժման ողջ ընթացքում մնում է կենտրոնում, որտեղ հոգում են նրա բոլոր կարիքները։ Բուժմանը զուգահեռ նա մասնակցում է նաև անգլերենի ու մաթեմատիկայի դասընթացների։ «Ցանկանում էի հոգեբան դառնալ, դեռ պետք է աշխատեմ այդ ուղղությամբ։ Այստեղ նաև հոգեբան է հետս աշխատում։ Քիչ առաջ էլ խոսեցի հոգեբանի հետ, նրան պատմեցի ամեն անհանգստացնող միտք ու թեթևացա»,- մեղմ ժպտում է երիտասարդը։

Զինվորների հույսի տունը

Զինվորի տուն՝ այսպես են անվանում շուրջ երեք տարի առաջ ստեղծված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որն այս ընթացքում հարյուրավոր զինհաշմանդամների հույսի տունն է դարձել՝ ապաքինման ճանապարհին։

Կենտրոնի ստեղծման պատմությունն իրականում մի քանի անհատի ջանքերի մեկտեղման պատմություն է։ Կենտրոնի ներկայիս տնօրեն, լրագրող Հայկուհի Մինասյանը, պարբերաբար լուսաբանելով զինհաշմանդամների խնդիրները, 2014-ին որոշում է հիմնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ ՀԿ-ի անդամները 2016-ի ամռանն այցելում են աջակցության ու բժշկական միջամտության կարիք ունեցող հերթական զինծառայողին՝ 2015-ի ապրիլի 25-ին 20 տարեկանում հրազենային ծանր վնասվածք ստացած Շիրազ Ամիրխանյանին։ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը այցելության ընթացքում նրանց է միանում այդ տարիների առողջապահության նախարար, այժմ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը տեսնելով երիտասարդի առողջական վիճակը՝ անհապաղ տեղափոխում է նրան Երևան՝ բուժման։

Բուժմանը զուգահեռ Շիրազ Ամիրխանյանի հետ հոսպիտալում սկսում են աշխատել կինեզիստ Դավիթները՝ Դավիթ Պարյանն ու Դավիթ Արսենյանը։ 2016-ի քառօրյա պատերազմից հետո կինեզիստների այս դուետը կամավորական սկզբունքով շրջում էր հիվանդանոցից հիվանդանոց ու վերականգնում վիրավոր զինծառայողների շարժունակությունը։

2018-ին ՀԿ-ի, Երևանի պետական բժշկական համալսարանի, պաշտպանության նախարարության և կինեզիստների թիմի համագործակցությամբ հիմնվում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը»՝ Հայաստանում և սփյուռքում բնակվող հայերի նվիրատվություններով։ «Այսպիսով, պետությունն առաջին անգամ մտավ զինհաշմանդամի տուն: Շատերը պարզապես ապշած էին, քանի որ տարիներ շարունակ իրենց ոչ ոք չէր հիշել, ոչ ոք չէր հարցրել իրենց որպիսությունը: Կային զինհաշմանդամներ, որոնց Երևան տեղափոխելու կարիք կար, ու քանի որ կենտրոնը հիմնական շենք չուներ, Միքայելյան հիվանդանոցում տարածք էինք վարձակալել, որտեղ աշխատում էին մեր մասնագետները։ Սակայն տեխնիկական հագեցվածություն ու բարենպաստ պայմաններ չկային, և ժամանակն էր մտածել զինհաշմանդամներին արժանի կենտրոն ունենալու մասին»,- հիշում է կենտրոնի լրատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Սաթեն Միքայելյանը։

Ընտրությունը կանգ է առնում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկի՝ 1914-ին կառուցված Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցի վրա, որը, սակայն, բարեկարգ վիճակում չէր։ Որոշում են դրամահավաք կազմակերպել՝ շենքը վերակառուցելու համար: Առաջին գումարն էլ փոխանցում են հենց բուժում ստացող զինվորները՝ բացիկներ պատրաստելով ու վաճառելով դրանք։ Կարճ ժամանակ անց ամբողջությամբ նորոգված և շքեղ կահավորված կենտրոնը զինվում է գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով՝ մատուցելով 60-ից ավելի ծառայություններ ու դառնալով տարածաշրջանում իր հնարավորություններով եզակի մի հաստատություն։ Երկու տարում կենտրոնը բացարձակ անվճար օգնել է 3000-ից ավելի զինհաշմանդամի։

Հայտնի է, որ Հայաստանում մինչև 2020 թվականի պատերազմը կար ինը հազար զինհաշմանդամ։ Արցախյան երկրորդ պատերազմն այդ թիվը, թերևս, կրկնապատկեց. ոչ պաշտոնական տվյալներով՝ վիրավորների թիվը շուրջ ութ հազար է։

