parsyan gas
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 83-րդ և 104-րդ հոդվածները նախատեսում են մինչև 2016 թ. հունվարի 1-ը ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման տեսլականի, իսկ մինչև 2018 թ. հունվարի 1-ը՝ ընդհանուր շուկայի ծրագրի նախապատրաստում և հաստատում կազմակերպության Բարձրագույն խորհրդի կողմից։ Ծրագրի իրականացման վերջնաժամկետ է սահմանված 2024 թ. հունվարի 1-ը։

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի միջոցառումների ավարտից հետո կազմակերպության անդամ պետությունները կստորագրեն միջազգային պայմանագիր, որն ի թիվս այլ դրույթների կպարունակի միմյանց գազատրանսպորտային համակարգերին մուտքի միասնական կանոններ։ Նշված փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։

ԵԱՏՄ Բարձրագույն խորհուրդը 2016 թ. մայիսի 31-ի հմ. 7 որոշմամբ արդեն հաստատել է գազի ընդհանուր շուկայի տեսլականը, որն ուրվագծում է վերջինիս ձևավորման փուլերը, նպատակները, սկզբունքները և խնդիրները, գազի վաճառքի կառուցվածքը, գազի փոխադրման ծառայությունների սակագների ձևավորման մեխանիզմները, ներդրումների ներգրավմանը, տեխնիկական կանոնակարգմանը, գազի շուկայի դիտանցմանը և տեղեկատվական ապահովմանը առնչվող խնդիրները։ Բարձրագույն խորհրդի մեկ այլ՝ 2018 թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է նաև գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը։ Այն երեք փուլ է ենթադրում։

1-ին փուլի ավարտը նախատեսված է 2021 թ. հունվարի 1-ից ոչ ուշ՝ ապահովելով գազի ընդհանուր շուկայի ձևավորման մեթոդաբանական և կազմակերպչական հիմքը։

2-րդ փուլը պետք է ավարտվի 2022 թ. հունվարի 1-ից ոչ ուշ՝ ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքեր ստեղծելով ընդհանուր շուկայի ձևավորման համար։

3-րդ փուլը պետք է ավարտվի 2025 թ. հունվարի 1-ից ոչ ուշ՝ նախապատրաստելով ԵԱՏՄ անդամ պետությունների գազի շուկաների սուբյեկտների մասնակցությունը գազի ընդհանուր շուկային, ինչպես և ձևավորելով շուկայի գործառնության տնտեսական ընդհանուր պայմանները։

Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թ. դեկտեմբերի նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել գազի ընդհանուր շուկայի ձևավորման 2-րդ փուլին անցնելու վերաբերյալ։ Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել գազի ընդհանուր շուկայի ձևավորման 1-ին փուլի միջոցառումների ավարտի մասին. խոսքը, մասնավորապես, անդամ պետություններում գազատրանսպորտային համակարգերին մուտքի միասնական կանոնների վերաբերյալ փաստաթղթի լրամշակման մասին է։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է անդամ պետությունների հետ քննարկել գազի փոխադրման ծառայությունների գնի և սակագնի ձևավորման հարցը, որը նախատեսվում է ներառել 2021-ի ընթացքում մշակվող համաձայնագրում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2021-ի ապրիլին անդամ պետություններին է ներկայացրել գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծը՝ ներպետական համաձայնեցման անհրաժեշտ ընթացակարգերը իրականացնելու նպատակով։ Համաձայնագիրը նախատեսվում է վավերացնել 2022-ին։

Անդրադառնալով ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությանը՝ նախ և առաջ պետք է դիտարկել վիճակագրական որոշ տվյալներ։

2020-ին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 427,3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով բնական գազ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 2%-ով (2019 թ.՝ 419,0 մլն ԱՄՆ դոլար), այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից՝ 364,4 մլն ԱՄՆ դոլարի (ներկրումների 85%-ը) և Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 62,9 մլն ԱՄՆ դոլարի (կամ 15%-ը): 2020 թ. հուլիս 19-ից գործում են սպառողներին մատակարարվող բնական գազի հետևյալ սակագները

  • ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խմ) բնական գազի մեկ խմ-ն արժե 100 ՀՀ դրամ,

  • ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների (պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրություն և այլն) համար 1000 խմ բնական գազն արժե 224 ԱՄՆ դոլար,

  • ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողների (բնակիչների) համար բնական գազի մեկ խմ-ն արժե 139 ՀՀ դրամ,

  • ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցողների համար (օրինակ՝ ցեմենտի արտադրություն, ավտոմեքենաների լիցքավորման կայաններ, այլ խոշոր սպառողներ) 1000 խմ բնական գազն արժե 255,91 ԱՄՆ դոլար։

Տվյալները խոսում են Հայաստանում գազի անհամեմատ բարձր գնի մասին, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև էլեկտրաէներգիայի գնի վրա։ Վերջինս շղթայական ազդեցությունն ունի տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների գների վրա՝ նվազեցնելով տեղական արտադրանքի մրցունակությունը ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ Հայաստանը գազ և նավթամթերք ներկրող երկիր է, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը, խաղի ընդհանուր կանոնների և արտոնյալ մեխանիզմների մշակումը Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր նշանակություն են ձեռք բերում։

Ակնկալել, որ այս հարցում արագ առաջընթաց կլինի, իհարկե, դժվար է, սակայն հետևողական աշխատանքն այս ուղղությամբ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով Հայաստանի շահագրգռվածությունը։ Բացի այդ, Հայաստանի պարագայում առավել արդիական են փոխադրման ծախսերը, հետևաբար վերջինիս մասնաբաժինը մատակարարվող գազի գնի մեջ ևս պետք է ընդունելի լինի։

Այս առումով առկա է երկու մոտեցում, որոնցից առաջինը հիմնված է բացառապես շուկայական չափանիշների վրա, երկրորդը կախված է աշխարհաքաղաքական ինտեգրման խորությունից և գնագոյացման մեխանիզմներում որոշակի բոնուսային համակարգ է ենթադրում։ Հենց այս ուղղությամբ էլ անհրաժեշտ է փոխհամաձայնեցված տարբերակներ որոնել, կամ մշակել բանաձևեր, որոնք կբավարարեն ինչպես մատակարար, այնպես էլ սպառող կողմին։

Բնական գազի ընդհանուր շուկան բնականաբար չի ենթադրում գազի միասնական գին, սակայն կարելի է ենթադրել, որ վերջինս կարող է համապատասխանեցվել՝ հաշվի առնելով տրանսակցիոն ծախսերը, հարկերը, տարանցիկ փոխադրումը և այլն։ Երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկային ՀՀ մասնակցությունը կպայմանավորի մատչելի էներգակիրների, նախ և առաջ՝ բնական գազի հասանելիություն, ինչը թույլ կտա տնտեսական աճի կանխատեսելի ներուժ և նշանակալի մրցակցային առավելություններ ձևավորել։

Արդեն 2025 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետությունները կկարողանան անարգել և բորսայական սկզբունքով միմյանցից գազ գնել և միմյանց գազ վաճառել։

Նշենք, որ ԵԱՏՄ գազի միասնական շուկայի ձևավորմամբ նախ և առաջ հետաքրքրված են Բելառուսը, Հայաստանը և Ղրղըզստանը, քանի որ Ռուսատանի Դաշնությունը և Ղազախստանն ինքնաբավ են։ Ռուսաստանից Բելառուսը 1000 խմ բնական գազը ստանում է 127 ԱՄՆ դոլարով, Հայաստանը՝ 165 ԱՄՆ դոլարով, «Գազպրոմ» ընկերությունն ուզբեկական գազը Ղրղըզստան մատակարարում է 220 ԱՄՆ դոլարով։ Ըստ էության, ԵԱՏՄ տարածքում գազի հիմնական մատակարարը ռուսական «Գազպրոմն» է։

Անհրաժեշտ է հստակ ընդգծել, որ այսօր չի քննարկվում գազի միասնական գնի հարցը։ Խոսքը բացառապես գազի տարանցման գնագոյացման ընդհանուր սկզբունքների և մեթոդաբանության մասին է։ Քննարկումներում հստակ շեշտվում է ենթակառուցվածքային սահմանափակումների մասին, որը գլխավորապես վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի գազատար համակարգը ԵԱՏՄ ենթակառուցվածքներին միանում է Վրաստանի միջոցով, իսկ գազափոխադրման տարանցիկ այս բաղադրիչը չի կարող հաշվի չառնվել գնագոյացման ժամանակ։ Վրաստանի տարածքով ռուսական գազը փոխադրելու համար գանձվում է 10 տոկոսի չափով տարանցման վճար, ինչը, անշուշտ, բարձրացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը։

Ռուսական ներքին գներով գազի մատակարարումն ավելի քան շահեկան կլինի Հայաստանի Հանրապետության համար, իսկ միասնական շուկան թույլ կտա ԵԱՏՄ-ում գազի միջազգային գներին հետևել միջնորդավորված, ընդ որում՝ միջազգային գների տատանումները ներքին գնագոյացման վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա։

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list

Նաև կարդացեք

Էներգետիկ անվտանգությունը Հայաստանում

Հայաստան ներկրվող էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացումը պետական նշանակության ռազմավարական խնդիր է: Առաջիկա տասնամյակը հնարավորություն կտա վերանայել ուղղություններն ու հաղթահարել երկրի առաջ ծառացած խոչընդոտները: Իրական առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք և նպատակային քայլեր:

Նույն հեղինակից

Հայաստանի եվրասիական խոչընդոտները

ԵԱՏՄ ներքին շուկայում առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց արագ և արդյունավետ լուծման դեպքում այն կարող է փոխադարձ առևտրի աճի հնարավորություններ ստեղծել ՝ դարնալով տարածաշրջանային ինտեգրման արդյունավետ միջոց:

ՏՏ ոլորտը Հայաստանում միջին խավ է ձևավորում

Հայաստանում ՏՏ ոլորտը երկրի զարգացման ռազմավարական ուղղություն է` բնակչության գիտական և կրթական ներուժի համեմատաբար բարձր մակարդակի շնորհիվ: Այն նաև երկրում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկն է:

Կաթնամթերքի արտահանումը նվազում է. ի՞նչ խնդիրներ կան շուկայում

ՀՀ պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից է կաթնամթերքի շուկան: Վերջին տարիներին այստեղ նկատվում են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կաթի և կաթնամթերքի արտադրության աճի, փաթեթավորման որակի բարելավման տեսքով: Այդուհանդերձ, առկա են որոշակի դժվարություններ ոլորտի կառավարման, տեխնիկական զինվածության և հիգիենայի նորմերի պահպանման հետ կապված։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team