Մի ուրվական է շրջում Հայաստանում... հեռավար կրթության ուրվականը՝ կորոնավիրուսի օրերին։

Մարտի 16-ից ուղիղ մեկ ամիս փակ են լինելու Հայաստանի բոլոր դպրոցները, նախակրթարանները և կրթական այլ հաստատությունները։ Համաձայն Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Կառավարության որոշման՝ կդադարեցվի ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:

Մինչև մարտի 16-ը հանրակրթական որոշ հաստատություններ (Այբ դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, «Շիրակացու ճեմարանը») արդեն հայտարարել էին հեռավար ուսուցման անցնելու մասին՝ առաջարկելով սեփական մոդելները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մարտի կեսերին ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշել էր, որ նախարարությունը մի շարք քայլեր կձեռնարկի կրթական գործընթացը հեռավար կազմակերպելու ուղղությամբ։

Կորոնավիրուսի համաճարակը ստիպում է նորովի դիտարկել Հայաստանում հեռավար կրթության հեռանկարները։

 

Ի՞նչ է հեռավար կրթությունը

1916-2018 թթ. ընթացքում հեռավար կրթության վերաբերյալ 1,685 գիտական հոդվածների և 51,940 հղումների գիտաչափական ուսումնասիրությունը (Բոշկուրթ, 2019) ցույց է տալիս, որ հեռավար կրթությունը գաղափարական երկու հիմնասյուն ունի.

1. Հեռավար կրթությունը սովորող-սովորող, սովորող-ուսուցիչ, սովորող-բովանդակություն հարաբերությունների մասին է. 45-60 րոպեանոց «ավանդական» դասն առցանց անցկացնելը դեռ հեռավար ուսուցում չէ. դասը տեսաձայնագրելն ու սոցիալական ցանցերում կամ հատուկ հարթակներում այն տեղադրելն ընդլայնում է հասանելիությունը, կարող է անգամ օգտակար լինել սովորողներին համար, բայց բավարար չէ հեռավար համարվելու համար։

2. Հեռավար կրթությունը մտավոր, ուսուցչական և սոցիալական ներկայության մասին է. հեռավար կրթությունը ևս կարիք ունի ուսուցիչների՝ ինչպե՞ս ենք ապահովում, օրինակ, տարրական դպրոցի աշակերտների իմաստալից ներգրավվածությունը, կամ ինչպե՞ս է ուսուցիչը գնահատելու, թե արդյունավետ էր արդյոք հեռավար դասը, ինչպե՞ս է հեռավարությունն ազդում սովորողների սոցիալականացման վրա և այլն։ Մենք շատ հաճախ ենթադրում ենք, որ բավարար է դասը իրական դասարանից տեղափոխել համացանց, օրինակ Zoom-ի միջոցով, և այն կդառնա հեռավար դաս։ Նույն կերպ ենթադրում ենք, թե բավարար է իրական դասարանում տեխնոլոգիական որևէ միջոց կիրառել, օրինակ խելացի գրատախտակ, և դասն արդեն ինտերակտիվ է։ Երկուսն էլ ենթադրությունների շարքից են։

Moodle, Google Classroom, Docebo, SAP Litmos, Blackboard, Dasaran՝ սրանք բոլորը ուսումնառության կառավարման համակարգեր են, տեխնոլոգիական լուծումներ կրթական գործընթացը համակարգելու, տվյալներ հավաքագրելու, վերլուծելու համար։ Zoom, Skype, Viber, Microsoft Teams, Google Hangouts՝ սրանք հաղորդակցական գործիքներ են, ոչ կրթական։ Եթե Moodle-ին զուգահեռ Skype ենք օգտագործում սովորողներին դասն առցանց բացատրելու համար, սա կրկին հեռավար կրթություն չէ։ Ճիշտ ինչպես Quizizz գործիքի կիրառումը դեռ չի ենթադրում, որ հարցերն ավելի որակյալ են. պարզապես ուրիշ է նյութը փոխանցելու միջոցը։ Երբ մանկավարժությունը համահունչ չէ հեռավար կրթության գործընթացին, մենք պարզապես տեխնոլոգիաների միջոցով փոխանցում ենք այն, ինչ ֆիզիկական լսարանում փոխանցվում է դեմ առ դեմ։ Բովանդակության բնույթը դրանից չի փոխվում։

3. Հեռավար կրթությունը տեխնոլոգիական, մանկավարժական-կրթական և սոցիալ-տնտեսական գործոնների համադրություն է. այլ կերպ ասած՝ եթե պատրաստվում եք անցնել հեռավար կրթության, ապա պետք է մտածել, որտե՞ղ են պահպանվելու տվյալները, որոնք հավաքագրվելու են այս ընթացքում, ո՞վ է տնօրինելու կամ կարողանալու օգտագործել դրանք, արդյո՞ք բոլոր սովորողներն են ունենալու հավասար հնարավորություններ հեռավար կրթությունից օգտվելու համար, արդյո՞ք հեռավար կրթությունը անհավասարություն չի ստեղծի և ի՞նչ պետք է անել դա հարթելու համար, մանկավարժական ի՞նչ մոտեցումներ են անհրաժեշտ, արդյո՞ք վիրտուալ և իրական գիտափորձերը նույն մտավոր-զգացական ազդեցությունն ունեն, ի՞նչ պայմաններ կան այն աշակերտների համար, որոնք դպրոցում սնունդ էին ստանում, ի՞նչպիսին է լինելու հեռավար ներառական կրթությունը...

Հեռավար կրթության մասին ցանկացած խոսակցություն, որ հաշվի չի առնում այս երեք բաղադրիչները, ավելի շուտ մոդայիկ զրույց է։

Սոցիալ-տնտեսական պայմանները կարևոր են։ Երբ համակարգում կան սովորողներ, որոնց դպրոցական սնունդը օրվա միակ որակյալ սննդի հնարավորությունն է, կամ համացանցը հասանելի չէ տանը, ապա չենք կարող խոսել հեռավար կրթության մասին՝ որպես լուծում բոլորի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2016 թ. գնահատման համաձայն՝ 0-5 տարեկան երեխաների 30%-ը Հայաստանում սնունդ ստանալու, 50%-ը համացանցի հասանելիության, գյուղական համայնքներում երեխաների 87%-ը մաքուր խմելու ջրի և ջեռուցման անհրաժեշտ պայմանների խնդիր ունի։

Պարզ ասած՝ Հայաստանում հեռավար կրթությունն այսօր հասանելի է սովորողների մի մասին և առաջարկվող լուծումները չնայած կարևոր, սակայն տեղային ու այդ մի մասին ուղղված քայլ են։

 

Գնացքը գնա՞ց. ե՞րբ

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով 2004-ին նախատեսվում էր 7,9 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանում դպրոցներում կրթական տեխնոլոգիաներ ներդնելու համար։ Ծրագիրը նախատեսում էր

1. ստեղծել՝

- կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն,

- կրթական պորտալ,

- ՏՀՏ լուծումները կրթության մեջ ինտեգրելու ենթակառուցվածքներ,

- համակարգչային լաբորատորիաներ 600 դպրոցներում (այդ պահին առկա 1,481-ից),

- համակարգիչների շրջանառու հիմնադրամ, որը կապահովեր դպրոցներին համակարգիչներ տրամադրելու գործընթացի կայունությունը.

2. աջակցել՝

- ուսուցիչներին և աշակերտներին՝ ներդնելու ՏՀՏ կիրառմամբ ուսումնառության ժամանակակից լուծումներ և նյութեր,

- մշակելու կրթական համակարգչային լուծումներ և ստեղծելու օժանդակ ձեռնարկներ, վերապատրաստելու ուսուցիչների։

2004-ից սկսած ՀՀ բոլոր կառավարությունները հետևողականորեն կրճատել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) գործունեության շրջանակը՝ այն հանգեցնելով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի։ Համաշխարհային բանկին ուղղված նամակում ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը (2003-2006 թթ.) նշում էր, որ «ԿՏԱԿ-ը կօգնի նախարարությանը ռազմավարական խորհուրդներով և կրթության պլանավորման հարցերով», այսպիսով կենտրոնին վերապահելով շատ ավելի փոքր՝ դպրոցների օպտիմալացման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման դեր։

Համաշխարհային բանկի 2009 և 2014 թվականների վարկային ծրագրերի մի մասն ուղղվել է ԿՏԱԿ-ի կարողությունների նեղացված այս շրջանակին։ 2014-ի վարկային ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքներ ԿՏԱԿ-ի շրջանակում այդպես էլ չստեղծվեցին։ Հայաստանը 17 տարվա ընթացքում կարող էր Կրթական տեխնոլոգիաների բոլորովին այլ ազգային կենտրոն ունենալ, եթե չլիներ իշխանությունների այսրոպեական շահը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին այսօր, այնուամենայնիվ, հաջողվել է ստեղծել՝

 

Ի՞նչ անել հիմա

Նասիմ Թալեբն ասում է՝ «գնացքը բաց թողնելը ցավոտ է միայն, եթե վազում էիր դրա հետևից»։ Վերջին 17 տարիներին մենք շարունակ բաց ենք թողել գնացքը և կարծես ցավոտ էլ չի եղել... մինչև կորոնավիրուսը ի ցույց դրեց բաց չթողնելու ջանքի բարդությունը։

Կորոնավիրուսի համաճարակը հնարավորություն է հեռավար կրթության համակարգ և կարողություններ գործարկելու կարևորությունը գիտակցելու և այդ ուղղությամբ ներդրումներն էականորեն ավելացնելու համար։

Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է՝

1. Համադրել հեռավար կրթությանը ավանդականի հետ. մեզ հաճախ թվում է, թե ուսուցիչները համակարգիչներ են, ուր կարելի է ցանկացած պահի նոր ծրագիր տեղադրել (օրինակ՝ արագ վերապատրաստել հեռավար կրթության ծրագրով) և ամեն ինչ հրաշալի կաշխատի։ Նման մտայնությունը պայմանավորված է հեռավար կրթությունն ընդամենը սովորական դասը տեխնոլոգիաների միջոցով փոխանցելու գործընթաց դիտելով։ Եթե ուզում ենք կենսունակ հեռավար կրթական համակարգ ունենալ, այն պիտի մաս կազմի յուրաքանչյուր ուսուցչի և աշակերտի դասարանային փորձառության։

2. Տեխնոլոգիական կայունության մեխանիզմ. հաճախ մենք հույսներս դնում են կառավարության ներդրումների և բարերարների՝ Pentium-4 համակարգիչների վրա։ Կրթական տեխնոլոգիաները շատ ավելի ռեսուրսատար են, և եթե ուզում ենք 21-րդ դարի ենթակառուցվածքներ ունենալ, պետք է դրանց կայուն մատակարարման մեխանիզմներ ներդնենք։

Այս ամենը շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, քան արվել և արվում են։

Իսկ մինչ այդ՝

1. Ուսումնական տարին անպայման պետք է երկարացնել. սա այլընտրանք չունի, քանի որ միակ տարբերակն է հավասարակշռելու հեռավար ուսուցում ստացած և չստացած սովորողների հնարավորությունները։

2. Դպրոցական սննդի և համաճարակի կանխարգելման անհրաժեշտ պարագաների առաքումը խոցելի խմբերին և այդ նպատակով հավելյալ ֆոնդերի ներգրավումը ևս կարծես այլընտրանք չունի։

3. ԿԳՄՍ նախարարությունը պետք է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պաշտոնապես հայտարարի ՀՀ հանրակրթական և նախադպրոցական կրթական հաստատություններում հեռավար կրթության գործընթացի համակարգող։ Սա թույլ կտա միասնական համակարգում ունենալ։

4. Պետք է գիտակցել, որ մասնավոր դպրոցների ոգևորիչ օրինակներն այս պահին տեղայնացնել հնարավոր կլինի միայն այն դպրոցներում, որոնք ունեն անհրաժեշտ պայմաններ։ Հայաստանի բոլոր դպրոցներում դրանց տեղայնացումը շատ ավելի ռեսուրսատար կլինի։

5. ԿԳՄՍ նախարարությունը հետագա քայլերի առնվազն երկու ծրագիր պիտի ունենա՝ եթե մեկ ամսից վերադառնում ենք բնականոն վիճակի և եթե ուսումնական հաստատությունները կարիք լինի փակել մինչ ուսումնական տարվա ավարտ։ Սրանցից յուրաքանչյուրն առանձին գործողությունների ծրագիր և նախագծային կառավարում է ենթադրում։ Երկրորդի դեպքում կարիք կլինի տարբերակված լուծումներ մշակել։

6. Կառավարությունը պետք է բանակցի ինտերնետ մատակարարող ընկերությունների հետ՝ վիրուսային դադարի շրջանում գյուղական համայնքներում սակագների նվազեցման շուրջ։ Ծախսերը միգուցե հնարավոր լինի ներառել այդ ընկերությունների հանրային հաղորդակցության բյուջեներում։

7. Կորոնավիրուսի դադարի շրջանն անհրաժեշտ է օգտագործել հեռավար կրթության հնարավորինս տարբերակված փորձարկումներ անելու համար։ Սա կօգնի ապագայում հեռավար ուսուցման համակարգ մշակելուն։

Անկախ այս պահի թելադրած լուծումների, պետք է գիտակցել, որ եթե հաջորդ նման ժամանակներում չենք ուզում նույնչափ «պատրաստ» լինել, ապա հիմա է դասեր քաղելու և հեռավար կրթության համակարգի ու կարողությունների զարգացման ուղղությամբ էական ներդրումներ անելու ճիշտ պահը։

Եվ պատկերացրեք, որ դուք բաց չեք թողել հաջորդ կորոնավիրուսի գնացքը։

Կարդալ նաև

Որքա՞ն գրագետ է Հայաստանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է, սակայն հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին։

Այլ հայերեն հոդվածներ

Աշխատել առանց հատուցման․ կամավորության շարժիչ ուժը

Ի՞նչն է դրդում մարդկանց իրենց ժամանակը տրամադրել ուրիշներին և անհատույց օգնել իրենց համայնքներին: Երեք կանայք բացատրում են:

Հանդարտեցնելով փոթորկոտ ծովը. երբ երեխան տուն է գտնում

Երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց խնամքը ընտանիքի և պետության պարտականությունն է: Այսօր, ինչպես և միշտ, հենց շրջապատի սերն է, որ փոփոխությունների հիմք է դառնում:

Լսեք նաև

podcast with arevik
khalapyan podcast 3

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ հայ ժամանակակից գրականության, գրող - գործակալ հարաբերությունների, հայ գրողներին միջազգային ընթերցողին ներկայացնելու և Հայաստանում ընթերցողների համայնքի անհրաժեշտության և այլնի մասին։ 

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team