Պատերազմը փորձություն էր նաև կենտրոնի մասնագետների համար, որոնք մարտերի առաջին իսկ օրվանից այցելում էին հիվանդանոցներ ու տեղում սկսում վերականգնման գործընթացը։ Կենտրոնի գլխավոր բժիշկ Լուսինե Պողոսյանն ասում է, որ վերականգնողական բուժումն սկսվում է վնասվածք ստանալուց անմիջապես հետո, երբ հիվանդի առողջական վիճակն արդեն գնահատվում է կայուն. «Պատերազմի առաջին օրից աշխատել ենք վերակենդանացման բաժիններում։ Հիմա էլ դեռ կան տղաներ, որոնք գտնվում են հիվանդանոցներում՝ ծանր վիճակում։ Մեր կենտրոնի ֆիզիոթերապիստները կցված են ու աշխատում են տղաների հետ, մեր բուժքույրերը այցելում են այդ բաժանմունքներ ու հատուկ վերականգնողական խնամք իրականացնում, ինչպես օրինակ՝ մաշկի խնամքը, հիգիենան, թոքաբորբերից խուսափելու համար թոքերի դիրքավորումը և այլն։ Երբ տղաները կյանքի ու մահվան պայքար են մղում, իհարկե այդ պահին խոսել վերականգնողական բուժումից իմաստ չունի, սակայն հեմոդինամիկայի կայունությունից հետո չենք սպասում, որ գան գիտակցություն, անմիջապես այդ փուլից սկսում ենք։ Եթե չաշխատենք սկզբից իսկ, բարդություններ կլինեն։ Վերականգնող բժիշկը գնահատում է իրավիճակն ու սկսում է կանխել զարգացող խնդիրները»։

Լուսինե Պողոսյանն ասում է, որ յուրաքանչյուր պացիենտի համար բուժման անհատական ծրագիր է մշակվում՝ կախված տարիքից, խնդրից, զուգորդվող հիվանդություններից, վնասվածքի մասշտաբից, խորությունից և այլն։ Թե ինչպիսին կլինի բուժման արդյունավետությունը, դժվար է ասել, բայց եթե չմիջամտելու դեպքում խնդիրը կարող է հանգեցնել, օրինակ, առաջին կարգի հաշմանդամության, ապա միջամտությունից հետո այն կարող է լինել երրորդ կարգի, անգամ ընդհանրապես հաշմանդամություն չլինել։ «Անգամ ամենալավ վիրահատությունից հետո չի կարելի հիվանդին թողնել առանց վերահսկողության, չի կարելի հիվանդին ասել՝ գնա տուն և ինքդ համացանցում վարժություններ գտիր, կատարիր ու լավ կլինի։ Միայն մասնագետը գիտի, թե որ փուլում ինչպես պիտի աշխատել։ Ինքնահոսի, առանց վերահսկողության թողնելու դեպքում սովորաբար լինում են բողոքներ, ավելի վատ արդյունք, կամ արդյունքի բացակայություն»,- նշում է գլխավոր բժիշկը։

Պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը կենտրոնը 300-ից ավելի վիրավոր զինվորի է սպասարկել։

26-ամյա Հարութ Դավթյանը ականաբեկորային վնասվածք է ստացել պատերազմի երկրորդ օրը։ Գորիսեցի սպան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտել է 2016-ին, ապա ծառայությունը շարունակել է Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ «Սիրել եմ զինվորական գործը, կարգուկանոնը, ղեկավարումը ու անհամբեր սպասում էի ծառայությանը։ Տեսել եմ 2014-ի սահմանային լարվածությունը, 2016-ի ապրիլյան պատերազմը, բայց սա մի ուրիշ բան էր, շատ հանկարծակի սկսվեց ամեն ինչ»,- հիշում է Հարութը։

Սեպտեմբերի 28-ին, վիրավորվելուց հետո նրան նախ տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ կատարում են առաջին վիրահատությունը, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղից էլ 46 օր անց՝ աջ կողմի թուլությամբ, խոսքի ու տեսողության խանգարումներով նա տեղափոխվում է վերականգնողական կենտրոն։ Շուրջ մեկ ամսվա բուժումից հետո վերականգնվել է երիտասարդի խոսքն ու տեսողությունը, ինչպես նաև քայլքը։ «Կենտրոնն ինձ ուժ տվեց, վերականգնվելու կամք։ Վնասվածքից հետո թվում էր՝ ավարտվել է կյանքս, բայց այստեղ գալով ամեն ինչ փոխվեց։ Հիմա սպասում եմ ամբողջական վերականգնման, որպեսզի վերադառնամ տուն՝ Գորիս։ Կենտրոնում սովորում եմ ծրագրավորում, հույս ունեմ՝ կկարողանամ աշխատել այդ ոլորտում»,- ասում է Հարութը։

Վերականգնողական կենտրոնը առողջական խնդիրներից զատ փորձում է լուծել նաև վիրավորների սոցիալական ինտեգրման, կրթության ու աշխատանքի տեղավորման հարցերը։ «Նրանք պետք է դառնան ամենամրցունակը,- շեշտում է Սաթեն Միքայելյանը։- Երբ նրանց առողջական վիճակը ներում է, նախ բազային կրթություն ենք տալիս՝ անգլերեն, մաթեմատիկա, համակարգչային գիտելիքներ, ապա մասնագիտական կողմնորոշումից հետո փորձում ենք հասկանալ, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել։ Լինում են դեպքեր, երբ տղաները մասնագիտություն են ունենում և ուզում են շարունակել նույն մասնագիտությամբ։ Լինում է, որ ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս, կամ հենց իրենք են որոշում փոխել մասնագիտությունը։ Անձնական որակները հաշվի առնելով՝ գործատուների հետ փորձում ենք հասկանալ աշխատաշուկայի պահանջները և վերապատրաստումներ կազմակերպում»։

Տասից ավելի զինհաշմանդամ է աշխատանքի ընդունվել հենց կենտրոնում։ «Եթե աշխատավայրի պայմանները չեն համապատասխանում, այդ հարցն էլ ենք լուծում։ Սոցիալական ինտեգրումը ենթադրում է նաև կենցաղային պայմանների բարելավում։ Օրինակ, եթե տղաները գյուղական համայնքներից են, փայտաշեն զուգարաններից սայլակով չեն կարողանա օգտվել, հետևաբար փորձում ենք մինչև հիվանդանոցից դուրս գրվելը բարելավել նաև նրանց կենցաղային պայմանները»,- պատմում է Միքայելյանը՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում տրամադրում են նաև քայլակ, սայլակ, դեղորայք և այլն։

Շիրազ Ամիրխանյանը էլ է նոր մասնագիտություն ձեռք բերել կենտրոնում ու հասցրել է աշխատանքի ընդունվել. «Կենտրոնում որոշ ժամանակ ծրագրավորում եմ սովորել, անգլերեն եմ պարապել ու կենտրոնի միջնորդությամբ սկսել եմ աշխատել։ Աշխատանքն ինձ շատ անհրաժեշտ էր»։

img 6767
img 6840
img 6792
img 6796
img 6748
img 6784
img 6828
img 6868
img 6843
img 6861

Ընդլայնել հզորությունները

«Կենտրոնը կառուցվել է վիրավոր զինվորների համար լավագույնը սկզբունքով»,- նշում է Սաթեն Միքայելյանը՝ ցույց տալով ընթերցասրահներով գրադարանները, հանգստի սենյակներն ու նշում, որ վարչական հատվածում նման ճոխություններ չենք գտնի։ Կենտրոնն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, ստացիոնար բուժօգնության հիվանդասենյակները հագեցած են անհրաժեշտ գույքով, զինհաշմանդամներին այստեղ խնամում են հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցները։ Սակայն պատերազմից հետո հիմնական մասնաշենքն այլևս չի բավարարում, ստիպված են ընդլայնվել ու հավելյալ տարածքներ վարձակալել։ Բացի այդ, պատերազմը ստիպել է մտածել պրոթեզարան ունենալու մասին։

«Պրոթեզարաններ ունեինք, սակայն պրոթեզավորման նախապատրաստում և պրոթեզավորումից հետո մարզումներ չկար։ Հաճախ պացիենտն ասում է՝ ես ուզում եմ ամենաթանկ պրոթեզը, որպեսզի լավ քայլեմ, բայց անգամ ամենալավ պրոթեզը, եթե չես մարզում, չի օգնում։ Շատ կարևոր է, որ պրոթեզարանը գտնվելու է մեր շենքում։ Նախ ամբողջ թիմի անդամներով հավաքված գնահատում ենք անելիքները, ապա պրոթեզավորումից հետո շաբաթը երկու անգամ պրոթեզը պատրաստած ինժեները, ֆիզիոթերապիստի հետ մեր սարքավորումների միջոցով գնահատումներ են կատարում։ Պրոթեզների սպասարկումը ևս այստեղ է իրականացվելու։ Մեր կենտրոնը հագեցած է մեխանոթերապիայի հարուստ տեխնիկայով, այստեղ մենք ունենալու ենք նաև քայլքի լաբորատորիա՝ մի մեծ սենյակ հսկայական տեսախցիկներով, որտեղ վերլուծելու ենք քայլքը և թվայնացված ստանալու կոնկրետ գնահատականներ»,- ասում է կենտրոնի գլխավոր բժիշկ Լուսինե Պողոսյանը։

