syuzan unicorn
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Եթե մի քանի տարի առաջ միաեղջյուր ասելով դեռ հեքիաթներից ու մուլտֆիլմերից մեզ ծանոթ առասպելական արարածին էինք պատկերացնում, այսօր այն արդեն ստարտափերի մասին կարող է լինել։ Unicorn-ը կամ միաեղջյուրը ստեղծման պահից 10 տարվա ընթացքում 1 միլիարդ ԱՄՆ դոլարի արժեքը հատած մասնավոր ստարտափ ընկերություն է։

Ձևակերպումն առաջին անգամ 2013-ին օգտագործել է ամերիկացի հրեշտակ-ներդրող, Cowboy Ventures-ի հիմնադիր Այլին Լին՝ նկատի ունենալով նման ստարտափերի եզակի լինելը։ Աշխարհն այս ձևակերպումն օգտագործում է արդեն ինը տարի, իսկ միակ բանը, որը փոխվել է տարիների ընթացքում, միաեղջյուրների թիվն է (արդեն 800-ից ավելի

 

Ինչպես դառնալ միաեղջյուր

Հաջողությունը հենց այնպես, երկնքից չի ընկնում, միաեղջյուր ստեղծելու ճանապարհը դժվար է ու հաճախ բազում անհաջողությունների միջով է անցնում։

2013-ին, երբ Լին օգտագործեց այս ձևակերպումը, միաեղջյուրների մոտ 25%-ը Չինաստանում էր, մոտ 40%-ը՝ ԱՄՆ-ում։ Պատկերն այսօր ամբողջովին այլ է՝ ԱՄՆ-ում կամ Չինաստանում է միաեղջյուրների արդեն 76%-ը։

2013-ին TechCrunch ամսագրում հրապարակած իր հոդվածում Լին պատմում է, թե ինչպես են ընկերությունները դառնում միաեղջյուր։ Պարզվում է, դրանց միայն 0,07% է, որ 1 միլիարդ կապիտալիզացիայի սահմանը հատում է արտաքին ֆինանսավորման շնորհիվ։ Ընդ որում, տեխնոլոգիական ստարտափերը 1 միլիարդի նշաձողին շատ ավելի արագ են մոտենում։

Ոլորտի մասնագետների և միաեղջյուր ստարտափերի հիմնադիրների մի մասը պնդում է, որ այստեղ հստակ կանոններ չկան։ Մյուսների համար սա հստակ գծված ու կոնկրետ գործողություններ ենթադրող ճանապարհ է։ Այսպես, օրինակ, ներդրումների հարցում կողմնորոշվել օգնող Rocket DAO ընկերությունը 10 կետ է առանձնացնում միաեղջյուր դառնալու ճանապարհին, որը ներառում է՝

1. արտադրանքը. կարևոր է, թե շուկայում արտադրանքը կամ ծառայությունը ի՛նչ խնդիրներ է պատրաստվում լուծել, և ո՛րն է թիրախային լսարանը,

2. բիզնես մոդելը,  որը պիտի իրատեսական ու տրամաբանված լինի, եկամուտ ապահովելու մեծ ներուժ ունենա,

3. թիմը, որը համալրված է պրոֆեսիոնալներով,

4. ֆինանսների մոդելավարում, որը թույլ է տալու հնարավորինս ճիշտ ֆինանսական կանխատեսումներ անել,

5. PR և մարքեթինգ, հստակ մշակված ռազմավարությամբ ու մարքեթինգային պլանով։

Կարևոր է նաև այնպիսի ոլորտ ընտրել, որն աճի ու առաջընթացի մեծ ներուժ ունի, օրինակ՝ կրիպտոարժույթներ, AR, VR տեխնոլոգիաներ և այլն։

Ինչպես պնդում է հայտնի ներդրոդ Գարի Ֆաուլերը՝ կարևոր է, որ միաեղջյուր կարգավիճակին ձգտող ստարտափը գլոբալ փոփոխություն բերի այն ոլորտում, որում պատրաստվում է գործունեություն ծավալել։ Այսինքն՝ պետք է փոխել ծառայությունից կամ արտադրանքից օգտվողների կյանքը, ինչպես արեցին, օրինակ, Uber-ը կամ AirBnB-ն։ Uber-ն ամբողջությամբ փոխեց տաքսի պատվիրելու մշակույթը, իսկ AirBnB-ն զբոսաշրջության ոլորտում հեշտացրեց տուն, հյուրանոց կամ հոսթել ամրագրելու ընթացքը։ Օգտատերերը կամ հաճախորդներն այս կերպ ամուր էմոցիոնալ շղթաներով կապվում են ընկերությունների հետ, որովհետև դրանք հեշտացնում են իրենց կյանքը։ Իսկ եկամուտ ունենալու համար հաճախորդները, կարծես թե, պարտադիր պայման  են։

