evn report disaster preparedness
 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի

2020-ի հոկտեմբերին Աբովյան քաղաքի վրա ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարք էր պտտվում: Հաջորդող օրերին երևանյան շենքերի մուտքերում հայտնվեցին ցուցանակներ, որոնք բնակիչներին տեղեկացնում էին ապաստարանների մասին ու խորհուրդ տալիս պայուսակ հավաքել, որի մեջ կլինեն առաջին անհրաժեշտության իրեր ու բոլոր կարևոր փաստաթղթերը: Մարդկանց համար իրադարձությունների այսպիսի զարգացումը սյուրռեալիստական էր, անսպասելի: Մենք շրջապատված ենք թշնամաբար տրամադրված հարևաններով, մի՞թե սա անակնկալ էր մեզ համար: Փաստորեն, այո:

Աղետը սահմանվում է որպես ցանկացած ավերիչ կամ անբարենպաստ իրադարձություն, որը գերազանցում է արձագանքի կարողությունը: Եվ այն, թե ինչպես ենք մենք սահմանում աղետը, մեծապես պայմանավորված է մեր հնարավորություններով: Գոյություն ունեն բնական և մարդածին աղետներ՝ ցունամիներ, փոթորիկներ, ավիավթարներ, երկրաշարժեր, պատերազմներ, կենսական կարևոր համակարգերի սաբոտաժ: Անցած տարին մեզ բոլորիս հիշեցրեց այն մասին, որ վտանգը կարող է վրա հասնել այն պահին, երբ ամենից քիչն ես դրան սպասում: 2020-ի գարնանը Հայաստանը հայտնվեց ՔՈՎԻԴ-19 համավարակի ճիրաններում, որը ծնկի բերեց առողջապահական համակարգը: Սեպտեմբերի 27-ին, կոպտորեն խախտելով համավարակի պայմաններում հրադադար պահպանելու ՄԱԿ-ի կոչը, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեցին Արցախի վրա: 44-օրյա դաժան պատերազմն առանձնանում էր քաղաքացիական օբյեկտների ռմբակոծություններով և անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառմամբ, որին զոհ գնաց երիտասարդների մի ամբողջ սերունդ: Ինտենսիվ խնամքի բաժանմունքները ծանրաբեռնված էին ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներով ու վիրավոր զինվորներով: Այրվածքաբանական բաժանմունքներում բուժում էին ստանում քաղաքացիական անձինք, որոնք հայտնվել էին ֆոսֆորային ռումբերի թիրախում։ Պատերազմն ավելացրեց լարվածությունն առողջապահական համակարգում և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ոլորտում: Շտապ օգնության մեքենաները մայրաքաղաքից ավելի քան 2600 անգամ ուղղվեցին պատերազմական գոտի և սահմանամերձ շրջաններ, որոնք ավելի քան վեց ժամվա հեռավորության վրա են: Հիվանդանոցներն ու շտապ օգնության աշխատակիցները միտումնավոր կերպով թիրախավորվում էին ի հեճուկս Ժնևի կոնվենցիաների: Այդ ընթացքում կտրուկ ավելացան ՔՈՎԻԴ-19-ի դեպքերը, որին նպաստում էին մարդկանց կուտակումներն ու սոցիալական համախմբումը, որոնք հատուկ են բոլոր պատերազմներին: Ավելի քան 100.000 տեղահանված մարդ ապաստան ու անվտանգություն էր փնտրում ցուրտ ձմռանն ընդառաջ:

Իսկ աղետները հաջորդում էին մեկը մյուսին. նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդեց երկու խոշոր երկրաշարժ: Բարեբախտաբար բնակչությունը, որն արդեն ճգնաժամային վիճակում էր, լուրջ վնասներ չկրեց: Իսկ հոգեբանական հետցնցումները շարունակվում էին: Հերթը քաղաքացիական անկարգություններինն էր, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը։ Իսկ այս մայիսի կեսերից ադրբեջանական զորքերի ներխուժումը Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր կարող է պատերազմի վերսկսման հանգեցնել: Իրականությունն այն է, որ երկիրը մշտապես կանգնած է աղետի շեմին, իսկ մենք շատ բան չենք նկատում, այնքան ժամանակ, քանի դեռ աղետը չի թակում մեր դուռը։

Հայաստանի շտապ բուժօգնության համակարգերի բարեփոխման անհրաժեշտությունն ակնհայտ էր դեռևս 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Առողջապահության նախարարությունը նման ծրագիր նախաձեռնեց 2009-ին։ Բարեփոխումներն ու ոլորտի զարգացումը, սակայն, հանրապետությունում բախվում են մի շարք խնդիրների:

Աղետների արձագանքումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Հանրապետությունը սեյսմավտանգ գոտում է, մշտապես առկա է պատերազմի սպառնալիք, համավարակների դեմ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսների խիստ պակաս կա: Ըստ Բնական աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 2010 թ. զեկույցի՝ 1980-2000 թթ. Հայաստանում աղետներից մահերի թիվը մեկ միլիոն բնակչի հաշվով 325 է եղել: Իրականում հայաստանցիների ավելի քան 80 տոկոսը ենթակա է տարերային աղետների վտանգի: Վիճակագրությունը միանշանակ կոչ է ամրապնդելու արտակարգ իրավիճակների համակարգերը՝ ճգնաժամային պահերին Հայաստանի արագ արձագանքման հնարավորությունները բարելավելու համար։

 

Ո՞րն է լուծումը:

Աղետների պլանավորումն ու արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը նպատակ ունեն անկանխատեսելի իրավիճակների դեպքում խուսափել վնասներից կամ նվազեցնել դրանք: Պատրաստվածության աստիճանի բարձրացմանն ուղղված ջանքերը ներառում են ոչ միայն բժշկական ոլորտը, դրանք վերաբերում են յուրաքանչյուր մարդու և կազմակերպության: Աղետների պլանավորումը սկսվում է խոցելի կետերի գնահատումից: Անհրաժեշտ է մտածել կիբեռանվտանգության, ջրի հասանելիության, բջջային կապի, էներգետիկ պաշարների, ատոմակայանի խոցելիության մասին, նաև հիվանդանոցների ստորգետնյա ռմբապաստարանների, տարհանման ուղիների և հաղորդակցության պահեստային համակարգերի մասին: Հստակ ռազմավարություններ են անհրաժեշտ։ Գուցե թվա, թե այս ամենը շռայլություն է, բայց հակառակ դեպքում շատ ավելի թանկ ենք վճարելու:

Արագ արձագանքման համակարգը Հայաստանում ենթադրում է Երևանի քաղաքային շտապ օգնության ծառայությունների, արագ բժշկական արձագանքման մարզային ծառայությունների, Առողջապահության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու զինված ուժերի բժշկական հաստատությունների սերտ համագործակցություն:

Աղետներին պատրաստվելու անհրաժեշտության գիտակցումը աստիճանաբար ամրապնդվում է Հայաստանում: Ներկայումս շրջանառվում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի «ուժեղացնել աղետների ռիսկի կառավարման համակարգի՝ բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացը, կրճատել աղետներից տուժող մարդկանց թիվը և հասցված նյութական վնասները, օրենսդրությունն ու մեթոդաբանությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, մշակել արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ զգուշացման արդյունավետ համակարգ և աղետի ռիսկերի կառավարման միջոցները ներառել տվյալ մարզի կամ համայնքի զարգացման ծրագրերում, նախագծերում ու բյուջեում»։

Թեև աղետների պլանավորումն ընդգրկում է բոլոր ոլորտները, դրա առանցքը բժշկական արձագանքումն է: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում հիվանդությունների մեծ մասը բաժին է ընկնում տրավմաներին և ոչ վարակիչ հիվանդություններին: Համաշխարհային բանկի տվյալներով՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում մահերի ավելի քան 50 տոկոսն ու հիվանդությունների 40 տոկոսը կարելի է նվազեցնել համարժեք անհետաձգելի բժշկական օգնության միջոցով: Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության հիմնական խնդիրը շտապ խնամք ապահովելն է քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց և կյանքին վտանգ սպառնացող այնպիսի վիճակներում, ինչպիսիք են տրավմատիկ վնասվածքները, սրտի նոպան, սրտի կանգը, կաթվածն ու շնչառական անբավարարությունը:

Անհետաձգելի օգնության համակարգերի զարգացումը կարող է բազմապատկել առողջապահության համակարգի ընդհանուր արդյունավետությունը և առհասարակ բարելավել հիվանդությունների բուժման գործընթացը: Լոգիստիկ թույլ համակարգերը վտանգավոր են հատկապես, երբ հայտնվում են ճգնաժամային իրավիճակում, ինչը հավանական է համավարակի, արտաքին հարձակման կամ բնական աղետի դեպքում։

Անհետաձգելի օգնության և արձագանքման համակարգերը չզարգացնելու պատճառ երբեմն դրանց ծախսատարությունն է նշվում, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս համակարգերի զարգացումը ավելի քան արդյունավետ է տարբեր իրավիճակներում։ Զարմանալի է, բայց անհետաձգելի օգնությունը հանրային առողջապահության ոլորտի միջամտություններից տնտեսապես ամենաարդյունավետն է:

Աշխարհում անհետաձգելի բժշկական օգնությունը զարգացման տարբեր փուլերում է՝ տարրական բուժօգնությունից մինչև հիվանդանոցային կայունացման և ինտենսիվ խնամքի աջակցություն:

 

Ո՞ր փուլում է Հայաստանը:

Անհետաձգելի օգնության համակարգերում ակնհայտորեն ներդրումների կարիք կա։ Անցած տարին ևս բազում հարցեր բարձրացրեց: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Առողջապահական համակարգի ճգնաժամերի պլանավորման և անհետաձգելի բժշկական օգնության համակարգերի գնահատման ծրագիրն ուսումնասիրում է երկրի ներքին ռեսուրսները, որպեսզի վեր հանի այն կետերը, որոնք բարեփոխման կարիք ունեն: Հակամարտությունների գոտում գտնվող երկրները հատկապես խոցելի են գնահատման փուլում, երբ հանրայնացվում է աղետին պատրաստվելու գործընթացը: Համակարգի թույլ կողմերը բարձրաձայնելու և այդպիսով թշնամուն հավելյալ տեղեկություններ տրամադրելու վախը կարող է կաթվածահար անել բարեփոխման ամբողջ գործընթացը: Սա հատկապես ճիշտ է, երբ թիրախավորվում են հիվանդանոցները, շտապ օգնության մեքենաներն ու առողջապահական ոլորտի աշխատողները, ինչպես եղավ 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում:

Անհետաձգելի բժշկության մեջ մենք խոսում ենք այնպիսի պահերի մասին, երբ հիվանդները ոչ միայն խոցելի են, այլև գիտակցում են բուժհաստատություն դիմելու անհրաժեշտությունը: Հայաստանն այժմ մի գործընթացում է, որից շատ բան կարելի է սովորել: Ժամանակն է բարձրացնել աղետների պլանավորման մակարդակը և զարգացնել անհետաձգելի բուժօգնության ոլորտը՝ ձեռնարկելով ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ և արձագանքումից անցում կատարել կանխարգելման և հետևանքների մեղմման: Չնայած այն ամենին, ինչ տեղի ունեցավ անցած տարվա ընթացքում, դեռ ուշ չէ, պարզապես պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Թերևս չափազանցություն չի լինի պնդել, որ շատ առումներով սրանից է կախված Հայաստանի ապագան:

Խորհրդայինից մինչև անկախություն. Ծաղրանկար

Հայկական մամուլը ծաղրանկարի լավ ավանդույթներ ունի. 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին աշխարհի տարբեր ծայրերում տպագրվում էին հայկական երգիծական թերթեր՝ «Մեղու», «Ցախավել», «Միմոս», «Կիկո», «Մախլաս», «Սև կատու», «Լեպլեպիճի» և այլն: Երգիծական հանդեսներից բացի, ծաղրանկարներով հարուստ էին օրաթերթերն ու ամսագրերը:

Ռազմական ծախսեր և տնտեսություն

Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով. սա տարեկան աճի ամենամեծ ցուցանիշներից է Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում։ Հետ չի մնում նաև Հայաստանը։

Որոշիչ պահ հայկական սփյուռքի համա՞ր. որոշ նախնական մտորումներ

Ինչպես Հայաստանը, այնպես էլ Սփյուռքը 2020-ի Արցախյան պատերազմն ընկալեց ու վերապրեց որպես էկզիստենցիալ ճգնաժամ, իսկ համազգային համախմբումը բեկումնային դարձրեց այս պահը։

Վերադարձ դեպի ապագա. Հետխորհրդային գեղագիտության էվոլյուցիան հայկական նորաձևության մեջ

Գլոբալ տենդենցներին տուրք տալը հայերի մշակութային ու քաղաքական հավաքական պատմության բաղկացուցիչ լինի ասես։ Ընդ որում, այս միտումն ավելի ցայտուն դրսևորվեց Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Մայքլ Ջեքսոն, լա՛վ իմացիր, էս ցավերին չեմ դիմանա»

Top 10 of Rabiz-ը անվեհեր 90-ականների խելառ մանուկն է։ «Մեր բակի», «Խաթաբալադայի» ու մի քանի այլ must-երի հետ միասին այն անհրաժեշտ է վերբեռնել ի պահ ապագայի թվային թանգարանում՝ ի զարմանս գալիք մշակութաբանների, որոնք դեռ նորովի պետք է բացահայտեն, թե այդ ինչպես է քարտեզի վրա հազիվ նշմարվող դռնփակ Հայաստանում ծնունդով Սպիտակցի Հայկ Ղևոնդյանը իր ցավերը պատմում փոփի արքա Մայքլ Ջեքսոնին:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team