Խորհրդանշական էր, որ Հայաստանի երկարաժամկետ զարգացման տեսլականի մասին Նիկոլ Փաշինյանը 2019 թ. օգոստոսին խոսեց Ստեփանակերտում։ Իր ելույթում նա մի քանի հավակնոտ նպատակներ նախանշեց, որոնք պետք է կյանքի կոչվեն մինչ 2050 թվականը, մասնավորապես` 5 միլիոն բնակչություն, 1.5 միլիոն նոր աշխատատեղ, աղքատության վերացում և ՀՆԱ, որը 15 անգամ գերազանցում է այսօրվա ցուցանիշը։ Այս նպատակների իրագործմանն ուղղված ջանքերը էական ազդեցությունն կունենան Հայաստանի տնտեսական բարեկեցության և երկարաժամկետ կայունության վրա։

Հոդվածում անդրադառնալու ենք ՀՆԱ 1500 տոկոս աճի նպատակին և քննարկելու մինչև 2050 թվականն այն իրագործելու հավանականությունը։ 5 միլիոն բնակչություն ունենալու նպատակը նույնպես կապված է ՀՆԱ աճի հետ, անուղղակիորեն անդրադառնալու ենք նաև այս նպատակին։

Կիրառվելու է երկու մոտեցում. պատմական վերլուծություն, որը քննարկելու է այլ պետություններում կիրառված պրակտիկաները, և զարգացման այնպիսի սցենար, որը կհստակեցնի հռչակված նպատակները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ելքային ցուցանիշները։ Այլ կերպ ասած՝ ինչ փոփոխականներ (արտադրողականություն, բնակչության աճ) են պետք «2050 15XՀՆԱ» նպատակն իրագործելու համար։

 

Գնաճով պայմանավորված ցուցանիշներ

Բիզնեսի առաջին կանոնը պահանջում է հասկանալ, թե ինչ է նշանակում 15XՀՆԱ աճ։ Ակնկալվում է, որ 2050 թվականին ազգային արժույթների մեծ մասն ավելի ցածր արժեք կունենա, քան 2019 թվականին՝ գնաճի պատճառով։ Բացի այդ, ազգային արժույթները զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, սովորաբար ավելի բարձր գնաճ են արձանագրում, քան զարգացած տնտեսություններում՝ ժամանակի ընթացքում արժեզրկվելով ԱՄՆ դոլարի կամ եվրոյի նկատմամբ։ Եթե թիրախը սահմանված է ՀՀ դրամով և նոմինալ արտահայտությամբ (չճշգրտված գնաճով)՝ 2050 թվականին 15XՀՆԱ նպատակի իրագործումը լիովին հնարավոր է, թեև երկիրն իրականում չի արտադրի այսօրվա տնտեսական արտադրանքի 15-ապատիկի համարժեքը։ Շատ ավելի ազնիվ կլիներ թիրախը սահմանել իրական արտահայտությամբ (ճշգրտված գնաճով) և ԱՄՆ դոլարով (կամ եվրոյով), ինչն ավելի է բարդացնում դրա իրագործումը։

Եթե համեմատենք հաշվարկի երկու մոտեցումները՝ անցած 24 տարիներին (1994-2018 թթ.) Հայաստանի ՀՆԱ-ն ՀՀ դրամով նոմինալ արտահայտությամբ ավելացել է 32 անգամ, իրական արտահայտությամբ ԱՄՆ դոլարով՝ միայն 4.1 անգամ։

Ակնհայտ է, որ բնակչության կենսամակարդակը չի բարելավվի գնաճի բարձր ցուցանիշի դեպքում։ ՀՆԱ իրական աճը ԱՄՆ դոլարով արտահայտելը շատ ավելի իրատեսական հնարավորություններ է առաջարկում հայաստանյան ցուցանիշները համեմատելու համար։

Իրական թվեր. կա՞ արդյոք նախադեպ

Պատմական վերլուծության համար հիմք են ընդունվել ԱՄՆ դոլարով արտահայտված և գնաճով ճշգրտված ցուցանիշները։ Հայաստանի 2018 թ. 13 միլիարդ ԱՄՆ դոլար ՀՆԱ ցուցանիշն ընտրվել է որպես մեկնարկային կետ (համեմատությունների հիմքում ԱՄՆ դոլարի 2010 թ. իրական արժեքն է)։

Եթե հաշվի առնենք նաև Արցախի տնտեսությունը և ստվերային տնտեսության ծավալը, որը հաշվարկվել է ըստ պաշտոնական տվյալների՝ հակակոռուպցիոն նախաձեռնությունների հիմքով, ապա 13 միլիարդ ԱՄՆ դոլարը 25 տոկոսով դեպի վեր հարմարեցված թիվ է։ Այդուհանդերձ, բյուջետային մուտքերը վկայում են առաջընթացի մասին, ուստի լավատեսությունն անհիմն չէ։ Ենթադրում ենք, որ ստվերային տնտեսությունը կկրճատվի ներկայիս 36 տոկոսից մինչև մոտավորապես ՀՆԱ-ի 15 տոկոսը։ Նման կանխադրույթների պայմաններում «2050 թվականին 15XՀՆԱ» նպատակն իրագործելու համար առաջիկա 32 տարիներին անհրաժեշտ կլինի տնտեսության տարեկան 8.1 տոկոս աճ։ Պետք է նկատի ունենալ, որ ցուցանիշը միջինացված է, այն ներառում է թե՛ տնտեսական վերելքները, թե՛ անկումները, ինչպես նաև ներքին կամ արտաքին ծագում ունեցող տնտեսական «դիմահար քամիները»։ Հետևաբար, 8.1 տոկոսը հավակնոտ ցուցանիշ է։ Համեմատության համար նշենք, որ համաշխարհային տնտեսության զարգացման ներկայիս ցուցանիշը տարեկան մոտ 4 տոկոս է։

Վերջին 30 տարիների կտրվածքով միայն հինգ պետության է հաջողվել կյանքի կոչել 15XՀՆԱ նպատակը.

  • Հասարակածային Գվինեա. 106XՀՆԱ, 1982-2012 թթ., շնորհիվ նավթի/ածխաջրածնային ռեսուրսների հայտնաբերման,

  • Բոտսվանա. 26XՀՆԱ, 1961-1991 թթ., շնորհիվ ադամանդի և նիկելի արտահանման,

  • Օման. 24XՀՆԱ, 1965-1995 թթ., շնորհիվ նավթի/ածխաջրածնային ռեսուրսների արտահանման,

  • Չինաստան. 19XՀՆԱ, 1981-2011 թթ., շնորհիվ տնտեսության դիվերսիֆիկացիայի,

  • Հարավային Կորեա. 16XՀՆԱ, 1962-1992 թթ., շնորհիվ տնտեսության դիվերսիֆիկացիայի։

Նշանակալի առաջընթաց գրանցվել է այլ պետություններում ևս, բայց վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե որքան հազվադեպ է 15-ապատիկ աճը, հատկապես, երբ այն պայմանավորված չէ հանքահումքային ռեսուրսներով։

img 3666
Աղյուսակ 1 և 2:

Հետ-90-ականների արտադրողականություն. «Հավասարների հնգյակը» և Իսրայելը

Համատեքստն ու գլոբալ տնտեսական միտումները կարևոր են, անկախ նրանից՝ խոսքը 1950-ականների և 1960-ականների հետպատերազմական վերակառուցման մասին է, գնաճային 1970-ականների և 1980-ականների, 1990-ականների տեխնիկական առաջընթացի, թե՞ 2000-ականների շինարարական և ապրանքային բումի։

Եթե դիտարկենք արտադրողականության մոտ անցյալի հեռանկարը և գլոբալ համատեքստը, որից անմասն չի եղել Հայաստանը, պետք է հստակեցնել, թե ինչ առաջընթաց են գրանցել տարածաշրջանային գործընկերները Բեռլինի պատի անկումից և Խորհրդային Միության փլուզումից հետո, այսինքն՝ վերջին 30 տարիներին։

Առաջին աղյուսակը ներկայացնում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների ՀՆԱ ցուցանիշները 1990-ից հետո։ Այն ցույց է տալիս, թե որքան են ավելացել տնտեսությունները 1990-ականներից ի վեր (դարձյալ իրական արտահայտությամբ և ԱՄՆ դոլարով)։ Այսօր Լեհաստանի ՀՆԱ-ն 2.79 անգամ մեծ է, քան 1990-ին։ Ռումինիայի ՀՆԱ-ն աճել է 1.80 անգամ։ Պետք է հաշվի առնել, որ անգամ անդամակցությունը Եվրամիությանը չի օգնել այս երկրներին գրանցել ՀՆԱ 15-ապատիկ աճ։

Տնտեսական էքսպանսիան կարելի է բաժանել ա) արտադրողականության ավելացման և բ) աշխատուժի/բնակչության աճի։ Եթե դիտարկենք Լիտվայի, Իսրայելի, Էստոնիայի, Լատվիայի և Լեհաստանի՝ «Հավասարների հնգյակի» տնտեսությունները, որոնք, կարելի է ասել, ժառանգությամբ և մշակութային մերձակցությամբ առավել մոտ են Հայաստանին, ապա հետաքրքիր է, թե ժողովրդագրությունը որքանով է նպաստել այս երկրների բարգավաճմանը։ Ցուցանիշները ներկայացված են երկրորդ աղյուսակում։ «Հավասարների հնգյակից» միայն Իսրայելում է նկատվել ժողովրդագրական կտրուկ աճ՝ 1990-2018 թթ. տարեկան 2.33%։ Աճն արձանագրվել է թե՛ հայրենադարձության, թե՛ ծնելիության բարձր մակարդակի շնորհիվ։ Կից գրաֆիկը ցույց է տալիս «Հավասարների հնգյակում» զուտ ներգաղթի ցուցանիշները համեմատ բնակչության ընդհանուր թվի։ Այն վկայում է, որ Իսրայելում ներգաղթյալների բավական մեծ հոսք է գրանցվել պետականության ստեղծման առաջին տարիներին և ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ միության նախկին հանրապետություններից Իսրայել էր արտագաղթում բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների էական զանգված (217,000 մարդ միայն 1990-ին)։

samson armenian

Ավելի մանրամասն դիտարկելով Իսրայելի օրինակը և մասնավորապես պետության կայացման առաջին տարիները՝ պարզ է դառնում, որ 1980-ին Իսրայելի ՀՆԱ-ն 1950 թվականի տասնապատիկն էր։ Ցուցանիշը բավական տպավորիչ է, թեև 15-ապատիկը չէ, որը Փաշինյանը նախանշել է Հայաստանի համար։ Հարկ է գիտակցել նաև, որ Հայաստանն այսօր շատ ավելի հասուն տնտեսություն ունի, քան Իսրայելը 1950-ականներին, երբ զարգանում էր երկնիշ արագությամբ, հատկապես վարկային հագեցվածության տեսանկյունից։

 

15-ապատիկ աճ. ի՞նչ է անհրաժեշտ նպատակին հասնելու համար

Եթե պատմական նախադեպերը սահմանափակ են, ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը գրանցի նախանշված ցուցանիշը։ Դիտարկենք հատուկ Հայաստանի համար նախագծված մի մոդել։

Հասկանալի է, որ ինչպես ցանկացած մոդելի դեպքում, այս դեպքում էլ կարելի է ցանկալի արդյունքն ունենալ հրամցնելով ցուցանիշներ, որոնք որևէ իրական հիմք չունեն։ Սակայն հոդվածում ենթադրությունները հենվում են ցուցանիշների վրա, որոնք դիտարկվել են «հնարավոր լավագույն արդյունքը՝ հիմնված ելքային մեծությունների և պատմական նախադրյալների վրա» սկզբունքով։

img 3667

Մոդելը նախանշված նպատակներին հասնելու երեք ուղի է դիտարկում.

  • նյութապես խթանվող կառուցվածքային աճ՝ շնորհիվ հանրային կառավարման բարեփոխման և թափանցիկության, կառավարության հանդեպ վստահության բարձր մակարդակի, քաղաքական կայունության, ստվերային տնտեսության, ընտանեվարության ու կաշառակերության նվազման, ինչպես նաև զարգացած պետությունների լավագույն պրակտիկան որդեգրելու պատրաստակամության՝ սկսած ավելի արագ տեխնոլոգիական ադապտացիայից մինչև Կայուն զարգացման նպատակների քաղաքականություն,

  • աշխատուժի էական վերաուղղորդում գյուղատնտեսական հատվածից դեպի բարձր արտադրողականությամբ տեղեկատվական և տեխնոլոգիական ծառայություններ,

  • կտրուկ բարեփոխված ժողովրդագրություն՝ 5 միլիոն բնակչությամբ մինչև 2050 թվականը։

2019-2050 թթ. համար անհրաժեշտ ցուցանիշները միջինում հետևյալն են.

  • Բնակչության աճ՝ 1.6% (առավելագույն կետը՝ 3%, 2035 թ.).

  • ՀՆԱ աճ (բացառյալ ՏՏ և տեխ. ծառայությունները)՝ 4,25% (առավելագույն կետը՝ 3,0%, 2024 թ.).

  • ՀՆԱ աճ (ներառյալ ՏՏ և տեխ. ծառայությունները)՝ 8.0% (առավելագույն կետը՝ 11.3%, 2029 թ.).

  • Բնակչությունը 2050 թվականին՝ 5.01 մլն.

  • ՏՏ/ՏԾ մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչ 2050 թ.՝ 10.2% (2018 թ. 4.5%-ի դիմաց).

  • Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությունը մինչ 2050 թ.՝ բնակչության 1.6%-ը (2018-ի 11.3%-ի դիմաց)։

Սրանք բոլորն էլ խիստ հավակնոտ ցուցանիշներ են ցանկացած տնտեսության համար և գլոբալ տնտեսության ցանկացած համատեքստում։ Սակայն կա մեկ գործոն, որը կօգնի գրանցել այս արդյունքները՝ բժշկական որակյալ ծառայություններ, ինչը թույլ կտա բնակչությանն ավելի երկար տնտեսապես ակտիվ մնալ։ Մեկ այլ հնարավոր խթան է տնտեսության կառուցվածքում կանանց մասնակցության ավելի մեծ մասնաբաժինը։ Կարիերայի և վարձատրության հավասար հնարավորությունները, ինչպես նաև երեխաների խնամքի բարեփոխված ենթակառուցվածքներն ու խթանող այլ մոդելների ներդրումը կբարձրացնեն ինչպես կանանց, այնպես էլ տնտեսության արտադրողականությունը։ Տնտեսությունում կանանց մասնակցության ներկայիս ցուցանիշը Հայաստանում 56 տոկոս է։ Շվեդիայում այն 81 տոկոս է։ Այլ կերպ ասած՝ կան նպատակին հասնելու բազմաթիվ հավանական սցենարներ ինչպես ցուցանիշների, այնպես էլ արտադրողականության տեսանկյունից։ Որքան էլ զարմանալի թվա, կանանց մասնաբաժինը զգալի է հայկական ստարտափերում և տեխնոլոգիական սեկտորում, նույնիսկ միջազգային ցուցանիշների համեմատ։

Եզրակացություն

2050 թվականին 15XՀՆԱ հավակնոտ նպատակը կառավարությունից լուրջ ջանքեր է պահանջում բոլոր մակարդակներում և այնպիսի քաղաքականություն, որը հստակ ուղղված է այս նպատակը կյանքի կոչելուն։

Հոդվածում առաջարկվող մոդելը հենվում է երեք գործոնների վրա՝ ա) հանրային կառավարման շարունակական բարեփոխում և լավագույն պրակտիկաների որդեգրում, բ) աշխատուժի շարժ դեպի տեղեկատվական և տեխնոլոգիական ոլորտ և գ) ժողովրդագրական աճ և աշխատուժի առավել արդյունավետ կառավարում։

Ոգևորիչ է, որ հենց սրա ականատեսն ենք մենք այսօր՝ թե՛ կառավարության կողմից փոխանցվող ազդակների, թե՛ իրական քաղաքականության հարցում՝ լինի դա արտաքին քաղաքականություն, կրթական նախաձեռնություններ, երեխաների խնամքի նպաստների ավելացում և շատ այլ քայլեր։ Կան բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնք կարող են մեծացնել շանսերը (օրինակ՝ խնայողությունների ավելի բարձր ցուցանիշներ)։

Արագացված տեմպով և այն պատրաստակամությամբ, որն այսօր ունի կառավարությունը, Հայաստանը գուցե ի վերջո իրագործի 2019-ի օգոստոսին հռչակված նպատակները։ Փոփոխություններն ու առավելությունները, անշուշտ, արմատական կլինեն, հատկապես տարածաշրջանային հարևանների համեմատ։

 

* Համաշխարհային բանկի տվյալների շտեմարան, Համաշխարհային զարգացման ցուցանիշներ։
** «Ստվերային տնտեսություններն ամբողջ աշխարհում. ի՞նչ ենք սովորել վերջին 20 տարիներին», ԱՄՀ-ի աշխատանքային զեկույց, 2018։
*** «Զարգացող տնտեսությունները կարող են դառնալ նորարարության շարժիչ», Բոսթոնի խորհրդատվական խմբի հետազոտությունը Financial Times-ում, 2019 թ. սեպտեմբերի 24։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team