evn report karstreaty
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

1921 թվականն ամբողջացնում է ռուս-թուրքական հարաբերությունների ողջ համապատկերը, որն ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի, այնպես էլ 1918-1920 թթ. աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանք էր։ Ռուսաստանում և Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխությունները թեև գաղափարական առումով զգալի տարբերություններ ունեին, սակայն երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը համընկնում էին, ինչն էլ արտացոլվում էր 1920-1921 թթ. ռազմաքաղաքական իրադարձություններում։

1921 թ. մարտին Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան Մոսկվայում բարեկամության պայմանագիր ստորագրեցին, որով, փաստացիորեն, հստակեցնում էին սահմանները Կովկասում։ Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագիրը հաստատում էր Թուրքիայի հետ արդեն եղած սահմանը, որը ձևավորվել էր 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի թուրք-հայկական պատերազմում հայերի պարտության հետևանքով։ Այդ պայմանագրով Հայաստանը կորցնում էր շուրջ 20 հազար կմ2 տարածք։ Թե՛ Թուրքիան, և թե՛ Խորհրդային Ռուսաստանը հասկանում էին, որ Անդրկովկասի հանրապետությունների հետ նույնպես անհրաժեշտ է համաձայնություն կնքել, հակառակ դեպքում պայմանագիրն ինչ-որ պահի կարող էր կորցնել իրավական ուժը։ Եվ պատահական չէր, որ Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը Խորհրդային Ռուսաստանին պարտավորեցնում էր այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել։

«Հոդված 15. Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց» [1]։

Այս ձևակերպումը նաև նշանակում էր, որ Թուրքիայի հետ հետագա բանակցությունների հիմքում լինելու էր բացառապես Մոսկվայի պայմանագիրը և որևէ էական փոփոխություն չէր արվելու։

 

Մոսկվայի պայմանագիրն ու Խորհրդային Հայաստանի ղեկավարները

1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրն ամրագրել էր տարածքային այնպիսի կորուստներ, որ անգամ հայ բոլշևիկներն էին մտահոգված և փորձում էին Կենտրոնին բացատրել, թե ինչ աղետալի հետևանքներ կարող էին ունենալ ռուս-թուրքական համաձայնությունները։ Պայմանագրի ստորագրումից հետո Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը ՌԿ(բ)Կ Կենտկոմին, Ստալինին և Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինին ուղղված նամակում գրում է, որ Մոսկվայի պայմանագրի հետևանքով խիստ դժվարացել է Անդրկովկասի պաշտպանությունը, իսկ Հայաստանի պաշտպանությունը դարձել է գրեթե զրոյական. Հայաստանի երկու կարևորագույն քաղաքները՝ Երևանը և Ալեքսանդրապոլը, արդեն սահմանային են և չունեն անվտանգային անհրաժեշտ խորություն։ «Թուրքիայի հետ պատերազմի դեպքում այս երկու կարևորագույն քաղաքների պաշտպանությունը դառնում է անհնար։ Սուրմալուի գավառին տիրանալը թուրքերին մեծ առավելություն է տալիս, և Երևանը հնարավոր կլինի պաշտպանել միայն Քանաքեռի բարձունքներում»,— գրում էր Բեկզադյանը [2]։ Նույն ճակատագիրն էր սպառնում նաև Ալեքսանդրապոլին, որի ուղղությամբ հարձակման դեպքում քաղաքը, ըստ արտգործժողկոմի, հարկ էր թողնել և դիմադրություն կազմակերպել Ջաջուռի լեռնանցքում։ Մոսկվայի պայմանագրով գծված սահմանները սպառնալիք էին նաև Հայաստանի երկաթուղու հիմնական ուղիների համար. Երևան-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս գիծն անցնում էր սահմանի եզրով։ Չնայած թուրքերը պարտավորվել էին իրենց տարածքում ռազմական բնագծերը տեղակայել սահմանից 8 վերստ հեռավորությամբ, սակայն պատերազմի դեպքում նրանք կարճ ժամանակում կարող էին անսպասելի հարվածներ հասցնել երկաթուղային ենթակառուցվածքներին։ Ալեքսանդր Բեկզադյանը Կենտկոմի ուշադրությունն էր հրավիրում նաև Անդրկովկասի կարևորագույն մյուս քաղաքների՝ Թիֆլիսի և Բաքվի խոցելիությանը։

