Նախորդ դարի 80-ականների Մեղրու օդանավակայանի սևուսպիտակ լուսանկարներն են՝ մեղրեցիների ֆեյսբուքյան խմբից։ Ամեն մեկի տակ՝ սյունեցիների հիշողությունները քաղաքի ու իրենց մասին՝ նկարի եզրերից դուրս փռվող անցյալի մասին։
Պատկերված օդանավակայանը ուշ խորհրդային շրջանի շինություններից է, որի կառուցումը 1970-ականներին դեռ չսկսված արդեն մարտահրավեր էր․ լեռնային բարդ ռելիեֆը թույլ չէր տալիս գտնել մի հողակտոր, որի վրա հնարավոր կլիներ հիմնել թռիչքուղին։ 1985-ին ավարտված շինարարությունը դարձավ հայ շինարարների ու պաշտոնյաների հաղթանակը բնության ու ինչ-որ չափով նաև խորհրդային իշխանության բյուրոկրատական մեքենայի հանդեպ։ Այնուամենայնիվ Մեղրու օդանավակայանի կյանքը նրա շինարարությունից էլ կարճ տևեց։ Խորհրդային պետության փլուզման ու հայ-ադրբեջանական պատերազմի բռնկման հետ մեկտեղ, կանգ առավ նաև օդանավակայանի գործունեությունը։ Մեղրու օդանավակայանի կյանքը լուսանկարչական պատկերի պես մի կարճ ակնթարթ էր՝ կայծակնային արագությամբ դեպի ավարտը գլորվող խորհրդային ներկայի և անկախ պետության ապագայի միջև, որ սուզված էր խավարի գիրկը, ինչպես լուսանկարչական ժապավենն է սուզվում, որպեսզի ավելի ուշ երևեվակվի ու դառնա անդարձ հեռացած անցյալի ինչ-որ մի մասնիկի կրողը։ Սակայն լուսանկարից դուրս գտնող այս ամենի մեծ մասը մոռացվում է․ հիշվում է միայն այն, ինչ ապրվել է տեղաբնակների սեփական փորձով։
«Տոմսը 25 ռուբլի էր։ Լավ էր այնքանով, որ 25 րոպեից գտնվում էիր մայրաքաղաքում. Ճիշտ է, ոնց որ արաբա[1] լիներ», հիշում է տեղացիներից մեկը։
Մեկ ուրիշն ուղղում է նրան․
«Երևան ուղղաթիռը հասնում էր մեկ ժամում կամ ժամ տաս րոպեում:»
Ոմանք էլ հիշում են ուշ խորհրդային շրջանի տեխնիկական ձեռքբերումների անկատարությունը․
«Ապահովության համար դռանը ներսից շկիլ էին դրել (մղլակ, шпингалет), որ օդում հանկարծ չբացվի։ Վայրեջքից հետո էլ Կուկուռուզնիկը շղթայով կապում էին գետնին հատուկ ամրացված դետալին, որ քամին չքշեր։ Քամոտ տեղ է:»
Armenpress News Agency
Armenpress News Agency
Այն մասին, որ լուսանկարների վրա պատկերված է ներկայի հետ կապը կտրուկ խզած անցյալը, հուշում է ոչ միայն դրանց մոնոխրոմ տեսքը, այլև երկարաշունչ մեկնաբանությունները՝ պատկերված ինքնաթիռի տեխնիկական բնութագրերի կամ տոմսի արժեքի մասին՝ խորհրդային ռուբլով։ Լուսանկարը դառնում է յուրօրինակ բիկֆորդյան քուղ, բռնկիչ, որ պայթեցնում է անթիվ հիշողություններ, և առաջացած կույտից մակերևույթ է հանում ընդհանուր հուշակիր շերտը, հավաքական հիշողության երակը՝ տեղի հիշողությունը, Մեղրիի հիշողությունը։
«Ես վերջին ուղղաթիռով Երևան եմ գնացել։ Էլ դրանից հետո չեղավ որ հետ գանք։» - և լուսանկարի տակ գրված մեկնաբանությունների շղթան ընդհատվում է, իսկ հետո գալիս են ուրիշ նկարներ և հիշողության ուրիշ շղթաներ։
