Read in English
Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվանից կեղծ ու գողացված օգտահաշիվներով ապատեղեկատվություն ու խուճապային լուրեր տարածելուց, Թվիթերում արհեստական թրենդներ ձևավորելուց ու քարոզչական նյութեր բեմադրելուց բացի ադրբեջանական կողմը որդեգրել էր քարոզչության հայելային կրկնության մեթոդը։ Բաներ, որի մասին գրում էին միջազգային լրատվամիջոցները կամ որում միջազգային հանրությունը, Հայաստանն ու Արցախը մեղադրում էին Ադրբեջանին, Ադրբեջանն անմիջապես «գտնում էր» հայկական կողմերում։ Բաներ, որոնք տեղի էին ունենում հայկական կողմերում, կրկնվում էին Ադրբեջանում։
Նման մի քանի դեպք ամփոփված է ստորև՝ հստակ ժամանակագրությամբ։ Սա փաստացի բացահայտում է Ադրբեջանի ռազմական քարոզչության ուղղություններից մեկի ձեռագիրը։
Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայի հյուսիսում գործող զինված խմբերից Ադրբեջան բերվող վարձկանների մասին առաջին հրապարակումները հայտնվեցին այս տարվա հուլիսի տավուշյան բախումներից հետո։
Նախ գրեցին արաբական լրատվամիջոցները, ապա սեպտեմբերի 21-ին ձայնագրություն հրապարակեց ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։ Դրանում Սնելի աղբյուրը պնդում էր, որ սեպտեմբերի 27-30-ը «Սիրիական ազատ բանակից» 1000 վարձկան է ուղարկվելու Ադրբեջան։ Նույն թվիթում լրագրողը նշում էր՝ բազմաթիվ աղբյուրներից լսել է, որ վարձկաններից ոմանք արդեն այնտեղ են։
Սեպտեմբերի 23-ին հրապարակվեց Ադրբեջան ուղարկված շուրջ 50 վարձկանի տվյալ։
Պատերազմի ընթացքում, սկսած սեպտեմբերի 27-ից, Ադրբեջանում վարձկանների առկայության մասին մեկը մյուսի հետևից գրեցին միջազգային հեղինակավոր հարթակներ՝ theguardian.com, investigativejournal.org, investigativejournal.org 2, novayagazeta.ru, bbc.com, nybooks.com, washingtonpost.com, observers.france24.com, citeam.org, akmckeever.com և այլն։
Թուրքիայի աջակցությամբ գործող ջիհադական խմբերից 300 սիրիացու Ադրբեջան տեղափոխելու մասին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մի քանի օր անց նման հայտարարություններ և մտահոգություններ հնչեցին ռուսական կողմից, նաև նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով։
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին նախ Թուրքիայում, հաջորդ օրը նաև Ադրբեջանում զգուշացրեց ահաբեկչական հարձակման ռիսկերի մասին։ Ապա Իրանը հայտարարեց, որ իր սահմանների մոտ թույլ չի տա ահաբեկիչների ներկայություն։
Չնայած լրատվամիջոցներում հրապարակված վկայություններին, վարձկանների մասնակցությամբ ժամանակ առ ժամանակ սպրդող լուսանկարներին և տեսանյութերին, ինչպես նաև քաղաքական հայտարարություններին՝ պաշտոնական Անկարան և Բաքուն շարունակում են հերքել վարձկաններ ներգրավելու իրողությունը։
Ավելին, սեպտեմբերի 28-ին Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը զինյալ վարձկանների ներգրավման հասցեատեր հռչակեց հայկական կողմերին. իբր «Քրդական աշխատավորական կուսակցությունից» (PKK) Հայաստանը խմբեր է վարձել՝ Լեռնային Ղարաբաղում զինվորականներին վերապատրաստելու համար։ Նման պնդումը կասկածելի է թվացել, օրինակ, Washington Post-ի վերլուծաբանի համար։
Ապա տարածվեցին Հունաստանից և արևմտյան այլ երկրներից հայկական ծագումով վարձկաններ բերելու մասին հայտարարություններ։ Սիրիացի ու լիբիացի վարձկաններ ներգրավելու վերաբերյալ մեղադրանք հնչեց անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հակառակորդի գաղտնազերծված ձայնագրություն հրապարակեց։ Այն հաստատում էր ռազմական գործողություններում թուրքական կողմի և վարձկան-ահաբեկիչների ներգրավման հանգամանքը։
Ձայնագրությունը 3 մասից էր կազմված։ Առաջին հատվածում որոշակի կոորդինատների փոխանակում է թուրքերեն և ադրբեջաներեն։ Հաջորդում լսվում է ադրբեջանցի զինվորի և արաբ վարձկանի խոսակցությունը։ Վերջին հատվածում վարձկանների միջև զրույց է։
Սրանից 3 օր անց՝ հոկտեմբերի 6-ին, մոտ 3 րոպե տևողությամբ արաբերեն ձայնագրություն հրապարակեց Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։ Այսպես կոչված «գաղտնազերծված ձայնագրությունն» ապացուցում էր Բաքվի և Անկարայի թեզը, թե հայկական կողմն օգտագործում է այլազգի վարձկան-ահաբեկիչներ։ Մասնավորապես՝ Իրաքից և Սիրիայից բերվող քուրդ ահաբեկիչներ, որոնք իբր կապ ունեն «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ։
Ադրբեջանի հրապարակած ձայնագրության մեջ կա հայկական կողմի ավելի վաղ հրապարակած բովանդակության հայելային կրկնություն։ Այսպես. իբր Արցախ նոր եկած վարձկանների մասին տեղում գտնվողն ասում է՝ իզուր են եկել, կան մեծ կորուստներ, վիճակը վատ է։ Ինքն ափսոսում է, որ եկել է։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի պետական գերատեսչությանը հաջողվել է «գաղտնազերծել» վարձկանների խոսակցության այն հատվածը, երբ մեկը մյուսից ճշտում է ռազմի դաշտում թուրքերի առկայության հարցը, ինչը, զրուցակիցը, բնականաբար, հերքում է։
Այսպիսով, ադրբեջանական պետական քարոզչամեքենան հընթացս փորձում է հերքել Թուրքիայի մասնակցությունը Արցախյան երկրորդ պատերազմին, ինչի մասին բազմաթիվ ապացույցներ և հայտարարություններ կան։
Ադրբեջանը նույն կերպ չէր ընդունում թուրքական F-16-երի առկայությունը իր տարածքում։ Հակառակը բացահայտեց The New York Times-ի վիզուալ հետաքննությունների մասնագետը։
Ստեփանակերտը կասետային զինամթերքով խոցելու տեսանյութը հրապարակվեց հոկտեմբերի 4-ին։ Հաջորդ օրը Ադրբեջանի արձակած իսրայելական ռումբի կիրառության մասին խոսեց Amnesty International-ը։
Կասետային զինամթերքը մանր ռումբեր է սփռում մեծ մակերեսների վրա։ Դրանց մինչև 20%-ը չի պայթում ու վտանգ է ներկայացնում բնակչության համար։ Զենքի այս տեսակի կիրառումն արգելված է աշխարհի ավելի քան 100 պետությունների ստորագրած կոնվեցիայով: Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել այդ կոնվենցիային։
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը այս հրապարակումից 2 օր անց՝ հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան հայտարարեց, թե Հայաստանը կասետային հրթիռ է արձակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ։ 300-ից ավել կասետային ռումբ է ընկել նավթամուղից 10 մ հեռավորության վրա. նավթամուղը չի վնասվել։
Հաջիևի հրապարակած լուսանկարը, սակայն, ռազմական փորձագետներին առանձնապես չհամոզեց։ Նրանցից Ռոբ Լին Թվիթերում գրեց, որ խիստ կասկածելի է, թե ինչպես կարող էին կասետային ռումբերն ընկնել իրար այդքան մոտ, կամ ով ռիսկի կդիմեր և լուսանկարելու համար ակտիվ զինամթերքը իրար այդքան մոտ կտեղափոխեր, եթե անգամ դրանք իրարից հեռու էին ընկել։
Հաջիևի առաջին հրապարակմանը հաջորդեց ևս երկու (մեկ և երկու) գրառում՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Հայաստանի արձակած կասետային զինամթերքի մասին։
Հայկական կողմի պնդումները հաստատել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի ներկայացուցիչները հոկտեմբերին Արցախում կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք են արձանագրել։ Կառույցն անկախ կերպով չի կարողացել ստուգել Ադրբեջանի նույնաբովանդակ պնդումները։
Միայն հոկտեմբերի 29-ին Amnesty International-ը հաստատեց, որ հայկական կողմը Բարդա քաղաքում մեկ օր առաջ կասետային զինամթերք է կիրառել։
Հոկտեմբերի 8-ին հրթիռակոծվեց Շուշիի Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Սա ոչ միայն հարված էր հայ մշակութային և հոգևոր ժառանգությանը, այլև այնտեղ ապաստանած խաղաղ բնակչությանը, աղոթելու համար եկեղեցի այցելողներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ դրեց ադրբեջանական բանակի կողմից եկեղեցու խոցումը և դա հայկական «սադրանք» համարեց՝ Ադրբեջանին մեղադրելու նպատակով։ Ապա մեկ այլ հարցազրույցում Ալիևը նշեց, որ հետաքննություն է կատարվում, և եթե անգամ պարզվի, որ ադրբեջանական ուժերն այնուամենայնիվ խոցել են եկեղեցին, ապա դա միայն սխալի հետևանք է։
Այս դեպքից 4 օր անց հրապարակվեց մասամբ ավերված տաճարում թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարումը՝ Կոմիտասի «Կռունկը»։
Ադրբեջանական կրկնօրինակումը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում էր՝ Գյանջայում։ Քամանչահար երիտասարդի տեսանյութը, որը մենք կարողացանք գտնել համացանցում, թվագրվում էր հոկտեմբերի 15-ով և հրապարակված էր Ինստագրամի և Ֆեյսբուքի Greenlight Group անունով հաշիվներում։ Տեսանյութում երիտասարդը չի էլ նվագում։
Ինչպես պարզվում է Ֆեյսբուքում առկա տեղեկությունից, այս էջը ստեղծվել է 2014 թվականին՝ որպես Greenlight Media Group: Հաջորդ տարի անվանումից դուրս է եկել Media բառը։ Այն գովազդային ծառայություններ է մատուցում։
Հոկտեմբերի 16-ին նախ ռուսական, ապա հայկական աղբյուրներում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես է ադրբեջանցի ռազմագերին բուժօգնություն ստանում Արցախում։ Նման մարդասիրական մոտեցումը հատկապես էմոցիոնալ ընդունվեց նախորդ օրը կատարվածի ֆոնին․ երկու հայ ռազմագերիները նվաստացվել և սպանվել էին Հադրութում։ Չնայած ադրբեջանական ՊՆ-ի հերքմանը, փաստերի ստուգմամբ զբաղվող հարթակները ապացուցեցին, որ սպանության հեղինակներն ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն էին (bellingcat.com, DFRLab):
Այս դեպքից երկու օր անց՝ հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանը հրապարակեց գերի ընկած 3 հայ զինվորականների լուսանկարներ՝ վիրակապված և անկողնում պառկած։ Նրանց այցելել էր Գերիների, անհայտ կորածների և պատանդների Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղարը։
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամայանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերի 22-ին և 24-ին տեղադրեց հայկական կողմում բուժվող ադրբեջանցի 2 ռազմագերու մասնակցությամբ կարճ տեսանյութեր։
Դրանցից առաջինում խոսվում է Թուրքիայից Ադրբեջան ժամանած ռազմական հրահանգիչների մասին, և որ նրանք այժմ էլ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և առանց նրանց որոշումներ չեն կայացվում։ Երկրորդ տեսանյութը պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրացի վարձկաններ։
Հայ ռազմագերիների հարցաքննություններից կադրեր հրապարակեց նաև Ադրբեջանը։ Հոկտեմբերի 23-ին հրապարակված տեսանյութում հայ ռազմագերիներից մեկը պատմում է, թե Մարտունիի իր զորամասում իբր ծառայել են քուրդ զինյալներ, որոնք ամսական 600 դոլար են ստացել։ Նրանց ջոկատները մշտապես ուսումնասիրել են տեղանքն ու պատրաստվել կռվի։
Սրանք հայելային քարոզչության ադրբեջանական ձեռագրի սոսկ մի քանի օրինակներ են։ Այս կերպ ադրբեջանական կողմը նպատակ ունի հավասարության նշան դնել պատերազմող կողմերի միջև։ Ընդ որում, փորձ է արվում նաև առաջ մղել ադրբեջանական քարոզչության որոշ թեզեր, ինչպես օրինակ քուրդ զինյալների ներգրավվածությունը հայկական կողմում։
Կարդալ նաև
Գոյապահպանման սպառնալիքի, էթնիկական զտումների մեծ հավանականության և Արցախում մարդասիրական ճգնաժամի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել Արցախը։
Լրագրող Լուսինե Մուսաելյանը հիշում է Արցախյան առաջին պատերազմը։ Նա հիշում է, թե ինչպես է Բարոնուհի Քերոլայն Քոքսն իրեն ճմռթված թղթով փաթաթված գույնզգույն կոնֆետ տալիս։ Հիշում է ռմբակոծություններն ու ապաստարանները։
Պատերազմը ներխուժել է գրեթե բոլոր հայ ընտանիքներ։ Մինչ զինվորները կռվում են առաջնագծում, Արցախում ծավալված այս նոր պատերազմից մազապուրծ եղած երեխաների մի նոր սերունդ իրենց ընտանիքների հետ տրավման հաղթահարելու ուղիներ են որոնում։