history editorial

Անցյալը երբեք մեզ բաց չի թողնում: Այն իր ստվերն է գցում, ազդում մեր մտքերի, կարծիքների, որոշումների ու գործողությունների վրա: Մենք հիշում ենք տարբեր դիպվածներ ու տարբեր չափով՝ հաղթանակները, անհաջողությունները, երջանիկ պահերը և դժբախտությունները: Երբեմն կարևորը մոռացվում է, իսկ աննշանն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր:

read in English 

History and Us

 

Ինչու ուսումնասիրել պատմությունը

Ամենից պարզ ու տարածված պատասխանները սրանք են. «Պետք է սովորել անցյալից և չկրկնել սխալները», կամ «Պետք է իմանալ անցյալը, հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»:

Ես չեմ հավատում նման պարզ լուծումների և վերապահումով եմ մոտենում այս պնդումներին: Կարծում եմ՝ պատմությունը երբեք նույնությամբ չի կրկնվում: Կարող են լինել նման իրավիճակներ, նմանություններ մեր պատկերացումներում և մեկնաբանություններում, բայց կրկնությունը բացառված է, և հետևաբար ուղղակի հետևություններ անելը՝ անհնար: Մյուս կողմից, իհարկե, անցյալի զարգացման տրամաբանությունը կարող է հուշումներ տալ, քանի որ չափազանց մեծ նշանակություն ունի պատմական իներցիան, որով և հաճախ պայմանավորված է ներկան: Սակայն այս պարագայում անգամ պատմությունը մեզ զարգացման մի շարք հնարավորություններ է առաջարկում, և գուշակել, թե դրանցից որ մեկը իրականություն կդառնա, չափազանց դժվար է։

Պատմությունը նախ և առաջ ուսումնասիրում է մարդուն: Ըստ պատմաբան Մարկ Բլոկի՝ այն գիտություն է մարդկանց մասին ժամանակի մեջ: Եվ ինչպես ներկան է կարելի հասկանալ անցյալի միջոցով, այնպես էլ անցյալի շատ իրադարձություններ են դառնում հասկանալի ներկայի միջոցով։ Համաձայնեք, թե որքա՛ն պատմական իրադարձություններ մեզ համար շատ ավելի հասկանալի դարձան վերջին ամիսներին՝ մեր սեփական վերապրումի միջոցով։

 

Պատմությունն ու հայկական ինքնությունը

Պատմությունը և պատմական հիշողությունը էթնիկ խմբին դարձնում են ազգ: Ֆրանսիացի փիլիսոփա և պատմաբան Էռնեստ Ռենանի բնորոշմամբ՝ «Ազգը որոշակի արժեքների հանրագումար է և հպարտություն՝ պատմական անցյալի համար»։ Պատմական հիշողությունը մեզ ազգային խմբին պատկանելության զգացում է տալիս: Եվ հայոց պատմությունն անվերապահորեն կարելի է դասել հայկական ինքնության բաղադրիչների շարքին՝ հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, հայկական մշակույթի, հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհի հետ միասին։ Ընդհանուր պատմությունն է՝ Հայկից ծնված լինելու առասպելից մինչև Հայկական պետականության վերականգնում ու Արցախյան պատերազմներ, ձևավորում հայ ժողովուրդը:

Մենք՝ հայերս, շատ ենք կապված պատմությանը: Եվ դա բնական է. մենք ունենք աշխարհի ամենահին պատմագրական դպրոցներից մեկը, որը սկսվում է Խորենացիով, Բուզանդով, Եղիշեով ու դարերի խորքից ստեղծում է պատմության մի ավանդույթ, որը միահյուսված է ոչ միայն մեր մշակույթին, քաղաքական մտքին, այլև մեր առօրյային։

Տիգրան Մեծից մինչև Հայոց ցեղասպանություն՝ պատմական շատ ու շատ իրադարձություններ մշտական քննարկման առարկա են մեր հասարակության տարբեր հատվածների համար։ Քաղաքական վերնախավը մշտապես և ակտիվորեն օգտագործում է այն սեփական տեսլականը և լեգիտիմությունն ամրագրելու ու հասարակությունն իր շուրջը համախմբելու համար՝ իրեն ցանկալի ուղերձներ փոխանցելով, առաջ մղելով որոշ հերոսների և պատմական անցքեր ու մոռացության մատնելով մյուսներին: Մյուս կողմից, քաղաքական գործընթացները երբեմն անցյալի մասին գոյություն ունեցող պատկերացումների զոհ են դառնում:

Մշակութային գործիչները հաճախ պատմության մեջ են ոգեշնչման աղբյուր որոնում, իսկ հասարակ քաղաքացիները հպարտանում հաղթանակներով՝ դրանցում փառքի նաև սեփական մասնաբաժինը գտնելով:

Մենք փորձում ենք զուգահեռներ անցկացնել, լուծումներ փնտրել անցյալի իրադարձություններում, ողբում սխալների համար, հպարտանում հաջողություններով: Մեր պատմությունը մեր պարծանքն է, երբեմն մեր ամոթը ու միշտ մեր գաղտնիքը: Ինչպե՞ս հայկական էլիտան մեզ համար շրջադարձային որոշումներ կայացրեց՝ 301-ին ընդունելով քրիստոնեությունն իբրև պետական կրոն, իսկ 405 թ. ստեղծելով սեփական գրերը: Ինչպե՞ս Կիլիկիայում հաստատված գաղթականները ոչ միայն համախմբեցին հայկական համայնքը, այլև վերաստեղծեցին Հայկական պետականությունն ու դարձան աշխարհի ամենահզոր առևտրական պետություններից մեկը: Ինչո՞ւ դարերով՝ 1045-ից, կամ Կիլիկիայի անկումից՝ 1375-ից մինչև 1918-ը, չունենալով պետականություն, չվերացանք պատմության թատերաբեմից: Ինչո՞ւ ընկավ Կարսը և կործանվեց Առաջին հանրապետությունը: Ի՞նչ տվեց մեզ Խորհրդային Հայաստանի ընթացքը:

Այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասխանների փնտրտուքն է միգուցե այն տոկունության գաղտնիքը, որը մեզ թույլ է տվել ապրել ու հասնել մինչև 21-րդ դար՝ կորուստներով, անասելի զոհերով, տագնապներով լի, սակայն ապագային նայելու ունակությամբ ու վճռականությամբ: Դեռ երբեք մենք այսքան մոտիկից չեն զգացել պատմական իրադարձությունները և գիտակցել դրանք։ Պատմությունը մեր կողքին է:

 

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team