Մամուլը պիտի հետևի, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը, որքան արդյունավետ է գործում այն և այդ մասին տեղեկացնի հանրությանը՝ տալով ժամանակին, ամբողջական և ստույգ տեղեկատվություն։ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը, հետևաբար և խախտում հասարակության՝ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը։
Օգոստոսի 2-ից Ազգային ժողովում կոշտ սահմանափակումներ սկսեցին կիրառվել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ։ Նախ լրագրողներին ու օպերատորներին թույլ չտվեցին մտնել նոր մասնաշենք, որտեղ տեղի էին ունենում հանձնաժողովների նիստերը։ Նրանք չկարողացան մոտենալ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակներին, ինչպես նաև օգտվել նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից։ Հսկողություն էին իրականացնում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ՝ սահմանափակելով լրագրողների տեղաշարժը խորհրդարանի շենքում։
Լրագրողական համայնքն արդարացիորեն վրոդովվում էր՝ ինչո՞ւ։ Պարզվեց ԱԺ նախագահը նույն օրը՝ օգոստոսի 2-ին, ոչ հրապարակային և փակ դռների ետևում որոշում էր կայացրել, համաձայն որի «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն ԱԺ գլխավոր քարտուղարության թույլտվությամբ»։
Որոշումն ընդունվել էր առանց նախնական քննարկումների և լրատվամիջոցներին աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Նոր որոշումն ավելի շատ հարցեր առաջացրեց համայնքի ներսում, քան հստակեցրեց իրավիճակը։ Նախ՝ որոնք էին այդ «հատուկ առանձնացված» տեղերը, ինչո՞ւ այս որոշման նախագծին չեն ծանոթացել լրատվամիջոցները և հնարավորություն չեն ունեցել կարծիք հայտնել դրա բովանդակության վերաբերյալ։ Ո՞րն է եղել այն կենսական անհրաժեշտությունը, որով պայմանավորված էլ որոշում է ընդունվել գործի դնել նման սահմանափակումներ օրենսդիր մարմնում։ Հարցերը շատ են, պաշտոնական պատասխանները՝ զգացմունքային ու անորոշ։
Նույն օրը լրագրողական կազմակերպությունները հայտարարությամբ հանդես եկան՝ քննադատելով ԱԺ ղեկավարությանը և հատուկ ընդգծելով, որ ձեռնարկված միջոցները ոչ թե կանոնակարգում, այլ անհիմն արգելքներ են ստեղծում ԶԼՄ-ների ազատ գործունեության համար, խոչընդոտում նրանց մասնագիտական աշխատանքը։ Նման քայլերի նպատակը պարզապես պատգամավորներին սուր հարցադրումներից պաշտպանելն ու մամուլի քննադատությունից զերծ պահելն է։ Դրանք ակնհայտորեն խաթարում են ԱԺ աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև։
Լրագրողական կազմակերպությունները ԱԺ ղեկավարությունից պահանջում էին.
անհապաղ վերացնել Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 2021 թ․ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները,
կասեցնել նույն օրը հրապարակված ԱԺ նախագահի՝ «Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՕ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 5-րդ կետը, որը վերաբերում է վերոհիշյալ սահմանափակումներին,
նախաձեռնել լայն քննարկումներ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդարանում ԶԼՄ-ների գործունեությունը լավագույնս կանոնակարգելու և առկա խնդիրները հիմնովին լուծելու համար։
Այս պահանջներից և ոչ մեկին պատշաճ պաշտոնական արգաձագանք չհետևեց։ Արձագանք չեղավ նաև օգոստոսի 5-ին Պանորամա.էյէմ-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի դեպքի առնչությամբ, երբ վերջինիս առհասարակ զրկել էին խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից անվտանգության աշխատակիցներին լուսանկարներու պատճառով։ Լրագրողական կազմակերպությունների ահազանգ-հայտարարությունը կրկին խստորեն քննադատում էր ԱԺ ղեկավարության այս աննախադեպ քայլը։ (Օգոստոսի 11 -ին Պանորամա.էյէմ-ը բողոք ներկայացրեց Ազգային ժողով ՝ ընդգծելով, որ իրենց լուսանկարչին արգելելու որոշումն անօրինական է և հակասում է օրենսդիր մարմնի կառավարման հիմնական սկզբունքներին: Օգոստոսի 16 -ին Գալստյանը տեղեկացավ, որ կարող է վերադառնալ Ազգային ժողով ՝ լուսաբանելու «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները, ներառյալ սույն թվականի օգոստոսի 17 -ին հրավիրվելիք նիստը»:)
Օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահի բանավոր հրահանգով անջատվեց ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը, և անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելեցին իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը հրապարակավ հայտարարեց. «Ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ»։
Ազգային ժողովի ղեկավարությունը կարծես լավ չի պատկերացնում, թե ինչո՛ւ է կարևոր լրագրողական գործունեությունը Ազգային ժողովում։ Լրագրողի ներկայությունը զսպող գործոն է հենց պատգամավորների վարքագծի համար։ Եթե ուզում ենք, որ Ազգային ժողովը նորմալ գործի, պատգամավորներն իրենց աշխատանքը որակյալ կատարեն, պետք է ապահովել, անգամ ընդլայնել լրագրողների ներկայությունը ԱԺ-ում։ Ինչպես նշեց Մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 11-ին հրապարակած իր դիրքորոշմամբ. «Լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից» [1]։
Թափանցիկությունը վստահություն է բերում, կանխում անօրինականությունները և մեծացնում կառույցի հեղինակությունը, մինչդեռ գաղտնիությունը բորբոսի և անօրինականությունների բարգավաճման, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման լայն միջավայր է ստեղծում։ Սա է տեղեկատվության մատչելիության հիմնական նպատակը ժողովրդավարական երկրում։
Մամուլի իրավունքները հատուկ շեշտադրվում են, երբ տեղեկություն տրամադրողը հանրային մարմինն է, քանի որ հանրային տեղեկատվության մատչելիությունը (լայն իմաստով) հատուկ պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով [2]:
Երկրորդ, լրագրողների աշխատանքը ԱԺ տարածքում կարելի է սահմանափակել բացառապես երկու նկատառումով՝ կարողություն և անվտանգություն (capacity & security)։ Սահմանափակումները պետք է միայն խիստ անհրաժեշտ լինեն անվտանգության նկատառումներով կամ տարածքի հնարավորություններով պայմանավորված [3]: Այս և այլ ռացիոնալ հանգամանքներից բխող հատուկ և ողջամիտ սահմանափակումները պետք է քննարկվեն յուրաքանչյուր դեպքում առանձին՝ ներգրավելով համայնքի ներկայացուցիչներին և դրանք պետք է բխեն անհրաժեշտության և համաչափության սկզբունքներից: Ինչպես նշվում է Պաշտպանի հատուկ դիրքորոշման մեջ. «Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է, և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է»:
Կարծում ենք, որ այս կոնկրետ դեպքում առկա է լրագրողների, ինչպես նաև առանձին լուսանկարչի՝ տեղեկատվության մատչելիության իրավունքի անհամաչափ և ոչ անհրաժեշտ սահմանափակում։ Լրագրողին հանրային մարմնի միջոցառումների հասանելիության իրավունքից զրկելը այն հիմքով, թե «այդ մարմնի աշխատակարգի կանոնները չեն պահպանվել», հստակ խախտում է իրավական որոշակիության սկզբունքը և ԱԺ ղեկավարությանն ընձեռում ամբողջությամբ հայեցողական լիազորություն` սահմանափակելու մամուլի ազատությունը։
Շատ կարևոր է, որ այս հարցի շուրջ կա լրագրողական համայնքի միասնական դիրքորոշում, ընդվզում և պարտադրանք իշխանություններին, որպեսզի նման աննախադեպ սահմանափակումներն անհապաղ վերացվեն, իսկ ոլորտում առկա խնդիրները քննարկվեն հրապարակային և համատեղ լավագույն լուծումը գտնելու համար։
------------------------
[1] Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավունքից, տե՛ս, օրինակ՝ «Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի» գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թ. հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումները և այլն:
[2] Տե՛ս «Արտահայտվելու և տեղեկատվության ազատության վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հռչակագիրը, որն ընդունվել է 1982 թ. ապրիլի 29-ին, ինչպես նաև Նախարարների կոմիտեի առաջարկություններն անդամ պետություններին, թիվ R (81) 19՝ պետական մարմինների կողմից պահվող տեղեկատվության հասանելիության վերաբերյալ, թիվ R (91) 10՝ պետական մարմինների կողմից պահվող անձնական տվյալները երրորդ կողմն հաղորդելու մասին, թիվ R (97) 18՝ վիճակագրական նպատակներով հավաքագրված և մշակված անձնական տվյալների պաշտպանության մասին, թիվ R (2000 թ.) 13՝ եվրոպական քաղաքականության արխիվների հասանելիության մասին, ինչպես նաև Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին 2009թ. հունիսի 18-ի կոնվենցիան:
[3] Տե՛ս Հատուկ զեկույց. ԵԱՀԿ տարածքում լրագրողների հավատարմագրում։ Լրատվամիջոցների ազատության ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչություն, 2006 թ. հոկտեմբեր. https://www.osce.org/fom/22065
Մեր հայերեն էջից
2018 թվականին, հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունից հետո հաճախ հնչեցվող հարցերից մեկը դա քաղաքացիական հասարակության դերի մասին հարցադրումն էր, թե ինչ ազդեցություն ունեցան քաղաքացիական շարժումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներն ու խմբերը քաղաքական այդ գործընթացի հասունացման ու իրագործման վրա և ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը՝ նոր իրավիճակում։
Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:
Այն, ինչ ներկայացվել է որպես սահմանագծման խնդիր, ավելիէ ուժգնացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանն ուղղված սպառնալիքները: Ռազմական գործողությունների ներկայիս աճի համատեքստը չի կարող արդյունավետ լինել. գործընթացը պետք է վերադառնա միջազգային նորմերի դաշտ, գրում է Սոսի Թաթիկյանը: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ իրադարձությունների ժամանակագրությանը:
Անկախության տարիներից ի վեր Հայաստանի համայնքներից քչերն են զգուշությամբ ու սրտի թրթիռով վերաբերվում նրան, ինչ հետազոտողներն անվանում են լոկալ ինքնություն։ Մեղրեցիներին սակայն հաջողվել է ստեղծել այլընտրանքային մի տարածք որտեղ պահպանվում է անցյալը իր թաղերով, մարդկանցով, ապրումներով ու փորձառություններով:
Մի փոքրիկ, ինքնահռչակված և չճանաչված Հանրապետությունում, որտեղ ժամանակին ապրել են իր նախնիները, նախագահականի աշխատակազմի հետ թեյի ժամին Անահիտը պատմում է, որ պարզել է որ շեֆերն ու պատվավոր հյուրերը ունեն մի շքեղ պետքարան, մինչդեռ իրենք` աղջիկներով հարմարվել են իրենց առանց նստատեղի մութ ամբարին: