«1970-ի աշխատանքային հերթական օրվա առավոտյան՝ ես, որ նոր էի ընդունվել պրոֆեսոր Ռոբերտ Ավագյանի լաբորատորիա, ականատես եղա «վանդալիզմի»: Խմբի պահեստարանը գիշերը ենթարկվել էր հարձակման, ջարդված սեյֆից անհետացել էր ադամանդյա բյուրեղը, որը միակն էր Ֆիզիկայի ինստիտուտում: Հետո պարզվեց, որ այս ամենի նախաձեռնողը Արտեմի Ալիխանյանն էր. գիշերով նրա մոտ միտք էր ծագել դիտել անցումային ճառագայթումը ադամանդի բյուրեղի վրա…»,- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի տնօրենի խորհրդական Սարգիս Թառոյանը այս դրվագը համարում է ամենատպավորիչը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում:

Երևանի Հալաբյան-Ալիխանյան եղբայրներ փողոցների խաչմերուկը բնակիչներն անվանում են «Ֆիզիկայի խաչմերուկ»: Եթե երիտասարդների համար ֆիզիկան առաջին հերթին ասոցացվում է հենց այս խաչմերուկի հետ, ապա ավելի տարիքով բնակիչները լավ են հիշում տարիները, երբ ինստիտուտի համբավը թնդում էր ողջ ԽՍՀՄ տարածքում: Խաչմերուկից մի փոքր ներքև ԵրՖԻ-ի հսկայական տարածքն է՝ կանաչապատ բակով։ Շենքին նայելով հազիվ թե հնարավոր լինի կռահել, թե հատկապես ինչի է ծառայում այն, միայն «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ցուցանակն է, որ ակնարկում է ներսում տեղի ունեցողի մասին:

Արտեմի Ալիխանյանի անմիջական ղեկավարությամբ ռենտգենյան անցումային ճառագայթման փորձարարական հետազոտություններն ու դրանց հիման վրա ստեղծված մասնիկների դետեկտորները մինչև օրս լայնորեն կիրառվում են տարբեր գիտափորձերում: Հենց Ալիխանյանի ջանքերով է հաջողվում ինստիտուտում արագացուցիչ կառուցել ու գործարկել այն։ Պատկերացնելու համար վերջինիս կարևորությունը, բավական է միայն նշել, որ աշխարհում քիչ՝ միայն զարգացած երկրները կարող են իրենց նման «շքեղություն» թույլ տալ: Ինստիտուտի գիտական բոլոր ձեռքբերումները թվարկել չի լինի, Տիեզերական ճառագայթների բաժանմունքի երիտասարդ գիտնական Հռիփսիմե Մկրտչյանը տեղին էլ չի համարում փորձել դասակարգել բոլոր նվաճումները։ «Թերևս որպես երիտասարդ գիտնական, որն աշխատում է Տիեզերական ճառագայթների բաժանմունքում, կուզենամ նշել Արագած լեռան լանջին Ալիխանյան եղբայրների կողմից Տիեզերական ճառագայթների բարձրադիր կայանի կառուցումը, որտեղ կատարվող հետազոտությունները մինչև օրս հսկայական ներդրում ունեն ոչ միայն տարրական մասնիկների ֆիզիկայում, այլև ամպրոպների ուսումնասիրության և կայծակի առաջացման առեղծվածը լուծելու հարցում»,- ասում է Հռիփսիմեն։

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Անի Աբրահամյանը, որը նաև ԱՄՆ Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր է, երկուսուկես տարի է, ինչ գլխավորում է գիտական այս հաստատությունը։ Ինստիտուտի առջև ծառացած խնդիրները շատ են, փորձում են քայլ առ քայլ հաղթահարել դրանք, համագործակցել միջազգային տարբեր կառույցների ու ամենակարևորը՝ պետության հետ: Ֆիզիկայի ինստիտուտում ամենուրեք Խորհրդային Միությունը հիշեցնող իրեր կան, այնինչ հսկա այս տերությունը վաղուց է փլուզվել, աշխարհի գիտական լաբորատորիաները նորագույն սարքավորումներով են համալրվել: Միայն մի փոքրիկ միջանցք կա, որը վերանորոգվել է Անի Աբրահամյանի հանձնարարականով, ինչից հետո նրան մեղադրում են, որ անիմաստ գումարներ է ծախսում նորոգումների վրա: Բայց ինչպե՞ս երիտասարդին բերել ինստիտուտ ու հպարտանալով ասել, թե այստեղ Հայաստանի ապագան է, եթե ինստիտուտում ավելի շատ անցյալի վկայություններ կարելի է տեսնել: «Ես, լինելով միջուկային ֆիզիկոս, եկա Հայաստան, որ առաջին հերթին աշխատեցնեմ ցիկլոտրոնը, որի գործարկումը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Տարածաշրջանում ցիկլոտրոն ունի Թուրքիան, Իրանը, բայց Վրաստանում չունեն, ու մեր քննարկումների արդյունքում հասկացանք, որ ցանկություն ունեն գնել մեզնից»,- պատմում է Աբրահամյանը:

Անի Աբրահամյանի կարծիքով պետության ներդրումը գիտության մեջ շատ փոքր է, բայց գիտությունը պետք է մեր տնտեսությանը, և տնտեսությունը, ներդրողները պիտի օգնեն գիտությանը, այլապես այն նույն տեղում է դոփելու կամ ծանր, դանդաղ քայլերով է առաջ գնալու՝ ի հաշիվ գիտնականների նվիրվածության:

«Խորվաթիայում, որը մեր պետության նման փոքր երկիր է, գիտության մակարդակը նույնն էր՝ խարխլված ու քանդված։ Այսօր նրանք ստանում են հսկայական գումարներ իրենց կառավարությունից տարբեր գիտափորձերի ու հետազոտությունների համար: Պետությունը ստանձնեց այդ պատասխանատվությունը՝ հանել գիտությունը ճահճից,- ասում է տիկին Աբրահամյանն ու հակադարձում մեր օրինակով,- Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որը երեք հարյուր աշխատակից ունի, տարեկան ստանում է մեկուկես միլիոն դոլար, որի 80%-ը աշխատավարձ է. սրանով գիտություն չես զարգացնի»:

Խորվաթիայի փորձի մասին Համաշխարհային բանկի զեկույցը ստորև:

Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը շտապում է ցույց տալ աշխատավարձերի չափը՝ ձեռքով փակելով աշխատակիցների անուն-ազգանունները: Ասում է, որ ամաչում է, երբ տեսնում է ականավոր գիտնականի անվան դիմաց գրված թվերը՝ 100.000, 120.000, 150.000 դրամ: Կան գիտնականներ, որոնց անվան դիմաց գրված է 25.000 դրամ՝ գիտական աստիճանի հավելավճարն է։

«Ցանկացած խանութի աշխատող ավելի շատ է վաստակում, քան գիտնականը: Ես փորձում եմ երիտասարդներին ավելի շատ վճարել, որովհետև իրենց պիտի ներգրավել, բայց այդ պարագայում էլ մի այլ պատի եմ դեմ առնում՝ հասուն գիտնականները նեղանում են, որ շատ եմ վճարում երիտասարդին: Ես էլ վատ եմ զգում, որովհետև ամոթ է, որ աշխարհով մեկ հայտնի գիտնականին այդքան վճարենք։ Բայց ուրիշ ճար չունեմ՝ մեզ պետք են երիտասարդ, թարմ ուղեղով գիտնականներ, իսկ նրանց պետք է շահագրգռել»,- ասում է ինստիտուտի տնօրենը:

Երիտասարդ գիտնական Հռիփսիմե Մկրտչյանը արտերկրում աշխատելու մի քանի առաջարկ արդեն մերժել է: Մինչ այս նա աշխատել է Բաթհի և Ռիդինգի համալսարաններում, այժմ էլ Եվրոպայում աշխատելու առաջարկներ ունի, բայց չի շտապում ընդունել, թեև համաձայն է՝ գիտնականի աշխատավարձն իսկապես ցածր է մեր երկրում: «Գիտության դերի բարձրացումն ու արժևորումը կտա իր ցանկալի արդյունքը: Երբ գիտնականի դերը արժևորվի, երբ հասկանան, թե ինչի համար է գիտությունը, որքան օգուտ կարող է այն տալ տնտեսությանը, այդ ժամանակ էլ աշխատավարձը կբարձրանա»,- ասում է Հռիփսիմեն ու ավելացնում, որ տեխնիկական կրթություն ունեցող մասնագետները պահանջված են բոլոր ոլորտներում՝ բանկային համակարգից մինչև ծրագրավորում:

Երիտասարդ գիտնականի պնդմամբ՝ աշխարհի զարգացած երկրներում տնտեսությունն ու գիտությունը համընթաց են քայլում. ներդրումներ են պետք գիտահետազոտական հաստատություններում, պետք է ստեղծել ու բարելավել ենթակառուցվածքները, հետո սպասել մի փոքր ու արդյունքը չի ուշանա. «Երեխաների մեջ գիտության հանդեպ հետաքրքրություն արթնացնելով կլուծենք մեկ կարևոր խնդիր ևս՝ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորող ուսանողների թվի աճ, ինչը վերջին տարիներին երազանքի պես բան է»։

Տիեզերական ճառագայթների բաժանմունքը, որտեղ աշխատում է Հռիփսիմեն, զբաղվում է նաև ամպրոպների ժամանակ էլեկտրական դաշտերի, օդերևութաբանական պարամետրերի և մասնիկների հոսքերի փոփոխությունների ուսումնասիրությամբ։ Այս հետազոտությունների կարևորությունը գիտնականը բացատրում է նրանով, որ մեր տարածաշրջանում շատ են կարկտահարության դեպքերը, իսկ հետազոտությունները թույլ կտան կանխել դրանք։ «Եթե չկա հետազոտություն, չկա նաև պատասխան, թե ինչպես խուսափել դրանցից, իսկ մեր երկրում, որտեղ կարկտահարությունները լրջագույն խնդիր են ու տնտեսական վնասներ են հասցնում, նման հետազոտություններ պետք են։- Սրանով, սակայն, չեն սահմանափակվում.- Կա ևս մեկ խնդիր, որով մոտ ապագայում զբաղվելու ենք՝ ճառագայթման ֆոնի ուսումնասիրությունը Հայաստանի տարածքում։ Ունենալով ատոմակայան, մեզ պիտի հարց տանք, թե արդյոք մենք գիտենք, թե ինչ ճառագայթում կա կայանի տարածքում կամ թշնամու սահմանների մոտ»։

Գիտնականների ավագ սերունդը ժպիտով է հիշում տարիները, երբ ինստիտուտը չորս հազարից ավելի աշխատակից ուներ: Ըստ դոկտոր Ամուր Մարգարյանի՝ ինստիտուտի հիմնադրումը թույլ տվեց Հայաստանին դուրս գալ միջնադարից ու կանգնել առաջադեմ ազգերի կողքին: Ալիխանյան եղբայրները ջանք ու եռանդ չէին խնայում կառույցի հեղինակությունը բարձրացնելու համար: Մարգարյանն առանձնացնում է մի դրվագ, որն ամենից շատն է տպավորվել հիշողության մեջ. «Արտյոմ Ալիխանյանը 6 ԳէՎ էլեկտրոնային արագացուցիչը գործարկելուց հետո անմիջապես ձեռնամուխ եղավ 50 ԳէՎ էլեկտրոնային արագացուցիչի նախագծման աշխատանքներին: Երբ զարմացած աշխատակիցները նշեցին, թե դեռ այս արագացուցիչի վրա չեն սովորել աշխատել ինչպես հարկն է, նա պատասխանեց՝ դուք հանգիստ մնացեք, ես գիտեմ ինչ եմ անում: Համեմատության համար նշեմ, որ նրան հաջորդած ղեկավարությունը՝ նյութական ավելի մեծ հնարավորություններ ունենալով, ոչ մի նոր սարք չավելացրեց Ալիխանյանի ստեղծածին»:

Գիտնականը համարում է, որ Ֆիզիկայի ինստիտուտի առջև ծառացած խնդիրներ ու մարտահրավերներ չկան, դրանք Հայաստանի առջև են ծառացած: Ըստ նրա՝ ինստիտուտ մուտք գործող երիտասարդ գիտնականը չի կարող միայն նվիրվածությամբ ու սիրով առաջնորդվել, նա պետք է կարողանա նաև լիարժեք հոգալ ընտանիքի ծախսերը, իսկ դրա համար գիտնականին վճարել է պետք։ Ընդ որում, Հայաստանում միլիոնատեր գիտնականներ կան, որոնք գիտությամբ չեն զբաղվում, իսկ աշխարհի շատ երկրներում պատկերը այլ է, որովհետև գիտնականի վարձատրությունն է այլ:

Եթե ուզում ենք, որ գիտությունը զարգանա լուրջ տեմպերով, հենարան լինի տնտեսության համար, անհրաժեշտ են ներդրումներ՝ վստահ է Ամուր Մարգարյանը:

Սարգիս Թառոյանը, որի երկրորդ տունն է ինստիտուտը, այս կառույցը համարում է կենսական նշանակություն ունեցող՝ մատնանշելով լաբորատորիայի սերտ համագործակցությունը երկրի գիտատեխնիկական և կրթական այլ հաստատությունների հետ, լայն մասնակցությունը միջազգային գիտական նախագծերին, ԱՄՆ և Եվրոպայի արագացուցչային համալիրներում համատեղ գիտափորձերը, ժամանակակից փորձարարական սարքավորումների նախագծումը։ Այս ամենը ամենաարդյունավետ և ամենաուղիղ ճանապարհն է համաշխարհային գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները ազգային նախագծերի մեջ ներմուծելու համար։ «Սա եզակի գիտահետազոտական ենթակառուցվածքներ ունեցող կազմակերպություն է,- հպարտությամբ է շեշտում գիտնականը,- որը գիտության և գիտատար տեխնոլոգիաների զարգացման ուղիներ է առաջարկում ժամանակակից ֆիզիկայի տարբեր բնագավառներում: Ինստիտուտի գիտնականներն ակտիվորեն աշխատում են տարրական մասնիկների, միջուկային ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների հետազոտությունների բնագավառներում՝ կատարելով հետազոտություններ ամենաարդիական ուղղություններով»:

Թառոյանը հստակեցնում է, որ ինստիտուտը պատրաստ է համագործակցել բոլոր բնագավառների շահառուների հետ, այդ թվում պաշտպանական։ Գիտնականը, որ հրաժարվել է արտերկրում գիտությամբ զբաղվելու բոլոր առաջարկներից ու կարծում է, որ զարգացած լաբորատորիաները տարբերվում են միայն նորագույն սարքավորումների հագեցվածությամբ, երազում է, որ մի օր, աշխարհի շատ նմանատիպ կառույցների նման, Ֆիզիկայի ինստիտուտը ևս կդառնա հետազոտական համալսարան:

«Հետազոտական համալսարանները կառույցներ են, որոնք բավական հաջողությամբ կարողանում են ինտեգրել գիտությունը, կրթությունն ու արտադրությունը: Նրանք անմիջապես գիտություն-կրթություն կապն են ապահովում, կարգավորվում է գիտություն-կրթություն-արտադրություն շղթան: Ֆիզիկայի ինստիտուտի հիման վրա հետազոտական համալսարանի ստեղծումն ուղղակի ռազմավարական նշանակության նախաձեռնություն է Հայաստանի համար։ Դա թույլ կտա ներարկել ձեռնարկատիրական ոգին կրթության և հետազոտության մեջ, զարգացնել փոխներգործությունը կրթության և հետազոտության ընթացքում՝ թափանցիկ ու դինամիկ  միջավայրում»,- վստահ է Թառոյանը:

Ինչպես Ա. Ի. Ալիխանյանն օգնեց «դիսիդենտ Կարապետին»

(Սարգիս Թառոյանի հուշերից)

«Ակադեմիայի մեր սենյակներում շատ հաճախ տեսնում էինք դիսիդենտ Կարապետին, որը նոր էր ազատվել սովետական հոգեբուժարանից և անընդհատ փնտրում էր ֆիզիկոսների, որոնք կօգնեին իրեն ազատվել ճառագայթումից, որը ԿԳԲ-ն էր կազմակերպում: Նրան ոչ մի բան չէր օգնում – ո՛չ կապարե թիթեղները, ո՛չ բնակարանը և դիրքը փոխելը: Տեսնելով, որ Կարապետը հուսահատության մեջ է, մեր զվարճասեր տղաները նրան խորհուրդ տվեցին դիմել Ալիխանյանին, որը այդ օրը սեմինարի պիտի գար: Արտյոմ Իսակիչը ուշադիր լսեց Կարապետին և իմանալով, որ մահճակալը երկաթից է, խորհուրդ տվեց հողակցել այն: Հաջորդ առավոտյան հայտնվեց Կարապետը՝ երջանիկ դեմքով՝ ասելով, որ ճառագայթումը լրիվ կտրվեց»:

Համավարակի այս օրերին ևս Ֆիզիկայի ինստիտուտը շարունակում է նույն տեմպով աշխատել, քննարկումներ կազմակերպել միջազգային գործընկերների հետ՝ որովհետև գիտությունը, անկախ ամեն ինչից, պարապ մնալու ժամանակ չունի։

Այլ հայերեն հոդվածներ

Կրճատվող աշխատատեղեր, փողոցում հայտնվելու հեռանկար. համաճարակի հետևանքները

Երբ Հայաստանում COVID-19 համաճարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց, շատ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Նրանցից շատերը չգրանցված աշխատողներ էին և այսօր ավելի խոցելի են, քան երբևէ:

Կորոնավիրուսից հետո կյանք կա՞․ կորոնային հաղթածները

COVID-19-ը շարունակում է տարածվել Հայաստանով մեկ՝ հետևում թողնելով ֆիզիկական և հուզական սպիներ: Գոհար Աբրահամյանը հավաքագրել է վարակի հետ կյանքի և մահվան կռիվ տված, վերակենդանացման բաժանմունքից տուն և նոր կյանք վերադարձածների փորձառությունները:

Երեխաները սեռական ոտնձգությունների թիրախում. մտահոգություններ և անվտանգ միջավայրի փնտրտուք

Այս տարվա մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան, որը հայտնի է որպես Լանզարոտեի կոնվենցիա։ Կոնվենցիայի վավերացումը քրեական պատասխանատվությունից բացի ենթադրում է տուժածների և նրանց ընտանիքների աջակցության ծրագրեր և հանցանքի կանխարգելման աշխատանքներ:

Համավարակն ավելի խոցելի է դարձրել ընտանեկան բռնության զոհերին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներում տեղաշարժի խիստ սահմանափակումներ մտցվեցին, ամենուր տանը մնալու կոչեր էին: Կարճ ժամանակ անց առաջին հայտարարությունները եղան ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Հայաստանում,2019 թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը քննվել է ընտանեկան բռնության 56 դեպք, որից 53-ը ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն է եղել:

Տեղեկատվական տեխնոլոգիաները և հանրակրթությունը Հայաստանում

Հայաստանում արդեն երեք շաբաթ հեռավար ուսուցման տարբեր ձևաչափեր են կիրառվում։ Ի՞նչ գիտենք Հայաստանի հանրակրթության համակարգում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման մասին։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team