evn report vigen edm
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

2005-ին Երևանում, մարտի 8-ի կապակցությամբ, տեղի ունեցավ Women’s Dialogue International Festival միջազգային փառատոնը, որի մասնակիցները միայն կանայք էին: Հյուրերից մեկը, ավստրիացի Ռոզա Ռայթսամերը, որը երաժշտության սոցիոլոգ է ու ժամանակ առ ժամանակ նաև դիջեյ, դիջեյ-աշխատարան կազմակերպեց կանանց համար: Այդ տարիներին Հայաստանում կին դիջեյների հազվադեպ կարելի էր հանդիպել, իսկ պարային էլեկտրոնային երաժշտությունը (EDM) նոր-նոր էր թափ հավաքում։ Դեռ 1990-ականների վերջում Կասկադի՝ այն ժամանակ լքված հարթակներից մեկում գործում էր «Կասկադ» ակումբը. այստեղ կարելի էր հանդիպել քաղաքի լավագույն դիջեյներին: Ակումբի կայացման մեջ իրենց լուման ունեին մի շարք արվեստագետներ՝ Դիանա Հակոբյան, Արման Գրիգորյան, Դավիթ Կարեյան, Վարուժան Վարդանյան, որոնց գրաֆիտիները համապատասխան մթնոլորտ էին ապահովում ակումբի համար։ «Կասկադից» բացի քաղաքում էլի դիսկոտեկներ կային: Ամենահարազատը թերևս «Մոնթե-Քրիստոն» էր, որը միավորել էր այն տարիների ռադիոկայաններից մեզ հայտնի դիջեյներին։ Ի դեպ, ռադիոկայանում է սկսվել նաև Դիջեյ Վակցինայի կարիերան, որտեղից նա տեղափոխվեց ակումբներ ու բոլոր հնարավոր հարթակներ, որտեղ պարային էլեկտրոնային երաժշտությունը պահանջարկ ուներ:

Ռայթսամերը զրույցներից մեկում նկատեց, որ էլեկտրոնային պարային երաժշտությունը, իբրև համեմատաբար նոր մշակութային երևույթ, կարող էր գրավված լինել կանանց կողմից, սակայն այստեղ էլ է տղամարդկանց դերն ու առկայությունը գերակշռող, և կանայք, ինչպես ամենուր, ստիպված են պայքարել արդար ներկայության համար։ Կին դիջեյները հաճախ են բախվում սեքսիստական վերաբերմունքի, հաճախ չեն էլ ընդվզում՝ տեսադաշտում մնալու ու կարիերան շարունակելու հնարավորություն ունենալու համար։ Այս ամենին զուգահեռ Եվրոպայում, Ամերիկայում ստեղծվում են հարթակներ, որոնք ֆեմինիստական և քվիր ուղղվածություն ունեն, փորձում են ապահովել բոլոր ինքնությունների ազատ գործունեությունը՝ ճանապարհ հարթելով նրանց դեպի մեծ բեմեր:

Աննա Գավանասը և Ռոզա Ռայթսամերը, որոնք երկար տարիներ ուսումնասիրել են EDM ոլորտը գենդերային համատեքստում, բազմաթիվ հարցազրույցներ են անցկացրել թե՛ կին, թե՛ տղամարդ դիջեյների հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի պայմաններում են նրանք աշխատում, ինչպես են կարողանում զարգացնել իրենց կարիերան ու հաջողության հասնել: Հարցազրույցներից մեկում Վիեննայում բնակվող մի կին դիջեյ պատմում է, որ մեծ դժվարությամբ է ճանապարհ հարթել դեպի այն դիրքը, որն ունի այսօր: Տարիներ շարունակ արժանանալով միայն արհամարհանքի և անուշադրության՝ նա ի վերջո սեփական ցանցն է ստեղծում, անգամ հաջողում է ակումբ բացել՝ երկար ու տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Եվ սա այն դեպքում, երբ տղամարդ դիջեյների հետ զրույցներում տպավորություն է, թե նրանց հաջողության ճանապարհը զուտ պատահականություն է՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին հայտնվելու արդյունք: Երկու այս մոտեցումները, որ հաճախ են կրկնվում, բնորոշում են EDM ոլորտը գենդերային տեսանկյունից: Հետևաբար, «ինքնակազմակերպումը և աշխատանքը մի կողմից, և բախտի բերմամբ հաջողությունը՝ մյուս, ձևավորում են այն հիմնական գենդերային կոնցեպտները, որոնք առկա են ոլորտում»,- եզրակացնում են Գավանասն ու Ռայթսամերը։

