Օրեր առաջ Երևանում 16-ամյա աղջկա խեղդամահ լինելու բոթը տարածվեց ու տոնական սեղանների շուրջ ամենաքննարկվող թեման դարձավ Հայաստանում։
Սուրբ Ծննդյան առավոտյան ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնեց, թե հունվարի 5-ին' ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել է հաղորդում, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Ավելի ուշ բերման ենթարկվեց 26-ամյա երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպանված աղջկա պլանշետն ու դանակ։ Նշանակվել են դատաբժշկական, կենսաբանական, գենետիկական և այլ փորձաքննություններ։
Երեխայապաշտ համարվող Հայաստանում լուրն անմիջապես տարբեր հարթակներում լայն մեկնաբանությունների առիթ դառնալով նախ թիրախավորվեց աղջկա վարքագծով․ ի՞նչ գործ ուներ դեռահաս տարիքի աղջիկը այդ թանկարժեք համարվող թաղամասում վարձակալված բնակարանում, ի՞նչ կապ ուներ իրենից տասը տարով մեծ տղամարդու հետ, արդյո՞ք նրանց միջև եղել է սեռական կապ թե ոչ, արդյո՞ք աղջիկը ծնողներ չուներ, որ վերահսկեին վարքը։Խեղդամահ եղած երեխայի թարմ դիակի շուրջ ծավալվեց նրա շատ նեղ անձնական կյանքի լայն քննարկում՝ ամենաանկաշկանդ մեկնաբանություններով։
Սակայն սա նորություն չէ հայ հասարակության համար։
Յուրաքանչյուր անգամ, երբ բռնություն է տեղի ունենում, խոսակցությունները ոչ թե ուղղվում են բռնության դատապարտմանը, կանխարգելմանը, այլև հիմնական հնչող հարցն է, թե ինչ էր արել, որ սպանվեց, ու մշտապես ստացվում է, որ սպանվածն ավելի մեծ մեղք ունի, քանի ոճիրը գործողը, որ, ինչպես հայտնի առակում է, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Իսկ հատկապես սոցիալական ցանցերում չէ՞ որ բոլորս մի քիչ ավելի ուժեղ ենք․․․
Հոգեբան, սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի աշխատակից ՍիրանուշԴավթյանը ևս համարում է, որ անգամ այս դեպքը գենդերային հիմքով տեղի ունեցող բռնություններին բնորոշ արձագանք ստացավ, երբ կինն է մեղավոր համարվում։
«Բացի այդ, կրկին առաջ եկան այն կարծրատիպերը, որ բռնության են ենթարկվում հատուկ տիպի մարդիկ, հատուկ ընտանիքներին է այդ ամենը հարիր և այլն։ Մինչդեռ, երբ արդարացվում է բռնություն կիրառողը, այսպիսով ավելի մեծացվում է բռնության շղթան»,-ասում է հոգեբանը։
Հասարակության պարսավանքը սակայն միայն օդում արտաբերած հնչյունների տեսքով չի մնում, դրանք լուրջ ազդեցություն են ունենում հետագայում նմանատիպ դեպքերի ժամանակ, ինչի հետևանքով շատ հաճախ բռնության, բռնաբարության ենթարկված անձինք պարզապես չեն բարձրաձայնում կատարվածի մասին՝ խուսափելով հասարակության դատապարտող խոսակցություններից ու հայացքներից։
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյան ասում է, որ նման ծայրահեղական արձագանքը բնորոշ է հայ հասարակության ծայրահեղ պահպանողական զանգվածին, որտեղ մարդկանց բարոյականության ընկալումները կապվում են սեռականության հետ․
