police article

 

Նախաբան

Հեղափոխությունները, որպես կանոն, արմատական և հիմնարար փոփոխությունների հանրային պահանջի դրսևորում են։ 2018 թ. Թավշյա հեղափոխությունը Հայաստանում, այս առումով, բացառություն չէր։ Այն հանրային կյանքի բոլոր շերտերում հեղափոխական փոփոխությունների լեգիտիմ սպասում առաջացրեց։ Հաշվի առնելով, որ մինչև հեղափոխությունը մենք ապրում էինք տապալված սահմանադրական կարգի և գոյություն չունեցող արդարադատության պայմաններում՝ իրավապահ համակարգի հիմնովին վերափոխումը հանրության առաջնային պահանջներից էր։

Իրավապահ համակարգի մասին խոսելիս առանձնահատուկ պետք է շեշտել Ոստիկանությունը. այն հետհեղափոխական Հայաստանի հանրային դիսկուրսում ամենաշատը քննարկվող պետական ինստիտուտներից է։ Երկու հիմնական պատճառ կա՝ նախ. տարիներ շարունակ հենց Ոստիկանությունն է առաջին գծում եղել քաղաքացիներիս դիմաց՝ խոչընդոտելով սահմանադրական մեր իրավունքների իրացմանը, և երկրորդ՝ հեղափոխությունից հետո արդարության ու արդարադատության հաստատման գործում հասարակությունը լրջագույն ակնկալիքներ ունի հենց այս կառույցից։

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե բարեփոխումների վեկտորը, որը որդեգրել է Ոստիկանությունը և փիլիսոփայությունը, որով առաջնորդվում է երկրի քաղաքական ղեկավարությունը իրավապահ համակարգին նոր շունչ տալու գործում, արտացոլում են արդյոք հանրային սպասումները։

Փետրվարի 10-ին հրապարակվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Հոդվածը նպատակ ունի քննարկել մինչև ռազմավարության հրապարակումը համակարգում կատարված փոփոխությունները։ Սա նաև փորձ է ավելի ընդգրկուն ներայացնելու համակարգված և արմատական բարեփոխումների կարևորությունը։

Հ. Գ. Հաջորդ հոդվածում կանդրադառնանք հրապարակված ռազմավարությանը, փաստաթղթի հիմնական դրույթներին, բացթողումներին, կփորձենք հասկանալ, թե արդյոք լուծումներ են առաջարկվում այն խնդիրներին, որոնց պետք է ուղղված լիներ ռազմավարությունը։

 

Խոստումներ և ծրագրեր

Նախ պետք է նշել, որ ի հեճուկս հանրային պահանջի, Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրում Ոստիկանությանը կամ, առհասարակ, իրավապահ համակարգում փոփոխություններին կոնցեպտուալ անդրադարձ չկա։ Ծրագրում խոսվում է ընդամենը երկու կոսմետիկ փոփոխությունների՝ Ճանապարհային ոստիկանության հենքի վրա Պարեկային ծառայություն ստեղծելու, որը կունենա երթևեկության և հանրային անվտանգության ապահովման գործառույթ, և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման և վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ ներդնելու մասին։ Այս փաստը փոքր-ինչ տարօրինակ է թվում, որովհետև Իմ քայլը դաշինքի առաջնորդներից շատերը, այդ թվում և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առնվազն տասը տարի պայքարել են իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ, բազմիցս խոսել համակարգի ինստիտուցիոնալ լճացման մասին։

Պատկերն ավելի մտահոգիչ է Կառավարության ծրագրում։ Այստեղ ընդհանրապես անդրադարձ չկա Ոստիկանության բարեփոխումներին, «ոստիկանություն» բառը ծրագրում հիշատակվում է ընդամենը մեկ անգամ։ Այս իմաստով խորհրդարանական մեծամասնության և կառավարության քայլերը՝ ուղղված համակարգի բարեփոխմանը, հանրության համար մնում են անկանխատեսելի։

 

Նախաձեռնած քայլեր

Հեղափոխությունից անցել է շուրջ երկու տարի, և մեկ տարի, ինչ արտահերթ ընտրություններից հետո Ազգային ժողովում մեծամասնություն է հեղափոխական թիմը։ Ներկայացնենք այն չորս փոփոխությունները, որոնք այս ընթացքում հանրային ամենից թեժ քննարկումների առիթ են դարձել և հանրային մեծ հնչեղություն ստացել։

1․Առաջին լուրջ փոփոխությունը, թերևս, վարչապետի որոշումն էր, որով Ոստիկանության ներքին զորքերի վրա դրվում էր Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործառույթ, Ոստիկանության ներքին զորքերը մարտական հերթապահություն էին իրականացնելու ՀՀ հյուսիս-արևելյան սահմանում։ Հասարակությունը որոշումը մեծ ոգևորությամբ ընդունեց։ Անցած տարիներին շատ է քննարկվել, որ Հայաստանն աշխարհի ամենից ոստիկանացված պետություններից է, և ավելի քան ողջունելի էր, որ Ոստիկանության ռեսուրսներն ուղղվելու էին ոչ թե քաղաքացիների արդարացի բողոքի ձայնը լռեցնելուն՝ ինչպես նախկինում էր, այլ պետական սահմանի պաշտպանությանը։

2․ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ և Քրեական հետախուզության գլխավոր վարչությունները միավորվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում։ Միավորումը պետք է դիտարկել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության այն փաթեթի համատեքստում, որի մասին հանրային հարթակներից պարբերաբար հայտարարել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Ցավոք, փաթեթը հրապարակված չէ, ոստիկանության պաշտոնական կայքում «Բարեփոխումներ» բաժնի «Կատարված աշխատանքներ» ենթաբաժնում վերջին հանրային հաշվետվությունը հրապարակվել է 2017 թ. սեպտեմբերին։ «Ծրագրեր» ենթաբաժնում վերջին հրապարակումը 2013-ին է և վերաբերում է 2013-2014 թթ. բարեփոխումների ծրագրերին։

Վերադառնալով վարչությունների միավորմանը՝ հարկ է նշել, որ որոշումը փորձագիտական և ոստիկանական շրջանակներում մտահոգությունների տեղիք տվեց. վարչությունները գործառութային կրկնություններ չունեին, ավելին՝ փոխլրացնում էին միմյանց, իսկ համակարգի օպտիմալացման նպատակով դրանց մեխանիկական միավորումը հազիվ թե ճիշտ հաշվարկված քայլ էր։

3․ Անցած տարեվերջին Իմ քայլը խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որը Ոստիկանությանը թույլ է տալիս ծանր և առանձապես ծանր հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ հետախուզական նպատակներով վերահսկել քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները ինքնուրույն՝ սեփական միջոցներով։

Նախագիծը մանիպուլյացիաների առիթ դարձավ և բացասական արձագանք գտավ հատկապես նախորդ իշխանությունների դեմ պայքարած քաղաքացիական ակտիվիստների շրջանում։ Նշենք, որ Ոստիկանությունը մինչև նախագծի ընդունումը նման գործառույթ իրականացնում էր ԱԱԾ-ի միջոցով։

Քննադատների մի մեծ բանակ խնդրին այլ դիտակետից էր մոտենում․ թե որքանով է արդարացված նման գործառույթ վերապահել դեռևս որևէ իրական փոփոխության չենթարկված ոստիկանական համակարգին, և արդյոք հրատապ այլ խնդիրներ չկան համակարգում։ Հարցադրումները, դժբախտաբար, առկախված են մինչև այսօր։

4․Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդների նկատմամբ տուգանային միավորներ կիրառելու հնարավորությունը։ Հաշվի առնելով Հայաստանում տրանսպորտային պատահարներից մահացությունների թվի շեշտակի աճը և այն, որ նման մոդել ներդնել խոստացել էր նաև Իմ քայլը դաշինքը իր նախընտրական ծրագրում՝ գաղափարը կրկին շրջանառության մեջ հայտնվեց։ 2020 թ. հունվարի 1-ից, բացի վարչական տույժերից, կարգազանց վարորդները պատժվում նաև տուգանային բալերով։ Փոխվել են տարբեր խախտումների համար նախատեսվող վարչական ակտերի տուգանքների չափերը՝ դրանք, ծանրակշիռ մեծամասնությամբ, բարձրացվել են։ Նոր համակարգը, որը շատ արագ ստացավ բալային համակարգ անվանումը, կարևոր առաքելություն ունի. հանրության թերևս բոլոր շերտերում կոնսենսուս կա, որ թե՛ մայրաքաղաքում, թե՛ ներպետական ճանապարհներին վիճակն անհանգստացնող է ու լրջագույն փոփոխությունների կարիք կա։ Այդուհանդերձ, բալային համակարգը ևս հանդիպեց ոլորտի մասնագետների, քաղաքացիների կոշտ հարցադրումներին։ Դրանք հիմնականում երեքն են․

  • Չկա մոնիտորինգի համակարգ, որը թույլ կտա պարզել, թե խախտում կատարելիս ով է եղել մեքենայի ղեկին, և փաստացի ով պետք է ստանա տուգանային միավորները։ Շատ արագ կայքերում հայտնվեցին բալերի վաճառքի հայտարարություններ։ Կարգազանց վարորդները, տեսականորեն, հնարավորություն ունեն բալեր գնելու, գործնականում անհնար է դառնում մեկուսացնել նրանց երթևեկությունից։

  • Տպավորություն կար, որ նախագծի փիլիսոփայական հենքը, հատկապես հետհեղափոխական Հայաստանում, բացի ճանապարհներն անվտանգ դարձնելուց, նաև քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացումը պիտի լիներ, այսինքն՝ տուգանային բալերը պետք է փոխարինեին վարչական տույժերին, ինչը պետք է հստակ ուղերձ պարունակեր, որ պետության նպատակը քաղաքացիների հարստահարմամբ բյուջետային մուտքերի ապահովումը չէ։ Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը. ինչպես նշվեց, տուգանքները ոչ միայն չնվազեցին, այլև մեծամասամբ ավելացան։

  • Եվ վերջապես, իրավաբանական բացը․ ստացվում է, որ քաղաքացին նույն խախտման համար պատժվում է երկու անգամ, ինչն իրավական տեսանկյունից, մեղմ ասած, խոցելի է։

Ցավոք, այս դեպքում ևս մտահոգություններին պատշաճ պարզաբանումներ չտրվեցին։

 

Եզրակացություն

Վերոնշյալ չորս փոփոխությունները՝ անկախ նրանից, թե որքանով են լավը կամ վատը, ընդունելի կամ ոչ, ցույց են տալիս, որ ոստիկանական համակարգի բարեփոխման ընդհանուր ռազմավարություն թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ մեծամասնության շրջանում չկա։ Ձեռնարկված քայլերը կոնտեքստից կտրված, հատվածական գործողություններն են, որոնք ուղղված են կոնկրետ խնդիրների լուծմանը և չեն ընկալվում համակարգի առողջացման ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Ավելին, Ոստիկանության գործողություններն ըստ էության արձագանքող են, մինչդեռ հանրային անվտանգության ապահովման գործում, ըստ Ոստիկանության մասին օրենքի, վերջինիս կարևորագույն գործառույթը հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը պետք է լինի։

Բացի այդ, համակարգում շարունակում են աշխատել մարդիկ, որոնք տարիներ շարունակ ծառայել են նախորդ իշխանություններին, օժանդակել Հայաստանում տեղի ունեցած ընտրակեղծիքներին, սահմանադրական կարգի տապալմանը, որի մասով, ի դեպ, ՀՔԾ-ում քրեական գործ կա հարուցված։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել կառավարության նիստում վարչապետի հայտնի ելույթը, թե Հայաստանում հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարն ընթանում է ի հեճուկս իրավապահ համակարգի։

Նախորդ իշխանությունների օրոք քաղաքացիներին ճնշելու և իշխանությունը զավթելու գործին ծառայած այս մարդիկ ոչ միայն չեն կարող լինել Նոր Հայաստանը կառուցողների շարքերում, այլև դրա ամենաուղիղ հակառակորդներն են։ Ահա թե ինչու չեն կանխվում ու շարունակում են չբացահայտված մնալ բազմաթիվ հանցագործություններ՝ գրպանահատությունից մինչև սպանություններ:

Ոստիկանությունը պետք է զտվի, պետք է անցնի ցավոտ ռեֆորմների միջով, և դա կարող է անել միայն այնպիսի ղեկավարը, որը չի՛ ծառայել սահմանադրական կարգի տապալմամբ իշխանությունը զավթածներին, երբևէ չի՛ բռնացել ՀՀ քաղաքացու կամքին և հեղափոխության արժեքների ու նպատակների կրողն է:

Այս իմաստով կարևոր էր ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը, որն առաջարկում էր փոխել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներին առաջադրվող պահանջները, ինչը թույլ կտար Ոստիկանության պետի պաշտոնում վերը թվարկված հատկանիշներին համապատասխանող անձի նշանակել:

Կարդացեք նաև

Փաշինյանի 2050 թվականի նշանակետերը

2019 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանեց հավակնոտ թիրախներ, որոնք պետք է կատարվեն մինչև 2050 թվականը, մասնավորապես` 5 միլիոն բնակչություն, 1.5 միլիոն նոր աշխատատեղ, աղքատության վերացում և ՀՆԱ, որը 15 անգամ գերազանցում է այսօրվա ցուցանիշը։ Սամսոն Ավետյանը կենտրոնանում է ՀՆԱ աճի վրա և ուսումնասիրում մինչև 2050 թվականը այդպիսի նպատակ դնելու հավանականությունը:

Քաղաքական կուսակցությունները Հայասատնում. որտեղի՞ց ստանալ գումար

Այն մասին թե ինչպես են ֆինանսավորվում քաղաքական կուսակցությունները Հայաստանում, և ինչպես կփոխվի ոլորտը Ազգային ժողովի նախաձեռնած ընտրական բարեփոխումներից հետո։

2008 թվականի մարտին բանակի ներգրավվածության մասին

Մինչ շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, Սոսսի Թաթիկյանը գրում է ներքին հարցերում բանակի և անվտանգության ուժերի ներգրավվածությունն ու պարտականությունները հստակ ուրվագծելու, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում դրանք որպես զսպող ուժ կիրառելու և Սահմանադրության համապատասխան կետերը փոխելու անհրաժեշտության մասին։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team