Read in English
Երեխաները սեռական ոտնձգությունների թիրախում. մտահոգություններ և անվտանգ միջավայրի փնտրտուք
«Ես 5-6 տարեկան էի, գյուղից մեր հայաթի փոքրիկ տուն տնվոր եկավ: Կին, երեխաներ ուներ: Հիմնականում միջնեկ տղայի հետ էր մնում: Մոտ 3 տարի ապրելուց հետո էս տղան (երևի 23 տարեկան կլիներ այդ ժամանակ) սկսեց ինձ ձեռք տալ, կպչել, անգամ եղել է, որ սեղմել է ինձ իրեն, որ անասնական կրքերը բավարարի: Էդպես մոտ 2 տարի...»,- պատմում է 20-ամյա Նաիրան: Հարցին, թե ինչու էր հենց ինքը նրա թիրախում հայտնվել, պատասխանում է. «Դե երևի որ ավելի մոտ էի, փոքր, միամիտ էի: Նաև մեր նկուղ գնալիս իրենց տան դիմացով էի գնում ու մի քիչ փակ տարածքներ էին»: Այս դեպքը լիովին փոխել է Նաիրայի առօրյան դեռահասության տարիներին. «Ես էդ վախերից՝ որ կկպնի, դեպրեսիայի մեջ էի ընկել: Մինչև 15 տարեկանս տնից դուրս չեմ եկել՝ բացի դասի գնալը: Անգամ որ ինքը հայաթում էր, ես վախենում էի հայաթ իջնեի»:
«Որ ինքը կպնում էր, ես վախենում էի, որ տանեցիներից մեկը կիջներ ու կտեսներ, ու ինձ կմեղադրեին: Բայց ես անզոր էի»,- Նաիրան հիմա է մտածում, որ օգնության միակ տարբերակը թերևս ծնողներին պատմելն էր, չնայած մինչ օրս լռել է։
«Ամենաառաջինը՝ մոր ու աղջկա մեջ պիտի լինի ջերմ ու շատ սերտ կապ: Ու մայրը պետք է ուշադիր լինի աղջկա պահվածքին»,- ասում է Նաիրան ու հավելում, որ 6-7 տարեկան երեխան պետք է իմանա ինչ անել նման դեպքերում՝ զոհ չդառնալու համար:
Սեռական բնույթի մի շարք արարքներ քրեականացված չեն
ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) EVN Report-ին փոխանցած տվյալների համաձայն՝ կոմիտեում 2016-ին քննվել է 200 քրեական գործ, որից 88-ը սեքսուալ բնույթ է ունեցել։ 2017-ին քննված 265 քրեական գործից սեքսուալ բնույթի է եղել 99-ը, 2018-ի 317 քրեական գործից՝ 76-ը և 2019-ի 360 քրեական գործից՝ 91-ը[1]։
Այսպիսով, քննված գործերի շուրջ 30%-ը սեքսուալ բնույթի հանցագործություններ են: Այդուհանդերձ, պետք է նշել, որ այս հանցագործությունները լատենտային (թաքնված) բնույթ ունեն և ոչ բոլոր դեպքերն են բացահայտվում: Կարևոր է նաև այն, որ մի շարք արարքներ հայաստանյան օրենսդրությամբ հանցագործություն չեն գնահատվում, այն դեպքում, երբ որպես այդպիսիք գնահատվող արարքների համար (Քրեական օրենսգրքի 138-142 հոդվածներ) նախատեսվում են բավական խիստ պատիժներ՝ անգամ մինչև 15 տարվա ազատազրկում:
Նշենք, որ այս տարվա մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Լանզարոտեի կոնվենցիա։ Մինչ այս՝ մարտի 31-ին, Սահմանադրական դատարանի որոշմամբ դեռևս 2010 թվականին ստորագրված կոնվենցիան համապատասխանող էր ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը։ Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո նախատեսվում են օրենսդրական մի շարք փոփոխություններ։
15-ամյա աղջկան ֆեյսբուքյան «Անհայտ արվեստագետ» օգտատերը 2017 թ. հունիսին պոռնկագրական լուսանկարներ էր ուղարկել, սեքսուալ թեմաներով զրույցներ վարել: Դատարանում ամբաստանյալ Ա.Ն.-ն ընդունել էր մեղքը և միջնորդել արագացված դատաքննություն իրականացնել: 2018 թ. մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, Ա.Ն.-ին ճանաչել էր մեղավոր՝ ինտելեկտուալ անառարակաբարո գործողություններ կատարելու համար, և դատապարտել 2 տարվա ազատազրկման:
Երեխաներն անպաշտպան են՝ համակարգիչ ու հեռախոսներ օգտագործելիս