Մեկ ամիս անց՝ 1921 թ. ապրիլին, Բեկզադյանը կրկին դիմում է Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինին, նշելով, որ Թուրքիային արվել են անհամաչափ զիջումներ՝ հիմնականում Հայաստանի տարածքների հաշվին։ Նա նաև ռուսական կողմի ուշադրությունն էր հրավիրում այն փաստին, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան անթաքույց հովանավորում է Ադրբեջանին։ Ինչպես կտեսնենք հետագայում՝ թուրքական աջակցությունն Ադրբեջանին մշտական էր։

Ալեքսանդր Բեկզադյանի դիտարկումներն անպատասխան չեն մնում. անմիջապես հետևում է Չիչերինի մեկնաբանությունը, որտեղ նա արդարանում էր և պատասխան մեղադրանքներ ներկայացնում Բեկզադյանին։ Չիչերինը նշում էր, որ հայկական պատվիրակությունը հնարավորություն ունեցել է մասնակցելու Մոսկվայի բանակցությունների ոչ պաշտոնական քննարկումներին, որտեղ էլ ձեռք են բերվել հիմնական պայմանավորվածությունները։ Ինչ վերաբերում է թուրքերին արված մեծ զիջումներին, ապա ըստ Ռուսաստանի արտգործժողկոմի, դրանք ոչ թե նվեր էին, այլ «երկարատև պայքարի արդյունք» [3]։

1921թ. մայիսին Խորհրդային Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն և արտաքին գործերի ժողկոմի պաշտոնը զբաղեցնում է Ասքանազ Մռավյանը, իսկ Ալեքսանդր Բեկզադյանը ղեկավարելու էր արտաքին առևտրի գերատեսչությունը։ Տեսակետ կա, որ Ալեքսանդր Բեկզադյանի պաշտոնի փոփոխությունը պայմանավորված է Մոսկվայի պայմանագրի նկատմամբ նրա կտրուկ գնահատականներով։ 

 

Թուրքերի ցանկությունները

Մոսկվայի պայմանագրի ստորագրումից հետո թուրքական պատվիրակությունը պետք է գնար Անդրկովկաս՝ երեք հանրապետությունների հետ առանձին պայմանագրեր կնքելու և վավերացնելու Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռք բերված համաձայնությունները: 1921 թ. մարտի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը հեռագրում է ՌԿ(բ)Կ կենտրոնական կոմիտե՝ զգուշացնելով, որ թուրքերը կարող են հավելյալ զիջումներ կորզել հանրապետություններից: «Մոսկվայում թուրքական պատվիրակությունը կտրականապես մերժեց մեր առաջարկը կովկասյան պատվիրակությունների հետ ընդհանուր կոնֆերանս գումարելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ թուրքերը ցանկանում են Թիֆլիսում՝ մեր անմիջական ազդեցությունից դուրս, հասնել լրացուցիչ արդյունքների»,— նշում էր Չիչերինը [4]:

Թուրքիայի հետ բանակցություններում համատեղ հանդես գալու առաջարկ է անում նաև Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը, որն այդ հարցով դիմում է Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: 1921 թ. ապրիլին Բաքվում և Թիֆլիսում թուրքական պատվիրակները փորձում են Վրաստանի և Ադրբեջանի հետ առանձին համաձայնության գալ, սակայն հաջողության չեն հասնում: Ծնվում է ընդհանուր խորհրդաժողով հրավիրելու գաղափարը: Հարկ է նշել, որ թուրքական կողմը մինչև սեպտեմբեր պարբերաբար փորձում է առաջ մղել Անդրկովկասի հանրապետությունների հետ առանձին պայմանագրեր կնքելու գաղափարը։

Որպես հավելյալ ճնշում, թուրքերն ամեն գնով հետաձգում էին Ալեքսանդրապոլի գավառից հեռանալու որոշման կատարումը. Կարաբեքիրը ցանկանում էր Մոսկվայի պայմանագրով նախատեսված տարածքներն ազատել Խորհրդային Հայաստանի հետ պայմանագիր կնքելուց հետո: 1921 թ. ապրիլի 8-ին Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը բողոքի նոտա է հղում Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադին, թե թուրքական զորքերը անհապաղ պետք է դուրս գան Ալեքսանդրապոլից։ Չիչերինի հեռագրին նախորդել էր Թուրքիայի ռազմական նախարար Քեմալ Ֆևզիի հայտարարությունը, թե թուրքական բանակը Կովկասում պետք է «հավասարակշռող տարրի դեր կատարի»։ Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմը զգուշացնում է, որ այդ գործողություներն իրենք բնորոշում են որպես թշնամական։ «Նույն հայտարարության մեջ ռազմական մինիստրն ասում է, թե Հայաստանի այն մասը, որը դեռևս գտնվում է թուրքական զորքերի օկուպացիայի տակ, կէվակուացվի Ալեքսանդրապոլի պայմանագիրը գործողության մեջ դնելուց հետո միայն։ Ես ինձ թույլ եմ տալիս Ձեզ հիշեցնելու, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է դաշնակցական կառավարության կողմից այն պահին, երբ արդեն հռչակված էր Հայաստանի սովետական կառավարություն, և որ դա վավերացված չէ, թեև ըստ այդ պայմանագրի, դրա գործողության մեջ դնելու պայմանը մեկ ամսում վավերացնելն էր»,— նշվում էր նոտայում [5]։