Ֆեյսբուքյան «Հին Մեղրին եւ մեղրեցիները» խմբում խնամքով հավաքված ու սկանավորված հարյուրավոր այսպիսի հին լուսանկարներ կան։ Էջը 2014-ին ստեղծել է մեղրեցի Պապ Օհանյանը։ Յոթ տարվա ընթացքում խմբի արխիվը պարբերաբար լրացվել է նոր լուսանկարներով և վավերագրական նյութերով։ Այս պահին լուսանկարների ընդհանուր թիվը գերազանցում է հազար հինգ հարյուրը։ Խմբում մոտ երեքուկես հազար օգտատեր կա․ մոտավորապես այդքան է Մեղրիի բնակչության թիվն այսօր։ Չնայած որ խումբը բաց է, այնտեղ գրեթե չկան ոչ մեղրեցիներ։ Այն ավելի ակտիվ է, քան մյուս բոլոր ինստիտուտների պաշտոնական էջերը, բայց միևնույն ժամանակ մեկուսի է, ապրում է առանձին, մնացյալ թվային աշխարհից անջատ կյանքով։ Գրեթե նույն կերպ էլ ապրում է երկրի հեռավոր հարավում ծվարած Մեղրին։
Ժամանակ և տեղ՝ ահա ինչի մասին ես ակամայից սկսում մտածել՝ շարունակելով զննել ինքնաթիռի լուսանկարը։ Խմբում տեղադրված ամեն մի նկար կարծես կախարդական շքամուտք լինի դեպի վիպական ժամանակ-տարածություն, որ դիտողին փաստագրության համատեքստից տանում է երևակայության աշխարհ։
Մեղրիում արդեն մի քանի տասնամյակ ինքնաթիռներ չեն տեսել, կանգ է առած նաև երկաթուղին, իսկ խորհրդային ժամանակներում շարված ռելսերի կրծոնները լուռ սգում են․․․։ Երևանից Մեղրի ուղևորությունը երկարաձիգ ոլորան է լեռնային նեղ ճանապարհներով ու խոր կիրճերով։ Երկրի ծայրն է՝ կմտածի ճանապարհորդը, որ այստեղ հասնելու համար ստիպված է եղել ամբողջ Հայաստանը կտրել, մինչդեռ մեղրեցիների համար նման բնութագրումն անընդունելի է․ «Մեղրին մեր երկրի սկիզբն է, հաստատ ոչ վերջը»։ «Մեղրին մեր հարավային դարպասն է»՝ այս խոսքն ամրագրվել է դեռ խորհրդային ժամանակներից, երբ քաղաքը Հայաստանի Հանրապետության ծայրագույն կետն էր, բայց այնպես էր թվում, թե կանգնած է ողջ խորհրդային կայսրության եզրին։ Մեղրեցիներին ճնշում էր պետության կամ կայսրությունների ծայրամասը լինելու զգացումը, և նրանք զարմանալի լավատեսությամբ անվերջ փորձում էին փոխել, վերանայել սեփական ճակատագիրը։
Անկախության տարիներից ի վեր Հայաստանի համայնքներից քչերն են նման զգուշությամբ ու սրտի թրթիռով վերաբերվում նրան, ինչ հետազոտողներն անվանում են լոկալ ինքնություն։ Այն ամրագրված է տեղի առասպելներում, բարբառում, քաղաքային ճարտարապետության, առօրյական մշակույթի մեջ և, իհարկե, սեփական կյանքը պատկերելու փորձերում։ Աշխարհագրապես մայրաքաղաքից հեռու գտնվելով, սահմանակցելով այլ մշակույթների, այլ պետությունների հետ՝ մեղրեցիները տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ շարունակ ձևավորել են սեփական քաղաքի ու նրա անցյալի հանդեպ այդ նրբազգացությունը։
Ֆեյսբուքյան էջի օգտատերերը վերհիշում են քաղաքի տարբեր անկյուննեըն ու օբյեկտները , դրանց տեղակայումը, տեղ հասցնող ճանապարհը։ Մեկը տարածքն է նկարագրում, մեկ ուրիշը գրում է մոռացումի մասին, երրորդը դադարում է տեսնել ճարտարապետական օբյեկտի պատկերն ու պարզապես սկում է պատումի վերածել անցյալի հանդեպ սեփական կարոտախտը։ Խմբում հավաքված նկարները վերածվում են գավառագիտական թանգարանի յուրահատուկ վիրտուալ տարբերակի, ավելի ճիշտ՝ ինչ-որ չթանգարանի, որովհետև համայնքի ակտիվ մասնակցությունը ոչնչացնում է ավանդական թանգարանային մթնոլորտը։
Խմբի հիմնադիր Պապ Օհանյանը պատմում է, թե ինչպես տարիներ առաջ սկսեց նկատել, որ Փոքր Թաղի տեսքը, որտեղ ինքն ապրում է, քիչ-քիչ փոխվում է նոր շինությունների և ճարտարապետական ժառանգությունը չպահպանելու պատճառով։ Մարդիկ հեռանում են, երիտասարդները մոռանում թե ինչով էր առաջ ապրում քաղաքը։ 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, արտագաղթի ալիքները շարունակաբար ամայացրել ու դեռ ամայացնում են Մեղրին և մերձակա գյուղերը, ինչպես որ երկրի մյուս շրջանների դեպքում։ Ֆեյսբուքյան ֆոտոխումբն այս առումով յուրօրինակ փորձ է՝ ոչ թե կանգնեցնելու պատմությունը, այլ սկսելու խորհրդածել ձևափոխվող իրականության շուրջ, լինի դա ճարտարապետություն, աշխարհագրություն, մշակույթ թե առօրյա կյանք։
«Առաջ էստեղից ոչ հեռու Ագարակ գյուղն էր, որը գրեթե ամբողջությամբ վերացել է։ Այնտեղ միայն մի փոքրիկ եկեղեցի է մնացել։ Բնակիչներ չկան։ Ես գտա ու հրապարակեցի այդ գյուղի լուսանկարները, և օգտատերերը սկսեցին վերհիշել այն ամենը, ինչ գիտեին այդտեղի նախկին բնակիչների մասին։ Կարծես թե բացի այդ լուսանկարներից և տեղի մասին հիշողություններից ուրիշ ոչինչ չի պահպանվել», նշում է Պապ Օհանյանը։
Հայկական համացանցում համայնքների բազմաթիվ ֆոտոնախագծեր գիտենք, որոնք երբեմն նախաձեռնված են պրոֆեսիոնալ, փորձառու համակարգողների ու լուսանկարիչների կողմից, իսկ երբեմն էլ, ինչպես մեղրեցիների խմբի դեպքում՝ տեղի բնակիչների ուժերով։ Ամբողջ աշխարհի սոցիալական հարթակներում նման խմբերի ստեղծումը դառնում է լոկալ ինքնության ներկայացման յուրատեսակ ձեւ, սեփական քաղաքի, շրջանի, բարբառի, տեղական սովորությունների, հիշողության սահմաններն ուրվագծելու փորձ։ Մարդկանց այսպիսի «համախմբումը» մի կողմից դառնում է պատասխան ցանցային տարածության մեջ սահմանների բացակայությանն ու ինքնության կորստին, իսկ մյուսից` հարազատ քաղաք «վերադառնալու», տեղափոխվելու ձև, երբ աշխարհագրությամբ ու ժամանակով դրանից հեռու ես։ Հայալեզու սոցցանցերում վերջին մի քանի տարում ձևավորվել են մի շարք այդպիսի կղզյակներ, որոնցում մարդիկ ամեն օր առցանց ռեժիմում գործ ունեն տեղային ինքնության հետ․ ամենից հայտնիները թերևս HinYerevan.com-ն ու Alexandropol.Leninakan.Gyumri-ն են։ Տարբեր սոցիալական հարթակներում բավական ակտիվ գործունեություն են ծավալում Արզնի, Վանաձոր, Ալավերդի և այլ քաղաքներին նվիրված էջերը։
Ի տարբերություն մյուս «համայնքային» էջերի՝ «Հին Մեղրին և մեղրեցիները» խմբում կարելի է նկատել գրեթե կատարյալ թեմատիկ ու ժանրային հստակություն․ օգտատերերը չեն գրում քաղաքական իրադարձությունների մասին, խիստ հազվադեպ են սկսում քննարկել շրջանի կենցաղային խնդիրները։ Եթե նույնիսկ հին նկարից բացի մեկ ուրիշ բան հայտնվի, այն անպայման կապված է լինում քաղաքի պաշտոնական ու ոչ պաշտոնական անցյալի հետ՝ փաստաթղթեր, քարտեզներ, տեղի բարբառին նվիրված գրքերի սկանավորած էջեր, և այլն։ Տեղի բնակիչների կողմից սեփական պատմության թվայնացումը աշխարհագրական, մշակութային, պատմական և այլ նշանակությունների հետ մեկտեղ ոչ միայն վերածում է այս խումբը հայկական համացանցի համար նմանը չունեցող նախագծի, այլև ավելացնում է Մեղրին ժամանակակից թվային հումանիտար ուսումնասիրությունների քարտեզի վրա։
