Ուսուցիչների նվիրվածության, փոփոխություններին արագ արձագանքելու կարողության շնորհիվ ու կրթական տարբեր հաստատությունների և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով Հայաստանն արդեն երեք շաբաթ հեռավար ուսուցման տարբեր ձևաչափեր է կիրառում։

Մարտի 27-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց առնվազն 24,000 սարքավորման անհրաժեշտության մասին՝ աշակերտների և ուսուցիչների շուրջ 10%-ին հեռավար առցանց ուսուցման գործընթացում ներառելու համար։ Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հպարտանում է ուսուցիչների աշխատանքով։ «Պարզվեց, որ Հայաստանի կրթական համակարգը, ոչ ամբողջությամբ, բայց գոնե 80%-ով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։

Կորոնավիրուսի համավարակի, տեղաշարժի խիստ սահմանափակումների պայմաններում ստեղծված իրավիճակը առիթ է դիտարկելու Հայաստանի 1,360 պետական դպրոցների տեխնոլոգիական ենթակառուցվածքները, անդրադառնալու կրթական գործընթացում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառմանը։

 

Ի՞նչ ունենք

Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տվյալների՝ 2018-2019 ուս. տարում Հայաստանի Հանրապետությունում չի եղել դպրոց, որը չունի գոնե մեկ սեղանի կամ դյուրակիր համակարգիչ։ Երկրում կա ընդհանուր առմամբ 20.385 սարքին համակարգիչ/նոթբուք, ուսումնական նպատակներով գործածվում է դրանց 79,5%-ը (16.807-ը)։ Դպրոցներն ունեն 658 ինտերակտիվ գրատախտակ, 1.716 պրոյեկտոր, 2.460 տպիչ, 2.271 բազմաֆունկցիոնալ սարք (տպիչ և տեսածրիչ), 1.214 տեսածրիչ (սքաներ), 1.269 պատճենահան։

Համակարգիչները տեղադրված են հիմնականում համակարգչային դասարաններում՝ նախատեսված ՏՀՏ ուսուցման համար։ Համակարգչային մեկ լաբորատորիա կա դպրոցների 78,2%-ում, երկուսը՝ 11,8%-ում, երեքը՝ 1,3%-ում (հմմտ. «ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կարիքի հետազոտություն», 2019 թ. ԿՏԱԿ, էջ 14)։ Հայաստանի բոլոր դպրոցներն ունեն համացանցին միացված առնվազն մեկ համակարգիչ։ Ներքին ցանց ունի դպրոցների շուրջ 64%-ը, որից 61%-ը՝ լարային կապուղիներով, 8,1%-ը՝ Wi-Fi սարքերով, 30,8%-ը՝ երկու եղանակով էլ:

Հայաստանում՝

1. նոթբուք չկա 680 դպրոցում (դպրոցների 50%-ը).

2. պրոյեկտոր չկա 433 դպրոցում (դպրոցների 32%-ը).

3. մեծ է 5 համակարգիչ ունեցող դպրոցների տեսակար կշիռը.

4. համակարգչային դասարան չկա 112 դպրոցում (դպրոցների 8%-ը).

5. ինտերակտիվ գրատախտակ չկա 1.045 դպրոցում (դպրոցների 76,8%-ը).

6. յուրաքանչյուր 23 սովորողի բաժին է ընկնում մեկ համակարգիչ/նոթբուք.

7. դպրոցների համակարգիչների 62,8%-ը Pentium 4 և ավելի ցածր սերնդի է։

 

Որտեղի՞ց դպրոցներին համակարգիչներ

Հայաստանում դպրոցները համակարգիչներով համալրելու հիմնական աղբյուրը Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթական վարկային ծրագրերն են եղել (հմմտ. Աղյուսակ 1).

1. ՀԲ_98-02, «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր», 1998-2002 թթ.

2. ՀԲ_04-09, «Կրթության որակ և համապատասխանություն առաջին ծրագիր», 2004-2009 թթ.

3. ՀԲ_09-15, «Կրթության որակ և համապատասխանություն երկրորդ ծրագիր», 2009-2015 թթ.

4. ՀԲ_14-21, «Կրթության բարելավման ծրագիր», 2014-2021 թթ.։

ՀԲ վարկային ծրագրերով դպրոցներում ստեղծվել են համակարգչային լաբորատորիաներ (միջինում՝ 4 համակարգչով), դպրոցներին տրամադրվել են սարքավորումներ (համակարգիչներ, բազմաֆունկցիոնալ սարքեր, սնուցման սարքեր) վարչական նպատակների համար։ ՀԲ_04-09 ծրագրի մեկնարկի դրությամբ, ներառյալ այլ աղբյուրներից ստացված համակարգիչները, Հայաստանում միայն 300 դպրոց ուներ համակարգչային լաբորատորիա՝ ընդհանուր 2.200 համակարգչով։ ՀԲ_09-15 ծրագրի շրջանակում Հայաստանի 1.360 դպրոց ստացել է մեկական համակարգիչ կից սարքերով՝ դպրոցների կառավարման և տեղեկատվական համակարգին միանալու համար։ Ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող 195 հանրակրթական հաստատություններում ստեղծվել են համակարգչային ռեսուրս կենտրոններ*։

narek 1

 

ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին ծրագրով Հայաստանում գործարկվել է «Համակարգիչների շրջանառու համակարգը»։ Այն ուղղված էր Հայաստանի բոլոր դպրոցներում, հնգամյա պարբերականությամբ, ծախսարդյունավետ և հավասար համակարգչային պայմաններ ստեղծելու նպատակի իրագործմանը։

  • Դպրոցներում ստեղծվելու էին համակարգչային դասարաններ՝ «Դպրոցական համակարգչային ուսումնական կենտրոններ», համալրված անհրաժեշտ սարքավորումներով և էլեկտրոնային նյութերով։

  • Շրջանառու համակարգը, հնգամյա շրջափուլով, համակարգում ներառված դպրոցներից (վերջիններս էլ սովորողներից՝ միջինում 15 ԱՄՆ դոլար տարեկան) պետք է հավաքագրեր տրամադրված համակարգչային տեխնիկայի գումարը, որով էլ նոր կամ հավելյալ տեխնիկա էր ձեռք բերվելու։

  • Համակարգի գործարկման առաջին 5 տարիներին (Աղյուսակ 1, ՀԲ_04-09) հավաքագրվել է նախատեսված գումարի 41.67%-ը՝ 1.6 մլն ԱՄՆ դոլար։

Համակարգի գործարկումը դադարեցվեց՝ ի տարբերություն «Դասագրքերի շրջանառու համակարգի» (ներկայում՝ հիմնադրամ), որը նույն սկզբունքով դասագրքեր է տրամադրում վարձակալության որոշակի վճարի դիմաց, ինչը թույլ է տալիս կազմակերպել նոր դասագրքերի հրատարակությունը։

ՀԲ_04-09 ծրագրի ավարտին Հայաստանի դպրոցներում սովորողներին բաժին ընկնող մեկ համակարգչի ցուցանիշը 250 սովորող/համակարգչից աճեց մինչև 35 սովորող/համակարգիչ (հմմտ. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի ամփոփիչ հաշվետվություն, ԿԾԿ, 2003-2009 թթ.

 

Համակարգիչների բաշխվածությունը կամ «մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի»

Հայաստանում դպրոցների միայն 25%-ն ունի 14-ից ավելի համակարգիչ, 50%-ն ընդհանրապես մինչև 8 համակարգիչ ունի։ Միևնույն ժամանակ, կա դպրոց, որն ունի 350 համակարգիչ։ Գրեթե նույն պատկերն է ինտերակտիվ գրատախտակների դեպքում։ Դպրոցների 77%-ը չունի ինտերակտիվ գրատախտակ, սակայն կա պետական դպրոց, որն ունի 31-ը։ Միջինացված հաշվարկով, 2018-2019 ուս. տարվա կտրվածքով Հայաստանի յուրաքանչյուր

  • 228 սովորողի բաժին է ընկնում 1 պրոյեկտոր,

  • 23 սովորողի՝ 1 համակարգիչ կամ նոթբուք,

  • 594 սովորողի՝ 1 ինտերակտիվ գրատախտակ։

Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրներում մեկ համակարգիչ կամ նոթբուք է բաժին ընկնում հանրակրթական տարրական մակարդակի յուրաքանչյուր 14, միջինի՝ 7 և ավագի՝ 8 աշակերտի։ Կրթական զարգացած համակարգ ունեցող երկրներում ցուցանիշները կտրուկ փոխվում են. Ֆինլանդիայում և Էստոնիայում, օրինակ, ավագ մակարդակի յուրաքանչյուր սովորողի բաժին է ընկնում 3 համակարգիչ կամ նոթբուք։ Մեկ ինտերակտիվ գրատախտակ է բաժին ընկնում հանրակրթական տարրական մակարդակի յուրաքանչյուր 56, միջինի՝ 109 և ավագի՝ 166 աշակերտի։

Ամեն դեպքում, դպրոցներում համակարգիչների առկայության, դրանց կիրառության և սովորողների արդյունքների համադրությունը հավելյալ ուսումնասիրման կարիք ունի՝ ապագայում տեխնիկայի ավելի փաստարկված ձեռքբերումների համար։ Ըստ TIMSS «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների հետազոտության ծրագրի» Հայաստանի ցուցանիշների (2011 թ.)՝ օրինակ, դպրոցները, որոնցում յուրաքանչյուր 3-5 սովորողի բաժին է ընկնում մեկ համակարգիչ, 5 միավորով ավելի ցածր արդյունքներ են գրանցել 8-րդ դասարանի մաթեմատիկայի ստուգումից (470 միավոր)՝ համեմատ նրանց, որոնցում մեկ համակարգիչ է բաժին ընկնում յուրաքանչյուր 6 և ավելի սովորողի (475 միավոր)։ Նույն պատկերն է բնագիտության բնագավառում՝ 3-5 սովորող/1 համակարգիչ՝ 438 միավոր, 6+սովորող/1 համակարգիչ՝ 444 միավոր։

 

Ի՞նչ կիրառություն ունեն համակարգիչները դպրոցներում

Համակարգիչների կիրառությունը դպրոցներում հավելյալ ուսումնասիրության կարիք ունի։ Ուսուցիչների 97%-ը, օրինակ, նշում է, որի դասավանդման ընթացքում համակարգիչ է օգտագործում (հմմտ. «ՀՀ պետական դպրոցներում ուսուցիչների կողմից ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտություն», ԿՏԱԿ, 2108 թ.)։ Համակարգիչն օգտագործվում է հիմնականում Microsoft Word, Microsoft PowerPoint գործիքների և համացանցի համար։ Տարօրինակ է, սակայն, որ Microsoft Word-ի կիրառում նշել է ուսուցիչների միայն 22,8%-ը, Microsoft PowerPoint-ի՝ 18,1%-ը։ Վերջին երեք տարիներին այս գործիքների կիրառության տոկոսը գրեթե նույնն է, բացառությամբ Microsoft Word-ի կիրառության աճի (տե՛ս Աղյուսակ 2)։ Հարցվածների գրեթե 99%-ը նշել է, որ համացանցից օգտվելու բավարար կամ վարժ հմտություններ ունի, սակայն միայն 17%-ն է նշել դրա՝ ուսումնական գործընթացում կիրառման մասին։

narek 2

 

Նույն հարցման համաձայն՝ 2018 թ. դրությամբ ուսուցիչների

  • 47,5%-ը երբեք ՏՀՏ չի կիրառել հեռավար դասի համար, և, ենթադրաբար, երբեք հեռավար դաս չի անցկացրել. ուսուցիչների միայն 2%-ն է նշել ամեն օր հեռավար դասի համար ՏՀՏ գործիքի կիրառում (տե՛ս Աղյուսակ 3).

  • 99%-ը նշել է, որ ՏՀՏ-ի կիրառումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը.

  • Ուսուցիչների 78.1%-ի կարծիքով դպրոցում ՏՀՏ-ի կիրառումը սովորելու հավելյալ խթան է աշակերտների համար, քանի որ ոչ բոլորը տանը համակարգիչ ունեն.

  • 23%-ը տանը համակարգիչ չունի։

narek 3

 

Աշակերտների ո՞ր տոկոսին են անահասանելի ուսուցման ՏՀՏ միջոցները

ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Մանկական աղքատությունը Հայաստանում» 2016 թ. ուսումնասիրության համաձայն՝ 6-14 տարեկան երեխաների

  • 41,7%-ը տանը ինտերնետ հասանելիություն չունի,

  • 37,3%-ը տանը չունի համակարգիչ։

Ըստ նույն ուսումնասիրության՝ Հայաստանում երեխաների 64%-ը խոցելի է աղքատության երկու և ավելի չափելի դրսևորումներով (կոմունալ ծառայություններ, բնակարանային պայմաններ, համակարգչի առկայություն և այլն)։ Հայաստանում աղքատության ցուցանիշի բաշխումն ըստ բնակավայրի և ուսուցման օժանդակ ՏՀՏ միջոցների հասանելությունը հետևյալ տեսքն ունի.

 

narek 4

 

1. Ֆինանսավորել/իրականացնել հանրակրթության ոլորտում ՏՀՏ կիրառման/հեռավար ուսուցման փորձառության (ֆենոմենոլոգիական) ընդգրկուն հետազոտություն։ Մոնիթորինգային ծավալուն տվյալները կարևոր են, սակայն ոչ բավարար։ Վերը նշված ուսումնասիրությունների արձանագրումները հուշում են, որ կարիք կա հասկանալու, թե ինչպես են ընկալվում «ուսուցման մեջ ՏՀՏ-ի կիրառումն» ու «հեռավար ուսուցումը» ուսուցիչների և աշակերտների շրջանում։ Նման ծավալուն ուսումնասիրությունը կօգնի վեր հանել ֆինանսական ներդրումների թիրախային շրջանակը, սահմանել ՏՀՏ-ի կիրառմանն ուղղված արդյունավետ վերապատրաստումների և ուսուցիչների թիրախային աջակցության շրջանակը, իմաստավորել առցանց ուսուցման ներկա փորձը։

2. Ֆինանսավորել/իրականացնել հանրակրթության ոլորտում ՏՀՏ-ի կիրառման ընդգրկուն մոնիթորինգային հետազոտություն։ ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ կարիքի ԿՏԱԿ-ի հետազոտությունները խիստ կարևոր նախաձեռնություններ են։ Այդուհանդերձ, կա հավելյալ ռեսուրսների ներգրավմամբ ավելի ընդգրկուն քանակական տվյալների հավաքագրման/ուսումնասիրության կարիք, ինչպես օրինակ, Եվրոպական Հանձնաժողովի պատվերով իրականացվող «ՏՀՏ-ն կրթության մեջ. դպրոցների երկրորդ հարցումը», ինչը թույլ կտա նկարագրել «հարաբերությունների» ողջ շրջանակը։ Կարևոր է հասկանալ նաև դպրոցական ռեսուրսների և ուսումնական գործընթական միջև կապը. օրինակ, TIMSS 2003-2015 թթ. արդյունքների դիտարկումը ցույց է տալիս, որ Հայաստանի դեպքում ակնհայտ չէ կապը դպրոցի ռեսուրսների և սովորողների արդյունքների միջև և հավելյալ հստակեցման կարիք կա։

 

3. Դիտարկել համակարգիչների շրջանառու համակարգի վերագործարկման հնարավորությունը։ Այսօր պակասող 24.000 սարքի հավաքագրումը, նվիրատվությունների միջոցով, հրատապ և միգուցե միակ հնարավոր լուծումն է։ Սակայն համակարգը չի կարող մշտապես ապավինել նվիրատվություններին։ Դպրոցական տեխնիկայի շրջանառու համակարգը կարող է մատակարարումների և ընթացիկ սպասարկման կայուն հիմք ստեղծել։ Եվրոպական Հանձնաժողովի «ՏՀՏ-ն կրթության մեջ. դպրոցների երկրորդ հարցումը», օրինակ, փաստում է, որ ավագ դպրոցների տեխնիկական սպասարկումն 94%-ով իրականացնում է հենց դպրոցի աշխատակազմը։ Հայաստանի պարագայում նման համակարգի գործարկումը կնշանակի նոր աշխատատեղեր, որը, սակայն, ներկա աշխատավարձերի պայմաններում, թույլ չի որակյալ մասնագետներ ներգրավել։ Մյուս կողմից, սակայն, հնարավոր կլինի պատվիրակել այս ծառայությունը, որոշ դեպքերում օրինակ, պայման դնելով տեղի մասնագետների ներգրավումը, որոնք կարող են մի քանի համայնքային դպրոց սպասարկել։ Սա կարող է խթանել ոչ միայն մոտակա բիզնեսների ավելի բարձր վճարվող աշխատատեղերի քանակը, այլև նվազեցնել սպասարկման միավորի արժեքը պետության համար։ Հայաստանի դպրոցներում, ի դեպ, 2018-2019 ուս. տարվա դրությամբ կար տեխնիկական՝ 3,764 և ծրագրային՝ 629 անսարքություն ունեցող համակարգիչ՝ առկա համակարգիչների 21,5%-ը, ինչը փոքր թիվ չէ։

4. Կիրառել «շքեղության» ծախսերից հրաժարվելու քաղաքականություն։ Ինտերակտիվ գրատախտակների ներդրումը վաղ 2000-ականներին կրթական նորարարություն էր դիտարկվում. Մեծ Բրիտանիան, օրինակ, 2015-ին մտադիր էր 27 մլրդ ֆունտ ծախսել բոլոր դպրոցները ինտերակտիվ գրատախտակներով համալրելու համար։ Հայաստանը նույնպես անմասն չմնաց այս տրենդից. ձեռք բերվեց 658 գրատախտակ՝ հիմնականում վարկային միջոցների հաշվին։ Այդուամենայնիվ, դեռ 2000-ականների կեսերից ինտերակտիվ գրատախտակների օգտակարության վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների մեծ մասը հենվում էր ենթադրությունների, լավագույն դեպքում՝ առանձին դեպքերի ուսումնասիրության վրա, ինչը բավարար չէ դրանց արդյունավետությունը փաստելու համար։ Ինտերակտիվ գրատախտակների վերաբերյալ Դի Գրեգորիոյի և Սոբել-Լոժեցկիի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց 1) արդյունավետության վերաբերյալ քանակական տվյալների վրա հիմնված ուսումնասիրությունները հաճախ հակասում են միմյանց, 2) արդյունավետությունն էականորեն կախված է կրթական միջավայրից, դասավանդման որակից, ուսումնական ծրագրից և մի շարք այլ հանգամանքներից։ Առանձին խնդիր է այս գրատախտակների տեխնիկական սպասարկումը։ Միջինում 2-5 հազար ԱՄՆ դոլար արժեցող, հետևաբար՝ քիչ դպրոցների համար հասանելի ու վիճելի արդյունավետությամբ ՏՀՏ այս գործիքի ձեռքբերման փոխարեն կարելի է ձեռք բերել մարկերային գրատախտակներ և պրոյեկտորներ (միջինում 5-6 հարյուր ԱՄՆ դոլար)՝ ընդլայնելով սովորողների ներառման շրջանակը։ Հայաստանը պարտավոր չէ կուրորեն հետևել զարգացած պետությունների բոլոր քայլերին։

5. Ձևակերպել կրթական գործընթացում տեխնոլոգիաների կիրառման քաղաքականության ուղենիշներ։ Այս առումով լավ օրինակ է նույն Եվրոպական Հանձաժողովի «բարձր հագեցվածություն և կապակցում ունեցող դասարանի մոդելը», որը երեք մոդել է առաջարկում (ներառյալ ծախսերը) միջին դասարաններում աշակերտների թվով համակարգիչների, համակարգչային ծրագրերի, համացանցին միացման, էլեկտրոնային հարթակների և ուսուցիչների կոմպետենցիաների հաշվարկով։ Այն ներառում է նաև տեխնիկայի այլընտրանքային ապահովման միջոցներ, ինչպես օրինակ, «Բեր քո սեփական սարքը» (Bring Your Own Device)։ Սրանք, իհարկե, մոդելներ են, որոնց դիտարկումը Հայաստանում կարող է օգնել կրթական գործընթացում (այդ թվում՝ հեռավար) տեխնոլոգիաների կիրառման քաղաքականության մոդելավորմանը։ Այս կետն արդյունավետ է, եթե արվել են առաջին երկու կետերով առաջարկվող հետազոտությունները։

 

* Համակարգիչների թիվը հստակեցնել չհաջողվեց, այս ցուցանիշն Աղյուսակ 1-ում արտացոլված չէ։

Կարդալ նաև

Հեռավար կրթություն կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում անցնում են հեռավար ուսուցման: Որքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը պատրաստ արձագանքելու այս իրավիճակին:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team