evn report it sector and middle class

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են եղել զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար, որպես գերակա ուղղություններ՝ դարձել գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի զարգացման այնպիսի եղանակի ընտրության հրամայականով, որտեղ համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, այդ թվում՝ բնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը, ստեղծագործ, գիտահետազոտական և կիրառական աշխատանքների ավանդական արդյունավետությունը, ինչպես նաև տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները:

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Դեռևս 2000 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչեց տնտեսության զարգացման գերակա ճյուղ: Այնուհետև՝ 2001-ին, ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «ՀՀ ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը», ՀՀ նախագահի 2001 թ. հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (ՏՏԶԱԽ), որի նախագահը ՀՀ վարչապետն էր: Լինելով կապող օղակ կառավարության, ոլորտի կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև՝ խորհուրդը կազմակերպում և անցկացնում էր տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ: 2019 թ. հունիսի 1-ի ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակները, որոնց թվում բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), օդային և տիեզերական բնագավառների ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է:

ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 27-ի 1165 որոշմամբ՝ Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: 2001-ից գործում է «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ն, որի տարածքում գործում են ոլորտի 30-ից ավել ընկերություններ:

Այս տարիներին ընդունվել են ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես՝ 2004 թ. դեկտեմբերի 14-ի՝ «Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՕ-40 և 2005 թ. հուլիսի 8-ի՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՕ-176 ՀՀ օրենքները: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համագործակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից մշակվել և 2005-ին գործողության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա)», ամսական պետական վիճակագրական հաշվետվության ձևը:

Ստորագրվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկատելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը» և այլն:

Ըստ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի տեղեկատվական հասարակության կայացման նպատակային հիմնական ցուցանիշների՝ տնային տնտեսությունների 70%-ը պետք է ունենա համակարգչային հագեցվածություն, կրթական հաստատությունների 80-90%-ը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների 100%-ը:

Համաշխարհային տնտեսության աճի արագ տեմպերը վերջին տասնամյակում պայմանավորված են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կատարված նորամուծություններով և արդյունաբերական տարբեր ճյուղերում դրանց կիրառմամբ: Դեռ Խորհրդային Միության տարիներին լինելով ծրագրային ապահովման մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կենտրոն և պահպանելով տեխնոլոգիական ոլորտում զարգացման մեծ ներուժը՝ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչը պայմանավորված է բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժով, ոլորտի՝ ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժնով, ինչպես նաև ընկերությունների թվի ու ընդհանուր շրջանառության աճի տեմպերով:

 

ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ում, 2010-2020 թթ.

2019 թվականին տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 309,9 մլրդ ՀՀ դրամ, ակտիվ գործող ընկերությունների թիվը՝ 800, ընկերություններում ներգրավված աշխատակիցները՝ շուրջ 16.000 մասնագետ: 2020-ին ՏՏ ոլորտի աճը 2019-ի համեմատ կազմել է 2,8%: 2019-ին շուրջ 810 ընկերություն և անհատ ձեռնարկատերեր իրենց հաշվետվությունները ներկայացրել են էլեկտրոնային եղանակով՝ ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկատվական համակարգում:

image1
              Աղբյուրը՝  ՀՀ վիճակագրական կոմիտե. Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, 2020 թ. 

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ( ՏՀՏ ) և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտների ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության տեսակների հավաքական խմբավորման

screenshot 1table

Ինչպես պարզ է դառնում աղյուսակից,  ՏՏ ոլորտը 2020-ին 2019-ի համեմատ արձանագրել է 2,8% աճ, ընդ որում՝ արտադրությունը նվազել է 40,3%-ով, առևտուրը՝ 20%-ով, իսկ ծառայություններն աճել են 8,1%-ով:

