child abuse zara hovhannisyan
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Մարդկության ողջ պատմության ընթացքում երեխաները մշտապես եղել են խոցելի և ունեցել պաշտպանության կարիք։ Պատմականորեն, յուրաքանչյուր հասարակություն ունեցել է իր սովորույթները երեխաների վերաբերյալ, որոնք՝ մեր այսօրվա իրավական պատկերացումների տեսանկյունից անընդունելի են։ Երբ անդրադառնում ենք երեխաների հանդեպ բռնությունների հնագույն պրակտիկաներին, հանդիպում ենք բավականին ծանր վկայությունների, որոնց շարքում կարելի է նշել Հին Հունաստանում կամ Սպարտայում առողջական խնդիրներ ունեցող նորածինների սպանությունը, էսկիմոսների շրջանում ընտանիքի դստերը հյուրերին «առաջարկելը»՝ որպես հյուրընկալության ձև, Հնդկաստանում աղջիկների վաղ ամուսնությունը՝ մինչև սեռահասունության տարիքին հասնելը։ 

Նմանատիպ սովորույթներ մենք կարող ենք գտնել նաև հայկական ծագման պատմություններում և գրական ստեղծագործություններում, մասնավորապես հայկական միջավայրում վաղ ամուսնությունների խնդրին է անդրադարձել  Հովհաննես Թումանյանը՝ «Մարոն» պոեմում,[1] որտեղ 9-ամյա Մարոյին ամուսնացնում են՝ երեխային հասցնելով ինքնասպանության։ Հաճախ գրականության միջոցով հայ լուսավորական միտքը լուրջ քննադատության է ենթարկում այն սովորույթները, որոնք այժմ մենք, որպես իրավական հասարակություն, անվանում ենք իրավունքի կոպտագույն խախտում և ամրագրում իրավական կառուցակարգերում։ 

Ինչ վերաբերում է հայկական իրավական մտքին, ապա Կիլիկիայի հայկական թագավորությունում օրենքի ուժ ունեցող Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» անդրադարձ կա նաև վաղ կամ հարկադիր ամուսնության խնդրին։ Կնոջ և տղամարդու միջև հաստատվում էր իրավահավասարություն՝ ամուսնաընտանեկան և գույքային հարաբերություններում: Գոշի պատկերացումներում  կինը արժանապատվությամբ օժտված անձնավորություն էր: Համաձայն «Դատաստանագրքում» սահմանած նորմերի՝ կնոջ և տղամարդու միջև կնքվող ամուսնությունը պետք է իրականացվեր կողմերի ազատ կամքի արտահայտմամբ: Կնոջ ամուսնական տարիքը 15 տարեկանն էր, իհարկե, պետք է հաշվի առնել, որ գործ ունենք միջնադարյան հարաբերությունների հետ և աղջիկներին այդ ժամանակ ամուսնացնում էին շատ ավելի վաղ հասակում։ Եթե ամուսնությունը տեղի էր ունենում նրա կամքին հակառակ՝ առևանգման արդյունքում  կամ ավելի վաղ հասակում, ապա  համարվում էր, որ կինը հարկադրվել է ամուսնության, և այդպիսի ամուսնությունը համարվում էր ստիպողական, ուստի կինը կարող էր ամուսնալուծվել: Մոտեցումն ուներ սկզբունքային նշանակություն, քանզի ամուսնությունը կամովին միություն էր և կնոջը չէր կարելի հարկադրել։

Ցավոք, հայկական իրավական մշակույթը՝ լինելով իր ժամանակաշրջանում բավականին զարգացած, այնուհետ զարգացում չի ապրել՝ պետականության բացակայության պատճառով։ Փոխարենը, ապրելով մահմեդական տարբեր հասարակություններում, առաջացել են որոշ վնասակար սովորույթներ, որոնց դեմ մինչ այժմ պայքարում ենք։

Թեև միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերում ամրագրվել են նորմեր, որոնցով արգելվում են երեխաների նկատմամբ բռնության, սեռական շահագործման երևույթները, սակայն երեխաների նկատմամբ բռնությունը և հատկապես սեռական բռնությունը մնում է արդի աշխարհի մարտահրավերներից լրջագույնը։ Սեռական շահագործումը և սեռական բռնությունը երեխաների նկատմամբ բռնության վատթարագույն ձևերից են:  

 Տարեցտարի ավելանում է երեխաների նկատմամբ սեռական բռնության տարածվածությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։ Այն նորանոր ձևեր է ստանում՝ պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Փորձագետները պնդում են, որ դեպքերը շատ ավելին են, քան այն, ինչն արտացոլվում է թվային տվյալներով, ուստի վիճակագրությունը կարող է չներկայացնել ողջ պատկերը: Սակայն, նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալները բավականին մտահոգիչ են: 

Ըստ հետազոտությունների, Եվրոպայում հինգ երեխայից առնվազն մեկը տուժել է սեռական բռնության այս կամ այն ձևից, և դեպքերի  80%-ի պարագայում բռնարարը երեխային ծանոթ մեկն է եղել, որը վայելել է նրա վստահությունը՝ արդյունքում օգտվելով այդ վստահությունից: 

Մասնավորապես, ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության մանկական բյուրոյի կողմից հրապարակված  «Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ 2019 թ.» զեկույցում նշվում է, որ բռնության ենթարկված երեխաների 9.3% -ը ենթարկվել է սեռական բռնության:

Ըստ նույն աղբյուրի, սեռական բնույթի հանցագործությունների զոհ է դառնում աղջիկներից յուրաքանչյուր 5-րդը, իսկ տղաներից յուրաքանչյուր  20-րդը։

Երեխաների նկատմամբ բռնության, հատկապես սեռական բռնության դեպքերը, ցավոք, ավելանալու միտում ունեն ամբողջ աշխարհում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, աշխարհում ամեն տարի միլիոնավոր աղջիկներ և տղաներ բախվում են սեռական բռնության և շահագործման հետ, սակայն նրանցից շատերը դրա մասին հայտնում են հասուն տարիքում, կամ այդ հանցագործությունները բացահայտվում են շատ ավելի ուշ՝ այլ իրավիճակներում, ինչպես օրինակ՝ հոգեբանական բարդագույն իրավիճակներից ելքեր փնտրելու ճանապարհին։ 

Ըստ ՌԴ պետական կառույցի ներկայացրած վիճակագրության, վերջին հինգ տարվա ընթացքում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն աճել են 42%-ով։

Հայաստանում ևս երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների թիվը բավականին բարձր է։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ կոմիտեում 2016թ․ քննվել է  երեխաների նկատմամբ բռնության 200 քրեական գործ, որից  88-ը սեքսուալ բնույթ է ունեցել, 2017թ․ քննված երեխաների նկատմամբ բռնության  265 քրեական գործից սեքսուալ բնույթի է եղել 99-ը, 2018թ․ 317 քրեական գործից՝ 76-ը , 2019թ․ 360 քրեական գործից՝ 91-ը, 2020թ․-ի 328 քրեական գործից սեքսուալ բնույթի է եղել 77-ը, Իսկ 2021 թվականի միայն առաջին կիսամյակում երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 229 քրեական գործից 57-ը եղել է սեքսուալ բնույթի։ Եվ եթե  2020թ․ ամբողջ տարվա ընթացքոքւմ եղել է սեքսուալ բնույթի 77 դեպք, ապա  2021թ․ առաջին կիսամյակում արդեն իսկ 57-ն են, ինչն ապացուցում է, որ սեքսուալ բնույթի հանցագործությունները երեխաների նկատմամբ աճում են։

Երեխայի նկատմամբ սեռական բռնության նշանները միշտ չէ, որ հեշտ նկատելի են՝ պայմանավորված մի շարք գործոններով: Բռնարարները զոհին լռեցնելու համար նրա նկատմամբ կիրառում են մի շարք մանիպուլյատիվ մարտավարություններ: Բռնարարները հաճախ օգտագործում են զոհի նկատմամբ իրենց իշխանությունը՝ երեխային ստիպելու կամ վախեցնելու համար: Նրանք կարող են համոզել երեխային, որ կատարված գործողությունները բնականոն են, և որ երեխան դրանցից հաճույք է ստացել, որ դրանք սիրո դրսևորում են, և որ բռնարարի համար երեխան «յուրահատուկ» է: Բռնարարները հաճախ սպառնում են հետագա բարդություններով կամ պատժով, երբ երեխան հրաժարվում է մասնակցել գործողություններին կամ մտադիր է այլ մարդկանց պատմել կատարվածի մասին: Հետևաբար, երեխայի նկատմամբ սեռական բռնությունը միայն ֆիզիկական վնասում չէ, այլ վստահության վնասում է:

Թվային տեխնոլոգիաների լայն կիրառումը կարող է նաև երեխաներին վտանգի տակ դնել այժմ արդեն շատերի համար հասանելի դարձած համացանցում: Իհարկե, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները  երեխաների կյանքում կարևոր միջոցներ են՝ կրթական, սոցիալական և ինտեգրման ամենատարբեր խնդիրներ լուծելու համար, բայց միևնույն ժամանակ, դրանց օգտագործումը կարող է առաջացնել սեռական շահագործման և չարաշահման, սեռական նպատակներով միջնորդության, երեխաների առցանց հավաքագրման, ծայրահեղ քաղաքական կամ կրոնական շարժումների մասնակցության կամ սեռական բռնության և շահագործման ենթարկվելու համար լրջագույն ռիսկեր։ 

Ամեն տարի աշխարհում աճում է հեռախոսներ, համակարգիչներ և համացանց օգտագործողների թիվը, որոնց մեջ մեծ է նաև երեխաների քանակը։ Իսկ COVID-19 համավարակի պայմաններում, երբ երեխաները անցան հեռավար ուսուցման, շատ հավանական է, որ  բարձրանա երեխաներին սպառնացող ռիսկի աստիճանը, այդպիսի ահազանգ են հնչեցնում տարբեր երկրներում՝ իրավապահ մարմինները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Համացանցում ավելի շատ ժամանակ անցկացնելը կարող է մեծացնել հավանականությունը, որ երեխաները կապի դուրս գան առցանց «գիշատիչների» հետ: Ֆիզիկական հեռավորությունն ապահովելուն ուղղված միջոցառումները, ամենայն հավանականությամբ, ավելացնում են նոր մարդկանց և խմբերի առցանց հասանելիությունը երեխաների համար, ինչը կարող է օգտագործվել «գիշատիչների» կողմից՝ երեխաներին սեռական շահագործման համար հավաքագրելու նպատակով: Տանը մեկուսացված մեծահասակների թվի աճին զուգընթաց, կարող է ավելանալ նաև երեխայի սեռական չարաշահման նյութերի պահանջարկը, ինչը կհանգեցնի երեխաների սեռական շահագործման դեպքերի ավելացմանը: 

Տանը մնալու կարգադրությունները նաև նշանակում են, որ ընտանիքները ստիպված են մնալ փակ բնակարաններում, որը, չարաշահող մեծահասակների հետ ապրող երեխաների պարագայում կարող է հանգեցնել թե՛ համացանցից դուրս, և թե՛ առցանց սեռական շահագործման դեպքերի աճի: 

Մասնավորապես 2020թ․, եվրոպական մի շարք երկրներում իրավապահ համակարգն արձանագրեց երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում սեռական բռնության աճ՝ COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված։ 

Երեխաները առավել խոցելի են դառնում նաև աղքատության, պատերազմների  և միգրացիայի պատճառով։ Միգրանտ երեխաների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին գլոբալ գնահատման արդյունքում պարզվել է, որ աշխարհում 2020թ․ դրությամբ կար 31 մլն միգրանտ երեխա, որոնցից շատերը ճանապարհորդում են առանց ծնողների՝ ենթարկվելով ամենատարբեր տիպի չարաշահումների, այդ թվում նաև սեռական բնույթի շահագործման։ 

2020թ․ աշնանը Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում տասնյակ հազարավոր երեխաներ ժամանակավոր կամ անվերադարձ տեղանահնվել են բնակության մշտական վայրերից։ Նրանք դառնում են խոցելի, հաճախ նաև հեշտ հասանելի՝ սեռական չարաշահումների և շահագործման համար։

Այս մարտահրավերների համապատկերում, Հայաստանը 2020 թվականին վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը բուռն քննարկումների և շահարկումների ալիք բարձրացրեց՝ ինչպես հանրության տարբեր շերտերում, այնպես էլ մասնագիտական հանրույթներում։ 

Կոնվենցիան երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի միջազգային իրավական բազայի կատարելագործման կարևորագույն, և իր տեսակով ամբողջական փաստաթուղթ է, որը լրացնում և ամբողջացնում է Հայաստանի կողմից վավերացրած և այս բնագավառում կարևորագույն դերակատարություն ունեցող մի շարք միջազգային փաստաթղթերը՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (ԵԻԿ), ԵԻԿ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունը, ինչպես նաև՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության մասին» կամընտիր արձանագրությունը, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնցենցիան, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» կոնվենցիան, «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան», «Կիբերհանցագործությունների մասին» ԵԽ կոնվենցիան, «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան։ Ի տարբերություն վերոնշյալ միջազգային փաստաթղթերի, «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որը նվիրված է հատկապես սեռական բռնությունից երեխաների պաշտպանությանը: Կոնվենցիան, որն ընդունվել է Իսպանիայի Լանզարոտե քաղաքում 2007 թվականին, ուժի մեջ է մտել 2010 թվականին: Այն ստորագրվել է ԵԽ բոլոր անդամ պետությունների կողմից։ Հայաստանը Կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին, սակայն վավերացրել է  բոլորովին վերջերս՝ 2020 թվականին, իսկ ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից։ Կոնվենցիայի ընդունման վայրից ելնելով այս իրավական փաստաթուղթը անվանում են նաև Լանզարոտեի կոնվենցա։ 

Այն երեխայի սեռական շահագործման և սեռական բռնության  դեմ պայքարին վերաբող ամենաարդիական և ամբողջական առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է, որտեղ տրվում է երեխայի նկատմամբ սեռական չարաշահման սահմանումը, ինչպես նաև, սահմանվում են նոր հանցատեսակներ, որոնք պայմանավորված են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտների զարգացմամբ: 

Կոնվենցիան հիմնված է այսպես կոչված 4P՝ prevention, protection, prosecution and promotion (կանխարգելել, պաշտպանել, հետապնդել և համագործակցել) սկզբունքների վրա, որոնք նպատակաուղղված են սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, սեռական շահագործման և սեռական բռնության  զոհ դարձած երեխաների պաշտպանությանը, հանցագործների հետապնդմանը և տվյալ ոլորտում միջազգային համագործակցության խթանմանը: Լանզարոտեի կոնվենցիան սահմանում է մի շարք կանխարգելիչ գործողություններ, որոնք պարտադիր են վավերացնող կողմերի համար, այդ թվում` երեխաների հետ աշխատող անձանց աշխատանքի ընդունումը, ուսուցումը և իրազեկության մակարդակի բարձրացումը, սեռական շահագործման և սեռական բռնության ռիսկերի և պաշտպանության մեխանիզմների մասին երեխաներին իրազեկումը, նրանց մասնակցության ապահովումը, հասարակության լայն շրջաններում իրազեկման, կանխարգելիչ միջամտության ծրագրերի իրականացումը կամ հանցագործներին և հանցագործություն կատարելու մտավախություն ունեցող անձանց ուղղված միջոցառումները: Լանզարոտեի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններն արտացոլում են ձևավորված նվազագույն կոնսենսուսը, այսինքն՝ խրախուսվում է առանձին պետության ներպետական իրավական համակարգում ավելի բարձր չափանիշների սահմանումը: Այսօրինակ ներդաշնակեցումը մի շարք օգուտներ է բերում ներպետական և միջազգային մակարդակներում երեխաների նկատմամբ  սեռական հանցագործությունների դեմ պայքարում։

Այսպիսով, կարևոր է, որպեսզի պետությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարիկի միջազգային պայմանագրերի և ներպետական կառուցակարգերի միջոցով՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ արդյունավետ պայքար տանելու ուղղությամբ։ Եվ բոլոր ապատեղեկատվական արշավներն ուղղված են հենց երեխաների ապահովության դեմ։

 

---------------
[1] Թումանյան Հ․  «Մարոն» , Մոսկվա,  1892թ․, «Բանաստեղծություններ» ժողովածուի 11-րդ հատոր, էջ 136-146։

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list

Read in English 

Combating Child Sexual Abuse

 

Նաև կարդացեք

Երեխաների հանդեպ միջսերնդային բռնության կանխարգելումը Հայաստանում

Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։

Առաջնագծի պահապան կանայք

Թեև կանանց մեծ մասը զենք չի վերցրել պատերազմին մասնակցելու համար, բայց շատերն իրենց հմտություններն օգտագործելով՝ յուրովի կռվել են։ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցին նվիրված՝ Կուշանե Չոբանյանը ներկայացնում է վեց արտասովոր կանանց պատմություններ, որոնք գտնվել են առաջնագծում։

Մայրերի ու փոքրիկների համար հարմարավետ միջավայր աշխատավայրում․ ո՞վ է շահում

Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:

Լուռ աղմկոտ դպրոցը

Երեւանի ամենա կանաչ թաղամասերից մեկում կա մի դպրոց, որտեղ բոլոր տարիքի երեխաները խոսում են ժեստերի աննկարագրելի գեղեցիկ լեզվով:

Զինհաշմանդամների հենման կենտրոնը. դուրսգրում միայն վերականգնվելուց հետո

Զինվորի տուն՝ այսպես են անվանում շուրջ երեք տարի առաջ ստեղծված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որն այս ընթացքում հարյուրավոր զինհաշմանդամների հույսի տունն է դարձել՝ ապաքինման ճանապարհին։

Պատերազմի երեխաները. կյանքի ու մահվան շեմին

Արցախյան պատերազմի ընթացքում երեխաները նույնպես հայտնվեցին ռազմական ագրեսիայի թիրախում: Հետևողականորեն ոտնահարվեց նրանց կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հիմնական իրավունքները:

Նույն հեղինակից

Ընտանեկան իրավունքի զարգացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում

Կապված ընտանիք ինստիտուտի ժամանակակից ընկալումների, ավանդական հայկական ընտանիքի վերաբերյալ հանրային դիսկուրսների, ընտանիք ինստիտուտի պահպանության ու պաշտպանության, ընտանիքում կանանց կարգավիճակի, երեխաների իրավունքների վերաբերյալ ընկալումների փոփոխության հետ, առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team