sossi demarcation

Այն, ինչ ներկայացվել է որպես սահմանագծման խնդիր, ավելիէ ուժգնացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանն ուղղված սպառնալիքները: Ռազմական գործողությունների ներկայիս աճի համատեքստը չի կարող արդյունավետ լինել. գործընթացը պետք է վերադառնա միջազգային նորմերի դաշտ, գրում է Սոսի Թաթիկյանը: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ իրադարձությունների ժամանակագրությանը:

Սահմանային միջադեպեր՝ 2020 թվականի դեկտեմբերից սկսած

2020 թվականի դեկտեմբերի կեսերին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Արցախյան պատերազմի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, ադրբեջանական զորքերը փաստացիորեն սկսեցին իրենց դիրքերն առաջ մղել ինքնիշխան Հայաստանի սահմաններից ներս: Ռազմական առաջխաղացումներն ուղեկցվում էին Ադրբեջանի նախագահ Ալիևի և հասարակական գործիչների ռազմատենչ հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնելով՝ ներառյալ Սյունիքի, Սևանա լճի և նույնիսկ մայրաքաղաք Երևանի նկատմամբ:

2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հունվար, ադրբեջանական ուժերի առաջխաղացումները հանգեցրին Սյունիքի մարզի երկու գյուղերի՝ Շուռնուխի և Որոտանի մասնատմանը և Գորիս-Կապան ներպետական ​​ճանապարհին ադրբեջանական զորքերի տեղակայմանը: Ճանապարհին տեղադրվեց «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ մեծ ցուցանակ, որի վրա պատկերված են  Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ պարունակող քարտեզների ադրբեջանական տարբերակներ, և ցուցանակը հսկելու նպատակով տեղակայվեցին ադրբեջանական զորքեր՝ ստեղծելով անվտանգային մտահոգություններ: Մեկ այլ` Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի վերաբերյալ գաղտնի գործարքի մասին լուրերն ակտիվացան 2021 թվականի փետրվարին:  

Դեկտեմբերի վերջից մինչև մայիսի կեսերը տեղի ունեցան պարբերական միջադեպեր, երբ ադրբեջանական զինուժը թիրախավորում էր Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը, այդ թվում՝ փոքր և մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ արձակելով գյուղերի ուղղությամբ, իսկ Կապանի մոտակայքում՝ քարերով թիրախավորելով քաղաքացիական ավտոմեքենաները: Խաթարվել է նաև Մեղրիի բնակչության ջրային պաշարների հասանելիությունը: Հաճախակի միջադեպեր են տեղի ունեցել ադրբեջանական զորքերի և հայ հովիվների միջև, ովքեր իրենց անասուններին տանում են սահմանամերձ արոտավայրեր: Մտահոգություններ կային, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը կվերաճի Ադրբեջանի կողմից ավելի լայնածավալ ռազմական գործողության: Սյունիքի որոշ շրջաններում ռուսական զորքերը տեղակայվեցին հայկական և ադրբեջանական դիրքերի միջև: ԶԼՄ-ների Սյունիքի մարզ մուտք գործելը սահմանափակվեց ազգային անվտանգության նկատառումներով, ինչն ուժեղացեց շշուկների և ապատեղեկատվության տարածման վրա հիմնվելու միտումը: Այս զարգացումները սերմանեցին անապահովության զգացում և Հայաստանի հետագա տարածքներ կորցնելու վախ:

Այս “սողացող” առաջխաղացումն անսպասելի էր և, ցավոք, սկզբում թերագնահատվեց Հայաստանի իշխանությունների, փորձագիտական ​​հանրության մեծամասնության և հանրության ավելի լայն շրջանակների կողմից, ովքեր ցանկանում էին հավատալ, որ Ադրբեջանը կսահմանափակի իր պահանջները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված վարչական սահմաններով: Ենթադրվում էր նաև, որ Ռուսաստանը կկանխի իրավիճակի սրացումը ելնելով հայ-ռուսական ռազմավարական դաշինքի, ներառյալ՝ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությունից: Հայ պաշտոնյաների նախնական արձագանքներն անհամարժեք էին, խնդիրը ձևակերպվեց որպես GPS- ի տվյալների հիման վրա սահմանագծման և սահմանազատման գործընթաց` առաջացնելով ներքին հակասական բանավեճ:

