— Մացո քեռին եկա՜վ, Մացո քեռին եկա՜վ,— տիկին Սվետլանայի վեց տղաներն ու երկու աղջիկները, իրար հերթ չտալով, գրկում են նրան։ Երեխաների ոգևորությունը տեսնելով՝ անհնար է կռահել, թե հատկապես որն է ամուսինների կենսաբանական զավակը։

Կոտայքի մարզի Կոտայք և Նոր Գյուղ համայնքների սահմանգծին գտնվող այս գյուղում առաջինը, որ նկատում ես, բաց կանաչ ու վարդագույն տներն են։ Դրանք մյուսներից տարբերվում են ոչ միայն գույնով և ճարտարապետությամբ, այլև բնակիչներով։ Եթե գյուղի մյուս տներում երեխաների քանակը կարող է հասնել առավելագույնը 4-5-ի, ապա այստեղ յուրաքանչյուր տանն ապրում է 8 երեխա։ «Բազմազավակ գյուղը» այլ կերպ անվանում են ՍՕՍ, քանի որ ստեղծվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի կողմից։

«ՍՕՍ մանկական գյուղ Կոտայքը» հիմնադրվել է 1988 թվականին։ Այն գտնվում է Կոտայք և Նոր Գյուղ համայնքների սահմանագծին։ Այստեղ երեխաներին տրամադրվում է երկարաժամկետ և կարճաժամկետ (մինչև 6 ամիս) շուրջօրյա խնամք։ Այժմ գյուղում կա 10 ընտանեկան տուն, որտեղ երեխաները ստանում են երկարաժամկետ խնամք, և 2 տուն՝ կարճաժամկետ խնամքի համար։

ՍՕՍ մանկական գյուղերում ընտանեկան միջավայր ապահովում են ՍՕՍ-մայրերը։ Տնային տնտեսությունը վարելու և որակյալ խնամք ապահովելու համար ՍՕՍ-մայրերին օգնում են ՍՕՍ-ընտանիքի օգնականները՝ ՍՕՍ-մորաքույրերը։ 2013 թվականից, ՍՕՍ-մայրերի հետ համատեղ, խնամք են սկսել իրականացնել նաև ՍՕՍ-ամուսնական զույգերը:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Փթթուն բալենիների ետևում թաքնված կանաչ տներից մեկում էլ հանգրվանել է Աբովյանից Կոտայք տեղափոխված Մնացականի ու Սվետլանայի ընտանիքը՝ իրենց որդու հետ միասին։ Նրանց պատմությունը սկսվեց 2014 թվականի դեկտեմբերին, երբ «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տնօրենը Սվետլանային առաջարկեց դառնալ ՍՕՍ-մայր ու մեծացնել «ուրիշի երեխաներին»։ Սվետլանան այդ ժամանակ տնօրենի օգնականն էր ու քաջատեղյակ թե հիմնադրամի կառուցվածքին, թե գործունեությանը։

— Երբ առաջարկ եղավ ամուսնուս ու երեխայիս հետ տեղափոխվել Կոտայք գյուղ, ուրախացա, բայց քանի որ անսպասելի էր, որոշեցի նախ խորհրդակցել ամուսնուս ու որդուս հետ։ Ամուսինս զինվորական է, ես՝ մանկավարժ, հետևաբար երկուսս էլ սիրում ենք աշխատել երեխաների ու երիտասարդների հետ։ Աբովյանից տեղափոխվեցինք Կոտայք, որտեղ մինչև օրս էլ ապրում ենք։

img 0699
Սվետլանան սանրում է իր աղջկա մազերը իրենց տան առջև:

Սվետլանային նախապես տեղեկացրել էին, որ ծրագրի նպատակը երեխաներին համայնքում ներառելն է, հետևաբար ինչ-որ ժամանակ անց նրանք պետք է վերադառնան Աբովյան։ «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի համար առաջնահերթ է կանխարգելել երեխայի տեղափոխումը հատուկ խնամքի հաստատություն, անհրաժեշտ հմտություններ ու ֆինանսական աջակցություն տրամադրելու ճանապարհով ամրապնդել ընտանիքները և ներառել նրանց հասարակության մեջ։

Սա հրաշալի նորություն էր ընտանիքի համար։ Իսկ հինգ տարին արագ անցավ, մի քանի ամսից ընտանիքը երեխաների հետ տեղափոխվելու է Աբովյանում գտնվող իրենց սեփական տունը, որտեղ մինչ այդ ապրել են։

— Երեխաներս ոգևորված սպասում են, թե երբ ենք տեղափոխվելու մեր տուն։ Շաբաթ-կիրակի օրերին հաճախ են լինում այնտեղ, այնպես որ, տունն իրենց համար խորթ չէ։ Մեծ տղաներս գնում են ամուսնուս հետ, այգին են խնամում ու շատ սիրում են այդ տունը։

ՍՕՍ-մայրեր հիմնականում դառնում են կանայք, որոնք երեխաներ չունեն, բայց Սվետլանայի դեպքը այլ է։ Նա արդեն մեկ տղա ուներ, որին պետք էր նախապատրաստել ընտանիքի համալրմանը։ Սակայն, ինչպես տիկին Սվետլանան է հիշում, տղան այնքան ուրախացավ, որ վերջապես ինքն էլ է քույր ու եղբայր ունենալու, որ սպասվածից էլ արագ ընկերացավ երեխաների հետ։

— Երբ մենք գնում ենք արձակուրդ, կամ երեխաները մի քանի օրով իրենց կենսաբանական ընտանիք են վերադառնում, տղաս տեղը չի գտնում, անդադար հարցնում է, թե երբ ենք վերջապես տուն գնալու,— պատմում է Սվետլանան։— Ինչպես բոլորը, իմ երեխաներն էլ են կռվում, նեղանում, հաշտվում։ Միայն մի դեպք եմ հիշում, երբ մեր ընտանիք եկած նոր երեխաներից մեկն ինձ ասաց մամա, տղաս խանդեց։ Հետո հարցրեց, թե ինչու է ինձ մամա ասում, ես բացատրեցի, մեր հոգեբանին խնդրեցի զրուցել հետը։ Հիմա բոլորն էլ իմ երեխաներն են, տղաս շատ է կապված նրանց հետ։

Սվետլանայի խնամքին հանձնված առաջին երեխաները երկու եղբայր ու քույր էին, որոնք նույն կենսաբանական ծնողներն ունեին։ Մեկ տարուց ևս երկու տղաներ միացան ընտանիքին, որոշ ժամանակ անց՝ էլի երկուսը։ Սվետլանան ասում է, որ առաջին երեք երեխաները վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ։

img 0654
Կոտայքի ՍՕՍ գյուղի խաղահրապարակներից մեկը:
 

— Հիմա ութ երեխա ունեմ, որոնց միջև տարբերություն չեմ կարող դնել։ Պարզապես մի նրբություն կա. եթե տղայիս տարիքի երեխաների դեպքում ես գիտակցում եմ, որ այդ երեխաներն իմը չեն, փոքր տղաներիս դեպքում ես ուղղակի չեմ կարողանում հավատալ, որ ես չեմ նրանց լույս աշխարհ բերել. ա՜յ այդքան շատ եմ սիրում նրանց։ Չեմ պատկերացնում կյանքս առանց փոքրերիս։ Գիտե՞ք, երբ փոքր տարիքից երեխային մեծացնում ես, արդեն ենթագիտակցաբար չես ընկալում, որ նրանք քոնը չեն։ Փոքր տղայիս շուտով դպրոց եմ ուղարկելու, շատ չարաճճի ու սիրված երեխա է, ես կասեի՝ յոթ երեխաներիս ամենասիրելին։

ՍՕՍ-մայրը ոչ միայն ֆինանսական անհրաժեշտ միջոցներ է ստանում երեխաների մասին հոգ տանելու համար, այլ նաև աշխատավարձ։ Բայց Սվետլանան սա աշխատանք չի դիտարկում, միայն աշխատավարձի օրն է գիտակցում, որ այն աշխատանք է։ Նա երեխաների հետ ուրախանում է, նրանց հետ տխրում, ապրումակցում, ինչպես ցանկացած մայր։

— Հարցնում եք՝ արդյոք դժվար չէ ուրիշի երեխաներին սիրելը, ես միանշանակ կասեմ՝ ո՛չ։ Սկզբում, երբ երեխային բերում են քեզ մոտ, դու խնամում ես նրան, հետո կապվում ես հետը, հետո սիրտդ սկսում է ցավել, ամեն փոքրիկ հաջողությամբ սկսում ես հպարտանալ, ամեն մանրուքի դեպքում նեղվել։ Իմ երեխաները գիտեն, որ ես ու ամուսինս իրենց մեջքին կանգնած ենք ամեն վայրկյան։