Նույն օրը Չիչերինը հեռագրում է Ռկ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նախագահ Սերգո Օրջոնիկիձեին, պնդելով, որ անհրաժեշտ է անհապաղ կենսագործել Մոսկվայի պայմանագրի դրույթները և Ալեքսանդրապոլն ազատել թուրքերից [6]։

Խորհրդային Ռուսաստանի վճռական բողոքներից հետո միայն՝ 1921թ. ապրիլի 22-ին, թուրքական զորքերն ամբողջությամբ դուրս են գալիս Հայաստանի տարածքից:

 

Անդրկովկասը փորձում է միասնական դիրքորոշում մշակել

Ինչպես տեսնում ենք, թուրքական կողմը ձգտում էր առանձին պայմանագրեր կնքել Անդրկովկասյան հանրապետությունների հետ, և այս հարցում Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է իրենց վերջնական դիրքորոշումը ներկայացնեին։ Հենց այդ նպատակով 1921 թ. մայիսի 7-ին Բաքվում տեղի է ունենում երեք հանրապետությունների ներկայացուցիչների խորհրդակցություն։ Հայկական կողմը Բաքվում ներկայացնում էր Ալեքսանդր Բեկզադյանը։ Խորհրդաժողովին մասնակցում էին Վրաստանից Մամիա Օրախելաշվիլին, Ադրբեջանից՝ Միրզա Դավուդ Հուսեյնովը և Բեհբութ Շախթախթինսկին։ Հաշվի առնելով խորհրդաժողովի կարևորությունը՝ ներկա էին նաև ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նախագահ Սերգո Օրջոնիկիձեն և Անդրկովկասյան հանրապետություններում ՌՍՖԽՀ ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։

Խորհրդաժողովում քննարկվում է Թուրքիայի հետ անդրկովկասյան հանրապետությունների բանակցությունների հիմքերն ու ձևաչափը։ Այստեղ է, որ որոշվում է բանակցություններում հանդես գալ միասնաբար՝ որպես պայմանավորվող մեկ կողմ, բանակցությունների հիմքում ունենալով Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը։ Միաժամանակ, առանձին կետով սահմանվում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման սկզբունքը։ «Հաշվի առնելով, որ Թուրքիայի [կողմից] պայմանագրային հարաբերությունների հաստատման հետ կապված հարցերն առանձնապես սուր են, խորհրդակցությունը որոշեց՝ առաջիկա կոնֆերանսում պնդել, որ առաջին հերթին քննարկվեն Հայաստանի հետ Թուրքիայի [կողմից] պայմանագրային հարաբերությունների հաստատման հետ կապված հարցերը, երկրորդ հերթին՝ Վրաստանի հետ և երրորդ՝ արդեն Ադրբեջանի հետ»,— ամրագրվում է խորհրդակցության ընթացքում [7]։

Անդրկովկասի հանրապետությունների ներկայացուցիչների Բաքվի հանդիպմանը որոշվում է մշակել Թուրքիայի հետ պայմանագրերի նախագծեր: Մինչ այդ, արդեն ՌԿ(բ)Կ կենտկոմի պլենումում որոշվել էր, որ Անդրկովկասի խորհրդային հանրապետությունները կենտկոմի հաստատմանը նախապես պետք է ներկայացնեին Թուրքիայի հետ հնարավոր պայմանագրերի տարբերակները [8]:

Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմին մտահոգում էր Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները, որոնք, առանձին բանակցությունների դեպքում, կարող էին վտանգել Անդրկովկասում Ռուսաստանի շահերը և հարվածի տակ դնել երեք հանրապետությունների խորհրդայնացումը: Ադրբեջանի հանդեպ թուրքերի հատուկ վերաբերմունքի մասին Չիչերինին զեկուցում էր նաև Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողկոմ Միրզա Դավուդ Հուսեյնովը։ 1921 թ. ապրիլի 18-ին նա հեռագրում է Մոսկվա, որ Ադրբեջանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչ Մահմուդ Շևքեթն առաջարկել է թուրք-ադրբեջանական խորհրդաժողով հրավիրել։ Հուսեյնովը նշում է, որ իրենք չեն կարող առանձին հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և Անդրկովկասի հանրապետությունները մի շարք հարցերում միասնաբար են հանդես գալիս։ «Նշելով սովետական երկրների շահերի ու նպատակների ընդհանրությունը, ես նրան հայտնեցի, որ ձեռնարկված է Անդրկովկասյան հանրապետությունների միավորումը անդրկովկասյան երկաթուղիների միասնական վարչության, արտաքին առևտրական գործունեության միավորման ստեղծման և Անդրկովկասյան բոլոր հանրապետությունների միասնական տնտեսական խորհրդի ստեղծման ուղղությամբ։ Ուստի, ես Մահմուդ Շևքեթին հայտնեցի, որ Անդրկովկասյան հանրապետությունները պետք է միասնաբար կնքեն պայմանագիր Թուրքիայի հետ»,— գրում էր Հուսեյնովը [9]։ Մահմուդ Շևքեթը հայտնել է, որ իրենց պատվիրակությունը լիազորված է առանձին պայմանագրեր կնքելու միայն Ադրբեջանի և Վրաստանի հետ։

1921 թ. հուլիսի 14-ին Անգորայում ՌՍՖԽՀ ներկայացուցիչ Սերգեյ Նացարենուսը Չիչերինին հեռագրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Յուսուֆ Քեմալը կոնֆերանսին մասնակցելու հրավեր է ուղարկել Վրաստանին և Ադրբեջանին։ Հայաստանին հրավերն ուղարկվել է Ադրբեջանի միջոցով [10]։ Թուրքական կողմը ցանկանում էր կոնֆերանսն անցկացնել Անգորայում։ Ինչ վերաբերում է ռուսական ներկայացուցչի մասնակցությանը, ապա Նացարենուսի ջանքերով թուրքերը զիջում են, սակայն հայտնում են, որ ռուսական ներկայացուցիչը չլինի Լեգրանը, որը «թուրքերի կարծիքով համակրում էր հայերին»։ Ամենահարմար թեկնածուն քեմալականների համար հենց Նացարենուսն էր։ Խորհրդային Ռուսաստանն այս հարցում ևս ընդառաջում է Թուրքիային և բանակցություններում ընդգրկում Լատվիայում Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկուն։

Երկարատև քննարկումներից հետո Յուսուֆ Քեմալը համաձայնում է համաժողովն անցկացնել Սարիղամիշում։ Նացարենուսը հայտնում է, թե փորձում է ստանալ այն Կարսում անցկացնելու համաձայնություն։ Համաձայնությունը ձեռք է բերվում օգոստոսի 27-ին՝ խորհրդաժողովն անցացվելու էր սեպտեմբերի վերջին, Կարսում։

Հարկ է նշել, որ անկախ տարատեսակ մեկնաբանություններից ու դիվանագիտական խուսանավումներից՝ թուրքերը մշտապես պնդում էին, որ ցանկացած դեպքում բանակցությունների հիմքում պետք է լինի Մոսկվայի պայմանագիրը:

 

Թուրքիան Հայաստանին չի հրավիրում

Քանի որ խորհրդաժողովն անցկացվելու էր Թուրքիայում, Անդրկովկասի հանրապետություններին հրավեր պետք է ուղարկեր թուրքական կողմը։ Հուլիսին թե՛ Ադրբեջանը, և թե՛ Վրաստանը ստանում են Քյազիմ Կարաբեքիրի պաշտոնական հրավերը և «գոհունակությամբ ընդունում» այն։ Կարաբեքիրը Հայաստանին հրավեր չի ուղարկում, նշելով, որ Հայաստանն ինքը պետք է դիմի՝ և խորհրդաժողովին մասնակցելու ցանկություն հայտնի։ Այս որոշումը թուրքական կողմը հիմնավորում է 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով, ինչը որևէ իրավական հիմք չուներ։ Հիշեցնենք, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Թուրքիան Ալեքսանդրապոլի պայմանագիրը չէին վավերացրել։

Դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները չձախողելու համար Չիչերինը դիմում է Հայաստանին՝ խնդրելով համապատասխան նոտա ուղարկել Թուրքիա։ 1921 թ. օգոստոսի 24-ին Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը պաշտոնական դիմում է ուղարկում Թուրքիայի արտաքին գործերի ժողկոմ Յուսուֆ Քեմալին։ «Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունները պայմանագրային հիմունքներով վերջնականորեն կարգավորելու նպատակով Խորհրդային Հայաստանը ցանկություն է հայտնում մասնակցելու մոտ ապագայում հրավիրվելիք թուրք-անդրկովկասյան կոնֆերանսին՝ ՌՍՖԽՀ ներկայացուցչի մասնակցությամբ։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ ԹԱՄԺ [11] կառավարությունը կտա իր համաձայնությունը»,— գրված էր Մռավյանի պաշտոնական գրության մեջ [12]։

Ըստ Մռավյանի՝ բոլոր հարցերը պետք է քննարկվեին մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից՝ Անդրկովկասյան հանրապետությունների և Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցություններում: «Բանվորագյուղացիական խորհրդային և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հեղափոխական կառավարությունները, ազատ լինելով իրենց նախորդների բութ շովինիզմից և փոխադարձ ատելությունից, կկարողանան բոլոր հարցերում արդարացի լուծում գտնել և հարթել հարևան ժողովուրդների դարավոր պայքարն ու ատելությունը, որը հմտորեն ու չարամտորեն հրահրել է իմպերիալիստական դիվանագիտությունը» [13],— գրված էր նույն նամակում:

Մի քանի օր անց ստացվում է թուրքական կողմի համաձայնությունը։

 

Հայերի հույսերը

Երբ վերջնականապես պարզ է դառնում խորհրդաժողովի անցկացման վայրը, ժամանակը և կազմը, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են լինում նախապատրաստական աշխատանքներին։ Ինչպես Մոսկվայի խորհրդաժողովից առաջ, այնպես էլ հիմա, հույս կար, որ բանակցություններում հնարավոր կլինի գոնե փոքր-ինչ մեղմել նախորդ աղետալի պայմանագրերի հետևանքները, վերանայել և Հայաստանի օգտին փոխել տնտեսական ու քաղաքական որոշ դրույթներ։ Այդ նպատակով 1921 թ. օգոստոսի 26-ին Երևանում գումարվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի նիստը, որը քննարկվում է հայկական կողմի պահանջներն ու ամփոփում դրանք առանձին հուշագրով։

Փաստաթղթի քաղաքական բաժնում նշվում էր, որ անհրաժեշտ է սահմանային շտկումներ անել Սուրմալուի հատվածում՝ նկատի ունենալով հիմնականում Կողբի աղահանքերով հարուստ շրջանները։ Հայկական կողմը հույս ուներ, որ այդ հատվածը կանցնի Խորհրդային Հայաստանին։ «Կողբը միակ վայրն է, որտեղից Հայաստանը կարող է աղ ստանալ՝ առանց շահագործման համար անհրաժեշտ հատուկ միջոցների։ Աղը Հայաստանի տարածքի միակ վալյուտային ապրանքն է, որը կարող է արտասահմանյան ապրանքափոխանակության հնարավորություն տալ»,— հիմնավորվում էր փաստաթղթում [14]։

Հուշագրում արձանագրվում էր, որ Նախիջևանի մարզի ստեղծումով և այն Ադրբեջանին հանձնելով, Հայաստանը կորցնում է ցամաքային կապը Սյունիքի, Վայոց ձորի, ինչպես նաև Իրանի հետ։ Տարածքային մյուս պահանջը վերաբերում էր Արփայի չեզոք գոտուն, որը հայերը հույս ունեին «ընդլայնել և այնտեղ ներդնել հայ-թուրքական խառը վարչարարություն»։ Թեև ձևակերպումը կոնկրետ ոչինչ չէր նշում, սակայն, ամենայն հավանականությամբ, հայկական կողմը նկատի ուներ Անի քաղաքի ավերակները [15]։

Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, ապա հայկական կողմը հույս ուներ, որ բանակցությունների արդյունքում իրավունք կստանա շահագործելու Օլթիի քարածխի և Կաղզվանի մկնդեղի հանքերը՝ Թուրքիային համապատասխան վճարներ անելով։ Հայաստանի համար մեծ կարևորություն ուներ նաև Սուրմալուի անտառի տնօրինումը, քանի որ «այն միակ շինանյութն էր Հայաստանի համար»։ Հայկական կողմը առաջարկում էր անտառի պահպանությունը կազմակերպել համատեղ ուժերով։

 

Դիրքերի հստակեցում

Մինչ Հայաստանում քննարկում էին թուրքերի հետ բանակցությունների մանրամասները, Մոսկվան, իր հերթին, հստակեցնում էր դիրքորոշումը Կարսի խորհրդաժողովում։ 1921 թ. սեպտեմբերի 3-ից 4-ը տեղի է ունենում ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումը, որը վերջնականապես ամրագրում է, թե ինչ հարցեր և ինչպես պետք է քննարկվեն խորհրդաժողովում։ Պլենումը որոշում է, որ բանակցությունները պետք է ընթանան բացառապես Մոսկվայի պայմանագրի շրջանակներում, իսկ Անդրկովկասի հանրապետությունները պետք է ցույց տան իրենց համերաշխությունը Անգորայի հետ՝ ընդդեմ Անտանտի։ «Ոչ մի դեպքում չթույլատրել կովկասյան որևէ հանրապետության մեկուսացված ելույթ։ Բոլոր հարցերում պետք է լինել միակամ»,— որոշել էր Կովկասյան բյուրոն [16]։

Մի քանի օր անց գրեթե նույն պահանջները Չիչերինը փոխանցում է Անգորայում ՌՍՖԽՀ լիազոր ներկայացուցիչ Նացարենուսին։ «Անդրկովկասյան հանրապետությունները պետք է պայմանագիր կնքեն՝ խստորեն հետևելով Մոսկվայի պայմանագրին և թույլ չտալով, որ մեր ընկերները թուրքերին անեն ավելի շատ զիջումներ, քան մենք արել ենք այստեղ։ Մյուս կողմից՝ չի կարելի օգտագործել թուրքերի ծանր դրությունը՝ նրանց վնաս հասցնելու համար։ Դիրքորոշումը պետք է վճռական լինի։ Մոսկվայի խորհրդաժողովի որոշումները ուժի մեջ են մնում»,— գրում էր Չիչերինը։

 

Երկու արկղ կոնյակ, երկու արկղ գինի, երեք ֆունտ թեյ

Կարսի խորհրդաժողովն աշխատանքներն սկսում է 1921 թ. սեպտեմբերի 26-ին։ Հայկական կողմից մասնակցում են Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը և ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը։ Ադրբեջանը ներկայացնում է պետական վերահսկողության ժողկոմ Բեհբութ Շահթախթինսկին, Վրաստանը՝ ռազմական և ծովային գործերի ժողկոմ Շալվա Էլիավան և արտգործժողկոմ Ալեքսանդր Սվանիձեն։

Խորհրդաժողովի առաջին պաշտոնական նիստը բացում է Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը. բանակցություններին մասնակցում են նաև Ազգային մեծ ժողովի պատգամավոր Վելի բեյը, պետքարտուղարի օգնական Մուխթար բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեհմուդ Շևքեթ բեյը։

Խորհրդային Հայաստանի պարենավորման ժողկոմը արտաքին գործերի գերատեսչության պահանջով որոշ ապրանքներ է դուրս գրում Կարս մեկնող հայկական պատվիրակության կարիքների համար. ադ թվում՝ երկուական «արկղ կոնյակ և գինի էր, 3 ֆունտ թեյ, երկու արկղ պահածո (կոնսերվաներ) և 20 ֆունտ շաքար» [17]։

Կարսի խորհրդաժողովն անցկացնում է 6 լիակազմ և 9-ը ոչ պաշտոնական նիստ։

Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին հիմնական բանակցողն էր և ընդհանուր՝ անդրկովկասյան պատվիրակության ղեկավարը, որի կազմում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները։ Թուրքական կողմը Կարսում կրկին փորձում է առաջ մղել Անդրկովկասյան հանրապետությունների հետ առանձին պայմանագրեր կնքելու գաղափարը, սակայն հաջողության չի հասնում։ Բանակցությունների առաջին օրերին Գանեցկին ներկայացնում է Անի քաղաքի ավերակները Խորհրդային Հայաստանին հանձնելու առաջարկը, և նախապես տպավորություն է ստեղծվում, թե թուրքերը համաձայնելու են։ Սեպտեմբերի 29-ին Ասքանազ Մռավյանը հեռագրում է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանին, որ իրենք բարձրացրել են Անիի հարցը։ «Թուրքերը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն... Նրանք մեծ ախորժակ ունեն, որն աստիճանաբար քաղաքական բնույթ է ստանում»,— գրում էր Մռավյանը [18]։

Թուրքական դիրքորոշումը, սակայն, աստիճանաբար կոշտանում է: Լսելով Անիի ավերակները Հայաստանին թողնելու Գանեցկու հիմնավորումները՝ թուրքական պատվիրակությունը նախապես չի առարկում, սակայն մի քանի օր անց կտրուկ մերժում է, ասելով, թե դրանով իրենք շեղվում են Մոսկվայի պայմանագրից։ «Ռազմական տեսանկյունից այդ հարցը մեզ համար հսկայական նշանակություն ունի։ Սակայն, մենք նաև ընդունում ենք, որ այն պատմամշակութային մեծ նշանակություն ունի Հայաստանի համար և հայտարարում ենք, որ... [այդ շրջանի] պատմամշակութային նշանակությունը կպահպանվի։ Կարիք չկա դրա համար փոխել սահմանը և շեղվել Մոսկվայի պայմանագրից»,— այսպիսին էր թուրքական պատվիրակության պատասխանը [19]։

Թուրքերը մերժում են նաև Սուրմալուի, Օլթիի և Կողբի վերաբերյալ տնտեսական բոլոր առաջարկները՝ հիմնավորելով, որ դրանք կոմերցիոն հարցեր են, որոնք կկարգավորվեն համապատասխան առաջարկների և միջպետական պայմանագրերի առկայության դեպքում։

Պայմանագրի վերջնական տարբերակը ստորագրվում է հոկտեմբերի 13-ին։ Առաջին հոդվածով կողմերը հրաժարվում էին միջազգային բոլոր պայմանագրերից, որոնք նախկինում կնքվել էին կողմերի միջև՝ բացի 1921 թ. Մոսկվայի պայմանագրից։ 5-րդ հոդվածով Թուրքիայի կառավարությունը և Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզը լինի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո։ Պայմանագրի ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում կողմերը պարտավորվում էին ազատել ռազմական ու քաղաքացիական բոլոր գերիներին։

 

* * *

Ինչպես տեսնում ենք՝ հայկական կողմի փորձերը ինչ-որ չափով մեղմելու Մոսկվայի պայմանագրի ծանր դրույթները, անհաջողության են մատնվում։ Կարսում հայկական դիվանագիտությունը որևէ հաջողություն չի արձանագրում։ Չնայած՝ դժվար է ասել, որ հայկական կողմը ինքնուրույն բանակցող էր, հատկապես, երբ մասնագետների գնահատմամբ, որևէ բողոք կամ առարկություն բանակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը չի հայտնել։

Կարսի պայմանագիրը ստորագրվում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Թուրքիան կարողանում է օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու «սպառնալիքը»՝ ռուսական կողմին ստիպելով առավելագույն զիջումներ անել՝ հիմնականում Հայաստանի տարածքների հաշվին։

Միաժամանակ, մեկ անգամ ևս արժե հիշել, որ չնայած դիվանագիտական բարդ իրադրությանը, թե՛ Մոսկվայի, և թե՛ Կարսի պայմանագրերի աղետալի հոդվածներն իրականություն դարձան 1920 թ. թուրք-հայկական պատերազմում կրած ծանրագույն պարտության պատճառով։

 

--------------------
[1] Հայաստանը միջազգային դիվանագիտական և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 504։
[2] Ю. Барсегов, Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, стр. 463. Տե՛ս http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/1132-1162.htm#1141
[3] Ю. Барсегов, Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, стр. 499. Տե՛ս http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/1163-1199.htm#1183
[4] Արարատ Հակոբյան, «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում», Երևան 2010, էջ 219:
[5] Հայաստանը միջազգային դիվանագիտական և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 509։
[6] Հայաստանը միջազգային դիվանագիտական և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 510։
[7] «Լենինյան ուղիով», 1965, թիվ 2, էջ 84-85։
[8] Ю. Барсегов, Геноцид армян: ответственность Турции и обязательства мирового сообщества. Документы и комментарий. Т. 2, часть 1, Москва 2003, стр. 482.
[9] Հայաստանը միջազգային դիվանագիտական և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 511։
[10] Ю. Барсегов, Геноцид армян. ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, стр. 513. Տե՛ս http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/1200-1228.htm#1203
[11] ԹԱՄԺ – Թուրքիայի Ազգային մեծ ժողով։
[12] Արարատ Հակոբյան, «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում», Երևան 2010, էջ 249:
[13] Ֆ. 113, ց. 3, գ. 23, թ. 25։
[14] Ֆ. 113, ց. 3, գ. 23, թ. 97, 97շ։
[15] Արարատ Հակոբյան, «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում», Երևան 2010, էջ 250:
[16] Արարատ Հակոբյան, «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում», Երևան 2010, էջ 252:
[17] Ֆ. 114, ց. 1, գ. 172, թ. 8-9։
[18] Ֆ. 113, ց. 3, գ. 23, թ. 54։
[19] Ֆ. 113, ց. 3, գ. 21, թ. 34։

 

Thank you for your submission! We will review it soon.

