family law zara
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Ընտանեկան իրավունքի արդի հիմնախնդիրներին անդրադառնալը ժամանակի հրամայականն է, քանի որ՝ կապված ընտանիք ինստիտուտի ժամանակակից ընկալումների, հաճախակի դարձած ավանդական հայկական ընտանիքի վերաբերյալ հանրային դիսկուրսների, ընտանիք ինստիտուտի պահպանության ու պաշտպանության, հասարակության մեջ կանանց դերի բարձրացման և, այդ փաստով պայմանավորված, ընտանիքում  կանանց կարգավիճակի, երեխաների իրավունքների վերաբերյալ ընկալումների փոփոխության հետ, առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Ի վերջո, ինչ փոփոխություններ է ապրում ընտանիքը արդի ժամանակաշրջանում, ինչպե՞ս են այդ փոփոխություններն արդացոլվում ընտանեկան իրավահարաբերություններում, ինչ իրավական նոր կարգավորումներ են ի հայտ գալիս միջազգային և ներպետական օրենսդրության մեջ, որոնք նպաստում են ընտանիք իստիտուտի արդիականացմանը։

Իհարկե, այդ բոլոր խնդիրներին հանգամանորեն անդրադառնալ մեկ հոդվածում հնարավոր չէ, սակայն սեղմ պատմական ակնարկի և ժամանակակից իրավական դաշտի համառոտ վերլուծության միջոցով փորձ կարվի ներկայացնել որոշ խնդիրներ և մարտահրավերներ, որոնց բախվում է արդի ընտանիքն ու ընտանեկան իրավունքը։ 

Անդրադառնալով ընտանիք հասկացությանը ու այդ ինստիտուտի զարգացման փուլայնությանը նշենք, որ գիտական միտքը մշտապես կետրոնացած է եղել ընտանեկան և ամուսնական հարաբերությունների փուլայնության դիտարկումների  շուրջ։ Սկսած հին աշխարհից, մինչ մեր օրերը, ընտանիք ինստիտուտն առավել ուսումնասիրված է մարդաբանների ու սոցիոլոգների, պատմաբանների ու իրավունքի խնդիրներով զբաղվող գիտնականների կողմից:

Ըստ իրավունքի պատմամբան Յոհան Ջակոբ Բախոֆենի [1], այնուհետ սոցիոլոգ  Լյուիս Հենրի Մորգանի [2] «ընտանիք ինստիտուտն» անցել է փուլային հետևյալ զարգացումը.

  • Ազգակցական ընտանիք, ազատ հարաբերություններ ազգականների միջև։

  • Միջցեղային ամուսնությաններ, որտեղ խմբային հարաբերություններ էին և նման դեպքում միակ ծնողը, որը հայտնի էր, հստակորեն՝ մայն էր։ Դա մայրիշխանության ժամանակահատվածն էր։

  • Ամուսնություն զույգերի միջև, սակայն առանց համատեղ կյանքի, ազատ հարաբերությունների պայմաններում, և կամավոր տևականությամբ։

  • Նահապետական ընտանիք, ուր գերակայողը տղամարդու դիրքն էր, նաև՝ մեկ տղամարդու ամուսնությունը մի քանի կանանց հետ։ 

  • Եվ վերջապես մոնոգամ ընտանիքը, առանձին մեկ զույգի ամուսնությունը՝ երկարատև հարաբերությունների կառուցմամբ։

«Ընտանիք ինստիտուտի» էվոլյուցիայի այս ճանապարհը Ֆ․ Էնգելսը [3] բնորոշում է իր «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության առաջացումը» աշխատության մեջ՝ պատմությունը բաժանելով երեք փուլի՝

  • վայրագություն  – խմբակային  ամուսնություն,  

  • բարբարոսություն – զուգամուսնություն,

  • քաղաքակրթություն - մոնոգամ ամուսնություն։

Մոնոգամ ամուսնությունը, ըստ Էնգելսի, ընտանիքի առաջին տեսակն է, որը հիմնված է ոչ թե բնականության սկզբունքի, այլ  տնտեսական շահի վրա, ուր հաղթողը  մասնավոր սեփականությունն է՝ տարերայնորեն ձևավորված ընդհանուր սեփականության հանդեպ։ Ամուսնու գերիշխանությունն ընտանիքում և ծնունդը արժանահավատորեն իր սերմից առաջացած երեխաների։

Փիլիսոփայական, իրավական, սոցիոլոգիական միտքը փորձել է ձևակերպել նաև ամուսնության էությունը, քանի որ ամուսնություն երևույթի ընկալմամբ է պայմանավորված խորքային մոտեցումը հիմնախնդրին՝ ընտանեկան իրավունքի ճյուղային պատկանելության հարցում։

Ի տարբերություն հետխորհրդային երկրների, եվրոպական բոլոր երկրներում ընտանեկան իրավունքը համարվել և համարվում է ոչ թե իրավունքի ինքնուրույն ճյուղ, այլ քաղաքացիական իրավունքի ենթաճյուղ։ Այդ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ եվրոպական երկրներում ամուսնությունը համարվում է կնոջ և տղամարդու միջև կնքված քաղաքացիաիրավական գործարք, նույնն է՝ պայմանագիր։ Ուստի, ամուսնության էության վերաբերյալ պատկերացմաբ է պայմանավորված, թե ինչ ուղղությամբ կզարգանա ՀՀ ընտանեկան իրավունքն ու դրա կարևորագույն ուղղությունները։ Ընտանեկան իրավունքի վերաբերյալ գիտական շրջանակներում ընդունված է երեք հայեցակարգ․

  • ամուսնություն-խորհուրդ,

  • ամուսնություն-պայմանագիր,

  • ամուսնություն-հատուկ ինստիտուտ։

Ամուսնությունը խորհուրդ էր համարվում կրոնական իրավունքի ժամանակաշրջանում։ Ընտանեկան հարաբերությունների կարգավորումը գտնվում էր եկեղեցու իրավասության ներքո, իսկ ամուսնությունն ուներ հոգևոր-աստվածային խորհուրդ։ Միջնադարյան հայ իրավագիտակական մտածողության մեջ ևս ամուսնությունը համարվել է աստվածային հաստատություն։ Այն կանոնակարգվում էր կանոնական իրավունքով, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի Դատաստանագրքով։ Հայ իրավունքի համաձայն պսակադրության անհրաժեշտ պայմաններն էին․

  • մենամուսնությունը

  • ամուսնական չափահասսությունը

  • ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը

  • ծնողների համաձայնությունը

  • արյունակցական չհասությունը

  • դավանակից լինելը [4]

Ամուսինները միմյանց հանդեպ ստանձնում էին նաև փոխադարձ իրավունքներ ու պարտավորություններ, որոնցից էին հարգանքը, հավատարմությունը, միմյանց մասին անվանարկող լուրեր չտարածելը, տնտեսությունը համատեղ վարելը։ Ընտանիքի ներսում կատարվում էր աշխատանքի բաժանում [5]: 

Ամուսնալուծության դեպքում տղամարդը կնոջից իրավունք ուներ բաժանվելու 3 հիմքով, իսկ կինը՝ 6։

Ըստ այդմ, տղամարդը կնոջից բաժանվելու իրավունք ուներ․

1. կնոջ անհավատարմության,

2. բորոտության, պիսակության, դիվահարության, գոնջության

3. կախարդության և մասամբ նաև ամլության դեպքերում։

Կինն իր ամուսնուց բաժանվելու իրավունք ուներ․

1. ամուսնու անհավատարմության

2. կախարդության

3. անկարության

4. անասնապղխության

5. կնոջ նկատմամբ գործադրվող բռնության

6. գողության դեպքերում։

Այսպիսով, կնոջ հանդեպ բռնությունը հայ ընտանեկան իրավունքում ունեցել է հստակ դատապարտում և ամուսնալուծության համար հիմք է հանդիսացել, ինչը գալիս է ապացուցելու, որ հայ ավանդական ընտանիքը բռնության կրող չէ։

Ամուսնությունը որպես պայմանագիր մոտեցումը սկզբնավորվել է Հին Հռոմից։ Հռոմեական իրավունքում քաղաքացիական գործարքներ էին համարվում ամուսնության բոլոր ձևերը: Ամուսնություն-պայմանագիր հայեցակարգը նոր թափ ստացավ, երբ ամուսնություն քաղաքացիական ակտը տարաջատվեց կրոնական իրավունքից, և ամուսնական հարաբերությունների նկատմամբ սկսեցին կիրառվել քաղաքացիական օրենսդրության նորմերը։ 1791 թվականի ֆրանսիական Սահմանադրությամբ սահմանվեց, որ ամուսնությունը քաղաքացիաիրավական գործարք է, որից հետո այդ մոտեցումը տեղ գտավ Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքում։ Ամուսնությունը սկսեց դիտարկվել որպես քաղաքացիական պայմանագիր, որն էլ ամրագրվեց եվրոպական մի շարք երկրների քաղաքացիական հայեցակարգերում։

Ամուսնությունը հատուկ ինստիտուտ տեսության կողմնակիցները ամուսնության մեջ պայմանագրային տարրեր տեսնում են, սակայն հրաժարվում են այն ընդունել որպես լոկ պայմանագիր։ Ըստ այդմ, ամուսնությունը կարգավիճակ է, ոչ թե  պարտավորություն, ոչ էլ ամուսնության մասին համաձայնություն, կամ սովորական գույքային պայմանագիր, այն հատուկ տիպի հարաբերությունների մեջ մտնելու մասին համաձայնություն է։ 

Այսպիսով, ամուսնությունը Հայաստանի արդի իրավական պատկերացման մեջ համարվում է ոչ թե քաղաքացիաիրավական, այլ ընտանեկան-իրավական պայմանագրի տարատեսակ։ ՀՀ գործող ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներից մեկը միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության ճանաչումն է։ Միայն օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնությունն է ամուսինների համար առաջացնում օրենքով նախատեսված իրավունքներ ու պարտականություններ: Սակայն ավելորդ չէ ասել, որ փաստական ամուսնությունները քիչ չեն մեր իրականության մեջ, և խնդիրը չափազանց արդիական և կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունքի, ընտանեկան օրենսդրության զարգացման ու կատարելագործման հեռանկարների տեսանկյունից։ Առաջին հայացքից պարզ թվացող այս հարցերի օրենսդրական կարգավորումն այնքան էլ դյուրին չէ, սակայն անխուսափելի է: Փաստական ամուսնության և զուգընկերային հարաբերությունների իրավական պաշտպանվածության հարցը մնում է դեռևս ընտանեկան օրենսգրքով չլուծված, ինչն առավելապես գտնվում է նաև ընտանեկան բռնության տիրույթում, քանի որ հաճախ ոտնահարվում են հենց կանանց իրավունքները։ Օրենքով սահմանված կարգով չգրանցված ամուսնության պարագայում կանայք հաճախ զրկվում են գույքային և այլ իրավունքներից, ինչը տնտեսական բռնությանը համապատասխանող հատկանիշներ ունի, ինչպես նաև՝ հաճախ ենթարկվում են ընտանեկան բռնության այլ՝ հոգեբանական, սեռական և ֆիզիկական ձևերի։ 

Իհարկե, ընտանեկան հարաբերությունների ոլորտը այն զգայուն բնագավառներից է, որտեղ առավելագույնս շոշափվում են անձնական կյանքի ամենանուրբ կողմերը, որտեղ անձնականը գերակայում է գույքայինի նկատմամբ, իսկ դրանց բովանդակությունը շղարշված է հասարակությունում գերիշխող բարոյական պատկերացումներով: Այդ հարաբերությունների զարգացման շարժիչ ուժերն են անհատի, հասարակության և պետության փոխկապակցված շահերը, ինչն էլ պահանջում է դրանց կարգավորման գործընթացում հանրային և մասնավոր սկզբունքների հավասարակշռված զուգակցում: Այդ տեսանկյունից փաստական ամուսնության, ինչպես նաև զուգընկերային հարաբերությունների հանդեպ իրավական անտարբերության դրսևորումը պետության կողմից թույլ է տալիս կանանց, ինչպես նաև երեխաների իրավունքների որոշակի սահմանափակում, հաճախ նաև ոտնահարում, և այդ մարտահրավերներից խուսափելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ տրամադրել իրավական պաշտպանություն։ Ընտանիքը չի կարող և չպետք է լինի մարդու իրավունքները ոտնահարող և նրա իրավունքները սահմանափակող ինստիտուտ։

 

 


---------------------
[1] ′′Mother Right′′ by J. J. Bachofen. Vols. 1-5. Lewiston, NY: Edwin Mellen, 2003-2008
[2] L. G. Morgan "Ancient society"
[3] Ф. Энгельс «Происхождение семьи, частной собственности и государства»
[4] Կանոնագիրք Հայոց, Գիրք Ա
[5] Э. Т. Карапетян "Армянская семейная община"

 

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list

Նոր նյութեր

«Սարսափ» տունը

Այս «ճշմարիտ, բայց ոչ իրական պատմության» մեջ Վերդյանները չեն անհանգստանում, որ իրենց գնած տունը, ըստ ամենայնի կիսելու են ուրվականների և չար ոգիների հետ: Նրանց անհոգության պատճառը չապազանց մարդկային է:

Ազգային ժողովն անցնում է «փակ ռեժիմի՞»

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի խստիվ սահմանափակումն աննախադեպ է և անընդունելի: Այս մասին գրում է ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը:

Մայրերի ու փոքրիկների համար հարմարավետ միջավայր աշխատավայրում․ ո՞վ է շահում

Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը միջազգային միջնորդությամբ, այլ ոչ բռնությամբ

Այն, ինչ ներկայացվել է որպես սահմանագծման խնդիր, ավելիէ ուժգնացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանն ուղղված սպառնալիքները: Ռազմական գործողությունների ներկայիս աճի համատեքստը չի կարող արդյունավետ լինել. գործընթացը պետք է վերադառնա միջազգային նորմերի դաշտ, գրում է Սոսի Թաթիկյանը: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ իրադարձությունների ժամանակագրությանը:

Ջրի հնագույն ավանդույթները նորագույն շրջանում

Ջրի երկրպագությունն իր հիմքում ունեցող ծեսերը վկայում են հայկական մշակույթում դրա առանցքային նշանակության մասին՝ վիշապաքարերից մինչև խաչքարեր ու ժամանակակից ցայտաղբյուրներ։

Փոդքաստ

avganistan podcast
marat yavroumyan podcast


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team