Երեխաները հաճախ են Մացո քեռուն խնդրում Աբովյանի սեփական տուն գնալ՝ խոսելու, «տղայական թեմաներ» քննարկելու, թեմաներ, որ մորը չեն պատմի։ Սվետլանային սա միայն ուրախացնում է, քանի որ ՍՕՍ-գյուղում հայր ունեցող ընտանիքները քիչ են. այստեղ ՍՕՍ-մայրերը հիմնականում միայնակ են մեծացնում երեխաներին։

img 0782
ՍՕՍ գյուղի բնակիչ:
 

— Կարծում եմ, որ ընտանիքում տղամարդու դերն ու ներկայությունն շատ կարևոր է։ Ես ուրախ եմ, որ ամուսինս համաձայնեց խնամել այս երեխաներին, իսկ հիմա նրանց սիրում է իր զավակի նման։ Երեխաներս էլ անչափ ուշադիր են մեր նկատմամբ։ Գուցե շատերին այս տեսակ ընտանիքը յուրահատուկ է թվում, բայց երբ երեկոյան հոգնած վերլուծում եմ օրս ու տեսնում ութ երեխաներիս, հասկանում եմ, որ երջանիկ մարդ եմ, որ ունեմ իրենց։

Տիկին Սվետլանան գյուղի մյուս ընտանիքների հետ հարևանություն է անում, գնում սուրճ խմելու, զրուցում, երեխաներից պատմում, ամեն երեքշաբթի ու հինգշաբթի միասին գնում են շուկա, որը հատուկ արարողություն է։ Երեխաները հերթով ասում են, թե ով ինչ է ուզում, ում ինչ է պետք. ականջակալ, զգեստ, ֆուտբոլի գնդակ, տիկնիկ, հազար ու մի բան։ ՍՕՍ-ում երեխաները կարող են ասել. սա եմ ուզում, վստահ լինելով, որ եթե վնասակար բան չէ, հաստատ կունենան։

Տիկին Սվետլանայի տնից մի փոքր հեռու մեկ այլ բազմազավակ մայրիկ է ապրում։ Առաջին բանը, որ նկատում ես, անպատմելի կոկիկ ու մաքուր միջավայրն է, փոշեհատիկ անգամ չես կարողանա գտնել։ Տիկին Աննան երեխաների համար ինտելեկտուալ խաղերի հավաքածու ունի, քանի որ խաղը՝ խաղ, բայց այն պիտի մի բան սովորեցնի։ Մուլտեր նայելով դժվար թե գիտելիքներ ձեռք բերես։ Երեխաները գիտեն, որ ամեն շուկա գնալու օրը մայրը հաստատ մի նոր, ավելի հետաքրքիր խաղ ձեռքին կգա, սկզբում կբացատրի, հետո կթողնի ինքնուրույն փորձել։

Տիկին Աննան 20 տարուց ավելի աշխատում է ՍՕՍ-ում, սկզբում ՍՕՍ-մորաքույր է եղել, հետո դարձել ՍՕՍ-մայր։ Արդեն հինգ տարի է, ինչպես ինքն է կես կատակ-կես լուրջ ասում, ինչ մայրիկ է աշխատում։

— Երկու փոքրերս, որ համալրեցին մեր ընտանիքը, կարճաժամկետ խնամքի տակ էին։ Գյուղում զբոսնելիս հաճախ էի տեսնում նրանց, այնպես որ, լավ էի ճանաչում։ Անցյալ տարի հունիսի մեկին, երբ երեխաներին տարել էինք Գառնի, ես արդեն գիտեի, որ իմ բալիկներն են դառնալու։ Հենց այդ օրն էլ տեղափոխվեցին մեր տուն։ Իմ տանը արդեն վեց երեխա կար։ Կողքից լսողին կթվա, որ դժվար է նոր երեխայի մուտքը, բայց ամեն բան շատ սահուն եղավ, առանց խնդիրների։

img 0647
Տիկին Աննան իր տան առջև:
 

Իհարկե, լինում է, երբ երեխաներն իրար չեն հասկանում, նեղանում են իրարից։ Ընտանիքում անգամ կենսաբանական քույր ու եղբայրները կարող են այս կամ այն հարցով գժտվել. նորմալ է։ Բայց ընտանիքը համերաշխ է, ու ոչ մի բան չի կարող խարխլել այդ համերաշխությունը։ Տիկին Աննայի մեծ աղջիկները մի քանի օրով կենսաբանական ընտանիք են վերադարձել, անհանգիստ է։

— Նրանք իմ թիկունքն են, շատ կազմակերպված, մյուսների նկատմամբ ուշադիր, օգնում են բոլոր հարցերում։ Իմ երեխաները գիտեն, որ պարտականություններ ունեն. դասերն արեցին՝ կարող են խաղալ, բակ դուրս գալ, բայց պիտի նաև տան մաքրությանը հետևեն, իրենց անկողինը հավաքեն, օգնեն սեղան դնել, հետևեն իրենց հիգենային և այլն։ Ջերմություն տալը դժվար չի,— տիկին Աննան հուզվում է,— մեկ-մեկ լսում եմ, որ երեխաներս իրար մեջ քչփչում են, թե Աննա մաման մեզ ավելի շատ է սիրում, քան մեր մաման՝ նկատի ունենալով իրենց կենսաբանական մայրերին։

Տիկին Աննան խոստովանում է, որ աշխատանքը մեծ պատասխանատվություն է պահանջում, բայց այստեղ մայրերն ուշադիր են երեխաների նկատմամբ ոչ գումարի կամ պատասխանատվության պատճառով, այլ մի պարզ զգացումի՝ սիրո շնորհիվ։

— Ես էլ եմ հոգնում, ինչպես բոլորը։ Ութ երեխա պահելը հեշտ չէ, հավատացե՛ք, բայց երեխաների սերը, որ բումերանգի պես վերադառնում է քեզ, հազար հոգնած օր արժե։ Ամեն օր իրենց պառկեցնում եմ քնելու ու մտածում, որ ևս մի հաջողված օր ունեցանք, մենք ավելի շատ ճանաչեցինք իրար, ընդունեցինք թերությունները, օգնեցինք, նեղվեցինք, հաշտվեցինք։ Բայց հենց այդ ամենն է ամուր հարաբերությունների հիմքը։ Սերը չի պակասում մեր տանը։

Տիկին Աննայի պատմությունը այլ է։ Երբ նա եկել է այս տուն, ընտանիքում արդեն երեխաներ են եղել, իսկ ՍՕՍ-մայրիկը դուրս է եկել աշխատանքից։ Երեխաները սովորել էին նախորդ մայրիկին, ու հեշտ չէր շահել նրանց սերն ու վստահությունը։

img 0643
Գնումների օր:
 

— Ինձ շատ օգնում է ՍՕՍ-մորաքույրը։ Եթե այսօր իմ ազատ օրն է, նա իր վրա է վերցնում առօրյան, խնամում է երեխաներին, 24 ժամ անցկացնում նրանց հետ, մինչև ես վերադառնամ։ Գնում եմ ու մտածում, թե երբ եմ գալու, որովհետև (գուցե չհավատաք, մտածեք, թե բառեր եմ շռայլում, բայց ազնվորեն) կարոտում եմ իրենց։ Այ, մեծ աղջիկներս այստեղ չեն, տեղս չեմ գտնում։ Իրենք, օրինակ, ինձ մորաքույր են ասում, փոքրերս մամա են ասում։ Ես բառի հետևից չեմ ընկնում, բառերից մեր՝ իրար նկատմամբ զգացածը չի փոխվում։ Ես գիտեմ, որ մենք սիրում ենք միմյանց։ Աղջիկներս էնքան հոգի դրած են ասում «մոքս», որ դա ինձ համար անպատմելի հաճելի է։

Յուրաքանչյուր երեխայի կենսաբանական մորը ճանաչելը սկզբունք է ՍՕՍ-ում։ Տիկին Աննան ևս բացառություն չէ, իր երեխաների ծնողներին գիտի, զանգում են, զրուցում, քննարկում երեխաներին առնչվող տարբեր հարցեր։

— Իմ բախտը բերել է, իմ երեխաները լավ ծնողներ ունեն, ուղղակի այստեղ են տարբեր խնդիրների պատճառով, ու նրանց պիտի ձեռք մեկնել։ Ես ունեմ ծնողներ, որոնք հյուր են գալիս մեզ, երեխաներն են հաճախ գնում նրանց տեսության, այնպես որ, բացարձակապես որևէ խնդիր չկա։

Մտերիմներն ու բարեկամները դրական են ընդունել բազմազավակ մայրիկ դառնալու Աննայի որոշումը։ Հայրը սիրում է հատկապես փոքրերին։

— Երբեմն զանգում է, խնդրում, որ Արեգիս տանեմ իր մոտ։ Մտերիմներս էլ են սիրում հյուր գալ, իմ երեխաները սիրով են ընդունում բոլորին։ Մենք ընտանիք ենք, մյուսների նման, պարզապես թվով շատ ենք։

Տիկին Աննան գյուղի բոլոր մայրիկների հետ մտերիմ է։ Կա ընտանիք, սակայն, որի անդամներից մեկին՝ Վիտյային, առանձնահատուկ է սիրում, քանի որ ժամանակին եղել է նրա ՍՕՍ-մորաքույրը։ Վիտյաենց տունը մի քանի քայլի վրա է։ Պատանին, որ մտավոր խնդիրներ ունի, ապրում է իր եղբայրների, քույրերի ու մոր՝ տիկին Իրայի հետ։

img 0674
Վիտյան խաղալիքներ պատրաստելու դասին:
 

Տուն մտնելուն պես տեսնում եմ կավից պատրաստված տարբեր իրեր։

— Մեր Վիտյայի ձեռքի աշխատանքներ են,— հպարտանում է Էդիկը՝ Վիտյայի եղբայրը, որի հետ մանկապարտեզ են գնացել, հետո դպրոց, հիմա էլ պատրաստվում են ամեն մեկն իր ընտրած մասնագիտության մեջ հմտանալ՝ Վիտյան մեքենաներ նորոգող վարպետ, Էդիկը՝ խոհարար։ Զրույցին միջամտում են տղաները, կատակում՝ թե մարդ ես, հանկարծ մաման մի բան չմոռանա։ Վիտյան մորն է գրկում, համբուրում.

— Մամաս մի բան չկա, որ չանի մեզ համար։ Երեկ ինտերնետով տեսել եմ, որ «Առյուծ արքա» ֆիլմն է դուրս գալիս, մամային արդեն ասել եմ, որ ոչ մի բան չծրագրի, գնալու ենք նայենք. չէ՞, մամ,— հարցական շեշտադրությամբ, բայց առկայծող ու հավատացած աչքերով շրջվում է դեպի մայրն ու նորից գրկում։

Տիկին Իրան, որ ժամանակին սովորել է Պոլիտեխնիկում, երիտասարդ տարիներին աշխատել է «Աբովյան շինտրեստում», որի լուծարումից հետո, որոշ ժամանակ անց, գործի է անցել «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամում։

— Հետո մաման դառել ա ՍՕՍ-մորաքույր, երեք տարի աշխատել ա, հետո վերջապես դառել մեր մաման,— միջամտում է Վիտյան։

Տիկին Իրան Վիտյային 1,9 տարեկանից է խնամում։ Տղան հեշտ երեխա չէր․ գիշերները չէր քնում, իսկ այդ ժամանակ արդեն շատ երեխաներ կային տանը։

— Հետո պարզեցի, որ մտավոր խնդիրներ ունի։ Ես չարչարվել եմ, անքուն եմ մնացել օրեր ու ամիսներ, ո՞նց կարող եմ չսիրել նրան։ Անհնար բան է․․․

— Իսկ ես գնալու եմ ֆրանս-հայկական քոլեջ, գիտե՞ք,— Էդիկը որոշում է պատմել իր մասին,— բայց երիտասարդական չեմ տեղափոխվելու։ ՍՕՍ-ում այսպես է, երբ որոշում ես տեղափոխվել Երևան սովորելու, գնում ես ՍՕՍ-ի երիտասարդական կենտրոն, էնտեղից ես գնում դասի, ապրում ես ՍՕՍ-ի մյուս հասակակիցներիդ հետ, բայց էս տարի մեզ ասացին, որ կարող ենք որոշել՝ գնալ, թե ամեն օր գյուղից Երևան դասի հասնել ու տուն վերադառնալ։ Ես էլ որոշել եմ մնալ էստեղ, մերոնց չեմ կարող թողնել, ուղղակի չեմ կարող, ես առանց մեր ընտանիքի ո՞ւր գնամ։

Եթե ՍՕՍ մանկական գյուղերի Կոտայքի մասնաճյուղում ապրում է 10 ընտանիք, ապա կարճաժամկետ ծրագրի շրջանակում բնակվողների թիվն ավելի քիչ է։ Կարճաժամկետ ծրագիրը նպատակ ունի կենսաբանական ծնողների հետ աշխատելով երեխաներին վերադարձնել ընտանիք ու կանխարգելել նրանց մուտքը հատուկ խնամքի հաստատություններ։ Միշտ չէ, սակայն, որ հաջողվում է։

img 0593
ՍՕՍ գյուղի ցերեկային խնամքի կենտրոնում, այն նաեւ բաց է մոտակա գյուղերի երեխաների համար:

Կարճաժամկետ ընտանիքներից մեկում են ապրում քույր ու եղբայր Աննան, Նարեն ու Հայկը (անունները փոխված են)։ Երեխաների մայրը մահացել է երկու տարի առաջ։ Աննան հիշում է, թե ինչպես էր հայրը հարբած տուն գալիս, հայհոյում բոլորին, ծեծում մորը, հետո անցնում երեխաներին։ Մոր մահից հետո, ևս երկու տարի հոր կտտանքներին դիմանալով, մի օր աղջիկները որոշում դիմել ոստիկանություն։ ՍՕՍ-ի կարճաժամկետ ծրագրով գյուղում հայտնված երեք այս անչափահասներն այստեղ երջանիկ են, տուն վերադառնալ ու հոր հետ ապրել չեն ուզում։

— Մեր հայրն է, բայց գիտենք, որ նորից է խմելու, հայհոյելու, ծեծելու։ Իսկ էստեղ մենք կրթություն ենք ստանում, շատ լավ միջավայրում ենք ապրում, բոլոր էրեխեքի հետ ընկերացել ենք։

Տասնհինգամյա աղջկա գրագետ խոսքն ու համեստությունը անհնար է չնկատել, թախծոտ աչքերը՝ ևս։ Մամային շատ են կարոտում։ Քույրերով մտերիմ են, բայց երկուսն էլ փակ են, հույզերն ու ապրումները թաքցնում են. այդպես հեշտ է, իրար ցավ չեն պատճառում։

— Մենք հասկացել ենք, որ ալկոհոլից պապայի կախվածությունը, ծեծը, մեր տան միջավայրը երբեք չպիտի ազդեն մեր կյանքի վրա։ Եթե պապան խմում է ու հայհոյում, բոլորովին չի նշանակում, որ մենք չպիտի սովորենք կամ դառնանք վատ մարդ։ Մենք պիտի լավ կրթություն ստանանք, միայն թե մնանք այստեղ, հանկարծ տուն չուղարկեն։

10-15 տարեկան այս երեխաները այնպիսի բառեր գիտեն, որ նրանց տարիքում երեխան չպետք է իմանա կամ, լավագույն դեպքում, ինչ-որ ֆիլմում լսած լինի՝ ծեծ, ալկոհոլից կախվածություն, ցուցմունք, առերեսում, անչափահասների տեսուչ․․․ մի քիչ շատ չէ՞ անչափահասների համար, որոնք կորցրել են մորը և սիրո ու գուրգուրանքի փոխարեն ստացել հոր բռնությունը։ Իսկ այստեղ՝ ՍՕՍ-ում, բազմազավակ այս գյուղում, ամեն մեկը գտել է իր երջանկությունը։

img 0851
ՍՕՍ գյուղի բնակիչ:

***

Սպիտակ ու կարմիր բալենիների տակ երեկոյան զովին երեխաները սպասում են մայրերին։ Հինգշաբթի է՝ շուկայի օր։ Մայրերը վերադառնում են։ Ու հենց այդ պահին տասնյակ երեխաների ուրախ աղմուկի ու փայլող աչքերի մեջ ես տեսնում իրական սեր, երբ արյունակցական կապ չունեցող մարդիկ բարեկամանում են այնքան, որ չեն պատկերացնում կյանքն առանց մեկը մյուսի։

Մեզ ճանապարհելիս երեխաների սիրելի Զորի քեռին՝ ՍՕՍ-ի աշխատակիցը, ասաց, որ գյուղի տասը տներից ամեն մեկն իր առօրյան ու ապրելակերպն ունի և առհասարակ ՍՕՍ-ում ընտանեկան պատմությունները տարբեր են, բայց ընտանիքներին միավորում է ամենակարևորը՝ սիրել կարողանալը։

-----------------------------------------------
Հատուկ ուշադրեւթյուն է դարձվել երեխաների ինքնությունը պաշտպանելու համար:

Thank you for your submission! We will review it soon.

Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։


cssf logo uk gov


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team