«Երբ էրեխեքը մի քիչ աղմկում են, կողքի հարևանը պատը խփում է: Միշտ: Ասում է՝ գլխից հիվանդ մարդ եմ, խանգարում եք: Բայց որ ես ցավից ու սովից մղկտում էի, չէի խանգարում»,- 27-ամյա Լուսինեն պատմում է կարանտինի շրջանում 12 օր սոված մնալու ու սկեսուրի և ամուսնու վերաբերմունքի մասին։ Ամուսնու վարքն անմիջապես է փոխվել, երբ իրեն հարս են տարե. «Ինքն ասեց՝ մերս հիվանդ կին ա, էսօրվանից սաղ քո վրա պիտի լինի: Ու էդ պահից սկսած մայրն ամեն օր ասում էր, թե բա գործ անել չգիտես, ճաշ սարքել չգիտես, թե տուն բերել-պահելու բան չես, բայց դե պահում ենք: Հետո իրիկունը նույնը տղուն էր ասում...»։ Լուսինեն նշում է, որ չնայած հոգեբանական ճնշումներին, ֆիզիկական բռնություն, այնուամենայնիվ, չի եղել:

«Երբ երկրորդիս էի սպասում, սկսեց, թե՝ հասկացանք՝ հղի ես, հո ամեն ինչը դու չես ուտելու, տղուս ամբողջ աշխատանքը դու ես ուտում: Երբ արտակարգ դրություն հայտարարեցին, ամուսնուս խանութն էլ փակեցին, տանն էինք: Ինքը նեղվում էր շատ: Մի կողմից էլ մերը սկսում էր էլի՝ ուտում ա, հա ուտում ա: Ես էլ ասեցի՝ կերակրող մամա եմ, պիտի կարողանամ էրեխուս կերակրել: Ու բորբորքվեցին...»,- Լուսինեն իր պատմությունն այսքանով ավարտում է:

Լուսինեի քույրը պատմում է, որ «բորբոքվելուց» հետո ամուսինը մի քանի անգամ ապտակել է կնոջը, հետո քարշ տվել ննջասենյակ ու ասել՝ դուրս չգա մինչև թույլ չտան: Դրանից հետո ինքն անընդհատ փորձել է խոսել քրոջ հետ, բայց ձայնը տարօրինակ է եղել. «Ինքը մեզ ընդհանրապես բան չի ասել, չենք էլ իմացել, որ անընդհատ ճնշել են: Որ բերեցինք մեր տուն, արդեն պատմեց: Ասում էր՝ գոնե հարևանը ձենս լսեր, ձեզ ասեր (հարևանը ընտանիքի հին ծանոթն է): Ապրիլի 18-ն էր կարծեմ, հետը խոսեցի, ասեց՝ շատ սոված եմ ու զգացի, որ ձայնը փոխվեց: Անհանգստացա, պապայիս ասեցի, գնացինք դրանց տուն: Տուն ենք մտել, գրկել է ինձ ու սկսել հեկեկալ»:

 

Ընտանեկան բռնության ահազանգերն ավելացել են

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներում տեղաշարժի խիստ սահմանափակումներ մտցվեցին, ամենուր տանը մնալու կոչեր էին: Կարճ ժամանակ անց առաջին հայտարարությունները եղան ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Ֆրանսիայում, օրինակ, կարանտինի 11-րդ օրն արդեն ահազանգերն ավելացել էին 30 տոկոսով, միայն Փարիզում՝ 36 տոկոսով:

Հայաստանում, ըստ Ոստիկանության հասարական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանի, 2019 թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը քննվել է ընտանեկան բռնության 56 դեպք, որից 53-ը ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն է եղել: 56 դեպքից 16-ով հարուցվել են քրեական գործեր: 2020 թ. նույն ժամանակահատվածում քննվել է 10 դեպք, որից 8-ը եղել է ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն: Այս 10 դեպքից քրեական գործ է հարուցվել 2-ով:

Ընտանեկան բռնությունների վերաբերյալ ահազանգերի թիվը 2019-ի մարտի 16-ից մայիսի 13-ը եղել է 301, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 329: Այսինքն, այս տարի ահազանգերի թիվը 28-ով ավելի է:  «Սակայն պետք է նշեմ, որ ահազանգերից ոչ բոլորն են ընտանեկան բռնության դեպքեր: Օրինակ, կարող է հարևանը ահազանգել և երբ օպերատիվ խումբը ժամանում է դեպքի վայր, պարզվում է, որ ամուսիններն ընդամենը բարձրաձայն խոսել են: Իսկ եթե ահազանգը համապասխանում է իրականությանը, ապա ծառայողների կողմից կիրառվում են օրենքով նախատեսված պաշտպանական միջոցները, այն է նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն»,- նշում է գնդապետ Դուրյանը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ոստիկանության կողմից նախազգուշացում կիրառվում է, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն։

Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ եթե առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա անհապաղ կայացվում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:

Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել 5 տեսակի սահմանափակումներ՝ 1) հարկադրել բռնարարին անհապաղ հեռանալ զոհի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը, 2) արգելել բռնարարին այցելել իր հետ չբնակվող զոհին (անհրաժեշտության դեպքում նաև նրա խնամքի տակ եղողներին)՝ նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր, 3) արգելել բռնարարին կոնկրետ հեռավորությունից ավելի մոտենալ զոհին (անհրաժեշտության դեպքում՝ նաև նրա խնամքի տակ եղող անձանց), 4) ի պահ վերցնել բռնարարի տիրապետման տակ գտնվող զենքը, 5) արգելել բռնարարին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել զոհի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ:

 

Խոցելիներն ավելի խոցելի

Բռնարարի հետ նույն տանիքի տակ ապրող կանայք, ծերերն ու երեխաներն ավելի խոցելի են կարանտինային սահմանափակումների պայմաններում։ «Միանշանակ խնդիրը սրվել է՝ վարակի հետ կապված: Այն շահառուները, որ եկել են մեր ապաստարան, նշում են, որ այդ փակված վիճակում, երբ չէին կարողանում դուրս գալ, ինչքան լարված է եղել մթնոլորտը: Եթե մինչ այդ մի պահ գոնե հանգիստ էին լինում, բռնարարը տանը չէր լինում, ապա դրանից հետո իրենք օրվա 24 ժամը վախի ու լարվածության մեջ են անցկացրել»,- ասում է Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն էլ նշում է, որ կոալիցիային անդամակցող կազմակերպություններին ուղղված ահազանգերի թիվը շուրջ 30 տոկոսով աճել է. «Խոցելի խմբերն առավել խոցելի են դարձել, քանի որ թե՛ նրանց հանդեպ վերահսկողությունն է մեծացել, թե՛ տարբեր աջակցման ծառայություններից օգտվելու հնարավորություններն են փոքրացել»։ Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ այս ընթացքում կոալիցիայի անդամ կազմակերպություններ դիմել է 4 կին, որոնք փախել են տնից, քանի որ մեկ զանգ կատարելու հնարավորություն անգամ չեն ունեցել: Այս մարդիկ լուրջ խնդրի առաջ են կանգնել նաև հասարակական տրանսպորտի չաշխատելու պատճառով։ «Մենք ունեցել ենք շահառու, որը շրջանից ոտքով է եկել-հասել Երևան. փախել է տնից, թաքնվել, մենք կապի ենք դուրս եկել, մեր սոցաշխատողը մեքենայով մոտեցել, բերել է ապաստարան: Մեկ այլ դեպքում ոստիկաններն են օգնել մեզ՝ տեղափոխել կնոջը: Ամեն մի դեպք մի ձևով է լուծվել, բայց դա և՛ շահառուների, և՛ մեզ համար լուրջ խնդիր է: Մարդն ուզում է տնից դուրս գալ, բայց ո՞ւր գնա, տրանսպորտ չկա»,- ասում է Հասմիկ Գևորգյանը:

Թե՛ Զարուհի Հովհաննիսյանը, թե՛ Հասմիկ Գևորգյանը փաստում են, որ ահազանգերի թիվն ավելացել է. սակայն դրանք միայն բռնության դեպքեր չեն։ Օրինակ, Կանանց աջակցման կենտրոնն ապրիլին ստացել է 79 զանգ, որից 45-ն առնչվել է տարբեր սոցիալական խնդիրների: Ահազանգերի թիվը կավելանա նաև սահմանափակումների ամբողջական վերացումից հետո։ «Մենք իրական պատկերի վերաբերյալ տվյալներ կիմանանք, երբ կվերջանա արտակարգ դրությունը և խորքային կվերլուծենք, թե դա ինչ ազդեցություն է ունեցել: Օրինակ, մի դեպքում ամուսնալուծության գործընթաց էին սկսել, սակայն քանի որ դեռևս ամուսնալուծության փաստը չկա, կինը չկարողացավ պետական աջակցությունից օգտվել, որովհետև ամուսինը գրանցված աշխատող է, բայց ալիմենտ չի տալիս, կա հարուցված քրեական գործ»,- նշում է Հ. Գևորգյանը։

 

Թաքնված բռնարարներ

Այս տարվա հունվարի 1-ից մայիսի 13-ը հաշվառման է վերցվել 388 բռնարար. 299 դեպքում կիրառվել է նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն է կիրառվել 89 դեպքում: 388-ից տղամարդ է 339-ը, կին՝ 45-ը, անչափահաս՝ 4-ը: Տվյալները փոխանցում է Նելլի Դուրյանը:

Այնուամենայնիվ, բռնության ենթարկվածներից ոչ բոլորն են դիմում ոստիկանություն կամ աջակցման կենտրոններ։ «Մարդկանց ընկալումներով՝ ոստիկանության առաջ բարձրաձայնելը ամոթ է, մյուս կողմից՝ փորձում են աջակցություն փնտրել այլ եղանակներով: Սակայն առաջարկած աջակցության միջոցները չեն կարող ունենալ այն իրավական ուժը, ինչ ոստիկանության կողմից ձեռնարկվող պաշտպանական միջոցներն են»,- ոստիկանություն չդիմելու պատճառները պարզաբանում է փաստաբան Նոնա Գալստյանը: Շարունակում է խնդիր մնալ ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը։ «Լինում են դեպքեր, երբ ոստիկանություն դիմելուց հետո գալիս են, ասում, որ ծաղրական վերաբերմունքի արժանացան. ոստիկանները փորձել են համոզել դիմումը հետ վերցնել»,- ասում է Ն. Գալստյանը։

Հասմիկ Գևորգյանը մեկ այլ պատճառ էլ է նշում. «Նորմալ է, որ չեն ուզում դիմել ոստիկանություն, քանի որ կարող է գործ հարուցվել ամուսնու, տղայի կամ ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ, ում հետ իրենք ապրել են, ունեն բացասական կամ դրական հույզեր։ Հոգեբանորեն դժվար է: Նրանց նպատակը պատժելը չէ, այլ բռնությունը դադարեցնելը»:

 

«Վախենում եմ, որ մի օր սիրահարվեմ իր նման մեկին...»

«Եղբայրս հագուստիցս քաշքշում է ու ստիպում, որ այլ բան հագնեմ, ասենք իր ասածով՝ ավելի փակ։ Պապաս բան չի ասում: Բայց մի քանի անգամ երբ ասել եմ՝ քո գործը չի, պապան ասել է, որ լսեմ եղբորս: Մամաս մի քանի անգամ մեջ է մտել ու դրա համար վատամարդ դարձել»,- պատմում է 20-ամյա Արմինեն:

Եղբայրն ընտանիքում փոքրն է, բայց տանը նրա խոսքը «հարգված» է. Արմինեն մեկ տարով մեծ է եղբորից։ «Պապան ասում է՝ մեկը պիտի քեզ տիրություն անի: Սուս եմ մնում, արդեն հոգնել եմ: Հենց մի բան եմ ասում, ասում են՝ լեզվանի եմ, հորս հակաճառում եմ: Ուղղակի հավաքվում, գալիս եմ տատիս տուն»,- պատմում է Արմինեն:

Վերջին մեկ ամիսն Արմինեն մայրական տատի տանն է ապրում. «Միշտ էլ վատ է վարվել ինձ հետ, բայց էս վարակի հետ կապված ավելի կատաղած դառավ: Ոչ մի զբաղմունք չուներ, գործի էլ չէր գնում, ու սկսեց հեռախոսս մոտը պահել, թե բա իբր ես թաքուն մեկի հետ շփվում եմ, իրան չեմ ասել: Ու էդ պատճառով կռվեցինք, հայհոյեց, խփեց մի քանի անգամ, հեռախոսս ձեռքիցս վերցրեց: Մի քանի ժամ հետո տաքսի եմ կանչել ու եկել: Տատս չի թողնում իրան, որ իր տուն գա: Գիտի ամեն ինչ: Ասում է՝ էս քո մորը խե՞ղճ եմ պահել, որ քեզ թողնում է խեղճացնեն»:

«Ես հիմա իրականում ոչ մեկի հետ չեմ շփվում, չեմ էլ ուզում: Եղբայրս շատ սիրուն է, դրսում էլ իրան շատ լավ է պահում, ընկերուհի էլ ունի: Էդ աղջիկը չգիտի, որ ինքը քրոջը հայհոյում, ծեծում է: Մի երկու անգամ մամային էլ է փորձել խփել, երբ մաման պաշտպանել է ինձ: Ու ես վախենում եմ, որ մի օր սիրահարվեմ իր նման մեկին։- Արմինեն երկմտում է՝ արդյոք պետք է եղբոր ընկերուհուն պատմել այս մասին.- Ես շատ եմ դրա մասին մտածում: Չգիտեմ իրենք կամուսնանան, թե չէ, բայց մի օր ինքը կհիասթափվի: Բայց ես հիմա եթե մի բան ասեմ, երևի չի հավատա, եղբորս կպատմի ու նորից քարերն իմ գլխին կթափվեն: Գիտեմ...»:

Այն հարցին, թե փորձել է ոստիկանություն կամ հասարակական որևէ կազմակերպության դիմել, Արմինեն արձագանքում է. «Ոստիկանություն չեմ դիմի, որովհետև, ամեն դեպքում, եղբայրս է: Կազմակերպություն կդիմեի, եթե տատս չլիներ»:

 

Չլինել անտարբեր

«Ես գտնում եմ, որ համավարակի պայմաններում ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերում պետք է որոշ միջոցառումներ ձեռնարկվեին»,- նշում է փաստաբան Նոնա Գալստյանը և հավելում, որ կարող էին իրազեկումներ լինել բռնության դեպքերում ահազանգը փոխանցելու միջոցների մասին, նաև մարզերում, պարետի որոշմամբ, կարող էին կենտրոններ ստեղծվել, որոնք աջակցություն կտրամադրեին այս անձանց:

Զարուհի Հովհաննիսյանը օրինակ է բերում հարևան Վրաստանը. «Սահմանափակումների առաջին իսկ ժամերին կարճ հաղորդագրություն էր գնում ամբողջ բնակչությանը, որ եթե նկատեք կամ ինքներդ հայտնվեք ընտանեկան բռնության իրավիճակում, հետևյալ համարներով կարող եք զանգահարել, ստանալ աջակցություն: Սա կանխարգելիչ նշանակություն ունեցող մոտեցում է: Տարբեր երկրներում փորձել են դեղատներում և այլ վայրերում, որտեղ մարդիկ ավելի հաճախ են լինում, փակցնել պաստառներ՝ աջակցության «թեժ գծերի» հեռախոսահամարներով»:

Ի դեպ, Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ գնդապետ Նելլի Դուրյանը նշում է, որ հանրային վայրերում ծառայություն իրականացնող բոլոր ոստիկաններին ցուցում-հանձնարարական է տրվել իրենց մոտ ունենալ աջակցության կենտրոնների «թեժ գծերի» համարները և փոխանցել դրանք՝ ըստ անհրաժեշտության:

Փորձագետները, բացի պետության քայլերից, կարևորում են նաև մարդկանց անտարբեր չլինելը. «Շատ դեպքերում, երբ վերլուծում ենք, տեսնում ենք, որ այդպիսի ելք միգուցե չլիներ, եթե ժամանակին արձագանքեր հարևանը կամ ընկերոջը, արձագանքեին աշխատավայրից, ուս. հաստատությունից: Որքան էլ մարդը փորձի թաքցնել, չի կարող այդ խնդիրը պահել միայն ընտանիքում: Անտարբերությունը ցավալի է»,- նշում է Նոնա Գալստյանը:

 

Հ.Գ. Բռնության ենթարկված անձանց անունները փոխված են:

Կարդալ նաև

Ուժեղի մոտ միշտ էլ թո՞ւյլն է մեղավոր․ ասք 16-ամյա խեղդամահ եղած աղջկա մասին

Օրեր առաջ Երևանում 16-ամյա աղջկա խեղդամահ լինելու բոթը տարածվեց ու տոնական սեղանների շուրջ ամենաքննարկվող թեման դարձավ Հայաստանում։ Երեխայապաշտ համարվող Հայաստանում լուրն անմիջապես տարբեր հարթակներում լայն մեկնաբանությունների առիթ դառնալով նախ թիրախավորեց աղջկա վարքագծը: Սակայն սա նորություն չէ հայ հասարակության համար։

Ընտանեկան բռնություն․ անկատար օրենքն ու հասարակության կարծրատիպերը կանանց սպանությունների պատճառ են շարունակում մնալ

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։

Իրավապաշտպանի օրագիրը

«Որքան շատ են լռողները, մտերիմների, հարազատների կողմից սեռական բռնության ենթարկված երեխաները, որոնք չունեն տարածք խոսելու, բարձրաձայնելու իրենց հետ կատարվածի մասին, նրանք կամ վախենում են, կամ լռեցվում», հատված Զարուհի Հովհաննիսյանի «Իրավապաշտպանի օրագիրը» հոդվածաշարքից:

COVID-19

Կրճատվող աշխատատեղեր, փողոցում հայտնվելու հեռանկար. համաճարակի հետևանքները

Երբ Հայաստանում COVID-19 համաճարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց, շատ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Նրանցից շատերը չգրանցված աշխատողներ էին և այսօր ավելի խոցելի են, քան երբևէ:

Հեռավար կրթություն կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում անցնում են հեռավար ուսուցման: Որքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը պատրաստ արձագանքելու այս իրավիճակին:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team