Մինչ այդ, քայլքը շտկող սարքի մոտ հանդիպում ենք 34-ամյա Երվանդ Մուրադյանին։ «3D տեսախցիկների միջոցով կարողանում ենք հետևել քայլքին ու շտկել այն, պրոցեդուրան 30 րոպե է տևում»,- ավարտելով վարժությունն ասում է Երվանդը։ 2004-2006-ին նա հետախույզ է եղել Արցախում և պատերազմի հենց սկզբից զորակոչվել է առաջնագիծ։ «Մարտի դաշտում ամենազարհուրելի բաներն էին կատարվում, հնարավոր չէ դրանք պատկերացնել անգամ ամենադաժան երազում։ Այնտեղ, որտեղ ես էի, կա՛մ հետ չեկան, կա՛մ եկան սարսափելի վիճակում»,- ասում է Երվանդը՝ ցույց տալով այրված ձեռքն ու բեկորից վնասված ոտքը։ Նա կենտրոնում բուժում է ստանում հունվարի 11-ից։

Երվանդը կարողանում է ինքնուրույն քայլել, ուստի բուժվում է ամբուլատոր կարգով, այսինքն՝ պլանային այցերով։ Մի քանի այցելությունից հետո արդեն հստակ տարբերություն է նկատում իր առողջական վիճակում։ «Այս շենքի կողքով անցնելիս այն միշտ վանում էր ինձ, մտածում էի՝ ինչ տհաճ սև շենք է, չգիտեի, որ այստեղ նման կենտրոն կա։ Առավել ևս, երբեք մտքովս չէր անցնի, որ կհայտնվեմ այստեղ, ու որ այստեղ այսքան լուսավոր միջավայր է։ Հիմա շենքին նայելիս չեմ կարողանում անտարբեր անցնել։ Շատ գոհ եմ, մասնագետները շատ պրոֆեսիոնալ են, մոտեցումը շատ լավն է։ Ամեն բան շատ մաքուր է, կոկիկ։ Հիմա պիտի գնամ ձեռքի մարզանքի, էնտեղ ահավոր տանջում են, բայց տանջելու արդյունքում մի քանի օր անց արդեն շարժում եմ ձեռքիս մատները»,- ժպտում է Երվանդը։

Կենտրոնը նաև մասնագետների դարբնոց է. աշխատակիցներն այստեղ շարունակ կրթվում են, իրենց փորձը փոխանցում սկսնակներին։ Բացի այդ, վերականգնողական բուժման ամբիոն է նախատեսում հիմնել ԵՊԲՀ-ն։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կենտրոն այցելություններն ու տեսակցությունները խիստ սահմանափակ են։ Ամբուլատոր բուժում ստացող զինհաշմանդամներին ուղեկցողները սպասում են առաջին հարկի ընդարձակ միջանցքում։ Սարգիս Մուրադյանը 26-ամյա պայմանագրային զինծառայող Տիգրան Անտոնյանի մորեղբայրն է. նա է երիտասարդին ուղեկցում կենտրոն՝ կինեզոթերապիայի կուրսերի։ Տիգրանը պատերազմի երկրորդ օրվանից եղել է առաջնագծում՝ Քարվաճառի մոտակայքում, և բեկորային վնասվածք է ստացել գլխի հատվածում։ «Սկզբում Տիգրանը մեկ ամսից ավելի հիվանդանոցում էր, այնուհետև տեղափոխեցին այստեղ։ Կենտրոնի մասին վաղուց գիտեինք, լսել էինք՝ որ լավագույն մասնագետներն են այստեղ, հիմա էլ համոզվեցինք, որ այստեղ ամեն բան արվում է շատ բարձր մակարդակով։ Տիգրանի ձախ կողմն է թուլացել վնասվածքի հետևանքով, բայց արդեն դրական դինամիկա կա, ամեն օր փոփոխություն ենք նկատում»,- նշում է Սարգիս Մուրադյանը։

Սաթեն Միքայելյանն ասում է, որ ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ հիմա, շատերն են գիտակցում, որ զինհաշմանդամների առողջական խնդիրների լուծումը ամենակարևոր հարցերից է, և պարբերաբար աջակցում են կենտրոնին. «Միշտ կա ֆինանսավորման կարիք, զինհաշմանդամների քանակը, ցավոք, այս պահին շատ-շատ է, նրանց բոլորին հասնել է հարկավոր»։

Իհարկե, հիանալի կլիներ, եթե հայրենիքի պաշտպանների ապաքինման մասին մտածեին ոչ միայն բարերարները։ Կենտրոնը բազմիցս դիմել է պետական մարմիններին, բայց դեռ չունի պետական աջակցություն։ Մինչ այդ, աշխատանքը եռում է պատմական այս շենքում հանգրվանած կենտրոնում՝ տղաներին վերադարձնելով հայրենիքի պաշտպանության ժամանակ կորցրած առողջությունը։




 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team