 

Ի՞նչ է սպասվում միաեղջյուրին

Միաեղջյուր հռչակվելը, անշուշտ, վերջին հանգրվանը չէ։ Իրականում սա սկիզբն է միայն։ Երբ ստարտափը հատում է 1 միլիարդի սահմանը, ակնկալիքները կտրուկ մեծանում են։ Խոսքը թե՛ ներդրողների, թե՛ էկոհամակարգի մասին է, որոնք ստարտափից արդեն շատ ավելի արագ աճ են պահանջում, ավելին, քան գուցե ստարտափն ինքն էր նախատեսում։ Այսպես մեծանում է նաև հավանականությունը, որ շատ ավելի շուտ տեղի կունենա IPO-ն՝ առաջնային հրապարակային առաջարկը։ Ինչևէ, ընկերությունը կարող է ինքը որոշել, և փաստացի IPO կարող է և տեղի չունենալ։

Բնականաբար, ցանկացած ստարտափի նպատակը մրցակիցներին գերազանցելն ու շուկայում առաջատար դիրքեր գրավելն է։ Այս ճանապարհին, իհարկե, նոր ներդրումներ են անհրաժեշտ։ Ժամանակի ընթացքում անգամ նոր ձևակերպումներ են ի հայտ եկել նման ընկերությունների համար՝  Decacorn (շուկայական արժեքը՝ 10 մլրդ ԱՄՆ դոլար և ավելի) և Hectocorns (100 մլրդ-ը գերազանցող)։ Unicorn-ից Decacorn ճանապարհն (մոտ 2,5 տարի) ավելի հեշտ է, թեև միաեղջյուրների մոտ 0․000125%-ն է հաջողում այդ ճանապարհը, իսկ դրանցից միայն եզակիները վերածվում Hectocorn-ի: Այսպես, օրինակ SpaceX-ը (շուկայական արժեքը՝ 74 մլրդ դոլար) և Epic Games-ը (28,7 մլրդ) Decacorn ընկերություններ են, Google-ը (1 տրիլիոն) ու Microsoft-ը՝ (2 տրիլիոն) Hectocorn։

 

Հայաստանն ու տարածաշրջանը

2021 թ. օգոստոսի 26-ին հայկական արմատներ ունեցող Picsart ընկերությունը հայտարարեց 130 միլիոն դոլար ներդրման մասին, որն ընկերության շուկայական արժեքը 1,5 մլրդ դոլարի հասցրեց։

Picsart-ը ֆոտոխմբագրման ծառայություններ առաջարկող հարթակ է, որն ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր ունի՝ աշխարհի ավելի քան 180 երկրից, որոնց մեծ մասը մինչև 35 տարեկան է։ Հիմնադրվել է 2011 թվականին։ Գլխավոր գրասենյակը ԱՄՆ-ում է, Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։

Picsart-ը հիմնադրել են Հովհաննես Ավոյանը, Արտավազդ Մեհրաբյանը և Միքայել Վարդանյանը։ Միտքը ծագել է Հովհաննես Ավոյանի մոտ, երբ վերջինիս դստերը համացանցում հանդիմանել են՝ լուսանկարներն առանց խմբագրելու վերբեռնելու համար։ Հովհաննեսը դստերն օգնել ու լուսանկարները խմբագրելու համար բջջային հավելված է ստեղծել։ 10 տարի անց սա վերաճել է Picsart-ի։ Հավելվածը հիմնական տարբերակում անգլերենով է, բայց հասանելի է ևս 28 լեզուներով։ Picsart-ն աշխարհում այսօր ամենից շատ ներբեռնումներ ունեցող հավելվածներից է։ Հարթակում առ այսօր կատարվել է մոտ 1 միլիարդ ֆոտո- և վիդեոխմբագրում։ Հավելվածը բազային տարբերակում անվճար է App Store-ում և Google Play Store-ում։ Խմբագրական հավելյալ գործիքներն արդեն վճարովի են ու ամսական 4,66 դոլար արժեն։

ServiceTitan-ը մեկ այլ հայկական միաեղջյուր է, որը հիմնադրել են Արա Մահդեսյանն ու Վահե Կուզոյանը։ Այն սկսվել է որպես ամառային մի նախաձեռնություն՝ հետագայում զարգանալով ու վերածվելով մի ընկերության, որը ծրագրային ապահովում է առաջարկում կենցաղային սպասարկման ոլորտի ընկերություններին և մոտ 7.500 հաճախորդ ու 100․000 աշխատող ունի։ Տարեկան բաժանորդագրությունների ծավալը 2019-ի 100 մլն դոլարից 2021-ին հասել է մինչև 250 մլն-ի։ «Մեր առաքելությունն առաջին իսկ օրվանից եղել է աջակցել մարդկանց իրենց մասնագիտության մեջ, և օգնել նրանց հասնելու հաջողության, որին նրանք արժանի են»,- LA Times-ի հարցազրույցում պատմում է Մահդեսյանը։

Իր երկու միաեղջյուրով Հայաստանը հարևանների համեմատ մրցակցությունից դուրս է. Իրանը, Վրաստանն ու Ադրբեջանն միաեղջյուրներ չունեն, Թուրքիան ունի երկու միաեղջյուր՝ Getir-ը և Dream Games-ը, որոնք երկուսն էլ 2021-ին են հատել նշաձողը։ Getir-ը մթերքների առաքման «գերարագ» ծառայություններ առաջարկող հարթակ է, հիմնադրվել է 2015-ին, Նազիմ Սալուրի կողմից։ Ընկերությունը տեղակայված է Ստամբուլում, բայց ծառայություններ առաջարկում է նաև Միլանում, Բեռլինում, Ամստերդամում։

Թուրքական մյուս միաեղջյուրը՝ Dream Games-ը հիմնադրվել է 2019 թվականին, Ստամբուլում։ Ընկերության ստեղծած խաղերից ամենահայտնին Royal Match-ն է, որը Մեծ Բրիտանիայում,  Գերմանիայում ու Միացյալ Նահանգներում թոփ 20 խաղերի ցանկում է։

Ստարտափ ստեղծելու համար առողջ էկոհամակարգ, մարդկային ռեսուրսներ, նպաստավոր իրավական բազա է պետք, պետք են գիտական հետազոտություններ և ինչն ամենակարևորն է՝  այս ամենը պիտի հասանելի լինի բոլորին։ Եվ որքան քիչ խոչընդոտներ լինեն մասնագետների առջև, այդքան լավ։

Հայաստանում բոլոր այս բաղադրիչները չէ, որ բավարար չափով են առկա, թեև մարդկային ներուժն ու տաղանդը պահպանվել են, այս տարի ավելացել է գիտության ֆինանսավորումը։ Հարկային կարգավորումները ևս բավական ճկուն են ստարտափերի համար՝ 0% շահութահարկ և 10% եկամտահարկ։ Ամեն դեպքում, հայաստանյան ստարտափ էկոհամակարգը զարգացնելու համար անելիք դեռ շատ կա, և այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ հրաշքի պես բան է։

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list

Read in English 

Unicorns Spotted in Armenia

 

Նաև կարդացեք

ՏՏ ոլորտը Հայաստանում միջին խավ է ձևավորում

Հայաստանում ՏՏ ոլորտը երկրի զարգացման ռազմավարական ուղղություն է` բնակչության գիտական և կրթական ներուժի համեմատաբար բարձր մակարդակի շնորհիվ: Այն նաև երկրում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկն է:

Նոր հոդվածներ

Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի կարևորությունը

Չնայած երեխաների նկատմամբ բռնությունը և սեռական շահագործումն արգելող դրույթներն ամրագրված են միջազգային և տեղական իրավական համակարքում, երեխաների նկատմամբ բռնությունը մնում է ժամանակակից աշխարհի ամենալուրջ մարտահրավերներից մեկը:

30 տարվա իրավիճակային կառավարման տեղապտույտը

Հայաստանի բոլոր իշխանությունները շարունակաբար ստեղծել են հատվածական ռազմավարական օրակարգեր, որոնք ուշ թե շուտ դատապարտվել են անհաջողության։ Արդյունքում Հայաստանը 30 տարի շարունակ գոյատևել ու զարգացել է առանց համազգային ռազմավարական օրակարգի։

Առաջնագծի պահապան կանայք

Թեև կանանց մեծ մասը զենք չի վերցրել պատերազմին մասնակցելու համար, բայց շատերն իրենց հմտություններն օգտագործելով՝ յուրովի կռվել են։ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին նվիրված՝ Կուշանե Չոբանյանը ներկայացնում է վեց արտասովոր կանանց պատմություններ, որոնք գտնվել են առաջնագծում։

Թողարկում 11

Անկախություն

«Անկախություն» խորագրով EVN Report-ի ամսագրի 11-րդ թողարկումն իրականում հայացք է անկախ Հայաստանի չորս վարչակազմերին՝ բացահայտելու անցած այս տարիների մարտահրավերներն ու խոչընդոտները, գրանցված հաջողություններն ու անհաջողությունները:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team