28-ամյա Տիգրան Ահարոնյանը շուրջ երկու ամիս է՝ եկամուտ չունի. կորցրել է աշխատանքը և հույս էլ չունի, որ մոտ ապագայում նորը կգտնի: Զրույցի ժամանակ նա ցույց է տալիս ձեռքերը. ափերն ամբողջությամբ ծածկված են կարմիր, սպիտակ հետքերով։ «16-17 տարի է՝ տառապում եմ փսորիազ հիվանդությամբ, որը գնալով խորանում է… Մատուցող ու բարմեն եմ: Մի քանի ռեստորանում, սրճարանում տեսել են, աշխատանքի չեն վերցրել, կամ հանել են աշխատանքից։ Աշխատանքս դրա պատճառով եմ կորցրել»,- EVN Report-ի հետ զրույցում պատմում է Տիգրանը:

Վերջին աշխատավայրում՝ արևելյան մի ռեստորանում, աշխատել է շուրջ չորսուկես տարի. «Տնօրինությունում շատ լավ մարդիկ են: Ես ցույց տվեցի ձեռքերս տնօրենին, ասաց՝ դրա համա՞ր էիր ձեռնոցներով աշխատում: Ասացի՝ ամաչում էի, նեղվում, որ կարող է գործից հանեք»: Թեև Տիգրանը միայն դրական է խոսում գործատուի մասին, սակայն փաստ է, որ աշխատանքային պայմանագիր չի ունեցել ու հիմա աշխատանքը կորցնելու հիմքով չի կարող օգտվել սոցիալական աջակցության պետական ծրագրերից:

 

Չգրանցված աշխատողներ կամ ազատված ես՝ ամեն պահի

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախորդ տարվա ընթացքում չգրանցված աշխատողների բացահայտման 2.255 ստուգում է իրականացրել, որից 1.372 դեպքով արձանագրվել են խախտումներ։ Այդ խախտումներով չգրանցված աշխատողների թիվը կազմել է 2.380, տնտեսավարողները տուգանվել են 590 մլն դրամով։ 2019-ի առաջին եռամսյակում իրականացվել է 295 ստուգում և արձանագրվել 187 խախտում, չգրանցված աշխատողների թիվը կազմել է 358: Այս տարվա առաջին եռամսյակում նույնպես կատարվել է 295 ստուգում, սակայն արձանագրվել է 189 խախտում, իսկ չգրանցված աշխատողների թիվը կազմել 411: Այսինքն, համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ այս տարի 53-ով ավելի չգրանցված աշխատող է հայտնաբերվել:

«ՊԵԿ-ը բնականոն շարունակել է իր աշխատանքները, ստուգումներ չենք իրականացրել այն տնտեսավարողների մոտ, որոնք գործունեությունը դադարեցրել են: Շատ շեղումներ չկան խախտումների մասով, չգրանցվածների մասով՝ նույնպես: Կարծում եմ, որ այսքան հորդորներից հետո չգրանցվածների մասով ավելի քիչ դեպքեր ենք ունենալու, ավելի օրինապահ են լինելու: Իհարկե, մենք կշարունակենք մեր դիտարկումները»,- ասում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Եթե աշխատանքային պայմանագիր չունես, չունես նաև Աշխատանքային օրենսգրքով պաշտպանված լինելու երաշխիք: Գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքելով ոչ միայն խուսափում է հարկ վճարելուց, այլև ոտնահարում է աշխատողի իրավունքները:

Փաստաբան Գևորգ Սլոյանը նշում է, որ նույնիսկ չգրանցված աշխատողները հնարավորություն ունեն վերականգնելու իրենց խախտված իրավունքը՝ փաստացի աշխատանքային հարաբերությունների փաստը ճանաչելու հայցով դատարան դիմելու միջոցով։ «Աշխատանքային օրենսգրքով ամրագրված է, որ եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն կամ գոյություն են ունեցել փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողն իրավունք ունի դիմելու դատարան թե՛ փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության, թե՛ դրանք դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»,- EVNreport-ին պարզաբանում է Գ. Սլոյանը ու հավելում, որ հետագայում, երբ դատարանի վճռով հաստատվում է փաստացի աշխատանքային հարաբերությունների փաստը, գործատուն կարող է տուգանվել աշխատողին չգրանցելու և հարկերը թաքցնելու համար: «Ի դեպ, յուրաքանչյուր չգրանցված աշխատողի դեպքում 250.000 դրամ տուգանք է նախատեսված Հարկային օրենսգիրք 412-րդ հոդվածով»,- նշում է փաստաբանը:

 

Փողոցում՝ չորս անչափահաս երեխաների հետ

43-ամյա Նարինե Նավասարդյանը, մինչև կորոնավիրուսի համավարակն ու արտակարգ դրություն հայտարարելը, կարողանում էր հոգալ «թե՛ գլխներին ծածկ ունենալը, թե՛ օրվա կուշտ լինելը»: Բնակարաններ էր մաքրում, ռեստորաններում հավաքարար աշխատում, երբեմն ծանր հիվանդների խնամում։

Բայց ապրիլի 4-ին Նարինեն երեխաների հետ փողոցում հայտնվեց. բնակարանի վարձը չէր կարողացել տալ, տանտերը պահանջել էր հեռանալ: Ահազանգից հետո Երևանի քաղաքապետարանը փոխանցել էր բնակարանի երկու ամսվա վարձը, վարչական շրջանի աշխատակազմից աշխատանք էին առաջարկել խանութում։ Բայց չգիտի՝ երեխաներին ում խնամքին թողնի. «Մինչև էս էրեխեքը գնում էին գիշերօթիկ դպրոց, ես գնում էի աշխատանքի, հետո երեկոյան բերում էի տուն, խնդիր չունեի: Ես ոչ ոք չունեմ, միայնակ մայր եմ, ոչ մեկին չեմ կարող խնդրել, թե՝ նստեք էրեխեքի մոտ, ես գնամ աշխատեմ: Փոքրս 6 տարեկան է, մեծս՝ 12 տարեկան: Իրենք էլ շատ չարաճճի են...»։ Այս պայմաններում տուժում է նաև երեխաների կրթությունը՝ հեռավար դասերին մասնակցելու հնարավորություն նրանք չունեն:

Ծանր աշխատանքից անգամ չխուսափող Նարինեին հուսահատեցնում է անորոշությունը. «Չեմ ուզում էրեխեքիս տամ մանկատները, պայքարում եմ ամեն ձև, բայց գլոբալ երազանքներ, թե տուն կունենանք, չկան: Գիտեմ, որ հրաշքներ չեն լինում, համենայն դեպս իմ կյանքում...»:

Երկսենյականոց կիսախարխուլ, խոնավ տան ննջասենյակում մեկ մահճակալ կա, երկու անկողին էլ հատակին է բացված: Չէին կարող ավելի լավ պայմաններով բնակարան վարձակալել. եկամուտը զրոյացել է, ծախսերը շարունակում են նույնը մնալ:

Նարինեն նույնպես պետական աջակցություն չի կարողանում ստանալ, քանի որ գրանցված աշխատող չի եղել ու որպես նպաստառու հաշվառված չէ:

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Ալվարդ Արշակյանն ասում է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո «թեժ գծով» բազմաթիվ զանգեր են ստանում, որոնց մի մասը վերաբերում է հենց չգրանցված աշխատողների խնդիրներին. «Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական աջակցության ծրագրերից չօգտվելու հանգամանքներից մեկը եղել է հենց չգրանցված աշխատող լինելը»:

 

Գրանցված աշխատողների թիվը նվազում է

Այս տարվա փետրվարին գրանցված աշխատողների թիվը Հայաստանում 616.209 է եղել, մարտին՝ 619.000, այսինքն մեկ ամսվա ընթացքում գրանցված աշխատատեղերն ավելացել են 3.600-ով։ Սակայն վիճակագրական դինամիկան հասկանալու համար ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացնում է նախորդած շրջանի տվյալները ևս։ «Միշտ մարտին ավելի շատ աշխատողներ են լինում, քան փետրվարին, քանի որ տնտեսությունն սկսում է աշխուժանալ։ Անցյալ տարի փետրվար-մարտ ամիսների տարբերությունը 10.500 եղել է: Այս տարի 3.600 է: Այստեղ արդեն մեծ դեր ունի իրավիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված»,- նշում է Ռաֆիկ Մաշադյանը:

Աշխատատեղերի վերաբերյալ տվյալ ամսվա տվյալները ամփոփվում են մինչև հաջորդ ամսվա 20-ը: Հետևաբար, այս տարվա ապրիլի տվյալներն ամփոփված չեն, բայց նախնական գնահատականով աշխատատեղերի կրճատում է նկատվում։ «Ապրիլին մի փոքր ավելի շատ ազատվածներ են, քան ընդունվածներ՝ մոտ 3.000-ով ավելի քիչ, քան մարտին: Իսկ անցյալ տարի ապրիլին մոտ 8.500-ով ավելի շատ են եղել, քան մարտին: Ըստ էության, եթե վիճակագրական դինամիկան նայեինք, պետք է ապրիլին ավելի շատ աշխատակիցներ ունենայինք, քան մարտին։ Սակայն նախնական գնահատականն այն է, որ կունենանք ոչ թե աշխատատեղերի ավելացում, այլ նվազում, բայց ոչ շատ»,- նշում է ՊԵԿ նախագահի տեղակալը:

 

Պարապուրդ. աշխատողը պիտի վճարվի՞, ո՞ւմ կողմից

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում փաստի առաջ կանգնել են նաև աշխատանքային պայմանագիր ունեցողները: «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Բելա Շիքարյանը նշում է, որ գրանցված շատ աշխատողներ ազատվել են աշխատանքի ծավալի նվազման պատճառով, մյուս մասի մոտ աշխատանքային ծանրաբեռնվածությունն է ավելացել։

«Սպասարկման ոլորտում կան աշխատակիցներ, որոնք ընդամենը 15 րոպե ընդմիջում ունեն, 7 ժամ շարունակ ոտքի վրա են լինում, նստելու հնարավորություն չկա: Վիրուսից պաշտպանվելու համար շնչադիմակներն ու ձեռնոցներն աշխատողները նույնպես իրենց գումարով են ձեռք բերում: Էլ չենք խոսում երբեմն արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքից»,- ասում է Բ. Շիքարյանը:

Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո, երբ պարետի որոշմամբ դադարեցվեցին տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, աշխատողների զգալի մի մասը պարապուրդի մատնվեց, ի հայտ եկան վարձատրության կամ դրա չափի վերաբերյալ տարատեսակ խնդիրներ։

Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողի վարձատրության կարգը: Եթե պարապուրդն առաջացել է ոչ աշխատողի մեղքով, ապա նա պետք է վարձատրվի որոշակի չափով: Նույն հոդվածի 6-րդ կետում նշվում է, որ աշխատողը «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում»:

Պարապուրդի մատնված աշխատողները պնդում են, որ պետք է վարձատրվեն, քանի որ պարապուրդն իրենց մեղքով չի առաջացել, իսկ գործատուները՝ որ իրավիճակը ֆորս-մաժորային է (այսինքն՝ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած) և չպետք է վճարեն:

Փաստաբան Սեդրակ Ասատրյանն ասում է, որ իրավիճակն իսկապես ֆորս-մաժորային է. «186 հոդվածի 6-րդ մասում նշվում է «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Տեսեք, եթե պարետի որոշմամբ սահմանվել է, որ տվյալ դասակարգչով գործունեություն իրականացնողի աշխատանքն արգելվում է, միևնույն ժամանակ կա տեղաշարժի հետ կապված արգելք, հետևաբար ֆորս-մաժորային իրավիճակ է: Այլ հարց է, եթե աշխատանքն արգելված չէ, պարետի որոշմամբ տվյալ գործունեության տեսակը բացառությունների մեջ է եղել»:

Ս. Ասատրյանի խոսքով՝ եթե գործատուն չունի վճարելու պարտավորություն, ապա պետք է վճարի պետությունը և դրա համար կան տարբեր եղանակներ։ «Ես առաջարկություն էի ներկայացրել, որ փոփոխություն արվեր «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում և ներառվեր կարանտինի ընթացքում տրվող նպաստի մասին կետ ու հետադարձ ուժ կիրառվեր: Արագ կլուծվեր խնդիրը, աշխատողները կներկայացնեին այդ թերթիկը, գործատուն կվճարեր ինչպես սովորական անաշխատունակության դիմումի դեպքում, աշխատողը կվճարվեր, իսկ գործատուն հնարավորություն կունենար հարկային բեռը թեթևացնել»,- նշում է Ս. Ասատրյանը:

Փաստաբանի խոսքով, սա սոցիալական համերաշխության դրսևորում կլիներ և կկանխեր այնպիսի դեպքերը, երբ, օրինակ, «Գլորիա» կարի արտադրամասի աշխատողները ցանկանում էին դուրս գալ աշխատանքի՝ դեմ գնալով պարետի որոշումներին:

Պետությունը, սակայն, աշխատանքային իրավունքների ոլորտում կարգավորումների այլ ճանապարհ ընտրեց: Ապրիլի 29-ին Ազգային ժողովն ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին նոր օրենք, որն ուժի մեջ մտավ մայիսի 8-ին:

Փոփոխություններով սահմանվեց անհաղթահարելի ուժը. այժմ անհաղթահարելի ուժ է համարվում նաև համաճարակը: Բացի այդ, գործատուն ոչ թե չի վճարում, այլ ԿԱՐՈՂ Է չվճարել աշխատողին պարապուրդի ընթացքում։ Այս դրույթին տրվել է հետադարձ ուժ և այն կիրառելի է արտակարգ դրություն հայտարարելու պահից՝ մարտի 16-ից։

«Վճարելը գործատուի իրավունքն է և ոչ պարտավորությունը, նա կարող է աշխատողին հանգիստ մերժել: Դա նշանակում է հայեցողություն՝ թե՛ վճարելը, թե՛ չվճարելը իրավաչափ է»,- EVNreport-ի հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը և հավելում, որ այս փոփոխությունը խրախուսական քայլ էր այն գործատուների հանդեպ, որոնք բարեհաճ էին գտնվել և վճարել իրենց աշխատողներին:

Այլևս աշխատանքային կարգապահության խախտում չի համարվում համաճարակի կանխարգելման կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ օրով ներկայանալը: Ինչպես նաև ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը։ «Որևէ դեպքում գործատուն իրավունք չունի արտակարգ դրությամբ պայմանավորված ուշ ներկայանալու կամ չներկայանալու դեպքում, եթե նույնիսկ տվյալ գործունեության տեսակը թույլատրելի է, բայց հանրային տրանսպորտը չի աշխատում, տույժ կիրառել կամ պայմանագիրը լուծել: Այսինքն, տալիս ենք պաշտպանվածություն»,- նշում է պատգամավորը:

Օրենքով հստակեցվել է նաև վարձատրության հարցը։ Օրինակ, հեռավար աշխատելու դեպքում աշխատողը պետք է վարձատրվի ամբողջությամբ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի ներկայանալու դեպքում վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամերին կամ փաստացի կատարած աշխատանքին համապատասխան:

 

Պաշտպանության ևս մեկ օղակ

Այսօր աշխատանքային իրավունքների պաշտպանության միակ միջոցը դատարան դիմելն է, ինչը ոչ միշտ է արդյունավետ՝ հաշվի առնելով գործընթացի ժամանակատար ու ծախսատար լինելը:

Նոր օրենքով մարտի 16-ից հետո աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնելու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ գրավոր դիմումների հիման վրա: Տեսչական մարմինը կարողանալու է վարչական վարույթ հարուցել և խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառել։ «Սա ուղերձ է աշխատողներին, որ այս փուլում նրանք մենակ չեն, և ուղերձ է գործատուներին, որ լինեն զգոն և համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակից չօգտվեն՝ աշխատողների հետ վարվելով, այնպես ինչպես կցանկանան»,- ասում է պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Թեև օրենքն արդեն գործում է, սակայն տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու իրավասություն դեռևս չունի. «Վերահսկողություն իրականացնելու իրավասություն կվերապահվի տեսչական մարմնի կանոնադրության մեջ (2018-ի հունիսի 11-ի N 755-Ն որոշում) համապատասխան փոփոխություններ կատարելուց և տեսչական մարմնին այս ժամանակաշրջանում վերահսկողություն իրականացնելու լիազոր մարմին ճանաչելու դեպքում (փոփոխություն կատարելով վարչապետի 2019-ի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման մեջ)»,- նշում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի գլխավոր մասնագետ Ալվարդ Արշակյանը:

Իսկ մինչ այդ, քանի դեռ չեն կատարվել փոփոխությունները, տեսչական մարմնից ահազանգերի դեպքում հորդորում են սեփական իրավունքները պաշտպանել դատական կարգով՝ Աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն:

Կարդալ նաև

Արդյո՞ք հեղափոխությունը կհաղթի առանց աշխատանքային իրավունքների պաշտպանության

Ցանկացած մարդու հարցրեք Հայաստանում աշխատանքային պայմանների մասին, և ձեզ կասեն, որ իրենց իրավունքները չեն պաշտպանվում, նույնիսկ եթե իրենք տեղյակ են դրանց մասին։ Անշուշտ, աշխատանքային իրավունքները նվազագույն պաշտպանված իրավունքներն են երկրում: Աշխատանքային իրավունքների պաշտպանության նման անտեսման պատճառներից մեկը երկրում գործազրկության բարձր մակարդակն է:

COVID-19

Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ. պետության կարողությունները և Սփյուռքը

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի փորձը կարող է և պետք է հիմք ծառայի Սփյուռքի փորձագետների և մասնագետների ներգրավմամբ ճգնաժամերի կառավարման երկարաժամկետ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակելու համար:

Հեռավար կրթություն կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում անցնում են հեռավար ուսուցման: Որքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը պատրաստ արձագանքելու այս իրավիճակին:

Չասել՝ անհնար է. լրաճարակ կամ կեղծ լուրերի համաճարակը

Կորոնավիրուսի պանդեմիայի՝ աշխարհը գրավելուն զուգահեռ ՝ ինֆոդեմիան լարվածություն է առաջացնում և ազդում հոգեկան առողջության վրա: EVN Report-ի այս շաբաթվա խմբագրականը ևս մեկ անգամ անդրադառնում է երկրագնդում ապրող յուրաքանչյուր մարդու դերին:

Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինի

Խոշոր համավարակները միշտ էլ կտրուկ փոխել են հասարակությունները: Նրանք երբեմն ավելի մեծ հետք են թողել մարդկության զարգացման վրա, քան համաշխարհային պատերազմները, դիվանագիտությունը կամ աշխարհագրական հայտնագործությունները: COVID-19-ի նման մասշտաբային, ամբողջ մոլորակը համակած համավարակը անշուշտ հետևանքներ է ունենալու: Դրա մասին է վկայում մարդկության ողջ պատմությունը:

Լսել

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանի հետ զրուցում է կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած իրողության, մարդկանց վախերի և տագնապի, հոգեվիճակի փոփոխության, ինքնամեկուսացման ընթացքում ընտանիքներում հարաբերությունների ձևավորման, բռնության ռիսկերի, վախերի և այլնի մասին։ 

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team