Հայաստանյան համատեքստում դժվար է նման գնահատականներ տալը, ոլորտը բավականաչափ զարգացած չէ, թեև գենդերային անհավասարության տարրեր այստեղ ևս նկատվում են՝ տղամարդիկ քանակապես գերակշռում են, իսկ երաժշտական կարևոր իրադարձություններին նրանց մասնակցությունը միշտ ավելի հավանական է։

Վինիլ ձայնասկավառակներ նախընտրող կին դիջեյների մեկ այլ հարթակ է Frauengedeck-ը, որ հիմնադրվել է Բեռլինում, դիջեյ Սաբինե Հոֆմանի կողմից: 2017-2018-ին Frauengedeck-ը կին դիջեյների մասնակցությամբ հանդես եկավ նաև Երևանում: Փառատոնային բնույթ կրող այս իրադարձությանը մասնակցեցին նաև Henna Onna-ն (այն ժամանակ՝ Lucy Sowa) և Anaïs Paws-ը:

Henna Onna-ի երաժշտական նախընտրությունները ներառում են jazz-funk և էլեկտրոնային երաժշտություն, հատկապես house: Նրա պերֆորմանսները տարբերվում են իրենց դրական լիցքով: Anaïs Paws-ի յուրատիպությունը երաժշտացանկի անսպասելիության ու էկլեկտիզմի մեջ է։ Նրա սեթերն առանձնանում են աֆրո-ռիթմերի, արևելյան դիսկոյի, acid, house և techno տարրերի համադրությամբ։ Nancy Movs-ը երևի ամենահետևողականն է techno-ի հանդեպ իր նախասիրությամբ. նա բավականին հաջող ներկայացավ 2019-ի երևանյան Boiler Room-ում, պրոֆեսիոնալիզմի և պերֆորմատիվության տեսանկյունից չզիջելով նույն բեմում հանդես եկած տղամարդկանց: Յուրահատուկ ոճով ու ստեղծագործականությամբ առանձնանում է Վիեննայում և Մոսկվայում բնակվող Լյուսիա Կագրամանյանը, որը վերջերս ավելի ու ավելի է կապվում երևանյան երաժշտական միջավայրին: Քաղաքի տարբեր անկյուններում լայվ սեթեր մատուցելուց բացի, որոնք ժանրային առումով բավական բազմազան են, Լյուսիան հեղինակում է Panorama Yerevan հաղորդաշարը՝ հեռարձակվող NTS օնլայն ռադիոկայանով: Հաղորդաշարի շրջանակում նա ներկայացնում է նաև սեփական մշակմամբ հայկական երաժշտական արխիվները՝ թե քաղաքային ֆոլկլոր, թե դասական հայկական երաժշտություն:

Կին դիջեյների գործունեությունը Հայաստանում կարևոր է ոչ միայն երաժշտական տեսանկյունից, այն EDM-ի բևեռացված մշակութային ընկալումները վերանայելու գործառույթ էլ ունի։ Կանանց շատ ավելի տարաբնույթ ու փոփոխական մոտեցումները սովորաբար գալիս են կոտրելու EDM-ում հաճախ առկա ագրեսիվությունը, վերջինիս ավելորդ սեքսուալացումը։ Կին դիջեյները իրենց բնորոշ կանացիությամբ, երաժշտությունը մատուցելու առանձնահատուկ զգացմունքայնությամբ ու ստեղծագործականությամբ կարողանում են բազմազանություն հաղորդել և փափկացնել մաչոյական միջավայրը:

Ուրախալի է, որ ակումբները (այս պահին իրենց ակտիվությամբ առանձնանում են երեքը՝ Պոլիգրաֆ, Ֆերմատա և Basement) միակ տարածքները չեն, որտեղ կարելի է պարային էլեկտրոնային երաժշտություն վայելել: Արդեն կայացած հարթակների կողքին, ինչպիսին Հայ դիջեյների ասոցիացիան է՝ իր ժամանակ առ ժամանակ կազմակերպվող միջազգային միջոցառումներով, կան նաև նորերը։ Kitchen Recordings Label-ին կից գործում է Kitchen Lab-ը։ Այլընտրանքայնությամբ աչքի է ընկնում Բոհեմնոց անկախ նախաձեռնությունը, որի հիմքում կոլեկտիվ ստեղծագործականությունն է: Բոհեմնոցը, բացի երբեմն կազմակերպվող փարթիներից, էլեկտրոնային երաժշտությունը նաև օնլայն ռադիոտիրույթում է ներկայացնում։ Հենց այս հարթակում են իրենց ուժերը կարողանում փորձել ոչ միայն փորձարարական երաժշտական նախասիրություններ ունեցող դիջեյներն ու երաժիշտները, այլև սկսնակները։ Հարթակի ազատ ու ոգեշնչող մթնոլորտը կին դիջեյներին ավելի հաճախ ներկայանալու համարձակություն է ներշնչում։