Սահմանի «սահմանազատում» նշանակում է հարևան պետությունների միջև պետական ​​սահմանի պայմանագրի իրավական ձևակերպումը, որի դիրքը գրաֆիկորեն ուրվանշվում է տեղագրական քարտեզի վրա և պատշաճ կերպով սահմանվում է դրա համապատասխան գրավոր նկարագրության մեջ, ինչից հետո քարտեզը և նկարագրությունը կարող են դառնալ պայմանագրի անբաժանելի մաս: Պետական ​​սահմանի «սահմանագծումը» ներառում է գետնի վրա հարևան պետությունների միջև պետական ​​սահմանի սահմանագծի նշումը` ֆիզիկական սահմանային նշանների միջոցով, այդ թվում՝ սահմանագծման փաստաթղթերի ժողովածուն:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներխուժումների սկզբից ի վեր սկսեց անդրադառնալ սահմանային ճգնաժամին՝ հաճախակի տեղային այցելություններ կատարելով այն սահմանամերձ շրջաններ, որտեղ առաջ էին շարժվում ադրբեջանական զորքերը, և հանդիպումներ ունենալ քաղաքային իշխանությունների և տեղի բնակիչների հետ` տեղում ուսումնասիրելու ադրբեջանական զորքերի ռազմական տեղաշարժերի ազդեցությունը մարդկային անվտանգության և մարդու իրավունքների վրա: Պատասխանելով նրա հարցմանը ՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դեկտեմբերի 29-ին պարզաբանեց, որ սահմանագծումը երկկողմանի գործընթաց է, որը պահանջում է համատեղ հանձնաժողով՝ երկկողմ համաձայնության գալու նպատակով, որից հետո միայն կարելի է իրականացնել սահմանագծումը: Հայտարարության մեջ նաև ասվում էր. «Նախքան վերը նշված գործընթացը, մարտական ​​հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը պետական ​​սահմանի երկայնքով զուտ պաշտպանական անվտանգության միջոց է… ուղղակիորեն կամ անուղղակիորեն բանակցվող զինված ուժերի ներկայացուցիչների միջև…, որը չի կարող մեկնաբանվել որպես վերջնական համաձայնություն կամ սահմանագծման կամ գոյություն ունեցող վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

Այնուամենայնիվ, մայիսի 12-13-ին Ադրբեջանը սկսեց մի քանի կիլոմետր առաջ շարժվել Հայաստանի առնվազն երկու մարզերում. Սյունիքում՝ Սև լճի և Սիսիանի, իսկ Գեղարքունիքում՝ Վարդենիսի և Վերին Շորժայի տարածքներում՝ ի վերջո, մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1000 զինծառայող տեղակայելով և ինժեներական աշխատանքներ սկսելով գրավված դիրքերում: Հաջորդող շաբաթների ընթացքում տեղի ունեցան տարբեր ծավալի միջադեպեր, որոնցից ամենալուրջը Հայաստանում մի քանի տասնյակ ադրբեջանական ռազմական դիրքերի ստեղծումն էր, վեց լրացուցիչ ռազմագերիների գերեվարումը և երեք հայ զինծառայողների սպանությունը: Այդ զարգացումներն ապացուցեցին, որ սա ոչ թե սահմանագծմանն ու սահմանազատմանն ուղղված լեգիտիմ գործընթաց էր, այլ այն, ինչ որոշ փորձագետներ անվանում են “բորդերիզացիա” կամ “սողացող անեքսիա”:

2021 թվականի մայիսի 20-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար (նա պաշտոնապես հրաժարական էր տվել՝ ընտրական գործընթացը սկսելու համար) Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանագծման և սահմանազատման եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նա չհերքեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հայտարարության՝ արտահոսված նախագծի առկայությունը: Այն հակասություններ առաջացրեց հանրության շրջանում, քանի որ գործընթացն, ըստ երևույթին, պարտադրված էր, արագացված և ազգային շահերին կամ միջազգային չափանիշներին հակասող: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես եկան անսովոր կոշտ հայտարարությամբ` մատնանշելով Հայաստանի Սահմանադրությունը, ըստ որի` Հայաստանի տարածքային փոփոխությունները պետք է որոշվեն հանրաքվեի միջոցով և պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, որն անվավեր և առոչինչ է դարձնում պետական ​​ներկայացուցչի նկատմամբ պարտադրանքի կամ սպառնալիքի միջոցով ձեռք բերված ցանկացած համաձայնություն: Նրանք նաև կոչ արեցին դիմել ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան և ձեռնարկել այլ քայլեր՝ երաշխավորելու Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու իրավունքները: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց այսպես կոչված «վիճելի տարածքների» կեղծ օրակարգը, որը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել՝ արդարացնելու ուժի կիրառումը նաև այլ տարածաշրջաններում» և հայտարարեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում և Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համատեքստում սահմանագծում և սահմանազատում իրականացնելու անհրաժեշտության մասին: ԱԳՆ ղեկավարությունը հրաժարական տվեց այդ թոհուբոհից օրեր անց:

Չնայած մայիսի 26 -ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած քաղաքական բանավեճին՝ Հայաստանի իշխանությունները վարանեցին դիմել ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցով, փոխարենը  ՀԱՊԿ-ին տեղեկացնելով  երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքի մասին՝ հղում կատարելով պայմանագրի 2-րդ հոդվածին: Սակայն Հայաստանը կազմակերպության կողմից չստացավ քաղաքական կամ ռազմական աջակցության ակնկալվող երաշխիքները: Ավելին, մի քանի շաբաթ անց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ սահմանային առճակատումը պարզապես սահմանային միջադեպ է և չի որակվում որպես ՀԱՊԿ -ի ռազմական միջամտությունը պահանջող արտաքին ագրեսիա: Այդ դիրքորոշումը քննադատվեց հայ պաշտոնյաների և փորձագետների կողմից:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵԱՀԿ-ն և ԵՄ-ը կոչ արեցին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից և պահանջեցին զորքերի դուրսբերումը չսահմանագծված տարածքից: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը մայիսի 25 -ին հայտարարեցին. «Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժերը անհարկի սադրիչ են: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հետ քաշի բոլոր ուժերը և երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել ընդհանուր միջազգային սահմանները սահմանագծելու նպատակով»: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց. «միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ են»:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում մի քանի շաբաթվա հարաբերականորեն ցածր լարվածությունից հետո՝ հուլիսի 14 -ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը նոր էսկալացիա հրահրեցին Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի մերձակայքում՝ Երևանից 60 կմ հեռավորության վրա: երընտրված Փաշինյանը հուլիսի 15-ին առաջին անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ կեղծ քարտեզների օգտագործման միջոցով: Հուլիսի 23 -ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը ամրապնդել են իրենց դիրքերը սահմաններին և կշարունակեն ամրապնդել դրանք: Նույն օրը Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորվեց երեք հայ զինծառայող, որոնցից մեկը` ծանր, իսկ հայկական հակաօդային պաշտպանությունը կանխեց ադրբեջանական ԱԹՍ-ի մուտքը Հայաստանի օդային տարածք:

 

Միջազգային չափանիշներից շեղվելու ռիսկերը

Ինչպես գրել է Ռուսաստանի նախագահ Պուտինը 2021 թվականի հուլիսի 12-ին հրապարակված իր՝ «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում, բոլշևիկները «երազում էին համաշխարհային հեղափոխության մասին, որը կվերացներ ազգային պետությունները  ... ԽՍՀՄ -ի ներսում հանրապետությունների միջև սահմանները երբեք չէին համարվում պետական սահմաններ. դրանք պայմանական էին մեկ երկրի ներսում ... Բոլշևիկները սկսել էին սահմանների վերափոխումը դեռևս Խորհրդային Միությունից առաջ՝ տարածքները շահարկելով ըստ իրենց հայեցողության, անտեսելով մարդկանց տեսակետները»: Խորհրդային Միությունում սահմանագծումն ու սահմանազատումը անպայմանորեն չէին կապվում ազգային կամ էթնիկական նկատառումների հետ:

1918-1920 թվականներին, Հայաստանի և Ադրբեջանի անկախ հանրապետությունների կարճ գոյության ընթացքում, նրանց միջև կանոնավոր ռազմական բախումներ էին տեղի ունենում վիճելի տարածքների շուրջ, և ոչ մի համաձայնություն ձեռք չէր բերվում փոխընդունելի սահմանագծի վերաբերյալ: Նրանց միջև սահման գծելը ԽՍՀՄ տարիներին մի քանի փուլով միջնորդվել է խորհրդային իշխանությունների կողմից, և 1929 և 1969 թվականներին ստորագրվել են փաստաթղթեր Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կողմից, ինչը հանգեցրել է Հայաստանի տարածքի հետագա կրճատմանը՝ հօգուտ Ադրբեջանի: Առանց հարգելու տեղի գյուղացիների իրավունքները՝ նրանց հողերից, անտառներից ու արոտավայրերից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր փոխանցվեցին Ադրբեջանին:

Այդ ժամանակահատվածում տարածքների փոխանցումը Ադրբեջանին, և Հայաստանում ադրբեջանական անկլավների ստեղծումը ստիպեցին, որ Հայաստանի հաղորդակցությունը հարևան երկրների հետ անցնի Ադրբեջանին փոխանցված  ճանապարհներով: Անկլավները գտնվում են Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող ճանապարհների վրա:

2020 թվականի նոյեմբերի 9 -ի հրադադարի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն: Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը երկու ուղղություններով՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Պետք է ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցության կառուցումը:

2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հանդես եկան մեկ այլ համատեղ հայտարարությամբ՝ ստեղծելու տարածաշրջանի ճանապարհների «ապաշրջափակմանն» ուղղված նոր տրանսպորտային ենթակառուցվածք, որին հաջորդեցին պաշտոնյաների մի քանի հանդիպումներ՝ քննարկելու դրա իրականացման ճանապարհային քարտեզը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը պահանջում է Մեղրիով անցնող միջանցք` փաստորեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի փոխարեն, այդպիսով հաղորդակցությունների ապաշրջափակման դրույթը դարձնելով Սյունիքի նկատմամբ տարածքային պահանջ, և չզիջելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է պատերազմով: Սա բորբոքում է հայերի մտահոգությունները Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության առնչությամբ, մասնավորապես այն մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է մտադրություն ունենալ անջատել Հայաստանի տարբեր հատվածները միմյանցից՝ ճանապարհների վերահսկողության միջոցով:

2021 թվականի հուլիսի 23 -ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հարցազրույցում առաջարկեց խուսափել «միջանցք» եզրույթից, որը չի օգտագործվում ո՛չ նոյեմբերի 9-ի և ո՛չ էլ հունվարի 11 -ի եռակողմ հայտարարությունների մեջ: Նա նաև անդրադարձավ դիվանագիտության և միջազգային իրավունքի պատմության մեջ «միջանցքների» վատ պատմությանը, օրինակ բերելով Առաջին համաշխարհային պատերազմից հետո Դանցիգի միջանցքը: Նա անդրադարձավ տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների վերականգնման անհրաժեշտությանը` նոյեմբերի 9 -ի հայտարարությանը համապատասխան և ընդգծեց, որ ներկայիս աշխարհում ոչ թե ուրիշների տարածքների հաշվին  միջանցքներ են ստեղծվում, այլ այնպիսի աշխարհում, որտեղ սահմանները կոչված են բացվելու, մի աշխարհում, որտեղ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, կարող է տեղի ունենալ ապրանքաշրջանառություն, ինչպես եվրոպական երկրների դեպքում։

Բացի ճանապարհներն ու հաղորդակցությունները վերահսկելու բացահայտ փորձից, Ադրբեջանը բացահայտ կերպով սպառնում է Հայաստանի ջրային անվտանգությանը: 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, այն վերահսկողության տակ է վերցրել Քելբաջարի/Քարվաճառի ջրային ռեսուրսները, որոնք աղբյուր էին հանդիսանում և՛ Արցախի, և՛ Հայաստանի տարածքների համար, որին հաջորդեցին որոշ գետերի, այդ թվում Սևանա լիճը սնուցող գետերի հունի փոփոխման փորձերի մասին հայտարարությունները: Փետրվարին Մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանը հայտնեց, որ Մեղրի համայնքի բնակիչների խմելու ջրի իրավունքը շարունակաբար խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Մայիսի կեսերից Ադրբեջանը զբաղեցրել է Սև լճի տարածքը, որի ընդամենը 30% -ը, Ադրբեջանի խնդրանքով, Խորհրդային Միության տարիներին տրվել է Ադրբեջանին, և նաև խնդիրներ է ստեղծում Գեղարքունիքի մարզում: Ըստ Թաթոյանի, դա խախտում է 1992 թվականի մարտի 17 -ին Հելսինկիում ընդունված անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր: Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի և սանիտարական մաքրության իրավունքը հռչակել է կայուն զարգացման համաշխարհային նպատակ: Լայնորեն հայտնի է, որ ջրային ռեսուրսների բաժանումը մեծ դեր է խաղացել հակամարտություններում և հանդիսացել է Իսրայել-Պաղեստինյան հակամարտության գործոն, ինչպես նաև Եթովպիայի, Եգիպտոսի և Սուդանի միջև առկա հիմնախնդիրներ:

Ճանապարհների և ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի հավակնությունները հաճախ արտահայտվել են նրանց պաշտոնյաների և վերլուծաբանների կողմից՝ մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը արևմտյան ուղեղային կենտրոններ կատարած նրանց այցելությունների ժամանակ: Պատերազմից առաջ Հայաստանն ուներ ընդարձակ  ջրային ռեսուրսներ, որոնք նաև օգտագործվում էին հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար: Հայաստանը սկսել էր զարգացնել նաև զբոսաշրջությունը, որի ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում ինտենսիվորեն աճում էր մինչև COVID-19 համաճարակն ու պատերազմը: Բացի մշակութային և էկո- զբոսաշրջության համար բարենպաստ վանքերից և լեռներից, Հայաստանը համարվում էր նաև աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը՝ ըստ Gallup International-ի «Օրենքի և կարգի ինդեքս 2019» զեկույցի: Սահմանային զարգացումները և սարերի ու ջրային ռեսուրսների մոտ գտնվող դիրքերի շարունակական գրավումը հարցականի տակ են դնում Հայաստանի ներքին անվտանգությունը, տնտեսական կայունությունը և, այդպես շարունակվելու դեպքում, որպես ինքնիշխան պետություն նրա կենսունակությունը:

 

Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում

Արման Թաթոյանը բարձրաձայնել է Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների մասին: Նա հրապարակել է բազմաթիվ հայտարարություններ և զեկույցներ, որոնք պարունակում են ապացույցներ այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զորքերի ներկայությունն ու գործողությունները վտանգում կյանքի իրավունքը, տեղաշարժի ազատությունը, ազատության և անվտանգության իրավունքը, սեփականության իրավունքը, երեխաների իրավունքները՝ ներառյալ կրթության իրավունքը և այլ իրավունքներ: Օրինակ, Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դպրոցը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից 500 մետր հեռավորության վրա: Մյուս գյուղերում մարդիկ ունեն տների և հողատարածքների կադաստրային փաստաթղթեր, սակայն տարածքներից չեն կարող օգտվել, քանի որ դրանք անցել են ադրբեջանական կողմին կամ պարբերաբար գնդակոծվում են: Որպես լրացուցիչ փաստարկ՝ Թաթոյանը մատնանշում է նաև հայատյացության բարձր մակարդակը Ադրբեջանում, որն առավել վտանգավոր է դարձնում ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ սահմանագծման և սահմանազատման խնդիրները չպետք է քննարկվեն միայն քաղաքական և ռազմական տեսանկյուններից, այլ պետք է հիմնվեն մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման վրա: Նա վկայակոչում է 1920-1930-ականների պատմությունը, երբ Խորհրդային Հայաստանը կորցրեց տարածքներ, և սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքները հաշվի չառնվեցին, ինչը հանգեցրեց սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրների սրմանը:

Թաթոյանը կոչ է անում Սյունիքում ստեղծել ապառազմականացված անվտանգության գոտի` առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ պաշտպանելու տեղի բնակիչների մարդու իրավունքները: Ըստ Թաթոյանի, կադաստրային փաստաթղթերը պետք է լինեն սահմանների որոշման գործընթացի հիմքը: Նա անդրադառնում է նաև ադրբեջանական կողմին անցած արոտավայրերի և արոտավայրերի ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրներին:

 

Միջազգային միջնորդության հնարավոր դերը

Մայիսի 17 -ից սկսած՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանային լարվածության կարգավորման հարցում, եթե նման պահանջ ներկայացվի երկու կողմերից՝ ընդգծելով իր դերը երկու եռակողմ հայտարարությունների միջնորդության և հակամարտության իրավիճակներում միջնորդության կարևորության մեջ: Հուլիսի 22-ին Ռուսաստանն ընդգծեց նմանատիպ գործընթացների հրատապությունը և կրկնեց իր պատրաստակամությունը՝ միջնորդելու և աջակցելու քարտեզների և փաստաթղթերի տրամադրման գործում և նպաստելու երկու երկրների միջև քննարկումներին:

Մայիսի 27-ին կայացած Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ընդգծեց լայնածավալ բախումից խուսափելու և փոխարենը իրավիճակի հանդարտեցման համար դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով նա առաջարկեց, որ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային ձևով լքեն սահմանը՝ վերադառնալով իրենց բնագծեր,առաջարկելով Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային դիտորդների տեղակայումը ենթադրյալ սահմանի երկայնքով՝ երաշխավորելու, որ մյուս կողմը հավատարիմ մնա պայմանագրին, և որ սահմանագծման գործընթացը տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

ԵԱՀԿ-ն կարող է աջակցություն տրամադրել անդամ պետություններին` 2005 թ. ԵԱՀԿ սահմանային անվտանգության և սահմանների կառավարման հայեցակարգի իրականացման գործում: 2011-2016 թվականներին ԵԱՀԿ-ն տարբեր անդամ պետություների միջկառավարական հանձնաժողովների ներկայացուցիչների համար կազմակերպել է մասնագիտական սեմինարներ, երկկողմ խորհրդատվություններ և աշխատաժողովներ՝ մասնագիտական ​​զարգացման, տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ՝  պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանագծման միջազգային և ազգային փորձագետների ներգրավմամբ: 2017 թվականին այն հրատարակեց «Պետական ​​սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» լայնածավալ ուղեցույցը, որը ներկայացնում է նոր կազմավորված պետությունների պետական ​​սահմանների ձևավորման միջազգային իրավական պրակտիկայի օրինակներ, նշում է պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմնական փուլերը, և ներկայացնում է առաջարկություններ՝ համապատասխան աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: ԵԱՀԿ-ն նաև բարձրացրել է ջրային դիվանագիտության հարցեր՝ ջատագովելով տարբեր երկրներում  ջրի կարիքների համար շահերի բախման  դեպքում լուծումներ գտնելու և պետություններին հորդորելով հաշվի առնել  հարևան երկրների կարիքները:

Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը 2021 թվականի հուլիսի 8 -ին հայտարարեց, որ սահմանների սահմանագծման առումով ԵՄ -ն պատրաստ է մոնիտորինգի նպատակով մոբիլիզացնել փորձագիտական աջակցություն և միջոցներ: Միշելը հավանություն տվեց ԵԱՀԿ -ի միջնորդական գործունեությանը, սակայն հավելեց, որ այն չի խանգարում Ե -ին կիսվել նաև իր փորձով: ԵՄ-ն մշակել է սահմանների ինտեգրված կառավարման շրջանակ, որը հիմնականում վերաբերում է այն պետություններին, որոնք չունեն շարունակվող հակամարտություն:  

 

Հետագա քայլերը

Նախ և առաջ, սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնելու միջազգային պահանջ չկա, և այն չպետք է պարտադրվի և իրականացվի ռազմական ագրեսիայի կամ քաղաքական շանտաժի միջոցով: Բացի այդ, դա բարդ գործընթաց է, հատկապես, երբ երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, և կա շարունակվող հակամարտություն: Հետևաբար, այն չպետք է կատարվի հապճեպ, և դրա վերջնականացման համար ոչ խելամիտ ժամկետներ չպետք է սահմանվեն: Կան շատ երկրներ, օրինակ՝ Եվրոպայում և Աֆրիկայում, որոնք դեռ չեն իրականացրել այդպիսի գործընթաց, ներառյալ այն երկրները, որոնք ունեն տարածքային վեճեր: Այնուամենայնիվ, դա չի կարող արդարացնել նրանց միջև ռազմական բախումը՝ ՄԱԿ -ի կանոնադրության խախտմամբ, որը կոչ է անում բոլոր անդամներին զերծ մնալ որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից: Հարավային Կովկասում սահմանագծում չի իրականացվել Ռուսաստանի և Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Վրաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև:

Միևնույն ժամանակ, եթե սահմանագծումն իրականացվի միջազգային իրավունքի և մարդու իրավունքների սկզբունքներին և չափանիշներին համապատասխան և ճիշտ ձևաչափով միջազգային միջնորդությամբ, դա կարող է նպաստել ոչ միայն սահմանային լարվածության նվազեցմանը, այլև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի գլխավոր ակնհայտ նպատակն է ստիպելու Հայաստանին ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ստիպել ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ այդպիսով թույլ չտալով, որ դրա համապարփակ և կայուն լուծումը, ներառյալ կարգավիճակի հարցը, չնայած այն բանին, որ վերջինս անհրաժեշտ է համարվում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից: Դա անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար. վերջինիս ղեկավարությունը հայտնել է, որ իրենք երբեք չեն կարող լինել Ադրբեջանի կազմում: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լույսի ներքո սահմանագծման երկու տարբերակ կարող է լինել:

Առաջինը` մասնակի սահմանագծում և սահմանազատում իրականացնելն է միայն հայ և ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով` այն տարանջատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցից և ի սկզբանե որոշելով, որ դա չպետք է վերաբերվի Լեռնային Ղարաբաղի շուրջ սահմաններին: Մայիսի 27-ին վարչապետ Փաշինյանն ընդգծեց նման գործընթացի իրականացման համար իր մտադրության մասին Սոթք-Խոզնավար տարածքում, որտեղ այդ ժամանակահատվածում սահմանային լարվածություն էր առաջացել՝ միջազգային հովանու ներքո սահմանային անցակետերը կարգավորելու նպատակով: Այնուամենայնիվ, սահմանային լարվածության տարածքը հետագայում ընդլայնվեց:

Երկրորդ տարբերակն է՝ կապել սահմանագծումն ու սահմանազատումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ՝ այն իրականացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ինչպես առաջարկվում էր մայիսին՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ: Տասնամյակներով բանակցություններում առաջընթացի բացակայությունից խուսափելու համար, ինչպես եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994 թվականից ի վեր, ինչը, ի վերջո, հանգեցրեց Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կիրառմանը, կամ սահմանագծման հարցում առաջընթացի բացակայությանը, ինչպես Սերբիայի և Կոսովոյի դեպքում է, կարևոր է հասնել ընդհանուր կոնսենսուսի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ և գործընթացի ավարտի իրատեսական ժամկետ սահմանել, օրինակ՝ մինչև ռուս խաղաղապահների տեղակայման ներկա փուլի ավարտը 2025 թվականին: Որպես վստահության և անվտանգության միջոց անհրաժեշտ է Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից մայիսի 11-ի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքեր, որի համար անհրաժեշտ է միջազգային ճնշում:

Երկու դեպքում էլ Հայաստանը պետք է ազգային աշխատանքային խմբում ներգրավի ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև մի շարք փորձագետների՝ հայկական պատվիրակությանը նախապատրաստելով համատեղ հանձնաժողովում կայանալիք բանակցություններին, ինչպիսիք են ազգային և միջազգային իրավաբանները, մարդու իրավունքների և հակամարտությունների լուծման փորձագետները, պատմաբանները, աշխարհագրագետները, քարտեղագետներն ու տնտեսագետները:

Լավագույն ձևաչափը կլինի ԵԱՀԿ հովանու ներքո համատեղ հանձնաժողովի ստեղծումը, որը կմիավորի Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի պետությունները, նաև հաշվի առնելով ԵԱՀԿ-ի`  Բելառուսի և Լիտվայի միջև սահմանագծմանը նպաստելու և այլ պետություններին վերապատրաստում և փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու գործում: Հանձնաժողովը կարող է ունենալ մանդատ ԵԱՀԿ-ից կամ նույնիսկ ՄԱԿ-ից՝ սահմանելով դրա շրջանակը, ժամկետները և կարմիր գծերը:

jur

Հուլիս ամսվա Զուր վերնագրով թողարկման մեջ դուք կգտնեք հոդվածներ ջրի անվտանգության, ոռոգման խնդիրների, Սևանա լճին վերաբերող վտանգների, ինչպես նաև հին հայկական ավանդույթների և ջրի փոխկապակցվածության մասին: 

Սակավաջրության խնդիրը աշխարհում ու հնարավոր հետևանքները Հայաստանում

Ջրային պաշարների մասին ընդարձակ այս հոդվածում Պարույր Աբրահամյանը հանգամանալից ներկայացնում է սակավաջրության խնդիրը աշխարհում և անդրադառնում, թե ինչպես կարող է այն բարդացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը Հարավային Կովկասում։

Ինչպես է ոռոգվում Հայաստանը

Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության մեջ բավական լուրջ է ոռոգման և ոռոգման համակարգերի խնդիրը, ինչի պատճառով տուժում է գյուղատնտեսը. բերքը չորանում է, որակապես տուժում։ Ոռոգման ջրի սակավությունից տարբեր տարիներին բողոքել են Հայաստանի տարբեր մարզերի տնտեսությունները։

Սևանա լճի վերելքն ու անկումը

Սևանն ամենախոշոր քաղցրահամ և բարձրալեռնային լիճն է Հարավային Կովկասում: Լճի մակարդակի արհեստական իջեցումը, դեռ 1930-ականներին, բնապահպանական տևական խնդիրներ է առաջացրել լճի էկոհամակարգի համար:

salt lake podcast

Այլ թողարկումներ 

  • Հունիս

civic culture 8send small
  • Մայիս

political culture
  • Ապրիլ

Diaspora issue
  • Մարտ

anahit 3 small
  • Փետրվար

past cover
  • Հունվար 

security 3

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team