astghik covid and personal data

COVID-19 վարակի տարածումը կանխելու նպատակով շուրջ 3 ամիս է, ինչ Հայաստանում գործում է քաղաքացիների հեռախոսազանգերն ու տեղաշարժը վերահսկող համակարգ, որը, ի դեպ, սահմանափակում է մարդու այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական տվյալների պաշտպանությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունն ու գաղտնիությունը:

Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը նույն օրը ստորագրեց ՀՀ նախագահը։ Լրացումներն ուժի մեջ մտան ապրիլի 1-ին։

Թե՛ Սահմանադրությունը, թե՛ Հայաստանի վավերացրած միջազգային մի շարք փաստաթղթեր պետությանը քաղաքացիների առանձին իրավունքներ սահմանափակելու հնարավորություն են տալիս: Մինչև օրենսդրական փաթեթի ընդունումը Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել, որում, հենվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների վրա, ներկայացրել էր այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում միայն կարող են սահմանափակումները թույլատրելի համարվել.

  • եթե սահմանափակումները խստորեն անհրաժեշտ են և բխում են իրավիճակից, ինչպես նաև չեն հանգեցնում իրավունքի կամ իշխանության չարաշահման.

  • սահմանափակումները պետք է կիրառվեն հնարավորինս նվազագույն չափով (less restrictive), իսկ պետության կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է լինեն վերջին միջոց (last resort), առանց որի հնարավոր չէ վերահսկել իրավիճակը.

  • լինեն համաչափ հետապնդվող նպատակին և կրեն ժամանակավոր բնույթ.

  • երբ խոսքը ոչ թե գործունեության առանձին տեսակների կամ առանձին խումբ անձանց նկատմամբ կիրառվող, այլ համընդհանուր նշանակության սահմանափակումների մասին է:

 

Հետախուզական բավական լավ համակարգ. փորձագետ

Վերոնշյալ պայմանների առկայությունը պետության կողմից չի հավաստվել: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը EVN Report-ի հետ զրույցում նշում է, որ ի սկզբանե «լղոզված ձևակերպումներ» են տրվել. «Պետք է շատ հստակ լինի, որ մենք առանց այս տվյալները մշակելու չենք կարող կանխել վարակի տարածումը, ուստի հարկադրված ենք դիմում այս քայլին: Պետք է սպառված լինեն բոլոր մյուս օրինական միջոցները, ապա նոր դիմենք անձնական տվյալները մշակելու և մարդկանց անձնական կյանք ներխուժելու միջոցին՝ որպես միակ վերջին հնարավորություն»:

Մյուս դիտարկումը վերաբերում է սահմանափակումների ժամանակավոր բնույթին: Մարտի 31-ին, երբ քննարկվում էր տեղորոշման համակարգի կիրառման մասին օրենսդրական փաթեթը, արտակարգ դրությունն ավարտվելու էր ապրիլի 14-ին: Ապրիլի 3-ին, երբ լրացումներ կատարվեցին կառավարության 298-Ն որոշման մեջ և սահմանվեց, որ տեղորոշման համակարգով հավաքագրված տվյալները ենթակա են ոչնչացման երկշաբաթյա ժամկետում, ենթադրվում էր, որ մայիսի 1-ի դրությամբ դրանք արդեն իսկ ոչնչացված կլինեն: Սակայն արտակարգ դրությունը երկարաձգվեց: Իսկ միգուցե վարակի հետ ապրելը ցմահ է լինելու։ «Մենք պետք է հստակ ժամկետներ ունենանք. եթե վեց ամիս է տևում [արտակարգ դրությունը - հեղ.], ո՞րն է լինելու մեր գործողությունների հաջորդականությունը: Չունենք: Չի կարող այս գործընթացն անընդհատ լինել»,- նշում է Շ. Դոյդոյանը։

Human Rights Watch միջազգային կազմակերպությունը Հայաստանում մարդու մասնավոր կյանքի իրավունքի սահմանափակման խնդրին բավական արագ արձագանքեց՝ ապրիլի 6-ին։ «Եթե արտակարգ դրությունը երկար պահպանվի, կառավարությունը պետք է պարբերաբար դիտարկի այլևս ոչ անհրաժեշտ հեռախոսային տվյալների ոչնչացման հարցը»,- նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը, տվյալների պարբերաբար ոչնչացման հարցը դեռ օրակարգում չէ։ «Տվյալների համադրությունն ու երկարաժամկետ մշակումը բավական հետաքրքիր արդյունքների կարող է բերել: Հնարավոր է ստեղծել սոցիալական գրաֆիկներ, հստակեցնել մարդկանց միջև եղած կապերը, այդ կապերի ուժեղ կամ թույլ լինելը: Դա կարող է հանգեցնել հետաքրքիր բացահայտումների ընդդիմադիր պատգամավորների, քաղաքական գործիչների, լրագրողների, նրանց փակ աղբյուրների և այլ կապերի վերաբերյալ: Հետախուզական բավական լավ համակարգ է»,- EVN Report-ին ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: 

Բջջային կապի օպերատորները հաճախորդների տեղորոշման համար անհրաժեշտ տվյալները Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին (ԷԿԵՆԳ) փոխանցում են բացառապես փակ պաշտպանված կապուղու (VPN) միջոցով: Ըստ պահանջի ինքնաշխատ եղանակով փոխանցվում են տվյալ բաժանորդի հեռախոսահամարի հետ որոշակի ժամանակահատվածում կապ հաստատած հեռախոսահամարների և բաժանորդների մասին տվյալներ, նաև հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ:

ԷԿԵՆԳ-ին է փոխանցվում նաև ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և կոնտակտավոր, ինչպես նաև ինքնամեկուսացած անձանց անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման և բնակության հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացման ամսաթիվը, բուժման վայրի հասցեն, հեռախոսահամարներ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ու հանրային ծառայության համարանիշը:

Բոլոր այս տվյալները փոխանցվում են առանց մարդու միջամտության: Դրանք մշակվում են ինքնաշխատ եղանակով՝ համակարգչային հատուկ ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում և սպասարկումն իրականացնում է բացառապես Ազգային անվտանգության ծառայությունը՝ առանց տվյալները մշակելու իրավունքի:

 

Ու՞մ ձեռքերում են անձնական տվյալները

Մայիսի 25-ին Շուշան Դոյդոյանն ու քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը գրավոր հարցում էին ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով հստակեցնել, թե ում կողմից է ստեղծվել վերոնշյալ ծրագիրը: Սակայն ստացել էին մերժում, պատճառաբանությամբ, որ «ծրագրային ապահովումը ձեռք չի բերվել որևէ ընթացակարգով գնման արդյունքում, այն կամավոր և անհատույց՝ որպես նվիրատվություն մշակել և տրամադրել են անհատ ծրագրավորողներ։ ...Միառժամանակ, ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի»:

«Համակարգի ստեղծման ու գործարկման ամբողջ գործընթացն ուղեկցվել է բարձր գաղտնիությամբ, ինչն անհամատեղելի է անձնական տվյալների մշակման սկզբունքների հետ: Անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի քաղաքացու համար բացարձակ թափանցիկության սկզբունքով: Նա պետք է իմանա՝ ինչ տվյալներ են հավաքվում, ինչպես են մշակվում, ովքեր մուտք ունեն այդ տվյալներին, երբ և ինչպես են ոչնչացվելու այդ տվյալները»,- ասում է Շուշան Դոյդոյանը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Փաստացի շատ փակ համակարգ է ձևավորվել, որի նկատմամբ ոչ մի վերահսկողություն չկա»:

Փորձագետներին անհանգստացնում է նաև տվյալների անվտանգության խնդիրը:

«Եթե հայ կամավորները ինքնաթիռ ստեղծեին, այն անմիջապես երկի՞նք էր բարձրանալու,- հարցնում է իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանը։- Ստուգե՞լ եք, թեստավորե՞լ եք [ծրագիրը – հեղ.], խնդրում ենք ամփոփ եզրակացություն տվեք դրա մասին»: Նրա խոսքով՝ կիբերանվտանգության ոլորտում շատ կարևոր է մարդկային գործոնի բացառումը. արդյո՞ք կարող ենք վստահ լինել, որ ծրագրի մասնակիցներից և ոչ մեկը «ետնադուռ» (back door) չի թողել և հետագայում մուտք չի ունենալու այդ համակարգ. «Պետք է թեստավորում լինի՝ համոզվելու համար, որ համակարգը չունի տեխնիկական թերություններ, և աուդիտ՝ որ չկան կողմնակի մուտքեր, որոնք կարող են չարաշահվել: Մենք ուզում ենք համոզված լինել, որ տվյալներն ապահով ձեռքերում են»։

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ տվյալները, օրինակ, չեն կրկնօրինակվել կամ չեն կրկնօրինակվում և պաշտոնական ոչնչացումից հետո դրանք իրականում չեն շարունակի գոյություն ունենալ։

 

Համակարգի արդյունավետությունը՝ թվերով

Պարետատնից EVN Report-ին փոխանցված տվյալների համաձայն՝ հունիսի 15-ի դրությամբ հատուկ համակարգչային այս ծրագրի միջոցով վերլուծվել են 3.319 վարակակրի շփումներ։ Զանգ է կատարվել 30.814 հեռախոսահամարի։ Արդյունքում հաստատվել է 1.343 քաղաքացի, որոնք իրապես շփում են ունեցել վարակակրի հետ և նրանց հրահանգվել է ինքնամեկուսանալ։ Ինքնամեկուսացած այս անձանցից դրական է թեստավորվել 148-ը։

Ապրիլի 1-ին, երբ ուժի մեջ մտավ տեղորոշման համակարգի մասին օրենսդրական փաթեթը, COVID-19-ով վարակակիրների հաստատված դեպքերի թիվը 663 էր, հունիսի 15-ին՝ արդեն 17.489:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, որն ամեն օր ուսումնասիրում և վերլուծում է համավարակի տարածման տվյալները, EVN Report-ի հետ զրույցում պարզաբանում է պարետատան փոխանցած տվյալները։ «Եթե 1 վարակակիրը վարակը փոխանցում է միջինում 2,5-ի, ապա տեսականորեն 3.319 վարակակիրը պետք է մինչև 9.000 հոգու փոխանցած լինեին: Այս դեպքում 148-ը մի փոքր քիչ է թվում»,- ասում է Միքայելյանը, նշելով, որ շատ բան է կախված նրանից, թե այդ 3.319-ը երբ են հիվանդ եղել՝ ապրիլ-մայիսին, թե վերջին շրջանում: Եվ եթե վերջին շրջանում՝ գուցե ավելի ուշ ի հայտ գան ախտանշանները:

Հ. Միքայելյանի խոսքով՝ բավական մեծ աշխատանք է կատարվել՝ շուրջ 30 հազար հոգու զանգահարելով. «Եթե մենք խոսում ենք 148-ի մասին 30 հազարից, ապա դա կես տոկոսն է ուսումնասիրվածներից, իսկ եթե հաստատված դեպքերին նայենք, ապա այդ տոկոսից շատ չի տարբերվում: Եթե մենք պատահական զանգեինք այդքան մարդու, այդքան թեստավորված գրանցված մարդ կգտնեինք: Այսինքն, եթե զանգեին 2,8 միլիոնի, շուրջ 15 հազարի կհայտնաբերեին: Զանգահարելու այդ ցուցանիշը ցույց է տալիս, որ պատահական ընտրանքով զանգերից չի տարբերվում՝ գոնե այս պահի դրությամբ»։

 

Կառավարության արձագանքը

Տեղորոշման համակարգի միջոցով երկու հիմնական խնդիր է լուծվում՝ պարզվում է հիվանդի հետ շփում ունեցած անձանց շրջանակը և ապահովվում նրանց պատշաճ մեկուսացումը (վերահսկվում է, որպեսզի ինքնամեկուսացման ռեժիմը չխախտվի), EVN Report-ի հետ զրույցում ասում է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

Հարցին, թե արդյոք նպատակին հասնելու միակ միջոցը սա էր, Բ. Բադալյանը նշում է, որ այլ երկրներում ընտրվել են շատ ավելի արմատական միջոցներ՝ էլեկտրոնային թևնոցներ, կապարակնքված դռներ և այլն: Հայաստանի համար ընտրված տարբերակն ավելի ընդունելի է և մի քանի բաղադրիչ ունի. «Երբ թեստավորման դրական պատասխան է լինում, համաճարակաբանները անձի հետ հարցազրույցի միջոցով փորձում են պարզել մարդկանց շրջանակը, որոնց հետ նա շփվել է: Կան դեպքեր, երբ վարակակիրները չեն ասում կամ մոռանում են թվարկել բոլոր անձանց, որոնց հետ շփվել են: Եվ տեղորոշման համակարգի միջոցով մենք, առանց անձնական տվյալները, առանց զանգերի բովանդակությունն ու տևողությունը պարզելու, զուտ տեխնիկական գործողություններ անելով, պարզում ենք, թե հնարավոր էլ ում հետ է շփում եղել: Այնուհետև ևս մեկ անգամ հարցազրույց անելով հաստատվում կամ հերքվում է դա»:

Խոսելով համակարգի արդյունավետության մասին՝ Բագրատ Բադալյանը նշում է, որ համաճարակաբանների հետ հարցազրույցներից հետո ինքնամեկուսացածների 20 տոկոսի մոտ թեստավորման դրական արդյունք է լինում։ Համակարգի միջոցով հաստատված դեպքերում թեստավորման արդյունքը դրական է 12 տոկոսի մոտ։ Նրա խոսքով՝ համակարգի վերաբերյալ պարբերաբար ներքին օգտագործման հաշվետվություններ են կազմվում, որոնք պարետատունը, լրատվամիջոցներից հարցումների դեպքում, հանրայնացնում է։

Հարցին, թե ինչու մինչ օրս հայտնի չէ, թե ովքեր են ծրագրային ապահովման ստեղծողները, Բագրատ Բադալյանը պատասխանեց. «Այդ ծրագիրը զրոյից է ստեղծված՝ հայ ծրագրավորողների կողմից: Նրանք ներկայացել են որպես անհատներ: Մենք արդեն ստացել ենք ծրագրավորողների համաձայնությունը՝ իրենց անունները հրապարակելու»:

Ավելի ուշ EVN Report-ին տրամադրվեցին ծրագիրը ստեղծած ինը մասնագետների անունները՝ Հարություն Մարտիրոսյան, Նարեկ Բաղդասարյան, Սևակ Ղազարյան, Հովհաննես Սարգսյան, Գուրգեն Դանիելյան, Լիլյա Ղուկասյան, Հայկ Ավետիսյան, Արմեն Սանասարյան, Մաքսիմ Ադամյան:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, Բ. Բադալյանն ասում է, որ ծրագիրը թեստավորվել է  ԱԱԾ-ում. «Պահպանված են անվտանգության բոլոր կանոնները: Շատ կարևոր փաստ կուզենամ նշել: Չնայած օրենքով սահմանված է, որ մենք տվյալները կարող ենք օպերատորներից ստանալ այդ ծրագրի շրջանակներում, այնուամենայնիվ, որոշում է կայացվել գնալ ավելի անվտանգ ճանապարհով: Տվյալները պահվում են օպերատորների տվյալների բազայում, սերվերներում, և տեղեկատվության միայն անհրաժեշտ մասն է թվային հարցման միջոցով, առանց մարդկային միջամտության, փոխանցվում ԷԿԵՆԳ-ի սերվեր: Անվտանգության լուծումներ են տրված, որպեսզի այդ տվյալների հոսքի ժամանակ արտահոսք չլինի, մարդու ներգործությունը զրոյական է»:

Ինչ վերաբերում է ծրագրի աուդիտին, ըստ Բ. Բադալյանի՝ հարցի հասցեատերը ԱԱԾ-ն է, թեև, իր տեղեկություններով, անհրաժեշտ բոլոր գործողություններն արված են: Դիտարկմանը, որ ըստ կառավարության 298-Ն որոշման տվյալների համակարգ մուտք ունեն ԱԱԾ-ն, ԷԿԵՆԳ-ը, Ոստիկանությունը, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, Բ. Բադալյանն ասաց, որ ԱԱԾ-ի կողմից տվյալների մշակումն ու օգտագործումն արգելված է, իսկ մյուսների մասով մուտք ունեն միայն կոնկրետ աշխատակիցներ, որոնք տվյալները չհրապարակելու և գաղտնիության մասին փաստաթուղթ են ստորագրել: Ընդ որում, այդ աշխատակիցներին հասանելի չէ տվյալների ամբողջ բազան, միայն նվազագույն այն ծավալը, որը բավարար է աշխատանքը կատարելու համար։

 

Ամփոփում

Փորձագետներն առաջարկում են ստեղծել տվյալների հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման վերահսկողական մարմին, որում պետք է ընդգրկված լինեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք նույնպես տվյալների գաղտնիության մասին փաստաթուղթ կստորագրեն։

Ի դեպ, COVID-19-ի կանխարգելման նպատակով անձնական տվյալների մշակման առաջարկություններ է ներկայացրել հեղինակավոր The Lancet ամսագիրը ևս, որը ենթադրում է անկախ վերահսկող հանձնաժողով՝ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վերահսկող հանձնաժողովը կլինի այն երաշխավորը, որը կապահովի տվյալների պատշաճ և անվտանգ հոսքը՝ հանրությանը պարբերաբար տեղեկացնելով ամբողջ գործընթացի մասին:

Փորձագետների կարծիքով օրակարգային է նաև ծրագրի անվտանգության ստուգումների խնդիրը։

Կարդալ նաև

Աշխարհը երբեք այլևս նույնը չի լինի

Խոշոր համավարակները միշտ էլ կտրուկ փոխել են հասարակությունները: Նրանք երբեմն ավելի մեծ հետք են թողել մարդկության զարգացման վրա, քան համաշխարհային պատերազմները, դիվանագիտությունը կամ աշխարհագրական հայտնագործությունները: COVID-19-ի նման մասշտաբային, ամբողջ մոլորակը համակած համավարակը անշուշտ հետևանքներ է ունենալու: Դրա մասին է վկայում մարդկության ողջ պատմությունը:

Հեռավար կրթություն կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում անցնում են հեռավար ուսուցման: Որքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը պատրաստ արձագանքելու այս իրավիճակին:

Կորոնավիրուսից հետո կյանք կա՞․ կորոնային հաղթածները

COVID-19-ը շարունակում է տարածվել Հայաստանով մեկ՝ հետևում թողնելով ֆիզիկական և հուզական սպիներ: Գոհար Աբրահամյանը հավաքագրել է վարակի հետ կյանքի և մահվան կռիվ տված, վերակենդանացման բաժանմունքից տուն և նոր կյանք վերադարձածների փորձառությունները:

Կրճատվող աշխատատեղեր, փողոցում հայտնվելու հեռանկար. համաճարակի հետևանքները

Երբ Հայաստանում COVID-19 համաճարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց, շատ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Նրանցից շատերը չգրանցված աշխատողներ էին և այսօր ավելի խոցելի են, քան երբևէ:

Համավարակն ավելի խոցելի է դարձրել ընտանեկան բռնության զոհերին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներում տեղաշարժի խիստ սահմանափակումներ մտցվեցին, ամենուր տանը մնալու կոչեր էին: Կարճ ժամանակ անց առաջին հայտարարությունները եղան ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Հայաստանում,2019 թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը քննվել է ընտանեկան բռնության 56 դեպք, որից 53-ը ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն է եղել:

Փոդքասթ

  EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը լրագրող Արշալույս Բարսեղյանի հետ զրուցում է ներկայիս մեդիադաշտի, կեղծ և մանիպուլացնող լուրերի, համաճարակային իրականությունում լրատվության և այլն ի մասին։  

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team