3010028 01
Լուսանկարները՝ Ջոզեֆ Զաքարյանի

 

Մարտի 1-ի մասին որևէ բան ասելը դժվար է, բայց լռելն՝ անհնարին, քանի որ 10 տարի անց էլ գարունը, որ սպասում էինք 2008-ի մարտի 1-ին, դեռ տեղ չի հասել: Միգուցե որոշները մոռացել են դրա մասին, ավելին՝ շատերին թվում է, թե հաջողել են մոռանալ ու մոռացնել: Արդեն կան այնպիսիք, որ պարզապես չգիտեն, քանի որ չեն տեսել:

Մարտի 1-ը Հայաստանի անկախության սերնդի, իմ սերնդի համար նույնքան կարևոր էր, որքան 1988 թվականի փետրվարի 20-ը իմ ծնողների սերնդի համար, և կանխորոշել է Հայաստանի հետագա ուղին: Թեկուզ մասնակիցների թվի առումով ավելի փոքր և տևողության առումով ավելի կարճ, բայց 2008-ին հարյուր հազարների գեներացրած էներգիան Հայաստանում դրական փոփոխություններ բերելու վերջին երկու տասնամյակի ամենալուրջ հնարավորությունն էր, որ ստորացվեց, ծեծվեց ու գնդակահարվեց:

2008-ը նման էր 1988-ին, քանզի Հայաստանի նոր պատմության երկրորդ զանգվածային, կազմակերպված և խաղաղ շարժումն էր: Սակայն ի տարբերություն 1988-ի, որ երկնեց պետականություն, 2008-ինը վիժեցվեց՝ ունենալով աղետալի ու արյունալի ավարտ:

2008-ի մարտի 1-ը համեմատելի էր նաև 1999-ի հոկտեմբերի 27-ի հետ, քանի որ քաղաքական նպատակներով դրդված սպանությունները անդառնալի հետևանքներ ունեցան Հայաստանի վրա՝ երկիրը տարիներ շարունակվող ճգնաժամի մեջ ներքաշելով : Սակայն այս համեմատության դեպքում կան կարևորագույն տարբերություններ. քաղաքական նպատակներով դրդված սպանությունների զոհը ոչ թե իշխանավորն էր, այլ հասարակ քաղաքացին, որ սպանվեց բոլորի աչքի առաջ պետական համակարգի մաս կազմող հաստատությունների միջոցով: Մյուս կարևոր տարբերությունն այն է, որ քաղաքացու գնդակահարությունը ցայսօր անպատիժ է, և դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 10 զոհերի համար:

Բնական է, որ վերջին երեք տասնամյակի երևի ամենամեծ հանրային այս ողբերգությունը ազդել է  հայաստանցու վրա՝ անկախ այն հանգամանքից, թե նա որտեղ է եղել և ինչ դիրքորոշում է ունեցել մարտի 1-ին և դրան նախորդած օրերին: Հավատացած եմ, որ շատերի համար այդ մի քանի օրերը կանխորոշել են հետագա տասը տարիների ընթացքում ընդունված շատ անձնական որոշումներ, ու քայլեր լինի դա Հայաատանը թողնելը , թեՀայաստան վերադառնալը, հանրային կյանքից ինքնաքսորվելը, թե ավելի ակտիվ ներգրավվելը, խնդիրների լուծումների այլ ճանապարհներ փնտրելը , թեհիասթափվելը և երբեմնի իր պայքարի թիրախ եղած անարդարությունների հետ համակերպվելն ու անգամ դրանց մասը դառնալը:  

Ինձ համար էլ մարտի 1-ը հանրային ողբերգություն է՝ խիստ անձնական ազդեցություն թողած: 2008 թվականի մարտի 1-ին նախորդած և հաջորդած ժամանակաշրջանը կյանքիս ամենախիտ ու ծայրահեղ վայրիվերումներով լի հատվածն է հավանաբար, ուստի անգամ 10 տարվա հեռավորությունից մարտի 1-ի մասին գրելը ցավոտ է, քանի որ նման է չփակված վերքը գրիչով փորելուն: 10 տարի հետո մարտի 1-ի մասին գրելը նաև դժվար է, քանի որ հիշողությունները վաղուց արդեն դրվագային են:

Դրվագ 1. Սկիզբ

2007 թվականի աշնանն արդեն պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալու երկար ճանապարհի հիմնական խոչընդոտը լինելու է քաղաքական կյանք վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանը, ով դարձավ ստատուս քվոյի ամենաբարձրաձայն, մանրամասն, անողոք քննադատը՝ շատ սահուն շրջանցելով դրանում ունեցած թեկուզ մասնակի սեփական պատասխանատվության հանգամանքը: Այդ քննադատությունը լսելու համար, սակայն, ամենից հարմար, եթե ոչ միակ հարթակը պարբերաբար կազմակերպվող հանրահավաքներն էին, որտեղ երկար դասախոսությունների ֆորմատով, բայց մատչելի և արդյունավետ հռետորական հնարքներով ներկայացվում էր համոզիչ հանրային խոսք, ինչը 21-րդ դարի Հայաստանի քաղաքական առաջնորդների մոտ հազվադեպ էր:

2090045

Ի տարբերություն որոշ թերթերի, առանձին ռադիո հաղորդումների ու երևի դեռևս մի քանի հարյուր հայաստանցի ունեցող Ֆեյսբուքի՝ ամենատարածված մեդիան՝ հեռուստաընկերությունները, ոչ միայն չէին փոխանցում այդ խոսքի ամենակարևոր կողմերը, այլև նենգափոխում ու անփույթ քննադատում էին՝ երբեմն դավադրությունների տեսությունների միջոցով փորձելով հեղինակազրկել հանրահավաքների կազմակերպիչներին, իսկ մասնակիցներին հաճախ որակում կա՛մ անմիտ ու զոմբիացած ամբոխ, կա՛մ սոցիալական խնդիրների տակ ճկված մարգինալներ և անփառունակ անցյալը ետ բերելու համար պայքարող պաշտոնյաներ՝ վախեցնելով լսարանին «մութ ու ցուրտ» տարիների վերադարձով:

Ես գրեթե բոլոր հանրահավաքներին ներկա էի թե՛ մասնագիտական անհրաժեշությունից և թե՛ անձնական հետաքրքրությունից ելնելով. տարիքի պատճառով բաց թողած լինելով 1988 թվականի շարժումը՝ ձգտում էի դրան հնարավորինս մոտ տպավորություն ստանալ, իսկ Լևոն Տեր -Պետրոսյանի թիմը հմտորեն օգտագործում էր 1988 թվականի սիմվոլիկան և մարտավարական հնարքները:

Դրվագ 2. Քարոզարշավ

Դեռ 2007-ի աշնանը սկսված երկկողմանի սուր քննադատությունը փուլ առ փուլ խորացավ՝ հանգեցնելով այն իրավիճակին, որ քարոզարշավի ժամանակ արդեն իրար դեմ պայքարում էին մի կողմից՝ «մասոններ» և «Ղարաբաղը նվիրելու բաղձանքով տառապող դավաճանները» և մյուս կողմից՝ «վերից վար կառումպացված…մոնղոլ թաթարները»:

Չնայած ձմռանը ու դժվարանցանելի ճանապարհներին՝ քարոզարշավի ժամանակահատվածում աշխատանքի բերումով Հայաստանի ամենատարբեր անկյուններում եղա: Համակարգում էի մի ծրագիր, որի նպատակն էր հարյուրավոր կամավորներ հավաքագրել՝ դռնեդուռ այցերի միջոցով ընտրողների ցուցակներում մի քանի հարյուր հազար քաղաքացիների տվյալներ ստուգելու համար:

2200047

Հաճախ միանում էի դռնեդուռ այս այցելություններին, որի ընթացքում արդեն պարզ էր դառնում, որ քաղաքացիների մոտ եղած պասիվությունը և թերահավատությունը աստիճանաբար փոխվում է մի կողմից՝ փոփոխություններ ունենալու հույսի, մյուս կողմից՝ աճող ատելության թեկնածուներից որևէ կողմի նկատմամբ:

Տասնյակ քաղաքների ու գյուղերի այցելություններն ինձ թույլ տվեցին նաև համոզվելու, որ համատարած խախտվում են  քարոզարշավի՝ օրենքով նախատեսված ամենահիմնական կանոնները: Հիշում եմ, որ պարբերաբար Ֆեյսբուքում դնում էին Սերժ Սարգսյանի նկարներ և Հանրապետական կուսակցության դրոշներ ունեցող քաղաքապետարանների, գյուղապետարանների և այլ հանրային շենքերի ֆոտոներ: Շատ դեպքերում այդ շենքերը ծառայում էին հենց որպես նախընտրական շտաբներ: Նկարների և դրոշների այս առատությունը ամենաթափանց էր՝ ներառյալ գետնի տակ՝ հանրային մետրոպոլիտենի կայարաններում, և հաճախ ավտորիտար հասարակություններին բնորոշ անհեթեթ իրավիճակներ էր ստեղծում. նկարներ՝ ծաղկեպսակ վաճառող խանութի, գոմի և գիշերային ակումբի պատերին:

Մյուս կողմից՝ հանրահավաք կազմակերպող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բազմաթիվ անգամներ հենց հանրահավաքների ժամանակ, դրանցից առաջ և հետո ենթարկվում էին սպառնալիքների, ինչպես նաև ֆիզիկական հարձակումների: Դրանց կազմակերպիչները, որպես կանոն, մնում էին անպատիժ: «Վախի և անպատժելիության մթնոլորտ» բառակապակցությունը, որ հնչում էր Ազատության հրապարակում, բազմաթիվ  նրբերանգներով դրսևորվրում էր հատկապես մարզերում, ինչին ականատես էի լինում իմ այցելություններ ժամանակ:

Թե՛ պետական հաստատությունների, հատկապես իրավապահ համակարգի՝ իր նվազագույն գործառույթները չիրականացնելը և թե՛ քարոզարշավի ընթացքում տրամադրությունների խիստ լարումը հանգեցրել էին այն իրավիճակին, որ ընտրությունների շեմին արդեն հիմնական ընդդիմադիր թեկնածու դարձած Լևոն Տեր -Պետրոսյանի թիմում քայլեր էին ձեռնարկում տեղամասերում տեղակայվելիք վստահված անձանց անվտանգության ապահովման համար: Առնվազն այդպես էին ներկայացնում՝ միգուցե հույս ունենալով, որ հնարավորինս շատ համակիրներ չեն վախենա որպես վստահվաձ անձ տեղամասերում հանդես գալուց: Հիշում եմ մի մասնավոր խոսակցություն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում «երկրապահ տղեքը» քվեարկության օրը կխառնվեն և կօգնեն տեր կանգնել քվեներին:

Իմ տեսածի և էկրանի միջև եղած հսկայական խզումը,  խայտառակ քարոզարշավը և բռնությունները աստիճանաբար ինձ դիտորդից շարժման հասարակ, բայց հավատարիմ աջակից դարձրին: Իհարկե, որոշիչ էր նաև այն, որ ես արդեն առիթ ունեցել էի համոզվելու, որ առանց հանրային կառավարման ոլորտում լուրջ փոփոխությունների՝ իրավիճակը չի շտկվելու, քանի որ ուսանողական վերջին տարիներին արդեն հասցրել էի տարբեր ոլորտներում փորձ կուտակել՝ գալով այն եզրակացության, որ «անցումային շրջան է, պետք է սպասել և ժամանակի հետ ամեն ինչ իր հունը կընկնի» մանտրան, որ այդ շրջանում շարունակաբար կրկնվում էր բուհի լսարանում, մեդիայում և իշխանավորիների կողմից, լավագույն դեպքում ինքնախաբկանք էր և ստատուս քվոն արդարացնելու հնարք:

Դրվագ 3. Քվերակություն

Քվեարկության նախօրեին բոլորիս նյարդերը արդեն առավելագույնս պրկված էին, ոգևորությունը ու վախը, ջղայնությունը տեղի ունեցող ապօրինությունների նկատմամբ ու դրանց վերջը տալու հնարավորությունից հրճվանքը, վճռականությունը և հոգնածությունը խառնվել էին իրար, բայց, կարծեմ, անցած մի քանի ամիսների ընթացքում շարունակաբար աճող լարումից ազատ ապրելու ցանկության զգացումը ամենաուժեղն էր ինձ մոտ:

Փետրվարի 19-ը աշխատանքային օր էր ինձ համար, քանի որ շրջիկ դիտորդ էի լինելու այն նույն միջազգային կազմակերպության կողմից, որը աշխատում էր թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և թե՛ քաղաքացիական հասարակության հետ ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ: Ամենատարբեր քաղաքական նախապատվություններ ունեցող գործընկերներիս ու իմ առաքելությունը շատ սովորական էր՝ դիտարկել քվեարկության գործընթացը հնարավորինս շատ տեղամասերում հետագա շտկումների համար առաջարկություններ կազմելու նպատակով: 

2210141

Սակայն այդ օրը իմ դիտարկածը խիստ անսովոր էր անգամ Հայաստանի ոչ շատ մաքուր ընտրական պատմության համար: Որպես 2003 թվականից սկսած մինչև օրս տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները և բազմաթիվ տեղական ընտրություններ դիտարկած մարդ՝ համոզված եմ, որ 2008-ի փետրվարի 19-ը ամենից վատ կազմակերպվածն է: Մի կողմ թողնելով քարոզարշավի ընթացքում տեղի ունեցածը՝ միայն մի քանի տեղամասերում տեսածս բավարար էր՝ դրանցում գրանցված արդյունքներն անվավեր համարելու համար:

Կոնկրետ օրինակ. օրվա երկրորդ կեսին, երբ որոշեցի այցելել իմ տեղամաս քվեարկելու համար, պարզեցի, որ միևնույն շենքում գտնվող երկու տեղամասերի Տեր -Պետրոսյանի վստահված անձիք ենթարկվել են բռնության: Մեկի հագուստին ակնհայտ երևում էին բռնության հետքերը, մյուսի հետ կապված լսեցի, որ ատրճանակով են սպառնացել: Դժվար է ասել՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, «երկրապահ տղեքը» այդպես էլ չէին երևացել՝ թողնելով այս երիտասարդներին մեն -մենակ վճռականորեն տրամադրված և ընտրող հանձնաժողովի գործառույթներն իրենց վրա վերցրած մի քանի տղաների հետ: Ոստիկանության վրա հույս դնելը իմաստ չուներ, ուստի պարզ անվտանգության մասին անհանգստանալով (քվեարկության ընթացքը կամ արդյունքներն արդեն պակաս կարևոր էին)՝ խնդրեցի իմ միակ արտասահմանցի գործընկերոջը, ով նաև գրասենյակի ղեկավարն էր, այցելել այդ տեղամասերը: Համարձակ ու սրտացավ այդ ամերիկացի տարեց կինը՝ Լինդան, մինչև հաշվարկի ավարտը մնաց տեղամասերից մեկում։ Հաշվարկի արդյունքում «պարզվեց», որ Երևանի միևնույն ծայրամասի նույնատիպ շենքերում ապրող, իրար շատ նման քաղաքացիներին սպասարկող և միևնույն մանկապարտեզում տեղակայված երկու տեղամասերը իրարից խիստ տարբեր արդյունքներ էին գրանցել. համաձայն ԿԸՀ վերջնական տվյալների՝ 1/09-ում 1108 ձայն՝ Սարգսյանին և 25 ձայն՝ Տեր-Պետրոսյանին, իսկ 1/10-ում 643 ձայն՝ Սարգսյանին և 333 ձայն՝ Տեր-Պետրոսյանին: Վերջին տեղամասում ձայների հաշվարկին մասնակցել էր արտասահմանցի դիտորդը, ով թեև դեռ երկար հիշելու էր ամենատարբեր աճպարարությունները, բայց զուտ իր ներկայությամբ հաշվարկի ընթացքում կարողացել էր էականորեն փոխել ձայների բաշխվածությունը: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այս երկու տեղամասի հետ կապված այդպես էլ վերահաշվարկ չեղավ: Սակայն երկրով մեկ տեղամասերի թիվը մոտ 2000 էր, և իմ տեսած ապօրինությունները ավելի շուտ օրինաչափություն էին, քան բացառություն: 

Դրվագ 4. Ընտրություններից հետո

Քվերակությանը հաջորդող լուսաբացին արդեն վստահ էի, որ քվեարկության հրապարակված պաշտոնական արդյունքները խիստ մոտավոր են ամփոփելու «ժողովրդի կամքը»: Չէի բացառում և հիմա էլ չեմ բացառում, որ իշխանության թեկնածուն ստացել էր հարաբերական մեծամասնությունը, սակայն ոչ մի դեպքում՝ բավարար ձայն առաջին փուլում հաղթած հռչակվելու համար: Երբ փետրվարի 20-ի երեկոյան հանրահավաք կազմակերպվեց, ես այլևս դիտրոդ չէի, այլ ցուցարար, ով վստահ էր, որ Հայաստանում առաջին փուլով նախագահ չի ընտրվել: Այդ օրը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման 20-ամյակի հետ էր համընկել, և շատ լավ հիշում եմ, որ մտքումս անընդհատ զուգահեռներ էի տանում նոր սկզբի ու փոփոխությունների համար մղվող պայքարների միջև, բայց մտածում էի նաև, որ այս անգամ դրանք ավելի հիմնավոր կերպով անելու անհրաժեշտությունը  կա:

2200167

Հանրահավաքի մասնակցիների թվի աճելուն զուգահեռ ավելացավ նաև ցասումը: Դեպի ԿԸՀ շենք երթի ժամանակ մի պահ ինձ թվաց, որ իրավիճակը կարող է ղեկավարների վերահսկողությունից դուրս գալ, քանի որ  որոշ մասնակցիների տրամադրությունները բավական ագրեսիվ էին: Նույն կերպ, երբ վերադարձանք Ազատության հրապարակ, մասնակիցներից շատերը պահանջում էին կտրուկ քայլերի դիմել նույն պահին (այդպես ծնվեց հիմա՛ վանկարկումը), բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ երկար ու մանրամասն՝ շեղելով ու հանգստացնելով մարդկանց, մինչև որ կարողացավ ընդունել տալ ավելի երկարաժամկետ ու խաղաղ պայքարի կարևորությունը: Ամբոխին կառավարելու այդ հմտությունը շատ տպավորեց ինձ, բայց նաև հիասթափվեցի, երբ հանրահավաքի մասնակիցներին հորդորեց տուն գնալ՝ հաջորդ օրը երկարաժամկետ պայքարի համար ավելի պատրաստված հավաքվելու համար. կարծում էի, որ սխալ գործեց, քանի որ հիասթափեցրեց շատ շատերին, ինչը կազդեր հաջորդ օրվա հանրահավաքի մասնակցիների թվի վրա:

Դրված 5. 9 օր, որ սկսել էին փոխել Հայաստանը

Փետրվարի 21-ից Ազատության հրապարակում սկսած անժամկետ հանրահավաքը խաղաղ քաղաքական պայքարի բացառիկ փորձառություն էր: Հեռուստատեսությունները շարունակում էին ներկայացնել ցուցարարներին և նրանց առաջնորդներին որպես վտանգավոր տարր, բայց այդ օրերին ես ինձ ամենից  հանգիստ զգում էի հենց հրապարակում: Դրանից դուրս ՝ ճնշումներ, հետապնդումներ, ձերբակալություններ,  ներսում՝ միասնություն, համախմբվածություն և կազմակերպվածություն: Ականատեսն էի հատկանիշների, որ շարունակաբար համարվել է հայաստանցուն ոչ հատուկ՝ ինքնակազմակերպում, զսպվածություն, համբերատարություն, հոգատարություն անծանոթի նկատմամբ: 

Մի քանի տասնյակ, առանձին օրերի՝ նաև հարյուր հազարից ավել հայաստանցիներ շարունակաբար կողք կողքի էին՝ հրապարակում կանգնած կամ կիլոմետրերով ձգվող երթերում՝ առանց վնաս պատճառելու միմյանց ու հանրային կամ մասնավոր գույքին:

2090035

Հիշում եմ, որ առաջին օրերից մեկի երեկոյան, երբ աշխատանքից հետո ընկերներով միացանք ցուցարարներին, նկատեցինք հրապարակի աղբը: Ընկերներս մեծ պլաստիկ տոպրակներով գնեցին մոտակա խանութից: Սկզբից այնքան էլ լավ չընդունեցի միտքը, որ հնարավոր է ընկերներով մաքրել հսկա տարածքում եղած աղբը, մանավանդ որ այդտեղ կանգնած էին մեծ թվով մարդիկ: Բայց րոպեներ անց հենց այդ նույն մարդիկ սկսեցին օգնել՝ կա՛մ իրենց հատվածը մաքրելու համար մյուսների ձեռքից վերցնելով տոպրակներ, կա՛մ առնվազն «էս լավ ջահելներին» խրախուսելով:

Հրապարակում հավաքվածները շատ տարբեր էին ու նաև գալիս էին ամենատարբեր նպատակներով, բայց հրապարակում բոլորը համախմբվում էին ու միավորվում մի նպատակի շուրջ, որ վաղուց արդեն ավելին էր, քան նախապես հռչակվածը՝ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վիճարկում: Այստեղ գալիս էին պաշտոնյաներ, ովքեր պատրաստ էին իրենց դիրքը զոհելու, մի քանի օր առաջ կեղծիքների մասնակցած հասարակ մարդիկ (հիշում եմ, որ հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ով փետրվարի 19-ին տեղամասի դիմաց պատահական հանդիպման ժամանակ հպարտացավ, որ մի քիչ գումար աշխատելու ու «ախպերներին պադդերժկա» անելու համար արդեն 10-րդ տեղամասում է քվեարկում), նախկինում քաղաքական հարցերի մասին խոսելուց խուսափողներ, կուսակցականներ՝ իրենց անդամատոմսերից հրապարակային ազատվելու ցանկությամբ:

Ամենից տպավորիչ օրը, սակայն, փետրվարի 26-ն էր, երբ Սերժ Սարգսյանի աջակիցների համար այլընտրանքային ցույց էր կազմակերպվել Հանրապետության հրապարակում: Հայաստանի տարբեր կողմերից մեծ թվով ավտոբուսներով Երևան տեղափոխված այս մարդկանց զգալի մասը գետին նետեց իրենց բաժանված ցուցապաստառները ու Հյուսիսային պողոտայով քայլեց վեր՝ միանալով Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներին: Այդ օրը պարզ դարձավ, որ տրամադրությունները կտրուկ փոխվել էին, հավասարակշռությունը խախտվել էր, ու ես վստահ էի, որ հարցի հանգուցալուծումը ընդամենը ժամանակի հարց է: Երկրորդ փուլի պարագայում հաղթանակը երաշխավորված կլիներ, բայց մտածում էի, որ այդ տեմպերով երկրորդ փուլ անցկացնելու կարիք էլ կարող է չլինի: Հաջորդող օրերին մարդկանց թիվը շարունակաբար աճում էր, շատերը գալիս էին ընտանիքներով, անգամ երեխաների հետ:

Դրվագ 6. 10 մարդու կյանք խլած 10-րդ օրը

Չեմ հիշում, թե ինչպես մարտի 1-ի առավոտյան իմացա, որ  լուսադեմին դաժանորեն «մաքրել են» Ազատության հրապարակը, բայց հիշում եմ, որ շատ արագ հայտնվեցի Մյասնիկյանի հրապարակում:

Երթուղայինում երկու տեսակի մարդիկ կային՝ անհամբեր գործողությունների վայր շտապողներ, ովքեր իրար պատմում էին, թե ով ինչ է լսել, ու անտարբեր ուղևորներ: Հիշում եմ, որ երթուղայինից իջնելուց առաջ չզսպեցի ինձ ու վերջիններին հարցրի, թե ինչպես կարող են այդքան անտարբեր լինել: 

Օրվա մեծ մասը անցկացրի այնտեղ՝ տղամարդկանցից բաղկացած բավական մեծ խմբով՝ հասակակից ընկերներս ու շատերիս հայրերը: Չնայած երեկոյան կողմ արդեն գիտեինք, որ ռազմական տեխնիկա է շարժվում Երևանի ուղղությամբ, բայց հաշվի առնելով հավաքվածների մեծ թիվը՝ չէի կարծում, թե ուժի կդիմեն: Առավոտյան գործողությունը, կարծում էի, որ հնարավոր է եղել մարդկանց փոքր քանակի պատճառով, իսկ հազարավորների վրա հարձակվելը անմտություն էր թվում: Ուստի, շարունակաբար մարդկանց մեծ թիվապահովելը առաջնային նպատակ էր իմ պատկերացմամբ: Ամենակարևորը, որ հավաքվածները խաղաղ ցուցարարներ լինեն:

2220160 01

Բայց տրամադրությունները շատերի մեջ փոխված էին, հստակ ուղղորդող հրահանգների ու անվերապահորեն իր կամքին ենթարկեցնող առաջնորդի պակասը տեսանելի էր:

Ուշ երեկոյան արդեն ավագները սկսեցին համոզել, որ պետք է տուն վերադառնալ՝ հանգստանալու, տաքանալու և առավոտյան վերադառնալու համար, քանի որ հրապարակում եղածներին հերթափոխ է պետք: Կոմայգու հարևանությամբ կանգնած ավտոբուսի վառելիք դատարկող երիտասարդներին բարոյախրատական դաս տվող հայրս, հեռախոսով իրավիճակի մասին հարցնող հակառակ ճամբարին հարող ծանոթս, ում հետ շատ խիստ տոնով խոսեցի, վերջին դրվագներն էին Մյասնիկյանի հրապարակից: Մաշտոցի պողոտայով շարժվեցինք դեպի Մատենադարան: Մեր ուղղությամբ մեքենաների հոսքը թույլատրված էր, իսկ հակառակ գնալը հնարավոր չէր: Փողոցում շարված ոստիկանների ու զինվորների թիվը վատ կանխազգացումներ առաջացրեց, բայց վերդառնալը դժվար թե հնարավոր լիներ:

Տուն հասնելուց հետո լսեցի արտակարգ իրավիճակ մտցնելու մասին Ռոբերտ Քոչարյանի որոշումը, որը սակայն հաղորդվեց վարչակազմի՝ համեմատաբար ամենից շատ համակրանք ունեցող, բայց նաև խնդրի հետ քիչ կապ ունեցող պաշտոնյայի՝ Վարդան Օսկանյանի շուրթերով: Իրավիճակի նկարագրությունը ավելի շատ ապատեղեկատվություն էր պարունակում. առավոտյան գործողությունների մանրամասների մասին ցուցարարների մոտ տարածված լուրերը այլ էին : Չեմ հիշում, թե գիշերը ինչպես եմ լուսացրել, բայց երկար ժամանակ էր պետք, որ կարողանայի հավատալ Երևանի փողոցներում վառված մեքենաների, քանդված փողոցների և կրակող ոստիկանների՝ արտասահմանյան ԶԼՄ-ներում տեղ գտած կադրերերին, որոնք վերջապես անդրադարձան 10 օր շարունակվող զարգացումներին: Թե՛ նախորդող օրերին, թե՛ մարտի 1-ին բացառում էի, որ իմ քաղաքում, իմ երկրում իշխանություն պահելու համար կկրակեն փողոցում կանգնած մարդկանց վրա: Նման բան նախկինում երբեք տեղի չէր ունեցել, անգամ երբ ցուցարարները հարձակվել էին խորհրդարանի վրա. բայց այդ օրը նրանք անցան Ռուբիկոնը:

Դրվագ 7. Անպատասխան մնացած հարց

Հաջորդ օրերին՝ անգամ զոհերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ունենալուց հետո էլ, չէի ուզում հավատալ, ինչպես որ չէի ուզում  հավատալ, որ հնարավոր է այդ քայլը անպատիժ թողնել: Մի կողմից զգում էի, որ մարտի 2-ի Հայաստանը ինձ խորթ է, այլ երկիր է, բայց մյուս կողմից վստահ էի, որ մարտի 21-ին, երբ կդադարի 20- օրյա արտակարգ իրավիճակը, այս ողբերգության պատասխանատուները՝ կրակելու հրաման տվածներից մինչև այդ հրամանը իրականացրածներ, պատժվելու են: Հաղթահարելով վախերը՝ փետրվարի 21-ին դուրս եկանք փողոց՝ ձեռք-ձեռքի բռնած կանգնելով Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հրապարակ: Ոմանք մոմեր էին վառել, այլոք՝ սգո ժապավեններ կապել: Ակցիան, որ հավանաբար սոցիալական ցանցերի միջոցով առաջին կազմակերպվածն էր Հայաստանում, լուռ էր: Մենք կանգնած էինք Հանրապետության հրապարակի կողմից Վազգեն Սարգսյան փողոցի սկզբի հատվածում: Հիշում եմ, որ մեկ- երկու ավտոմեքենա, ներառյալ պետական համարանիշով, ազդանշաններ տվեցին, իսկ վարորդներից մեկը պատուհանից գոռաց՝ «եղածը հերիք չի՞ ձեզ»...

3010174

2008-ից շատ բան է եղել Հայաստանում՝ 2013, 2015-ի դեկտեմբեր, իմ կարծիքով՝ ամենակարևորը՝ 2016-ի ապրիլ, բայց անգամ 2018-ի մարտին ցավոք դեռ չեմ պարզել, թե էլ ի՞նչ է պետք, որ հերիք լինի մեզ…

 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team