Կյանքը կորոնավիրուսից հետո․ կորոնային հաղթածները

Երբ Չինաստանում ապրող մեր հայրենակիցների տարեսկզբի անդրադարձներն էի կարդում նոր-նոր տարածվող հիվանդությանը, թե վախի ինչ մթնոլորտում են ապրում, օրական քանի անգամ են ախտահանում ձեռքերն ու իրենց շրջապատող իրերը, որքան են սահմանափակել շփումները, ամեն բան այնքան անիրական ու հեռու էր թվում, դժվար էր անգամ պատկերացնելը, որ այդ ամենը նաև մեր առօրյայի մաս է դառնալու։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց մարտի 1-ին, երկու շաբաթ անց վարակվածների թիվն արդեն 18 էր։ Վիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից մեկ ամսով հայտարարվեց արտակարգ դրություն, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Հունիսի կեսի դրությամբ շուրջ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում 18․000-ից ավելի վարակակիր կա, 300-ից ավելի մահ։

 

Հոգատարությամբ փրկվածները

Վիրուսը սկզբնական շրջանում տարածվում էր հատկապես խոշոր արտադրություններում։ Մայրաքաղաքի նման ձեռնարկություններից մեկում էլ աշխատում էր 72-ամյա Էլիզ Բադալյանը, որը շուրջ 15 օր կյանքի և մահվան կռիվ տվել կորոնավիրուսի դեմ։ «Ապրիլի 20-ին, երկուշաբթի, պետք է գնայի աշխատանքի։ Առավոտյան սովորականի պես վեր կացա, պատրաստվեցի, բայց շատ թույլ էի։ Մտածեցի՝ չգնամ, զանգեցի գործընկերոջս, ասացի, որ շատ թույլ եմ, ի վիճակի չեմ հասնել։ Իր մոտ էլ էր նույն վիճակը։ Ավելի ուշ արդեն ջերմությունս բարձրացավ, համ ու հոտ չէի զգում»,- պատմում է տիկին Էլիզն ու հիշում, որ մտածել են սովորական մրսածություն է, կանցնի, ու որոշել են տանը բուժվել։

Բայց երբ տեսել են, որ վիճակը չի կարգավորվում, ապրիլի 26-ին գնացել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ հաստատվել է հիվանդությունը։ Երկու օր ինֆեկցիոնում անցկացնելուց հետո բուժանձնակազմը նպատակահարմար է գտել կնոջը տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ «Շատ թեթև էի հազում սկզբից, շունչս էր կտրվում միայն, շնչահեղձ էի լինում։ Նախ ինձ տարան պալատ, բայց զգացին, որ վիճակս շատ ծանր է, տարան վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ վեց օր մնացի։ Անհնար է նկարագրել, թե բժիշկներն ու ամբողջ բուժանձնակազմն ինչքան ուշադիր էր։ Բուժքույրերից մեկը, 21 տարեկան աղջիկ էր, նստում էր անկողնուս կողքն ու իր ձեռքով ինձ կերակրում էր, այնքան թույլ էի, ախորժակ ընդհանրապես չունեի։ Անդադար սրտխառնոց ունեի, լրիվ թուլացել էի, անգամ ջուր չէի կարողանում խմել,- հիշում է տիկին Էլիզը. երկկողմանի թոքաբորբը, բարեբախտաբար, հնարավոր է եղել հաղթահարել, նա ուղեկցող խրոնիկ հիվանդություններ չի ունեցել։- Լևոն Բալայանի գլխավորությամբ, մնացած բոլոր հրաշագործ բժիշկների օգնությամբ ես վերակենդանացա։ 42 հատ սիստեմա եմ ստացել, թևերիս վրա էլ տեղ չկա, թե ինչքան դեղեր են հատկացրել, թե որքան գումար է ծախսվել այդ ամենի վրա, դժվար է պատկերացնելը։ Ամեն բան այնքան մաքուր էր, բոլորն այնքան ուշադիր էին, երեք անգամ բարձրակարգ սնունդ, մի խոսքով, չէի պատկերացնի, որ նման բան կտեսնեմ»։

Մայիսի 12-ին Էլիզ Բադալյանը վերադառնում է տուն։ Բարեբախտաբար, նրա ընտանիքի վեց անդամները չէին վարակվել։ Թեև տիկին Էլիզն իրեն վերակենդանացած է համարում, բայց այս ամենից հետո կյանքը, այնուամենայնիվ, փոխվել է։ «Ցավալի է, բայց այս ճակատագրական օրերից հետո հանգստի կարիք ունեմ, որոշել եմ դուրս գալ աշխատավայրից՝ հերթը զիջելով երիտասարդներին։ Դժվար էր նման որոշում կայացնելը, քանի որ աշխատել եմ հիսուն տարի, բայց կորոնավիրուսը որոշ փոփոխություններ բերեց։ Հիմա, երբ նայում ու տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ սովորականի պես շարունակում ապրել ու չպահպանել ոչ մի կանոն, հասկանում եմ, որ չեն պատկերացնում, թե սա ինչ չարիք է։ Ես էլ չէի պատկերացնում, որ կարող է մի օր շնչելու հնարավորություն չունենամ»,- ասում է կորոնավիրուսը հաղթած կինն ու հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները։

Կորոնավիրուսը կարճ ժամանակում տարածվեց Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Տավուշի Չինչին համայնքը, որը Երևանից 195 կմ հեռու է, հայտնի է իր կուսական անտառներով, ու թվում է, թե այստեղ բնությունը վահան է ամեն տեսակ սպառնալիքի դեմ։ Սակայն վիրուսն անգամ Չինչին է կարողացել սողոսկել։

Չինչինի բնակիչ 58-ամյա Հեղուշ Գյուրջինյանը նույնպես արտադրական ձեռնարկությունում է աշխատում։ Պատմում է, որ գործարանում խստորեն պահպանվել են բոլոր կանոնները, բայց վարակը, այնուամենայնիվ, տարածվել է։ «Մինչև ապրիլ հիվանդության մասին լսում էինք միայն հեռուստացույցով ու մտածում, որ մեզնից շատ հեռու է։ Հետո իմացանք, որ կողքի գյուղում հիվանդներ կան։ Մայիսի 16-ին, շաբաթ օրը, աշխատանքից եկա տուն ու զգացի, որ վատ եմ զգում, ջերմությունս բարձրացավ»,- պատմում է տիկին Հեղուշը։ Նրա 16-ամյա թոռան ինքնազգացողությունը ևս վատացել է։ «Կիրակի արդեն շատ վատ էինք, մեր ընտանեկան բժշկուհին՝ Գայանե Գևորգյանը, եկավ, ստուգեց, զանգեց Երևան, ասացին, որ պետք է թոքաբորբ էլ լինի, որպեսզի տանեն թեստավորման»։ Բայց հաշվի առնելով, որ կինը խրոնիկ հիվանդություններ ունի, իսկ երեխան մանկական ուղեղային կաթված, բժշկի միջնորդությամբ նրանք տեղափոխվում են Բերդի հիվանդանոց, որտեղ սկսվում են դժվարությունները։

«Օրը կիրակի էր։ Մի փոքր սենյակում մեզ տեղավորեցին, բավական ցուրտ էր, իմ ու երեխու վիճակը գնալով վատանում էր, 39 աստիճան ու ավելի տաքություն ունեինք։ Մոտ 2 ժամ սպասելուց հետո որոշեցի հարցնել, թե որքան պետք է սպասենք, հերթապահներից մեկը բղավեց, թե պիտի սպասենք։ Երեխու ջերմությունը բարձրանում էր, օգնություն չկար։ Սպասեցինք ևս 2 ժամ, այնուհետև եկավ բժիշկը։ Բժշկի հարցում բախտներս բերեց, բարեհամբույր էր, նկարեց թոքերը՝ անհանգիստ երեխու նազը տանելով, շատ ուշադիր էր»։

Հենց բժշկի ցուցումով էլ վարակակիրները տեղափոխվում են Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

«Գիշերը երկուսին հասանք հիվանդանոց։ Թե ինչպես մեզ դիմավորեցին, թե ինչքան ուշադիր էին մեր նկատմամբ, հնարավոր չի պատմել։ Օգնեցին երեխայի սայլակն իջեցնել, ծանր երեխուն գրկած բարձրացրին, էսքան տարի հիվանդանոցներում ենք եղել, բայց նման վերաբերմունք ոչ մի տեղ չէինք տեսել, ամեն բանի հարմարվում էին ու էսպես 14 օր։ Անձնակազմը չէր մտածում որ հիվանդներից կվարակվեն։ Այնքան հոգատար էին, երևի ավելի շատ էդ հոգատարությունից փրկվեցինք։ Ինձ համար սովորական բան էր բարձր ճնշումը, բայց իրենք չէին թողնում մի րոպե բարձրանար ճնշումս, 6 օր թթվածնի սարք էր միացված, ամբողջ գիշեր հսկում էին։ Օրվա մեջ երեք անգամ ամեն բանով կերակրում էին, մենք որևէ բանի կարիք չենք ունեցել»,- ասում է տիկին Հեղուշն ու հիշում, թե ինչպես են հիվանդանոցում պարետատնից զանգահարել ու ասել, թե իրենք փախուստի են դիմել ինքնամեկուսացման վայրից։ «Իմ 16 տարեկան հիվանդ երեխով մի անգամ չէր հետաքրքրվել պետությունը, բայց երբ երեք օր հիվանդանոցում կյանքի ու մահվան կռիվ էինք տալիս, զանգեցին, թե փախել ենք, չգիտեինք լացել, թե ծիծաղել։ Հետո հավանաբար հասկացան ինչ է տեղի ունեցել, զանգեցին ներողություն խնդրեցին»։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ ընտանիքով շարունակում են ինքնամեկուսացած մնալ ու ցավով փաստում, որ անգամ իրենց փոքր համայնքում շատերը, վարակակիր լինելով հանդերձ, չեն հավատում հիվանդությանն ու շարունակում են ապրել բնականոն առօրյայով։ «Ես չգիտեմ էլ ինչ պիտի լինի, էլ ինչքան մահ պետք է լինի, որ մարդիկ սթափվեն։ Ախր չեմ ուզենա մեր ապրած դժվար օրերն ապրի որևէ մեկը, ախր էդ բժիշկներն էլ են մեղկ, մի օր կսպառվեն չէ՞»,- մտահոգվում է տիկին Հեղուշը։

 

Առողջապահության աքիլեսյան գարշապարը

Արտակարգ իրավիճակը մեկ անգամ ևս ի ցույց դրեց երկրում առկա խնդիրները, ամենից խոցելին, թերևս, կրթական ու առողջապահական համակարգերն էին։ Պարզվեց, որ թեև պետությունը տարիներ շարունակ գումարներ է հատկացրել հեռավար կրթության զարգացմանը, համակարգն այդպես էլ անկատար է մնացել։ Կիսատ են մնացել փոփոխությունները նաև առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում։ Առհասարակ, ըստ մասնագետների, առողջապահական ոլորտին հատկացվող գումարները բավական քիչ են, ինչով էլ պայմանավորված են հիմնական խնդիրները։ 2020 թ․ առողջապահության ոլորտին հատկացվող բյուջեն մոտ 109 մլրդ դրամ է եղել, ինչը պետբյուջեի մոտ 6%-ն է։ 2019-ին ոլորտին հատկացվել է 89,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 84 մլրդ դրամ, 2017-ին՝ 85,8 մլրդ։

Երկրում կորոնավիրուսի տարածման տեմպը հաշվի առնելով՝ մայիսի կեսերից որոշվեց պոլիկլինիկաներին փոխանցել առանց ախտանշանների վարակակիրներին հետևելու գործառույթը։ «Կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին (քաղաքային պոլիկլինիկաներ, գյուղական ամբուլատորիաներ և առողջության կենտրոններ - հեղ.), ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունը»,- մայիսի 19-ին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մայիսի 28-ին Թորոսյանը հայտարարեց, որ պոլիկլինիկաների համար լինելով նոր գործառույթ՝ այս որոշումը որոշակի լարվածություն է առաջացրել քաղաքացիների և առողջության առաջնային պահպանման օղակի միջև, ու կոչ արեց, որ հայտնաբերված թերությունները, դժգոհությունները, բողոքները ներկայացվեն Առողջապահության նախարարության թեժ գծի միջոցով՝ արագ արձագանքելու համար։

Մ․ Մ․-ն վերջին մեկ ամսվա ընթացքում սեփական մաշկի վրա է զգացել պոլիկլինիկաների համակարգի անկատարության հետևանքները։ Մայիսի 24-ին, կիրակի օրը, նրա մայրն սկսել է ջերմել, վատացել է նաև իր ու քրոջ ինքնազգացողությունը։ Հաշվի առնելով, որ մայրն աշխատավայրում շփվել է կորոնավիրուսով հիվանդ գործընկերոջ հետ, հենց հաջորդ օրը դիմել են պոլիկլինիկա, ֆլյուրոգրաֆիա է արվել։ «Հաջորդ օրը հայտնեցին, որ մորս ու ինձ մոտ առկա է սուր բրոնխիտ։ Ես նշեցի, որ հազ չունեմ, ասացին, դե միգուցե քեզ մոտ չի, քրոջդ մոտ է։ Այդպես էլ չիմացանք, որ մեկիս մոտ էր այդ բրոնխիտը։ Դեղեր նշանակեցին, սակայն տասը օրից ավելի որևէ փոփոխություն չկար, որոշեցինք շտապ օգնություն կանչել։ Մորս թեստավորելուց ու դրական պատասխան ստանալուց հետո հիվանդության 10-րդ օրը նրան հոսպիտալացրին երկկողմանի թոքաբորբով։ Բայց իմ վիճակն էլ լավ չէր, յոթ օր շարունակ մեջքի ու կրծքավանդակի ցավեր ունեի, բայց պոլիկլինիկայի բժիշկը պնդում էր, որ նյարդերից է,- պատմում է Մ․ Մ․-ն՝ հավելելով, որ 14 օր անց իրեն պոլիկլինիկայում կրկին ռենտգեն են արել։- Ուրբաթ առավոտ էր, արեցին ռենտգենը, ասացին, որ պատասխանը երեկոյան կլինի կամ ավելի վաղ։ Ամբողջ օրը զանգահարեցինք, այդպես էլ չասացին, թե ինչ վիճակ է, շաբաթ օրը ևս չասացին, կիրակի նույնպես քար լռություն, երկուշաբթի միայն ցերեկը բժիշկը հայտնեց, որ թոքաբորբ է՝ առանց մանրամասնելու վիճակը։ Այդ օրը երկու անգամ շտապ օգնություն կանչեցինք, բայց չհոսպիտալացրին, քանի որ բժիշկը հավուր պատշաճի չէր ներկայացրել տվյալները, միայն մյուս օրը կեսօրին եմ հոսպիտալացվել։ Ստացվում է, որ այսքան ուշ ենք ստացել մեր բուժումը, մեզ բուժում էին բրոնխիտի դեմ, մինչդեռ մեզ մոտ երկկողմանի թոքաբորբ էր»։

Շուրջ տասը օր Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո Մ․ Մ․-ն արդեն տանն է, սակայն իրեն ամբողջությամբ ապաքինված չի համարում. «Դեռ երկու օր դեղեր ունեմ ընդունելու, չգիտեմ արդյոք ամբողջությամբ ապաքինվել եմ, թե ոչ, ու հնարավոր է արդյոք, որ հիվանդությունը կրկնվի։ Ամեն գործողություն վախենալով եմ անում, որ հանկարծ նորից չվարակվեմ կամ մյուսներին չվարակեմ։ Այս վախերն ու տագնապները շարունակվում են ու չգիտեմ, կանցնե՞ն դրանք երբևէ»։

Հ․ Գ․ Մինչ ես պատրաստում էի հոդվածն ու հարցազրույցի համար կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց փնտրում, պարզվեց ծնողներս ևս վարակակիր են։ Երկուսն էլ ռիսկային տարիքում են, համավարակի հենց սկզբից նրանց համար ստեղծվել էին բոլոր պայմանները՝ վարակից հնարավորինս խուսափելու համար։ Մայրս երկու օր ջերմել է, հետո սկսել է հազալ, ու ինչպես շատ շատերը, մտածել, թե մրսել է, կանցնի։ Գլխուղեղի երեք կաթված տարած հորս սիրտն է վատացել, հաջորդ օրը ջերմել է. այդ ժամանակ էլ որոշել են նրան թեստավորել ու հաջորդ օրը, դրական պատասխանից հետո, արդեն հոսպիտալացրել։ Հետո մորս են թեստավորել, բայց քանի որ այդ պահին հազից բացի որևէ այլ ախտանիշ չի ունեցել, չեն հոսպիտալացրել։ Ավելի ուշ մասնավոր հիվանդանոցում կատարված համակարգչային տոմոգրաֆիան թոքաբորբ է հաստատել, որից հետո մայրս ևս հոսպիտալացվել է։

Ես հղիության երրորդ եռամսյակում եմ, լուրն իմանալուն պես բոլորն առաջինն ինձ հետ են կապ հաստատում՝ ճշտելու՝ շփվել եմ արդյոք նրանց հետ, թե ոչ։

Թեստավորումից երեք օր առաջ մայրս զանգահարեց ու ասաց, որ գալիս է մեր տուն։ Հեռախոսն անջատելուց հետո հետ զանգեցի ու խնդրեցի, որ չգա՝ շարունակենք իրար կարոտել ու շփվել միայն հեռախոսով։ Հետո ամբողջ օրը մեղքի զգացումը խեղդում էր, հուզական այս շրջանում մորս կարիքը հատկապես ունեմ։ Մի քանի կանգառ հեռու ապրող ծնողներիս մարտից հետո տեսել եմ չորս անգամ, այն էլ անվտանգության բոլոր կանոններին հետևելով։ Այս անգամ որոշեցի ռիսկի չդիմել, թեև արդեն հույս չունեմ, որ այս անհասկանալի հիվանդությունից զերծ մնալ առհասարակ կհաջողվի, բայց գոնե կիմանամ, որ արել եմ հնարավոր ամեն բան՝ խուսափելու համար։

Կարդալ նաև

Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինի

Խոշոր համավարակները միշտ էլ կտրուկ փոխել են հասարակությունները: Նրանք երբեմն ավելի մեծ հետք են թողել մարդկության զարգացման վրա, քան համաշխարհային պատերազմները, դիվանագիտությունը կամ աշխարհագրական հայտնագործությունները: COVID-19-ի նման մասշտաբային, ամբողջ մոլորակը համակած համավարակը անշուշտ հետևանքներ է ունենալու: Դրա մասին է վկայում մարդկության ողջ պատմությունը:

Հեռավար կրթություն կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում անցնում են հեռավար ուսուցման: Որքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը պատրաստ արձագանքելու այս իրավիճակին:

Կրճատվող աշխատատեղեր, փողոցում հայտնվելու հեռանկար. համաճարակի հետևանքները

Երբ Հայաստանում COVID-19 համաճարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց, շատ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Նրանցից շատերը չգրանցված աշխատողներ էին և այսօր ավելի խոցելի են, քան երբևէ:

Համավարակն ավելի խոցելի է դարձրել ընտանեկան բռնության զոհերին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներում տեղաշարժի խիստ սահմանափակումներ մտցվեցին, ամենուր տանը մնալու կոչեր էին: Կարճ ժամանակ անց առաջին հայտարարությունները եղան ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Հայաստանում,2019 թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը քննվել է ընտանեկան բռնության 56 դեպք, որից 53-ը ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն է եղել:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team