2018-2020 թվականներին բավական ակտիվ էր plug-in հարթակը՝ ստեղծված Աննա Վահրամիի և Վանանե Բորյանի ջանքերով: Նրանց աշխատարանները հայտնի էին թե տեղացի, թե արտերկրյա սաունդ-արտիստների ու դիջեյների շրջանում։ Հարթակի կրթական ծրագրի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալ էլեկտրոնային երաժշտության թե ստեղծման պատմությանը, և թե այն ներկայացնող հիմնական ձևաչափերին։ Այս հարթակը խթան էր նաև ոլորտի հանդեպ հետաքրքրությունը զարգացնելու առումով, շատերի համար այն առաջին հնարավորությունն էր ոլորտում սեփական քայլերը անելու։

Դիջեյների դպրոց գործում է նաև Պոլիգրաֆ ակումբին կից, որտեղ դասավանդում են Պոլիգրաֆի հետ համագործակցող դիջեյները։

Ինչ խոսք, էլեկտրոնային երաժշտության հանդեպ ոչ անտարբեր երիտասարդությունն այսօր ձգտում է նաև դիջեյության գաղտնիքներին տիրապետել: Պոլիգրաֆի, Բոհեմնոցի շուրջ ձևավորվում և ուրվագծվում են նոր պերֆորմատիվ պրակտիկաներ, հայտնվում են երիտասարդ կին դիջեյների նոր անուններ՝ GFRND, Lychee, Missteikk, Holly F ու Kamunts (Ջրիմուռմուռ բենդից) ու շատ ուրիշներ: Հեղինակային երաժշտությամբ են ներկայանում Մելինեն (Melineh) ու Աննան (:ana):

Ամբողջ այս շարժը Հայաստանում մշակութային դաշտի ազատականացման ու արագ փոփոխվող արժեհամակարգի մասին է, որը կին դիջեյներից շատերի համար խոստումնալից երաժշտական հեռանկար է ուրվագծում։

 

 

Thank you for your submission! We will review it soon.

Հանդարտվե՞ց արդյոք քամին. Նոռա Մարտիրոսյանի լավատեսական դրաման Արցախից

Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը համաշխարհային հանրության առջև բացում է Արցախի օդանավակայանի շուրջ ստեղծված անելանելի դրությունը, և այն օգտագործում որպես ելակետ՝ խոսելու Արցախի պատմության, խնդիրների ու ոգու մասին, գրում է Սոնա Կարապողոսյանը:

«Մայքլ Ջեքսոն, լա՛վ իմացիր, էս ցավերին չեմ դիմանա»

Top 10 of Rabiz-ը անվեհեր 90-ականների խելառ մանուկն է։ «Մեր բակի», «Խաթաբալադայի» ու մի քանի այլ must-երի հետ միասին այն անհրաժեշտ է վերբեռնել ի պահ ապագայի թվային թանգարանում՝ ի զարմանս գալիք մշակութաբանների, որոնք դեռ նորովի պետք է բացահայտեն, թե այդ ինչպես է քարտեզի վրա հազիվ նշմարվող դռնփակ Հայաստանում ծնունդով Սպիտակցի Հայկ Ղևոնդյանը իր ցավերը պատմում փոփի արքա Մայքլ Ջեքսոնին:

Վերադարձ դեպի ապագա. Հետխորհրդային գեղագիտության էվոլյուցիան հայկական նորաձևության մեջ

Գլոբալ տենդենցներին տուրք տալը հայերի մշակութային ու քաղաքական հավաքական պատմության բաղկացուցիչ լինի ասես։ Ընդ որում, այս միտումն ավելի ցայտուն դրսևորվեց Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Որտե՞ղ ես, Սողոմոն». Արման Նշանյանի կոմիտասյան մելոդրաման

Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» սկսվում է որպես հեքիաթ և խոստանում պատմել պատանի Կոմիտասի և նրա երկու ընկերուհիների՝ թրքուհի Սևիլի և հայուհի Սոնայի մասին։Բացահայտ բիոպիկային նկրտումներով հանդերձ՝ ռեժիսորին այդպես էլ չի հաջողվում մարմնայնացնել վարդապետին։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team