Չնայած քաղաքի, դրա պատմության ու հիշողության հանդեպ սիրուն՝ Մեղրին նաև ռիսկի գոտի է։ Իրանական սահման, այսինքն՝ նախկին խորհրդային պետության սահմանը, ուր ժամանակին հնարավոր էր հասնել միայն հատուկ թույլտվությամբ, բարդ անցյալ, որ հանգում է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ներկայիս բանավեճերին, և այլն, և այլն։ Խորհրդային պետության փլուզմանը հաջորդած երեսուն տարիների ընթացքում հեռու լինելու զգացումը միայն ահագնացել է, և անկոտրում մեղրեցիները նորանոր ձևերով փորձել են վերաձևակերպել այն իրավիճակը, որում հայտնվել են, հաղթել աշխարհագրական քարտեզներին։ Այդպիսի փորձերից մեկը, որ տեղի ունեցավ արդեն թվային դարաշրջանում, «Հին Մեղրին և մեղրեցիները» խմբի ստեղծումն էր։
Այս ինքնաշեն թվային արխիվում հավաքված են 19-րդ դարի վերջից մինչև ուշ խորհրդային ժամանակաշրջանն ընդգրկող լուսանկարները։ Երբեմն որպես ոչ վաղ անցյալի վավերագրում՝ հրապարակվում են նաև 1990-ականների վերջի լուսանկարներ ու տեսանյութեր։ Մեղրեցիների ավագ սերունդը դեռ հիշում է որոշ լուսանկարիչների անուններ, որոնցից են Պետրոսը , Անուշավան ու Սամվել Ավետիսյանները (1950-ականներ)։ 1970-ականների լուսանկարիչների աշխատանքներից մեղրեցիները հատկապես լավ են հիշում Արժիկ Աղաջանյանի, Նիկոլոյան Ժորայի, Մնացականյան Արտյուշի, Մկրտումյանի Սերգեյի (1980-ականներ), Վահան Հովհաննիսյանի (1960-ականներ), Մնացականյան Կարլոսի, Համբարձումյան Ռազմիկի, ագարակցի Շմագան Խաչատրյանի (1980-ականներ) և այլոց լուսանկարները։
Ավետիսյանների ժառանգները հիշում են՝ ինչպես էր իրենց հայրն՝ Անուշավանը, սկզբում լուսանկարչությամբ զբաղվում տնային պայմաններում։ Ավելի ուշ, նա փոքրիկ արհեստանոց բացեց կինոթատրոնի հարևանությամբ և անվանեց այն «Արտարդ»։ Ընդհուպ մինչև 1980-ականների վերջ մի շարք լուսանկարների վրա կարելի է հանդիպել «Մեղրաձոր» ֆոտոկոմբինատի տարբերանշանը։ Հաճախ են հանդիպում նաև տեղացի վարպետների դրոշմները՝ «Վաչե», «Արժիկ», «Ֆոտո / Մկրտումյան / Մեղրի»։ Այս լուսանկարիչներից շատերը տարբեր տարիներին աշխատել են մարզային «Արաքս» թերթի համար՝ «պաշտոնական» լուսանկարը տալով հրատարակչությանը, իսկ մնացած ժամանակը նվիրելով առօրյա կյանքի պատկերմանը։ Լուսանկարիչներին թվելիս մեղրեցիները հաճախ հիշում են նաև Խաչիկյանների հայտնի ընտանիքին, հատկապես Զավեն Խաչիկյանին։ Շատերի համար Կենցաղի տանը գտնվող ֆոտոստուդիան քաղաքային ենթակառուցվածքների անբաժան մասն էր։
Լուսանկարները, որոնք պատկերագրում են մեղրեցիների ճարտարապետությունն ու կենցաղը, դառնում են անցյալի փաստագրման՝ իրենց ճշգրտության մեջ եզակի մարդաբանական և ազգագրագիտական մեթոդ, համայնքի յուրատեսակ ինքնահայեցում։ Մեղրու այս մեծ լուսանկարչական առցանց պատկերասրահում կարելի է տեսնել առանձին պանակներ (ալբոմներ)՝ տարբեր գյուղերի ու ավանների լուսանկարներով (Շվանիձոր, Տաշտուն, Գուդենիս, Լիճք և այլն)։ Լուսանկարները խմբավորված են նաև մասնագիտական սկզբունքով՝ քաղաքի գործարանային անցյալի պատառիկներ (Գինու գործարան, Խճաքարի գործարան, Մեղրու պահածոների գործարան), տեղական կրթական ու մշակութային ինստիտուտներ (Մեղրու պետական թատրոն, Մեղրու շրջանի ռուսական դպրոցներ և այլն)։ Տարածությունը ծավալվում է ու կուտակվում ֆոտոփաստագրման միջոցով, բացառապես տեղի ոչ պաշտոնական պատմության ու անձնական արխիվների գործածմամբ։
Տեղի ճարտարապետության և ուրբանիստական լանդշաֆտի լուսանկարները վկայում են, մի կողմից, անցյալի հետ չընդհատվող կապի, իսկ մյուս կողմից՝ այն մասին, որ Մեղրին սկսեց մշակութային անկում ապրել, ինչպես բազմաթիվ այլ հետխորհրդային քաղաքներ, հենց որ ճարտարապետությունը կորցրեց իր գործառական և գեղագիտական նշանակությունը։ Եթե 1960-70-ականների պաշտոնական լուսանկարները ցույց են տալիս հանքարդյունաբերության ձեռքբերումները, տեխնիկական առաջընթացն ու կենտրոնի մշակութային կյանքը, որոնք հասել են մինչև «ծայրամաս»՝ փառաբանելով խորհրդային պետության հաղթանակը, ապա Մեղրիի ակունքային վերնակուլյար կյանքն ու վերնակուլյար ճարտարապետությունը, որ հարյուրամյակներ շարունակ պահպանվել է այստեղ, փոխանցվում են ոչ պաշտոնական, վերնակուլյար լուսանկարչության միջոցով։
Պապ Օհանյանը պատմում է, որ ի զարմանս իրեն՝ ամենամեծ ալբոմը (մոտ 700 լուսանկար) դարձավ բնակիչների անձնական լուսանկարների հավաքածուն, որ կազմվել է ինքնուրույն սկանավորած, հեռախոսով վերանկարված կամ անձամբ փոխանցած լուսանկարներից։ Անցյալի դրվագները դառնում են անցյալով շրջելու ինքնատիպ փոխադրամիջոց, և` ի դեմս պաշտոնական պատմությունը՝ ժամանակը քարտեզագրվում է անձնական հիշողությունների բեկորներով, ինչը երբեմն նույնիսկ հանգեցնում է ակտիվ քննարկում-փնտրտուկների։ Հայտնվելով վիրտուալ համայնքում լուսանկարը դառնում է հետհիշողության աշխատանքի հզոր գործիք՝ պարզ ցուցադրելով, թե ինչպես է ընտանեկան հիշողությունը վերածվում հավաքական հիշողության։Եվ այսպես, մեղրեցիների խմբում յուրաքանչյուր անհատական լուսանկար դառնում է նախ՝ մասնավոր, ընտանեկան, ապա՝ ընդհանուր, համայնական անցյալը վերակառուցելու առիթ։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է մեկը սկսում հիշել լուսանկարում պատկերված իր բարեկամներին, հետո օգնության են հասնում հարևանները կամ ծանոթները, սկսում են հուշել, ճշտումներ մտցնել։ Այսպիսով, լուսանկարը դառնում է ընտանեկան ու անձնական հիշողությունների հաղորդակցման առիթ, որը լայնացնում է անհատի հիշողության հորիզոնները։
Լուսանկարչության տեսաբաններն հաճախ նշում են, որ լուսանկարին հաջողվել է հաղթահարել բացառապես փաստագրականության դերը և գեղարվեստական լուսանկարչության մատույցներում ինքնավարություն ձեռք բերել։ Հենց այդ պատճառով լուսանկարը չարժի դիտարկել զուտ իբրև տեքստի նկարազարդում, վիզուալ մեկնաբանություն, այլ պետք է հաշվի առնել պատմողական կամ գրական գործիքներին համարժեք լինելու նրա ներուժը։ Սովորական դիտողի համար այդպիսի լարախաղացությունը կարող է խրթին լինել․ նա կդժվարանա գլխում պահել հավասարության այդ բանաձևը, քանի որ մեր մշակույթում չափազանց երկար ժամանակ գերիշխող է եղել պատկերի նկարազարդական դերը։ Բայց ահա մեղրեցիների խումբն անսպասելիորեն կարողանում է կոտրել այդ կարծրատիպը․ այստեղ առաջնայինը մշտապես լուսանկարն է, իսկ տեքստն ուրվագծվում է նրա շուրջ, նրանից հետո։ Այդ գործընթացի արդյունքում, լուսանկարը աստիճանաբար սկսում է հեռանալ ու անէանալ, դրա միջով հստակ ու վառ փայլատակում է հիշողությունը, և ամեն մի նոր հուշ-մեկնաբանության հետ լուսանկարը դառնում է ավելի ու ավելի թափանցիկ։
Անարդար կլիներ խոսել միայն արտիկուլացված ընտանեկան հիշողության մեջ լուսանկարի տարրալուծման մասին․ երբեմն օգտատերերի մեկնաբանություններն արտահայտում են նաև մոռացության հետ եկած հուսահատությունը։ Միշտ չէ, որ մեղրեցիներին հաջողվում է պարզել, թե կոնկրետ ինչ կամ ով է պատկերված նկարում. նրանք ոգևորված անցնում են մեկնաբանելու գործին, փորձում վերհիշել, բայց այդ փորձը կարող է մնալ ապարդյուն։ Եվ երբ լուսանկարը հրաժարվում է մերկանալ ու տեղը զիջել հիշողությանը, այն ինքն է հիշողություն դառնում։ Ապրելով տարբեր մշակույթների, պետությունների, քաղաքակրթությունների սահմանագծին՝ մեղրեցիները սուր զգում են այդ եզրերը, որոնք ստեղծում ու ջնջում է լուսանկարը. ներկայի ու անցյալի, ավերակների ու ակտիվ կենսական էներգիայի միջև սահամնները։
Ֆոտոալբոմային այս խմբի ինտերակտիվությունը դրսևորվում է ոչ միայն նրանում, որ յուրաքանչյուր նկար մասնակցելու է հրավիրում մեկնաբանող օգտատերերին։ Խումբը ստեղծողը պատմում է լուսանկարների հավաքագրման ու թվայնացման մասին, ու թե ինչպես են այն մեղրեցիները, որոնք պատկերը սկանավորելու հնարավորություն չունեն, անձամբ բերում իրենց հին ֆոտոքարտերը և սեփական անցյալի մանրանկարները հանձնում քաղաքի հավաքական անցյալի հորձանուտին։ Թվում է, թե լոկալ պատմության վիզուալիզացիայով զբաղվող ոչ մի պաշտոնական ինստիտուտ երբեք չէր կարողանա հասնել վստահության այդպիսի մակարդակի։ Դարձյալ ստիպված ենք ընդունել, որ վիրտուալ խմբի հաջողության գաղտնիքն այն է, որ խումբը ձևավորել են սովորական, շարքային բնակիչները, այն ոչ այլ ինչ է, քան մեղրեցիների վերնակուլյար կյանքի ակտ։
Նախանցյալ դարում լուսանկարը նոր տարածություններ նվաճելու, դրանք քարտեզագրելու միջոց էր, որ թույլ էր տալիս ճամփորդել ամբողջ աշխարհով մեկ, ճանաչել ու զանազանել տարբեր տարածքներն ու դրանք բնակեցնող մարդկանց, սակայն այսօր, ըստ երևույթին, թվային տարածությունում փոքր-ինչ այլ լուսանկարչական ճամփորդություն է տեղի ունենում։ Լուսանկարները, օրինակ՝ նրանք, որ հրապարակվում են մեղրեցիների խմբում, նույնպես ճամփորդության պատրանք են ստեղծում, բայց այժմ դրանք ծառայում են որպես աշխարհագրական ու ժամանակային սահմաններում տեղաշարժվելու միջոց, հատկապես երբ վերջիններս ամեն պահի անհասանելի դառնալու ռիսկի տակ են՝ պատերազմների, համաճարակի, էկոլոգիական և այլ արհավիրքների պատճառով։
Ժամանակը հանկարծ կանգնեցրեց ինքնաթիռներն ու գնացքները, որոնք ժամերի ընթացքում կարող էին մեզ Մեղրի հասցնել։ Ժամանակն ու տարածությունը հաղթահարելով այստեղ հայտնվելու այն քիչ միջոցներից մեկը դարձան հին Մեղրիի լուսանկարները՝ վերածնված թվային իրականության մեջ։ Հիշողության օդանավի ֆյուզելյաժում հավաքված հարյուրավոր լուսանկարներ շարժման մեջ են դնում այն ամենը, ինչ քարացել է ժամանակի ընթացքում։ Այն, ինչի վրա պատմությունն իշխանություն չուներ, հանկարծ հնարավոր դարձավ հիշողության համար, որը հին լուսանկարներով ուրվագծում էր քաղաքի իրական եւ մտային քարտեզը։
Շնորհակալ եմ Պապ Օհանյանին եւ Մարիամ Հարությունյանին այս տեքստի հայերեն տարբերակի ստեղծման ընթացքում ցուցաբերած օգնության համար։
Գլոբալ տենդենցներին տուրք տալը հայերի մշակութային ու քաղաքական հավաքական պատմության բաղկացուցիչ լինի ասես։ Ընդ որում, այս միտումն ավելի ցայտուն դրսևորվեց Խորհրդային Միության փլուզումից հետո:
Վերջին տարիներին երևանցիներն սկսել էին ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել սրճարաններում ու առհասարակ՝ դրսում։ Դրսում էին սնվում, ընդմիջում անում, աշխատում ու փախչում առօրյայից։ Քովիդյան տնակալման շրջանում շատերն ամենածանրը հենց դա տարան՝ փախուստի անհնարինությունը։
Սննդի և խոհարարական արվեստի նկատմամբ վերաբերմունքը կարող է շատ բան բացահայտել ժողովրդի անցյալի և ապագայի մասին: Էլլա Կանագերյանը գրում է, որ մենք փորձում ենք աշխատել մեր մշակութային ազդեցությունների հետ և ավելի խոհեմաբար մոտենալ ազգային խոհանոցի գաղափարին:
Top 10 of Rabiz-ը անվեհեր 90-ականների խելառ մանուկն է։ «Մեր բակի», «Խաթաբալադայի» ու մի քանի այլ must-երի հետ միասին այն անհրաժեշտ է վերբեռնել ի պահ ապագայի թվային թանգարանում՝ ի զարմանս գալիք մշակութաբանների, որոնք դեռ նորովի պետք է բացահայտեն, թե այդ ինչպես է քարտեզի վրա հազիվ նշմարվող դռնփակ Հայաստանում ծնունդով Սպիտակցի Հայկ Ղևոնդյանը իր ցավերը պատմում փոփի արքա Մայքլ Ջեքսոնին:
Էլեկտրոնային պարային երաժշտությունը, որպես Հայաստանում համեմատաբար նոր մշակութային երեւույթ, կարող էր կանանց կողմից զբաղեցվաղ տարածք լինել, բայց նույնիսկ այստեղ տղամարդկանց ներկայությունը գերակշռում է:
Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը համաշխարհային հանրության առջև բացում է Արցախի օդանավակայանի շուրջ ստեղծված անելանելի դրությունը, և այն օգտագործում որպես ելակետ՝ խոսելու Արցախի պատմության, խնդիրների ու ոգու մասին, գրում է Սոնա Կարապողոսյանը: