3010028 01

 

Անձեռնմխելիության և անսխալականության միջև կեղծ կապ կա և ինքնակալի համար այդ կեղծությունն անկարևոր է։ Անձեռնմխելիության կեղծ առավելությանն ընտելացած՝ նա օրենքը համարում է իր զենքը, կարգ ու կանոնը՝ իր կամքը, հասարակության սոցիալական կառուցվածքը՝ իր տիրույթը. նա չի կարող սխալվել, որովհետև հենց ինքն է վճռում սխալվելու սահմանումը։ Անձեռնմխելիության առավելությունը անսխալականության կեղծ զգացում է ստեղծում՝ ինքնակալը պարզապես ընդունակ չէ սխալվել։ Հետևաբար, անսխալ մարդուն չեն կարող խնդրել հաշվետու լինել. հաշվետվողականությունը նվաստացուցիչ է նրա անձի համար։ Սա ինքնակալական ամբարտավանության ոգին է։ Թեև, ոչ թե ոգի, այլ վարակ, ախտածին մանրէ, որը երկար ժամանակ ախտահարել է Հայաստանի քաղաքական ոլորտը և որն ամենադաժան կերպով միս ու արյուն է ստացել Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008)։

Քոչարյանի ինքնակալական ամբարտավանությունը նրա քաղաքական մշակույթի ամենաբնորոշ տարրն է. նա հավատացած է, որ անձեռնմխելիությունն իր առավելությունն է, իսկ հաշվետու լինելու պահանջը՝ անարգանք քաղաքական անսխալականության իր ինքնաընկալմանը։ Եվ ահա, թեև հայկական աշխարհը մեծ մասով դատապարտում է նրան 2008 թվականի մարտի 1-ի մղձավանջի համար, նրան վիրավորում է լոկ այն անուղղակի ենթադրությունը, որ ինքը սխալվել է։ Եվ հիմա, երբ կալանավորումից հետո վերջապես նա ստիպված է պատասխան տալ օրենքի առաջ, բարձրաձայնում է իր վիրավորանքը, թե նոր կառավարությունը համարձակվել է կասկածի տակ առնել իր վարչակարգի ինքնակալական ամբարտավանությունը։ Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանը խոր վերք բացեց հայ հասարակության սրտում, վերք, որը տասը տարի չի սպիացել, իսկ նա ինքնակալի ամբարտավանությամբ պնդում է, որ մեղավորը հենց վերքն է, և ոչ թե այն շեղբը, որով արնաքամ արեց հայ ժողովրդին։ Եվ ահա, երբ մի ողջ ժողովուրդ արցունք էր թափում, Քոչարյանը քմծիծաղ էր տալիս։ Իսկ նրա պաշտպաննե՞րը։ Նրանք ջանք չէին խնայում՝ այդ քմծիծաղն արդարացնելու համար։

Մարդը, որը ժամանակին քմծիծաղ էր տալիս, հիմա խոժոռվել է. դառնացած ու թևաթափ՝ իր պաշտպաններին կոչ է անում փորձել ամեն ինչ՝ վախի մթնոլորտ տարածելուց մինչև իրավական ինստիտուտների օրինականությունը կասկածի տակ առնելը։ Այս համատեքստում մեկնաբանների խոսքում երբեմն նկատվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն առնչվող զարգացումները պարզունակացնելու սարսափելի տհաճ նախատրամադրվածություն. նրանք վերջին իրադարձությունները սահմանափակում են երկու վերլուծական տիրույթով. կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառներ, և դրա հիմքերը զուրկ են համոզիչ և նշանակալի իրավական հիմնավորումներից։ Առաջին փաստարկը խոսում է այն փորձագետների ինտելեկտուալ ազնվության բացակայության  մասին, որոնք ապավինում են անհիմն բամբասանքներին կամ դավադրապաշտական ենթադրություններին՝ առանց ապացույցի կամ հիմնավորման։ Պարզ ասած՝ միմյանց հետ առնչություն չունեցող զարգացումներն արհեստականորեն միավորելով՝ նրանք համարձակվում են պնդել, որ ամուր հիմք ունեն հաստատելու, որ Քոչարյանի կալանավորումը քաղաքական իմաստով (ի հակադրություն իրավականի) արդարացված է։ Երկրորդ փաստարկն ի ցույց է դնում օրենսգրքին բնորոշ տարընթերցումները, որի շրջանակում Քոչարյանը մեղադրվում է, և ավելին, օրենսգիրքը բավարար չափով չհասկանալու պարագայում ձևակերպված մեկնաբանություններում նկատելի է որոշակի անհամաչափություն։ 

Արդյո՞ք Քոչարյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառ ունի

Ամենամեծ կոնցեպտուալ հնարքը Քոչարյանի դեմ կառավարության հարուցած քրեական գործի օրինականության վերաբերյալ կասկածներ սերմանելու լուռ ջանքերն են [1]։ Գործի իրավական հիմքը նվազեցնելու և այն որպես քաղաքական հետապնդում  ներկայացնելու դեպքում գործի հատկանիշներն ինքնին դառնում են վիճելի և զրոյացված։ Ապացույցների մշակմանը, գործին առնչվող փաստերին, վկաների ցուցակին և գործին վերաբերող այլ համապատասխան բովանդակությանը ծանոթ չլինելու պարագայում բազմապատկվում են  ենթադրությունները, թե գործի հանգուցալուծումը, պայմանավորված ենթադրյալ քաղաքական բնույթով, կանխորոշված է։ Ինքնագործ մարգարեություն ախտորոշելու այս անհաջող փորձը վկայում է Քոչարյանի աջակիցների էության մասին։ Իրենց կանխակալ կարծիքով նրանք փորձում են կասկածի տակ առնել գործի հանգուցալուծման օրինականությունը՝ ենթադրելով, որ ապացույցներն անհաղթահարելի և վնասաբեր կլինեն Քոչարյանի համար։ Այսպիսով, գործը քննադատության շղարշով պատելու, այն  քաղաքականապես մոտիվացված որակելու դեպքում նրբությունները, փաստերը, վկայություներն ու ընդհանուր հիմքը, որոնք կարող են ապացուցել Քոչարյանի մեղքը, ուշադրության չեն արժանանա և կհամարվեն անկարևոր։ Պաշտպանները պնդում են՝ որոշումը կայացված է, Քոչարյանը հետապնդվում է քաղաքական պատճառներով, որպես այդպիսին՝ նրա դատապարտումը չի կարող ունենալ իրավական լեգիտիմություն։ Այսպիսով, ցանկացած վկայություն, որն ապացուցում է Քոչարյանի մեղքը, կդիտարկվի դավադրապաշտական համատեքստի շրջանակներում, այսինքն՝ այս ամենը Փաշինյանի կառավարության հորինած խաղն է։

Քաղաքական կամքը, սակայն, ոչ մի դեպքում չի ենթադրում, որ գործադիրը կզավթի իշխանության տարանջատման սահմանադրական սկզբունքը, կամ որ դատական իշխանությանը կպարտադրվի գործի որոշակի հանգուցալուծում։ Այս երկու հասկացությունները մեկտեղելը և մեկ առանձին ու չափազանց պարզունակ` «Փաշինյանը հետապնդում է Քոչարյանին» գնահատականով ներկայացնելը վկայում է վերլուծական անիրազեկության մասին։ 

Այսպիսի փաստարկների խնդիրը չի սահմանափակվում միայն որակի բացակայությամբ, որը բնորոշ է Հայաստանի ներքին զարգացումներին վերաբերող քաղաքական մեկնաբանությունների մեծ մասին, այլև տարածված ենթադրությամբ, որ ներկայիս վարչակազմի  գործելաոճը չի տարբերվում նախորդներինից։ Այսինքն՝ այն արտաիրավական է, և դատական իշխանություններին գրեթե ուշադրություն չի դարձվում կամ հարգանք չի ցուցաբերվում։ Հետաքրքրական է, որ թեև այս միտքն արդարացված է և փաստագրված նախորդ վարչակարգերում, ներկայիս վարչակարգի դեպքում նման ենթադրություն անելու որևէ հիմք չկա։ Այստեղ վեճի միակ առարկան այն է, որ եթե չհրապարակվեն ապացույցներ, որոնք հաստատում են Փաշինյանի կառավարության միջամտությունը դատարաններում կայացվող որոշումներին, ապա մեկնաբանները պետք է զերծ մնան անհեթեթ ենթադրություններից, որոնք հիմնված են անցյալի դավադրապաշտական տրամաբանության վրա։ Ավելին, պետք է նկատել մի շատ կարևոր տարբերություն, որը դուրս է մնացել շատ փորձագետների ուշադրությունից. հիմնարար տարբերություն կա քաղաքական կամք և կառավարման համակարգում իշխանության տարանջատման դոկտրինի խախտում հասկացությունների միջև։ Մասնավորապես, վերջին 10 տարիներին կառավարության քաղաքական կամք գոյություն չուներ, երբ խոսքը վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի և հասցված նյութական վնասի մասով իրավական գնահատական տալուն։ Այն, որ Փաշինյանի կառավարությունը ցուցաբերել է մարտի 1-ի դեպքերը բացահայտելու ամուր քաղաքական կամք, կասկածից վեր է. իրականում սա Փաշինյանի տեսլականի կարևոր մասն է։ Քաղաքական կամքը, սակայն, ոչ մի դեպքում չի ենթադրում, որ գործադիրը կզավթի իշխանության տարանջատման սահմանադրական սկզբունքը, կամ որ դատական իշխանությանը կպարտադրվի գործի որոշակի հանգուցալուծում։ Այս երկու հասկացությունները մեկտեղելը և մեկ առանձին ու չափազանց պարզունակ` «Փաշինյանը հետապնդում է Քոչարյանին» գնահատականով ներկայացնելը վկայում է վերլուծական անիրազեկության մասին։

 

Մեզ մնում է մի ակնհայտ նկատառում. մենք չգիտենք, թե ինչպիսին են Քոչարյանի դեմ ապացույցները, ինչ ուժ ունի Քոչարյանի դեմ կառավարության հարուցած գործը, և եթե այս գործն իսկապես քաղաքական դրդապատճառ ունի, ապա կառավարոթյունն, ըստ էության, այստեղ անելիք չունի։  

Գործադիրի ղեկավարի իր իրավասությունների շրջանակում Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ)՝ կառավարական մարմնի, որը հետաքննում է հանրային պաշտոնյաների գործերը, հրահանգել է նախաձեռնել մարտի 1-ի դեպքերի քննություն։ Սա է եղել վարչապետի մասնակցության չափը, որն իրավական տեսանկյունից գործադիրի ղեկավարի իրավասությունների շրջանակում է։ Իսկ ի օգուտ ՀՔԾ-ի գործելն ու այդպիսով Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարելու դատարանի վճիռն ըստ էության կապ չունի  գործադիրի՝ հետաքննություն անցկացնելու նախնական պահանջի հետ։ Ուրեմն բացարձակ հիմք չի մնում ենթադրելու, որ դատարանի որոշումը կայացվել է վարչապետի գրասենյակի ազդեցությամբ կամ հարկադրանքով. նման պնդումը կանխաենթադրում է արտաիրավական և ապօրինի գործողություն անձամբ վարչապետի կողմից։ Ուստիև, եթե սա փաստերով չհաստատվի (իսկ եթե հաստատվի, ապա Փաշինյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ), փորձագետները պետք է ձեռնպահ մնան ենթադրելուց, թե քանի որ Փաշինյանն ուղղորդել էր ՀՔԾ-ին, ապա նա, ըստ գերիշխող տրամաբանության, որը բնորոշ էր նախորդ կառավարություններին, պետք է նաև ուղղորդի դատարաններին գործել ոչ թե օրենքի տառի, այլ իր կամքի համաձայն։ 

Փաստը, որ, օրինակ, դատարանը, գրեթե 24 ժամ քննում էր Քոչարյանին ձերբակալելու և 2 ամսով կալանքի տակ պահելու հարցը, հերքում է այդ պնդումները։ Եթե, ինչպես պնդում են Քոչարյանի կողմնակիցները, վարչապետի գրասենյակը խախտել է դատական համակարգի անկախությունը և ուղղորդել դատարանի վճիռների կայացումը, այդ դեպքում ինչու՞ դատարանից այդքան երկար ժամանակ պահանջվեց ՀՔԾ-ի միջնորդությունը քննելու համար։ Պետք է նշել, որ սա իսկապես բացառիկ երևույթ է Հայաստանի դատաիրավական համակարգում. մեզ հայտնի չեն այլ օրինակներ, երբ դատարանը որոշում կայացնելուց առաջ այսքան երկար քննել է կառավարական մարմնի տրամադրած փաստերն ու միջնորդությունը։ Այս ընթացակարգային զարգացումն ինքնին թե՛ անսովոր է, թե՛ դրական դատական համակարգի զարգացման համար։

Այս փաստարկներով, անշուշտ, կանխամտածված և համառորեն անտեսվում են բուն իրադարձությունները, որոնց առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քոչարյանի դեմ։ Փաստ է, որ սպանվել է Հայաստանի տասը քաղաքացի։ Փաստ է նաև, որ հայտարարվել է «արտակարգ դրություն», և դրա շրջանակներում բանակին հրահանգվել է միջամտել երկրի ներքին գործերին։ Փաստ է նաև, որ տրվել են հրամաններ, որոնց համաձայն ուժ է կիրառվել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, բիրտ ուժ, որով խախտվել են քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Այս փաստերը, առանց ավելորդ որակումների, պահանջում և պարտադրում են պատասխանատվություն։ Հայ ժողովուրդը պահանջել է և դեռևս պահանջում է պատասխաններ։ Սակայն Քոչարյանի աջակիցները ոչ միայն ուղղակիորեն հարձակվում են դեռ չսկսված իրավական գործընթացի վրա, ավելին, ցուցաբերում իրենց հատուկ ինքնակալական ամբարտավանություն՝ արհամարհելով բոլոր նրանց, ովքեր համարձակվում են պատասխանատվություն պահանջել։ Ո՞վ է հայ ժողովուրդը, որ պատասխաններ պահանջի։ Սա, անշուշտ, ոչ այնքան ամբարտավանություն է, որքան թաքուն վախ. նրանք գիտեն, որ հանրային կարծիքի դատարանում Քոչարյանն արդեն իսկ մեղավոր է ճանաչվել հայ ժողովրդի կողմից։ Իսկ օրենքի դատարանում նա օգտվում է անմեղության կանխավարկածից. սակայն Քոչարյանի կողմնակիցներն անտարբերության են մատնում անմեղության կանխավարկածը՝ նրանց սիրտը կրծում է անհերքելի վախը, որ օրենքի առաջ պատասխան տալու դեպքում այդ կանխավարկածը տեղի կտա անհաղթահարելի ապացույցների առաջ։ Այս ամենից հետո մեզ մնում է մի ակնհայտ նկատառում. մենք չգիտենք, թե ինչպիսին են Քոչարյանի դեմ ապացույցները, ինչ ուժ ունի Քոչարյանի դեմ կառավարության հարուցած գործը, և եթե այս գործն իսկապես քաղաքական դրդապատճառ ունի, ապա կառավարոթյունն, ըստ էության, այստեղ անելիք չունի։ Այդ դեպքում ինչու՞ հարձակվել Հայաստանի իրավական համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականության վրա։ Ինչու՞ անել ենթադրություններ, երբ դեռ չի հրապարակվել ոչ մի վկայություն կամ տեղեկատվություն։ Ինչու՞ ենթադրել այս կամ այն կերպ, երբ չկա նման ենթադրություններ անելու համոզիչ հիմք։ Պարզ ասած՝ ինչու՞ ժխտել և հարձակվել, երբ չգիտես, թե ինչ ես ժխտում և ում վրա հարձակվում։ Առանց գործի մանրամասներին ծանոթանալու՝ Քոչարյանի պաշտպանները հարձակվում են դրանց վրա։ Այս վարքագիծն իր նախատրամադրվածությամբ բնորոշ է ինքնակալական ամբարտավանությանը։

Քոչարյանի ազատազրկման իրավական հիմքը

Վերլուծության երկրորդ տիրույթը վերաբերում է օրենքին, որի շրջանակում Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, և թե որքանով է օրենքի մեկնաբանությունը համատեղելի գործի հատկանիշների հետ։ Թեև մեկնաբանական գնահատականները կարևոր և անհրաժեշտ են իրավական վերլուծության համար, այստեղ խնդիրն այն է, որ սխալ մեկնաբանությունը գործի քաղաքականացման տեղիք է տվել։ Փորձագիտական շրջանակների քննարկումները ցույց են տալիս սարսափի ու շփոթմունքի աստիճանը, թե կառավարությունն ինչու է մեղադրում Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, այն է՝ պետական իշխանությունը զավթելու մեջ։ Բազմաթիվ մեկնաբաններ, անշուշտ, այդ սարսափն արտահայտել են ազնիվ դիսկուրսի շրջանակում. օրենքի սեփական մեկնաբանության պատճառով նրանք չեն հասկանում, թե կառավարությունն ինչու է ընտրել այսպիսի իրավական գործընթաց։ Կողմնակիցների ճամբարը ներկայացնող այլ մեկնաբաններ հարձակվել են մեղադրանքի մեջ այս հոդվածի կիրառման վրա՝ ասելով, որ դա իրավական տեսանկյունից անհամաչափ և անկիրարկելի է։ Ըստ նրանց՝ մենք կարող ենք և պետք է շիտակ և անկեղծ լինենք օրենքի  իրավական մեկնաբանության հարցում (և կլինենք). բայց իրավական դիսկուրսն անմիջապես մեղմացնելը և դավադրապաշտական և քաղաքականացված եզրակացությունների հանգելն ինտելեկտուալ առումով անազնիվ է։ Մեկնաբանության հետևողականությունը պահպանելու համար եկեք ուսումնասիրենք Հոդված 300.1-ը. 

Քանի որ դեպքերի բնույթը քաղաքական էր, իսկ նպատակը՝ պետական իշխանությունն իրենց ձեռքում պահողների օրինականությունը կասկածի տակ առնելը, ապա այս դեպքերի ընթացքում քաղաքացիների դեմ բռնի ուժի կիրառումն ուղղակիորեն կապված է պետական իշխանության պահպանման հետ։ Անկախ նրանից՝ կառավարությունն ի վիճակի կլինի սա ապացուցել դատավարության ընթացքում, թե ոչ, ներկա փուլում այն վերլուծության տիրույթից դուրս է:

«Պետական իշխանության զավթումը, այն է՝ պետական իշխանության գրավումը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ, կամ այն բռնությամբ պահելը, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունները կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բռնի խախտումը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»[2]։

Օրենքն ունի երեք վերապահում, որոնք միմյանցից սահմանազատված են «կամ» եզրույթով. սա ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրը, մյուսներից անկախ,  որակվում է որպես իշխանության զավթում. սա օրենսգրքի հիմնարար դրույթներից է։ Օրենքի առաջին պայմանը հետևյալն է՝ «պետական իշխանության գրավումը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ»։ Երկրորդը՝ «այն բռնի ուժով պահելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունները»։ Երրորդ պայմանը հետևյալն է՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականոթյան բռնի խախտումը»։ Օրենքը նաև սահմանում է պատժիչ միջոցներ՝ «ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով»։ Առաջին վերապահումը՝ պետական իշխանության զավթումը, բնականաբար, կիրառելի չէ Քոչարյանի դեմ։ Երրորդը՝ տարածքային ամբողջականության բռնի խախտումը նույնպես կիրառելի չէ։ Սակայն երկրորդ պայմանն ամբողջությամբ կիրառելի ու համաչափ է նրան ներկայացված մեղադրանքներին։ Այս համատեքստում Քոչարյանը մեղադրվում է «իշխանության զավթման», իշխանությունը բռնի ուժով պահելու մեջ՝ գործողության ձև, որը տապալել է սահմանադրական կարգը։ Ուստի Քոչարյանի դեմ մեղադրանքն առաջացել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ բռնի ուժի կիրառումից և, ինչպես մեկնաբանում է օրենքը, Քոչարյանը հրամայել է բռնի ուժ կիրառել պետական իշխանությունը պահելու նպատակով։ Հետևաբար, կառավարության ուսերին դրված է բեռ՝ կարողանալ ապացուցել այն ենթադրյալ ողջամիտ կասկածը, որ Քոչարյանն իրականում հրամայել է բռնություն կիրառել պետական իշխանությունը պահելու նպատակով։ Ավելին, ինչ վերաբերում է երկրորդ պայմանի երկրորդ մասին, «այն [պետական իշխանությունը] բռնությամբ պահելը» «սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողության (գործողությունների)» մի ձև է։ Այսպիսով, Քոչարյանը մեղադրվում է «սահմանադրական կարգը տապալելու» մեջ, որովհետև բռնության է դիմել պետական իշխանությունը պահելու համար, որը, ըստ Հոդված 300.1-ի, սահմանադրական կարգի տապալում է, և ըստ էության, պետական իշխանությունը զավթելու գործողություն։

Իրավական մեկնաբանությունը, օրենսգրքի և սահմանադրության տեսանկյունից, որևէ կերպ չի մատնանշում անկիրարկելիություն կամ անհամաչափություն։ Սակայն ավելի խոր քննարկումը բարձրացնում է հետևյալ հարցը՝ արդյո՞ք Քոչարյանը հրաման է տվել կիրառել բռնի ուժ, թե ոչ, և ավելին, նույնիսկ եթե նա արել է դա, կառավարությունը կարո՞ղ է ապացուցել, որ դա արվել է նախագահի իրավասությունների շրջանակում՝ պետական իշխանությունը պահպանելու համար։ Այս հարցերի պատասխանները կարելի է ստանալ միայն դատավարության ընթացքում։ Սակայն այս պահին քննարկումը չի կարող դուրս գալ օրենքի մեկնաբանության սահմաններից. մենք կարող ենք միայն մեկնաբանել օրենքի համատեղելիությունը։ Այս լույսի ներքո օրենքի մեկնաբանությունն ինքնին համատեղելի և կիրարկելի է գործի հատկանիշների նկատմամբ. Հանրապետության քաղաքացիների դեմ կիրառվել է բռնի ուժ, որի արդարացումը պայմանավորված է «արտակարգ դրությամբ»՝ ի պատասխան ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիների բողոքի ցույցերի։ Մասնավորապես, քանի որ դեպքերի բնույթը քաղաքական էր, իսկ նպատակը՝ պետական իշխանությունն իրենց ձեռքում պահողների օրինականությունը կասկածի տակ առնելը, ապա այս դեպքերի ընթացքում քաղաքացիների դեմ բռնի ուժի կիրառումն ուղղակիորեն կապված է պետական իշխանության պահպանման հետ։ Անկախ նրանից՝ կառավարությունն ի վիճակի կլինի սա ապացուցել դատավարության ընթացքում, թե ոչ, ներկա փուլում այն վերլուծության տիրույթից դուրս է. մենք չգիտենք, որովհետև չենք տեսել վկայություններ, և դատավարությունը դեռ տեղի չի ունեցել։ Բայց օրենքի կիրառելիությունը կասկածի տակ դնելը, անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կունենա սպասվելիք դատավարությունը, հավասարազոր է իրավական անտեղյակության կամ նպատակաուղղված և անազնիվ քաղաքականացման։

Քոչարյանի պաշտպանները և մարտի 1-ի թաքնված կողմերը

Երբ քննարկումը հասնում է անտեղյակներին կամ անազնիվներին, ապա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), հավատարիմ իր էությանը, զերծ չի մնում անհեթեթ հայտարարություններից։ Սգալով Քոչարյանի ձերբակալությունը և այն որակելով որպես քաղաքական վենդետա՝ զուրկ որևէ իրավական հիմքից, նրանք էլ ավելի վառ են դրսևորում կեղծավորության իրենց հակումը՝ հայտարարելով. «Մեր կարծիքով՝ ներկա իրավիճակը սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված իրավունքի գերակայության պետություն ստեղծելու ջանքերին» [3]։ Շատերն անկարող են զսպել ծիծաղը, երբ ՀՀԿ-ն խոսում է ժողովրդավարական զարգացման կամ օրենքի գերակայության մասին. կոռուպցիայով և ինքնակալական ամբարտավանությամբ հայտնի կուսակցությունն այժմ համարձակություն ունի կեղծ բարեպաշտություն դրսևորել։ Պարզ է, որ սա կապված է վախի մթնոլորտ տարածելու Քոչարյանի հուսահատ փորձի հետ, երբ նա ջանում էր հայ հասարակության՝ միմյանց հետ կապ չունեցող հիմնախնդիրների մի լայն շրջանակ միավորել իր ձերբակալության և դրանից երկրին հասցվելիք հնարավոր վնասների հետ` իր ձերբակալությունը համարժեք է ազգի հիմքի, անվտանգության համակարգի տակ ռումբ դնելուն և արդյունքում երկրին վնաս հասցնելուն և ադրբեջանցիներին գոհացնելուն [4]։ Հետևելով ՀՀԿ-ի պնդումներին՝ ինքնակալն ու նրա պաշտպանները համակիրներին և գործընկերներին համախմբելու հուսահատ փորձեր են անում։ Բայց ի՞նչ ասել է գործընկեր։ 

 

 

Գործող անձանց այս բազմազան խմբերը տարիների ընթացքում անցել են իրենց առանձին ուղին, բայց բոլորին միավորում է մարտի 1-ը, ուստիև հարցն այլևս ոչ թե հավատարմությունն է Քոչարյանին, այլ վախը, որ իրենցից յուրաքանչյուրի դերը բռնության, այն կոծկելու կամ արդարացնելու հարցում վերադարձել է ու հետապնդում է իրենց։ 

Մարտի 1-ի դեպքերը տեղի չեն ունեցել վակուումի մեջ. դա լավ կազմակերպված գործողություն էր՝ սկսած բողոքի ցույցերին տեղի չտալու Քոչարյանի վճռական դիրքորոշումից, անվտանգության համակարգի դերից (կամ նրա հրամանով, կամ առանց) մինչև փողոցներում շարժումը նվազեցնելը, քաղաքական դաշնակիցների կողմից Քոչարյանին իրենց հովանու տակ առնելը (հատկապես Սփյուռքում) և Արտաքին գործերի նախարարության բյուրոկրատական  համակարգի կողմից սպանություններն ու ավերածությունները միջազգային հանրության աչքում արդարացնելը։ Գործող անձանց այս բազմազան խմբերը տարիների ընթացքում անցել են իրենց առանձին ուղին, բայց բոլորին միավորում է մարտի 1-ը, ուստիև հարցն այլևս ոչ թե հավատարմությունն է Քոչարյանին, այլ վախը, որ իրենցից յուրաքանչյուրի դերը բռնության, այն կոծկելու կամ արդարացնելու հարցում վերադարձել է ու հետապնդում է իրենց։Այս անձանց մտահոգում է ոչ այնքան արդարադատությունը Քոչարյանի հանդեպ, որքան վախը սեփական պատասխանատվության համար։ Ըստ էության, այս անձինք Քոչարյանի կալանավորման վերաբերյալ արտահայտվում կամ միաձայն դատապարտմամբ, կամ խլացնող լռությամբ։

Առաջինի օրինակ է ՀՅԴ-ն. Դաշնակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնել, որ այս քաղաքական հետապնդման հետևանքները կարող են սասանել թե՛ «ազգային միասնությունը», թե «հավատը հայկական բանակի հանդեպ»[5]։ Վերջին երկու պնդումներից ակնհայտ է, որ ՀՅԴ-ն, խուճապի մատնվելով, թե ինչ հետևանք կունենա Քոչարյանի հետ իրենց համագործակցությունը, անհեթեթությունների գիրկն է ընկել և ծայրահեղ պնդումներ է անում, որոնք իրականության մեջ որևէ հիմք չունեն։ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և Քոչարյանը չեն կարող հասկանալ, որ չեն վայելում հայ ժողովրդի աջակցությունը։ Հայ հասարակությունը ոչ միայն արհամարհում է նրանց խոսքերը, այլև չի հավատում վերջիններիս պնդումներին. հայ հասարակության համար մարտի 1-ի հանցագործները չունեն բարոյական, իրավական կամ քաղաքական իշխանություն և չեն կարող արդարություն քարոզել։

Երկրորդ խումբը ներկայացնում են Քոչարյանի նախկին հավատարիմները, որոնք գործել են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հովանու ներքո, ու եթե այս գործող անձանցից շատերը Սարգսյանների կառավարման տարիներին անցում են կատարել քաղաքացիական հասարակություն՝ փորձելով այդպես ամրապնդել իրենց ժողովրդավարական լիազորությունները, նրանց, միևնույն է, հետապնդում են մարտի 1-ի գաղտնիքները։ Իրենց ժողովրդավարացման պաշտպաններ և Թավշյա հեղափոխության կողմնակիցներ հորջորջող այդ նույն մարդկանցից շատերն իրականում հենց այն վարչակարգի կողմնակիցներն են, որոնք ապահովեցին Սերժ Սարգսյանի անցումն իշխանության։ Այն, որ հիմա նրանք կողմ են Սարգսյանի տապալմանը, չի փոխում փաստը, որ նրանք ի սկզբանե ապահովել և արդարացրել են նրա իշխանության գալը։ Միևնույն ժամանակ, երբ մարտի 1-ի դեպքերը ցնցեցին համայն հայությանը և կենտրոնացրին միջազգային հանրության ուշադրությունը, այս պերճախոս անհատները պաշտպանեցին Քոչարյանի վարչակարգի դաժանությունը։ Ու թեև նրանցից շատերը գուցե գործում են քաղաքացիական հասարակության կամ լրագրության ոլորտում կամ նույնիսկ ղեկավարում են Սփյուռքի կառույցները, նրանց խլացնող լռությունն ինքնին խոսում է սեփական ժողովրդի հանդեպ ճնշումներն արդարացնելու մեջ իրենց կատարած դերի մասին։

Ռուսաստանի մտահոգությունն ու Ամերիկայի անտարբերությունը

Այս հարցն, անշուշտ, չի կարող սահմանափակվել զուտ ներքին տիրույթով. մենք տեսանք, թե  ինչպիսի դիմադրություն ցուցաբերեց Ռուսաստանը, երբ Կրեմլն անուղղակի խողովակներով իր դժգոհությունն արտահայտեց այս զարգացումների վերաբերյալ։ Դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք Ռուսաստանի ավանդական դրական վերաբերմունքը ուժեղ մարդու կառավարմանը և ընդհանուր անվստահությունը կոռուպցիայի դեմ Փաշինյանի պատերազմին [6]։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արձագանքը զարմանալիորեն կշռադատված է. պաշտոնական Մոսկվան ոչ դատապարտել, և ոչ էլ քննադատաբար է մեկնաբանել Քոչարյանի ձերբակալությունը, քննադատության սլաքներն ուղղվել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ մեղադրելով նրան «ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ». խոսքը Ղարաբաղյան պատերազմի նախկին հրամանատար և ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ներկայիս գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին է։ Այս քննադատությունն ավելի շատ վերաբերում է արտգործնախարարության կողմից ընթացակարգային խախտմանը՝ նկատի առնելով հանգամանքը, որ Հայաստանը կալանավորում է ՀԱՊԿ գործող քարտուղարին։ Ըստ Ռուսաստանի հայտարարության՝ Խաչատուրովին փոխարինելու մասին Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին հակասում է ՀԱՊԿ ընթացակարգերին [7]։ Փորձագետներն, անշուշտ, այս քննադատությունը մեկնաբանել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումների շուրջ Կրեմլի ավելի լայն մտահոգությունների շրջանակում։ Գուցե և այդպես է, բայց Երևանը սովորել է ընդունել Կրեմլի դժգոհությունը՝ թույլ չտալով, որ այն հանգեցնի լուրջ խնդիրների։ Այս համատեքստում, եթե մի կողմ թողնենք քննադատությունն ու անուղղակի ճնշումը, Ռուսաստանը չի պատրաստվում փոխել կամ բարդացնել Երևանի հետ հարաբերությունները Քոչարյանի գործի առնչությամբ։

Միացյալ Նահանգների վերաբերմունքը բավական հավասարակշիռ է, կամ, եթե ավելի ճիշտ եզրույթ ընտրենք,  ընդհանուր։ Պետդեպարտամենտը տարածել է հաղորդագրություն, որում Հայաստանի իշխանություններին քաջալերում է անցկացնել թափանցիկ, անկախ ու արժանահավատ քննություն, որը կհամապատասխանի միջազգայնորեն ճանաչված չափանիշներին [8]։ Նկատի առնելով ԱՄՆ կառավարության կողմից մարտի 1-ի դեպքերի խիստ դատապարտումը [9] և Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով (MCA) Հայաստանին հատկացվող միջոցների սառեցումը՝ ակնհայտ է, որ Վաշինգտոնի և Քոչարյանի միջև առանձնապես համակրանք չկա։ ԱՄՆ միակ մտահոգությունը, որն ուղղակի ակնարկ է, դարձյալ այն է, որ դատական գործընթացները պետք է տարբերվեն նախորդ վարչակարգերի կողմից նման կարևորության քննություններ վարելու տրամաբանությունից։ Հետևաբար, Ամերիկայի մտահոգությունն ունի զուտ ընթացակարգային բնույթ՝ օրենքի պատշաճ և հետևողական կիրառում։ 

Հայ հասարակությունը չի կարող ենթարկվել զգացմունքների դիկտատուրային. զգացմունքային տարրը պիտի փոխարինվի բանական տարրով։ Բայց Քոչարյանի և նրա աջակիցների ինքնակալական ամբարտավանությունը թեժացնում է այդ բարկությունը։ 

Փաշինյանի բեռը

Բարկությունը ոչ իրավական դոկտրին է, ոչ հանրային քաղաքականության պատվիրան. բայց այն ինքնին ուժ է, ուժ, որը ձևավորում է մի հասարակություն, որի զգայունությունը նվազել է տասնամյակներ տևող զրկանքների, անարդարության և քաղաքական չարաշահումների պատճառով։ Կուտակված բարկության միակ հակաթույնը հաշվետվողականությունն է, հաշվետվողականություն, որը ձեռք է բերվում օրինականության, թափանցիկության, և ամենակարևորը, էթիկայի կանոնների պահպանմամբ։ Հայ հասարակությունը չի կարող ենթարկվել զգացմունքների դիկտատուրային. զգացմունքային տարրը պիտի փոխարինվի բանական տարրով։ Բայց Քոչարյանի և նրա աջակիցների ինքնակալական ամբարտավանությունը թեժացնում է այդ բարկությունը։ Քոչարյանի համախոհների ինքնագոհ կեղծավորության և հայ ժողովրդի բարկության միջև օրենքն է։ Հետևաբար, Փաշինյանի կառավարության ամենակարևոր պատասխանատվությունը իրավական գործընթացի թափանցիկության ապահովումն է։ Եթե անցյալի անարդարությունները պիտի հատուցվեն, եթե հասարակության վերքերը պիտի բուժվեն, իսկ զոհերի հոգիները հանգստություն գտնեն, ապա պետք է աներկբայորեն սատարել հանցագործներին պատասխանատվության կանչելու բոլոր ջանքերին։

 

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team