Անցյալ | թողարկում 4

past cover

Արդյո՞ք պատմությունը կրկնվում է։ Վերջին իրադարձությունները անցյալից դասեր քաղելու շուրջ նոր քննարկումների առիթ տվեցին: 2021-ի փետրվարյան մեր թողարկումը, պատմաբան և հրավիրյալ խմբագիր Սուրեն Մանուկյանի համադրությամբ, ընկղմվում է անցյալի խորքերն ու փորձում հասկանալ ներկան։

խմբագրական

Պատմությունը և մենք

Անցյալը երբեք մեզ բաց չի թողնում: Այն իր ստվերն է գցում, ազդում մեր մտքերի, կարծիքների, որոշումների ու գործողությունների վրա: Ի վերջո անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր, գրում է պատմաբան Սուրեն Մանուկյանը ՝ «Անցյալ» վերնագրով թողարկման փետրվար ամսվա հյուր խմբագիրը:

Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները

Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Կարսի անկումը. Հայացք անցյալին

Պարտությունը 2020 թ. պատերազմում ու Արցախի տարածքի մի մասի կորուստը ժամանակագրորեն համընկավ ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի հետ։ Հանրությունը սկսեց զուգահեռներ անցկացնել Կարսի և Շուշիի անկման միջև:

Հայոց վերջին թագակիր արքան. Սմբատ Սեֆեդինյան-Արծրունի

XIV դարը հայերի համար հատկանշվեց պետականության կորստով, արտագաղթով, քաղաքային, տնտեսական և մշակութային կյանքի համընդհանուր անկմամբ։XV դարի առաջին ու երկրորդ կեսի սկզբին նաև Հայաստանի թագավորության վերականգնման փորձեր ու ծրագրեր եղան։ Ծրագրեր, որոնց շուրջ էին համախմբվելու և գործելու հայկական պետականության վերականգնման գաղափարից չհրաժարված սերունդները։

Միջերկրականի մարգարիտը․ Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք առևտրային խաչմերուկում

Կիլիկիայի հայկական թագավորությունը` նոր շունչ հաղորդելով ավանդականին, համախմբեց և համադրեց մշակույթներ` ստեղծելով նոր, ավելի ամբողջական հայկականություն: Կիլիկյան Հայաստանի գոյատևելը հայ ժողովրդից հսկայական քաղաքակրթական ներուժ էր պահանջում:

Հայաստանի քրիստոնեական դարձը և հայոց գրերի ստեղծումը

Քրիստոնեական դարձը և գրերի գյուտը հայ իրականության կարևորագույն իրադարձություններից են: Բնականաբար դրանց հիմքում որոշակի իրողություններ ու մարտահրավերներ էին, որոնց բացահայտումը խիստ կարևոր է հարցի պատմագիտական ուսումնասիրության համար:

Փոդքասթ

past podcast

EVN Report-ի ամսագրի չորրորդ թողարկման փոդքասթը Խորհրդային Հայաստանի մասին է. Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը անդրադառնում է մեր պատմության մեջ Խորհրդային Հայաստանի նշանակության, այդ ժամանակաշրջանի առանձնահատկություններին, հասարակկան տրամադրություններին եւ սոցիալիստական հանրապետության զարգացումների հայկական յուրօրինակությանը:

Մեր հայերեն էջից

Ստարտափ երազանք՝ «Միաեղջյուր»

Ընդամենը մի քանի տարի առաջ, լսելով «միաեղջյուր» բառը, պատկերացնում էինք այն կերպարը, որին ճանաչում ենք հեքիաթներից և մուլտֆիլմերից: Այսօր առասպելական արարածը կապված է նաև հաջողակ ստարտափ ընկերությունների հետ, ինչպիսիք են Picsart-ը և ServiceTitan-ը:

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա. Հեռանկարներ

Եվրասիական տնտեսական միության բնական գազի ընդհանուր շուկա ձևավորելու վերջնաժամկետ է սահմանված 2024 թ. հունվարի 1-ը։ Եթե գործարքը կայանա, կարո՞ղ է Հայաստանը որպես բնական գազ ներմուծող երկիր օգուտ քաղել:

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի կարևորությունը

Չնայած երեխաների նկատմամբ բռնությունը և սեռական շահագործումն արգելող դրույթներն ամրագրված են միջազգային և տեղական իրավական համակարքում, երեխաների նկատմամբ բռնությունը մնում է ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկը:

Առաջնագծի պահապան կանայք

Թեև կանանց մեծ մասը զենք չի վերցրել պատերազմին մասնակցելու համար, բայց շատերն իրենց հմտություններն օգտագործելով՝ յուրովի կռվել են։ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին նվիրված՝ Կուշանե Չոբանյանը ներկայացնում է վեց արտասովոր կանանց պատմություններ, որոնք գտնվել են առաջնագծում։

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team