Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին Էրեբունի ԲԿ-ից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել: 2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, Էրեբունի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Նունուշյանը ձեռքերով հարվածել է կնոջը՝ 1998 թվականին ծնված Քրիստինե Իսկանդարյանին, պատճառելով վնասվածքներ:
Երիտասարդ կնոջ ամուսնուն ձերբակալելու որոշում է կայացվել: Կատարվում է նախաքննություն։
Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ նշելով, թե Քրիստինեի սպանությունն, ի թիվս կնասպանության մյուս բոլոր դեպքերի, պետության կողմից կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունից և չարաշահումից պաշտպանելու պարտականության իրականացման բացակայության հետևանք է։
«Ընտանեկան բռնության և կնասպանության դեպքերի նկատմամբ հստակ կառուցակարգերի բացակայությունն ու բռնություն գործադրած անձի նկատմամբ մեղմ վերաբերմունքը նպաստում են այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը։ Ժամանակն է գիտակցել, որ բռնությունը մասնավոր կամ ընտանեկան հարց չէ. ընտանեկան բռնությունը և համակարգային կնասպանությունը հանցագորություն են, որոնք հասարակությունը չպետք է հանդուրժի», - նշված է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Իլլարիոն Նունուշյանը գողություն կատարելու մեղադրանքով մեկ անգամ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, մեկ անգամ տունգանվել 600 հազար դրամի չափով, մեկ անգամ էլ՝ 500.000 դրամի չափով։
Հատկանշական է, որ այս պահին էլ նա մեղադրվում է գողություն կատարելու մեջ, սակայն այս գործով դատական նիստերը դեռ շարունակվում են:
Տեղեկությունն այս ընտանիքի մասին սուղ է, կուրուստը՝ անդառնալի։ Սակայն կատարվածը, ցավոք, ոչ միակը։
Դեռևս թարմ են շաբաթներ առաջ տեղի ունեցած դաժան սպանության մասին հիշողությունները։ Սեպտեմբերի 28-ին ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծի էր ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։ Երեխան, չդիմանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներին, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։
2017-ի օգոստոսի 3-ին Երևանի Թումանյան փողոցում բնակվող տղամարդը ծեծելով մահվան էր հասցրել 34-ամյա կնոջը:
2016-ի սեպտեմբերի 19-ին ամուսինը դաժանորեն սպանել էր իր երեք անչափահաս երեխաների մորն ու դիակը գցել ջրատարը։
Երեխաները, իսկ կանայք հատկապես, ընտանեկան բռնության թիրախում են գտնվում ու վերոնշյալ բովանդակությամբ լուրերը հայաստանյան լրահոսում հատուկենտ չեն։
Միայն այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է ինը կին։ 2010-2017 թվականների ընթացքում մեր երկում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է առնվազն 50 կին։ Այս թվերն է մեջբերում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հաղորդակցման և արտաքին կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնության 2000 դեպք։ Իսկ իրենց կոալիցիան միայն 2017-ի ընթացքում գրանցել է բռնության մասին 5600 ահազանք, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017-ի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ։
Սակայն սրանք այսբերգի միայն երևացող մասերն են, քանի որ բռնության դեպքերը սովորաբար այդպես էլ մնում են ընտանեկան պատերի ներսում: Հայաստանում դեռ դժվար է պարզել, թե իրականում որքան է ընտանեկան բռնությունների թիվը: Տարբեր հարցումներ նշում են, որ տասը հայ կանանցից ավելի քան երեքն ընտանիքում ենթարկվում են ֆիզիկական բռնության, իսկ նրանց 66 տոկոսը` հոգեբանական ճնշման:
«Տարվա մեջ ընտանեկան բռնության հետևանքով մահվան նվազագույնը 10-15 դեպք ենք ունենում, որոնց մեծամասնությունը կանայք են։ Հանրապետությունում կատարված սպանությունների ⅓-ը ընտանեկան բռնության դեպքերն են», - ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա ավելացել են նաև ահազանգերը, քանի որ մարդիկ առավել տեղեկացված են դարձել։
Բռնությունների մեծ մասը տեղի է ունենում երեխաների աչքի առաջ՝ խեղելով նրանց հոգեկան աշխարհը։ Առհասարակ, երեխաներն այս հարցում ամենախոցելին են։ Չկան նրանցով զբաղվող պատշաճ մարմիններ, շատ հաճախ այդպես էլ հայտնի չի լինում, թե որտեղ են հայտնվում այն երեխաները, որոնց մայրերը սպանվել են, իսկ հայրերը բանտարկվել։
Մարդկային կորսված կյանքերն ու այս շղթայի շարունակականությունը, սակայն, պետական մակարդակով տևական ժամանակ լռեցվում էր ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների յուրաքանչյուր ահազանգն այժմ էլ դիտարկվում է որպես օտարածին դրսևորում՝ հայկական ավանդական ընտանիքի պատիվն ու ավանդույթները ոտնահարելու միտում, ու երբեմն անդառնալի հետևանք ունեցող բռնությունները քողարկվում են «մենք ընտանիքը, կնոջը հարգող ազգ ենք, հայերին սազական չի տենց բաները, ամոթ ա», ծանրացած արտահայտությունների շղարշում:
Անգամ տևական պայքարից հետո ի վերջո անցյալ տարեվերջին ընդունված և այս տարվա հուլիսից ուժի մեջ մտած ընտանեկան բռնության մասին օրենքը, որի ընդունումը թեև դրական քայլ էր, սակայն այն այնքան փոփոխված էր, որ շարունակում է զգալիորեն անհամապատասխան լինել ընտանեկան բռնությունից կանանց պաշտպանության միջազգային իրավական ստանդարտներին։
«ՀՀ-ն ստորագրեց Ստամբուլի կոնվենցիան՝ ընտանեկան բռնության դեպքերով Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, սակայն այն մենք չենք վավերացրել։ Մեզ մոտ ընդունվեց ընտանեկան բռնության մասին օրենք, սակայն բռնությունը չքրեականացվեց։ Սա նշանակում է, որ երկրում դեռևս չեն գործում կոնվենցիայի դրույթները։ Եթե պետությունը վավերացներ կոնվենցիան, ապա Հայաստանում ընտանեկան բռնությունը պետք է մեխանիկորեն քրեականացվեր ու բռնարարը քրեական պատասխանատվության կենթարկվեր, այսինքն արդեն զսպող մեխանիզմ կլիներ», - կարծում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբան Ստելլա Չանդիլյանը։
Ըստ իրավաբանի՝ քրեական օրենսգրքում որոշակի դրույթների դրական փոփոխություններ են եղել, օրինակ՝ եթե նախկինում կինը բողոք էր ներկայացնում ամուսնու դեմ, սակայն լինում էին դեպքեր, երբ ամուսինը վախեցնում էր ու կինը հետ էր վերցնում բողոքը, քննչական գործողությունն իրականացնողներն այլևս այդ գործով աշխատանքներ չէին իրականացնում։ Սակայն այժմ քրեադատավարական ոլորտում կատարվեց փոփոխություն և անգամ բողոքը հետ վերցնելու դեպքում էլ շարունակվում է գործի քննությունը։
Սակայն ըստ Չանդիլյանի՝ օրենքի առաջարկած մեխանիզմներն ավելի շատ թեթև կանխարգելիչ նպատակներ ունեն, օրինակ նախազգուշացնելը, կամ որոշակի ժամկետով բռնարարին զոհից հեռացնելը, որոնք ազդեցիկ միջոց չեն և չեն կարողանում կանխել կնասպանության ու ընտանեկան բռնության հետագա դեպքերը։
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը նույնպես առանձնացնում է օրենքի թերությունները։
«Ակնհայտ է, որ մեր երկրում օրենքն ընդունեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ է ընտանեկան բռնությունը, քանի որ օրենքի որևէ կետ չի պաշտպանում զոհին։ Բացարձակ թերի օրենք է, - կարծում է Գևորգյանը, - Ունենք նախազգուշացման կետ, մինչդեռ ընտանեկան բռնության դեպքում նախազգուշացումը շատ լուրջ խնդիր կարող է առաջացնել, երբ տարիներ շարունակ բռնություն է կիրառվում, կինն առաջին անգամ իր մեջ ուժ է գտնում ու զանգում է ոստիկանություն, ոստիկանությունը նախազգուշացում է տալիս, սակայն կինը շարունակում է մնալ բռնարարի մոտ, սա նշանակում է, որ ամեն վայրկյան կարող է սրվել իրավիճակն ու հանգեցնել սպանության։ Զոհը որևէ բանով ապահովգրված չէ»։
Ըստ Գևորգյանի՝ Հայաստանում հարկավոր էր նաև ներդնել անհապաղ, անհետաձգելի միջամտության համակարգը, որպեսզի ընտանեկան բռնության զոհերն ազատված լինեին բյուրոկրատական երկար թղթաբանություններից ու ամիսներով որոշումների սպասելուց, քանի որ այստեղ կարևոր ու ճակատագրական կարող է լինել յուրաքանչյուր րոպեն։
«Շատ հաճախ կանանց համբերությունն էլ է հատում այդքան դիմումներ գրելուց, սպասելուց, ամուսինների հետապնդումները մի կողմից, մյուս կողմից իրավական համակարգի թղթաբանությունն ու անկատարությունը», - ասում է Գևորգյանը։
Սակայն փորձագետները միակարծիք են, որ միայն օրենքի ընդունմամբ երկրում բռնությունը չես վերացնի։ Հարկավոր են արմատական քայլեր, հասարակության մտածողության ու կարծրատիպերը պետք է փոխվեն։
«Մենք ընդունել ենք օրենք, սակայն հասարակության մեջ մտածողություն չենք փոխել, հասարակությունը շարունակում է հանդուրժողական վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնությանը։ Մինչդեռ բռնությունը հանցանք է, որևէ արդարացում չունի։ Քանի դեռ մենք չենք դիտարկում սա որպես հանցանք, ու ասում ենք, թե հայկական ավանդական ընտանիք է, ով չի ծեծվում, որևէ բան չի փոխվի։ Իրազեկման ահռելի աշխատանք է պետք կատարել Մտածողության փոփոխություն պետք է լինի, դպրոցից սկսած պետք է աշխատել», - ասում է Գևորգյանը։
Մեկ այլ խնդիր է նաև հասարակության անտարբերությունը։ Ըստ Գևորգյանի՝ յուրաքանչյուր բակում լավ էլ գիտեն, թե որ տանը կա բռնություն, սակայն բոլորս անտարբեր ենք, բոլորս կարծում ենք, թե մեր գործը չի ու այնքան չենք միջամտում, մինչև զոհ ենք ունենում։
Ըստ Ստելլա Չանդիլյանի՝ Հայաստանում բռնության դեպքերը տարեց տարի շատանում են ու օրենքի ընդունումը զսպող մեխանիզմ չեղավ։
«Պետական մարմինները համապատասխան պատրաստվածություն չունեին օրենքի ընդունումից հետո այն կիրառելու համար։ Այսինքն նույն ոստիկանության աշխատակիցները, դատավորները վերապատրաստում չեն անցել կամ անցել են շատ մակերեսային հարթության վրա։ Ընտանեկան բռնությունը գենդերային հիմքով բռնություն է, մինչդեռ Հայաստանում մենք դեռևս վախենում ենք գենդեր բառից ու դա խոսում է այն մասին, որ մենք բազմաթիվ անելիքներ ունենք ու այդ անելիքները պետք է իրականացնել ամեն օր, երեխաներին փոքր տարիքից այլ կերպ դաստիարակելով, գենդերային դերերի բաշխման կարծրատիպերը վերացնելով։ Մեր հասարակությունը դեռևս ամեն կերպ փորձում է արդարացնել բռնությունը, հակաբարոյական վարք է վերագրում կնոջը, դեպքի համար պատճառներ է մոգոնվում, մինչդեռ սրանք ոչ միայն անհեթեթություններ են այլև հակասում են միջազգային բոլոր նորմերին», - ասում է իրավաբանը։
Ընտանեկան բռնության դեպքերի պարբերականության պատճառներից է նաև այն, որ հասարակությունը ոչ միշտ է ընկալում բռնությունը։ Ըստ մասնագետների, պատճառներից մեկն այն է, որ լեզվամտածողության մեջ է արդեն ծեծի մշակույթը նստել։
«Կինը բուրդ է, ինչքան ծեծես, այնքան կփափկի», «Եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է», «Մարդը զանգակ, կինը՝ բամբակ» այս և բազմաթիվ այլ ժողովրդական խոսքերով է մեծանում մեր հասարակությունը։։ Կնոջը բռնության ենթարկելու պատմությունները շատ են նաև հայ գրականության մեջ։ Թերևս բոլորն են հիշում Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքի՝ կնոջը անընդհատ ծեծող և ի վերջո նրան սպանած հերոսի արդարացումը դատարանում՝ «Մի մուշտի էր տվի, էլի, ուրիշ բան խո չեմ արել»։
Մինչդեռ այսօր այդքան արծարծվող կնոջ ու տղամարդու դերերի հավասարության մասին լավագույն վկայությունը «Սասնա ծռեր» էպոսում է, երբ Խանդութը Սասունցի Դավթին ասում է. «Դավիթ, ես քեզնից պակաս մարդ չեմ»:
Իհարկե, միջին դարերում մոնղոլ-թաթարական, պարսկական ու թուրքական տիրապետությունը, անկախության կորուստը ազդեց հայ կնոջ կարգավիճակի վրա, սակայն պետք է հիշել, որ դեռևս 12-րդ դարում կանանց հավասարությունն ու իրավունքը սահմանել էր Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում»՝ շեշտելով, որ «տղամարդը պետք է կնոջ հետ հաշտ ապրի, մարմնական վնասվածքներ չպետք է հասցնի, կնոջ արժանապատվության համար ամուսինը պատասխանատվություն է կրում»: