evn report vigen pf
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Լույս է տեսել Արամ Պաչյանի նոր վեպը։ Տեղ-տեղ խիստ մինիմալիստական, տեղ-տեղ հանգավոր ելևէջներով օրագրային կարճլիկ նոթեր հիշեցնող հարյուրհիսուն էջ, որոնց՝ հեղինակի կողմից սահմանված ժանրային պատկանելիությունն այլևս կասկածի տեղիք չի տալիս։ Նախորդ տասնամյակում Պաչյանը հասցրել է իր ընթերցողին վարժեցնել․ «պաչյանի-նոր-վեպը» ոչ թե զարմանք պիտի առաջացնի, այլ՝ խորասուզվելու փափագ, որ ծնվում է նրա գրական հետագծի ու ձեռագրի հետ քիչ թե շատ ծանոթությունից։ Առաջին իսկ էջից ազդարարվում է․ պատմությունը դեռ շարադրանքը չսկսած ավարտվել է, իսկ բուն պատումը հիշողության մասին է։ Ուստի գիրքը հազիվ թե դուր գա սյուժետային արձակի և խիտ վիպական գործերի սիրահարներին։ Հեղինակին բոլորովին այլ հարցեր են հուզել․ էստեղ չկա պատմություն, բայց առկա է հիշողությունը, չկա սյուժե, բայց ներկա է կենսագրությունը, իսկ ավելի ստույգ՝ առանձին վերցված «կյանքն» ու «գիրը»։ Պաչյանի հաջողված վերադարձի վավերացումն է այս վեպը, որ լույս տեսավ բոլոր առումներով տապալված անցած տարում և 2021-ին հաջողացրեց վերստին ուշադրության արժանանալ, «P/F»-ի նկատմամբ ընթերցողական անկեղծ հետաքրքրվածության խոսուն վկայությունը։ 

Պաչյանի նախորդ երեք գրքերը լույս են տեսել մոտ երկու տարի ընդմիջումներով․ 2010-ին ծնվեց պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Ռոբինզոն»-ը, որին հաջորդեց «Ցտեսություն, Ծիտ» (2012) վեպը, ապա՝ վերադարձ պատմվածքի ժանրին «Օվկիանոս» ժողովածուի տեսքով, որը հրատարակվեց 2014-ին։Ամենասպասվածը «P/F»-ն էր, որ լույս տեսավ առաջին գրքից 10 տարի անց, և որի հեղինակին արդեն դժվար կլինի «երիտասարդ արձակագիր» անվանել։ 

Վերջին տասնամյակի ընթացքում Պաչյանի տեքստերը սիրելի են դարձել ոչ միայն Հայաստանում։ 2010-ից հետո տպագրվող մեր ժամանակակից գրողներից քչերն են թարգմանվել եվրոպական մի քանի լեզուներով և ունեցել մեկից ավելի վերահրատարակում: Ձգտելով Պաչյանի հարցում ուշադիր ընթերցող լինել՝  մշտապես փորձել եմ ինքս իմ մեջ պատասխանել հարցին, թե նա ինչպիսի գրող է և ինչ գրականություն է ստեղծում, բայց չնայած այս երիտասարդ արձակի հանդեպ իմ ընդհանուր համակրանքին՝ պատասխանը դժվարությամբ էր ի հայտ գալիս։ Կա՛մ նրանից էր, որ քիչ բան է գրվել, կա՛մ էլ տեքստերը չափազանց տարբեր հյուսվածքներ ունեն։ Միակ բանը, ինչով կարող էին սփոփվել գրականագետները, «կարճ արձակի հեղինակ» կոչումն էր։ Գրական գործակալների վիճակն էլ ավելի բարդ էր, հատկապես երբ գրքի հերթական միջազգային տոնավաճառին նրանց ուղիղ հարց էին տալիս, որը կարճ ու սպառիչ պատասխան էր պահանջում։

Նպատակ չունենալով պատասխանել ոճին, ժանրին, մեթոդին ու նման այլ երևույթներին առնչվող հարցերի՝ Պաչյանը ողջ ընթացքում մեր աչքի առաջ էր ու շարունակում էր մնալ գրական Երևանի գլխավոր անուններից մեկը․ նոնֆիքշն-օրագրերի (վավերագրական էսսեների) առցանց հրատարակություններ, թատերական բեմադրություն Գերմանիայում, ելույթներ արվեստային տարբեր հարթակներում․․․ 

Երբեմն թվում էր, թե ժամանակակից հայ գրողական կյանքի հոսքում Պաչյանը տխուր ու միայնակ է զգում․ նա ինքն էր իր շրջապատը ստեղծում՝ ծառեր տնկելով սեփական գրական անտառի համար, սիրահարվում էր և ընթերցողների հետ կիսում իր կիրքը, բացահայտելով կամ վերադարձնելով հայ ընթերցողին Ռուբեն Ֆիլյանի, Մկրտիչ Արմենի, Բրունո Շուլցի, Թոմաս Բերնհարդի, Պատրիկ Մոդիանոյի և այլոց անունները։ 

Մենք շարունակում էինք գրքեր փոխանակել, Պաչյանը շարունակում էր երևանյան գրադարաններում հայտնաբերել մոռացության մատնված, փոշոտ հատորներ, որոնք պետք էր ընդամենը բարձրաձայն կարդալ, հիշեցնել, թեթևակի թափ տալ մեր պատկերացումները գրականության անցյալի մասին, որտեղ, փաստորեն, մոռացումը հաղթում էր հարամնա հիշողությանը։ Ու ողջ ընթացքում երիտասարդ արձակագրի կենսական ուժի ծածուկ աղբյուրը, նրա գրական անտառները սնող հոսանքը շարունակում էր լինել ֆրանսիացի տեսաբան, գրականագետ Ռոլան Բարտը իր խոստովանական գիտափորձով, որը ժամանակին դարձել էր մի ամբողջ սերնդի երազանքի մարմնավորում՝ արտահայտված հետ-ստրուկտուրալիստական վեպ գրելու գաղափարի մեջ։ Կասկած չկար, որ Պաչյանը կուզենար կիսվել ընթերցողների հետ, թե ինչով է բռնկվածկստեղծեր սեփական ինքնավիպագրական գործը (autofiction)։ Նա արեց դա իր դեբյուտից տասը տարի անց․ «P/F»-ը հրատարակված է։

Եթե նախորդ բոլոր գրքերում ընթերողը կարող էր միայն ենթադրություններ անել Պաչյանի գրի ինքնակենսագրական բնույթի մասին՝ զուրկ որևէ ուղիղ ապացույցից, ապա «P/F»-ը դառնում է իսկական ինքնավիպագրություն, որտեղ ժանրը «վեպ» սահմանելուց մի քանի էջ հետո մեզ հայտնում են, որ ամենը, ինչ կարող է լինել հիշողությունից ու մոռացումից զատ, հնարանք է։ Վեպի էջերին պարբերաբար հայտնվում է Սև անունով հերոսը (Պաչյանի անձնագրային անունը Սևակ Թամամյան է), իսկ դրվագներից մեկում պատմողը դիմում է Ռուբ անունով մեկին, նույն ինքը՝ Ֆիլ, խոսում է իր ստորագրության մասին, որը տատանվում է Ֆիլի, Սևի և Պաչի միջև՝ pach/fil։ Արդյո՞ք Ֆիլը հորինված է, թե՞ դա Պաչյան-ընթերցողի սիրելի գրող Ռուբեն Ֆիլյանի կրճատ ազգանունն է՝ հաստատ չենք իմանա, սակայն գործող կերպարներից մեկն է դառնում PF-ը, որը նաև դուրս է բերված գրքի շապիկին[1]: Դրան հետևում է բնաբանը՝ «ձեն-բուդդայական դպրոցի իմ ուսուցիչներին»։ Եթե հայ գրականության ձեն-բուդդիզմի ելակետ համարենք ֆիլյանական գիրն ու ֆիլյանական գրական «ես»-ը, ապա «P/F»-ը, ինչպես և հեղինակի նախորդ գրքերը, ձեռք է բերում իր հստակ գծված դարակազմիկ տարածականությունը․ ֆիլյանական փախուստ սովետական Երևանից և ուշ խորհրդային արձակ, որ հասնում է մինչև մեր օրեր։ Բնաբանը դառնում է հերթական ժեստ-դիմումն անցյալին, ինչը համապատասխանում է «P/F»-ի հիմնական ռազմավարությանը՝ լողալ հիշողության գետի հոսանքով, կարոտել ընդմիշտ հեռացող երևանյան տրամվայը։ Պաչյանից մինչև Ֆիլյան՝ և վեպը վերածվում է այդ ժամանակահատվածի Post Factum-ին (PF!)․ ոչ թե արդյունքների ամփոփում, այլ մի բան, որ մեզ մոռացել էին հայտնել ժամանակին և հայտնել են միայն հիմա՝ եղածից հետո՝ մեր մեջ ժամանակը ետ շրջելու անկարելիության զգացողություն առաջացնելով։ Եվ վերջապես, հեղինակը «Վերադարձրեք տրամվայը Երևանին» կրկնվող կոչը ստորագրում է իր անունով, ավելի ճիշտ՝ կեղծանվան մի մասով՝ «Սեւ, կամ ուղակի Արամ»։ Թվում է, թե 1970-ականներին ֆրանսիացի փորձարարների սահմանած բանաձևն իրագործված է․ հեղինակի անունը, հերոսի անունը և պատմողի անունը համաձայնեցված են և գրեթե հավասարեցված։ Եթե նույնիսկ տեքստը որևէ կապ ունի հեղինակի «ես»-ի հետ, ապա՝ բացառապես ֆիկցիոնալ։ Ոչ ինքնակենսագրություն, ոչ վեպ, այլ ինքն իրեն հորինելը, մեր ecriture de soi-ն՝ ահա սա է հայկական աուտոֆիքշընը:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, իսկ հաջորդ օրը՝ արևածագին, սկսվեց պատերազմը, որը բոլորին ու ամեն ինչ շպրտեց հեռավոր անցյալ։ Չնայած գրի ողջ բանաստեղծականությանը՝ գրքի ճակատագիրը ենթարկվեց պատումային անցյալի մոդուսին․ «իսկ վաղը պատերազմ էր»։ Գիրքը՝ կարմիր շապիկ ու սպիտակ P և F, մոռացության էր մատնված ողջ ընթացքում, երբ մեր իրականությունը ողողվում էր լրիվ այլ՝ ոչ տպագրական կարմիրով։ Արյունը, որ ներկեց  հայ հասարակությունը, ծայրաստիճան անձնական գրքին կարդացված լինելու հնարավորություն չթողեց։ Քանի դեռ մի շարք գրողներ պապանձվել էին վրա հասած աղետից, Պաչյանը մի կարճ էսսե հրապարակեց, որում մեզ առավելագույնս մոտեցրել էր իր արձակի նույնականության հարցի պատասխանին[2]։ Այդ օրերին ամեն ինչ պատերազմի մասին էր․ նա վայրկանը մեկ կործանարար լուրեր էր բերում․ ամենուր միայն վախն էր նորություններից, ոչ մի անցյալ ժամանակ՝ միայն նորություններ։ Իսկ ահա արձակագրի էսսեն մի քանի էջի վրա ցույց տվեց մեզ, որ իրականում տեղի ունեցող ամեն բան դեժավյու է՝ հիշողության պատերազմ։ Պաչյանը, որ  առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցելու փորձառությունը չուներ, ցույց է տալիս՝ ինչպես է մարդկանց մի ամբողջ սերունդ մեծացել դրա շուրջ ձևավորված պատումներից, և շատ հաճախ, չիմանալով՝ ինչպես է պետք խոսել պատերազմի մասին, մենք օգնություն ենք փնտրում մեր նախնիների հիշողությունում։ Պաչյանական տեքստի հերոսը, լինելով ռազմական բժշկի երեխա, աստիճանաբար մոռանում է իր հոր դեմքը, բայց շարունակում է սպասել նրան՝ պնդելով, որ պատերազմը չի կարող ընդհանուր լինել, այն խիստ անձնական է, ինչքան որ անձնական ու ինտիմ է հոր վերադարձի սպասումը ռազմի դաշտից՝ սպանված, կենդանի, թե վիրավոր։ Սակայն պատերազմից վերադարձ չկա․ այն գալիս է՝ իբրև պատմական մասշտաբի իրադարձություն և նշանակալի տեղ զբաղեցնում մեր հիշողության մեջ՝ ընդմիշտ մնալով մեր մի մասնիկը։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հետհիշողությունը փոխակերպվում գեղարվեստական կտավի՝ դառնալով դրա հիմքը, և պաչյանական գիրն իր ուրույն տեղն է գտնում ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային հետհիշողության գրականության մեջ։ Հիշողությունը՝ իր թերությունների, տրավմաների ու մոռացության օվկիանոսների հետ միասին, դառնում է պաչյանական արձակի գլխավոր շարժիչը, իսկ «P/F»-ը վերածվում է նման արձակ ստեղծելու տասնամյա փորձառության պոստֆակտումի։ Պատմողը հրաժեշտ է տալիս իր նախկին տեքստերին, ինչը կրկնօրինակում է և ուժգնացնում վեպի ինքնապատումայնությունը։ Նոր տեքստը երևան է գալիս որպես ժամանակակից բանահյուսության power factor, որ հետարդիական իրականության վիճակում փորձում է վերհիշել սեփական անցյալը՝ միաժամանակ արձանագրելով հարափոփոխ ու մտապահելու համար մեզ ոչ մի վայրկյան չտվող ներկայի բեկորները։ Ամեն օր՝ միայն նորություններ։

Բայց ինչպես հայտարարված է «P/F»-ում, «փամփուշնտերը հալում են, պատերազմը հալում է, ամեն ինչ հալում է: երեւանցիները դեռ ողջ են: կյանքը դեռ կյանք է»։ Պատերազմն ավարտվեց, և արթնացած հավաքական պատմությունների ահեղ ալիքից մենք սկսեցինք դանդաղ վերադառնալ մեր անձնական հիշողություններին, համազգայինից՝ մեր փոքրիկ կյանքերին։ 2021-ի սկզբին Պաչյանը երևանցիների մոտ վերադարձավ իր ինքնավիպագրությունով։ Այս անգամ նա մի քանի ժամվա ընթացքում կարդաց գրքի ամբողջ տեքստը գրախանութ-սրճարաններից մեկում, որտեղ հավաքվածները սկզբում մոտենում էին տաղավարին ու «վեպը» ուզում, բայց հետո երկուսուկես ժամ լսում էին ընթերցումը, լսում էին ամենաիսկական, կենդանի պոեզիա՝ այլևս հարցեր չտալով ժանրի, տեսակի, ոճի մասին։ 

Պաչյանի տնկած ծառերը բերք են տվել, և դրանք օգնում են, որ ընթերցողն ավելի լավ հասկանա նրա փորձարկումը։ Եվ իսկապես, «P/F»-ի բեկորային, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող պատկերներն ավելի պարզ կդառնան, եթե ծանոթ լինեք հեղինակի համար նշանակալի՝ Պատրիկ Մոդիանոյի քաղաքային սրճարանների մթնոլորտին,  և Վալտեր Բենիամինի «Բեռլինյան օրագրի»` լույսով ողողված լոջիաների, կոր փողոցի թողած տպավորություններին։ Տեքստն ընթերցելուց հետո Պաչյանը խոսում է իր գրական այգու ևս մի հատվածից՝ Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիների» մասին։ Հիշողությունները առանձին պատկեր-բեկորների բաժանելու պատճառը ոչ այնքան գրողի հուսահատությունն էր՝ անցյալը մեկ ամբողջական, կապակցված պատմվածքի վերածելու անհնարինությունից, որքան «անցյալի սոցիալական անդառնալիության»գիտակցումը[3]: 

Որպես կորուսյալ ժամանակի (մանկություն, պատանեկություն) և տարածության (հարազատ քաղաք) կարոտ՝ հիշողությունների շարք վերստեղծելու բենիամինական մեթոդն այս դեպքում մեզ վերադարձնում է Երևան, 1990-2000-ականների սկիզբ։ «P/F»-ի էջերին պատմողը երկակի քարտեզագրում է իրականացնում․ նշում է վայրեր, որոնք տեղակայված են քաղաքի արհեստականորեն հրահրված ամնեզիայի գոտում՝ Աֆրիկյանների տունը, որ զոհ գնաց վերջին տասնամյակների ջենտրիֆիկացիային և ընդմիշտ դարձավ տեղի հիշողությունը ավերակների վերածելու տրավմա, կամ տրամվայները, որոնցից քաղաքի իշխանություններն ազատվեցին, չպահանջված լինելու պատճառով, կամ Ալավերդյան փողոցը, որը վաղուց արդեն վերանվանվել է և կուլ գնացել 2000-ականների Երևանի կառուցապատողներին, և այդպես շարունակ։ Թվում է՝ հեղինակին չեն վտարել, արտաքսման փաստը բացակայում է, բայց դրա հետ մեկտեղ  քաղաքային ամբողջականությունից  վտարվել է մեր հիշողությունը։ Ինչ-որ առումով վտարված է հենց վեպի հերոսը, ինչպես որ Երևանի ու երևանցիների անցյալն է վտարված քաղաքից։ Սակայն մեր հավաքական մոռացումի այս վայրերի հետ միասին, վեպի ամբողջ ընթացքում վերարտադրվում է արդեն գոյություն ունեցող վայրերի հիշողության շատ անձնական տեղագրությունը․ քաղաքային տարածությունը ներկայացված է որպես մասնատված սարահարթն այն բոլոր հիշողությունների, որոնք հաջողվեց գրառել, որպեսզի դրանք պահպանվեն միայն գրի տեսքով։ Աբովյան փողոցը, Նալբանդյան փողոցը, Սարյան-Պուշկին խաչմերուկի «Ռոզա» կրպակը, Արաբկիրը, Հրազդան գետով ձգվող կամուրջները։ Եվ այստեղ դարձյալ զգացվում է պաչյանական գրական անտառի ազդեցությունը, ու թվում է՝ ժամանակակից հայ գրականությունը «P/F»-ի շնորհիվ ստանում է սեփական documentary fiction-ը[4]: 

Ինչպես և առաջ, Պաչյանին հետաքրքրում է ոչ թե ամենօրյա երևանյան կյանքի մոնումենտալությունը, այլ բեկորները, քաղաքի կենտրոնի նկարագրությունը առօրյա այնպիսի գործողությունների, դեպքերի ու իրադարձությունների միջոցով, որոնք կարևորություն ունեն ոչ թե բոլորի, այլ մեկ հոգու՝ պատմողի, և գուցե նաև մեկ ուրիշի՝ քաղաքի հասարակ բնակչի համար, որը պարբերաբար ընտրում էր այդ երթուղիները, սիրահարվում այդ նույն սրճարաններում։ Կարծես թե ժամանակին իրական Երևանը շոշափելու նմանատիպ փորձ է արել նաև Մկրտիչ Արմենը, որի մասին Պաչյանն այդքան շատ է խոսել և գրել։ Սերը քաղաքային տարածության հանդեպ՝ որպես հասարակ մարդկանց և ո՛չ թե պատմության գրքերում հանդիպող հերոսների կամ հայտնի անձանց ապրելու և հիշողություն ձևավորելու վայրի, ասես համընկնում է երկու տարբեր դարերում ապրող գրողների մոտ՝ մեն-միակ տարբերությամբ․ Արմենի հերոսն ապշահար հետևում է, թե ինչպես է ոչ ոքի չպատկանող մոնումենտալը ավերակների վերածում արևելյան քաղաքի վերնակուլյար կյանքը, մինչդեռ Պաչյանի հերոսն ականատես է դառնում ինչպես մոնումենտալ, այնպես էլ հասարակ, ժողովրդական քաղաքային տարածության մասին հիշողության վերացմանը։

Նրանց, ովքեր զայրանում են մեծ սյուժետային արձակի բացակայությունից, հեղինակը պատասխանում է տեղի հիշողության տեղագրությամբ։ Քաղաքը բեկորային է, այդ իսկ պատճառով այդպիսին է նաև վեպը․ այդ փլուզված խճանկարն ապրողի հիշողությունը բեկորային է, այդ պատճառով էլ պատմող սուբյեկտն ինքը լեզվի մեջ մասնատված է դառնում։ «Ես բեկորային եմ»՝ ասում է նա՝ իջնելով գետի կիրճը, մեջքին ուսապարկ, որում հավաքել է բոլոր սևագրերը, բոլոր տպագրված ու չտպագրված գրքերը, գիրը, որ ստեղծվել է այս տասը տարիների ընթացքում։ Ամբողջ տեքստով կարմիր թելի պես անցնում է հոսքի՝ գետի հոսանքի մոտիվը։ Հրազդանի կիրճում նա գտնում է այդ դուրս ժայթքող հոսանքը, որը պիտի առարկայացներ անգոյության գաղափարը․ «Երևանը ես չեմ, / լեզուն ես չեմ, / անցյալը, ներկան ու գալիքը ես չեմ, / ես ես չեմ»։ Մարմնից զատվելու ձեն-բուդդիստական փորձ, կամ էլ հեղինակի չգոյության բարտյան հայեցակարգի ցուցադրում։ Քեզ, բայց ոչ քո մասին գրելու փորձը կրկին հիշեցնում է Զեբալդի խոսքն այն մասին, որ ինքնակենսագրություն գրելն իր համար ձանձրալի գործ է․ եթե նույնիսկ գրել կենսագրություն, ապա միայն ուրիշներինը՝ նրանց, ովքեր հատում են հեղինակի սեփական կյանքի հետագիծը։

Բայց այս յուրօրինակ documentary fiction-ի գիր-հոսանքում, գլխավոր հերոսն ամենևին էլ կիրճով անցնող գետը չէ, որի ափերին կարող ես տալ սևագրերդ, որը կօգնի ազատվել ինքդ քեզնից ու քո գրից։ Քաղաքի հիշողությունը, ինչպես և պատմողի դեպքում, մասնատված է, քանզի դրանք երկուսն էլ պարտվել են ժամանակի անդադար փոխակերպումներին։ Այս հիշողություն-մոռացության մեջ կենտրոնական դիրքում այն երակն է, որ անցնում է Երևանի կենտրոնով, բայց բնակիչների աչքից հեռու։ «Գետառը փակեցին»․ թվում է՝ դրա մասին հիշում են, գրել են պաշտոնական թղթերում և քաղաքի պատմության մեջ, բայց բռնի փոփոխված, բետոնով ու ասֆալտով պատված հունն այլևս ուղիղ կապ չունի քաղաքացիների կյանքի հետ։ Միայն գետի մասին հիշողներն են երբեմն գալիս դրա տեղ-տեղ բաց ափերի մոտ, որտեղ դեռ լսելի ու տեսանելի է հոսանքի ուղղությունը, նայում են գետին, որ դարձել է ինչպես սեփական, այնպես էլ Երևանի անցյալի հուշերից։ Հիշողության մթնշաղ ուղևորվող հատուկենտ ճամփորդներից է Պաչյանի հերոսը՝ PF-ը՝ Սեւը՝ Արամը։ Գետառը գոյություն չունի, եթե չկա հիշողություն։ Միայն հիշողությունը կարող է շարժման մեջ դնել քաղաքի որմնածածկ գետը։ Պաչյանի հերոսը ոչ միայն կարոտով վերհիշում է ու ցույց տալիս գետի կորուստը, այլև սուզվում է հոսանքի գիրկն ու թվարկում այն ամբողջ աղբն ու թափոնները, որոնցով մենք կեղտոտել ենք մեր փակ զարկերակի գորշ ջրերը, ինչպես որ մեր հիշողությունն ենք աղտոտում նորությունների ու գովազդի ամենօրյա հոսքով։

Գետառը փակել են ստորգետնյա հունի մեջ, և մենք այն չենք տեսնում։ Մենք ինչ պատահի լցրել էինք դրա մեջ, մենք հիշում ենք Գետառը միայն իբրև քաղաքի կենտրոնով ձգվող բարակ ժապավեն, որի մասին պատմում էին մեր նախորդները։ Հիշո՞ւմ եք Երևանի հեղեղումը, պատմությունը՝ չտեսնված չափերի առնետների մասին, որոնք գետից դուրս էին եկել ու լցվել քաղաք։ Պաչյան-պատմողը հիշում է այդ ամենը, բայց չի թախծում անցյալի համար, չի մեղադրում մեզ։ Նա նույնպիսի երևանցի է, նա էլ է սատկած շանը գցել Գետառի մեջ, թքել ու ատել այն, բայց նա հաստատ գիտի, որ ինչ էլ լինի, Գետառը դեռ կա։

Գետառի ջրերը մեր հիշողության ու հետհիշողության կրիչներն են։ Այն հոսում է ի հեճուկս, ինչպես որ մեր հուշերն են հոսում, ինչպես որ գրվում է հիշողության վեպը, որում հերոսը շարունակում է լողալ քաղաքի փողոցներում և հուսահատ պահանջել՝ «վերադարձրե՛ք տրամվայը Երևանին»։

 

 

Շնորհակալ եմ Մարիամ Հարությունյանին և Արմեն Հայաստանցուն այս տեքստի հայերեն տարբերակի ստեղծման ընթացքում ցուցաբերած օգնության համար։

 

----------------------
[1] Պաչյան Ա. Ռուբեն Ֆիլյան. Քո երկրի դեսպանը https://www.cultural.am/hy/norutyunner/aknark/2146-ruben-filyan-qo-erkri-despany 
[2] Pachyan, Aram. War, Dead or Alive, The Armenian Mirror-Spectator, 20.10.2020 https://mirrorspectator.com/2020/11/12/war-dead-or-alive/
[3] Վալտեր Բենյամինի հետահայաց մտորումներից “Բեռլինյան մանկությունը” ստեղծելու մասին:
[4] Ժամանակին այդպես էր իր արձակն անվանում Վ․Գ․ Զեբալդը։

 

Thank you for your submission! We will review it soon.

etc.

«Լսիր, որ պատկերացնես». հետճգնաժամային ցուցահանդեսը Հայաստանի ապագան վերաիմաստավորելու փորձ

Հետպատերազմյան ճգնաժամը փշրել է ապագայի շուրջ նախկին պատկերացումները՝ դրանք փոխարինելով անորոշ հորիզոններով։ Իրավիճակին փորձում է միջամտել ժամանակակից արվեստը՝ առաջարկելու մի նոր տարածություն, որտեղ կարելի է պատկերացնել ապագան։

Փախուստ սրճարաններում

Վերջին տարիներին երևանցիներն սկսել էին ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել սրճարաններում ու առհասարակ՝ դրսում։ Դրսում էին սնվում, ընդմիջում անում, աշխատում ու փախչում առօրյայից։ Քովիդյան տնակալման շրջանում շատերն ամենածանրը հենց դա տարան՝ փախուստի անհնարինությունը։


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team