Հարկ է նշել, որ Հայաստանում ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտը բավական երիտասարդ է: Ընկերությունների մեծ մասը՝ գրեթե 95%-ը, հիմնադրվել է 2000-2018 թթ.: Ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ձեռնարկությունը հիմնվել է 1987 թ., այնուհետև հինգ տարվա ընթացքում Երևանում բացվել է օտարերկրյա ընկերության առաջին մասնաճյուղը: 1991-1997 թթ. տեխնոլոգիական ոլորտն ապրել է բավականին ծանր անցումային շրջան. տարածաշրջանային հակամարտությունները, նվազող տնտեսությունը և բարձրակարգ մասնագետների արտագաղթը զգալիորեն խոչընդոտել են տնտեսության ընդհանուր վերականգնմանը: 1998 թ. դրությամբ Հայաստանում գործում էր մոտ 35-40 ծրագրավորող ընկերություն և ինտերնետային կապի պրովայդեր, որոնցում, ըստ տարբեր հաշվարկների, աշխատում էր շուրջ 1.000 մասնագետ: 1998-ին ոլորտում աշխատող մասնագետների թիվը էապես ցածր էր 1987 թ. արձանագրված ցուցանիշից, երբ միայն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն ուներ մինչև 10.000 աշխատակից: Վերջին տասնմեկ տարիներին ոլորտում գրանցվել է թե՛ տեղական նորաստեղծ ձեռնարկությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի թվի կտրուկ աճ: Միայն 2017-2018 թթ. հիմնադրվել է 150 նոր ընկերություն (գործող ընկերությունների 18,8%-ը): Նույն ժամանակահատվածում ՏՀՏ ոլորտի աշխատատեղերի թիվն աճել է մոտ 4.200-ով:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2020-ին ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 14.755 մարդ, որից ընդամենը 95 մասնագետ է աշխատել պետական ոլորտում, 14.680 մարդ զբաղված է եղել մասնավոր հատվածում: Համեմատության համար նշենք, որ 2021 թ. հունվար-մարտին ՏՏ ոլորտում աշխատողների թիվն ավելացել է 4.202-ով կամ 28%-ով: Հարկ է նշել, որ ՏՏ ոլորտը ՀՀ աշխատաշուկայում համարվում է ամենաբարձր վարձատրվողներից մեկը: 2020 թվականին միջին աշխատավարձը պետական ոլորտում կազմել է 411.927 ՀՀ դրամ, մասնավոր հատվածում՝ 638.756 ՀՀ դրամ:

Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի 2018-ի ցուցանիշների վերլուծության՝ ՏՀՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բարենպաստ միջավայր ունենալով՝ Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ ունի հետևյալ մրցակցային առավելությունները՝

  • միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացման կարողություններ,

  • բարձրակարգ և շնորհալի մասնագետներ,

  • ՏՏ և հարակից այլ մասնագիտացումներով բուհական հիմնարար ծրագրեր,  մրցակցային բարձր մակարդակ ունեցող էժան աշխատուժ և ցածր գործառնական ծախսեր,

  • պետության կողմից ոլորտին հատկացվող շոշափելի աջակցություն և ներդրումային դաշտը բարելավելու պատրաստակամություն,

  • ՏՏ ոլորտի կայուն և շարունակական զարգացում,

  • ուժեղ և բարգավաճող Սփյուռքի ներկայություն Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում,

  • խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ,

  • մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն  չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:

Վերջին հինգ տարիներին էապես բարելավվել է տեղական ընկերությունների վիճակը. աճել է աշխատակիցների թիվը, ներգրավվել են վենչուրային ներդրումներ, աճել են տեխնիկական հմտություններն ու շուկայի վերաբերյալ գիտելիքները։ Ավելին, նրանք ավելի բարդ և բարձր գնահատվող նախագծեր են իրականացնում: Հայկական ընկերությունները դարձել են գրավիչ արտասահմանյան վենչուրային ներդրողների համար։

Այդուհանդերձ, ՏՏ ոլորտի կազմակերպությունների 73,2%-ի համար խնդիր է շուկայում բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը։ Բարձր որակավորում ունեցող աշխատուժ ներգրավելու խնդիրը շեշտում է կազմակերպությունների 64,2%-ը: Սա կարող է պայմանավորված լինել շուկայում տեխնիկական աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճի հետ մեկտեղ տեխնիկական մասնագիտացումներով ուսանողների թվի շարունակական նվազմամբ։

ՏՏ ոլորտի ընկերությունների 44%-ի կարծիքով՝ ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը և պետական, հասարակական կազմակերպությունների կողմից աջակցության պակասը խոչընդոտում են ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի աճին։

ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների մոտ 23,2%-ն ունի միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված որոշակի խնդիրներ: Միջազգային գործընկերները հիմնականում տեղյակ չեն Հայաստանի մասին կամ պարզապես չեն վստահում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրի ներկայացուցչին։

Սեփական պրոդուկտները մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՀՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ Հայաստանում ոլորտը օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման ռեսուրս լինելուց վերափոխվում է տեխնոլոգիական զարգացման կենտրոնի:

Գործող ընկերությունների 41%-ի եկամուտը գոյանում է սեփական ապրանքներից և ծառայություններից: Խոշոր ընկերություններում նորարարական գործունեությունից ստացվող եկամուտների ծավալը էապես փոխկապակցված է ընկերության աշխատակիցների թվի հետ, այսինքն՝ որքան մեծ է ընկերությունը, այնքան մեծ են գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներում ներդրումների ծավալները։ 

Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներում ներդրումներ կատարող ընկերությունների ընդհանուր թվաքանակի մեջ ավելացել է տեղական ընկերությունների թիվը՝ 85%-ից հասնելով 87%-ի, ինչը պայմանավորված է տեղական տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների ավելացմամբ:

ՏՀՏ ոլորտում աշխատող 15.239 տեխնիկական մասնագետների 62,9%-ն աշխատում է ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում, մյուսները կենտրոնացած են հեռահաղորդակցության ոլորտում: Հայաստանի ՏՀՏ ոլորտում մասնագետների մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են (68%): ՏՏ ոլորտի ընկերությունների տնօրենների միջին աշխատանքային փորձը 13,4 տարի է տեղական ընկերություններում և 18,6 տարի՝ օտարերկրյա ընկերություններում: Տեղական և օտարերկրյա ընկերություններում աշխատում է ՏՏ աշխատուժի համապատասխանաբար 52,5% և 47,5%-ը (2008 թ. այս հարաբերակցությունը եղել է 50/50):

Ծրագրավորման արտապատվիրվող գործունեության համար Հայաստանը դեռ համարվում է ցածր ծախսեր պահանջող երկիր, որտեղ վարձատրությունը չի զիջում ՏՏ ոլորտի աշխատանքների արտապատվիրման հիմնական երկրներին, ինչպիսիք են, օրինակ՝ Հնդկաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իռլանդիան, Չինաստանը և Կենտրոնական Եվրոպան:

2020-ին ՏՏ ոլորտում աշխատողների միջին անվանական ամսական աշխատավարձը կազմել է 646.563 ՀՀ դրամ, որն ամենաբարձրն է Հայաստանի աշխատաշուկայում։ Հատկանշական է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում ոլորտում աշխատավարձը միջինում աճել է 7,1%-ով։ Ընդ որում, տեխնիկական աշխատողների աշխատավարձի չափը պայմանավորված է ոչ թե կրթական աստիճանով, այլ աշխատանքային փորձով։

 

Միջին աշխատավարձը ՀՀ ՏՀՏ ընկերություններում, ԱՄՆ դոլար

image2
                                                                                                                                                                    Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե

 

Ընկերությունների ընդամենը 3,4%-ում է աշխատում 100 և ավելի մասնագետ, 12,6%-ում զբաղված է 25-100 մասնագետ, 84%-ում՝ 25-ից պակաս մասնագետ:

 

Ընկերությունների բաշխվածությունն ըստ չափի

unnamed 1
unnamed
                                                                                                        Աղբյուրը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի թվականի ցուցանիշների վերլուծություն

 

Այսպիսով, Հայաստանում ՏՀՏ ընկերությունների շարքում՝ ըստ աշխատուժի, գերակշռում են փոքր ձեռնարկությունները: Իրապես, ՏՏ ոլորտը Հայաստանում միջին խավ ձևավորող հիմնական ոլորտներից է։

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list

Նույն հեղինակից

Անշարժ գույքի շուկան Հայաստանում. առկա միտումները

Համավարակով և հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում նկատվում է եկամուտների նվազում և աղքատության աճ, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունենում անշարժ գույքի շուկայի վրա:

Կաթնամթերքի արտահանումը նվազում է. ի՞նչ խնդիրներ կան շուկայում

ՀՀ պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից է կաթնամթերքի շուկան: Վերջին տարիներին այստեղ նկատվում են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կաթի և կաթնամթերքի արտադրության աճի, փաթեթավորման որակի բարելավման տեսքով: Այդուհանդերձ, առկա են որոշակի դժվարություններ ոլորտի կառավարման, տեխնիկական զինվածության և հիգիենայի նորմերի պահպանման հետ կապված։

Հայաստանի եվրասիական խոչընդոտները

ԵԱՏՄ ներքին շուկայում առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց արագ և արդյունավետ լուծման դեպքում այն կարող է փոխադարձ առևտրի աճի հնարավորություններ ստեղծել ՝ դարնալով տարածաշրջանային ինտեգրման արդյունավետ միջոց:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team