2000x3000

Մենք աստղագնացներ ենք ուղարկել Լուսին, տեխնոլոգիական անհավատալի նվաճումներ արձանագրել, վերծանել ենք մարդու գենոմը, հիվանդություններ բուժել և երկարացրել մարդու կյանքը, լեռներ ենք նվաճել, օվկիանոսներ, տիեզերքը, ընդլայնել մեր երևակայության ու ինտելեկտի սահմանները, բայց ինչո՞ւ ենք այսքան հիմար դարձել:

Աներևակայելի այս առաջընթացի ընթացքում մենք ամայացրել ենք մոլորակը, թալանել ընդերքը, կտրել անտառները, աղտոտել գետերը, լճերը, ծովերը, բազմաթիվ կենդանատեսակներ ոչնչացման եզրին հասցրել ու հիմա էլ մեդիահարթակներում ու սոցցանցերում տարածվող հսկայածավալ տեղեկատվությամբ խաթարում ենք մեր հոգեկան առողջությունը։

Հենց սա է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անվանում լրաճարակ (ինֆոդեմիա)՝ ինչպես իրական, այնպես էլ կեղծ լուրերի չափազանց մեծ քանակություն՝ հեղեղ, որը դժվարացնում է կորոնավիրուսի վերաբերյալ հավաստի լուրեր գտնելը և նպաստում ամբողջ աշխարհում չճշտված, կեղծ տեղեկատվության, դավադրության տեսությունների, խուճապի և խառնաշփոթի տարածմանը։

ԱՀԿ տեխնիկական ռիսկերի և սոցիալական մեդիայի պատասխանատուներն առանց դադարի հետևում և արձագանքում են ոչ հավաստի լուրերին, միֆերին, ապատեղեկատվությանը, փորձում «գտնել ամենից շատ տարածվող կեղծ կանխարգելիչ միջոցառումները կամ բուժումները, որոնք կարող են վնաս հասցնել հանրային առողջությանը»։ Նրանք փորձում են հակազդել այս ախտին՝ հավաստի տեղեկություններ տրամադրելով: Այնուամենայնիվ, կեղծ լուրերն ավելի արագ են տարածվում ամբողջ աշխարհում, քան ինքը՝ վիրուսը, և այնպիսի արագությամբ, որ ԱՀԿ-ն ապատեղեկատվությունն ու վախը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենամեծ մարտահրավերների թվում է ընդգրկել:

Կառավարությունների, առողջապահական տարբեր գերատեսչությունների, փորձագետների ու բժիշկների կողմից տրամադրվող հակասական տեղեկությունները էլ ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ նրանք էլ իրենց հերթին են փորձում պատասխաններ գտնել, որոնց կարիքն այժմ այնքան զգում են մարդիկ։ Ոչ հետևողական տեղեկատվության այս հեղեղը մեզ բոլորիս հարվածում է այնպիսի գլխապտույտ արագությամբ, որ դժվար է չկորցնել հավասարակշռությունն ու ողջամտությունը։

Վերջին օրերին Իտալիայից հրապարակվող հոգեցունց լուսանկարներն ու պատմությունները սթափության ու զգոնության կոչ պետք է լինեն մարդկության համար։ Որքան էլ մենք չվստահենք իշխանություններին, որքան էլ նրանք վատ որոշումներ կայացնեն կամ կոպիտ սխալներ թույլ տան,— որքան շուտ մենք բոլորս ականջալուր լինենք և հետևենք հիմնական մի քանի ցուցումներին՝ հաճախակի լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, ինքնամեկուսանալ, այնքան արագ կհաղթահարենք համաճարակը: Հատուցման ժամանակը դեռ կգա (եթե դա այն է, ինչ ցանկանում եք), բայց այդ ժամանակը հիմա չէ:

Որպես անհատ, որպես լրագրող՝ հաճախ ինքս ինձ հարցնում եմ, թե արդյոք արջի ծառայություն չեմ մատուցում հանրությանը՝ պարբերաբար հրապարակելով կորոնավիրուսի Հայաստանում հաստատված դեպքերի քանակը կամ տարածելով Պարետատան պաշտոնական բոլոր ցուցումները։ Եվ ինչն ավելի կարևոր է՝ արդյոք դա անում եմ ինչպես հարկն է, չեմ անցնում արդյոք փաստեր ներկայացնելու և մտահոգություն, անգամ՝ անհարկի խուճապ տարածելու միջև նուրբ սահմանը։

Բացի այդ, այս ամենն իր գինն ունի յուրաքանչյուրիս համար, դրանից հնարավոր էլ չէ խուսափել. չէ որ աշխատանքդ պահանջում է կարդալ այն ամենը, ինչ ունես ձեռքիդ տակ, ու միևնույն ժամանակ ինքդ քեզ մեկուսացնել բոլոր այն մարդկանցից՝ երեխաներից, թոռներից, ընկերներից, մերձավորներից, որոնք քո կյանքը ապրելու արժանի են դարձնում: Իհարկե, սա անհամեմատելի է բուժաշխատողների գերմարդկային ջանքերի ու նվիրվածության հետ, մարդկանց, որոնք մեր սերնդի համար վճռորոշ այս պահին առաջնագծում են. բայց միևնույն է, դա մեր աշխատանքն ավելի հեշտ չի դարձնում:

Ուստի, մինչև կորոշեք ինչ-որ հղում տարածել, անպայման ծանոթացե՛ք դրա բովանդակությանը, նախքան մեկնաբանություն կամ թվիթ գրելը հիշե՛ք պատասխանատվության մասին, որը դուք՝ ինքնե՛րդ, անձա՛մբ ունեք որպես քաղաքացի։ Մի ներգրավվեք սոցիալական ցանցերում ծավալվող «խոսակցություններում»՝ կեղծիքին հակազդելու մղումով, քանի որ այդ ընթացքում ինքներդ եք սկսում տարածել կեղծիքը։ Իհարկե քննադատեք, բայց մինչև իշխանությունների կամ միջազգային կազմակերպությունների հասցեին էժանագին հայտարարություններ անելը (հանուն քաղաքական շահի), որոնք, ի դեպ, անասելի այս մղձավանջին դիմագրավելու անհրաժեշտ միջոցառումներ են փորձում ձեռնարկել, մտածեք սեփական գործողությունների ու սոցիալական պատասխանատվության մասին և ինքներդ օրինակ ծառայեք:

Read in English


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team