«Ցավալի է, իհարկե, որ մեր հասարակությունում կա այդպիսի մի հսկայական զանգված, ում համար մարդկային կարևորագույն արժեքները երկրորդական են համեմատած կնոջ սեռական վարքագծի մասին իրենց պատկերացումներին։ Սա ավելի հարիր է արևելյան, մահմեդական աշխարհի ավանդույթային պատկերացումներին, երբ տղամարդկանց վերապահված է վերահսկել կնոջ սեռական կյանքը, և այդ ընկալումների հետքերն են, որ մեր հասարակությունը մինչև այսօր էլ պահում է։ Ու, փաստորեն, մարդիկ փոխարեն կարևորեին մարդու կյանքը, կարևորում են ինչ-որ բաներ, որոնք ենթադրաբար իրենք կապում են այդ աղջկա սեռական վարքագծի հետ»։
Հատկանշական է, որ մի քանի ժամվա ընթացքում այնքան էր քննարկվել աղջկա անկողնային կյանքը, որ նրա մայրը՝ տալով առաջին մեկնաբանությունն անմիջապես շեշտել էր, որ աղջկա և նրա սպանության մեջ մեղադրվողի միջև սեռական հարաբերություններ չեն եղել, այսպիսով փորձելով գոնե «մաքրել» երեխայի անունն ու հետմահու այսկերպ պաշտպանել գրոհներից։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է, որ այսպիսի դեպքերի լուսաբանումը, որոնք էլ սովորաբար հանգեցնում են նման մեկնաբանությունների, լուրջ խնդիր է․
«Ոչ ճիշտ լուսաբանմամբ խախտվում է մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հնարավորություն է տրվում հասարակությանը դատողություններ անել տվյալ դեպքի վերաբերյալ՝ օրինակ հրապարակելով լուսանկարներ մարմնի բաց հատվածներ, անկողնային տեսարաններ, փակված մարմին, որը պարզ չի մերկ է, թե ոչ»։
Ըստ Հովհաննիսյանի՝ այստեղ ոչ միայն աղջկա խնդիրն էր, այլև ենթադրյալ հանցագործի անմեղության կանխավարկածի խախտումը, որ դեռևս նախաքննություն չիրականացված, արդար դատաքննության փուլը չանցած, միանգամից անձը հանցագործ համարվեց ու սկսվեց պախարակվել։
«Մարդու իրավունքների տեսանկյունից ո՛չ հարգվում է անձի իրավունքը, որը զոհ է հանդիսացել, ո՛չ անձի իրավունքը, որը հաստատված հանցագործը չէ։ Անգամ ինքնախոստովանական ցուցմունքից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ տարբեր փորձաքննությունները չեն նույնականցրել անձին իր տված ցուցմունքի հետ և հետագայում ապացուցվել է, որ հանցագործն ամենևին էլ ինքը չէ։ Հասարակության այս ամբողջ իրավագիտակցության պակասը բերում է խայտառակ իրավիճակի, որը հանգեցնում է մարդու իրավունքների խախտման։
Հետմահու անձը չի կարող պաշտպանվել, բացատրել, թե ինչ է իր հետ կատարվել, և ամբողջ հասարակությունն իրեն հետմահու վարկաբեկում է և, որ ամենացավալին է, հասարակությունը շատ հաճախ հստակ չի դատապարտում բռնությունը՝ մեղքը դնելով զոհի վրա, հատկապես կանանց պարագայում դա ակնհայտ է»։
Խոսելով դստեր մասին, մայրն ասել է, որ 13 տարվա պայքարի արդյունքում է ունեցել աղջկան, սակայն հայրը հիվանդության պատճառով մահացել է ու վեց տարեկանից ստիպված է եղել աղջկան միայնակ մեծացնել՝ նրա համար ամեն բան անելով։
«Իմ թանկ երեխեն էր։ Ու Սուրբ ծննդին էր ծնվել...Ու էդ օրն էլ սպանեցին»,-իր խոսքում նշել էր մայրը։
Հասարակությունը հեշտությամբ կփակի, օրեր անց կմոռանա այս պատմությունն ու կշտապի քննադատելու, բարոյականության դասեր տալով ինքնահաստատվելու նոր թիրախներ գտնել, մինչդեռ նրանց տարատեսակ մեկնաբանությունները պարբերաբար կցավեցնեն զավակին անժամանակ կորցրած մոր չսպիացող վերքերը։
EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: