sosi
Լուսանկարները 2019 թ․ սեպտեմբերի 12-ի ցույցից են. դատարանում շարունակվում են մարտի 1-ի գործի լսումները։

2008 թվականի մարտին նախագահական ընտրությունների վիճելի արդյունքների դեմ ընդդիմության անընդմեջ ցույցերն ի վերջո ճնշվեցին բիրտ ուժի գործադրմամբ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանությունը իր նախընտրելի հաջորդ Սերժ Սարգսյանին փոխանցելու նպատակով։ Ուժի կիրառումը հանգեցրեց ութ ցուցարարի և երկու ոստիկանի մահվան․ պատճառները տարբեր էին՝ հրազենային վնասվածքներ, բեկորներ, բութ գործիքների վնասվածքներ։ Այս ամենն ուղեկցվում էր նախագահ Քոչարյանի հայտարարած 20-օրյա արտակարգ դրության վիճակով։ Հաստատված չէ, թե արդյոք Քոչարյանն արդյոք  խորհրդակցել է կառավարության կամ Ազգային ժողովի հետ արտակարգ դրություն հայտարարելու համար. այս հարցի շուրջ տեղեկություններն իրարամերժ են, չկա որևէ փաստաթուղթ, որն ապացուցի, որ  որոշումը միանձնյա չի կայացվել ։ Այսուհանդերձ, Հայաստանի խորհրդարանն ավելի ուշ քվեարկել է արտակարգ դրություն մտցնելու օգտին (131 խորհրդարանականներից 81-ը՝ կողմ)։ Քոչարյանի դեմ փաստարկներում նշվում է, որ իշխանությունները գործի են դրել ոչ միայն ոստիկանության ուժերը, այլև բանակը՝ N0038 գաղտնի հրամանի համաձայն, որը ստորագրել է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին, այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ։ Գաղտնի հրամանում ցուցարարները ներկայացվում են որպես մարդիկ, “որոնք չեն ընդունում նախագահական ընտրության արդյունքները և ապակայունացնում են երկիրը” ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) ճնշման ներքո 2008 թ․ հոկտեմբերին հայաստանյան իշխանությունները նախաձեռնեցին մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն։ Սակայն փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվեց 2009-ի հունիսին՝ խմբի առաջին զեկույցի հրապարակումից հետո։ Ըստ փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի [որևէ ազգակցական կապ չկա Ռոբերտ Քոչարյանի հետ]՝ «իշխանությունները գիտակցում էին, թե որքան վտանգավոր կարող են լինել խմբի բացահայտումներն իրենց համար, հետևաբար ցրեցին այն․․․ ապացուցված են բռնության և բանակի մասնակցության, ինչպես նաև օլիգարխ պաշտոնյաների կողմից ձևավորված հանցավոր խմբերի և ոստիկանության ուժերի գործողությունների մանրամասները»։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ «ձևավորվել է գաղտնի ռազմական շտաբ, որը զինված ուժերին թույլ կտար մշտադիտարկել իրավիճակը արտակարգ դրության պայմաններում»։

2018 թ․ թավշյա հեղափոխությունից հետո, երբ 2008-ի առաջնորդներից  Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, 2008 թվականի դեպքերի հետաքննությունը վերսկսվեց։ Երկրորդ նախագահ Քոչարյանը երեք անգամ ձերբակալվեց 2018-ի հուլիսից մինչև 2019-ի հունիս ժամանակահատվածում, և ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ ՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Քոչարյանին մեղադրանք է ներկայացված  նաև զինված ուժերն ընդդիմության աջակից ցուցարարների դեմ կիրառելու համար։

Բանակի մասնակցության վերաբերյալ Քոչարյանի ցուցմունքները հակասական են եղել և փոփոխվել են դատավարության ընթացքում. սկզբում, նա հերքում էր զինված ուժերի ներգրավվածությունը, ապա պնդում էր, որ տեղյակ չի եղել պաշտպանության նախարարի գաղտնի հրամանից, երրորդը` ընդունում բանակի մասնակցությունը՝ միաժամանակ պնդելով, որ զորամիավորումները զենք չեն կիրառել և չեն մասնակցել բախումներին, այլ հեռվից են հետևել իրավիճակին. Չորրորդը` բողոքի ցույցերի առաջնորդներին մեղադրում էր ընտրությունների արդյունքները չընդունելու և զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, պնդելով, որ ցուցարարները զինված են եղել հրազենով ու ձեռքի նռնակներով, և «արտաքին սադրիչների» կողմից մինչև անգամ փորձ է արվել բանակի որոշ զորամասեր ներգրավել բողոքի ցույցերում՝ ի աջակցություն ընդդիմության։ Եվ վերջապես, նա և իր փաստաբանները  հայտարարում էին, որ բանակի ներգրավումը ներքին անվտանգության սպառնալիքներին դիմակայելիս սովորական պրակտիկա է ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, Քոչարյանը դատավարությունը ներկայացնում էր որպես այսօրվա կառավարության կողմից իր դեմ ուղղված քաղաքական «վենդետա»։ Նրա փաստաբանը նաև պնդում էր, որ 1996 թվականի սեպտեմբերին նախագահական վիճելի ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը զորք է տեղակայել Երևանի կենտրոնում և արտակարգ դրություն հայտարարել, երբ իր վերընտրության դեմ ցույցերը ուժգնացել են։

Այս ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց մարտի 1-ի դեպքերի քննության շրջանակում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին և պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին կալանելու որոշման մասին ՝ 2008-ին զինված ուժերի մասնակցությամբ սահմանադրական կարգի տապալմանը մասնակցելու մեղադրանքով։ 2018 թվականին Խաչատուրովը հետ կանչվեց Հավաքական  անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարի պաշտոնից։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության զեկույցի, որը հրապարակվել է 2019 թվականի օգոստոսին, Արցախի զինված ուժերի գեներալ մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ղեկավարել է 20 սպաներից և ենթասպաներից բաղկացած մի խմբի գործողություն, որոնց թվում եղել են նաև դիպուկահարներ. վերջիններիս դուրս էին բերվել շփման գծի իրենց մարտական դիրքերից և տեղակայվել Երևանում։ Ըստ ռազմական հայտնի այլ հրամանատարներ, ինչպես օրինակ՝ Արցախի պաշտպանության նախկին  նախարար Մովսես Հակոբյանը և գեներալ մայոր Սամվել Կարապետյանը, իրենց ցուցմունքներում ընդունել են բանակի տեղակայման հանգամանքը՝ այն արդարացնելով նախագահ Քոչարյանի ստորագրած գաղտնի հրամանով։ Օգտվելով Հայաստանի ներքին իրավիճակից՝ 2008 թվականի մարտին ադրբեջանական ուժերը ռազմական գործողություններ են սկսել՝ մի շարք հայկական դիրքեր գրավելով Արցախում, որոնք հետագայում վերագրավվել են հայկական կողմի հակահարձակման ժամանակ։

2005 թվականի ՀՀ սահմանադրությունը սահմանում էր, որ զինված ուժերը պետք է ապահովեն Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը։ Ըստ սահմանադրության՝ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և լինեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ Սահմանադրությունը չէր սահմանում ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գործառույթները, ինչն անսովոր է միջազգային պրակտիկայում և հանգեցնում է անվտանգության ուժերի և ծառայությունների պարտականությունների և գործառույթների ոչ հստակ տարանջատման։ Ըստ Սահմանադրության, սահմանադրական կարգի տապալման անմիջական սպառնալիքի դեպքում Հայաստանի նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, լիազորված է հայտարարել արտակարգ դրություն, ձեռնարկել իրավիճակով թելադրված միջոցառումներ և այդ մասին ուղերձ հղել ժողովրդին։ Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, ըստ օրենքի, Ազգային ժողովը պետք է գումարի արտահերթ նիստ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է սահմանվի օրենքով։

2012 թվականի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը  սահմանում է, որ եթե արտակարգ դրության խնդիրները անհնար է իրականացնել միայն ոստիկանության և ազգային անվտանգության ուժերի միջոցով, զինված ուժերը կարող են  ներգրավվել համագործակցության շրջանակներում և փոխադարձ աջակցության պայմաններում իրականացնելու այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են`հատուկ օբյեկտների պաշտպանությունն ու ոչ պետական զինված միավորների գործողությունների կասեցումը։

2015 թվականին Հայաստանն ընդունեց նոր սահմանադրություն՝ կառավարման նախագահական ձևից անցում կատարելով խորհրդարանականի։ Նոր սահմանադրությունն ընդհանուր առմամբ կրկնում է նախորդի այն կետերը, որոնք վերաբերում էին զինված ուժերի քաղաքական չեզոքությանն ու լիազորություններին՝ առանց սահմանելու ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գործառույթները։ Այն նաև սահմանում է, որ սահմանադրական կարգի անմիջական վտանգի դեպքում կառավարությունը պետք է հայտարարի արտակարգ դրություն, իրավիճակից ելնելով ձեռնարկի միջոցներ և ուղերձով դիմի ժողովրդին։ Այնուամենայնիվ, այն ավելացնում է, որ զինված ուժերի օգտագործման մասին որոշումը կարող է կայացնել կառավարությունը։ Հրատապ անհրաժեշտության դեպքում վարչապետը, պաշտպանության նախարարի խորհրդով, կարող է որոշում կայացնել զինված ուժերի կիրառման մասին և այդ մասին անհապաղ տեղեկացնել կառավարության անդամներին՝ առանց մասնավորեցնելու, թե որ իրավիճակներում կարելի է օգտագործել զինված ուժերը՝ պատերազմ, արտակարգ դրություն և այլն, ինչը նույնպես խիստ անսովոր է սահմանադրական օրենքի համար։ Նոր սահմանադրությունը պահանջում է արտակարգ դրության մասին հայտարարության դեպքում օրենքի ուժով գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ։ Սակայն չի պահանջում, որ Ազգային ժողովը հավանություն տա արտակարգ դրությանը մինչև դրա ուժի մեջ մտնելը, փոխարենը իրավունք տալով դադարեցնել արտակարգ դրությունը կամ չեղարկել միջոցների գործարկումը, որոնք նախատեսված են արտակարգ դրության իրավական ռեժիմով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության քվեներով։ Այն վերահաստատում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է սահմանվի օրենքով, որն ընդունվել է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության քվեներով։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում համապատասխան փոփոխություններ են մտցվել 2017 թվականին։

Հարկ է նշել, որ երբ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում ծավալվում էր «թավշյա հեղափոխությունը», շատերը մտավախություն ունեին, որ կկրկնվի 2008-ի մարտյան սցենարը։ Սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը նախընտրեց չդիմել բանակի օգնությանը, փոխարենը հրաժարական տվեց՝ Փաշինյանին հնարավորություն տալով ընտրվել վարչապետի պաշտոնում։ «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ», այսպես եզրափակեց Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ուղերձը։ Սա կարելի է բացատրել նրանով, որ Սարգսյանը չէր ուզում գնալ ևս մեկ արյունահեղության, այն մեկի նման, որն իրեն բերեց իշխանության, և, մյուս կողմից, այս որոշումը գուցե պայմանավորված էր բնակչության կողմից աջակցության բացակայության գիտակցմամբ։

ԵԱՀԿ-ի Անվտանգության ռազմաքաղաքական հարցերի օրենսգիրքը, որն ընդունվել է 1994 թվականին, ընդգծում է զինված ուժերի քաղաքական չեզոքության պահանջը և արգելում երկրի ներսում մարդու և քաղաքացիական իրավունքների խաղաղ և օրինական իրականացումը սահմանափակելու նպատակով ուժի կիրառումը։ Այն նաև սահմանում է պայմանները, որոնք կարգավորում են ուժի կիրառումը երկրի ներսում, ինչպիսիք են սահմանադրականությունը, գործողությունների ընթացքում իրավունքի գերակայությունը, ուժի կիրառման համաչափությունը, քաղաքացիներին կամ նրանց գույքը  չվնասելու անհրաժեշտությունը։ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղեցույցը սահմանում է «հրամանատարների պատասխանատվությունը և անհատական հաշվետվողականությունը» ոչ պատշաճ կամ անօրինական հրամանների համար, որոնք խախտում են պետական օրենսդրությունը և, հետևաբար, հանցագործություն են համարվում։

Այն երկրները, որոնք օգտագործում են բանակը հանրային կարգը և անվտանգությունը վերականգնելու նպատակով, սովորաբար դա արդարացնում են վատ զինված, անպատրաստ ու փոքրաթիվ ոստիկանությամբ, անօրինական զինված խմբերի առկայությամբ կամ ահաբեկչության սպառնալիքով, որոնցից և ոչ մեկը կիրառելի չէր Հայաստանի դեպքում, և, վերջապես, սահմանադրական կարգի տապալման սպառնալիքով և ցուցարարների կողմից բռնության կիրառմամբ․ սա այն փաստարկն է, որն օգտագործում է Քոչարյանը։ Այդուհանդերձ, անգամ այդ դեպքում արտակարգ դրության հայտարարումը անհրաժեշտ պայման է բանակի ներգրավման համար, այնինչ այն իրականացվել է հետադարձ ուժով։ Բանակը կարող էր օգտագործվել միայն ի աջակցություն ոստիկանության՝ ցուցարարների կողմից ծայրահեղ բռնության դեպքում, ինչը կարծես թե տեղի չի ունեցել 2008 թվականի փետրվար-մարտի ցույցերի ընթացքում, իսկ մահաբեր զենքի օգտագործումն ու կյանքեր խլելու հանգամանքը անթույլատրելի էր ։ Չնայած 2015 թվականի Սահմանադրության համապատասխան կետերը նախորդի համեմատ ընդլայնում են բանակի ներգրավման հնարավորությունը, սակայն այդ տարիներին ըստ էության պետության ղեկավարի քաղաքական կամքից կախված՝ օգտագործել զինված ուժերը, թե ոչ։ Եվ վերջապես, տարբեր երկրներում բանակը կամ բանակի տարբեր զորամասեր տարբեր կերպ են արձագանքել ցույցերը ճնշելու հրահանգին՝ մեծապես որոշելով ընդվզումների, հեղափոխությունների և բողոքի ցույցերի ելքը, ինչպես, օրինակ, Արաբական գարնան դեպքում։

Միաժամանակ, կարիք կա փոխելու ՀՀ Սահմանադրության համապատասխան կետերը՝ բանակի և ներքին անվտանգության ուժերի գործառույթները հստակ տարանջատելու, արտակարգ դրության հայտարարելու որոշման կայացման դեպքում իշխանությունների միջև փոխզսպվածություն և հավասարակշռություն ապահովելու համար, ինչպես օրինակ` քննարկում Անվտանգության խորհրդում քննարկման և խորհրդարանի կողմից հավանության միջոցով, ինչը թույլ կտա խուսափել իշխող վերնախավի քաղաքական նպատակների համար բանակը որպես գործիք օգտագործելուց։

Բանակը և ոստիկանությունն ունեն տարբեր գործառույթներ, և ստանում են տարբեր ուսուցում և պատրաստվածություն։ Հանրային կարգին և անվտանգությանը սպառնացող վտանգի չեզոքացման համար բանակի ներգրավում կարող է պահանջվել ահաբեկչական հարձակումների, զինված ապստամբությունների կամ բռնությամբ ուղեկցվող խռովությունների դեպքում։ Սակայն անհրաժեշտ է սահմանել հանրային անվտանգության և հանրային կարգի վերականգնման գործում բանակի ներգրավման պայմաններն ու ընթացակարգը, և նախընտրելի է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը կայացվի ոչ թե միանձնա պետության ղեկավարի կողմից, այլ կառավարության կամ Անվտանգության խորհրդի համաձայնությամբ և հաստատվի խորհրդարանի կողմից։Նույնիսկ այդ գործընթացից հետո բանակը չպետք է ղեկավարի իրավիճակի կառավարումը, այն պետք է մնա քաղաքացիական բնակչության վերահսկողության ներքո, երկրորդ գծում և աջակցություն ցուցաբերի ոստիկանությանը։ Բանակի ակտիվ միջամտությունը պետք է դրսևորվի միայն ծայրահեղ դեպքերում, օրինակ, երբ ոստիկանությունը, քաղաքացիները կամ հանրային նշանակության օբյեկտները ենթարկվեն զինված հարձակման կամ ծայրահեղ բռնության, և ոստիկանությունն այլևս ի վիճակի չլինի դիմադրել։ Նույնիսկ ակտիվ միջամտության դեպքում ինչպես բանակի, այնպես էլ ոստիկանության գործողությունները պետք է համաչափ լինեն ապստամբների կամ ցուցարարների կողմից կիրառվող բռնությունների համեմատ։ Անհրաժեշտ է ամեն գնով խուսափել զոհերի հանգեցնող անհամաչափ ուժի և հատկապես մահացու զինատեսակների կիրառումից:

Որպես ընդհանուր սկզբունք՝ թե՛ բանակը, թե՛ ոստիկանությունը պետք է քաղաքականապես չեզոք լինեն։ Նրանք չպետք է օգտագործվեն ո՛չ իշխող վերնախավի վերարտադրության, ո՛չ էլ ընդդիմության կողմից իշխանափոխության համար։

Բացի սպանություններին և սահմանադրական կարգի տապալմանը մասնակցությունից, բանակի ներգրավվածությունն այս դեպքում հանգեցրել է սկզբունքային այլ խնդիրների. նախ, զինվորականների դուրսբերումը Արցախի մարտական դիրքերից սպառնալիք է հարուցել երկրի պաշտպանական համակարգի համար։ Երկրորդ, պարզ չէ, թե արդյոք երկրի ղեկավարից ստացած գաղտնի հրամանը զինվորականներին արդարացնում և ազատում է պատասխանատվությունից մարդկանց վրա կրակելու դեպքում, թե առնվազն հրամանատարությունը, պետք է այնուամենայնիվ պատասխանատվություն կրի։ Այս դեպքերը նաև ցույց են տալիս, որ ցույցերի ճնշման գործում բանակի ներգրավվածության հարցում որոշիչ դեր է խաղում երկրի ղեկավարի քաղաքական կամքը։ Եվ վերջապես, այն զգուշացում է, որ եթե անգամ կարճաժամկետ հեռանկարում իշխող վերնախավը պահպանում է իշխանությունը՝ ցուցարարների դեմ օգտագործելով բանակը, արդյունքում մեծապես տուժում է նրա լեգիտիմությունն ու հեղինակությունը, և հավանական է, որ իշխանափոխության դեպքում առաջանա պատասխանատվության խնդիր, հատկապես այն դեպքում, եթե կիրառվել է անհամաչափ ուժ, որի հետևանքով սպանվել են ցուցարարներ։

Կարդալ նաև

Ինքնակալական ամբարտավանություն. Քոչարյանի կալանավորումը, նրա պաշտպանները և հաշվետվողականության խնդիրը

Հայկական աշխարհը մեծ մասով դատապարտում է Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականի մարտի 1-ի մղձավանջի համար։ Եվ հիմա, երբ կալանավորումից հետո վերջապես նա ստիպված է պատասխան տալ օրենքի առաջ, նա հավատացած է, որ անձեռնմխելիությունն իր առավելությունն է, իսկ հաշվետու լինելու պահանջը՝ նրա պաշտպաններն ներկայացնում են չափազանց պարզունակ` «Փաշինյանը հետապնդում է Քոչարյանին» գնահատականով:

10 զոհ, 10 տարի, 0 պատասխանատու

Հայաստանի անկախ պետականության պատմության ամենաճակատագրական հետընտրական բախումներից տասը տարի անց ցավը դեռ թարմ է: Ունեցել ենք տասը զոհ, հարյուրավոր վիրավորներ եւ ոչ մի պատասխանատու: Համազասպ Դանիելյանը գրում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների, իր անձնական փորձառության եւ տպավորությունների մասին:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team