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երբ դասերը սկսեցին հեռավար կազմակերպվել, երեխաներն ավելի համակարգված հայտնվեցին ինտերնետին միացված էկրանների առաջ։ «Չկա որևէ հետազոտություն, թե այս ընթացքում երեխաները ինչ խնդիրների առնչվեցին, վտանգներ կա՞ն, թե ոչ: Տեխնոլոգիաների օգտագործման տեսանկյունից երեխաները պաշտպանված չեն»,- ասում է Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավախորհրդատու, փաստաբան Մերի Խաչատրյանը։
Ընդ որում, վերջին շրջանում ավելանում են համացանցի միջոցով երեխաների հանդեպ սեռական ոտնձգության դեպքերը։ Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը օրինակ է բերում սեռական հետամտումը (grooming), որը հանցագործություն չի համարվում հայաստանյան օրենսդրությամբ. «Քրեորեն պատժելի են անառակաբարո գործողությունները, երբ երեխայի նկատմամբ կոնկրետ սեռական գործողություններ են կատարվում կամ տեղեկություն են տրամադրում, իսկ հետամտումը կարող ենք դիտարկել որպես դրա նախապատրաստական մասը: Օրինակ, երեխային նամակներ ուղարկելը, որոնք չեն պարունակում անառակաբարո գործողություններ, սակայն ունեն ակնհայտ սիրային ենթատեքստ, կամ երեխային հպվելը սեռական նպատակով, որովհետև անառակաբարո գործողությունների դեպքում պարտադիր պայման է, որ հպումը լինի սեռական օրգաններին»:
Լանզարոտեի կոնվենցիայից է բխում նաև, որ քրեական պատասխանատվություն սահմանվի մինչև 18 տարեկան անձի կողմից մատուցող սեռական ծառայությունից օգտվողների համար: Դ. Թումասյանի խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ 16 տարեկանից անձը ձեռք է բերում սեռական ազատություն, սակայն եթե 16 տարեկանը սեռական ծառայություններ է մատուցում, ապա դրանից օգտվողին պատիժ է հասնում, եթե երեխան այդ ծառայությունը մատուցում է հարկադրաբար՝ սեռական շահագործման ենթարկվելով։ Կոնվենցիան պահանջում է, որ այդ արարքը համարվի պատժելի՝ անկախ հարկադրված լինելուց՝ միայն 18 տարին չլրացած լինելու հանգամանքի փաստով:
Հատված դատավճռից. «Տ.-ն 2011 թ. հոկտեմբերի 14-ին իր բարեկամներին տեսակցելու նպատակով գնացել է Գյումրի քաղաքի ... տնակ: Տնակում եղել է միայն հորեղբոր անչափահաս աղջիկը (14 տարեկան): Փորձել է համբուրել նրան, սակայն վերջինս թույլ չի տվել և մի կողմ է հրել: Տ.-ն նրա կամքին հակառակ, ֆիզիկական բռնություն գործադրելով, գցել է գետնին, որից հետո քաշելով բռնի ուժով պառկեցրել է բազմոցին, մերկացրել է, մերկացել է նաև ինքը և փորձել է բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունենալ: Վերջինս դիմադրել է, գոռգոռացել է, բղավելով օգնության կանչել: Օգնության կանչերից տնակ են եկել հարևանությամբ բնակվողները։ Տ.-ն դիմել է փախուստի:
Տ.-ն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման»:
Քիմիական ստերջացման հարցը կարող է օրակարգային դառնալ
Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը ենթադրում է տուժած երեխաների և նրանց ընտանիքների աջակցության որոշակի պետական ծրագրեր (ֆիզիկական առողջացման և հոգեբանական-սոցիալական վերականգման ուղղությամբ) և հանցանքի կատարումը կամ կրկնակատարումը կանխելու ուղղությամբ աշխատանքներ՝ հանցագործի կամ պոտենցիալ հանցագործի հետ:
«Օրինակ, կարող է լինել սեռական հանցագործություն կատարած անձանց հոգեբանական աջացություն կամ այլ աշխատանք, որպեսզի անձը ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո չվերադառնա հասարակություն և շարունակի իր «գործունեությունը» ազատության մեջ»,- ասում է Դավիթ Թումասյանը: Նա պատմում է, որ դեռևս 2011 թվականին, երբ շրջանառվում էր երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փոփոխությունների նախագիծը, քննարկվում էր նաև որպես բժշկական հարկադրանքի միջոց՝ հանցագործի հանդեպ քիմիական ստերջացում կիրառելու հարցը: Սակայն այս դրույթը չընդունվեց և պատճառաբանություններ էին լինում, թե դեռ Լանզարոտեի կոնվենցիան վավերացված չէ: Այժմ, երբ կոնվենցիան վավերացված է, հավանական է, որ հարցը կրկին հայտնվի օրակարգում։ «Արդեն կլինեն հիմքեր, որ նրա հետ հոգեբան պետք է աշխատի, հարկ եղած դեպքում քիմիական ստերջացման կենթարկվի, կարվի այնպես, որպեսզի լինի անվտանգ միջավայր երեխաների համար»,- նշում է Դ. Թումասյանը:
Կարևոր է, որ պետությունն ապահովի երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց ինքնության և գենետիկ կոդի (ԴՆԹ) վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու պահպանումը: Նման տվյալների հիման վրա այս անձանց կարգելվի երեխաների հետ շփում ենթադրող աշխատանք անել:
«Երբ որևէ մասնագետ ընդունվում է աշխատանքի, պետք է ստուգվի, թե արդյոք նա երեխաների նկատմամբ նախկինում հանցագործություն չի կատարել և դատապարտվել: Մեր օրենսդրության մեջ նման պահանջ չկա: Եվ հիմա, երբ վավերացրել ենք [կոնվենցիան], կարծում եմ, շուտով այդպիսի փոփոխություն կլինի»,- EVN Report-ի հետ զրույցում նշում է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով շուրջ 18 տարի զբաղվող փորձագետ Էդուարդ Իսրայելյանը:
Հանցագործների մասին տվյալները հասանելի կարող են լինել ոչ միայն Հայաստանում, դրանք կարող են փոխանակվել նաև կոնվենցիան վավերացրած 46 պետությունների միջև։
Հատված դատավճռից. «Գ.-ն 2010 թվականի մայիսին «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով ծանոթացել է իրենց թաղամասի բնակչուհի, անչափահաս՝ 15-ամյա Ա.-ի հետ, այնուհետև սկսել են շփվել նաև հեռախոսով: Գ.-ն հանդիպումներ է ունեցել նրա հետ, սեր խոստովանել և ամուսնության խոստումներ տվել: Նույնիսկ մի քանի անգամ, սուրճ հյուրասիրելու պատրվակով նրան հրավիրել է հյուրանոց, որտեղ ժամանակավորապես բնակվել է: 2010 թվականի մայիսի 25-ի լույս գիշերը, Գ.-ն հերթական անգամ Ա.-ին հրավիրել է հյուրանոցի իր սենյակ, ապա առաջարկել է տարբեր ոգելից խմիչքներ, սակայն երբ վերջինս հրաժարվել է, նա զրույցի ժամանակ սկսել է սեր խոստովանել և, անսպասելիորեն հարձակվելով նրա վրա, սկսել է համբուրել: Այնուհետև, երբ անչափահասը ցանկացել է դիմադրել, Գ.-ն նրան հրելով գցել է անկողնու վրա և բռնաբարել է նրան:
Հաջորդող օրերին Ա.-ից պահանջել է իրեն հանձնել ընտանիքի անդամներին պատկանող ոսկյա զարդերը, սպառնալով հակառակ դեպքում նրան ճանաչողներին պատմել իրենց հանդիպումների և օրեր առաջ նրա հետ ունեցած սեռական հարաբերության մասին: Ա.-ն ընտանիքի անդամներից գաղտնի, ստիպված Գ.-ին է հանձնել 1.700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, որոնք վերջինիս կողմից շորթմամբ հափշտակվել են:
Գ.-ն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման»:
Երեխաները կրկին ու կրկին չեն հարցաքննվի
Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը EVN Report-ի հետ զրույցում նշում է, որ դեռևս 2016-ին կենտրոնի կողմից կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական բռնության զոհ երեխան հաճախ կրկնակի զոհ է դառնում հետագայում։
«Պարզվեց, որ երեխան, զոհ լինելով հանդերձ, կրում է սոցիալական նեգատիվ ազդեցություն. որոշ ծնողներ սկսում են մեղադրել երեխային, շրջապատում սկսում են՝ վա՛յ, քեզ բռնաբարել են... Շատ հաճախ ծնողը փորձում է դատական պրոցեսի մեջ չմտնել, էդ ամեն ինչը հնարավորինս լատենտ անցկացնել: Եթե լինում է հղիություն, ապա դեպքը հաճախ հանրայնացվում է, և այդ երեխայի ճակատագիրը խաթարվում է»,- նշում է Գ. Հովակիմյանը:
Կոնվենցիայով պետությունը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու այս երեխաների անձնական կյանքի, ինքնության գաղտնիությունը և թույլ չտալ ցանկացած տեղեկատվության հրապարակայնացում, որը կարող է հանգեցնել նրանց ինքնության բացահայտմանը:
Տուժած երեխաները կրկնազոհացվում են նաև դատաիրավական համակարգի հետ շփվելիս, երբ կատարված հանցագործության մասին պատմում են ոստիկանին, քննիչին, փորձագետներին, դատարանին: Էդուարդ Իսրայելյանի խոսքով՝ կա միջազգային պրակտիկա, երբ երեխան մեկ անգամ ցուցմունք է տալիս, որը տեսաձայնագրվում է և երեխաներին նորից հարցաքննելու փոխարեն արդեն ուսումնասիրվում է տեսանյութը:
Կոնվենցիայից բխում է նաև, որ երեխայի հետ հարցազրույցները լինեն հնարավորինս քիչ և անցկացվեն խիստ անհրաժեշտության դեպքում, անգամ դատարանի դահլիճում նրան լսեն հեռակա կարգով՝ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հատված դատավճռից. «Ա.-ն 2009 թ. մայիսին գնացել է հորաքրոջ տուն՝ այնտեղ միայնակ մնացած հորաքույրների դուստրերի անվտանգությունն ապահովելու համար: Նույն գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Ա.-ն, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, օգտվելով վերոնշված անձանց քնած լինելու հանգամանքից, պառկել է կողքի մահճակալին քնած, անչափահաս Մ.-ի կողքին, ապա ակնհայտ տեղյակ լինելով նրա անչափահաս լինելու մասին և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինս գտնվում է անօգնական վիճակում ու հաշվի առնելով նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, ինտելեկտուալ և անձնային զարգացման բնույթը, որի հետևանքով զրկված է դիմադրություն ցույց տալու կարողությունից, սեռական հարաբերություն է ունեցել:
Ա.-ն դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման»:
Մտահոգություններ. երեխաների կրթությունը
Մասնագետները մտահոգիչ են համարում կոնվենցիայի 6-րդ կետը, որը վերաբերում է երեխաների ուսուցմանը. «Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»։ (Ընդգծված է մտահոգություն առաջ բերող հատվածը.- հեղ.)։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշում է, որ կոնվենցիան, ընդհանուր առմամբ, դրական գործիք է՝ բացառությամբ վերոշարադրյալ հոդվածի: Դեռևս մայիսի 21-ին Զոհրաբյանի նախաձեռնությամբ հրապարկվեց վարչապետին ուղղված հանրագիր, որում նշվում է, որ բացասական հետևանք կարող է ունենալ մինչև 12 տարեկան երեխայի (մինչև արբունքի շրջան հասնելը) հետ սեռական կյանքի մասին ուղղակիորեն խոսելը: Իսկ տարրական կրթության շահառուները 6-10 տարեկան երեխաներն են:
Ըստ Ա. Զոհրաբյանի՝ մտահոգիչ է կոնվենցիայի բացատրական զեկույցի 62-րդ կետը, ըստ որի սեռական շահագործման և սեռական ոտնձգության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի սեռական կրթության համատեքստում. «Սա նշանակում է, որ սեռական կրթություն պետք է լինի: Մինչդեռ մեր պաշտոնյաները ժխտում են՝ նշելով, որ չի լինելու սեռական կրթության առանձին առարկա, կրթության ծրագիր, սեռական դաստիարակություն: Մեզ մոտ հարց է առաջանում և շատ բնական, այդ դեպքում ինչպես է կատարվելու կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը՝ բացատրական զեկույցի 62-րդ կետի մեկնաբանման պարագայում»։ Զոհրաբյանի խոսքով՝ պաշտոնյաներն ուղիղ չեն ասում, որ տարրական կրթության ժամանակ սեռական կրթություն չի լինելու:
Հիշյալ հանրագրում հղում է արվում սեռական կրթության չափորոշիչների միջազգային փաստաթղթերի, որոնց համաձայն 6-10 տարեկան երեխաներին սեռական կյանքի վերաբերյալ անընդունելի մանրամասնությամբ տեղեկություններ պետք է տրամադրվեն: Ա. Զոհրաբյանը մտահոգություն ունի, որ հենց այս չափորոշիչներն էլ կարող են պարտադրվել Հայաստանին:
«Ես նման մտահոգություն ընդհանրապես չունեմ»,- նշում է Էդուարդ Իսրայելյանը և հավելում, որ նախ Հայաստանը պարտավորված չէ մեկ այլ երկրի կամ կազմակերպության չափորոշիչները կիրառել, և հետո Հայաստանում կիրառվող բոլոր ուսումնական նյութերը մշակվում են պետության կողմից:
«Ես ինքս Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների պաշտպանության ղեկավար կոմիտեի փոխնախագահն եմ և գիտեմ, թե Եվրոպայի խորհուրդն ինչպես է աշխատում: Նախ՝ Եվրոպայի խորհրդի բոլոր փաստաթղթերը մշակվում են երկրների ներկայացուցիչների կողմից, հետո մշակված փաստաթուղթը փոխանցվում է ԵԽ նախարարների կոմիտե, քվեարկվում է մասնակից երկրների նախարարների կողմից, և դա ընդունվում է 100 տոկոսանոց կոնսենսուսով: Այսինքն, եթե մեկ երկիր ինչ-որ մի ձևակերպման հետ չի համաձայնվում, ապա փաստաթուղթը չի ընդունվում և կարող է ամիսներով, նույնիսկ տարիներով քննարկվել, մշակվել: Եվ սա հիմք ընդունելով՝ կարող ենք վստահաբար ասել, որ գոնե Եվրոպայի խորհրդի ինչ-որ մի փաստաթուղթ չի կարող ունենալ վիճահարույց դրույթներ, քանի որ նաև մեր երկրի համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձն է քվեարկել դրա համար»,- նշում է Էդ. Իսրայելյանը:
Իրավապաշտպան Մերի Խաչատրյանի և մյուս փորձագետների մտահոգությունը կապված է կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառման հետ. «Ամենամեծ խնդիրը սեռական կրթության մատուցման ձևն ու բովանդակությունն է: Միանշանակ Հայաստանը պետք է լուրջ ու ծանրակշիռ մասնագետներ ներգրավվի, որ աշխատեն այդ նյութի վրա»:
«Այս հոդվածի իմպլեմենտացիայի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չափից շատ անելիքներ ունի և շատ զգույշ պետք է լինի այդ գործընթացում»,- նշում է փաստաբան Դավիթ Թումասյանը:
Կրթության նախարարությունը մտահոգությունների վերաբերյալ
«Ես Ձեզ պաշտոնապես ասում եմ, որ որևէ ուղեցույցի ընդունում կոնվենցիան մեզ չի պարտադրում, և մենք մտադիր չենք ընդունել որևէ ուղեցույց՝ անկախ նրանից, թե դա որ կառույցների կողմից հաստատում ունի: Մենք ունենք ազգային կրթական համակարգ, մենք ունենք մեր ազգային չափորոշիչը և մենք պատրաստվում ենք այսուհետ ևս առաջնորդվել այն մեթոդաբանությամբ և ուղեցույցներով, որոնք կմշակվեն մեր ազգային կրթական համակարգի համար»,- EVN Report-ին ասում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարը նշում է, որ առաջիկայում հանրային քննարկման է ներկայացվելու կառավարության որոշման նախագիծ՝ հանրակրթական պետական չափորոշչի վերաբերյալ: Նրա խոսքով՝ հանրակրթության բովանդակության փոփոխությունների ուղղությամբ աշխատանքները սկսվել են շուրջ մեկ տարի առաջ. «Մինչև կոնվենցիայի վավերացումն էլ երեխայի ընդհանուր անվտանգության ապահովման, մեդիագրագիտության բարձրացման բոլոր հարցերը փորձել ենք արտացոլել»:
Ժ. Անդրեասյանը հավաստիացնում է, որ նախագիծը հանրային լայն քննարկման է դրվելու, հաշվի են առնվելու շահագրգիռ բոլոր կողմերի դիրքորոշումները. «Եթե ծնողները, ուսուցիչները կառաջարկեն ավելի լավ ձևակերպումներ, մոտեցումներ, ապա մենք կամրագրենք դրանք: Սա պետք է լինի հանրային լայն կոնսենսուսի և համերաշխության հիման վրա»։ Փոխնախարարը հավելում է, որ այս նախագծում բացակայում է «սեռական կրթություն» արտահայտությունը:
Ենթադրվում է, որ պետական չափորոշչից հետո պետք է մշակվի առարկաների բովանդակությունը: Փոխնախարարը նշում է, որ դեռևս չկա մտադրություն առանձին առարկա ներդնելու, այլ քննարկվում է, թե ինչպես փոխանցել երեխային վտանգից խուսափելու և պաշտպանված լինելու մասին գիտելիք, որը կլինի երեխայի տարիքին համապատասխան, չպարունակի բառապաշար, որը կարող է հակառակ արդյունքը տալ: Քննարկվում են դպրոցում հոգեբանի ծառայությունն ուժեղացնելու, ծնողներին ներգրավելու հարցերը. «Գուցե դպրոցը պետք է օգնի ծնողներին՝ գտնել երեխաների հետ այդ խոսակցությունը տանելու լավագույն ձևը»:
Հ.Գ. Սեռական ոտնձգություններից տուժած անձանց անունները փոխված են կամ նշված չեն:
----------------
Կարդալ նաև
Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։
Հայաստանում թյուրընկալում կա առ այն, որ մենք երեխա սիրող, երեխայակենտրոն հասարակություն ենք: Այն մասին, որ Հայաստանում միայն 2016-2018 թվականներին 30 երեխաների ապօրինի որդեգրման կամ, այլ կերպ ասված, երեխաների վաճառքի դեպքեր են տեղի ունեցել, հայտնի դարձավ միայն 2019 թ.-ի նոյեմբերի 14-ին: Այժմ երբ դեպքերը բացահայտվում են, արդյո՞ք պատրաստ ենք իրական պատկերն տեսնել եւ ընկալել:
Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։
Օրեր առաջ Երևանում 16-ամյա աղջկա խեղդամահ լինելու բոթը տարածվեց ու տոնական սեղանների շուրջ ամենաքննարկվող թեման դարձավ Հայաստանում։ Երեխայապաշտ համարվող Հայաստանում լուրն անմիջապես տարբեր հարթակներում լայն մեկնաբանությունների առիթ դառնալով նախ թիրախավորեց աղջկա վարքագծը: Սակայն սա նորություն չէ հայ հասարակության համար։
Նույն հեղինակի կողմից
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներում տեղաշարժի խիստ սահմանափակումներ մտցվեցին, ամենուր տանը մնալու կոչեր էին: Կարճ ժամանակ անց առաջին հայտարարությունները եղան ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Հայաստանում,2019 թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը քննվել է ընտանեկան բռնության 56 դեպք, որից 53-ը ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն է եղել:
Երբ Հայաստանում COVID-19 համաճարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց, շատ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Նրանցից շատերը չգրանցված աշխատողներ էին և այսօր ավելի խոցելի են, քան երբևէ:
EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: