Նարինե. 6 տարի դժոխքում՝ որդու հետևից
Ցորենագույն մազերով, մոխրագույն աչքերով, մեղմ ժպիտով ու ամեն ինչում կոկիկ Նարինեն պատմում է իր պատմությունը, որ չես հորինի, չես վերապատմի, որովհետև ավելի սարսափելի է, քան երբևէ կարող էիր մտածել: Զուսպ, միամիտ, անկեղծ… Երկար մատները տանում է այտերին, մաքրում արցունքներն ու հեռախոսի մեջ ցույց տալիս 6-ամյա որդու նկարը, որին տեսել է միայն մեկ անգամ՝ ծննդատանը:
«Ես հաճախ եմ նայում այս նկարները, որովհետև սա միակ բանն է, որ ունեմ նրանից: Մեկ անգամ եմ տեսել որդուս, 4 տարեկանում, հեռվից հեռու: Ուզում էի մոտենալ, ասել, որ ես իր մայրն եմ, բայց հանկարծ վախեցա, մտածեցի՝ կվախենա երեխաս, կմտածի, որ խելագար եմ: Հիմա էլ երբեմն մտածում եմ, որ դժվար կհարմարվի նոր կյանքին՝ ինձ հետ: Երբեմն թվում է՝ խելագարվում եմ այս մտքերից»,- ասում է կինը:
Նարինեն ծնվել է անբարենպաստ ընտանիքում՝ լսողության խնդիրներ ունեցող ծնողների երրորդ աղջիկն էր՝ հավանաբար՝ ամենաչսպասվածը: Դպրոցական տարիներին Նարինեի վրա էր ողջ տան հոգսը՝ ծնողների ու ավագ քրոջ երեխաների խնամքը, որոնց սիրում էր կյանքից առավել: Անգամ այդ դեպքում Նարինեն ուսուցիչների հպարտությունն էր ու ափսոսանքը, որովհետև շատ էր բացակայում:
Տարիներ անց, արդեն պատանի աղջիկը խնդիրներ ունեցավ քրոջ ամուսնու հետ, ինչի պատճառով ծնողները նրան տանից դուրս վռնդեցին: Պատճառների մասին խոսել չի ուզում, միայն լալիս է: Այս պատմությունը Նարինեի համար մղձավանջի սկիզբն էր:
Նարինեն ասում է՝ իր կյանքը փորձությունների անվերջ շղթա է, որը կարող էր ավարտվել միայն հրաշքով: Հրաշքը որդու ծնունդը պետք է լիներ:
«Երբ ծանոթացա որդուս հոր հետ, միանգամից սիրահարվեցի. Շատ ուշադիր էր, հոգատար: Ինձ հետ երբեք այդպես չէին վարվել: Դրանից տարիներ առաջ առողջական խնդիրներ ունեի, որի պատճառով էլ դիմել էի բժշկի: Այդ ժամանակ բժշկի դատավճիռը վերջնականապես կոտրեց ինձ: Հետազոտություններից հետո նա հայտարարեց, որ ես երբեք երեխա չեմ ունենա»,- պատմում է Նարինեն:
Ախտորոշումը ստանալուց հետո Նարինեն որոշել էր չհանձնվել: Տարիներ տևած բուժումը մտերմացրել է նրան բժշկի և նրա կնոջ հետ: 6 տարվա պայքարից հետո Նարինեն արդեն հույսը կորցրել էր, երբ հրաշք տեղի ունեցավ.
«Մի քանի ամիս ինձ վատ էի զգում: Վերջապես, հաղթահարեցի վախս ու գնացի հիվանդանոց: Վստահ էի, որ ուռուցք ունեմ: Բուժզննման ժամանակ բժիշկն ասաց, որ ոչ մի ուռուցք էլ չունեմ, ուղղակի հղի եմ: Կյանքիս ամենաերջանիկ օրն էր: Ոչ մի վայրկյան չեմ վախեցել, չեմ մտածել, որ չեմ կարողանա պահել երեխայիս, չնայած, որ գիտեի՝ հույսս միայն իմ վրա կարող եմ դնել. Ծնողներս ալկոհոլից կախվածություն ունեին, քույրերիս հետ ես չէի ուզում կապ ունենալ, իսկ երեխայիս հայրը ուրիշ ընտանիք ուներ»,- պատմում է Նարինեն:
Երեկոյան Նարինեն լուրը հայտնեց երեխայի հորը: Նա ճաշասենյակի փոքրիկ սեղանին գումար թողեց և հեռացավ՝ պայման դնելով՝ կա՛մ ինքը, կա՛մ երեխան.
«Հաջորդ օրը գնացի Հանրապետական հիվանդանոց՝ հղիությունս ընդհատելու: Սպասասրահում հետս անհասկանալի բան եղավ: Զգում էի՝ ինչպես էր երեխաս կպել մեջքիս ու կծկվում վախից, կարծես խնդրում էր, որ չսպանեմ իրեն: Արագ հավաքեցի իրերս ու դուրս փախա հիվանդանոցից»,- պատմում է Նարինեն:
Կորցնելով երեխայի հոր աջակցությունը, իսկ տեսանելի դարձաձ փորի պատճառով նաև մաքրուհու աշխատանքը՝ Նարինեն ստիպված էր ապաստան խնդրել ծնոնղներից: Հայրական տանն անցկացրած երկու շաբաթը՝ սովի, ֆիզիկական և հոգեբանական բռնության պայմաններում, բավարար էին, որպեսզի Նարինեն փախչեր այդտեղից:
«Հերթական բուժզննմանն էի գնացել, տխուր էի: Բժշկիս պատմեցի, որ ապրելու տեղ չունեմ: Հանկարծ նա ասաց, որ ծանոթներ ունի, ովքեր քաղաքից դուրս բնակարան ունեն և դրան հետևող են փնտրում: Ասաց, որ կարող եմ անվճար ապրել այդ տանը և տիրություն անել դրան: Ես ելք չունեի, համաձայնեցի: Առաջին անգամ, երբ մտա այդ տուն և տեսա տանտիրոջը, միանգամից վատ զգացողություն ունեցա: Տարեց մարդը կանգնել էր դատարկ տան պատերից մեկի տակ ու նայում էր դրանից կախված լուսանկարին: Հետո պարզվեց՝ մահացած փոքր եղբոր նկարն է»,- պատմում է Նարինեն:
Հղիության վերջին ամիսներին տանտերը հաճախ էր այցելում Նարինեին, երբեմն՝ բարեկամների ուղեկցությամբ: Նարինեի հղիությունը ծանր էր, բժշկի մոտ այցելությունները՝ հաճախակի: Հերթական անգամ բժշկի մոտ հետազոտությունն անսպասելի ավարտ ունեցավ: Վիտամինների անվան տակ Նարինեին տրված դեղահաբը ընդունելուց հետո, բժիշկը նրան խորհուրդ տվեց մի քանի ժամ պառկել: Որոշ ժամանակ անց Նարինեի մոտ ցավեր սկսվեցին:
«Հանկարծ բժշկիս ասաց, որ ծննդաբերությունս սկսվել է, բայց ինքը ծնունդը չի կարող ընդունել, զբաղված է, բայց ինձ կուղեկցի 8-րդ հիվանդանոց, այնտեղ արդեն պայմանավորվել է: Ես սկեցի վախենալ, որովհետև գիտեի, որ դեռ ժամանակ կար, բարդ ծնունդ էր լինելու, իսկ ողջ ընթացքում հենց նա էր հետևել ինձ: Հանկարծ սկսեց բղավել վրաս, ասաց, որ ես անշնորհակալ եմ, որ նա ինձ համար այդքան բան է արել, իսկ ես դեռ կասկածում եմ իր որոշումների վրա: Հետո ասաց, որ հիվանդանոցում, որտեղ ինձ չեն ճանաչում, հանկարծ չասեմ, որ երեխան հայր չունի, որ դրանից հետո ինձ անբարոյականի նման կվերաբերվեն: Ասաց, որ որպես հայր ներկայացնեմ իր ծանոթին՝ տանտիրոջը, որը տանից արդեն բերել էր ծննդաբերության համար պատրաստածս պայուսակը»,- հիշում է Նարինեն:
Վիրահատությունից ու որդու ծնունդից հետո երեխային Նարինեին չտվեցին: Բուժքույրը հայտարարեց, որ երեխան մահացած է ծնվել: Երբ Նարինեն պնդեց, որ ուզում է տեսնել նրան, նրա մոտ բերեցին ողջ-առողջ փոքրիկ տղային, ու հայտարարեցին, որ սխալմունք է եղել:
Հետո ամեն ինչ, կարծես, մշուշի մեջ էր. ծննդաբերությունը, հետծննդյան ընկճախտը, անընդհատ տրվող դեղահաբերը, ցավերը, գրեթե անգիտակից վիճակը: Հիվանդանոցից դուրսգրման համար Նարինեին երեք փաստաթուղթ տվեցին՝ ստորագրման: Կարդաց միայն առաջինը: Մյուսները, ինչպես պնդում էր բժիշկը, ընդամենը կրկնօրինակներ էին: Ինչպես պարզվեց հետո՝ դրանց մեջ էր նաև երեխայից հրաժարվելու մասին փաստաթուղթը.
«Դուրսգրման օրը երեխայիս գրկած դուրս եկա հիվանդանոցից: Բակում մեքենայի մեջ սպասում էր տան տերը և նրա բարեկամուհիներից մեկը: Զգացի, որ մի բան է լինելու, սարսափեցի, բայց պատկերացնել անգամ չէի կարող, թե ինչ: Գրեթե չէի կարողանում քայլել, թույլ էի, չգիտեմ՝ ի՞նչ հաբեր էր տալիս բժիշկս: Մոտեցա մեքենային, նստած կինն առաջարկեց երեխային պահել, որպեսզի կարողանամ նստել: Հենց երեխային տվեցի, մեքենան գնաց: Վայր ընկա գետնին, փորձում էի բարձրանալ, օգնություն կանչել, բայց հասկանում էի, որ ձայն չեմ կարողանում հանել: Ինձ թվում էր՝ բղավում եմ, բայց ձայնս դուրս չէր գալիս: Բժիշկս ասաց, որ ոչինչ չի եղել, երեխային տարել են տուն: Ցավոք, այդպես չէր»,- պատմում է Նարինեն:
Տուն հասնելով՝ Նարինեն հասկացավ՝ սուտ էր: Արդեն 6 տարի է, ինչ Նարինեն դատական կարգով պայքարում է սեփական որդու նկատմամբ իր իրավունքները վերականգնելու համար:
Տղամարդը, որն առևանգել է Նարինեի որդուն, խաբեությամբ կորզված մոր հրաժարական դիմումից հետո երեխայի հայրություն է ճանաչել և դարձել նրա օրինական ծնողը: Այսքանով, Հայաստանում հնարավոր է բոլորովին անծանոթ երեխայի հայր դառնալ:
Զոհեր. Ովքե՞ր են նրանք
Նարինեն միակ կինը չէ, ով հայտնվել է նման իրավիճակում: Փորձը ցույց է տալիս, որ նման կանայք՝ միայնակ, սոցիալապես խոցելի, և, անգամ, ընտանիքները, որոնք սոցիալ-տնտեսական կամ հոգեբանական խնդիրներ են ունենում երեխաների ծնունդից հետո հաճախ են նման իրավիճակների զոհ դառնում, հատկապես, եթե ծնված երեխան իրենց երազանքների զավակը չէ, օրինակ՝ հաշմանդամություն ունի: Նրանց երեխաներից հրաժարվելուն հակում են, հիմնականում, հաստատություններում՝ ծննդատներում, հիվանդանոցներում, օգտվելով այս անձանց խոցելի վիճակից:
Կնոջ՝ միայնակ լինելը, «թաքուն ծնունդները» կամ աղքատությունը հաճախ հիմք են տալիս կարծելով, որ այս մարդիկ երբևէ չեն կարողանա ապացուցել տեղի ունեցած հանցանքը, պաշտպանել սեփական իրավունքները կամ՝ լսելի դառնալ հանրության համար:
Առավել խոցելի են դառնում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը, ում այդ քայլին, հաճախ, դրդում են ոչ միայն բուժհաստատություններում, այլև սեփական ընտանիքներում:
Հայաստան. Երկիր, որտեղ երեխաների չեն վաճառո՞ւմ
Հայաստանում թյուրընկալում կա առ այն, որ մենք երեխա սիրող, երեխայակենտրոն հասարակություն ենք: Երեխաների հետ կապված խնդիրների մասին, մեզանում, ուղղակի ընդունված չէ խոսել: Խոսելուց զատ, շատ են նաև իրավական սողանցքները:
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2015-2018 թվականներին երեխաների առք ու վաճառքի վերաբերյալ ստացվել է ընդամենը 2 դիմում, երկուսն էլ 2018-ին: Առաջին դիմումով քրեական գործի հարուցումը մերժվել է, երկրորդ դիմումի համաձայն հարուցված քրեական գործը՝ կարճվել:
2013 թվականին ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից ձերբակալվել է երեխաների առք ու վաճառքով զբաղվող հանցավոր խումբ: Դրա երեք անդամները պատասխանատվության են ենթարկվել: Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով կատարված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:
Երեխայի առքն ու վաճառքը կարող է նաև քողարկված լինել: 2011 թվականին Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների և այդ գործերով ներկայացված մեղադրանքի պրակտիկան։ Ըստ այդ ուսումնասիրության՝ նման բնույթի հանցագործություններին հաճախ մասնակից են լինում, կամ եթե մասնակից էլ չեն, ապա տեղյակ են լինում այն բուժհաստատության աշխատակիցները, որտեղ կինը ծննդաբերում է: Շատ հաճախ երեխայի առք ու վաճառքն «իրավական լուծում» է ստանում քաղաքացիական ակտերի գրանցմամբ հայրություն ճանաչելու միջոցով:
Բացահայտումներ՝ ինչպե՞ս և ինչո՞ւ
Այն մասին, որ Հայաստանում միայն 2016-2018 թվականներին 30 երեխաների ապօրինի որդեգրման կամ, այլ կերպ ասված, երեխաների վաճառքի դեպքեր են տեղի ունեցել, հայտնի դարձավ միայն 2019 թ.-ի նոյեմբերի 14-ին: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը:
Այս դեպքերը, սակյան, առաջինը նկատել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղից էլ կասկած հարուցող փաստաթղթերն ուղարկվել էին իրավապահներին՝ առավել մանրամասն ուսումնասիրության համար:
Առաջին կասկածները հարուցվել են տարբեր պետական կառույցներում որդեգրման գործընթացի հետ կապված իրարից խիստ տարբեր վիճակագրական տվյալների առկայության պատճառով: Շեղումները հասնում են տասնյակների: Թվեր, որոնց հետևում երեխաններ են:
Բացի այդ, նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստացել այն մասին, որ ՀՀ քաղաքացիները, ովքեր ուզում են երեխա որդեգրել, չեն կարողանում դա անել, մինչդեռ արտասահմանցիների կողմից հայաստանցի երեխաների որդեգրման ցուցանիշներում վերջին տարիներին կտրուկ փոփոխություններ չեն եղել:
Ըստ «Մանուկ» տեղեկատվական համակարգի տվյալների՝ ՀՀ քաղացիների կողմից 2008 թ.-ին որդեգրվել է 52 երեխա, նրանցից 3-ը՝ հաշմանդամություն ունեցող: 2009 թ.-ին որդեգրվել է 47, 2010 թ.-ին՝ 73, 2011 թ.-ին՝ 65, 2012 թ.-ին՝ 42 երեխա: Այս տարիներին հաշմանդմություն ունեցող ոչ մի երեխա չի որդեգրվել ՀՀ քաղաքացիների կողմից: 2013 թ.-ին որդեգրվել է 34 երեխա, 2014 թ.-ին՝ 35, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխա՝ 2 և 1 համապատասխանաբար: 2015 թ.-ին տեղացիների կողմից որդեգրվել է 49 երեխա, 2016 թ.-ին՝ 36, 2017 թ.-ին՝ 28, 2018 թ.-ին՝ 23 և 2019 թ.-ին 11 երեխա: Այս ընթացքում հայաստանցիների կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրման դեպքեր չեն եղել:
Միևնույն ժամանակահատվածում արտասահմանցիների կողմից որդեգրումներն այլ պատկեր ունեն: Այսպես՝ 2008 թ.-ին որդեգրվել է 96 երեխա, այդ թվում՝ 18 հաշմանդամություն ունեցող, 2009 թ.-ին՝ 58, նրանցից 9-ը՝ հաշմանդամություն ունեցող: 2010 թ.-ին արտասահմանցիների կողմից որդեգրվել է 66 երեխա, 2011 թ.-ին՝ 59, 2012 թ.-ին՝ 41: Այս տարիներին որդեգրված երեխաներից 33-ը հաշմանդամություն են ունեցել՝ ամեն տարի որդեգրվել է 11 երեխա: 2013 թ.-ին որդեգրված 44 երեխաներից 4-ն է ունեցել հաշմանդամություն, 2014 թ.-ին՝ 27-ից 10-ը, 2015 թ.-ին 56-ից 13-ը, 2016 թ.-ին՝ 41-ից 11 երեխա: 2017 թ.-ին արտասահման է տեղափոխվել 29 երեխա, նրանցից 9-ը՝ հաշմանդամություն ունեցող, 2018 թ.-ին՝ 25 երեխա, 10-ը՝ հաշմանդամություն ունեցող, 2019 թ-ին որդեգրվել է 8 փոքրիկ՝ 5-ը հաշմանդամություն ունեցող:
Ըստ այդմ՝ վերջին 11 տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված 495 երեխաներից միայն 6-ն են հաշմանդամություն ունեցել, արտասահմանցիների կողմից որդեգրված 550 երեխաներից՝ 122-ը
Ամբողջացնելով այս տվյալները՝ ակնյահտ է դառնում, որ Հայաստանում ապրողները չեն ցանկանում հաշմանդամություն ունեցող երեխաներ որդեգրել, մինչևդեռ արտասահմանցիները դա անում են առավել պատրաստակամորեն, չնայած, որ օրենքը որդեգրման առաջնահերթությունը տալիս է ՀՀ քաղաքացիներին:
Ըստ գործող կարգի՝ «Մանուկ» տեղեկատվական համակարգում գրանցված, որդեգրման ենթակա երեխաների տվյալները նախ հասանելի են դառնում ՀՀ քաղաքացի՝ որդեգրող ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց համար: Միայն երեք ամիս անց, եթե փոքրիկով չի հետաքրքրվել ոչ մի հայաստանցի հավակնորդ, նրա տվյալները հասանելի են դառնում արտասահմանցի հավանական ծնողների համար:
Արտասահմանցիների կողմից որդեգրման գործընթացը համակարգվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որդեգրման գործընթացի ավարտին դրա վերահսկողությունն իրականացվում է որդեգրող երկրում ՀՀ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից:
Այս դեպքում կասկածի տեղիք էր տվել նաև երեխաների «առողջական վիճակի» վերաբերյալ փաստաթղթերի հավաստիությունը: ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, որ ապօրինություններ են տեղի ունեցել նաև այս պարագայում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիները խուսափում են առողջական խնդիրներով երեխաների խնամքը ստանձնելուց, որդեգրման ենթակա երեխաների անձնական տվյալներում ավելացվել են նաև գոյություն չունեցող առողջական խնդիրների մասին տվյալներ, որպեսզի երեխան «պակաս գրավիչ» դառնա տեղացի որդեգրողների համար:
Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն, տարիներ շարունակ հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնն զբաղեցրած Ռազմիկ Աբրահամյանը, նույն ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի 23 տարվա տնօրեն Լիանա Կարապետյանը: Նրանք կասկածվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու և պաշտոնեական կեղծիքի համար։
Որդեգրման ապօրինի դեպքերի վերաբերյալ առանձին հայտարարություն տարածեց նաև ՀՀ ոստիկանությունը: Այստեղ, ի տարբերություն ԱԱԾ հայտարարության, հստակ նշվում էր նաև որոշ մանկատների և դրանց ղեկավարների հնարավոր հանցակցության վերաբերյալ:
Նշյալ ժամանակահատվածում՝ 2016-2018 թթ.-ին ՀՀ մանկատներից որդեգրումների հիմնական պատկերը այսպիսին է՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից 2016 թ.-ին արտասահմանցիների կողմից որդեգրվել է 30 երեխա, տեղացիների կողմից՝ 4, «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից՝ 5 երեխա, բոլորն էլ արտասահմանցիների կողմից, «Միսիոներների բարեգործական կազմակերպությունից» և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից 2-ական երեխա՝ բոլորն էլ արտասահմանցիների կողմից, «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ից որդեգրվել է 2 երեխա, «Տիրամայր Հայաստանի կենտրոնից»՝ 5-ը, բոլորն էլ տեղացիների կողմից:
2017 թ.-ին «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից արտասահմանցիները որդեգրել են 21 երեխայի, տեղացիները՝ 12: «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ից որդեգրվել է 1 երեխա՝ ՀՀ քաղաքացիների կողմից: «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ից որդեգրվել է 1, «Միսիոներների բարեգործական կազմակերպությունից»՝ 3 և «Տիրամայր Հայաստանի կենտրոնից» 2 երեխա, բոլորն էլ արտասահմանցիների կողմից:
2018 թ.-ին «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից արտասահմանցիների կողմից որդեգրվել է 17 երեխա, տեղացիների կողմից՝ 12: «Գյումրու «Երեխաների տուն»» և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ներից որդեգրվել են 2-ական երեխաներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից, «Միսիոներների բարեգործական կազմակերպությունից» և «Տիրամայր Հայաստանի կենտրոնից»՝ 1-ական երեխա, բոլորն էլ դեպի արտասահման:
Ուշագրավ է, որ քննված դեպքերը վերաբերում են միայն վերջին 3 տարիներին: Ինչ պատկեր է հայտնվելու դրանից առաջ տեղի ունեցած որդեգրումների դեպքում, դժվար է պատկերացնել:
Ինչո՞ւ հենց հիմա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը, ում ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր դարձավ այս դեպքերի բացահայտումը, նշում է, որ այս մասին ամենաբարձր մակարդակներում ահազանգեր եղել են դեռ տարիներ առաջ:
«2015 թվականի մայիսի 12-ից 18-ը Հայաստանում էր Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն։Հատուկ զեկուցողն առանց անհարկի պոլիտկոռեկտության այցի ավարտին նշում էր. «Որդեգրման գործընթացներում կատարվող իրավախախտումները, որոնք ներառում են նաև անօրինական որդեգրման նպատակով երեխաների վաճառքի դեպքեր, շարունակում են մնալ հիմնական մտահոգությունը երկրում»։
Հայտարարությունում նաև ասվում էր, որ «որդեգրումը, մասնավորապես միջպետական որդեգրումը, պետք է լինի միայն վերջին միջոցը»:
Բուքիքիոն հանդիպել էր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, նախարարի տեղակալ Արման Թաթոյանին, ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանին, արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանին և Էդմոն Մարուքյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մի շարք այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
2016-ի փետրվարին այցի մասին զեկույցում որդեգրումների մասին մի շարք փաստեր էին նշվում. «Չնայած նվազմանը`Հատուկ զեկուցողը նշում է, որ միջազգային որդեգրումների թիվը շարունակում է ավելի բարձր լինել, քան տեղացիների կողմից որդեգրումների թիվը (թեև հուսալի տվյալների հասանելիությունը մեծ խնդիր է): Հայաստանում որդեգրումների վերաբերյալ վիճակագրությունը հաճախ հակասական և թերի է, ինչը հանգեցնում է հակասական եզրակացությունների»:
«Չնայած որդեգրմամբ հետաքրքրված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին նշանակալի է, դիմողները դժվարություններ են ունենում որդեգրման գործընթացում տեղեկատվության հասանելիության բացակայության, գործընթացի ոչ բավարար ընկալման և որդեգրման ենթակա երեխաների տվյալների բացակայության պատճառով»,- մեջբերում է Մուշեղ Հովսեփյանը:
Ըստ էության՝ Հատուկ զեկուցողն իր այցով շեշտում էր, որ որդեգրումը չպետք է դիտվի որպես որդեգրել ցանկացողի ցանկությունների պատասխան, այլ որպես երեխայի պաշտպանության միջոց: Ավելին, միջազգային որդեգրումները պետք է նախատեսվեն այն երեխաների համար, որոնք չեն կարող օգտվել ազգային խնամքի և պաշտպանության միջոցառումներից:
Այնուամենայնիվ, միջազգային որդեգրման գործընթացում առկա ֆինանսական գործարքները ցույց են տալիս, որ երեխայի լավագույն շահերը այդպիսի որդեգրումների հարցում առաջնային նշանակություն չունեն, ինչը խնդիր է, որը Հայաստանն ու ընդունող երկրները պետք է անհապաղ լուծեն (տես CRC/C/OPSC/ARM/CO/1, պարբ. 18 և 19): Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպությունների կողմից վճարները պետք է ավելի թափանցիկ դառնան, և ընդունող երկրների կենտրոնական մարմինները պարտավոր են իրենց հավատարմագրված կազմակերպություններից պահանջել կատարել այդ պահանջը:
«Ողջունելով որդեգրված երեխաների թվի նվազումը՝ Հատուկ զեկուցողը Կառավարությանը հորդորում է ստեղծել մոնիթորինգի մեխանիզմներ ՝ սահմանված գործընթացների և հաստատությունների միջոցով չարվող որդեգրումների ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Որդեգրման գործընթացների արդյունավետ մոնիթորինգն անհրաժեշտ է, որպեսզի որդեգրումները չիրականացվեն ոչ պատշաճ դրդապատճառներով՝ մարդու իրավունքների միջազգային նորմերի և չափանիշների խախտմամբ»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը և ավելացնում, որ այս զեկույցները, ինչպես ընդունված է, հետո ուղարկվում են բոլոր գերատեսչություններին՝ ի կատարումն կամ առնվազն ի գիտություն ընդունելու համար։
Ի՞նչ է լինելու հետո
Երեխաների ապօրինի որդեգրման աղմկահարույց բացահայտումներից ամիսներ առաջ խնդրի վերաբերյալ քննարկումներ են եղել նաև ՀՀ վարչապետի մոտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով 2019 թ.-ի օգոստոսին ստեղծվել է որդեգրման գործընթացի բարելավման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում ներառված են իրավապահ մարմինների և մյուս շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ: Այս խումբը առաջիկայում պետք է փորձի վեր հանել բոլոր օրենսդրական բացերը, որոնք հնարավոր են դարձրել Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման սարսափելի դեպքերը, ինչպես նաև՝ ստեղծի մեխանիզմներ՝ նման դեպքերից հետագայում խուսափելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նաև մտադիր է փոխել «Երեխայի որդեգրման կարգը», որը բազմաթիվ ռիսկեր է պարունակում:
Ինչ վերաբերում է արդեն իսկ բացահայտված դեպքերին, ապա, երեխաների հետվերադարձի հարց այս պահին դեռևս չի քննարկվում: Որդեգրումները չեղյալ կարող են համարվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի որդեգրող ծնողների հանցակցությունը:
Նարինե. Լույսը դժոխքում
6 տարի տևած դատական գործընթացը Նարինեի համար դժողքի հերթական ոլորանն է: Այս տարի, վերջապես, դատարանն ընդունել է Նարինեի փաստաբանի միջնորդությունը՝ ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու մասին: Նարինեն վստահ է, փաստը, որ երեխային առևանգած տղամարդն արյունակցական կապ չունի փոքրիկի հետ, կարող է ազդել դատարանի որոշման վրա:
Նարինեն արդեն որդու համար տարբեր խմբակներ է փնտրում: Նա վստահ է՝ իր բոլոր վախերն ու կասկածները կվերանան նույն րոպեին, երբ որդին իրեն «մամա» ասի:
Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների ընտանիքահենք խնամքի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ։Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման հնարավորությունները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։
Դիտել հոլովակը
Կարդալ նաև
Ոչ մի երեխա չպետք է լքվի, և ոչ մի երեխա չպետք է ապրի հաստատությունում: Սա մի խումբ մայրերի պատմություն է, ում անհանգստությունը, սերը և կարեկցանքը փոխում են հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:
Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղը հիմադրվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո` տրամադրելու անհապաղ օգնություն այն երեխաներին, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին: Այսօր ՍՕՍ մանկական գյուղերը շարունակում են աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին Հայաստանի երեք վայրերում:
Երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց խնամքը ընտանիքի և պետության պարտականությունն է: Այսօր, ինչպես և միշտ, հենց շրջապատի սերն է, որ փոփոխությունների հիմք է դառնում:
Հասարակության առավել խոցելի խմբերի պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է։ Բայց կան մարդիկ, ինչպես ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը, որը պետության հետ միասին տարիներ շարունակ կրում է այդ բեռը։
EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:
Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։
Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: